Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 42 էջ 217–221
  • Ինչո՞ւ պետք է աշխատասեր լինենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ պետք է աշխատասեր լինենք
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ուրախություն ստացիր քո աշխատանքից
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ատաղձագործը
    2010 Դիտարան
  • Հաճույք ստացիր աշխատանքից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչպես ուրախություն ստանալ աշխատանքից
    2015 Դիտարան
Ավելին
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 42 էջ 217–221

ԳԼՈՒԽ 42

Ինչո՞ւ պետք է աշխատասեր լինենք

Ավելի շատ ի՞նչ ես սիրում՝ աշխատե՞լ, թե՞ խաղալ։ ~ Իրականում, խաղալու մեջ սխալ բան չկա։ Աստվածաշնչում նկարագրվում է Երուսաղեմը՝ տղաներով ու աղջիկներով լի, որոնք խաղում են քաղաքի հրապարակներում (Զաքարիա 8։5)։

Մեծ Ուսուցիչը հաճույք էր ստանում՝ դիտելով երեխաների խաղը։ Նախքան երկիր գալը Հիսուսն ասել է, որ ինքն «[Աստծո] մոտ հմուտ վարպետ է եղել՝ ....ուրախանալով նրա առաջին ամեն ժամանակ»։ Իսկ դա նշանակում է, որ երկնքում Հիսուսը աշխատել է Եհովայի հետ։ Նա ասել է նաև, որ իր «զվարճությունը մարդկանց որդիների հետ էր»։ Այո՛, ինչպես արդեն գիտենք, Մեծ Ուսուցիչը հետաքրքրվում էր բոլոր մարդկանցով, այդ թվում նաև երեխաներով (Առակաց 8։30, ՆԱ, 31)։

Մարդիկ ցորենի խրձեր են կապում

Երկիր գալուց առաջ ինչի՞ց էր ուրախություն ստանում Մեծ Ուսուցիչը

Ի՞նչ ես կարծում, փոքր տարիքում Հիսուսը խաղեր խաղացե՞լ է։ ~ Հավանաբար այո։ Իսկ երկրի վրա եղած ժամանակ նա աշխատե՞լ է. չէ՞ որ երկնքում նա «հմուտ վարպետ» է եղել։ ~ Որոշ մարդիկ Հիսուսին ճանաչում էին որպես «հյուսնի որդի»։ Նրան նաև անվանել են «հյուսն»։ Ի՞նչ է դա նշանակում։ ~ Հովսեփը, որ մեծացրել էր Հիսուսին իր որդու նման, պետք է որ նրան սովորեցրած լիներ իր արհեստը։ Այդպես Հիսուսը նույնպես դարձել էր հյուսն՝ ատաղձագործ (Մատթէոս 13։55; Մարկոս 6։3)։

Քո կարծիքով՝ ինչպիսի՞ հյուսն էր Հիսուսը։ ~ Եթե նա երկնքում եղել էր հմուտ վարպետ, մի՞թե ուրեմն երկրի վրա էլ հմուտ չէր լինի։ ~ Փորձենք պատկերացնել, թե որքան դժվար էր հյուսնի գործը այն ժամանակ։ Հավանաբար Հիսուսը պետք է գնար ծառ կտրելու, հետո ծառը մասերի բաժաներ և փայտը տուն տաներ։ Այնուհետև նա պետք է փայտը հղկեր ու դրանից պատրաստեր սեղան, աթոռ և այլ առարկաներ։

Ի՞նչ ես կարծում, Հիսուսը բավականություն ստանո՞ւմ էր իր այդ աշխատանքից։ ~ Իսկ դու ուրախ կլինեի՞ր, եթե կարողանայիր մարդկանց համար լավ սեղաններ, աթոռներ և այլ իրեր պատրաստել։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ լավ է, եթե մարդ ուրախություն է ստանում իր աշխատանքից։ Աշխատանքը կարող է այնպիսի բավականություն պատճառել, ինչպիսին չի կարող պատճառել խաղը (Ժողովող 3։22)։

Իրականում աշխատանքը օգտակար է թե՛ մտքի, թե՛ մարմնի համար։ Շատ երեխաներ կան, որ իրենց օրն անցկացնում են հեռուստացույց դիտելով ու տեսախաղեր խաղալով։ Դրա հետևանքով նրանք կարող են դառնալ գեր ու ֆիզիկապես թույլ։ Այսպիսի երեխաները երջանիկ չեն, և ոչ էլ ուրիշներին են երջանիկ դարձնում։ Հիշո՞ւմ ես, թե ինչ է հարկավոր անել երջանիկ լինելու համար։ ~

Այս գրքի 17–րդ գլխից սովորեցինք, որ տալը և ուրիշներին օգնելու համար որևէ բան անելը ուրախություն է բերում (Գործք 20։35)։ Աստվածաշունչը Եհովային անվանում է երջանիկ Աստված (Ա Տիմոթէոս 1։11)։ Իսկ Հիսուսը, ինչպես կարդացինք «Առակաց» գրքում, «ուրախանում էր նրա առաջին ամեն ժամանակ»։ Ինչո՞ւ էր Հիսուսը ուրախ։ ~ Նա նշեց պատճառներից մեկը՝ ասելով. «Իմ Հայրը մինչև հիմա աշխատում է, և ես էլ եմ աշխատում» (Յովհաննէս 5։17)։

Հիսուսն իր երկրային կյանքը, սակայն, չնվիրեց ատաղձագործությանը։ Եհովա Աստված հատուկ գործ էր հանձնարարել նրան՝ երկրի վրա անելու։ Գիտե՞ս, թե ինչ գործ։ ~ Հիսուսն ասաց. «Ես պետք է Աստծո Թագավորության բարի լուրը պատմեմ, քանի որ դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։44)։ Երբ Հիսուսը քարոզում էր մարդկանց, նրանցից ոմանք հավատում էին նրան ու նրա ասածները պատմում ուրիշներին, ճիշտ ինչպես այս սամարացի կինը արեց (Յովհաննէս 4։7–15, 27–30)։

Հիսուսը ջրհորի մոտ խոսում է սամարացի կնոջ հետ.  Հիսուսն ատաղծագործությամբ է զբաղվում

Ի՞նչ երկու աշխատանքներ է կատարել Հիսուսը երկրի վրա

Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս էր վերաբերվում Հիսուսն իր այդ գործին։ Նա ցանկանո՞ւմ էր այն կատարել։ ~ Ահա թե ինչ ասաց նա. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ և նրա գործը կատարեմ» (Յովհաննէս 4։34)։ Դու հավանաբար մեծ հաճույքով ես ուտում քո սիրած կերակուրը, այնպես չէ՞։ ~ Հիսուսի խոսքերից պատկերացնում ենք, թե ինչ մեծ բավականություն էր նա ստանում՝ կատարելով այն գործը, որ Աստված նրան հանձնարարել էր։

Աստված մեզ այնպես է ստեղծել, որ մենք ուրախանում ենք, երբ սովորում ենք ինչ–​որ բան լավ անել։ Եհովան ասում է, որ աշխատանքից ուրախություն ստանալը նրա տված պարգևներից է։ Ուստի եթե փոքրուց սովորես աշխատել, ապա կյանքից ավելի շատ ուրախություն կստանաս (Ժողովող 5։19)։

Իհարկե սա չի նշանակում, թե փոքր երեխան կարող է կատարել այն նույն աշխատանքը, ինչ մեծահասակը։ Բայց բոլորս էլ ինչ–​որ գործ կարող ենք անել։ Ծնողներն, օրինակ, ամեն օր աշխատանքի են գնում, որպեսզի ընտանիքին ապահովեն բնակարանով և ուտելիքով։ Անշուշտ ինքդ էլ գիտես, որ անելու շատ գործ է լինում նաև տանը, որպեսզի այն կոկիկ և մաքուր լինի։

Ի՞նչ տնային գործեր կան, որոնք անելով՝ կարող ես օգուտ տալ ձեր ընտանիքին։ ~ Կարող ես օգնել՝ սեղանը գցելով, ափսեները լվանալով, աղբը թափելով, քո սենյակը մաքրելով և խաղալիքներդ հավաքելով։ Գուցե նման գործեր արդեն անում ես։ Եթե այդպես վարվես, իսկապես օգնած կլինես քո ընտանիքին։

Խաղալիքներն ընկնում են մայրիկի ոտքերի տակ, ու նա սայթաքում է

Ինչո՞ւ է կարևոր, որ խաղալուց հետո հավաքես խաղալիքներդ

Տեսնենք, թե ինչպիսի օգուտներ են բերում նման գործերը։ Ինչպես գիտես, խաղալուց հետո հարկավոր է խաղալիքները հավաքել։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է դա կարևոր։ ~ Դրա շնորհիվ տունը կոկիկ կլինի։ Բացի այդ, դա կօգնի խուսափել տհաճ պատահարներից։ Եթե խաղալիքներդ հավաքելու սովորություն չունես, մի օր կարող է պատահել այնպես, որ երբ մայրիկդ ինչ–​որ բան ձեռքին անցնի այդտեղով, խաղալիքն ընկնի նրա ոտքի տակ ու նա սայթաքի։ Նա կարող է ընկնել ու վնասվել։ Նույնիսկ կարող է անհրաժեշտություն առաջանալ, որ մայրիկիդ տանեն հիվանդանոց։ Ի՜նչ վատ բան կլինի, չէ՞։ ~ Ուստի եթե խաղալուց հետո խաղալիքներդ հավաքես, բոլորին էլ օգուտ կտաս։

Մի ուրիշ գործ էլ կա, որ երեխաները պետք է անեն։ Օրինակ՝ իրենց դպրոցական առաջադրանքները։ Դպրոցում քեզ սովորեցնում են կարդալ։ Որոշ երեխաներ հաճույք են ստանում ընթերցանությունից, բայց ոմանք էլ դժվարությամբ են դա անում։ Որքան էլ սկզբում այդ գործը բարդ թվա, երբ սովորես վարժ կարդալ, դու ուրախություն կզգաս։ Երբ կարդալ իմանաս, հնարավորություն կունենաս շատ հետաքրքիր բաներ սովորելու։ Նույնիսկ կկարողանաս ինքնուրույն կարդալ Աստծո գիրքը՝ Աստվածաշունչը։ Ուրեմն դասերդ լավ սովորելով՝ դու օգտակա՞ր գործ ես անում, թե՞ ոչ։ Ի՞նչ ես կարծում։ ~

Կան մարդիկ, որ խուսափում են աշխատանքից։ Գուցե դու էլ ճանաչես այդպիսի մեկին։ Բայց քանի որ Աստված մեզ այնպես է ստեղծել, որ աշխատենք, մենք պետք է սովորենք մեր գործից բավականություն ստանալ։ Հիշո՞ւմ ես, թե ինչպիսի բավականություն էր ստանում իր գործից Մեծ Ուսուցիչը։ ~ Նրա համար դա նման էր իր սիրած կերակուրը ուտելուն։ Իսկ ո՞րն էր այդ գործը։ ~ Եհովա Աստծո մասին ուրիշներին պատմելն ու հավիտենական կյանքի ճանապարհը նրանց ցույց տալը։

Որպեսզի գործից ուրախություն ստանաս, հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ է հարկավոր այս գործը կատարել»։ Երբ իմանում ես, թե ինչու է տվյալ աշխատանքը կարևոր, ապա հեշտությամբ ես անում այն։ Եվ անկախ այն բանից, փոքր գործ կլինի դա, թե մեծ՝ ջանասիրությամբ կատարիր այն։ Եթե այդպես վերաբերվես աշխատանքին, ապա մեր Մեծ Ուսուցչի նման ուրախություն կստանաս քո ձեռքի գործից։

Աստվածաշունչը կարող է օգնել մարդուն դառնալ աշխատասեր։ Կարդանք, թե ինչ է ասվում Առակաց 10։4; 22։29; Ժողովող 3։12, 13 և Կողոսացիս 3։23 համարներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը