Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Պատմություն, որն արժե իմանալ
    2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
    • ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

      Պատմություն, որն արժե իմանալ

      Մի մարդ կասկածամտորեն նայում է իր ձեռքի Աստվածաշնչին

      Աստվածաշունչը մեծապես տարբերվում է մյուս բոլոր կրոնական գրքերից։ Ոչ մի ուրիշ գիրք դարեր շարունակ այդքան մեծ դեր չի ունեցել բազմաթիվ մարդկանց համոզմունքների ձևավորման հարցում, որքան Աստվածաշունչը։ Բայց միևնույն ժամանակ այն ամենից շատն է ենթարկվել մանրակրկիտ ուսումնասիրության ու քննադատության։

      Օրինակ՝ որոշ գիտնականներ կասկածում են, որ Աստվածաշունչը, որը, դարեր շարունակ կրկնօրինակվելով, հասել է մինչև մեր օրերը, իրականում համապատասխանում է բնագիր տեքստին։ Կրոնագիտության մի պրոֆեսոր ասում է. «Մենք չենք կարող համոզված լինել, որ մեզ հաջողվել է ճշգրտորեն վերականգնել բնագիր տեքստը։ Մեր ձեռքում ընդամենը սխալներով լեցուն կրկնօրինակներ են, որոնց ճնշող մեծամասնությունը արվել է բնօրինակները գրվելուց դարեր անց և ակներևաբար բազմաթիվ առումներով տարբերվում է բնագիր տեքստերից»։

      Որոշ մարդիկ էլ Աստվածաշնչի վավերականությունը հարցականի տակ են դնում իրենց կրոնական դաստիարակության պատճառով։ Օրինակ՝ Ֆայզելի ոչ քրիստոնյա ծնողները սովորեցրել էին նրան, որ թեև Աստվածաշունչը սուրբ գիրք է, բայց փոփոխության է ենթարկվել։ Նա ասում է. «Ես թերահավատությամբ էի վերաբերվում այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ինձ հետ խոսել Աստվածաշնչից։ Չէ՞ որ նրանց ձեռքում ոչ թե բնագիր Աստվածաշունչն էր, այլ փոփոխված»։

      Իսկ որքանո՞վ է կարևոր՝ Աստվածաշունչը տարբերվում է բնագրից, թե ոչ։ Մտածենք հետևյալ հարցերի շուրջ։ Կվստահեի՞ք ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան մխիթարական խոստումներին, եթե վստահ չլինեիք, որ դրանք եղել են բնագիր տեքստում (Հռոմեացիներ 15։4)։ Կհետևեի՞ք աստվածաշնչյան սկզբունքներին աշխատանքի, ընտանիքի և երկրպագության հետ կապված կարևոր որոշումներ կայացնելիս, եթե մերօրյա Աստվածաշնչերը պարզապես բնագրի աղավաղված կրկնօրինակները լինեին։

      Ճիշտ է, այսօր Աստվածաշնչի բնագիր գրքերը չկան, բայց կան դրանց հնագույն կրկնօրինակները, այդ թվում հազարավոր աստվածաշնչյան ձեռագրեր։ Ինչպե՞ս են այդ ձեռագրերը պահպանվել՝ չնայած որ գրված են եղել հեշտ քայքայվող նյութերի վրա, ենթարկվել են թշնամական վերաբերմունքի, և շատերը փորձել են կեղծել դրանք։ Այն փաստը, որ այդ ձեռագրերը պահպանվել են, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ համոզվելու, որ ձեր ձեռքին եղած Աստվածաշունչը իսկապես արժանահավատ է։ Հաջորդ հոդվածներում տրվում են այս հարցերի պատասխանները։

  • Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած քայքայման վտանգին
    2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
    • ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

      Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած քայքայման վտանգին

      ՎՏԱՆԳԸ։ Աստվածաշունչը գրողները և արտագրողները հիմնականում տեքստը գրի են առել պապիրուսների և մագաղաթների վրա (2 Տիմոթեոս 4։13)։a Դա լուրջ խոչընդոտ էր գրքի պահպանման համար։ Ինչո՞ւ։

      Պապիրուսը հեշտությամբ պատռվում, գունաթափվում և մաշվում է։ Եգիպտագետներ Ռիչարդ Պարկինսոնը և Ստիվեն Քուորքը ասում են. «Պապիրուսի թերթը աստիճանաբար քայքայվում է, և դրանից մնում է մանրաթելերի մի կմախք ու մի բուռ փոշի.... Խոնավ պայմաններում պահված պապիրուսի փաթույթը կարող է բորբոսնել կամ փտել։ Իսկ հողի տակ պահելու դեպքում այն վնասում են կրծողները կամ միջատները, հատկապես՝ տերմիտները»։ Որոշ պապիրուսներ հայտնաբերվելուց հետո սկսել են ավելի արագ քայքայվել առատ լույսի կամ խոնավության հետևանքով։

      Մագաղաթն ավելի դիմացկուն է, քան պապիրուսը, բայց այն նույնպես կարող է փչանալ սխալ օգտագործման, ինչպես նաև չափազանց բարձր ջերմաստիճանի, առատ լույսի կամ խոնավության պատճառով։b Այն ևս կարող է միջատների կեր դառնալ։ Ուստի զարմանալի չէ, որ հին ձեռագրերից շատ քչերն են պահպանվել մինչև մեր օրերը։ Եթե աստվածաշնչյան ձեռագրերը ամբողջությամբ վնասվեին ու քայքայվեին, դրանցում ամփոփված տեղեկությունները մեզ չէին հասնի։

      ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հրեաներին տրված օրենքի համաձայն՝ ամեն թագավոր «մի գրքում իր համար պետք է այդ օրենքը [Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը] արտագրեր» (2 Օրենք 17։18)։ Բացի այդ, հմուտ գրագիրները նույնպես արտագրում էին աստվածաշնչյան տեքստերը։ Առաջին դարում նրանք արդեն այնքան կրկնօրինակներ էին ստեղծել, որ աստվածաշնչյան ձեռագիր տեքստեր կային ողջ Իսրայելի և անգամ հեռավոր Մակեդոնիայի ժողովարաններում (Ղուկաս 4։16, 17; Գործեր 17։11)։ Իսկ ինչպե՞ս են որոշ հնագույն ձեռագրեր հասել մինչև մեր օրերը։

      1. Կավե սափոր; 2. Մեռյալ ծովի ձեռագրերից մի հատված

      Այս հին ձեռագրերը, որոնք հայտնի են որպես Մեռյալ ծովի ձեռագրեր, դարեր շարունակ պահպանվել են քարանձավներում դրված կավե սափորների մեջ չոր կլիմայական պայմաններում

      Քարանձավ, որում հայտնաբերվել են աստվածաշնչյան ձեռագրեր

      Աստվածաշնչագետ Ֆիլիպ Կոմֆորտն ասում է. «Հրեաները հայտնի էին նրանով, որ աստվածաշնչյան տեքստերի ձեռագիր փաթույթները պահպանելու համար դրանք դնում էին կարասների կամ սափորների մեջ»։ Ակներևաբար քրիստոնյաները նույնպես հետևել են այդ սովորությանը։ Ահա թե ինչու աստվածաշնչյան որոշ հին ձեռագրեր հայտնաբերվել են կավե սափորների մեջ։ Կան ձեռագրեր էլ, որ հայտնաբերվել են մութ խորշերում, քարանձավներում և խիստ չորային կլիմա ունեցող տարածքներում։

      ԱՐԴՅՈՒՆՔԸ։ Այսօր մեր ձեռքի տակ կան աստվածաշնչյան բազմաթիվ ամբողջական և պատառիկ ձեռագրեր, ընդ որում դրանցից մի քանիսը ավելի քան 2 000 տարվա հնություն ունեն։ Ուրիշ ոչ մի հնագույն տեքստ չունի իր ճշգրտությունը փաստող այդքան շատ ձեռագրեր, այն էլ այդքան հին։

      a Պապիրուսը գրելանյութ է՝ պատրաստված համանուն ջրային բույսից։ Իսկ մագաղաթը պատրաստվում է կենդանիների կաշվից։

      b Օրինակ՝ Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի պաշտոնապես ստորագրված օրինակը գրվել է մագաղաթի վրա։ Դեռ 250 տարի էլ չի անցել, բայց այն արդեն այնքան է խունացել, որ դարձել է գրեթե անընթեռնելի։

  • Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած թշնամական վերաբերմունքին
    2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
    • ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

      Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած թշնամական վերաբերմունքին

      ՎՏԱՆԳԸ։ Բազմաթիվ քաղաքական և կրոնական առաջնորդներ վարում էին այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում էր աստվածաշնչյան լուրի տարածմանը։ Հաճախ նրանք իրենց իշխանությունն օգտագործում էին, որպեսզի թույլ չտան մարդկանց Աստվածաշունչ ունենալ, արտագրել կամ թարգմանել այն։ Նկատի առնենք երկու օրինակ։

      • Մ. թ. ա. մոտ 167 թ.։ Սելևկյան թագավոր Անտիոքոս Եպիփանեսը, որը ցանկանում էր ստիպել հրեաներին ընդունել հույների կրոնը, հրամայեց վերացնել Եբրայերեն Գրությունների բոլոր օրինակները։ Երբ նրա պաշտոնյաները «որևէ մեկի մոտ գտնում էին Օրենքի փաթույթները, պատռում և այրում էին դրանք։ Բացի այդ, սպանում էին բոլոր նրանց, ովքեր կարդում էին դրանք, որ ուժ ու մխիթարություն ստանան»։

      • Միջին դարեր։ Կաթոլիկ եկեղեցու որոշ առաջնորդների դուր չէր գալիս, որ իրենց ծխականները կաթոլիկական դավանանքը քարոզելու փոխարեն քարոզում էին այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Ուստի հերետիկոս էին հայտարարում ցանկացած մարդու, ով լատիներենով «Սաղմոսներ» գրքից բացի Աստվածաշնչի այլ գիրք էր ունենում։ Մի եկեղեցական խորհրդի ժամանակ որոշվեց, որ եկեղեցիների անդամներին կարգադրեն «ջանասիրաբար, հավատարմորեն և կանոնավոր կերպով փնտրել հերետիկոսների.... բոլոր այն տներում և ստորգետնյա խորշերում, որոնց հետ կապված անգամ չնչին կասկածներ կլինեն»։ Նաև որոշվեց, որ «այն տունը, որտեղ հերետիկոս գտնվի, պետք է ոչնչացվի»։

      Եթե Աստվածաշնչի թշնամիներին հաջողվեր վերացնել այն, դրանում եղած լուրը մեզ չէր հասնի։

      Մի էջ Վիլյամ Թինդալի անգլերեն Աստվածաշնչից

      Վիլյամ Թինդալի անգլերեն թարգմանությունը հասել է մինչև մեր օրերը՝ չնայած որ դրա վրա արգելք դրվեց, բազմաթիվ օրինակներ այրվեցին և հենց իրեն՝ Թինդալին, 1536 թ.-ին մահապատժի ենթարկեցին

      ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Անտիոքոս թագավորը իր ուշադրությունը կենտրոնացրել էր Իսրայելի վրա, բայց հրեաները համայնքներ ունեին բազմաթիվ այլ երկրներում։ Իրականում, ըստ գիտնականների հաշվարկների՝ մ. թ. առաջին դարում հրեաների ավելի քան 60 տոկոսը ապրում էր Իսրայելից դուրս։ Նրանք իրենց ժողովարաններում պահում էին աստվածաշնչյան գրքերի օրինակներ, որոնք օգտագործեցին նաև հետագա սերունդները, այդ թվում քրիստոնյաները (Գործեր 15։21)։

      Միջին դարերում Աստվածաշունչը սիրող մարդիկ, չնայած հալածանքին, շարունակում էին թարգմանել և արտագրել աստվածաշնչյան գրքերը։ Ակներևաբար, նախքան 15-րդ դարի կեսերը, երբ շարժական տառերով տպագրահաստոցի գյուտը դեռ չէր արվել, Աստվածաշնչի տարբեր հատվածներ հասանելի էին մոտ 33 լեզուներով։ Իսկ այդ գյուտից հետո Աստվածաշունչը սկսեց թարգմանվել և տարածվել աննախադեպ մասշտաբներով։

      ԱՐԴՅՈՒՆՔԸ։ Չնայած հզոր թագավորների և մոլորված հոգևորականների թշնամական վերաբերմունքին՝ Աստվածաշունչը միշտ եղել է ամենատարածված և ամենից շատ թարգմանված գիրքը։ Այս գիրքը ազդել է որոշ երկրների օրենքների, լեզվի, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա։

  • Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին
    2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
    • Աստվածաշունչ արտագրող

      Մասորեթները սուրբգրային տեքստերը արտագրում էին ամենայն զգուշությամբ

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

      Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին

      ՎՏԱՆԳԸ։ Չնայած քայքայման վտանգին ու թշնամական վերաբերմունքին՝ Աստվածաշունչը «փրկվեց» բառացի ոչնչացումից։ Սակայն որոշ գրագիրներ ու թարգմանիչներ փորձել են փոփոխել աստվածաշնչյան տեքստը և աղավաղել դրա իմաստը։ Երբեմն նրանք իրենց ուսմունքները Աստվածաշնչին համապատասխանեցնելու փոխարեն՝ փորձել են աստվածաշնչյան տեքստը համապատասխանեցնել իրենց ուսմունքներին։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

      • Երկրպագության վայր։ Մ. թ.ա չորրորդից երկրորդ դարերում «Սամարական Հնգամատյանը» կազմողները Ելք 20։17 համարից հետո ավելացրել են հետևյալ բառերը՝ «Գարիզին լեռան վրա։ Եվ այնտեղ դուք պետք է զոհասեղան կառուցեք»։ Այս խոսքերն ավելացնելով՝ սամարացիները ցանկանում էին այնպես անել, որ Գարիզին լեռան վրա տաճար կառուցելու համար սուրբգրային հիմք լիներ։

      • Երրորդության ուսմունքը։ Աստվածաշնչի գրվելուց մոտ 300 տարի անց Երրորդության ուսմունքն ընդունող մի գրագիր 1 Հովհաննես 5։7 համարի տեքստին ավելացրել է հետևյալ բառերը՝ «երկնքում. Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են»։ Այս խոսքերը չեն եղել բնագիր տեքստում։ Բայց, ինչպես նշում է աստվածաշնչագետ Բրյուս Մեցգերը, «վեցերորդ դարից հետո» այս խոսքերը «ավելի ու ավելի հաճախ էին հայտնվում հին լատիներեն թարգմանությունների և [լատիներեն] «Վուլգատայի» ձեռագրերում»։

      • Աստծու անունը։ Հիմնվելով մի հրեական կրոնական նախապաշարման վրա՝ Աստվածաշնչի շատ թարգմանիչներ որոշել են Աստծու անունը հանել այդ գրքից։ Նրանք այդ անունը փոխարինել են տարբեր տիտղոսներով, ինչպիսիք են՝ «Աստված» կամ «Տեր» տիտղոսները, որոնք Աստվածաշնչում գործածվում են ոչ միայն Արարչի առնչությամբ, այլ նաև մարդկանց, կեղծ երկրպագության առարկաների և անգամ Սատանայի (Հովհաննես 10։34, 35; 1 Կորնթացիներ 8։5, 6; 2 Կորնթացիներ 4։4)։a

      ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Նախ Աստվածաշունչը պահպանվեց շնորհիվ այն բանի, որ ի տարբերություն աստվածաշնչյան տեքստը արտագրող որոշ անփույթ ու անազնիվ գրագիրների՝ կային նաև ուրիշներ էլ, որ այդ գործում անչափ հմուտ էին և բծախնդիր։ Նրանցից էին մասորեթները, որոնք վեցից տասներորդ դարերում արտագրել են Եբրայերեն Գրությունները։ Նրանց արտագրած տեքստերը հայտնի են որպես մասորեթական տեքստեր։ Տեղեկությունների համաձայն՝ մասորեթները հաշվում էին բոլոր բառերն ու տառերը՝ հավաստիանալու համար, որ արտագրված տեքստում ոչ մի սխալ կամ բացթողում չկա։ Եթե նրանք կասկածում էին, որ հիմնական տեքստում, որից արտագրում էին, ինչ-որ սխալ կա, դրա վերաբերյալ նշումներ էին անում լուսանցքում։ Մասորեթները ոչ մի դեպքում չէին փոփոխում աստվածաշնչյան տեքստը։ Պրոֆեսոր Մոշե Գոշեն-Գոթշթեյնը նշում է. «Տեքստը դիտավորյալ փոփոխելը նրանց համար հավասարազոր էր սարսափելի հանցագործության»։

      Բացի այդ, մեզ են հասել ոչ թե մի քանի, այլ բազմաթիվ ձեռագրեր, ինչի շնորհիվ աստվածաշնչագետները կարողանում են հեշտությամբ գտնել սխալները։ Օրինակ՝ կրոնական առաջնորդները դարեր շարունակ սովորեցնում էին, թե իրենց լատիներեն թարգմանությունները արժանահավատ են և համապատասխանում են Աստվածաշնչի բնագիր տեքստին, մինչդեռ սխալ միտք էին ավելացրել 1 Հովհաննես 5։7 համարի տեքստին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Այդ սխալը նույնիսկ մտավ շատ հեղինակավոր թարգմանությունների, այդ թվում «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ։ Բայց երբ հայտնաբերվեցին այլ ձեռագրեր, դրանք շատ բան բացահայտեցին։ Բրյուս Մեցգերը գրում է. «Այս [1 Հովհաննես 5։7 համարի] հատվածը բացակայում է բոլոր հին թարգմանությունների (ասորերեն, ղպտիերեն, հայերեն, եթովպերեն, արաբերեն, սլավոներեն) ձեռագրերից, բացառությամբ լատիներենի»։ Այս բացահայտումից հետո «Ջեյմս թագավորի թարգմանության» վերանայված հրատարակությունների, ինչպես նաև այլ Աստվածաշնչերի միջից հանվեց ավելացված հատվածը։

      Չեստեր Բիատի P46՝ պապիրուսե աստվածաշնչյան ձեռագիր (մ. թ. մոտ 200 թ.)

      Չեստեր Բիատի P46՝ պապիրուսե աստվածաշնչյան ձեռագիր (մ. թ. մոտ 200 թ.)

      Իսկ հին ձեռագրերը փաստո՞ւմ են, որ Աստվածաշնչի բովանդակությունը մնացել է անփոփոխ։ Երբ 1947 թ.- ին հայտնաբերվեցին Մեռյալ ծովի ձեռագրերը, գիտնականները վերջապես հնարավորություն ունեցան եբրայերեն մասորեթական տեքստը համեմատելու դրանից ավելի քան հազար տարի առաջ գրված աստվածաշնչյան ձեռագրերի հետ։ Մեռյալ ծովի ձեռագրերն ուսումնասիրող գիտնականներից մեկը ասում է, որ մեկ ձեռագիրն էլ բավական է համոզվելու համար, որ ավելի քան հազար տարի շարունակ հրեա գրագիրները ամենայն զգուշությամբ և ճշգրտությամբ են արտագրել աստվածաշնչյան տեքստը։

      Չեստեր Բիատիի գրադարանում (Դուբլին, Իռլանդիա) կա պապիրուսների մի հավաքածու, որն ընդգրկում է Քրիստոնեական Հունարեն Գրությունների գրեթե բոլոր գրքերը։ Այդ հավաքածուի մեջ կան ձեռագրեր, որոնք գրվել են մ. թ. երկրորդ դարում՝ Աստվածաշնչի գրությունը ավարտվելուց ընդամենը մեկ դար հետո։ Աստվածաշնչյան մի բառարանում ասվում է. «Թեև պապիրուսները տեքստի հետ կապված բազմաթիվ նոր մանրամասներ են բացահայտում, բայց միևնույն ժամանակ դրանք ցույց են տալիս, որ աստվածաշնչյան տեքստը մեզ է փոխանցվել զարմանալի ճշգրտությամբ» (The Anchor Bible Dictionary)։

      «Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի փոխանցվել մինչև մեր օրերը»

      ԱՐԴՅՈՒՆՔԸ։ Աստվածաշնչյան բազմաթիվ հին ձեռագրերը ոչ միայն փաստել են, որ Աստվածաշնչի տեքստը չի աղավաղվել, այլև նպաստել են, որ այն ավելի ճշգրտվի։ Աստվածաշնչագետ Ֆրեդերիկ Քենյոնը Քրիստոնեական Հունարեն Գրությունների վերաբերյալ գրում է. «Ուրիշ ոչ մի հին գիրք չունի իր տեքստի վավերականությունը ապացուցող այդքան շատ ու այդքան հին փաստեր։ Եվ ոչ մի անկողմնակալ աստվածաշնչագետ չի ժխտի, որ մեզ հասած աստվածաշնչյան տեքստը հիմնականում մնացել է անեղծ»։ Իսկ Եբրայերեն Գրությունների վերաբերյալ աստվածաշնչագետ Ուիլյամ Հենրի Գրինը նշել է. «Վստահությամբ կարող ենք ասել, որ ուրիշ ոչ մի հին աշխատություն այդքան ճշգրտությամբ չի փոխանցվել մինչև մեր օրերը»։

      a Ավելի շատ տեղեկությունների համար տես «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց» գրքույկը (էջ 1–13)։ Գրքույկը առկա է www.pr418.com/hy կայքում։

  • Ինչու է Աստվածաշունչը պահպանվել
    2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
    • Մի մարդ Աստվածաշունչ է կարդում

      ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

      Ինչու է Աստվածաշունչը պահպանվել

      Այսօր Աստվածաշունչը հասանելի է բոլորին։ Եվ եթե ընտրեք Սուրբ Գրքի լավ թարգմանություն, կարող եք համոզված լինել, որ ձեր ձեռքում բնագիր տեքստերի վստահելի կրկնօրինակն է։a Չէ՞ որ Աստվածաշունչը, չնայած քայքայվելու վտանգին, խիստ թշնամական վերաբերմունքին և տեքստը խեղաթյուրելու փորձերին, ճշգրտորեն պահպանվել է ու հասել մեզ, ընդ որում հաճախ շատ զարմանալի կերպերով։ Բայց ինչո՞ւ է այն պահպանվել և ինչո՞վ է այս գիրքը յուրահատուկ։

      «Այժմ համոզված եմ, որ իմ ունեցած Աստվածաշունչը նվեր է Աստծուց»

      Աստվածաշնչի բազում ուսումնասիրողներ եկել են այն նույն եզրահանգման, ինչ Պողոս առաքյալը, որը գրեց. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Նրանք հավատում են, որ Աստվածաշունչը պահպանվել է, քանի որ այն Աստծու Խոսքն է, և Աստված է հոգ տարել, որ այն հասնի մինչև մեր օրերը։ Ֆայզելը, ում մասին նշվեց այս հոդվածաշարի առաջին հոդվածում, ի վերջո որոշեց ինքնուրույն համոզվել դրանում՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Այն, ինչ նա սովորեց Աստծու Խոսքից, զարմացրեց նրան։ Նա իմացավ, որ քրիստոնեական աշխարհում լայն տարածում գտած շատ ուսմունքներ չկան Աստվածաշնչում։ Նա նաև տպավորվեց՝ իմանալով երկրի հետ կապված Աստծու նպատակը։

      Ֆայզելն ասում է. «Այժմ համոզված եմ, որ իմ ունեցած Աստվածաշունչը նվեր է Աստծուց։ Վերջիվերջո, մի՞թե Աստված, ով ստեղծել է տիեզերքը, չէր կարող մեզ համար մի գիրք գրել տալ և այնպես անել, որ այն պահպանվի։ Եթե մտածենք, որ չէր կարող, կնշանակի՝ թերագնահատում ենք Աստծու զորությունը։ Բայց ո՞վ եմ ես, որ թերագնահատեմ Ամենակարողի զորությունը» (Եսայիա 40։8)։

      a Տես «Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. մայիսի 1-ի համարում։

      Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է

      Այս հոդվածաշարում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչը պահպանվել։ Բայց ինչո՞ւ կարող եք համոզված լինել, որ Աստվածաշունչը իրոք «Աստծու խոսքն» է (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ www.pr418.com կայքում դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» կարճ տեսանյութը (տես ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ բաժինը)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը