Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եդե՞մն է մարդկության բնօրրանը
    2011 Դիտարան | հունվար 1
    • Եդե՞մն է մարդկության բնօրրանը

      ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի հրաշալի լայնարձակ պարտեզում ես։ Չկա քաղաքի աղմուկն ու ժխորը։ Ամեն ինչ հանդարտ է ու խաղաղ։ Ոչ մի մտահոգություն չունես, ոչ մի հիվանդություն ու ցավ չի անհանգստացնում քեզ։ Հանգիստ վայելում ես ողջ գեղեցկությունը։

      Զմայլվում ես՝ նայելով երփնավառ ծաղիկներին, արևի շողերի հետ խաղացող առվակին, հարուստ ու փարթամ կանաչին։ Զեփյուռը շոյում է քեզ։ Օդը հագեցած է անուշ բույրերով։ Լսում ես տերևների սոսափյունը, քարերին զարնվող ջրի ճողփյունը, թռչունների քաղցր դայլայլը և միջատների աշխույժ բզզոցը։ Անշուշտ կուզեիր, որ դա երբեք չվերջանար։

      Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ հավատում են, որ մարդկության բնօրրանը այսպիսի վայր է եղել։ Քրիստոնեությունը, հուդայականությունը և մահմեդականությունը սովորեցնում են, որ Աստված Ադամին ու Եվային բնակեցրել է Եդեմի պարտեզում։ Աստվածաշունչը հայտնում է, որ նրանք խաղաղ ու երջանիկ կյանք են վայելել։ Նույնիսկ կենդանիները վտանգավոր չեն եղել։ Ադամն ու Եվան խաղաղ փոխհարաբերություններ են ունեցել Աստծու հետ, որը նրանց հնարավորություն էր տվել հավիտյան ապրելու այդ հրաշալի միջավայրում (Ծննդոց 2։15–24)։

      Հնդուականները նույնպես հնում գոյություն ունեցած դրախտի մասին իրենց հավատալիքն ունեն։ Իսկ բուդդայականները հավատում են, որ հոգևոր մեծ առաջնորդները՝ բուդդաները, ծնվում են ոսկե դարաշրջաններում, երբ աշխարհը նման է լինում դրախտի։ Աֆրիկյան շատ կրոններում էլ կան պատմություններ, որոնք հիշեցնում են Ադամի ու Եվայի մասին պատմությունը։

      Դրախտի գաղափարը հանդիպում է տարբեր ժողովուրդների կրոններում և ավանդություններում։ Ֆրանսիացի պատմաբան և գրող Ժան Դըլյումոն գրել է. «Շատ քաղաքակրթություններում եղել է հավատ հնագույն դրախտի գոյության հանդեպ, որը նկարագրվել է որպես կատարելության, ազատության, խաղաղության, երջանկության և առատության օրրան, որտեղ չեն եղել լարված իրավիճակներ, ընդհարումներ և վայրագություններ.... Այս հավատը հասարակության մեջ առաջ է բերել բաղձանք կորցրած, բայց ոչ մոռացված դրախտի հանդեպ, ինչպես նաև ձգտում՝ այն վերագտնելու»։

      Գուցե այս պատմություններն ու ավանդությունները ծագել են մեկ աղբյուրից։ Հնարավոր է, որ դրանք «հասարակության մեջ» պահպանված անցյալի հուշեր են։ Արդյո՞ք հեռավոր անցյալում Եդեմի պարտեզը իրողություն է եղել, և արդյո՞ք գոյություն են ունեցել Ադամն ու Եվան։

      Քննադատները հեգնանքով են խոսում այս թեմայի մասին։ Մեր ժամանակներում, երբ գիտությունը մեծ առաջընթաց է ապրել, շատերը մտածում են, թե դրախտի մասին պատմությունները պարզապես հեքիաթներ ու առասպելներ են։ Հետաքրքիր է, որ միայն Աստծուն չհավատացող մարդիկ չեն, որ այս կարծիքին են։ Կրոնական առաջնորդներից շատերը նույնպես կասկածում են Եդեմի պարտեզի գոյությանը։ Նրանք պնդում են, որ երբեք այդպիսի վայր չի եղել՝ ասելով, որ դա ընդամենը այլաբանություն է, առակ։

      Ճիշտ է, Աստվածաշնչում առակներ շատ կան, որոնցից հայտնի են, օրինակ, Հիսուսի առակները։ Սակայն Եդեմի մասին պատմությունը Աստվածաշունչը ներկայացնում է ոչ թե որպես առակ, այլ որպես իրական պատմություն՝ պարզ ու ճշգրիտ։ Եթե Եդեմի պարտեզը երբեք չի եղել, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք վստահել Աստվածաշնչի մնացած մասին։ Եկ տեսնենք, թե ինչու են ոմանք կասկածում անցյալում Եդեմի պարտեզի գոյությանը և թե արդյոք նրանց պատճառաբանումները հիմնավոր են։ Իսկ հետո կխոսենք նաև այն մասին, թե ինչպես է աստվածաշնչյան այս արձանագրությունը առնչվում մեզանից յուրաքանչյուրին։

  • Եդեմի պարտեզը իրականությո՞ւն էր
    2011 Դիտարան | հունվար 1
    • Եդեմի պարտեզը իրականությո՞ւն էր

      ՔԵԶ ծանո՞թ է Ադամի ու Եվայի պատմությունը։ Այն հայտնի է ողջ աշխարհին։ Եթե գիտես այս պատմությունը, փորձիր վերհիշել այն՝ կարդալով Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի 1։26–3։24 համարները։ Ահա այս պատմությունը համառոտ։

      Եհովա Աստվածa հողի փոշուց ստեղծեց առաջին մարդուն, որին կոչեց Ադամ։ Ապա նրան բնակեցրեց Եդեմի պարտեզում։ Այս պարտեզը նույնպես Աստված էր ստեղծել։ Այնտեղ կային գեղեցիկ ու փարթամ պտղատու ծառեր։ Այգու մեջտեղում «բարին ու չարը գիտենալու» ծառն էր։ Աստված արգելեց ուտել այդ ծառի պտուղը՝ զգուշացնելով, որ եթե ուտեն, կմեռնեն։ Հետո Աստված Ադամի կողոսկրից նրա համար ստեղծեց մի կին՝ Եվային։ Աստված հանձնարարեց հոգ տանել այգուն և միևնույն ժամանակ երեխաներ ունենալ ու լցնել երկիրը։

      Երբ Եվան մենակ էր, մի օձ խոսեց նրա հետ՝ փորձելով նրան համոզել, որ ուտի արգելված պտուղը։ Նա ասաց, որ Աստված խաբում է նրան և զրկում է մի լավ բանից, ինչը նրան Աստծու պես էր դարձնելու։ Եվան հավատաց նրան և կերավ։ Հետո Ադամը նույնպես, չհնազանդվելով Աստծուն, կերավ այդ պտղից։ Եհովան դատապարտեց Ադամին, Եվային, ինչպես նաև օձին։ Այնուհետև դրախտային պարտեզից դուրս հանեց մարդկանց և կարգադրեց հրեշտակներին թույլ չտալ նրանց մտնել դրախտ։

      Անցյալում գիտնականներից, պատմաբաններից և բանիմաց մարդկանցից շատերը համոզվածությամբ էին ասում, որ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում արձանագրված դեպքերը ճշգրիտ են և վավերական։ Այսօր, սակայն, այս պատմության հանդեպ նրանց վերաբերմունքը փոխվել է։ Բայց արդյո՞ք հիմքեր կան կասկածի ենթարկելու Ադամի, Եվայի և Եդեմի պարտեզի մասին պատմության իրողությունը։ Քննենք այն չորս հարցերը, որոնք մարդիկ հաճախ բարձրացնում են։

      1. Եդեմի պարտեզը իրակա՞ն վայր է եղել։

      Ո՞րն է պատճառը, որ այս հարցի վերաբերյալ կասկածներ են առաջացել։ Փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողել մարդկանց հավատալիքների վրա։ Դարեր շարունակ աստվածաբանները մտածում էին, թե Աստծու պարտեզը ինչ-որ տեղ գոյություն ունի։ Սակայն ժամանակի ընթացքում եկեղեցու վրա մեծ ազդեցություն ունեցան հույն փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի գաղափարները, ովքեր սովորեցնում էին, թե երկրի վրա ոչինչ չի կարող կատարյալ լինել։ Ըստ նրանց՝ միայն երկնքում կարող էր կատարելություն լինել։ Դա էր պատճառը, որ աստվածաբանները սկսեցին մտածել, թե դրախտը պետք է որ երկնքին ավելի մոտ գտնվերb։ Ոմանք ասում էին, որ այդ պարտեզը չափազանց բարձր մի լեռան գագաթին էր՝ հեռու երկրի ապականությունից։ Ոմանք էլ ասում էին, որ այն Հյուսիսային կամ Հարավային բևեռում էր։ Մյուսներն էլ ասում էին, որ այն գտնվում էր Լուսնի վրա կամ դրա շրջակայքում։ Ուստի զարմանալի չէ, որ Եդեմի դրախտի մասին պատմությունը աստիճանաբար համարվեց հեքիաթ։ Եդեմի աշխարհագրական դիրքի մասին արձանագրությունը ժամանակակից գիտնականներից ոմանք անմտություն են համարում՝ պնդելով, որ այդպիսի վայր գոյություն չի ունեցել։

      Սակայն Աստվածաշունչը մանրամասն տեղեկություններ է հայտնում այն վայրի մասին, որտեղ եղել է դրախտը։ Ծննդոց 2։8–14 համարներում կարդում ենք դրանց մասին։ Այն գտնվել է արևելքում՝ Եդեմ կոչվող տարածքում։ Պարտեզը ոռոգում էր մի գետ, որը չորս գետերի էր բաժանվում։ Աստվածաշնչում նշվում է այդ չորս գետերի անունները և այն, թե որտեղով էին դրանք հոսում։ Այս մանրամասնությունների ուսումնասիրությունը երկար ժամանակ տանջել է գիտնականներին, որոնցից շատերը մանրազնին քննել են Աստվածաշնչի այս հատվածը՝ փորձելով գտնել, թե ներկայիս աշխարհագրական տվյալներով որտեղ է եղել դրախտը։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում նրանք նոր խնդիրների առաջ էին կանգնում։ Արդյո՞ք սա նշանակում է, թե Եդեմի աշխարհագրական դիրքի մասին տվյալները հորինված են։

      Պետք է հաշվի առնել, որ Եդեմի պարտեզի մասին արձանագրությունը պատմում է մոտ 6000 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։ Այն գրի է առել Մովսեսը դրանցից գրեթե 2500 տարի անց։ Նա հավանաբար հիմնվել է բերնեբերան կամ գրավոր փոխանցված պատմությունների վրա, որոնք իր ժամանակների համար արդեն իսկ հին էին։ Ուստի մի՞թե հնարավոր չէ, որ նշված գետերը դարերի ընթացքում ցամաքած կամ իրենց հունը փոխած լինեն։ Չէ՞ որ երկրակեղևը շարժման մեջ է և անընդհատ փոփոխվում է։ Այն տարածքը, որտեղ հավանաբար գտնվում էր Եդեմի պարտեզը, սեյսմիկ գոտի է։ Աշխարհի ամենաուժգին երկրաշարժերի 17 տոկոսը այդտեղ է լինում։ Այդպիսի տարածքներում տեղանքի փոփոխությունը բնականոն երևույթ է։ Բացի այդ, Նոյի օրերի Ջրհեղեղի հետևանքով այդ տարածքը կարող էր այնպիսի փոփոխության ենթարկվել, որ նույնիսկ անճանաչելի դառնարc։

      Սակայն որոշ տվյալների վերաբերյալ կասկածներ չեն կարող լինել։ «Ծննդոց» գրքի արձանագրության համաձայն՝ պարտեզն իրական վայր է եղել։ Այնտեղ նշված գետերից երկուսը՝ Եփրատն ու Տիգրիսը, կամ՝ Հիդդեկելը, գոյություն ունեն առայսօր, իսկ նրանց ակունքներից մի քանիսը շատ մոտ են իրար։ Արձանագրության մեջ նշվում են նաև այն երկրների անունները, որտեղով հոսել են դրանք, և այն հանքանյութերը, որոնցով հարուստ են եղել այդ տարածքները։ Այս մանրամասները լրացուցիչ տեղեկություն են հաղորդել հնում ապրող իսրայելացիներին։

      Արդյո՞ք առասպելներն ու հեքիաթները նման ձևով են շարադրված լինում։ Մի՞թե դրանց մեջ նշվում են տվյալներ, որոնք կարելի է հեշտությամբ ստուգել։ Հեքիաթները սովորաբար այսպես են սկսվում՝ «Լինում է, չի լինում» կամ «Ժուկով ժամանակով մի հեռավոր երկրում»։ Մինչդեռ պատմական արձանագրություններում նշվում են կոնկրետ տվյալներ, ինչպես օրինակ Եդեմի պարտեզի մասին արձանագրության մեջ է։

      2. Խելամի՞տ է հավատալ, որ Աստված Ադամին հողից է ստեղծել, իսկ Եվային՝ նրա կողոսկրից։

      Ժամանակակից գիտությունը հաստատել է, որ մարդու մարմինը բաղկացած է տարբեր էլեմենտներից, օրինակ՝ ջրածնից, թթվածնից և ածխածնից։ Այս բոլոր էլեմենտները կան նաև հողի բաղադրության մեջ։ Բայց ինչպե՞ս են դրանք միավորվել և կազմել կենդանի օրգանիզմ։

      Շատ գիտնականների կարծիքով՝ կյանքն ինքնաբերաբար է առաջ եկել՝ պարզագույն կառուցվածք ունեցող գոյացությունները միլիոնավոր տարիների ընթացքում դարձել են բարդ կառուցվածք ունեցող օրգանիզմներ։ Սակայն «պարզագույն կառուցվածք» արտահայտությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ բոլոր կենդանի օրգանիզմները, նույնիսկ միկրոսկոպիկ միաբջիջ օրգանիզմները աներևակայելիորեն բարդ են։ Ոչ մի ապացույց չկա, որ կյանքի տեսակներից որևէ մեկը պատահականորեն է առաջացել կամ կարող էր առաջանալ։ Դրանցից յուրաքանչյուրը մեր բանականությունից վեր՝ հանճարեղ մտքի գոյության կենդանի ապացույցն էd (Հռոմեացիներ 1։20)։

      Մի՞թե հոգեթով երաժշտություն լսելիս, գեղեցիկ կտավին նայելիս կամ տեխնիկայի վերջին ձեռքբերումներով հիանալիս հանկարծ կմտածես, որ այն ինքնաբերաբար է առաջացել և ստեղծող չունի։ Իհա՛րկե ոչ։ Բայց չէ՞ որ այս հիասքանչ գործերը չեն կարող նույնիսկ համեմատվել մարդու մարմնի բարդ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու հանճարեղ կառուցվածքի հետ։ Մի՞թե այդ հրաշքը Ստեղծող չի ունեցել։ «Ծննդոց» գիրքը նշում է, որ երկրի վրա ապրող բոլոր էակներից միայն մարդն է ստեղծվել Աստծու պատկերով (Ծննդոց 1։26)։ Դա է պատճառը, որ միայն մարդն ունի ստեղծագործելու ձիրք և կարող է երաժշտության, արվեստի և տեխնիկայի բնագավառներում գլուխգործոցներ արարել։ Ուստի մեզ չպետք է զարմացնի այն փաստը, որ Աստծու գործերը վեր են մարդու երևակայությունից։

      Իսկ Եվային Ադամի կողոսկրից ստեղծելը մի՞թե որևէ դժվարություն էր ներկայացնում Աստծու համարe։ Աստված կարող էր ցանկացած կերպով ստեղծել նրան։ Սակայն կնոջն այսպես ստեղծելը իր նշանակությունն ուներ։ Աստծու նպատակն էր, որ տղամարդն ու կինը ամուսնանան և ամուր միություն կազմեն՝ դառնան «մեկ մարմին» (Ծննդոց 2։24)։ Այո՛, տղամարդն ու կինը այնպես են ստեղծված, որ կարող են կազմել կայուն ու ամուր միություն՝ լրացնելով միմյանց, և դա մեր Ստեղծչի սիրո և իմաստության ապացույցն է։

      Ժամանակակից գենետիկան ընդունում է, որ բոլոր մարդիկ սերվել են մեկ տղամարդուց ու կնոջից։ Ուրեմն մի՞թե «Ծննդոց» գրքի արձանագրությունը ճշգրիտ չէ։

      3. Բարին ու չարը գիտենալու ծառը և կյանքի ծառը առասպելական են թվում։

      Իրականում, «Ծննդոց» գրքում չի ասվում, թե այս ծառերը ունեցել են առանձնահատուկ գերբնական զորություն։ Դրանք սովորական ծառեր են եղել, որոնց Եհովան խորհրդանշական իմաստ է հաղորդել։

      Երբեմն մարդիկ էլ են որոշ առարկաների խորհրդանշական իմաստ տալիս։ Օրինակ՝ տարբեր միապետներ որպես իրենց գերագույն իշխանության խորհրդանիշ կրել են թագ և գայիսոն։ Կամ էլ այսօր, երբ ասում են հարգել դատարանը, նկատի ունեն ոչ թե հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի կահույքի, սարքավորումների և պատերի հանդեպ, այլ արդարադատության համակարգի, որը ներկայացնում է դատարանը։

      Իսկ ի՞նչ էին խորհրդանշում այդ երկու ծառերը։ Դրանց խորհրդանշական իմաստի վերաբերյալ շատ բարդ թեորիաներ են առաջ քաշվել։ Սակայն այս հարցի պատասխանը պարզ է, բայցև խորիմաստ։ Բարին և չարը գիտենալու ծառը խորհրդանշում էր այն, որ միայն Աստված իրավունք ունի որոշելու, թե ինչն է բարի և ինչը՝ չար (Երեմիա 10։23)։ Ուստի, իրոք որ, լուրջ հանցանք էր այդ ծառի պտղից գողանալը։ Իսկ կյանքի ծառը խորհրդանշում էր այն պարգևը, որ միայն Աստված կարող է շնորհել՝ հավիտենական կյանքը (Հռոմեացիներ 6։23)։

      4. Խոսող օձը ասես հեքիաթի հերոս լինի։

      Եդեմի պատմության այս հատվածը կարող է շփոթեցնել մեզ, եթե հաշվի չառնենք Աստվածաշնչի մյուս գրքերում արձանագրված խոսքերը։ Սակայն Սուրբ Գիրքը պարզաբանում է առեղծվածային թվացող այս երևույթը։

      Ինչպե՞ս էր հնարավոր, որ օձը խոսեր։ Հնում ապրող իսրայելացիներին հայտնի էին որոշ փաստեր, որ լույս էին սփռում այս հարցի վրա, ինչպես օրինակ՝ այն փաստը, որ թեև կենդանիները չեն կարող խոսել, սակայն ոգեղեն էակները կարող են այնպես անել, որ թվա, թե դրանք խոսում են։ Նրանց ծանոթ էր նաև Մովսեսի գրած այն պատմությունը, թե ինչպես Աստծու ուղարկած հրեշտակի միջամտությամբ Բաղաամի էշը սկսեց մարդու պես խոսել (Թվեր 22։26–31; 2 Պետրոս 2։15, 16)։

      Կարո՞ղ են մյուս ոգեղեն էակները, այդ թվում նաև Աստծու թշնամիները հրաշքներ անել։ Եգիպտոսում Մովսեսն իր աչքով տեսավ, թե ինչպես էին մոգությամբ զբաղվող քրմերը անում այն նույն հրաշքներից մի քանիսը, ինչ ինքն էր անում Աստծու զորությամբ։ Օրինակ՝ նրանք Մովսեսի նման իրենց գավազանները օձ դարձրին։ Այդ կարողությունը նրանք կարող էին ստացած լինել միայն ոգեղեն ոլորտից՝ այն էակներից, ովքեր Աստծու թշնամիներն են (Ելք 7։8–12)։

      Ակներևաբար, Աստվածաշնչի «Հոբ» գիրքը նույնպես Մովսեսն է գրել։ Այդ գիրքը շատ բան է մեզ հայտնում Աստծու գլխավոր թշնամու՝ Սատանայի մասին, որը նենգաբար կասկածի ենթարկեց Աստծու բոլոր ծառաների անարատությունը (Հոբ 1։6–11; 2։4, 5)։ Ուստի հնարավոր է՝ իսրայելացիները մտածում էին, որ Եդեմում Սատանան է այնպես արել, որ օձը խոսի ու խաբի Եվային՝ դրդելով նրան անհնազանդության։

      Բայց արդյո՞ք իրականում Սատանան է կանգնած եղել օձի հետևում։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Սատանային կոչեց «ստախոս և ստության հայր» (Հովհաննես 8։44)։ «Ստության հայր» կարող է կոչվել նա, ով առաջինն է ստել։ Իսկ առաջին սուտը հնչեց այն ժամանակ, երբ օձը խաբեց Եվային։ Հակառակ Աստծու նախազգուշացմանը, որ արգելված պտղից ուտելը մահ էր նշանակելու մարդկանց համար՝ օձն ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի» (Ծննդոց 3։4)։ Պարզ է՝ Հիսուսը գիտեր, որ Սատանան է օգտագործել օձին։ Նա Հովհաննես առաքյալին տված հայտնության մեջ Սատանային կոչեց «առաջին օձ» (Հայտնություն 1։1; 12։9)։

      Մի՞թե այդքան անհավատալի է այն փաստը, որ զորավոր ոգեղեն էակը կարող էր օգտագործել օձին և այնպես անել, որ թվար, թե օձն է խոսում։ Չէ՞ որ նույնիսկ մարդիկ, որոնք զորավոր չեն ոգեղեն էակների պես, կարող են խորամանկ հնարքներով այնպիսի տպավորություն թողնել, իբր խամաճիկներն են խոսում, ոչ թե իրենք։

      Ամենահամոզիչ ապացույցը

      Հավանաբար կհամաձայնես, որ «Ծննդոց» գրքի արձանագրությանը թերահավատորեն վերաբերվելու համար ոչ մի հիմք չկա։ Սակայն կա մի շատ համոզիչ փաստարկ, որ Եդեմի պարտեզը իրողություն է եղել։

      Աստվածաշնչում Հիսուս Քրիստոսը կոչվում է «հավատարիմ և ճշմարիտ վկա» (Հայտնություն 3։14)։ Լինելով կատարյալ մարդ՝ նա երբեք սուտ չխոսեց ու երբեք ճշմարտությունը չաղավաղեց։ Բացի այդ, նա հայտնեց, որ որպես մարդ երկրի վրա ծնվելուց առաջ ինքը գոյություն է ունեցել և «նախքան աշխարհի լինելը» ապրել է իր Հոր՝ Եհովայի հետ (Հովհաննես 17։5)։ Ուստի նա տեսել է, թե ինչպես է երկրի վրա կյանքը ստեղծվել։ Ի՞նչ է հայտնում մեզ Հիսուսը՝ ամենավստահելի վկան։

      Հիսուսի խոսքերից երևում է, որ Ադամն ու Եվան իրական անձնավորություններ են եղել։ Երբ նա բացատրում էր Եհովայի հաստատած չափանիշը, որ տղամարդը մեկ կին պետք է ունենա, որպես օրինակ բերեց առաջին մարդկային զույգին (Մատթեոս 19։3–6)։ Եթե նրանք երբեք գոյություն ունեցած չլինեին և Եդեմի պարտեզի պատմությունը պարզապես հեքիաթ լիներ, ապա Հիսուսը կա՛մ խաբված էր, կա՛մ ինքն էր խաբեբա։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Ապրելով երկնքում՝ Հիսուսը ականատես է եղել Եդեմում տեղի ունեցող դեպքերին։ Ուստի նրա վկայությունը ամենահամոզիչ ապացույցն է մեզ համար։

      Եթե չենք հավատում «Ծննդոց» գրքի արձանագրությանը, ուրեմն չենք հավատում Հիսուսին։ Այսպիսի թերահավատությունը կխանգարի, որ հասկանանք Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և վստահենք Աստծու խոստումներին։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

      [ծանոթագրություններ]

      a Աստվածաշունչը հայտնում է, որ «Եհովան» Աստծու անունն է։

      b Այս տեսակետը չի համապատասխանում Աստվածաշնչին, քանի որ այն սովորեցնում է, որ Աստծու գործերը կատարյալ են, իսկ թերությունները գալիս են մեկ այլ աղբյուրից (2 Օրենք 32։4, 5)։ Երբ Եհովան ավարտեց երկրի վրա արարչագործությունը, նա հայտարարեց, որ այն ամենը, ինչ ստեղծել է, «շատ լավ է» (Ծննդոց 1։31)։

      c Աստծու բերած Ջրհեղեղը երկրի երեսից ակներևաբար վերացրեց Եդեմի պարտեզը։ Եզեկիել 31։18-ի խոսքերը, որոնք գրվել են մ.թ.ա. մոտավորապես յոթերորդ դարում, ցույց են տալիս, որ «Եդեմի ծառերը» այդ ժամանակ արդեն գոյություն չունեին։ Ուստի նրանք, ովքեր փորձել են գտնել Եդեմի պարտեզը, զուր ջանքեր են թափել։

      d Տե՛ս «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

      e Ժամանակակից բժշկությունը հայտնաբերել է, որ մարդու կողոսկրը ինքնավերականգնվելու արտասովոր հատկություն ունի։ Ի տարբերություն մյուս ոսկորներին՝ այն կարող է նորից աճել, եթե շարակցական հյուսվածքից կազմված նրա թաղանթը վնասված չէ։

  • Եդեմի պատմությունը ինչո՞ւ պետք է հետաքրքրի քեզ
    2011 Դիտարան | հունվար 1
    • Եդեմի պատմությունը ինչո՞ւ պետք է հետաքրքրի քեզ

      ԱՄԵՆԱԶԱՐՄԱՆԱԼԻ փաստարկներից մեկը, որ բերում են որոշ գիտնականներ՝ հերքելու համար Եդեմի պատմության իրական լինելը, այն է, թե Աստվածաշնչի մնացած գրքերը թիկունք չեն կանգնում այս պատմությանը։ Օրինակ՝ կրոնագիտության պրոֆեսոր Փոլ Մորիսը գրում է. «Աստվածաշնչում այլ հիշատակումներ չկան Եդեմի պատմության մասին»։ Գուցե որոշ «մասնագետներ» համաձայն լինեն նրա խոսքերին։ Բայց այս պնդումը բոլորովին չի համապատասխանում փաստերին։

      Աստվածաշնչում Եդեմի պարտեզի, Ադամի, Եվայի ու օձի մասին բազմաթիվ հիշատակումներ կանa։ Սակայն որոշ գիտնականների թույլ տված սխալը շատ աննշան է՝ համեմատած կրոնական առաջնորդների ու Աստվածաշնչի քննադատների սխալ վերաբերմունքի հետ։ «Ծննդոցի» այս արձանագրությունը որպես անիրական պատմություն ներկայացնելով՝ նրանք Աստվածաշնչի ճշգրտությունն են հարցականի տակ դնում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

      Անչափ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Եդեմում, քանի որ այն օգնում է հասկանալու Աստվածաշնչի մնացած մասը։ Աստծու Խոսքը գրվել է, որպեսզի մենք գտնենք այն խորը և հիմնական հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս։ Դրանք կապված են Եդեմի պարտեզում տեղի ունեցած դեպքերի հետ։ Քննենք այդ հարցերից մի քանիսը։

      ● Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում։ Եթե Ադամն ու Եվան հնազանդ մնային Եհովային, կապրեին հավիտյան, իսկ եթե ըմբոստանային, կմահանային։ Ցավոք, նրանք չհնազանդվեցին Աստծուն և այդ օրվանից սկսեցին ծերանալ ու մահացան (Ծննդոց 2։16, 17; 3։19)։ Նրանք այլևս կատարյալ չէին, ուստի իրենց սերունդներին կարող էին փոխանցել միայն մեղք ու անկատարություն։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։

      ● Ինչո՞ւ է Աստված հանդուրժում անօրենությունը։ Եդեմի պարտեզում Սատանան Աստծուն ստախոս անվանեց՝ ասելով, թե նա մարդկանց զրկում է լավ բանից (Ծննդոց 3։3–5)։ Նա կասկածի ենթարկեց այն, որ Եհովայի իշխանությունն արդար է և նպաստում է մարդկանց բարօրությանը։ Ադամն ու Եվան որոշեցին հետևել Սատանային։ Նրանք մերժեցին Եհովայի գերիշխանությունը՝ ասես հայտարարելով, որ մարդն ինքնուրույն կարող է որոշել, թե ինչն է իր համար լավ և ինչը՝ վատ։ Լինելով կատարյալ արդար և իմաստուն՝ Եհովան գիտեր, որ Սատանայի մեղադրանքին պատասխանելու միակ ճիշտ միջոցն էր թույլ տալ, որ մարդիկ որոշ ժամանակ իրենք իրենց կառավարեն։ Որպես հետևանք՝ սկիզբ առավ անօրենությունը։ Դրանում մասամբ իր դերն ունեցավ Սատանան։ Մարդկության պատմությունը հաստատում է այն բացարձակ ճշմարտությունը, որ առանց Աստծու՝ մարդն անկարող է կառավարել իրեն (Երեմիա 10։23)։

      ● Ո՞րն է Աստծու նպատակը երկրի նկատմամբ։ Եդեմի հրաշագեղ պարտեզը ստեղծելով՝ Եհովան ցույց տվեց, թե ինչպիսին է ուզում տեսնել ողջ երկիրը։ Նա Ադամին ու Եվային պատվիրեց, որ երկիրը լցնեն իրենց սերունդներով ու տիրեն նրան (Ծննդոց 1։28)։ Աստծու նպատակն էր, որ երկիրը դրախտ լիներ՝ բնակեցված Ադամի ու Եվայի կատարյալ զավակներով։ Նրա նպատակը չի փոխվել։ Գրեթե ողջ Աստվածաշնչում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստված իրագործելու այդ նպատակը։

      ● Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը երկիր եկավ։ Եդեմում տեղի ունեցած ապստամբությունը մահվան դատապարտություն բերեց Ադամի, Եվայի և նրանց զավակների վրա։ Սակայն Աստված, սիրելով մարդկանց, փրկության հնարավորություն տվեց նրանց՝ երկիր ուղարկելով իր Որդուն (Հովհաննես 3։16)։ Հիսուսը կոչվեց «վերջին Ադամ», քանի որ արեց այն, ինչում թերացավ Ադամը. որպես մարդ՝ նա կատարյալ մնաց՝ ամեն ինչում հնազանդվելով Աստծուն։ Նա հոժարակամորեն զոհեց իր կյանքը որպես փրկանք, ինչի շնորհիվ բոլոր հավատարիմ մարդիկ կարող են թողություն ստանալ իրենց մեղքերի համար և ի վերջո հասնել այն կատարյալ կյանքին, որը վայելում էին Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում (1 Կորնթացիներ 15։22, 45; Մատթեոս 20։28)։ Այսպես վարվելով՝ Հիսուսը հաստատեց, որ երկիրը դրախտի վերածելու Աստծու նպատակը անպատճառ կիրականանաb։

      Աստծու նպատակը անորոշ կամ ինչ-որ վերացական գաղափար չէ։ Ինչպես որ իրական էր Եդեմի պարտեզը այնտեղ բնակվող կենդանիներով ու մարդկանցով, այնպես էլ իրական է ապագայի վերաբերյալ Աստծու խոստումը։ Իսկ ինչպիսի՞ն կլինի քո ապագան. կապրե՞ս դրախտ երկրի վրա։ Շատ բան կախված է հենց քեզնից։ Աստված ուզում է, որ դրախտային երկրի վրա ապրեն որքան հնարավոր է շատ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր իր չափանիշների համաձայն չեն ապրել (1 Տիմոթեոս 2։3, 4)։

      Մահանալիս Հիսուսը խոսեց մի մարդու հետ, ով կյանքում շատ սխալներ էր արել։ Այդ հանցագործը հասկանում էր, որ արժանի մահապատիժ է կրում։ Այդուհանդերձ դիմեց Հիսուսին՝ մի որևէ հույս ունենալու կամ մխիթարություն ստանալու նպատակով։ Ի՞նչ ասաց նրան Հիսուսը։ «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Եթե Հիսուսը ցանկացավ, որ այդ հանցագործը հարություն առնի և հնարավորություն ունենա հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա, ապա մի՞թե նա չի ցանկանա, որ այդ նույն օրհնությունները վայելես նաև դու։ Վստահ եղիր, որ թե՛ նա և թե՛ իր Հայրը նման ապագա են ցանկանում քեզ։ Դրախտ երկրի վրա ապրելու համար ձգտիր ճանաչել այն Աստծուն, ով արարեց Եդեմի պարտեզը։

      [ծանոթագրություններ]

      a Տե՛ս, օրինակ, Աստվածաշնչի Ծննդոց 13։10; 2 Օրենք 32։8; 2 Սամուել 7։14; 1 Տարեգրություն 1։1; Եսայիա 51։3; Եզեկիել 28։13; 31։8, 9; Ղուկաս 3։38; Հռոմեացիներ 5։12–14; 1 Կորնթացիներ 15։22, 45; 2 Կորնթացիներ 11։3; 1 Տիմոթեոս 2։13, 14; Հուդա 14; Հայտնություն 12։9 համարները։

      b Հիսուսի քավիչ զոհաբերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

      [շրջանակ/​նկարներ 10-րդ էջի վրա]

      ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՊԱԿՑՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՔԵՐԸ

      «Ես թշնամություն եմ դնելու քո [օձի] և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես» (Ծննդոց 3։15)։

      Սա Աստվածաշնչի առաջին մարգարեությունն է, որը տրվել է Աստծու կողմից Եդեմում։ Ո՞ւմ մասին է խոսում այս մարգարեությունը։ Ո՞վ է կինը, նրա սերունդը, օձը և նրա սերունդը։ Ի՞նչ թշնամության մասին է խոսքը։

      ՕՁԸ

      Բանսարկու Սատանան է

      ԿԻՆԸ

      Ոգեղեն էակներից բաղկացած Եհովայի երկնային կազմակերպությունն է (Գաղատացիներ 4։26, 27)։ Եսայիա մարգարեն խոսեց այդ «կնոջ» մասին՝ կանխագուշակելով, որ նա ծնունդ է տալու մի նոր հոգևոր ազգի (Եսայիա 54։1; 66։8)։

      ՕՁԻ ՍԵՐՈՒՆԴԸ

      Նրանք են, ովքեր կատարում են Սատանայի կամքը (Հովհաննես 8։44)։

      ԿՆՈՋ ՍԵՐՈՒՆԴԸ

      Գլխավորաբար Հիսուս Քրիստոսն է, որը եկավ Եհովայի երկնային կազմակերպությունից։ Սերնդի մաս են կազմում նաև Քրիստոսի հոգևոր եղբայրները, ովքեր նրա հետ թագավորում են երկնքում։ Այս օծյալ քրիստոնյաները կազմում են այն հոգևոր ազգը, որը կոչվում է «Աստծու Իսրայել» (Գաղատացիներ 3։16, 29; 6։16; Ծննդոց 22։18)։

      ԳԱՐՇԱՊԱՐԻ ԽԱՅԹՎԵԼԸ

      Այն ժամանակավոր ցավն է, որ կրեց Մեսիան։ Սատանան կարողացավ այնպես անել, որ երկրի վրա Հիսուսը տանջալից մահով մեռնի։ Սակայն հետո Հիսուսը հարություն առավ։

      ԳԼԽԻ ՋԱԽՋԱԽՎԵԼԸ

      Այն մահացու հարվածն է, որ ստանալու է Սատանան։ Եդեմում ըմբոստությունից հետո սկիզբ առած ամբողջ չարիքը վերացնելուց հետո Հիսուսը բնաջնջելու է Սատանային (1 Հովհաննես 3։8; Հայտնություն 20։10)։

      Աստվածաշնչի գլխավոր թեմային համառոտակի ծանոթանալու համար տե՛ս «Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկը (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

      [նկար 11-րդ էջի վրա]

      Ադամն ու Եվան կրեցին մեղքի դաժան հետևանքները

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը