-
Հաղթահարում են հնուց եկած մի խոչընդոտ2016 Արթնացե՛ք | № 3
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ
Հաղթահարում են հնուց եկած մի խոչընդոտ
ԱՅՍՕՐ աշխարհում մոտ 7 000 լեզու կա։ Լեզուների այս բազմազանությունը դժվարություններ է ստեղծում ճանապարհորդության, առևտրի, կրթության և պետական կառավարման ոլորտներում։ Այդպես է եղել նաև հին ժամանակներում։ Օրինակ՝ մոտ 2 500 տարի առաջ՝ Ասուերոս թագավորի (ակներևաբար Քսերքսես I) իշխանության ժամանակ, պետական հրամանները գրի առնվեցին տարբեր լեզուներով։ Դրանք պետք է ուղարկվեին Պարսկական կայսրության բոլոր տարածքները՝ «Հնդկաստանից մինչև Եթովպիա.... հարյուր քսանյոթ գավառների իշխաններին՝ յուրաքանչյուր գավառին իր գրով և յուրաքանչյուր ժողովրդին իր լեզվով»։a
Մեր օրերում շատ կազմակերպություններ և կառավարություններ չեն էլ փորձում նման դժվարին գործ հանձն առնել։ Բայց կա մի կազմակերպություն, որը հաջողությամբ այդպիսի գործունեություն է իրականացնում։ Այսօր Եհովայի վկաները բազմաթիվ լեզուներով թողարկում են ամսագրեր, աուդիո/վիդեո նյութեր ու շատ գրքեր, այդ թվում Աստվածաշունչը։ Այս նյութերը ընդհանուր հաշվով լույս են տեսնում ավելի քան 750 լեզուներով, որոնց մեջ մտնում են մոտ 80 ժեստերի լեզուներ։ Վկաները գրականություն են հրատարակում նաև Բրայլի՝ բարդության տարբեր աստիճաններ ունեցող գրատիպերով։
Եհովայի վկաները այս ամենից ոչ մի շահույթ չեն ստանում։ Իսկ թարգմանիչներն ու նրանց հետ աշխատող մյուս մարդիկ կամավորներ են։ Բայց ինչո՞ւ են Վկաները իրենց հրատարակած նյութերը թարգմանում այդքան շատ լեզուներով, և ինչպե՞ս են նրանք դա անում։
a Տես Աստվածաշնչի «Եսթեր» գրքի 8-րդ գլխի 9-րդ համարը։
-
-
Հաղթահարում են լեզվական խոչընդոտը. վարագույրից այն կողմ2016 Արթնացե՛ք | № 3
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Հաղթահարում են լեզվական խոչընդոտը Վարագույրից այն կողմ
«Ասում են՝ թարգմանությունից դժվար գործ չկա»։ («The Cambridge Encyclopedia of Language» լեզվաբանական հանրագիտարան)։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ հրատարակությունները պատրաստում է գրական բաժինը, որը գտնվում է նրանց գլխավոր վարչությունում (Նյու Յորք)։ Նախ որոշվում են թեմաները, ապա մանրամասն հետազոտություններ են արվում և գրվում են հոդվածներ։ Գրական բաժինը հոգ է տանում, որ այդ բոլոր նյութերը պարունակեն ճշգրիտ տեղեկություններ, գրված լինեն ժամանակակից լեզվով և զերծ լինեն լեզվական սխալներից։a
Այնուհետև գրական բաժինը տեքստերը ուղարկում է աշխարհի տարբեր մասերում գտնվող հարյուրավոր թարգմանչական թիմերի։ Թարգմանիչների մեծ մասը ապրում և աշխատում է այն վայրերում, որտեղ հիմնականում խոսում են այն լեզվով, որով իրենք թարգմանում են։ Հիմնականում նրանք թարգմանում են իրենց մայրենի լեզվով։ Թարգմանիչները պետք է լավ հասկանան բնագիր տեքստը և լիովին տիրապետեն այն լեզվին, որով թարգմանում են։
Ի՞նչ է ներառում թարգմանչական գործը։
Գերանտը, որը ծառայում է որպես թարգմանիչ Մեծ Բրիտանիայում, պատասխանում է. «Ես աշխատում եմ թարգմանչական թիմում։ Այս գործում շատ կարևոր է լավ համագործակցությունը։ Միասին լուծումներ ենք փնտրում տեքստի դժվար հատվածների համար։ Այդ ժամանակ կենտրոնանում ենք ոչ թե առանձին բառերի, այլ բառախմբերի վրա և փորձում ենք հասկանալ, թե որն է դրանց իրական իմաստը, և ինչու են դրանք գործածվել։ Յուրաքանչյուր հոդված թարգմանելիս մտածում ենք, թե ում համար է այն նախատեսված»։
Որ՞ն է թարգմանչի նպատակը։
«Մեր նպատակն է այնպես անել, որ նյութը կարդալիս ընթերցողը չզգա, որ դա թարգմանություն է։ Դրա համար ձգտում ենք բնական լեզու օգտագործել։ Այդ դեպքում նյութը գրավիչ է լինում ընթերցողի համար, և նա հաճույքով է կարդում այն, ասես վայելում է իր քիմքին հաճելի համեղ ուտելիք»։
Որո՞նք են լեզվական միջավայրում ապրելու առավելությունները։
«Թարգմանող լեզվով խոսող մարդկանց միջավայրում ապրելը բառապաշարը հարստացնելու հիանալի միջոց է։ Այստեղ՝ Ուելսում, որտեղ մարդկանց մեծ մասը ուելսերեն է խոսում, մենք ամեն օր լսում ենք այդ լեզուն։ Բացի այդ, հնարավորություն ունենք հարցնելու ընթերցողների կարծիքը և ստուգելու, թե արդյոք մեր օգտագործած բառերն ու արտահայտությունները բնական, հասկանալի ու հետաքրքիր են։ Այս ամենն օգնում է ճշգրտորեն փոխանցել բնագիր տեքստի իմաստը»։
Ինչպե՞ս է կազմակերպվում գործը։
«Յուրաքանչյուր նախագիծ նշանակվում է մեկ թիմի։ Նախ թիմի ամեն անդամ կարդում է նյութը, որպեսզի հասկանա նյութի ոգին, պարզի՝ ում է ուղղված այն, և ինչպիսին է դրա հիմնական կառուցվածքը։ Այնուհետև ինքներս մեզ հարցնում ենք. «Ո՞րն է հոդվածի հիմնական ասելիքը, թեման և նպատակը։ Ի՞նչ է այն սովորեցնում ինձ»։ Սա օգնում է, որ ամբողջական պատկերացում կազմենք նյութի մասին։
Հետո թիմի անդամները միասին քննարկում են նյութը և միմյանց հայտնած տեսակետներից նոր բաներ սովորում։ Այս ընթացքում մտածում ենք, թե արդյոք լավ ենք հասկացել նյութը, և թե ինչպես կարող ենք թարգմանելիս պահպանել բնագիր տեքստի ոճը։ Մեր նպատակն է ընթերցողների մեջ արթնացնել այն հույզերը, ինչ արթնացնում է բնագիր տեքստը»։
Ինչպե՞ս են թիմի անդամները համագործակցում իրար հետ։
«Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընթերցողը հենց առաջին անգամ կարդալիս հասկանա նյութը։ Այդ նպատակին հասնելու համար թարգմանված տեքստը մի քանի անգամ բարձրաձայն ընթերցում ենք։
Մեզանից մեկը թարգմանում է պարբերությունը, իսկ մյուսներս մեր համակարգիչների էկրանին տեսնում ենք տպվող տեքստը և ստուգում, որ ոչ մի միտք բաց չթողնվի կամ չավելացվի։ Նաև հետևում ենք, որ տեքստը լինի բնական, ու չլինեն ուղղագրական և քերականական սխալներ։ Հետո թիմից մեկը բարձրաձայն կարդում է պարբերությունը։ Եթե որոշ տեղեր դժվարությամբ է ընթերցում, փորձում ենք պարզել, թե որն է պատճառը։ Երբ հոդվածի թարգմանությունն ավարտվում է, մեզնից մեկը բարձրաձայն ընթերցում է այն։ Այդ ընթացքում նշումներ ենք անում, այնուհետև ասում ենք մեր նկատառումները և ուղղում սխալներն ու անհարթ տեղերը»։
Բավականին բարդ գործ է։
«Այո՛, այդպես է։ Օրվա վերջում արդեն հոգնած ենք լինում, ուստի հոդվածը կրկին աչքի ենք անցկացնում հաջորդ օրը։ Մի քանի շաբաթ անց գրական բաժինը ուղարկում է տեքստի վերջնական տարբերակը։ Այդ ժամանակ «թարմ աչքով» նորից կարդում ենք թարգմանված տեքստը և ուղղումներ անում»։
Ի՞նչ համակարգչային ծրագրեր եք օգտագործում։
«Ինչ խոսք, թարգմանության գործում համակարգիչները չեն կարող փոխարինել մարդկանց։ Բայց Եհովայի վկաները մշակել են տարբեր համակարգչային ծրագրեր, որոնք բավականին հեշտացնում են թարգմանիչների գործը։ Այդպիսի մի օգտակար միջոց է մեզ համար ստեղծված բառարանը, որտեղ անցկացնում ենք հաճախ գործածվող բառերն ու արտահայտությունները։ Մեկ այլ միջոց է փնտրտուքների համար նախատեսված ծրագիրը, որի օգնությամբ աչքի ենք անցկացնում թարգմանչական խմբի թարգմանած բոլոր նյութերը և տեսնում, թե թարգմանչական տարբեր խնդիրների բախվելիս ինչ հետաքրքիր լուծումներ են գտել նրանք»։
Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր գործին։
«Թարգմանվելիք նյութերը մենք համարում ենք հանրության համար պատրաստված նվեր։ Եվ ցանկանում ենք այդ նվերը գեղեցիկ «փաթեթավորել»։ Երբ մտածում ենք այն մասին, որ ամսագրի որևէ հոդված կամ կայքի որևէ նյութ կարող է հասնել ընթերցողի սրտին և փոխել նրա կյանքը, մեր սրտերն ուրախությամբ են լցվում»։
Մնայուն օգուտներ
Ողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ շատ օգուտներ են քաղում՝ իրենց մայրենի լեզվով ընթերցելով Եհովայի վկաների հրատարակությունները։ Այդ հրատարակություններում, ինչպես նաև տեսանյութերում և jw.org կայքի հոդվածներում եղած իմաստուն խորհուրդները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Աստված, որի անունը Եհովա է, այդ սուրբ գրքում ասում է, որ իր կամքն է, որ «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» մարդիկ լսեն իր հայտնած լուրը (Հայտնություն 14։6)։b
a Բոլոր նյութերը գրվում են անգլերենով։
b Այցելեք www.pr418.com կայք և տեսեք, թե ձեր մայրենի լեզվով, ինչպես նաև հարյուրավոր այլ լեզուներով ինչ հրատարակություններ և աուդիո/վիդեո նյութեր կան։
-