Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • be դաս 37 էջ 212–էջ 214 պարբ. 5
  • Գլխավոր կետերի ընդգծում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գլխավոր կետերի ընդգծում
  • Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Նմանատիպ նյութեր
  • Գլխավոր մտքերի ընդգծում
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Ինչպես կազմել ելույթի պլան
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ամփոփիր հիմնական մտքերը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգտագործիր հանձնարարված նյութը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
be դաս 37 էջ 212–էջ 214 պարբ. 5

ԴԱՍ 37

Գլխավոր կետերի ընդգծում

Ի՞նչ է հարկավոր անել

Նյութը բաշխելիս, և ապա ներկայացնելիս հատուկ ուշադրություն դարձրու գլխավոր կետերին։

Ինչո՞ւ է դա կարևոր

Դա օգնում է, որ ունկնդիրները նյութը հիշեն, հետևաբար խորհեն դրա շուրջ և այն կիրառեն կյանքում։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ելույթի գլխավոր կետերը։ Դրանք լոկ հետաքրքիր մտքեր չեն, որոնք թռուցիկ կերպով կարելի է ասել ու առաջ անցնել։ Գլխավոր կետերը անչափ կարևոր մտքեր են, որոնք հարկավոր է մանրամասնորեն քննարկել ու պարզաբանել։ Դրանք այն մտքերն են, որոնց բացակայության դեպքում չես կարող հասնել քո նպատակին։

Գլխավոր կետերն ընդգծելու համար նախևառաջ հարկավոր է նյութը ուշադրությամբ ընտրել ու բաշխել։ Փնտրտուքներ անելով՝ հավանաբար շատ տեղեկություն կգտնես, որն ամբողջությամբ հնարավոր չէ ընդգրկել ելույթում։ Ինչպե՞ս կողմնորոշվել՝ որն օգտագործել, իսկ որը բաց թողնել։

Առաջին քայլը. խորհիր այն մասին, թե ովքեր են ունկնդիրներդ։ Նրանց մեծամասնությանն անծանո՞թ է քննարկվող նյութը, թե՞ միանգամայն ծանոթ է։ Շատե՞րն են համամիտ այդ նյութի հետ կապված Աստվածաշնչի բացատրությանը, թե՞ կասկածում են դրանում։ Ի՞նչ դժվարությունների են նրանք բախվում՝ ձգտելով կյանքում կիրառել այդ թեմային առնչվող աստվածաշնչյան գիտելիքները։ Երկրորդ քայլը. հավաստիացիր, թե քեզ համար արդյոք պա՞րզ է նպատակը, որին ցանկանում ես հասնել՝ ներկայացնելով այդ թեման այս կամ այն ունկնդիրներին։ Այս երկու քայլերը կատարելիս վերանայիր ձեռքիդ տակ ունեցած տեղեկությունները և առանձնացրու միայն այն, ինչն իրոք անհրաժեշտ է։

Եթե ելույթի տպագիր պլան ես ստացել, որում թեման և գլխավոր կետերն արդեն նշված են, հարկավոր է հետևել դրանց։ Այնուամենայնիվ, եթե յուրաքանչյուր գլխավոր կետ պատրաստելիս հաշվի առնես վերոհիշյալ հարցերն ու քայլերը, քո ելույթն ավելի արժեքավոր կլինի։ Իսկ եթե ելույթի պլան չես ստացել, գլխավոր կետերը կարող ես ինքդ կազմել։

Եթե հստակ պատկերացնես, թե որոնք են ելույթիդ գլխավոր կետերը, բաշխես դրանց լրացնող ենթակետերը, այդ դեպքում քեզ համար հեշտ կլինի ելույթ ունենալը, իսկ ունկնդիրներդ ելույթից ավելի շատ օգուտներ կստանան։

Նյութը բաշխելու տարբեր եղանակներ։ Նյութը կարելի է բաշխել տարբեր եղանակներով։ Ծանոթանալով դրանց՝ կարող ես ընտրել այն եղանակները, որոնք արդյունավետ կերպով կօգնեն հասնելու քո առջև դրված նպատակին։

Առաջինը նյութը բաշխելու թեմատիկ եղանակն է, որը մեծ հնարավորություններ ընձեռող մեթոդ է։ (Անհրաժեշտ է օգտագործել բոլոր գլխավոր կետերը, որովհետև դրանցից յուրաքանչյուրն օգնում է ունկնդիրներին լավ հասկանալ քննարկվող նյութը և իր դերն է խաղում ելույթի նպատակին հասնելու մեջ։) Երկրորդը ժամանակագրական եղանակն է։ (Ենթադրենք՝ նախ խոսում ես Ջրհեղեղին նախորդած իրադարձությունների մասին, ապա անցնում ես մ.թ. 70 թ.–ին Երուսաղեմի կործանմանը նախորդած դեպքերին, իսկ այնուհետև ուշադրություն ես հրավիրում մեր օրերում տիրող իրավիճակի վրա։) Երրորդը պատճառահետևանքային կապը ցույց տալու եղանակն է։ (Կարելի է քննարկել պատճառից դեպի հետևանք, կամ՝ ընդհակառակը. օրինակ՝ կարելի է նկարագրել տվյալ իրադրությունը, այսինքն՝ հետևանքը, իսկ հետո ցույց տալ, թե ինչն է հանգեցրել դրան, այսինքն՝ որն է պատճառը։) Չորրորդը հակադրության եղանակն է։ (Կարելի է հակադրել չարը բարուն, դրականը՝ բացասականին։) Երբեմն կարելի է միաժամանակ կիրառել մեկից ավելի եղանակներ։

Երբ Ստեփանոսը կեղծ մեղադրանքով հրեական Ատյանի՝ Սինեդրիոնի առաջ կանգնեց, նա մի փայլուն ելույթ ունեցավ, որում իրադարձությունները ներկայացրեց ժամանակագրական եղանակով։ Կարդալով Գործք 7։2–53-ը՝ ուշադրություն դարձրու, թե նա իր մտքերն ընտրելիս ինչպիսի նպատակաուղղվածություն է հանդես բերել։ Ստեփանոսի առաջին իսկ խոսքերը նրա ունկնդիրներին բացահայտ կերպով ցույց տվեցին, որ իրենց լսած պատմությունը անհերքելի ճշմարտություն է։ Ապա նա բացատրեց, որ թեև Հովսեփն իր եղբայրների կողմից մերժվեց, սակայն հենց նրա միջոցով էր, որ Աստված փրկություն բերեց։ Դրանից հետո նա խոսեց այն մասին, թե ինչպես իսրայելացիները անհնազանդ գտնվեցին Մովսեսի նկատմամբ, որին Աստված էր ընտրել։ Վերջում նա շեշտեց, որ Հիսուս Քրիստոսին սպանողները նույն ոգին դրսևորեցին, ինչ վաղեմի հրեաները։

Գլխավոր կետերը չպետք է շատ լինեն։ Ցանկացած թեմա զարգացնելու համար բավական է քննարկել ընդամենը մի քանի գլխավոր միտք։ Մեծ մասամբ դրանք կարելի է հինգ մատի վրա հաշվել։ Եվ նշանակություն չունի, թե դու խոսում ես 5 րոպե, 10 րոպե, կես ժամ, թե ավելի երկար։ Ուրեմն՝ մի փորձիր ընդգծել չափազանց շատ կետեր։ Մեկ թեմայից ունկնդիրները կարող են ըմբռնել միայն մի քանի տարբեր մտքեր։ Ուստի որքան երկար է ելույթը, այնքան ավելի պարզ ու հստակ պետք է ընդգծվեն գլխավոր կետերը։

Անկախ այն բանից, թե քանի գլխավոր կետ կա ելույթում՝ դրանք բոլորը պետք է ինչպես հարկն է լուսաբանվեն։ Բավարար ժամանակ տուր ունկնդիրներիդ, որպեսզի նրանք հասցնեն խորհել յուրաքանչյուր կետի մասին ու ամբողջովին ըմբռնել այն։

Քո ելույթը պետք է լինի պարզ ու հասարակ։ Միշտ չէ, որ դա կախված է նյութի ծավալից։ Եթե մտքերը հարկ եղած ձևով խմբավորված են մի քանի գլխավոր կետերում և հերթականությամբ են ներկայացվում, ապա ելույթը հեշտ է լսել ու դժվար՝ մոռանալ։

Ընդգծիր գլխավոր կետերը։ Եթե նյութը ճիշտ ես բաշխել, ելույթ ունենալիս քեզ համար դժվար չի լինի ընդգծել գլխավոր կետերի կարևորությունը։

Գլխավոր կետն ընդգծելու հիմնական միջոցն այն է, որ ապացույցները, աստվածաշնչյան համարներն ու մնացած նյութը այնպես ներկայացնես, որ դրանք ունկնդրիդ ուշադրությունը կենտրոնացնեն գլխավոր մտքի վրա ու շեշտեն այն։ Բոլոր երկրորդական կետերը պետք է հստակ դարձնեն, հաստատեն և ուժ հաղորդեն գլխավոր կետին։ Ելույթում մի ընդգրկիր թեմային չվերաբերող մտքեր զուտ այն պատճառով, որ դրանք հետաքրքիր են։ Երկրորդական կետ քննարկելիս պարզորոշ կերպով ցույց տուր այդ կետի և դրան վերաբերող գլխավոր կետի միջև եղած կապը։ Մի թող դա ունկնդիրներին՝ կարծելով, որ նրանք ինքնուրույն գլխի կընկնեն, թե ինչպես են այդ կետերն իրար կապված։ Այդ կապը ցույց տալու համար կարող ես ժամանակ առ ժամանակ կրկնել գլխավոր կետին վերաբերող հիմնական բառերից որևէ մեկը կամ գլխավոր կետի էությունը։

Գլխավոր կետերն ընդգծելու նպատակով որոշ հռետորներ դրանք թվարկում են ըստ համարների։ Դա էլ հնարավոր միջոցներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ նյութը ամենայն մանրամասնությամբ ընտրելու և տրամաբանական բաշխման ենթարկելու հարկ չկա։

Գուցե հենց սկզբից ցանկանաս գլխավոր կետը ներկայացնել որպես պնդում, իսկ հետո դրան թիկունք կանգնող փաստարկներ բերել։ Ընդգծման այս միջոցը ունկնդիրներին կօգնի գնահատել այն խոսքերը, որոնք կասվեն պնդումից հետո, ինչպես նաև կընդգծի գլխավոր կետը։ Իսկ գլխավոր կետը բացահայտելուց հետո կարելի է ամրացնել այն՝ հակիրճ կրկնելով դրա բուն էությունը։

Քարոզչական ծառայության ժամանակ։ Վերը քննարկվող սկզբունքները կիրառելի են ոչ միայն ելույթներում, այլ նաև քարոզչական ծառայության ժամանակ տարվող զրույցներում։ Երբ պատրաստվում ես քարոզչական ծառայությանը, խորհիր, թե ինչն է հատկապես մտահոգում տվյալ վայրում ապրող մարդկանց։ Ընտրիր այնպիսի թեմա, որի օգնությամբ կկարողանաս ցույց տալ, թե Աստվածաշունչը ինչ հույս է տալիս այդ խնդրի լուծման վերաբերյալ։ Վերցրու երկու գլխավոր կետ, որոնց օգնությամբ կկարողանաս զարգացնել թեման։ Որոշիր, թե ո՛ր սուրբգրային համարներն ես օգտագործելու որպես հիմնավորում։ Այժմ մտածիր, թե ինչպես ես սկսելու խոսակցությունը։ Նման պատրաստվածությունը կօգնի քեզ մատուցման ժամանակ փոխել որևէ բան՝ կախված խոսակցության ընթացքից։ Բացի այդ, կկարողանաս զրուցակցիդ հիշողության մեջ դրոշմել որևէ կարևոր միտք։

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԿԵՏԵՐՆ ԸՆԴԳԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Նախքան գլխավոր կետերն ընտրելը մտածիր, թե տվյալ թեմայի վերաբերյալ ինչ է հայտնի ունկնդիրներիդ, և որն է լինելու քո նպատակը։ Նյութը բաշխելիս հաշվի առ այդ գործոնները։

  • Հստակ կերպով ցույց տուր ապացույցների, աստվածաշնչյան համարների և մնացած նյութի կապը այն գլխավոր մտքի հետ, որին դրանք լրացնում են։

  • Ուշադրություն հրավիրիր յուրաքանչյուր գլխավոր կետի վրա։ Դա անելու համար գլխավոր կետերը կարելի է թվարկել ըստ համարների, գլխավոր կետը ներկայացնել որպես պնդում, իսկ հետո դրան թիկունք կանգնող փաստարկներ բերել, կամ էլ գլխավոր կետը լուսաբանելուց հետո կրկնել այն։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. Կրկնիր «Դիտարանի» այն հոդվածը, որը պետք է ուսումնասիրվի այս շաբաթ։ Թավատառերով գրված ենթավերնագրերի և կրկնության համար նախատեսված շրջանակում տեղ գտած հարցերի օգնությամբ փորձիր գտնել գլխավոր կետերը։ Օգտակար կլինի դա անել ամեն շաբաթ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը