Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հոկտեմբեր էջ 18–23
  • Բարելավենք մեր աղոթքների որակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարելավենք մեր աղոթքների որակը
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՆԿԱՇԿԱՆԴ ԴԻՄԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ
  • ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԴԱՐՁՆԵԼ
  • ԽՈՐՀԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ ՍՐՏԱԲՈՒԽ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ
  • ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՂՈԹՔՈՎ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ
  • Չմոռանանք աղոթել ուրիշների համար
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Բովանդակալից աղոթքներ՝ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ
    2009 Դիտարան
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հոկտեմբեր էջ 18–23

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 42

ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթքը

Բարելավենք մեր աղոթքների որակը

«Ամբողջ սրտով քեզ կանչում եմ օգնության։ Պատասխանիր ինձ, ո՛վ Եհովա» (ՍԱՂ. 119։145)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Աստվածաշնչում արձանագրված աղոթքների մասին խորհելը կօգնի բարելավել մեր աղոթքների որակը։

1-2. ա) Ի՞նչը կարող է խանգարել մեզ, որ Եհովային պատմենք մեր սրտի եղածը։ բ) Ինչի՞ց գիտենք, որ Եհովան սիրով լսում է մեր աղոթքները։

ՊԱՏԱՀՈ՞ՒՄ է այնպես, որ նկատես, որ աղոթքներդ դարձել են կրկնվող, մակերեսային և մեքենայական։ Բոլորիս հետ էլ դա կարող է լինել։ Կյանքի լարված ռիթմի պատճառով գուցե հակված լինենք հապճեպ աղոթելու։ Կամ էլ հնարավոր է՝ դժվարանանք մեր սրտի եղածը պատմել Եհովային՝ մտածելով, թե արժանի չենք նրան դիմելու։

2 Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Եհովայի համար կարևոր են ոչ թե վերամբարձ խոսքերով ասված աղոթքները, այլ խոնարհ սրտից բխող աղոթքները։ Նա լսում է «հեզերի խնդրանքը» (Սաղ. 10։17)։ Մեր Հայրը սիրով լսում է մեր ամեն մի խոսքը, քանի որ իսկապես հետաքրքրված է մեզնով (Սաղ. 139։1-3)։

3. Ո՞ր հարցերի պատասխաններն են տրվում այս հոդվածում։

3 Հնարավոր է՝ մտածենք. «Ինչո՞ւ կարող ենք անկաշկանդ աղոթել։ Ինչպե՞ս կարող ենք մեր աղոթքները ավելի իմաստալից դարձնել։ Աստվածաշնչում արձանագրված սրտանց աղոթքների մասին խորհելը ինչպե՞ս կօգնի բարելավել մեր աղոթքների որակը։ Ի՞նչ կարող ենք անել, եթե այնքան վհատված ենք, որ չենք կարողանում մեր զգացումները արտահայտել բառերով»։ Տեսնենք, թե ինչ պատասխաններ են տրվում այս հարցերին։

ԱՆԿԱՇԿԱՆԴ ԴԻՄԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

4. Ի՞նչը կօգնի մեզ անկաշկանդ աղոթել Եհովային (Սաղմոս 119։145)։

4 Երբ գիտակցում ենք, որ Եհովան նվիրված ընկեր է, ով բարիք է ցանկանում մեզ, հասկանում ենք, որ կարող ենք անկաշկանդ աղոթել նրան։ 119-րդ սաղմոսը գրողը ձգտում էր այդպիսի մտավիճակով աղոթել Եհովային։ Նրա կյանքը զերծ չէր խնդիրներից։ Վատ մարդիկ անարդարացիորեն էին վարվում նրա հետ (Սաղ. 119։23, 69, 78)։ Նա նաև պայքարում էր իր իսկ անկատարության դեմ (Սաղ. 119։5)։ Բայց անգամ այս իրավիճակում նա չէր կաշկանդվում իր սիրտը բացել Եհովայի առաջ (կարդա Սաղմոս 119։145)։

5. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ բացասական զգացումները հետ պահեն մեզ աղոթելուց։ Բեր օրինակ։

5 Եհովան հորդորում է, որ անգամ նրանք, ովքեր լուրջ մեղք են գործել, աղոթեն իրեն (Ես. 55։6, 7)։ Ուստի չպետք է թույլ տանք, որ բացասական զգացումները հետ պահեն մեզ նրան աղոթելուց։ Օդաչուն գիտի, որ կարիքի դեպքում կարող է կապ հաստատել դիսպետչերների հետ։ Արդյոք նա կվարանի՞ դիմել նրանց, քանի որ կորցրել է ուղղությունը կամ սխալ է թույլ տվել և հիմա ամաչում է։ Իհարկե ո՛չ։ Նմանապես՝ անգամ եթե երբեմն շփոթված ենք կամ մեղք ենք գործել, մենք կարող ենք անկաշկանդ աղոթել Եհովային (Սաղ. 119։25, 176)։

ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԴԱՐՁՆԵԼ

6-7. Եհովայի հատկությունների մասին խորհելը ինչպե՞ս կարող է օգնել, որ մեր աղոթքները ավելի իմաստալից դարձնենք։ Բեր օրինակ (տես նաև ծանոթագրությունը)։

6 Երբ Եհովայի հետ բաց խոսում ենք՝ արտահայտելով մեր խորունկ մտքերն ու զգացումները, մեր աղոթքները ավելի իմաստալից են դառնում։ Ուստի ի՞նչը կօգնի մեզ այդպես աղոթել։

7 Խորհիր Եհովայի հատկությունների մասին։a Որքան շատ խորհենք Եհովայի հատկությունների մասին, այնքան ավելի ազատ կարտահայտենք մեր մտքերը (Սաղ. 145։8, 9, 18)։ Քրիստին անունով մի քույր, ով բռնարար հայր է ունեցել, ասում է. «Եհովային որպես հոր դիմելը հեշտ չէր ինձ համար։ Կարծում էի, որ նա, տեսնելով անկատարության պատճառով իմ արած սխալները, կլքի ինձ»։ Եհովայի ո՞ր հատկության մասին մտածելն է օգնել նրան։ Քույրը պատմում է. «Եհովայի հավատարիմ սիրո մասին մտածելը ինձ ապահովության զգացումով է լցրել։ Գիտեմ, որ նա միշտ օգնության կհասնի։ Անգամ եթե սայթաքեմ, նա իր հոգատար ձեռքով կբարձրացնի ինձ։ Սա գիտակցելը օգնում է պատմել Եհովային այն ամենի մասին, ինչն ինձ անչափ ուրախացնում է կամ խոր ցավ պատճառում»։

8-9. Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե աղոթելուց առաջ մտածենք, թե ինչ ենք ուզում ասել։ Բեր օրինակ։

8 Մտածիր, թե ինչի մասին ես ուզում աղոթել։ Նախքան աղոթելը գուցե խորհես որոշ հարցերի շուրջ։ Ահա դրանցից մի քանիսը. «Կոնկրետ ի՞նչ խնդիրների եմ բախվում այս պահին։ Կա՞ ինչ-որ մեկը, ում պետք է ներեմ։ Արդյոք կանգնա՞ծ եմ մի նոր փորձության առաջ, որը հաղթահարելու համար Եհովայի օգնության կարիքն ունեմ» (2 Թագ. 19։15-19)։ Հիշիր նաև աղոթքի մասին Հիսուսի սովորեցրածը ու մտածիր, թե ինչ կարող ես խնդրել Եհովային նրա անվան, թագավորության և կամքի վերաբերյալ (Մատթ. 6։9, 10)։

9 Ալիսկա անունով մի քույր իմացավ, որ իր ամուսինը գլխուղեղի անբուժելի քաղցկեղ ունի։ Նրա համար շատ դժվար էր աղոթելը։ Քույրը պատմում է. «Ես այնքան վհատված էի, որ ուղեղս մթագնել էր, և չէի կարողանում աղոթել»։ Ի՞նչն օգնեց քրոջը։ «Աղոթելուց առաջ ի մի էի բերում մտքերս, և դա օգնում էր, որ աղոթեմ ոչ միայն իմ ու ամուսնուս խնդիրների մասին, այլև ուրիշների մասին։ Այդ ժամանակ ներսս խաղաղությամբ էր լցվում, և կարողանում էի ճիշտ տրամադրվածություն ունենալ ու տարբեր բաների մասին աղոթել»– ասում է Ալիսկան։

10. Ինչո՞ւ պետք է բավականաչափ ժամանակ տրամադրենք աղոթքին (տես նաև նկարները)։

10 Բավականաչափ ժամանակ տրամադրիր աղոթքին։ Թեև կարճ աղոթքները կարող են իմաստալից լինել, բայց ավելի հավանական է, որ մեր խորունկ մտքերը կկարողանանք արտահայտել՝ աղոթքին բավականաչափ ժամանակ տրամադրելով։b Ալիսկայի ամուսինը՝ Իլայջան, ասում է. «Օրվա մեջ փորձում եմ շատ անգամ աղոթել, բայց ավելի եմ մտերմանում Եհովայի հետ, երբ բավականաչափ ժամանակ եմ տրամադրում աղոթքին։ Իհարկե Եհովան չի հաշվում րոպեները, թե երբ եմ ավարտելու ասելիքս, ուստի կարող եմ անշտապ աղոթել»։ Փորձիր հետևյալը. ընտրիր քեզ համար հարմար ժամ և այնպիսի մի վայր, որտեղ կարող ես առանց շեղող բաների աղոթել, գուցե անգամ՝ բարձրաձայն, և դա սովորություն դարձրու։

Համակցված նկարներ։ 1. Նախքան արևածագը եղբայրը, սեղանի մոտ նստած, խորհում է։ Սեղանի վրա դրված է բաց Աստվածաշունչը և մի բաժակ սուրճ։ 2. Արևածագից հետո նա դեռ նստած է սեղանի մոտ և առանց շտապելու աղոթում է։

Ընտրիր քեզ համար հարմար ժամ և այնպիսի մի վայր, որտեղ կարող ես բավականաչափ ժամանակ տրամադրել աղոթքին (տես պարբերություն 10)


ԽՈՐՀԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ ՍՐՏԱԲՈՒԽ ԱՂՈԹՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

11. Ի՞նչ օգուտ կքաղենք՝ խորհելով Աստվածաշնչում գրված սրտաբուխ աղոթքների շուրջ (տես նաև «Նույն հանգամանքնե՞րն ունես» շրջանակը)։

11 Դու կարող ես օգուտներ քաղել՝ խորհելով Աստվածաշնչում արձանագրված սրտաբուխ աղոթքների, Եհովային ուղղված գովաբանական երգերի և սաղմոսների մասին։ Եթե ուշադրություն դարձնես այն բանին, թե ինչպես են Աստծու ծառաները արտահայտել իրենց խորունկ մտքերը, դու էլ կմղվես սիրտդ բացելու Եհովայի առաջ։ Նրանց աղոթքներից կարող ես Աստծուն գովաբանող նոր արտահայտություններ սովորել, որոնք գուցե ցանկանաս ընդգրկել քո աղոթքներում։ Աստծու Խոսքում հավանաբար կգտնես այնպիսի աղոթքներ, որոնք համապատասխանում են քո հանգամանքներին։

«Նույն հանգամանքնե՞րն ունես»

Աստծու հավատարիմ ծառաները տարբեր հանգամանքներում բացել են իրենց սրտերը Աստծու առաջ։

  • Երբ Հակոբը մտահոգություններ ուներ, իր աղոթքում ներառեց երախտագիտություն ու հավատ արտահայտող խոսքեր (Ծննդ. 32։9-12)։

  • Երբ երիտասարդ Սողոմոն թագավորը անհանգստացած էր Աստծուց ստացած հանձնարարությունը կատարելու համար, օգնության դիմեց նրան (1 Թագ. 3։7-9)։

  • Բերսաբեի հետ մեղք գործելուց հետո Դավիթը աղերսեց, որ Եհովան «մաքուր սիրտ ստեղծի» նրա ներսում (Սաղ. 51։9-12)։

  • Երբ Մարիամը Եհովայից հատուկ նշանակում ստացավ, գովաբանեց նրան (Ղուկ. 1։46-49)։

Առաջարկ։ Ուսումնասիրություն արա՝ վերլուծելով աստվածաշնչյան որևէ կերպարի աղոթքի բովանդակությունը։ Այնուհետև ուշադրություն դարձրու, թե ինչպես է Եհովան պատասխանել իր ծառայի խնդրանքին։ Սովորածդ կիրառիր քո իրավիճակում։

12. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ, երբ խորհում ենք Աստվածաշնչում գրված աղոթքների մասին։

12 Սուրբ Գրքում արձանագրված որևէ աղոթքի մասին մտածելիս ինքդ քեզ հարցրու. «Ո՞վ է ասել այս խոսքերը և ի՞նչ հանգամանքներում։ Այս աղոթքում գրվածը արտահայտո՞ւմ է իմ մտքերը։ Ի՞նչ կարող եմ սովորել դրանից»։ Թերևս կարիք ունենաս այս հարցերի վերաբերյալ հավելյալ փնտրտուք անելու, բայց արժե այդպես վարվել։ Այժմ տեսնենք աղոթքի մի քանի օրինակ։

13. Ո՞րն է աղոթքի վերաբերյալ այն դասերից մեկը, որ սովորում ենք Աննայից (1 Սամուել 1։10, 11; տես նաև նկարը)։

13 Կարդա 1 Սամուել 1։10, 11։ Աննան երկու լուրջ խնդիր ուներ, երբ այս աղոթքն արեց։ Նա չէր կարողանում երեխա ունենալ, և նրա ամուսնու մյուս կինը նրան շարունակ նվաստացնում էր (1 Սամ. 1։4-7)։ Եթե դու էլ տևական ժամանակ է՝ խնդիր ունես, աղոթքի վերաբերյալ ի՞նչ կարող ես սովորել Աննայից։ Նա բավականաչափ ժամանակ տրամադրեց աղոթքին՝ իր սրտի բեռը հանձնելով Աստծուն, և արդյունքում թեթևություն զգաց (1 Սամ. 1։12, 18)։ Մենք նույնպես կարող ենք թեթևություն զգալ, եթե մեր «բեռը Եհովայի վրա գցենք»՝ պատմելով նրան այն ամենը, ինչ զգում ենք մեր խնդիրների պատճառով (Սաղ. 55։22)։

Համակցված նկարներ։ 1. Աննան վշտացած մի կողմ է շրջվել, իսկ Եղկանան խաղում է իր երկու երեխաների հետ։ 2. Փենանան ժպիտով քնեցնում է իր նորածնին։ 3. Աննան լաց է լինում և ջերմեռանդորեն աղոթում։ 4. Քահանայապետ Հեղին նստել է՝ ձեռքերը խաչած, և նայում է Աննային։

Լինելով ամուլ և ենթարկվելով իր ամուսնու մյուս կնոջ ծաղրանքներին՝ Աննան իր սրտի բեռը հանձնեց Եհովային (տես պարբերություն 13)


14. ա) Է՞լ ինչ կարող ենք սովորել Աննայի օրինակից։ բ) Սուրբ Գրքի շուրջ խորհելը ինչպե՞ս կօգնի մեզ հարստացնել մեր աղոթքների բովանդակությունը (տես ծանոթագրությունը)։

14 Իր որդու՝ Սամուելի ծնվելուց մի քանի տարի անց Աննան նրան տարավ Հեղի քահանայապետի մոտ (1 Սամ. 1։24-28)։ Իր սրտաբուխ աղոթքում նա իր համոզվածությունն արտահայտեց, որ Եհովան իր նվիրված ծառաներին պաշտպանում է և հոգ է տանում նրանց համար (1 Սամ. 2։1, 8, 9)։c Գուցե նրա ընտանեկան խնդիրները չէին վերացել, բայց Աննան կենտրոնացել էր այն բանի վրա, որ Եհովան օրհնել է նրան։ Աննայից սովորելու բան ունենք. մեզ համար ավելի հեշտ կլինի դիմանալ մեր խնդիրներին, եթե կենտրոնանանք նրա վրա, թե Եհովան մինչ օրս ինչպես է օգնել մեզ։

15. Ի՞նչ կարող ենք սովորել Երեմիա մարգարեի աղաչանքից (Երեմիա 12։1)։

15 Կարդա Երեմիա 12։1։ Երեմիա մարգարեի կյանքում եկավ մի պահ, երբ նա, տեսնելով, որ չար մարդիկ հաջողությունների են հասնում, վրդովվեց։ Նրան թևաթափ էր անում նաև իր հանդեպ ազգակիցների ունեցած վատ վերաբերմունքը (Երեմ. 20։7, 8)։ Մենք նույն զգացումները գուցե ունենանք, երբ ծաղրանքի ենթարկվենք, կամ երբ տեսնենք, թե ինչպես են անազնիվ մարդիկ բարգավաճում։ Թեև Երեմիան արտահայտեց իր վրդովմունքը, բայց հարցականի տակ չդրեց Աստծու արդարությունը։ Երբ նա տեսավ, թե Եհովան ինչպես է խրատում իր ըմբոստ ժողովրդին, նրա վստահությունն իր Աստծու արդարության հանդեպ ակներևաբար ավելացավ (Երեմ. 32։19)։ Մենք էլ կարող ենք ազատ արտահայտել մեր վրդովմունքը աղոթքներում՝ համոզված լինելով, որ Եհովան ճիշտ ժամանակին կշտկի այն անարդարությունը, որին այսօր առերեսվում ենք։

16. Եթե մեր հանգամանքները սահմանափակող են, ի՞նչ կարող ենք սովորել գերության մեջ եղող մի ղևտացուց (Սաղմոս 42։1-4; տես նաև նկարները)։

16 Կարդա Սաղմոս 42։1-4։ Այս երգը գրել է գերության մեջ եղող մի ղևտացի, որը չէր կարող իր հավատակիցների հետ տաճարում պաշտել Աստծուն։ Նրա սաղմոսում արտացոլված են նրա զգացմունքները։ Մենք գուցե զգում ենք այն, ինչ նա էր զգում, եթե չենք կարողանում տնից դուրս գալ կամ ազատազրկված ենք մեր հավատի համար։ Մի օր գուցե լավ տրամադրություն ունենանք, բայց մեկ ուրիշ օր վհատված ու տխուր լինենք։ Սակայն անկախ նրանից, թե ինչ ենք զգում, լավ կլինի՝ աղոթենք Եհովային այդ մասին։ Դա մեզ կօգնի հասկանալ մեր մտքերը և իրավիճակին այլ տեսանկյունից նայել։ Օրինակ՝ ղևտացին հասկացավ, որ նոր հնարավորություններ կունենա Եհովային փառաբանելու (Սաղ. 42։5)։ Նա նաև մտածեց այն մասին, թե Եհովան ինչպես է հոգ տանում իր համար (Սաղ. 42։8)։ Ուստի ջերմեռանդորեն Աստծուն աղոթելը կարող է օգնել մեզ վերլուծել մեր զգացումները, վերականգնել հավասարակշռությունը և դիմանալու համար ուժ գտնել։

Համակցված նկարներ։ 1. Մի ղևտացի դրսում ջերմեռանդորեն աղոթում է։ 2. Եղբայրը նստած է հիվանդանոցային մահճակալին և աղոթում է։ Նրա ոտքերի վրա բացված Աստվածաշունչ է դրված։

42-րդ սաղմոսը գրող ղևտացին իր սիրտը բացեց Աստծու առաջ։ Երբ մենք աղոթքում արտահայտում ենք մեր զգացումները, կարողանում ենք իրավիճակին այլ տեսանկյունից նայել (տես պարբերություն 16)


17. ա) Ի՞նչ ենք սովորում Հովնան մարգարեի աղոթքից (Հովնան 2։1, 2)։ բ) «Սաղմոսներ» գրքից որոշ արտահայտություններ ինչպե՞ս կարող են օգնել մեզ դժվարությունների ներքո (տես ծանոթագրությունը)։

17 Կարդա Հովնան 2։1, 2։ Այս աղոթքը Հովնան մարգարեն արեց մեծ ձկան փորում։ Թեև նա Եհովայի պատվերը չէր կատարել, այնուամենայնիվ, համոզված էր, որ նա կլսի իր ձայնը։ Իր աղերսագին աղոթքում Հովնանն օգտագործեց շատ արտահայտություններ, որոնց հանդիպում ենք «Սաղմոսներ» գրքում։d Ամենայն հավանականությամբ, նա լավ գիտեր այդ արձանագրությունները։ Դրանց մասին մտածելը նրան վստահությամբ էր լցրել, որ Եհովան կօգնի իրեն։ Նմանապես՝ եթե մենք ձգտենք մտապահել աստվածաշնչյան որոշ համարներ, դժվար ժամանակներում Եհովային աղոթելիս դրանք մեր միտքը կգան ու կմխիթարեն մեզ։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՂՈԹՔՈՎ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

18-19. Եթե դժվարանում ենք աղոթելիս մեր զգացումները բառերով արտահայտել, ինչպե՞ս կարող են Հռոմեացիներ 8։26, 27 համարները օգնել մեզ։ Բեր օրինակ։

18 Կարդա Հռոմեացիներ 8։26, 27։ Երբեմն գուցե այնքան ճնշված լինենք մտահոգությունների պատճառով, որ ի վիճակի չլինենք մեր զգացումները բառերով արտահայտել։ Սակայն մենք անօգնական չենք։ Նման պահերին Աստծու սուրբ «ոգին է աղերսում» մեր փոխարեն։ Իր ոգու միջոցով Եհովան այնպես է արել, որ շատ աղոթքներ գրվեն իր Խոսքում։ Եվ եթե չկարողանանք հստակ արտահայտել մեր մտքերը, Եհովան այդ աղոթքներում գրված որոշ արտահայտություններ գուցե ընդունի որպես խնդրանքներ, որոնք մենք կցանկանայինք անել, և պատասխանի դրանց։

19 Այս միտքը օգնել է Ելենա անունով մի ռուս քրոջ։ Նա ձերբակալվել էր աղոթելու և Աստվածաշունչ ընթերցելու համար։ Քույրը այնքան անհանգիստ էր, որ դժվարանում էր աղոթել։ Նա պատմում է. «Այդ ժամանակ հիշեցի այն միտքը, որ եթե վհատված եմ ու չգիտեմ՝ ինչի մասին աղոթել.... Եհովան անցյալում ապրած իր ծառաների՝ իր ներշնչմամբ արված աղոթքները կընդունի որպես իմ աղոթքներ.... Այդ ծայրահեղ ծանր պահին դա հենց այն մխիթարությունն էր, որի կարիքն ունեի»։

20. Երբ սթրեսային վիճակում ենք, ինչպե՞ս կարող ենք մտքով տրամադրվել աղոթելու։

20 Երբ սթրեսային վիճակում ենք, աղոթելիս գուցե դժվարանանք կենտրոնանալ։ Մտքով տրամադրվելու համար կարող ենք լսել «Սաղմոսներ» գրքի ձայնագրությունը։ Կարող ենք նաև մեր զգացումները թղթին հանձնել, ինչպես արեց Դավիթ թագավորը (Սաղ. 18, 34, 142, խորագրերը)։ Իհարկե, աղոթքին մտքով տրամադրվելու համար հստակ կանոններ չկան (Սաղ. 141։2)։ Արա այն, ինչը արդյունավետ է քո պարագայում։

21. Ինչո՞ւ կարող ենք մեր սրտում եղածը ամբողջությամբ պատմել Եհովային։

21 Մեր սրտերը ջերմանում են այն մտքից, որ Եհովան հասկանում է մեր զգացումները, նույնիսկ եթե դրանց մասին դեռ մի բառ անգամ չենք ասել (Սաղ. 139։4)։ Այնուամենայնիվ, նրան հաճելի է լսել իր հանդեպ վստահություն արտահայտող մեր խոսքերը։ Ուստի մի վարանիր աղոթել քո երկնային Հորը։ Ոգեշնչվիր Աստծու Խոսքում գրված աղոթքներից։ Սրտիդ եղածը դատարկիր Եհովայի առաջ։ Նրան պատմիր, թե ինչն է քեզ ուրախացնում կամ տխրեցնում։ Որպես իսկական ընկեր՝ Եհովան միշտ քո կողքին կլինի։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչը կօգնի քեզ սիրտդ բացել Եհովայի առաջ։

  • Ի՞նչ կարող ես անել, որ աղոթքներդ ավելի իմաստալից լինեն։

  • Ի՞նչ օգուտներ կքաղես՝ խորհելով Աստվածաշնչում արձանագրված սրտաբուխ աղոթքների մասին։

ԵՐԳ 45 Թող մտքերս հաճելի լինեն քեզ

a Ուշադրություն դարձրու «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկի «Եհովա» վերնագրի տակ գտնվող «Եհովայի ակնառու հատկություններից մի քանիսը» ենթավերնագրին։

b Ժողովում հանրորեն արված աղոթքները հիմնականում բավականին կարճ են։

c Իր աղոթքում Աննան այնպիսի արտահայտություններ արեց, որոնք նման են Մովսեսի գրած խոսքերին (2 Օրենք 4։35; 8։18; 32։4, 39; 1 Սամ. 2։2, 6, 7)։ Դարեր անց Հիսուսի մայր Մարիամը այնպիսի փառաբանական խոսքեր ասաց, որոնք շատ նման էին Աննայի խոսքերին (Ղուկ. 1։46-55)։

d Օրինակ՝ Հովնան 2։3-9 խոսքերը համեմատիր Սաղմոս 69։1; 16։10; 30։3; 142։2, 3; 143։4, 5; 18։6; 3։8 համարների հետ՝ ըստ Հովնանի նշած հերթականության։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը