ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 3. Աստվածաշնչի ընթերցանությունից առավելագույն օգուտները քաղիր
Երբ բացես Աստվածաշունչը, ծավալուն տեքստ կտեսնես։ Բայց դա թող չվախեցնի քեզ։ Փոխարենը Աստվածաշունչը համարիր տարբեր ճաշատեսակներով լեփ-լեցուն խնջույքի սեղան։ Տեսածդ ամեն բան չես կարող ուտել։ Բայց դու կարող ես վերցնել այնքան, որ կշտացնող ընթրիք ունենաս։
Աստվածաշնչից լիարժեքորեն սնվելու համար պետք է կենտրոնանաս կարդացածիդ վրա։ Այս հոդվածը կօգնի քեզ այդ հարցում։
Այս հոդվածում՝
Ինչո՞ւ պետք է կենտրոնանաս Աստվածաշնչից կարդացածիդ վրա
Աստվածաշունչ ընթերցելիս որքան շատ ջանք ներդնես, այդքան ավելի շատ օգուտներ կստանաս։ Մի համեմատություն անենք։ Դու կարող ես թեյի փաթեթը ընդամենը մի քանի վայրկյանով ընկղմել տաք ջրի մեջ և թեթևակի համ ու հոտ տալ դրան։ Բայց եթե այն ավելի երկար թողնես, համն ու հոտը ավելի արտահայտիչ կդառնան։
Նույնն է պարագան Աստվածաշնչի ընթերցանության դեպքում։ Արագ ընթերցելու փոխարեն թույլ տուր, որ միտքդ ու սիրտդ «ընկղմվեն» նյութի մեջ։ 119-րդ սաղմոսը գրողը հենց այդպես էր վարվում։ Նա Աստծու օրենքի մասին հետևյալն ասաց. «Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում» (Սաղմոս 119։97)։
Իհարկե սա չի նշանակում, որ պետք է բառացի մի ամբողջ օր նվիրես Աստվածաշունչ կարդալուն և խորհրդածելուն։ Սաղմոսերգուն նկատի ուներ, որ ժամանակ էր տրամադրում Աստծու Խոսքի շուրջ խորհելուն։ Դրա շնորհիվ նա լավ որոշումներ էր կայացնում (Սաղմոս 119։98-100)։
«Մայրս մի անգամ ինձ ասաց. «Շաբաթվա մեջ յոթ օր ունես ու դրանց ընթացքում քեզ համար շատ բաներ ես անում։ Չե՞ս կարող մի փոքր ժամանակ էլ Եհովային տրամադրել։ Այդպես արդար կլինի»» (Մելանի)։
Աստվածաշնչյան սկզբունքների շուրջ խորհրդածելու շնորհիվ դու կսովորես, թե ինչպես լավ որոշումներ կայացնել, օրինակ, երբ ընկերներ ես ընտրում կամ սխալ բան անելու գայթակղության առաջ ես կանգնում։
Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ընթերցանությունից լիարժեք օգուտներ քաղել
Պլանավորիր։ «Աստվածաշնչի ընթերցանության համար գրաֆիկ կազմիր,— առաջարկում է Ջուլիա անունով մի պատանի աղջիկ։— Որոշիր՝ ինչ ես կարդալու, երբ ես կարդալու և որտեղ ես կարդալու»։
Հարմար միջավայր ստեղծիր։ «Հանգիստ անկյուն գտիր,— առաջարկում է Ջիաննա անունով մի երիտասարդ աղջիկ։— Բացի այդ՝ ընտանիքիդ անդամներին տեղյակ պահիր Աստվածաշնչի ընթերցանության քո գրաֆիկի մասին, որպեսզի չշեղեն քեզ»։
Եթե էլեկտրոնային սարքով ես կարդում, անջատիր ծանուցումները։ Նույնիսկ կարող ես օգտվել տպագիր Աստվածաշնչից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տպված գիրք ընթերցելիս ավելի հեշտ է ընկալել նյութը։ Ի հակադրություն դրան՝ էկրանից կարդալը կարող է խանգարել, որ լիարժեք կենտրոնանաս։
«Էկրանից կարդալիս շեղվում եմ, որովհետև ծանուցումներ եմ ստանում, մարտկոցն է նստում, կամ էլ ինտերնետն է անջատվում։ Բայց տպագիր տարբերակով կարդալիս միակ բանը, ինչի համար պիտի անհանգստանամ, բավականաչափ լուսավորությունն է» (Էլեյնա)։
Ընթերցելուց առաջ աղոթիր։ Խնդրիր Եհովային, որ օգնի հասկանալ, մտապահել և օգուտներ քաղել աստվածաշնչյան այն հատվածից, որ պատրաստվում ես կարդալ (Հակոբոս 1։5)։
Աղոթքիդ համաձայն վարվիր՝ փորձելով խորանալ կարդացածիդ մեջ։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Եթե օգտվում ես JW Library հավելվածից կամ Աստվածաշունչն օնլայն ես ընթերցում, կարող ես սեղմել համարի վրա, որ դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու հոդվածներ գտնես։
Հարցեր տուր։ Օրինակ՝ մտածիր. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։ Արդյո՞ք այն ընդգծում է Եհովայի հատկություններից մեկը, որ կարող եմ ընդօրինակել (Եփեսացիներ 5։1)։ Ի՞նչ դաս եմ սովորում, որ կարող եմ կիրառել իմ կյանքում (Սաղմոս 119։105)։ Կարո՞ղ եմ կարդացածս օգտագործել ուրիշներին օգնելու համար» (Հռոմեացիներ 1։11)։
Նաև կարող ես հարցնել. «Ընթերցածս ի՞նչ կապ ունի Աստվածաշնչի գլխավոր թեմայի հետ»։ Սա շատ կարևոր հարց է։ Ինչո՞ւ։ Քանի որ ողջ Աստվածաշունչը՝ «Ծննդոց»-ից «Հայտնություն», ունի մեկ գլխավոր թեմա՝ ինչպես է Եհովան սրբացնելու իր անունը երկնային Թագավորության միջոցով և փաստելու, որ ինքն իշխելու իրավունք ունի, ու որ իր իշխելու կերպը լավագույնն է։