ԴԵՅՐԻԼ ՇԱՐՓ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Աստծու զորությամբ մենք չենք նահանջում
«Մեկ ամիս էլ չի ձգի»։ Այսպես արտահայտվեցին իմ ժողովի եղբայրներից ոմանք, երբ 1956 թ.-ին ենթառահվիրայության դիմում լրացրի։ 16 տարեկան էի։ Մկրտվել էի 12 տարեկանում մի եղբոր առաջարկով, ում շատ էի հարգում։ Այդ ժամանակ երեցները չէին հավաստիանում, թե արդյոք անհատը պատրաստ է մկրտության, թե ոչ։
Եղբայրները հիմնավոր պատճառներ ունեին կասկածելու, որ կշարունակեմ ռահվիրայությունս։ Ես հոգևոր մարդ չէի։ Չէի սիրում քարոզչական ծառայությունը և աղոթում էի, որ կիրակի օրերին անձրև գա, որպեսզի ստիպված չլինեմ ծառայելու։ Իսկ երբ գնում էի ծառայության, պարզապես ամսագրեր էի առաջարկում։ Երբեք Աստվածաշնչով մատուցում չէի արել։ Մայրս կաշառում էր ինձ, որ ժողովում Աստվածաշունչ ընթերցեմ։ Ես չէի սիրում սովորել և հոգևոր նպատակներ չունեի։
Այդ ամառ մարզային համաժողով կար (այժմ կոչվում է տարածաշրջանային համաժողով) Կարդիֆում (Ուելս)։ Հենց այդտեղ էլ կյանքս ամբողջությամբ փոխվեց։ Ելույթ ներկայացնողներից մեկը հռետորական հարցեր տվեց, որոնք մոտավորապես այսպես էին հնչում. «Դուք նվիրված և մկրտվա՞ծ եք»։ «Այո՛»,— մտածեցի ես։ «Խոստացե՞լ եք ծառայել Եհովային ձեր ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով»։ «Այո՛»։ «Ունե՞ք առողջական խնդիրներ, ընտանեկան պարտականություններ, որոնք ձեզ թույլ չեն տալիս ռահվիրա ծառայել»։ «Ո՛չ»։ «Կա՞ որևէ բան, որի պատճառով չեք կարող ռահվիրա ծառայել»։ «Ո՛չ»։ «Եթե վերջին հարցին «ոչ» պատասխանեցիք, ապա ինչո՞ւ ռահվիրա չեք ծառայում»։
Կարծես այդ պահին միտքս պայծառացավ։ Մտածեցի. «Ես վատնում եմ իմ կյանքը։ Չեմ պահում իմ նվիրման խոստումը։ Ամբողջ հոգով չեմ ծառայում Եհովային ու եթե ակնկալում եմ, որ նա կատարի ինձ տված իր խոստումները, ապա ես էլ պետք է պահեմ նրան տված իմ խոստումը»։ Այսպիսով 1956 թ. հոկտեմբերից սկսեցի ենթառահվիրա ծառայել։
1959 թ.-ին նշանակվեցի հատուկ ռահվիրա Աբերդին քաղաքում
Հաջորդ տարի դարձա ռահվիրա և տեղափոխվեցի 19 քարոզիչներից բաղկացած մի ժողով։ Տեղափոխվելու առաջին իսկ օրից ինձ ամեն շաբաթ ելույթներ էին հանձնարարվում։ Համբերատար եղբայրների օգնությամբ ես բարելավումներ արեցի ելույթներիս բովանդակության և մատուցման մեջ։ Երկու տարի անց՝ 1959 թ.-ին, նշանակվեցի հատուկ ռահվիրա Աբերդին քաղաքում՝ Շոտլանդիայի ծայր հյուսիսում։ Մի քանի ամիս անց ինձ հրավիրեցին ծառայելու Լոնդոնի Բեթելում։ Յոթ տարիներին էլ տպարանում ծառայելու առանձնաշնորհում եմ ունեցել։
Ես սիրում էի Բեթելի կյանքը, սակայն մեջս եռում էր դաշտում ծառայելու ցանկությունը։ Երիտասարդ էի, առողջ, ցանկանում էի, որ Եհովան ինձ օգտագործի այնտեղ, որտեղ ուզում է։ Այդ իսկ պատճառով 1965 թ. ապրիլին «Գաղաադ» դպրոցի դիմում լրացրի։
Այդ տարի ես ու սենյակակիցս որոշեցինք գնալ Բեռլին՝ Գերմանիա՝ մասնակցելու համաժողովին և տեսնելու Բեռլինի պատը, որը կառուցվել էր մի քանի տարի առաջ։
Համաժողովի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք մասնակցելու ծառայությանը, և ինձ նշանակեցին ծառայելու Սյուզան Բանդրոկի հետ։ Մենք ամուսնացանք 1966 թ.-ին և երկու տարի անց հրավիրվեցինք սովորելու «Գաղաադի» 47-րդ դասարանում։ Դա մեծ օրհնություն էր։ Այդ հինգ ամիսները անցան մեկ օրվա պես։ Մենք նշանակվեցինք Զաիր, որն այժմ կոչվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Ցնցված էինք։ Այդ երկրի մասին գրեթե ոչինչ չգիտեիք։ Ճիշտ է, վախեցած էինք, բայց ընդունեցինք մեր նշանակումը և մեզ հանձնեցինք Եհովայի ձեռքը։
1969 թ.-ին ես և Սյուզանը ավարտեցինք «Գաղաադ» դպրոցը
Օդանավակայաններում և ինքնաթիռներում երկար ժամեր անցկացնելուց հետո հասանք հանքարդյունաբերական փոքր քաղաք՝ Կոլվեզի։ Զարմացանք, թե ինչու եղբայրները չէին եկել մեզ դիմավորելու։ Սակայն ավելի ուշ իմացանք, որ հեռագիրը, որով եղբայրներին տեղեկացրել էինք մեր ժամանման մասին, հասել էր մեր գալուց երկու օր անց։ Օդանավակայանի աշխատակիցը մոտեցավ մեզ և ֆրանսերենով մի բան ասաց. սակայն մենք դեռ չէինք հասկանում այդ լեզուն։ Մեր առջև կանգնած կինը շրջվեց և թարգմանեց աշխատակցի ասածը. «Ձեզ ձերբակալում են»։
Սպան, ով ձերբակալեց մեզ, կարգադրեց մի մարդու, որ իր հին ու փոքր սպորտային մեքենայով ուղեկցի մեզ։ Սպան, մեքենայի տերը, Սյուզանն ու ես մի կերպ խցկվեցինք մեքենայի մեջ։ Երբ մենք ճոճվում և իրար էինք զարկվում փոսերով լի ճանապարհով անցնելիս, այնպիսի տպավորություն էր, ասես կատակերգության տեսարան լիներ։ Մեքենայի կապոտն էլ ձկան բերանի էր նման, որ ծամում էր մեր ուղեբեռը։
Այդ մեքենայով գնացինք միսիոներական տուն, թեև չգիտեինք, թե որտեղ է այն գտնվում, բայց սպան գիտեր։ Տանը ոչ ոք չկար, իսկ դարպասները կողպված էին։ Միսիոներները մեկնել էին միջազգային համաժողովների և արձակուրդի։ Կիզիչ արևի տակ կանգնած՝ մտածում էինք, թե ինչ է լինելու հետո։ Ի վերջո եկավ տեղացի եղբայրներից մեկը։ Երբ նա մեզ տեսավ, ջերմորեն ժպտաց, ինչից մենք մեզ լավ զգացինք։ Նա ճանաչում էր սպային, որը, ակներևաբար, ուզում էր մեզանից գումար պոկել։ Եղբայրը մի քիչ խոսեց սպայի հետ, նա գնաց, և մենք սկսեցինք տեղավորվել։
1971 թ.-ին Նաթան Նորի հետ՝ միսիոներական տան դիմաց
ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Շուտով հասկացանք, որ շրջապատված ենք կենսուրախ մարդկանցով, որոնք շատ դժվարությունների են դիմացել։ Ցավոք, նախորդ տասը տարիների անկարգությունների և ապստամբությունների պատճառով ամենուր բռնություն էր։ Այնուհետև 1971 թ.-ին Եհովայի վկաների գրանցումը չեղյալ էր համարվել։ Մտածում էինք՝ ինչպես ենք գլուխ հանելու։
Վախից նահանջելու ժամանակը չէր։ Եղբայրներից ու քույրերից շատ քչերն էին փոխզիջումների գնացել՝ չնայած կուսակցական քարտ և կրծքանշան կրելու ճնշումներին։ Կրծքանշան չկրելով՝ նրանք զրկվում էին տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվելու հնարավորությունից և հետապնդվում զինվորականների ու ոստիկանության կողմից։ Եղբայրները կորցնում էին աշխատանքը, իսկ երեխաները՝ հեռացվում դպրոցից։ Հարյուրավոր եղբայրներ էլ բանտարկվել էին։ Դժվար ժամանակներ էին, սակայն Վկաները շարունակում էին համարձակորեն հայտնել բարի լուրը։
Մեզ դիմացկունություն էր անհրաժեշտ
Այդ տարիներին ես և Սյուզանը մեր ժամանակի մեծ մասը անցկացրինք գյուղական վայրերում շրջանային ու մարզային ծառայության մեջ։ Գյուղերում կյանքը յուրօրինակ էր, երբեմն էլ՝ լի դժվարություններով։ Ծղոտե տներն այնքան փոքր էին, որ միայն պառկել կարող էիր։ Չեմ հիշում, թե քանի անգամ եմ գլուխս խփել՝ անցնելով ցածր դռներով։ Մենք լողանում էինք առուների և գետերի ջրով։ Գիշերը մոմի լույսի տակ էինք կարդում, ճաշ էինք պատրաստում փայտածուխի վրա։ Բայց մեզ համար այս ամենը իրական միսիոներական կյանքն էր. այն, ինչ եկել էինք անելու։ Զգում էինք, որ կռվում ենք առաջնագծում։
Տեղի Վկա ընտանիքների հետ ապրելը մեզ սովորեցրեց արժևորել սովորական, բայց կարևոր բաները՝ սնունդը, ջուրը, հագուստը և ծածկը (1 Տիմոթեոս 6։8)։ Իսկ մնացած ամեն ինչը ճոխ նվեր է։ Այս պարզ ճշմարտությունը դաջվել է մեր մտքում։
Թեև երբեք Պողոս առաքյալի պես չենք փորձվել, սակայն երբեմն ճամփորդությունները ստիպում էին զգալ, որ մեր հավատն ու մղումները փորձության են ենթարկվում։ Մենք պետք է անցնեինք այնպիսի ճանապարհներով, որոնք սարսափելի վիճակում էին կամ գրեթե գոյություն չունեին։ Քարքարոտ ճանապարհներով վարելիս մեր մեքենան ահավոր ցնցվում էր։ Երբեմն էլ այն խրվում էր խոր ավազի մեջ։ Անձրևների սեզոնին թաղվում էինք ցեխի մեջ, որը սոսնձի պես կպչուն էր։ Մի անգամ մեկ օրվա ընթացքում մենք կարողացանք քշել ընդամենը 70 կիլոմետր (43 մղոն) և ստիպված եղանք 12 անգամ փորել հանել ցեխի մեջ խրված մեքենան։
Մեր ծառայության մեջ ճանապարհներին միշտ խնդիրներ էին առաջ գալիս
Սակայն դժվար հանգամանքների ներքո մեզ ավելի մոտ էինք զգում Եհովային։ Հասկացանք, որ Եհովայի օգնությամբ կարող ենք ուրախությամբ դիմանալ ամեն ինչի, նույնիսկ երբ անզոր ենք փոխելու որևէ բան։ Սյուզանը բնույթով արկածախնդիր մարդ չէ, բայց մեր բոլոր փորձությունների և դժվարությունների ընթացքում նա երբեք չի բողոքել։ Մենք դրանք հիշում ենք որպես երջանիկ, օրհնություններով լի և, իհարկե, ուսանելու ժամանակներ։
Զաիրում ինձ մի քանի անգամ ձերբակալեցին։ Մի անգամ էլ կեղծ մեղադրեցին ադամանդների ապօրինի առքուվաճառքի մեջ։ Անհանգիստ էինք, բայց ինքներս մեզ ասացինք, որ եթե Եհովան ուզում է՝ կատարենք մեզ հանձնարարված ծառայությունը, ապա նա կօգնի։ Ու նրա օգնությունը չուշացավ։
Առաջ ենք շարժվում
1981 թ.-ին հրավիրվեցինք ծառայելու Կինշասայի մասնաճյուղում։ Դրանից մեկ տարի առաջ մեզ նորից օրինական գրանցում էր տրվել։ Եղբայրները հողատարածք ձեռք բերեցին՝ մասնաճյուղի տարածքը ընդլայնելու համար։ Սակայն անսպասելիորեն 1986 թ. մարտին երկրի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով արգելվեց Եհովայի վկաների գործունեությունը։ Շինարարությունը դադարեցվեց, շատ չանցած՝ միսիոներների մեծ մասը լքեց երկիրը։
Մի քանի տարի ծառայել ենք Զաիրի մասնաճյուղում
Մենք կարողացանք մի քիչ էլ մնալ։ Քարոզչական գործը շարունակելու համար արեցինք այն, ինչ կարող էինք, թեև գիտեինք, որ մշտական հսկողության տակ ենք։ Չնայած մեր զգուշությանը՝ ինձ ձերբակալեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։ Ինձ տարան զնդանի նման մի մեծ սենյակ, որտեղ այլ կալանավորներ էլ կային։ Շոգ էր, գարշահոտ էր փչում, մութ էր, և շնչելու օդ չկար։ Լույսի և օդափոխության միակ աղբյուրը պատի վերևում փոքրիկ բացվածքն էր։ Որոշ բանտարկյալներ բռնեցին ինձ և բերեցին իրենց ինքնակոչ ղեկավարի մոտ, որն ասաց. «Երգի՛ր մեր ազգային օրհներգը»։ Ես էլ պատասխանեցի. «Ես չգիտեմ այն»։ Նա ասաց. «Երգիր քո երկրի օրհներգը»։ «Դա էլ չգիտեմ»,— ասացի ես։ Հետո նա ստիպեց, որ մոտ 45 րոպե կանգնեմ դեմքով դեպի պատը։ Ի վերջո եղբայրների բանակցությունների շնորհիվ ազատ արձակվեցի։
1987 թ.-ին՝ Զամբիայի մասնաճյուղ գալուց որոշ ժամանակ անց
Հասկացանք, որ երկրում իրավիճակը չի շտկվելու։ Շատ չանցած՝ մեզ նշանակեցին Զամբիա։ Երբ անցանք սահմանը, մեր զգացմունքները խառնվեցին իրար. միաժամանակ և՛ տխրություն, և՛ թեթևացում զգացինք։ Վերհիշեցինք այն 18 տարիները, որ անցկացրել էինք մեր նշանակման մեջ՝ հավատարիմ միսիոներների և տեղի եղբայրների ու քույրերի հետ։ Թեև կյանքը երբեմն սթրեսային էր, սակայն զգում էինք, որ Եհովան օրհնում է մեզ։ Եհովան մեզ հետ էր եղել այդ ողջ ընթացքում։ Սովորել էինք սվահիլի և ֆրանսերեն, իսկ Սյուզանը՝ նաև մի քիչ լինգալա։ Մեծ ուրախությամբ ավելի քան 130 հոգու օգնել ենք առաջադիմել և մկրտվել։ Մեզ նաև բավարարվածության մեծ զգացում էր պատճառում այն բանի գիտակցումը, որ ապագա աճին հիմք դնելու գործին ենք մասնակցել։ Հետագայում շատերը ընդունեցին ճշմարտությունը։ 1993 թ.-ին Գերագույն դատարանը չեղյալ համարեց 1986 թ. արգելքը։ Այժմ Կոնգոյում Թագավորության ավելի քան 240 000 քարոզիչներ են ծառայում։
Զամբիայում եղած ժամանակ մենք տեսել ենք նոր մասնաճյուղի կառուցումը և դրա հետագա ընդլայնումը։ Այժմ այստեղ երեք անգամ ավելի շատ ակտիվ քարոզիչներ կան, քան 1987 թ.-ին էին։
Զամբիայի մասնաճյուղը՝ վերևից
Իսկ ի՞նչ եղավ այն երիտասարդ եղբորը, ով թվում էր՝ հազիվ մեկ ամիս ձգի լիաժամ ծառայության մեջ։ Եհովայի օրհնությամբ և իմ սիրելի կնոջ՝ Սյուզանի աջակցությամբ այժմ արդեն 65 տարի է, ինչ լիաժամ ծառայության մեջ եմ և ճաշակել ու տեսել եմ, որ Եհովան բարի է (Սաղմոս 34։8)։
Մենք գիտենք, որ առանձնահատուկ չենք, պարզապես ամեն ինչ արել ենք, որ հավատարիմ մնանք մեր նվիրման խոստմանը։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օգնել մեզ, որ երբեք «չնահանջենք» և ամրացնենք մեր հավատը «մեր հոգին կենդանի պահելու համար» (Եբրայեցիներ 10։39)։
Սյուզանն ու ես շարունակում ենք ծառայել Զամբիայի մասնաճյուղում
Դիտեք «Դեյրիլ և Սյուզան Շարփ։ Մենք խոստացել էինք ծառայել Եհովային ամբողջ սրտով» տեսանյութը։