ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36
ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են
«Կանչիր.... երեցներին»
«Թող կանչի ժողովի երեցներին» (ՀԱԿ. 5։14)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչու է կարևոր հոգևոր օգնություն խնդրել ժողովի երեցներից, երբ դրա կարիքն ենք ունենում։
1. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ իր գառնուկները թանկ են իր համար։
ԵՀՈՎԱՅԻ համար թանկ են իր գառնուկները։ Նա գնել է նրանց իր Որդու արյամբ և ժողովում երեցներ է նշանակել, որ հոգ տանեն իր հոտի համար (Գործ. 20։28)։ Աստված ուզում է, որ իր գառնուկներին քնքշությամբ վերաբերվեն։ Ուստի Հիսուսի գլխավորությամբ երեցները քաջալերում են նրանց և պաշտպանում հոգևոր վտանգներից (Ես. 32։1, 2)։
2. Հատկապես ո՞ւմ հանդեպ է Եհովան ուշադիր (Եզեկիել 34։15, 16)։
2 Եհովան խորապես հետաքրքրված է իր բոլոր գառներով, բայց հատկապես հոգ է տանում նրանց համար, ովքեր տառապում են։ Ոմանք գուցե տառապում են իրենց գործած սխալների պատճառով, և Եհովան նրանց օգնում է երեցների միջոցով (կարդա Եզեկիել 34։15, 16)։ Սակայն Եհովան ուզում է, որ օգնություն ստանալու համար քայլեր ձեռնարկենք։ Նրանից աղոթքով օգնություն խնդրելուց բացի՝ կարևոր է նաև դիմել ժողովում ծառայող «հովիվներին և ուսուցանողներին» (Եփես. 4։11, 12)։
3. Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել՝ մտածելով երեցների ունեցած դերի մասին։
3 Այս հոդվածում կքննենք, թե ինչպես է Եհովան երեցների միջոցով հոգևոր օգնություն ցույց տալիս մեզ։ Կիմանանք, թե երբ պետք է օգնության համար դիմենք երեցներին, ինչու պետք է դիմենք նրանց, և ինչպես են նրանք օգնում մեզ։ Նույնիսկ եթե հիմա դժվարություն չունենք, այս հարցերի պատասխանները իմանալը կավելացնի Աստծու ձեռնարկած միջոցի համար մեր երախտագիտությունը և մի օր գուցե փրկի մեր կյանքը։
Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է «ԿԱՆՉԵՆՔ.... ԵՐԵՑՆԵՐԻՆ»
4. Ինչո՞ւ ենք եզրակացրել, որ Հակոբոս 5։14-16, 19, 20 համարներում գրվածը վերաբերում է հոգևոր հիվանդությանը (տես նաև նկարները)։
4 Հոգևոր աջակցության համար Աստծու ձեռնարկած միջոցի մասին խոսելուց առաջ Հակոբոս աշակերտը հետևյալ հարցը տվեց՝ «Որևէ մեկը հիվա՞նդ է», ապա ավելացրեց. «Թող կանչի ժողովի երեցներին» (կարդա Հակոբոս 5։14-16, 19, 20)։ Համատեքստից երևում է, որ Հակոբոսը հոգևոր հիվանդության մասին է խոսում։ Նկատի առնենք, որ հիվանդը պետք է կանչի ոչ թե բժշկին, այլ երեցներին։ Բացի այդ՝ բուժումը կապ ունի մեղքերի ներման հետ։ Ինչ-որ առումով հոգևոր հիվանդությունից բուժվելու համար անհրաժեշտ քայլերը նման են այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ֆիզիկական տկարությունից բուժվելու համար։ Երբ ֆիզիկապես հիվանդ ենք լինում, դիմում ենք բժշկի, ներկայացնում ենք մեր գանգատները և հետևում նրա ցուցումներին։ Նույն ձևով էլ, եթե հոգևոր առումով հիվանդանանք, պետք է դիմենք երեցին, նկարագրենք մեր իրավիճակը և հետևենք նրա տված սուրբգրային խորհրդին։
Երբ ֆիզիկապես ենք հիվանդանում, դիմում ենք բժշկի, իսկ երբ հոգևորապես ենք հիվանդանում, պետք է դիմենք երեցներին (տես պարբերություն 4)
5. Ինչպե՞ս կարող ենք մեր մեջ հայտնաբերել հոգևոր հիվանդության նախանշանները։
5 5-րդ գլխում Հակոբոսը հորդորում է դիմել երեցներին, եթե զգում ենք, որ սկսել ենք հոգևորապես թուլանալ։ Իմաստուն կլինի օգնության համար դիմել երեցներին, նախքան Եհովայի հետ մեր ունեցած հարաբերությունները լրջորեն կվնասվեն։ Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։ Սուրբ Գիրքը նախազգուշացնում է, որ մեր հոգևոր վիճակի մասին գուցե սխալ պատկերացում ունենանք (Հակ. 1։22)։ Առաջին դարում Սարդեսում ապրող որոշ քրիստոնյաներ ընկել էին այդ ծուղակը, և Հիսուսն ասաց, որ նրանց գործերը հաճելի չեն Եհովային (Հայտն. 3։1, 2)։ Մեր հոգևոր առողջությունը կարող ենք զննել, եթե երկրպագության մեջ նախկինում ունեցած մեր եռանդը համեմատենք այն եռանդի հետ, որն ունենք հիմա (Հայտն. 2։4, 5)։ Մտածենք. «Առաջվա պես հաճույքո՞վ եմ ընթերցում Աստվածաշունչն ու խորհում դրա շուրջ։ Արդյո՞ք մատների արանքով եմ նայում հանդիպումներին պատրաստվելուն և հաճախ բաց եմ թողնում ժողովները։ Ծառայության հանդեպ նախանձախնդրությունս թուլացե՞լ է։ Ուշք ու միտքս զվարճանալն ու նյութական իրեր ձեռքբերե՞լն է, և ժամանակիս մեծ մասը դրա վրա՞ եմ ծախսում»։ Եթե այս հարցերից որևէ մեկին պատասխանում ես՝ այո, դա կարող է հոգևոր թուլության ախտանշան լինել, որը չբուժելու դեպքում կխորանա։ Եթե ի վիճակի չենք ինքնուրույն ոտքի կանգնելու կամ արդեն ոտնահարել ենք Աստծու չափանիշները, պետք է օգնության համար դիմենք երեցներին։
6. Ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր լուրջ մեղք են գործել։
6 Ինչ խոսք, այն անհատը, ով լուրջ մեղք է գործել, մեղք, որի պատճառով կարող է հեռացվել ժողովից, պետք է մոտենա երեցին (1 Կորնթ. 5։11-13)։ Ցանկացած մարդ, ով նման մեղք է գործել, Եհովայի հետ իր հարաբերությունները վերականգնելու համար օգնության կարիք ունի։ Որպեսզի Եհովայից ներում ստանանք, պետք է մեր «զղջմանը համապատասխանող գործեր» անենք (Գործ. 26։20)։ Այդ գործերից մեկը լուրջ մեղքի մասին երեցներին տեղյակ պահելն է։
7. Ուրիշ ովքե՞ր երեցների աջակցության կարիքն ունեն։
7 Երեցները օգնում են ոչ միայն լուրջ մեղք գործած անհատներին, այլև նրանց, ովքեր հոգևորապես թուլացել են՝ ում համար, օրինակ, չափազանց դժվար է պայքարել սխալ ցանկությունների դեմ (Գործ. 20։35)։ Քեզ համար գուցե դժվար լինի պայքարել, հատկապես, եթե նախքան ճշմարտությունն ընդունելը թմրամոլ ես եղել, պոռնկագրություն դիտելու սովորություն ես ունեցել կամ անբարո կյանքով ես ապրել։ Մի՛ փորձիր միայնակ պայքարել քո խնդիրների դեմ, օգնություն խնդրիր։ Գուցե որոշես դիմել այն երեցին, ում հետ կարող ես անկաշկանդ զրուցել։ Վստահ եղիր, որ նա կլսի քո մտահոգությունները, լավ խորհուրդ կտա և կհավաստիացնի քեզ, որ կարո՛ղ ես մերժել սխալ ցանկությունները և հաճեցնել Եհովային (Ժող. 4։12)։ Եթե թևաթափ ես եղել այդ պայքարում, երեցները կհիշեցնեն քեզ, որ դրա պատճառը թերևս այն է, որ Եհովայի հետ հարաբերություններդ շատ կարևոր են քեզ համար, և որ դու խոնարհ ես (1 Կորնթ. 10։12)։
8. Ո՞ր մեղքերի դեպքում կարիք չկա դիմելու երեցներին։
8 Կարիք չկա մեր գործած ամեն մի սխալի մասին խոսել երեցների հետ։ Ենթադրենք՝ կծու խոսք ես ասել հավատակցիդ, գուցե անգամ հունից դուրս ես եկել։ Երեցին դիմելու փոխարեն կարող ես հետևել հավատակիցների միջև խաղաղություն հաստատելու վերաբերյալ Հիսուսի տված խորհրդին (Մատթ. 5։23, 24)։ Լավ կլինի՝ ուսումնասիրես մեղմության, համբերության և ինքնատիրապետման մասին թեմաները, որպեսզի կարողանաս հետագայում լիարժեքորեն դրսևորել այդ հատկությունները։ Եթե դեռ չես կարողանում լուծել խնդիրդ, ազատ ես դիմելու երեցին։ Փիլիպպեցիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը մի եղբոր հորդորեց օգնել Եվոդիա և Սյունտիք անունով քույրերին լուծելու իրենց տարաձայնությունը (Փիլիպ. 4։2, 3)։ Քո ժողովում ծառայող երեցներից մեկը նույն կերպ կարող է օգնել քեզ։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է «ԿԱՆՉԵՆՔ.... ԵՐԵՑՆԵՐԻՆ»
9. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ ամոթի զգացումը խանգարի մեզ դիմել երեցներին (Առակներ 28։13)։
9 Մեզ հավատ և քաջություն է անհրաժեշտ, որպեսզի օգնություն խնդրենք, եթե լուրջ մեղք ենք գործել կամ զգում ենք, որ էլ ուժ չունենք պայքարելու մեր թուլությունների դեմ։ Չպետք է թույլ տանք, որ ամոթի զգացումը խանգարի մեզ դիմել երեցներին։ Հնազանդվելով Եհովայի սահմանած կարգին՝ ցույց ենք տալիս, որ մեր հոգևոր առողջության և հավատի հարցերում վստահում ենք նրան ու նրա խորհուրդներին։ Մենք գիտակցում ենք, որ հոգևորապես չընկնելու համար նրա օգնության կարիքն ունենք (Սաղ. 94։18)։ Սակայն եթե մեղք ենք գործել, բայց զղջում ենք ու չենք կրկնում այն, Աստված գթասրտություն է դրսևորում մեր հանդեպ (կարդա Առակներ 28։13)։
10. Ի՞նչ կլինի, եթե փորձենք թաքցնել մեր մեղքերը։
10 Օգնության համար երեցներին դիմելու դեպքում օրհնություններ կունենանք, սակայն եթե փորձենք թաքցնել մեր մեղքերը, մեր իրավիճակը կարող է վատթարանալ։ Դավիթ թագավորը փորձեց թաքցնել իր մեղքերը, ինչի հետևանքով Եհովայի հետ նրա հարաբերությունները ավելի վնասվեցին, նա խոր վհատության մեջ ընկավ և անգամ սկսեց տանջվել ֆիզիկապես (Սաղ. 32։3-5)։ Ֆիզիկական հիվանդության կամ վնասվածքի նման՝ հոգևոր տկարությունը հաճախ վատթարանում է, եթե ժամանակին չենք բուժում այն։ Դա իմանալով՝ Եհովան հորդորում է, որ «ամեն ինչ պարզենք» իր հետ՝ հետևելով հոգևոր բուժման համար նրա սահմանած կարգին (Ես. 1։5, 6, 18)։
11. Լուրջ մեղքերը թաքցնելը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ուրիշների վրա։
11 Եթե մենք թաքցնենք մեր գործած լուրջ մեղքերը, դա կարող է անդրադառնալ նաև ուրիշների վրա։ Այդպես խոչընդոտ կլինենք, որ Աստծու ոգին գործի ողջ ժողովում, և կվտանգենք հավատակիցների միջև եղած խաղաղությունը (Եփես. 4։30)։ Նմանապես՝ չպետք է թաքցնենք ուրիշի մեղքը, քանի որ այդ դեպքում մեղսակից կլինենք նրան (Ղևտ. 5։1)։ Ուստի եթե իմանանք, որ ժողովում ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործել, պետք է հորդորենք նրան այդ հարցի մասին խոսել երեցների հետ։a Եհովայի հանդեպ սերը կմղի մեզ նախաձեռնություն վերցնել և հայտնել ճշմարտությունը։ Այդպիսով մենք մաքուր կպահենք ժողովը և կօգնենք մեղք գործած անհատներին վերականգնել Եհովայի հետ հարաբերությունները։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԵՐԵՑՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ՄԵԶ
12. Երեցներն ինչպե՞ս են օգնում հոգևորապես թույլերին։
12 Երեցներին պատվեր է տրվել աջակցել հոգևորապես թույլերին (1 Թեսաղ. 5։14)։ Եթե սխալ ես գործել, նրանք գուցե հարցերի միջոցով «դուրս հանեն» խորունկ մտքերդ ու զգացումներդ (Առակ. 20։5)։ Դու օգնած կլինես նրանց՝ ազատ արտահայտվելով, անգամ եթե դժվարանում ես դա անել մշակույթի, բնավորությանդ կամ էլ արարքիդ համար ամաչելու պատճառով։ Մի՛ վախեցիր, որ «խոսքերդ անխոհեմ» կթվան (Հոբ 6։3, ծնթ.)։ Արագ եզրակացություն անելու փոխարեն երեցները կձգտեն ուշադիր լսել քեզ և տեսնել ողջ պատկերը, հետո նոր խորհուրդ կտան (Առակ. 18։13)։ Նրանք հասկանում են, որ հոտը հովվելը ժամանակ է պահանջում, ուստի չեն ակնկալում, որ մեկ զրույցով խնդիրը կլուծվի։
13. Երեցների աղոթքներն ու սուրբգրային խորհուրդները ինչպե՞ս կարող են օգնել մեզ (տես նաև նկարները)։
13 Երբ խոսես երեցների հետ, նրանք կձգտեն չխորացնել մեղավորության քո զգացումը, այլ կաղոթեն քեզ համար։ Դու հաճելիորեն կզարմանաս՝ տեսնելով, թե ինչ «մեծ ուժ ունի» նրանց աղոթքը։ Նրանք նաև կաջակցեն քեզ՝ «Եհովայի անունով յուղով օծելով» (Հակ. 5։14-16)։ Այս համարում «յուղը» վերաբերում է Աստծու Խոսքում պարփակված ճշմարտությանը։ Հմտորեն օգտագործելով Աստվածաշունչը՝ երեցները կարող են սփոփել և մխիթարել քեզ, ինչպես նաև օգնել, որ վերականգնես Եհովայի հետ փոխհարաբերություններդ (Ես. 57։18)։ Նրանց տված սուրբգրային խորհուրդները կամրացնեն վճռականությունդ, որ շարունակես ճիշտն անել։ Երեցների միջոցով դու կարող ես լսել Եհովայի ձայնը, ով ասում է. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (Ես. 30։21)։
Երեցները Աստվածաշնչի միջոցով սփոփում և մխիթարում են հոգևորապես թուլացած հավատակիցներին (տես պարբերություններ 13-14)
14. Գաղատացիներ 6։1-ի համաձայն՝ երեցները ինչպե՞ս են օգնում իրենց այն հավատակցին, որը «սխալ քայլ» է արել (տես նաև նկարները)։
14 Կարդա Գաղատացիներ 6։1։ Այն քրիստոնյան, որը «սխալ քայլ» է անում, չի վարվում Աստծու արդար չափանիշների համաձայն։ Անհատը սխալ քայլ է անում, երբ անխոհեմ որոշում է կայացնում կամ կոպտորեն խախտում է Աստծու օրենքը։ Երեցները, սիրուց մղված, «փորձում են ուղղել այդ մարդուն և անում են դա մեղմությամբ»։ «Ուղղել» թարգմանված հունարեն բառը կարող է նաև վերաբերել հոդախախտ եղած ոսկորը տեղը գցելուն, որպեսզի մարդը ընդմիշտ հաշմանդամ չմնա։ Ինչպես որ հմուտ բժիշկը փորձում է ոսկորը տեղը գցել՝ հնարավորինս քիչ ցավ պատճառելով հիվանդին, այնպես էլ երեցները կենտրոնանում են մեր հոգևոր թուլությունը բուժելու վրա՝ առանց մեր վերքի վրա աղ լցնելու։ Միևնույն ժամանակ երեցներին պատվեր է տրվել «ուշադրություն դարձնել» իրենց։ Երբ այդ եղբայրները օգնում են մեզ ճիշտ ճանապարհի վրա կանգնել, չեն մոռանում, որ իրենք էլ անկատար են ու սխալական, ուստի իրենց վեր չեն դասում և ինքնավստահություն ու քննադատական ոգի չեն դրսևորում, այլ ձգտում են լինել կարեկից (1 Պետ. 3։8)։
15. Ի՞նչ կարող ենք անել, եթե խնդիր ունենք։
15 Մենք կարող ենք վստահել ժողովի երեցներին։ Նրանք սովորում են, որ պետք է մեր մասին անձնական տեղեկությունը գաղտնի պահեն, իրենց խորհուրդը հիմնեն Աստվածաշնչի վրա, ոչ թե իրենց կարծիքի, և շարունակ օգնեն մեզ կրելու մեր բեռը (Առակ. 11։13; Գաղ. 6։2)։ Թեև նրանք տարբեր բնավորություն և կենսափորձ ունեն, բայց մենք կարող ենք անկաշկանդ խոսել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ինչ խոսք, մենք հերթով տարբեր երեցների չենք դիմի՝ հույս ունենալով, որ նրանցից մեկը կասի այն, ինչ ուզում ենք լսել։ Եթե այդպես վարվենք, կնմանվենք նրանց, ովքեր Աստծու Խոսքի «ճիշտ ուսմունքը» իմանալու փոխարեն ցանկանում են «իրենց ականջին հաճելի բաներ» լսել (2 Տիմոթ. 4։3)։ Երբ որևէ խնդրով մոտենանք մի երեցի, նա գուցե մեզ հարցնի, թե արդյոք այդ հարցի մասին խոսել ենք ուրիշ երեցների հետ, և եթե խոսել ենք, ապա ինչ խորհուրդ ենք ստացել։ Համեստ երեցը գուցե նախ խորհրդակցի մեկ այլ երեցի հետ (Առակ. 13։10)։
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Ի՞նչ պատասխանատվություն ունենք։
16 Ճիշտ է, երեցները հոգ են տանում մեր մասին որպես Աստծու գառների, սակայն նրանք չեն թելադրում մեզ, թե ինչ անենք։ Մեր պատասխանատվությունն է ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ։ Մենք պետք է Աստծուն պատասխան տանք մեր ասածների ու արածների համար (Հռոմ. 14։12)։ Նրա աջակցությամբ մենք կարող ենք անարատ մնալ, թեև գուցե դա դժվար լինի։ Ուստի երեցները ոչ թե թելադրում են, թե ինչ անենք, այլ Սուրբ Խոսքի միջոցով օգնում են հասկանալ Աստծու տեսակետը։ Կիրառելով Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդը՝ կկարողանանք զարգացնել մեր «մտածելու ունակությունը» և իմաստուն որոշումներ կայացնել (Եբր. 5։14)։
17. Եհովան ի՞նչ է ակնկալում մեզնից։
17 Ի՜նչ մեծ պատիվ է լինել Եհովայի գառնուկները։ Եհովան ուղարկել է «լավ հովվին»՝ Հիսուսին, որպեսզի փրկագնի մեզ, և մենք հնարավորություն ունենանք ապրելու հավիտյան (Հովհ. 10։11)։ Ժողովում ծառայող երեցների միջոցով մեր Հայրը իրագործել է իր հետևյալ խոստումը. «Ձեզ իմ սրտին հաճելի հովիվներ կտամ։ Նրանք գիտելիք կտան ձեզ ու կսովորեցնեն խորաթափանց լինել» (Երեմ. 3։15)։ Երբ հոգևորապես թուլանում ենք կամ հիվանդանում, չպետք է վարանենք դիմել երեցների օգնությանը։ Թող որ վճռենք լիարժեքորեն օգուտ քաղել Եհովայի տրամադրած այս միջոցից։
ԵՐԳ 31 Քայլենք Աստծու հետ
a Եթե մեղք գործած քրիստոնյան դա չի անում ողջամիտ ժամանակահատվածում, Եհովայի հանդեպ նվիրվածությունը պետք է մղի քեզ քո իմացածը հայտնելու երեցներին։