Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwhf հոդված 36
  • Օգնեք ձեր երեխային կամքի ուժ զարգացնել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնեք ձեր երեխային կամքի ուժ զարգացնել
  • Աջակցություն ընտանիքին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ պետք է իմանաք
  • Ինչ կարող եք անել
  • Ինչպես գովել երեխաներին
    2015 Արթնացե՛ք
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ինչպես ասել ոչ
    2014 Արթնացե՛ք
  • Օգնեք ձեր երեխային՝ դիմանալու վշտին
    2008 Դիտարան
Ավելին
Աջակցություն ընտանիքին
ijwhf հոդված 36
Նեղված տղան չարչարվելով փորձում է ստվարաթղթից տուն հավաքել։ Մայրը հեռվից համբերատարությամբ հետևում է

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգնեք ձեր երեխային կամքի ուժ զարգացնել

«Չե՛մ կարող, շատ դժվար է։ Չի՛ ստացվի»,— նվնվալով ասում է ձեր տղան։ Երբ նա ինչ-որ դժվար բան է անում, արագ հանձնվում է։ Իհարկե, ձեզ համար ծանր է տեսնել՝ ինչպես է երեխան տանջվում, բայց միևնույն ժամանակ ուզում եք, որ նա սովորի հաղթահարել դժվարությունները։ Ի՞նչ անեք։ Անմիջապես օգնությա՞ն հասնեք։ Թույլ տաք՝ հանձնվի՞, թե՞ սովորեցնեք հաստատակամ լինել։

Ինչ պետք է իմանաք

Կամքի ուժը կենսական է։ Երբ ծնողները սովորեցնում են երեխային զարգացնել իր ունակությունները՝ հանձնարարելով ջանքեր պահանջող գործեր, ավելի հավանական է, որ նա լավ կսովորի դպրոցում, էմոցիոնալ ու ֆիզիկական առումով ավելի առողջ կլինի և ամուր ու մտերիմ ընկերական կապեր կհաստատի։ Ի հակադրություն դրա, երբ ծնողները անընդհատ պաշտպանում են երեխային դժվարություններից ու ձախողումներից, մեծանում է հավանականությունը, որ նա կընկճվի, կմտածի, որ անընդունակ է, և չափահաս տարիքում թերևս ուրախություն չի ստանա կյանքից։

Կամքի ուժը հնարավոր է ամրացնել։ Անգամ փոքր երեխաները կարող են հաստատակամություն զարգացնել և սովորել գլուխ հանել իրենց համար դժվար խնդիրներից։ Մի ուսումնասիրության համաձայն՝ 15 ամսական երեխաները ավելի շատ են ջանք ներդնում դժվար առաջադրանքներ անելիս, երբ տեսնում են, որ մեծահասակներն էլ են ջանք գործադրում, ոչ թե խաղուպարով հասնում հաջողության։

«Հիշում եմ, թե ինչպես էի աղջիկներիս սովորեցնում կապել կոշիկի կապիչները։ Դա մեկ օրվա բան չէ։ Ամեն անգամ, երբ պիտի կապեին իրենց կոշիկների կապիչները, թողնում էի՝ մի 10, 15 րոպե ինքնուրույն չարչարվեին, մինչև հիշեին կապելու ձևը։ Դրանից հետո նոր միայն օգնության էի հասնում։ Թեև մի քանի ամիս տանջվեցին և արցունք թափեցին, բայց կարևորը՝ ի վերջո սովորեցին։ Իհարկե, իմ գործը կհեշտացնեի, եթե նրանց համար առանց կապիչի կոշիկ գնեի։ Սակայն երբեմն որպես ծնող ինքներս պետք է հաստատակամ լինենք, որ երեխային հաստատակամություն սովորեցնենք» (Քոլին)։

Կամքի ուժը հնարավոր է թուլացնել։ Որոշ ծնողներ գուցե անգիտակցաբար թուլացնեն իրենց երեխայի կամքի ուժը։ Ինչպե՞ս։ Երեխայի ինքնագնահատականը բարձրացնելու համար նրանք հաճախ շտապում են «փրկել» նրան ցանկացած հիասթափությունից ու ձախողումից։ Բայց այսպիսի մոտեցումը բացասական կողմ ունի։ Գրող Ջեսիկա Լեյհին ասում է. «Ամեն անգամ, երբ մեր երեխային փրկում ենք.... դժվարությունից, կարծես ասենք. «Դու անընդունակ ես, ձեռքիցդ ոչինչ չի գալիս, արժանի չես մեր վստահությանը»»։a Դրա հետևանքը լինում է այն, որ հենց երեխան դժվարությունների է բախվում, շատ արագ թևաթափ է լինում և սպասում, որ մեծերը հասնեն ու փրկեն իրավիճակը։

Հակադրվող իրավիճակների համակցված նկարներ: 1. Մայրը կապում է իր տղայի կոշիկի կապիչները։ 2. Տղան կապում է իր կոշիկի կապիչները, իսկ մայրը կողքից դիտում է

Երեխային բարդ հանձնարարությունից «փրկելու» փոխարեն օգնեք նրան կամքի ուժ զարգացնել

Ինչ կարող եք անել

Խրախուսեք ջանասեր լինել։ Ծնողները կարող են նպաստել, որ երեխան կամքի ուժ զարգացնի՝ տարիքին համապատասխան տնային գործեր վստահելով նրան։ Օրինակ՝ մանկապարտեզի տարիքի երեխաները կարող են տեսակավորել լվացքը կամ հավաքել խաղալիքները։ Ավելի մեծ երեխաները կարող են օգնել տեղավորել մթերքները, սեղան գցել ու հավաքել, աղբը թափել և մաքրել աղտոտված հատվածները։ Պատանիները կարող են ավելի բարդ գործեր անել՝ կապված մաքրության, իրերի խնամքի ու վերանորոգման հետ։ Ինչ խոսք, երեխաները միշտ չէ, որ հաճույքով են տնային գործեր անում։ Սակայն, երբ ծնողը երեխային փոքր տարիքից ներգրավում է տնային գործերում, դա նրա օգտին է ծառայում։ Երեխան զարգացնում է, այսպես կոչված, աշխատանքային էթիկա, ինչի շնորհիվ հասուն տարիքում ձեռք չի քաշում այն գործերից, որոնք թեև դժվար են, բայց անհրաժեշտ։

Մայրը իր երեխաներին սովորեցնում է տեսակավորել լվացքը և ծալել։ Տղան մորը տալիս է համապատասխանող գուլպան, իսկ աղջիկը վերնաշապիկ է ծալում

Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն տեսակ տքնաջան աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23)։

«Անիմաստ ժամանակ վատնող գործեր մի՛ հանձնարարեք երեխային, այնքան որ մի բանով զբաղված լինի։ Ոչ ոքի, անգամ երեխաներին դա դուր չի գալիս։ Նրան իմաստալից գործ հանձնարարեք, որ իր ներդրումն ունենա և օգտակար զգա։ Եթե ձեր երեխան փոքր է, ասեք, որ փոշին մաքրի կահույքի այն մասերից, որտեղ ձեռքը հասնում է։ Եթե մեքենան եք լվանում, թող նա լվա ներքևի հատվածները, որոնք ձեզ համար դժվարհասանելի են։ Եվ մի՛ վարանեք գովել երեխային նրա ջանքերի համար» (Քրիս)։

Լամպ

Առաջարկ: Երբ ձեր երեխային գործ եք հանձնարարում, բացատրեք, թե դա անելով՝ ինչ օգուտ կտա ընտանիքին։ Երբ վերջացնի, չմոռանաք շնորհակալություն հայտնել։

Ուղղորդեք երեխային, երբ պետք է դժվար հանձնարարություն անի։ Երբեմն երեխաները հեշտությամբ թևաթափ են լինում այն պատճառով, որ չգիտեն՝ ինչպես գործը գլուխ բերել։ Ուստի, երբ ուզում եք երեխային նոր հմտություն սովորեցնել, փորձեք հետևյալ մեթոդը։ Նախ դուք արեք տվյալ գործը, իսկ երեխան թող կողքից նայի։ Հետո միասին արեք։ Ապա խնդրեք, որ նա փորձի, իսկ դուք հետևեք և օգտակար առաջարկներ արեք։ Այնուհետև թողեք, որ նա սկզբից մինչև վերջ ինքնուրույն անի գործը։

Համակցված նկարներ: Հայրն իր աղջկան սովորեցնում է ծաղիկներ տնկել։ 1. Նա տնկում է, իսկ աղջիկը նայում է։ 2. Նա օգնում է աղջկան ծաղիկ տնկել։ 3. Նա դիտում է, մինչ աղջիկը տնկում է

Աստվածաշնչյան սկզբունք. «Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, նույնը դուք անեք» (Հովհաննես 13։15)։

«Իմ փորձից կարող եմ ասել, որ մենք՝ ծնողներս, պետք է հաստատակամության լավ օրինակ լինենք, եթե ցանկանում ենք, որ մեր երեխաները կամքի ուժ զարգացնեն։ Պետք է ինքներս դրսևորենք այն հատկությունը, որն ուզում ենք նրանց մեջ տեսնել» (Դագ)։

Լամպ

Առաջարկ: Ո՛չ ձեզնից, ո՛չ էլ երեխայից կատարելություն մի՛ պահանջեք։ Հակառակ դեպքում, հենց նա զգա, որ չի կարող ինչ-որ մի բան իդեալական անել, ընդհանրապես չի էլ փորձի։

Օգնեք երեխային գիտակցել, որ բոլորն էլ դժվարանում են և երբեմն ձախողում։ Պատմեք դեպքեր, երբ ինքներդ եք դժվարացել ինչ-որ բան անել, բայց քանի որ չեք հանձնվել, շատ օգուտներ եք քաղել։ Բացատրեք երեխային, որ նոր բան փորձելիս դժվարանալը նորմալ է, և որ սխալներից էլ կարելի է սովորել։ Հավաստիացրեք, որ եթե անգամ ձախողի, իր հանդեպ ձեր սերը չի պակասի։ Ճիշտ ինչպես մկանն է զարգանում, երբ այն աշխատեցնում են, այնպես էլ ձեր երեխայի հաստատակամությունն է ավելանում, երբ թույլ եք տալիս, որ նա դժվարություններ կրի։ Ուստի, երբ ձեր երեխան դժվարության բախվի, անմիջապես օգնության մի՛ նետվեք։ Թողեք, որ չնայած նեղվածությանը՝ շարունակի փորձել ու ջանք գործադրել։ «Ինչպես են երեխաները հաջողության հասնում» գրքում ասվում է. «Որպեսզի երեխան ուժեղ բնավորություն կերտի, լավագույն ձևը այնպիսի բաների ձեռնամուխ լինելն է, որոնցում ձախողվելու իրական և մեծ հավանականություն կա» (How Children Succeed)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Լավ է, որ մարդը իր երիտասարդ տարիներին դժվարություններ է կրում» (Ողբ 3։27)։

«Երեխայի համար օգտակար է, երբ թույլ ենք տալիս, որ նա մի քիչ չարչարվի՝ միևնույն ժամանակ իմանալով, որ մայրն ու հայրը հարկ եղած դեպքում կօգնեն։ Ի վերջո այդ «չարչարանքը» վերջ կգտնի, և նա կհմտանա ու կհամոզվի, որ իր հաստատակամությունը զուր չէր» (Ջորդան)։

Լամպ

Առաջարկ: Փոքր երեխային կարելի է հաստատակամություն սովորեցնել՝ կարդալով այնպիսի պատմություններ, որոնցում գլխավոր կերպարները դժվարություններ են հաղթահարում։ Որոշ ծնողներ օգտվում են «Սովորում եմ Աստվածաշնչից» և «Սովորեցրեք ձեր երեխաներին» հրատարակություններից, որ իրենց երեխաներին ծանոթացնեն աստվածաշնչյան այն կերպարներին, ովքեր հաստատակամ են եղել։

Գովիր ջանքերի համար, ոչ թե խելքի։ Փոխանակ ասելու՝ «Ինչ լավ ես գրել թեմատիկը։ Շա՜տ խելացի ես», կարող եք ասել՝ «Ինչ լավ ես գրել թեմատիկը։ Ապրե՛ս, որ լավ նախապատրաստվել էիր»։ Ինչո՞ւ է կարևոր գովել ջանքերի համար, ոչ թե ընդունակությունների։ Դոկտոր Քերոլ Դվեքը ասում է, թե ինչով է վտանգավոր երեխային ունակությունների համար գովելը։ Դրա հետևանքը լինում է այն, որ «հենց երեխան դժվարանում է ինչ-որ հարցում կամ մի բան լավ չի ստացվում, սկսում է կասկածել իր ուժերի վրա»։ Նա շարունակում է. «Եթե ծնողներն ուզում են արժեքավոր մի բան տալ երեխային, ապա լավագույն տարբերակը կլինի այն, որ սովորեցնեն նրան սիրել դժվարությունները, չվախենալ սխալներից, հաճույք ստանալ ջանասիրությունից, փնտրել նոր լուծումներ և շարունակ սովորել։ Այդ դեպքում երեխան գովեստի գերի չի լինի»։b

Աստվածաշնչյան սկզբունք. «Գովեստի խոսքերն են ստուգում մարդուն» (Առակներ 27։21)։

a «Ձախողումների օգտակար կողմը» գրքից (The Gift of Failure):

b «Մտավիճակ» գրքից (Mindset):

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը