-
Ի՞նչն է շատերին խանգարում սիրել Աստծուն2013 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ
Ի՞նչն է շատերին խանգարում սիրել Աստծուն
««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը» (Հիսուս Քրիստոս, մ.թ. 33թ.)a։
Որոշ մարդիկ դժվարանում են սիրել Աստծուն։ Նրանց համար Աստված անըմբռնելի է, անհասանելի և նույնիսկ դաժան։ Տեսնենք, թե ինչ են ասում ոմանք։
«Ես աղոթում էի Աստծուն, որ օգնի ինձ, բայց միևնույն ժամանակ կարծում էի, թե նա հեռու է, անհասանելի։ Ինձ համար Աստված աբստրակտ հասկացություն էր, ոչ թե անձնավորություն» (Մարկո, Իտալիա)։
«Սրտանց ուզում էի ծառայել Աստծուն, բայց նա շատ հեռու էր թվում։ Մտածում էի, որ նա դաժան է և միայն պատժում է մեզ։ Չէի հավատում, որ Աստված կարող է ջերմ զգացմունքներ ունենալ» (Ռոսա, Գվատեմալա)։
«Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե Աստված մեր մեջ սխալներ է փնտրում, որ պատժի։ Հետո սկսեցի մտածել, որ նա անտարբեր է։ Ինձ համար Աստված նման էր մի նախագահի, որը ղեկավարում է մարդկանց, բայց իրականում հետաքրքրված չէ նրանցով» (Ռեյմոնդ, Կանադա)։
Իսկ դո՞ւ ինչ ես կարծում, դաժա՞ն է Աստված։ Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է այս հարցը։ Օրինակ՝ միջնադարում շատերը նույնիսկ չեն աղոթել Ամենակարող Աստծուն։ Ինչո՞ւ։ Նրանք հիվանդագին վախ են զգացել նրա հանդեպ։ Պատմաբան Ուիլ Դյուրանտը մեկնաբանում է. «Ինչպե՞ս կարող էր մեղավոր մարդը հանդգնել աղոթել մեկին, ով ահազդու է ու անհասանելի՝ նստած բարձր գահին»։
Ինչո՞ւ են մարդիկ Աստծուն «ահազդու և անհասանելի» համարում։ Ի՞նչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը Աստծու մասին։ Կարո՞ղ է նրա մասին ճշմարտությունն իմանալը օգնել սիրելու նրան։
-
-
Սուտ. Աստված անուն չունի2013 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ
Սուտ. Աստված անուն չունի
ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ։
«Մենք համաձայնության չենք եկել, թե արդյոք կարող ենք հարցնել՝ Աստված անուն ունի, թե ոչ, և եթե կարող ենք, ի՞նչ է այն» (աստվածաբան Դեյվիդ Քանինգհեմ, Theological Studies)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Եսայիա 42։8-ում կարդում ենք Աստծու խոսքերը. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը»։ «Եհովա»-ն եբրայական անուն է, որը նշանակում է «նա դարձնում է» (Ծննդոց 2։4, ծնթ.)։
Աստված ցանկանում է, որ մենք գործածենք իր անունը։ Աստվածաշնչում գրված է. «Կանչեք նրա անունը, ժողովուրդների մեջ իմացրեք նրա գործերը։ Հայտնեք, որ բարձր է նրա անունը» (Եսայիա 12։4)։
Հիսուսը գործածում էր Աստծու անունը։ Իր Հորն աղոթելիս նա ասաց. «Ես ճանաչեցրի նրանց [աշակերտներին] քո անունը ու պիտի ճանաչեցնեմ»։ Ինչո՞ւ Հիսուսը պետք է ճանաչեցներ Աստծու անունը իր աշակերտներին։ Կարդում ենք. «Որպեսզի այն սերը, որով դու [Աստված] ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհաննես 17։26)։
ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ։
«Նա, ով չգիտի Աստծու անունը, չի ճանաչում նրան որպես անձնավորության և, եթե նրա համար Աստված անդեմ ուժ է, չի կարող սիրել նրան»,— գրում է աստվածաբան Ուոլտեր Լաուրինը։
Աստծու անունը թաքցնելը կամ տիտղոսով փոխարինելը նման է գրքի միջից այն կտրել հանելուն
Վիկտոր անունով մի մարդ ամեն շաբաթ եկեղեցի էր գնում, սակայն, ինչպես ինքն է ասում, իրականում չէր ճանաչում Աստծուն։ Նա պատմում է. «Երբ իմացա, որ Աստծու անունը Եհովա է, ասես ծանոթացա նրա հետ։ Կարծես հանդիպեցի մեկին, ում մասին շատ էի լսել։ Նա ինձ համար դարձավ իրական անձնավորություն, և ես մտերիմ փոխհարաբերություններ զարգացրի նրա հետ»։
Եհովան մտերմանում է այն մարդկանց հետ, ովքեր գործածում են իր անունը։ «Իր անվան շուրջ խորհրդածողներին» նա խոստանում է. «Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ մարդն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է նրան» (Մաղաքիա 3։16, 17)։ Աստված նաև վարձատրում է իր անունը կանչողներին։ Աստվածաշնչում գրված է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հռոմեացիներ 10։13)։
-
-
Սուտ. Աստված խորհրդավոր է2013 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ
Սուտ. Աստված խորհրդավոր է
ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ։
Քրիստոնեական «երեք հիմնական ճյուղերը՝ կաթոլիկությունը, արևելյան ուղղափառությունը և բողոքականությունը, սովորեցնում են, որ Աստված եռանձնյա է՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։ Համաձայն քրիստոնեական աստվածաբանության՝ դրանք ոչ թե երեք առանձին աստվածներ են, այլ երեքը մեկ աստված են» (The New Encyclopædia Britannica)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Հիսուսը՝ Աստծու Որդին, երբեք չասաց, թե հավասար է իր Հորը կամ էլ որ նրանք միևնույն անձնավորությունն են։ Փոխարենը՝ հետևյալն ասաց. «Ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14։28)։ Հիսուսը նաև իր աշակերտներից մեկին ասաց. «Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ» (Հովհաննես 20։17)։
Սուրբ Հոգին, կամ՝ ոգին, անձ չէ։ Առաջին դարի քրիստոնյաները «սուրբ ոգով լցվեցին»։ Եհովան ասել էր. «Ես իմ ոգուց կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա» (Գործեր 2։1–4, 17)։ Սուրբ ոգին Երրորդության մաս չէ, այն Աստծու գործուն ուժն է։
ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ։
Երրորդությունը, ինչպես բացատրում են աստվածաբաններ Կարլ Ռահները և Հերբերտ Ֆորգրիմլերը, «հնարավոր չէ հասկանալ առանց հայտնության, և նույնիսկ հայտնությունից հետո այն չենք կարող լիովին ըմբռնել»։ Կարո՞ղ ես անկեղծորեն սիրել մեկին, ում հնարավոր չէ ճանաչել կամ հասկանալ։ Երրորդության մասին ուսմունքը խանգարում է ճանաչել ու սիրել Աստծուն։
Մարկոն, որի մասին խոսվեց նախորդ հոդվածներից մեկում, հասկանում էր, որ Երրորդության գաղափարը խանգարում է ճանաչել Աստծուն։ Նա ասում է. «Կարծում էի, որ Աստված թաքցնում է, թե ով է ինքը, և դա նրան ավելի հեռու, խորհրդավոր ու անմատչելի էր դարձնում»։ Սակայն Աստծու Խոսքում գրված է, որ Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Նա մարդկանցից չի թաքցնում իր ով լինելը։ Աստված ցանկանում է, որ մենք ճանաչենք իրեն։ Հիսուսն ասաց. «Մենք երկրպագում ենք նրան, ում ճանաչում ենք» (Հովհաննես 4։22)։
«Երբ ես իմացա, որ Աստված Երրորդության մաս չէ, կարողացա նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատել»,— ասում է Մարկոն։ Եթե Եհովան մեզ համար իրական Անձնավորություն լինի, ոչ թե խորհրդավոր էակ, դժվար չի լինի սիրել նրան։ Աստվածաշնչում գրված է. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։
-
-
Սուտ. Աստված դաժան է2013 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ
Սուտ. Աստված դաժան է
ԻՆՉԻՆ ԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՏԵՐԸ։
«Մահից հետո այն մարդկանց հոգիները, որոնք մահվան արժանի մեղք են գործել, ընկնում են դժոխք՝ տառապելու հավիտենական կրակների մեջ» (Catechism of the Catholic Church)։ Որոշ կրոնական առաջնորդներ ասում են, որ դժոխքը Աստծուց լիովին մեկուսացած վիճակ է։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
«Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։4)։ «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Եթե հոգին մահանում է և ոչ մի բան չի գիտակցում, ինչպե՞ս կարող է տանջվել «հավիտենական կրակներում» կամ հասկանալ, որ Աստծուց մեկուսացած է։
Աստվածաշնչում եբրայերեն և հունարեն բառերը, որոնք հաճախ դժոխք են թարգմանվել, իրականում վերաբերում են մարդկության համընդհանուր գերեզմանին։ Օրինակ՝ երբ Հոբը սարսափելի հիվանդության պատճառով տառապում էր, աղոթեց. «Օ՜, եթե միայն գերեզմանում [«դժոխքում», «Արարատ» թարգմանություն] ինձ ծածկեիր» (Հոբ 14։13)։ Հոբը ոչ թե ցանկանում էր լինել տանջանքի վայրում կամ Աստծուց մեկուսացած, այլ գերեզմանում։
ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ։
Այն միտքը, թե Աստված մարդկանց տանջում է հավիտենական կրակներում, չի մտերմացնում մեզ իր հետ, ընդհակառակը՝ վանում է։ Ռոսիոն, որը ապրում է Մեքսիկայում, պատմում է. «Փոքրուց ինձ սովորեցրել են դժոխքի մասին ուսմունքը։ Ես սարսափում էի Աստծուց ու մտածում էի, թե նա ոչ մի լավ հատկություն չունի։ Իմ պատկերացմամբ՝ նա զայրացկոտ ու անհանդուրժող էր»։
Սակայն Ռոսիոյի տեսակետը փոխվեց, երբ իմացավ, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծու դատաստանների և մահացածների վիճակի մասին։ Նա ասում է. «Ես թեթևություն զգացի. ասես մի մեծ բեռ ընկավ իմ վրայից։ Հասկացա, որ Աստված լավագույնն է ցանկանում մեզ համար, սիրում է մեզ, և ես էլ կարող եմ սիրել նրան։ Նա Հայր է, ով միայն բարիք է ցանկանում իր երեխաներին և ամուր բռնում է նրանց ձեռքից» (Եսայիա 41։13)։
Շատերը, դժոխքի կրակներից վախենալով, կրոնասեր են դառնում։ Սակայն Աստված չի ցանկանում, որ մարդիկ վախից մղված ծառայեն իրեն։ Հիսուսն ասել է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային» (Մարկոս 12։29, 30)։ Երբ մենք հասկանում ենք, որ Աստված անարդարությամբ չի վարվում, վստահությամբ ենք լցվում նաև նրա ապագա դատաստանների հանդեպ։ Հոբի ընկերոջ՝ Եղիուսի պես՝ մենք էլ կարող ենք համոզվածությամբ ասել. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։
-
-
Ճշմարտությունը կարող է ազատել քեզ2013 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՍՏԵՐ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՑ
Ճշմարտությունը կարող է քեզ ազատել
Մի օր Երուսաղեմում Հիսուսը խոսում էր Հոր՝ Եհովայի մասին՝ քողազերծելով իր օրերի կեղծ կրոնական առաջնորդներին (Հովհաննես 8։12–30)։ Այն, ինչ նա ասաց այդ ժամանակ, օգնում է մեզ իմանալու, թե ինչպես կարող ենք քննել՝ արդյոք Աստծու մասին տարածված հավատալիքները ճշմարիտ են, թե ոչ։ Հիսուսն ասաց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32)։
«Միշտ պահեք իմ խոսքը»։ Հիսուսի այս խոսքերը օգնում են մեզ կողմնորոշվելու, թե որ կրոնական ուսմունքներն են ճշմարիտ։ Երբ որևէ բան ես լսում Աստծու մասին, կարող ես հարցնել ինքդ քեզ. «Սա ներդաշնա՞կ է Հիսուսի խոսքերին և Աստվածաշնչին»։ Ընդօրինակիր նրանց, ովքեր լսում էին Պողոս առաքյալին և «ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (Գործեր 17։11)։
Մարկոն, Ռոսան և Ռեյմոնդը, որոնց մասին խոսվեց առաջին հոդվածում, Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելով, ուշադրությամբ քննեցին իրենց հավատալիքները։ Ի՞նչ եղավ արդյունքում։
Մարկո. «Ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը իմ ու կնոջս հարցերին պատասխանում էր Սուրբ Գրքից։ Եհովայի նկատմամբ մեր սերը սկսեց աճել, և մենք՝ որպես ամուսիններ, ավելի մտերմացանք»։
Ռոսա. «Սկզբում մտածում էի, որ Աստվածաշունչը փիլիսոփայական գիրք է, որտեղ Աստված ներկայացվում է մարդկային տրամաբանությամբ։ Ժամանակի ընթացքում, սակայն, ես այնտեղ գտա իմ հարցերի պատասխանները։ Այսօր Եհովան իրական է ինձ համար։ Նա Մեկն է, ում կարող եմ վստահել»։
Ռեյմոնդ. «Աղոթում էի Աստծուն, որ օգնի ինձ ճանաչելու իրեն։ Շուտով ես ու ամուսինս սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ի վերջո մենք իմացանք ճշմարտությունը Եհովայի մասին։ Որքա՜ն ուրախ էինք, երբ հասկացանք, թե ինչպիսին է Աստված իրականում»։
Աստվածաշունչը Աստծու մասին կեղծ ուսմունքները քողազերծելուց ավելին է անում. հայտնում է ճշմարտությունը նրա գրավիչ հատկությունների մասին։ Այն Աստծու ներշնչյալ Խոսքն է, որն օգնում է մեզ «իմանալու Աստծու կողմից մեզ շնորհված բաները» (1 Կորնթացիներ 2։12)։ Դու կարող ես ինքդ համոզվել, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը Աստծու, նրա նպատակների և մեր ապագայի մասին։ Որոշ հարցերի պատասխաններ հնարավոր է գտնել www.pr418.com վեբ կայքի Աստվածաշնչյան ուսմունքներ > Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ բաժնում։ Վստահ ենք, որ այս ամենը կօգնի քեզ սիրելու Աստծուն։
-