Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Բոլո՞ր «քրիստոնյաներն» են քրիստոնյա
    2012 Դիտարան | մարտ 1
    • Բոլո՞ր «քրիստոնյաներն» են քրիստոնյա

      ՔԱՆԻ՞ քրիստոնյա կա աշխարհում։ Համաձայն «Գլոբալ քրիստոնեության ատլասի»՝ 2010​թ.-ին ամբողջ աշխարհում կար մոտ 2,3 միլիարդ քրիստոնյա։ Սակայն այդ նույն հրատարակության մեջ նաև ասվում էր, որ քրիստոնյաները պատկանում են ավելի քան 41000 առանձին ուղղությունների, որոնցից յուրաքանչյուրը իր ուսմունքներն ու կանոնակարգված բարքերն ունի։ Զարմանալի չէ, որ շատերը շփոթվում և նույնիսկ տարակուսանքի մեջ են ընկնում՝ տեսնելով «քրիստոնեական» կոչվող կրոնների բազմազանությունը։ Նրանք գուցե մտածում են. «Արդյոք բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են, իսկապե՞ս քրիստոնյա են»։

      Եկեք հարցին մեկ այլ տեսանկյունից նայենք։ Օրինակ՝ որպես կանոն՝ ճանապարհորդը որևէ երկիր մտնելուց առաջ սահմանի մոտ պետք է ոչ միայն ասի, թե որ երկրի քաղաքացի է, այլև ներկայացնի անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ՝ անձնագիր։ Նմանապես, ճշմարիտ քրիստոնյան ոչ միայն պետք է ասի, որ հավատում է Քրիստոսին, այլև փաստի իր ինքնությունը։ Ինչպե՞ս։

      «Քրիստոնյա» բառն առաջին անգամ գործածվեց մ.թ. 44-ից հետո։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Ղուկասը, պատմում է. «Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին» (Գործեր 11։26)։ Ուշադրություն դարձրու, որ նրանք, ովքեր քրիստոնյաներ անվանվեցին, Քրիստոսի աշակերտներ էին։ Իսկ ինչի՞ հիման վրա է մարդը համարվում Հիսուս Քրիստոսի աշակերտ։ «Նոր Կտակարանի աստվածաբանության նոր միջազգային բառարանը» բացատրում է. «Հետևել Հիսուսին որպես նրա աշակերտ, նշանակում է անվերապահորեն անձնազոհ կյանքով ապրել» (The New International Dictionary of New Testament Theology)։ Հետևաբար ճշմարիտ քրիստոնյան նա է, ով անվերապահորեն և լիովին հետևում է Հիսուսի՝ քրիստոնեության Հիմնադրի ուսմունքներին և կատարում է այն ամենը, ինչ պատվիրել է նա։

      Իսկ հնարավո՞ր է այսօր գտնել ճշմարիտ քրիստոնյաներին այն բազմաթիվ մարդկանց մեջ, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ ինչպե՞ս էին բնորոշվելու իր հետևորդները։ Առաջարկում ենք միասին քննել, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում այս երկու հարցերին։ Հաջորդ հոդվածներում կքննենք Հիսուսի այն խոսքերը, որոնք կօգնեն բնորոշելու ճշմարիտ քրիստոնյաներին հինգ նշանների միջոցով։ Կտեսնենք նաև, թե ինչպես առաջին դարի քրիստոնյաները դրսևորեցին այդ նշանները։ Նաև կփորձենք պարզել, թե այսօր քրիստոնեություն դավանողներից ովքեր են «փաստում իրենց ինքնությունը»։

  • «Պահեք իմ խոսքը»
    2012 Դիտարան | մարտ 1
    • «Պահեք իմ խոսքը»

      «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 8։31, 32)

      Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հիսուսի «խոսքը» իր ուսմունքներն են, որոնք գալիս են վերին աղբյուրից։ «Ինձ ուղարկող Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 12։49)։ Իր երկնային Հորը՝ Եհովա Աստծուն ուղղված աղոթքում նա ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է»։ Նա հաճախ էր մեջբերում Աստծու խոսքը՝ իր ուսմունքները հիմնավորելու համար (Հովհաննես 17։17; Մատթեոս 4։4, 7, 10)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները «պահում են նրա խոսքը», այսինքն՝ ընդունում են Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, որպես «ճշմարտություն» և Սուրբ Գիրքը համարում են իրենց հավատալիքների ու սովորույթների հիմքը։

      Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Պողոս առաքյալը խոր հարգանք ուներ Աստծու Խոսքի հանդեպ, ինչպես Հիսուսը։ Նա գրեց. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16)։ Տղամարդիկ, որոնք նշանակված էին կրթելու իրենց հավատակիցներին, պետք է «ամուր բռնեին հավատարիմ ու վստահելի Աստծու Խոսքը» (Տիտոս 1։7, 9; The Amplified Bible)։ Վաղ քրիստոնյաներին հորդոր էր տրվում մերժել փիլիսոփայությունն ու դատարկ խաբեությունը, քանի որ «սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կողոսացիներ 2։8)։

      Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Համաձայն Վատիկանի Աստվածային հայտնության դավանաբանության սահմանադրության, որն ընդունվել է 1965-ին և մեջբերվել է կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսում՝ «միայն Սուրբ Գրքից չէ, որ [կաթոլիկ] եկեղեցին հավաստիանում է այն ամենում, ինչը հայտնություն է եղել։ Ուստի թե՛ սուրբ ավանդույթները և թե՛ Սուրբ Գիրքը պետք է ընդունվեն և խորապես հարգվեն միևնույն նվիրվածությամբ և ակնածանքով» (Dogmatic Constitution on Divine Revelation; Catechism of the Catholic Church)։ Մի պարբերագրում (Maclean’s) մեջբերվում էր Կանադայի՝ Տորոնտոյի քահանաներից մեկի խոսքերը. «Մի՞թե մենք կարիք ունենք, որ մեզ առաջնորդի «հեղափոխական» մի ձայն, որը երկու հազար տարվա հնություն ունի։ Մենք մեր հիանալի գաղափարներն ունենք, որոնք անընդհատ թուլանում են, քանի որ ստիպված ենք կապել դրանք Հիսուսի ու Աստվածաշնչի հետ»։

      Եհովայի վկաների մասին «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» գրված է. «Նրանք Աստվածաշունչը համարում են իրենց հավատալիքների և կանոնակարգված բարքերի միակ աղբյուրը» (New Catholic Encyclopedia)։ Վերջերս Կանադայից մի տղամարդ ընդհատեց Եհովայի վկաներից մեկին, երբ վերջինս ուզում էր ներկայանալ։ «Ես գլխի ընկա, թե ով եք դուք,— ասաց նա և մատնացույց անելով նրա Աստվածաշունչը՝ ավելացրեց,— ձեր ձեռագիրը միշտ նույնն է»։

  • «Աշխարհի մի մասը չեն»
    2012 Դիտարան | մարտ 1
    • «Աշխարհի մի մասը չեն»

      «Աշխարհը ատեց նրանց, որովհետև նրանք աշխարհի մի մասը չեն» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։14)

      Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Չլինելով աշխարհի մի մասը՝ Հիսուսը չեզոք դիրք էր բռնում իր օրերի հասարակական և քաղաքական ընդհարումների ժամանակ։ «Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ,— բացատրեց նա,— իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36)։ Հիսուսը նաև հորդորեց իր հետևորդներին չունենալ այնպիսի վերաբերմունք, խոսելաձև և վարք, որոնք դատապարտվում են Աստծու Խոսքում (Մատթեոս 20։25–27)։

      Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Ըստ կրոնագետ Ջոնաթան Դայմոնդի՝ վաղ քրիստոնյաները «հրաժարվում էին [պատերազմի] մասնակցելուց, ինչպիսին էլ լինեին հետևանքները՝ նախատինք, բանտարկություն կամ մահ»։ Նրանք նախընտրում էին տառապանքներ կրել, քան փոխզիջման գնալ չեզոքության հարցում։ Քրիստոնյաները տարբերվում էին նաև իրենց բարոյական չափանիշներով։ Նրանց ասվել էր. «Քանի որ դուք չեք շարունակում նրանց հետ վազել ցոփության նույն ճահճի մեջ, նրանք տարակուսանքի մեջ են ու ձեր մասին վիրավորական խոսքերով են արտահայտվում» (1 Պետրոս 4։4)։ Պատմաբան Ուիլ Դյուրանտը գրեց, որ քրիստոնյաները «իրենց բարեպաշտությամբ և պարկեշտությամբ գրգռում էին հաճույքների տենչացող հեթանոսական աշխարհի զայրույթը»։

      Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Քրիստոնեական չեզոքության մասին «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» ասում է. «Համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը բարոյական առումով աններելի է» (New Catholic Encyclopedia)։ «Ռեֆորմիեռտե պրեսսը» նշում է, որ մարդու իրավունքները պաշտպանող «Աֆրիկացիների իրավունքներ» կազմակերպության հաշվետվություններից մեկը հաստատում է, որ 1994 թ.-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը մասնակցել են բոլոր եկեղեցիները, «բացի Եհովայի վկաներից»։

      Խոսելով նացիստական Հոլոքոստի մասին՝ ավագ դպրոցի մի ուսուցիչ ցավով նշեց, որ «ոչ մի խումբ կամ կազմակերպություն չէր դատապարտել մասսայական ստերը, դաժանություններն ու գազանային խոշտանգումները»։ Սակայն Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանից որոշ տեղեկություններ ստանալուց հետո նա գրեց. «Հիմա ես ստացա իմ պատասխանը»։ Նա իմացավ, որ Եհովայի վկաները կառչած են մնացել իրենց համոզմունքներից՝ չնայած այն բանին, որ դաժան վերաբերմունքի են արժանացել։

      Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց բարոյական չափանիշների մասին։ «Այսօրվա կաթոլիկ երիտասարդների մեծ մասը համաձայն չէ կենակցության [և] մինչամուսնական սեքսի վերաբերյալ եկեղեցու ուսմունքների հետ»,— ասում է մի կաթոլիկական պարբերագիր (U.S. Catholic)։ Այն մեջբերում է մի եկեղեցու սարկավագի խոսքերը. «Զույգերի մեծ մասը, ես կասեի՝ ճնշող մեծամասնությունը, ամուսնանալուց առաջ արդեն ապրում են միասին»։ «Նոր բրիտանական հանրագիտարանը» նշում է, որ Եհովայի վկաները «իրենց վարքով ցույց են տալիս, որ ամուր կառչած են բարոյական բարձր չափանիշներին» (New Encyclopædia Britannica)։

  • «Սիրեք իրար»
    2012 Դիտարան | մարտ 1
    • «Սիրեք իրար»

      «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 13։34, 35)

      Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Քրիստոսը պատվիրեց իր հետևորդներին, որ սիրեն իրար այնպես, ինչպես ինքը սիրեց նրանց։ Իսկ ինչպե՞ս նա սիրեց։ Հիսուսի սերը վեր էր իր օրերում տիրող ազգային խտրականությունից և կանանց հանդեպ տարածված վատ վերաբերմունքից (Հովհաննես 4։7–10)։ Սերը մղեց նրան ուրիշներին օգնելու համար տրամադրել իր ժամանակը, ուժերը և նույնիսկ զոհել իր հանգիստը (Մարկոս 6։30–34)։ Եվ վերջապես Քրիստոսը սեր դրսևորեց գերագույն կերպով։ «Ես եմ բարի հովիվը,— ասաց նա,— բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար» (Հովհաննես 10։11)։

      Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Առաջին դարում քրիստոնյաներն իրար «քույր» և «եղբայր» էին կոչում (Փիլիմոն 1, 2)։ Բոլոր ազգերից մարդկանց ջերմորեն ընդունում էին քրիստոնեական ժողով, քանի որ նրանք հավատում էին, որ «ոչ մի խտրություն չկա հրեայի և հույնի միջև, որովհետև Տերը մեկն է ամենքի համար» (Հռոմեացիներ 10։11, 12)։ 33թ. Պենտեկոստեից հետո Երուսաղեմի աշակերտները նույնիսկ «վաճառում էին իրենց կալվածքները և ունեցվածքը»։ Ինչո՞ւ էին այդպես վարվում։ Նրանց նպատակն էր հավաքված գումարով հոգալ նոր մկրտվածների կարիքները, որպեսզի վերջիններս մնան Երուսաղեմում և շարունակեն «սովորել առաքյալներից» (Գործեր 2։41–45)։ Ի՞նչն էր մղում նրանց այսպիսի քայլերի։ Առաքյալների մահից մոտ 200 տարի հետո Տերտուլիանոսը մեջբերեց այն խոսքերը, որ ասում էին քրիստոնյաների մասին. «Ինչպե՜ս էին նրանք սիրում միմյանց.... պատրաստ էին նույնիսկ մահանալու իրար համար»։

      Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Մի գրքում նշվում էր, որ դարեր շարունակ նրանք, ովքեր պնդում էին, թե քրիստոնյաներ են, «մոլեռանդ հեթանոսներից [անհավատներից] ավելի դաժանորեն են վերաբերվել իրար» (The History of the Decline and Fall of the Roman Empire, 1837)։ Միացյալ Նահանգներում վերջերս անցկացված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ կրոնասեր մարդիկ, որոնցից շատերը իրենց քրիստոնյաներ են համարում, նույնպես ռասայական խտրականություն են դնում։ Մի երկրում ապրող հավատացյալները, որոնք եկեղեցի են գնում, հաճախ ոչ մի առնչություն չունեն ուրիշ երկրում ապրող իրենց հավատակիցների հետ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտության դեպքում նրանք օգնության ձեռք չեն մեկնում և ոչ էլ մղված են այդպես վարվելու։

      2004​թ.-ին, երբ Ֆլորիդայում երկու ամսվա ընթացքում չորս փոթորիկ եղավ, նահանգի արտակարգ իրավիճակների վարչության նախագահը ստուգում անցկացրեց վստահ լինելու համար, որ իրենց տրամադրած օգնությունը պատշաճ կերպով է օգտագործվել։ Նա ասաց, որ ոչ մի ուրիշ խումբ այնպես կազմակերպված չի գործել, ինչպես Եհովայի վկաները, և առաջարկեց Վկաների միջոցով տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն։ Դրանից առաջ՝ 1997-ին, Եհովայի վկաների օգնության խումբը դեղորայքով, սննդով և հագուստով ճանապարհ ընկավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ աջակցելու օգնության կարիք ունեցող իրենց քրիստոնյա եղբայրներին և ուրիշներին։ Իսկ Եվրոպայում ապրող Վկաները ընդհանուր հաշվով մեկ միլիոն դոլարի օգնություն տրամադրեցին։

  • «Քո անունը հայտնի դարձրի»
    2012 Դիտարան | մարտ 1
    • «Քո անունը հայտնի դարձրի»

      «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ.... Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։6, 26)

      Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հիսուսը հայտնի դարձրեց Աստծու անունը՝ գործածելով այն ծառայության ժամանակ։ Նա, անկասկած, արտասանում էր Աստծու անունը, երբ բարձրաձայն կարդում էր Սուրբ Գրքից, մի բան, որ հաճախ էր անում (Ղուկաս 4։16–21)։ Հիսուսը նաև սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը» (Ղուկաս 11։2)։

      Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Պետրոս առաքյալը ասաց Երուսաղեմի երեցներին, որ Աստված ազգերից պիտի «մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործեր 15։14)։ Առաքյալները և ուրիշներ քարոզում էին, որ «ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Գործեր 2։21; Հռոմեացիներ 10։13)։ Նրանք նաև գործածում էին Աստծու անունը իրենց թղթերում։ «Տոսեֆթան», որը հրեական օրենքների գրավոր հավաքածու է և ամբողջացվել է մոտավորապես մ.թ. 300-ին, հետևյալն է ասում այն մասին, թե ինչպես են հակառակորդները ոչնչացրել քրիստոնեական գրությունները. «Նրանք կրակից չպաշտպանեցին ավետարանիչների և մինիմների [հավանաբար հրեա քրիստոնյաների] գրքերը։ Նրանք թույլ տվեցին, որ տեղում այրվեն.... դրանք և դրանց մեջ գրված Աստծու Անունը»։

      Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդի կողմից հաստատված Աստվածաշնչի անգլերեն մի թարգմանության նախաբանում ասվում է. «Մեկ և միակ Աստծու համար որևէ անձնանուն գործածելու սովորությունը, ասես թե կային ուրիշ աստվածներ, որոնցից նա պետք է տարբերվեր, դադարեցվեց հուդայականության մեջ նախքան քրիստոնեության դարաշրջանը և ամենևին հարիր չէ քրիստոնեական եկեղեցու համընդհանուր հավատին» (Revised Standard Version)։ Այդպիսով՝ Աստծու անունը փոխարինվեց «ՏԵՐ» տիտղոսով։ Վերջերս Վատիկանը իր եպիսկոպոսներին հրահանգ տվեց. «Աստծու անվան քառագիրը՝ ՅՀՎՀ-նa, չպետք է օգտագործվի և արտասանվի երգերում ու աղոթքներում»։

      Ովքե՞ր են այսօր գործածում և հայտնի դարձնում Աստծու անունը։ Երբ Ղրղըզստանում ապրող Սերգեյը մոտ 15 տարեկան էր, մի ֆիլմ դիտեց, որում ասվում էր, որ Աստծու անունը Եհովա է։ Գրեթե տասը տարի նա այլևս չլսեց Աստծու անվան մասին։ Հետագայում, երբ տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, երկու Եհովայի վկա այցելեցին նրան և ցույց տվեցին Աստծու անունն Աստվածաշնչում։ Սերգեյին անչափ տպավորել էր այն, որ կան մի խումբ մարդիկ, որոնք գործածում են Եհովա անունը։ Հետաքրքրական է, որ Վեբսթերի երրորդ նոր միջազգային բառարանում «Եհովա Աստված» արտահայտության տակ գրված է. «Գերագույն ճանաչված աստվածություն, և միակ աստվածությունը, որին երկրպագում են Եհովայի վկաները» (Webster’s Third New International Dictionary)։

      [ծանոթագրություն]

      a Հայերենում Աստծու անունն ընդունված է արտասանել «Եհովա»։

  • «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի»
    2012 Դիտարան | մարտ 1
    • «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի»

      «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)

      Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Ավետարանագիր Ղուկասը գրում էր, որ Հիսուսը «շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկաս 8։1)։ Հիսուսն ինքն էլ ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)։ Նա ուղարկեց իր աշակերտներին քարոզելու բարի լուրը քաղաքներում և գյուղերում, իսկ հետո պատվիրեց. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8; Ղուկաս 10։1)։

      Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Հիսուսի աշակերտները ժամանակ չկորցրին և անմիջապես արեցին այն, ինչ ասաց նա։ «Ամեն օր տաճարում և տնից տուն առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել» (Գործեր 5։42)։ Քարոզում էին բոլոր քրիստոնյաները և ոչ թե միմիայն առանձնաշնորհյալ խմբի պատկանողները։ Պատմաբան Նեանդերը ասում է, որ «Ցելսոսը, որն առաջինն էր, ով քրիստոնյաների դեմ խոսքեր գրեց, ծաղրանքով է նշում այն փաստը, որ բուրդ գզողները, կոշկակարները, թաղիքագործները, ամենաանգրագետ ու հասարակ մարդիկ ավետարանի եռանդուն քարոզիչներ էին»։ Իսկ պրոֆեսոր Ժան Բերնարդին իր՝ «Եկեղեցին վաղ դարերում» գրքում գրում է. «[Քրիստոնյաները] պետք է գնային և քարոզեին ամենուր և ամենքին։ Պետք է խոսեին ճանապարհներին, քաղաքներում, հրապարակներում և տներում։ Անկախ այն բանից՝ կընդունեին նրանց, թե ոչ.... Մինչև երկրի ծայրերը» (The Early Centuries of the Church)։

      Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ «Հասարակության հոգևոր անառողջ վիճակի պատճառներից մեկն այն է, որ եկեղեցին լրջորեն չի վերաբերվում քարոզելու և ուսուցանելու գործին»,— գրում է անգլիկան եկեղեցու քահանա Դեյվիդ Ուոտսոնը։ «Ինչո՞ւ են կաթոլիկները հեռանում» գրքում պերուացի աստվածաբան Խոսե Լուի Պերես Գվադալուպեն գրում է ավետարանականների, ադվենտիստների և ուրիշների գործունեության մասին և նշում, որ «նրանք չեն գնում տնետուն»։ Իսկ Եհովայի վկաների մասին ասում է. «Նրանք կանոնավորաբար գնում են տնից տուն» (¿Por qué se van los Católicos?)։

      Հետաքրքրական ու իրատեսական դիտարկում է արվել Ջոնաթան Թյուրլի կողմից «Կատո Գերագույն դատարանի ամփոփագրում, 2001–2002թթ.». «Եհովայի վկաների մասին հիշատակելիս միանգամից շատերի միտքն են գալիս քարոզիչները, որոնք գալիս են իրենց տուն անհարմար ժամի։ Սակայն Եհովայի վկաների համար տնետուն քարոզելը միայն իրենց կրոնը տարածելու միջոց չէ, այն նաև իրենց հավատի էությունն է» (Cato Supreme Court Review)։

      [շրջանակ 9-րդ էջի վրա]

      Ո՞ւմ են բնորոշ այս նշանները

      Հիմնվելով այս հոդվածներում քննարկվող սուրբգրային չափանիշների վրա՝ ըստ քեզ՝ ովքեր են այսօր դավանում ճշմարիտ քրիստոնեությունը։ Ճիշտ է, տասնյակ հազարավոր խմբեր և ուղղություններ կան, որոնք պնդում են, թե քրիստոնեական են։ Սակայն հիշիր, թե ինչ ասաց Հիսուսն իր հետևորդներին. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։ Եթե գտնես նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը, ինչով էլ ցույց են տալիս, որ ճշմարիտ քրիստոնեություն են դավանում, և ընկերակցես նրանց հետ, կկարողանաս հավիտենական օրհնություններ վայելել Աստծու Թագավորության ներքո։ Մենք հրավիրում ենք քեզ դիմել Եհովայի վկաներին՝ այն մարդկանց, ովքեր տվել են այս պարբերագիրը, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաս Աստծու Թագավորության և բազում օրհնությունների մասին, որ բերելու է այն (Ղուկաս 4։43)։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը