NASA Photo
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Կայուն ու հուսալի համամոլորակային կառավարություն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Աշխարհի կառավարական համակարգերում քաոս է ու վայրիվերումներ։ Անգամ կայուն թվացող երկրներում կառավարությունները խարխլվում են սկանդալային դեպքերի, ձայների չնչին տարբերությամբ ընտրությունների, քաղաքական պառակտումների և քաղաքացիական խռովությունների պատճառով։
Մինչդեռ Աստվածաշունչը հայտնում է, որ կայուն ու հուսալի կառավարություն գոյություն ունի։ Հնարավոր է՝ լսել եք այդ կառավարության մասին։ Դա հայտնի «Հայր մեր» աղոթքում Հիսուս Քրիստոսի հիշատակած Թագավորությունն է։
«Դուք այսպես աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը: Թող գա քո թագավորությունը: Թող կատարվի քո կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում»» (Մատթեոս 6։9, 10)։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այդ թագավորության մասին։
Աստծու Թագավորություն. կայուն ու հուսալի կառավարություն
Այդ թագավորությունն իշխում է երկնքից։
Հիսուսն այն կոչել է «երկնքի թագավորություն» (Մատթեոս 4։17; 5։3, 10, 19, 20)։ Ուստի զարմանալի չէ, որ նա մի առիթով ասել է. «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում» (Հովհաննես 18։36)։
Այդ թագավորությունը կիշխի բոլոր մարդկային կառավարությունների փոխարեն։
Աստվածաշնչում հետևյալն է ասվում այդ թագավորության մասին. «Այն ջախջախելու է և վերջ է դնելու այդ բոլոր [մարդկային] թագավորություններին. միայն ինքն է մնալու հավիտյան» (Դանիել 2։44)։
Այդ թագավորությունը, որի ղեկավարը Հիսուս Քրիստոսն է, երբեք չի կործանվի։
Աստվածաշնչում ասվում է. «Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը վերջ չի ունենա, և նրա թագավորությունը չի կործանվի» (Դանիել 7։13, 14)։
Այդ թագավորությունը խաղաղություն և անվտանգություն կհաստատի երկրի վրա։
Աստվածաշնչում ասվում է. «Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի տակ և իր թզենու ներքո, և չի լինի մեկը, որ զարհուրեցնի» (Միքիա 4։4, Նոր ԷԹ)։
Ավելին իմացեք Աստծու Թագավորության մասին
Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր ժամանակի մեծ մասը նվիրում էր «Թագավորության մասին բարի լուրը» քարոզելուն (Մատթեոս 9։35)։ Նա նաև մարգարեացավ.
«Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։
Այսօր Թագավորության մասին բարի լուրը հռչակվում է ավելի քան 240 երկրներում։ Հորդորում ենք ավելին իմանալ այդ կառավարության մասին և պարզել, թե դրա իշխանության ներքո ինչ օրհնություններ կարող եք վայելել։
Դիտեք «Ի՞նչ է Աստծու թագավորությունը» տեսանյութը։