Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Հույս. իսկապես օգնո՞ւմ է
    Հույս. իսկապես օգնո՞ւմ է (հոդված «Արթնացե՛ք»-ից)
    • Հույս. իսկապես օգնո՞ւմ է

      ԴԵՆԻԵԼՆ ընդամենը տասը տարեկան էր, և արդեն մեկ տարի է՝ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նրան բուժող բժիշկները, ինչպես նաև հարազատները կորցրել էին հույսը, բայց ոչ Դենիելը։ Նա հավատում էր, որ կապաքինվի, կմեծանա, կդառնա գիտնական և մի օր կգտնի քաղցկեղի բուժումը։ Նա գլխավորաբար իր հույսը դրել էր մի բժշկի այցելության վրա։ Այդ բժիշկը մասնագիտացած էր քաղցկեղի հատկապես այն տեսակի բուժման մեջ, որով Դենիելն էր հիվանդ։ Երբ երկար սպասված օրը եկավ, պարզվեց, որ վատ եղանակի պատճառով բժիշկը չեղարկել է այցը։ Դենիելը թևաթափ եղավ։ Քաղցկեղի դեմ իր պայքարում նա առաջին անգամ կորցրեց հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ և մի քանի օր անց մահացավ։

      Այս պատմությունը պատմել է բժշկության ոլորտի մի մասնագետ, որն ուսումնասիրում է, թե հույսն ինչ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա։ Հնարավոր է՝ դուք էլ եք նմանատիպ պատմություններ լսել։ Օրինակ, թե ինչպես է մի տարեց մարդ մահվան անկողնում անձկագին սպասել իր հարազատի գալուն կամ ինչ-որ նշանակալից իրադարձության, և երբ դա տեղի է ունեցել, կարճ ժամանակ անց մահացել է։ Ո՞րն է գաղտնիքը։ Իրո՞ք հույսը կարող է այդքան մեծ ազդեցություն ունենալ, ինչպես կարծում են ոմանք։

      Գնալով ավելանում է բժիշկ-գիտնականների թիվը, ովքեր չեն բացառում, որ լավատեսությունը, հույսն ու դրական էմոցիաները իսկապես զորեղ ազդեցություն ունեն մարդու կյանքի և առողջության վրա։ Բայց մասնագետներից բոլորը չէ, որ այդ կարծիքին են։ Նրանցից ոմանք հույսի վերաբերյալ այդ տեսակետը համարում են գիտության տեսանկյունից անհիմն հեքիաթ։ Նրանք հակված են մտածելու, որ ֆիզիկական հիվանդությունները բացառապես ֆիզիկական պատճառներ ունեն։

      Հույսի ունեցած ազդեցության վերաբերյալ նման կասկածամտությունը նոր չէ։ Դեռևս հազարավոր տարիներ առաջ, երբ հույն փիլիսոփա Արիստոտելին խնդրեցին տալ հույսի սահմանումը, նա ասաց. «Հուսալ նշանակում է երազ տեսնել արթուն վիճակում»։ Իսկ ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը հույսի վերաբերյալ հեգնանքով ասել է. «Հույսով ապրողը սովից կմեռնի»։

      Ուրեմն ի՞նչ է հույսը։ Փուչ երազա՞նք, որի միջոցով մարդիկ փորձում են մխիթարվել և փախչել դառը իրականությունից։ Թե՞ ծանրակշիռ պատճառ կա հավատալու, որ հույսը ոչ թե պարզապես երազանք է, այլ մի բան է, ինչն ունի ամուր հիմքեր և բերում է զգալի օգուտներ, մի բան, ինչի կարիքը բոլորս ունենք, որ լինենք առողջ ու երջանիկ։

  • Ինչո՞ւ ունենք հույսի կարիք
    Հույս. իսկապես օգնո՞ւմ է (հոդված «Արթնացե՛ք»-ից)
    • Ինչո՞ւ ունենք հույսի կարիք

      Ի՞ՆՉ կլիներ, եթե Դենիելը, որը մահացավ քաղցկեղից, չկորցներ իր հույսը։ Նրան կհաջողվե՞ր հաղթանակ տանել քաղցկեղի դեմ։ Նա մինչև այսօր կենդանի կլինե՞ր։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամենայն եռանդով պաշտպանում են հույսի բուժիչ ազդեցության թեորիան, դժվար թե խիզախեին նման բան ասել։ Սրանից կարող ենք մի կարևոր եզրակացություն անել. հույսի ուժը չի կարելի գերագնահատել։ Այն համադարման չէ, որը բուժում է բոլոր հիվանդությունները։

      CBS News-ին հարցազրույց տալիս դոկտոր Նաթան Չեռնին խոսել է այն մասին, թե որքան վտանգավոր է շատ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց դեպքում գերագնահատել հույսի ուժը։ Նա ասել է. «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ ամուսինները նախատել են իրենց հիվանդ կանանց, որ վերջիններս բավականաչափ չեն կենտրոնացել դրականի վրա, որ բավականաչափ լավատես չեն եղել»։ Բժիշկ Չեռնին շարունակում է. «Այդպիսի մտածելակերպը սխալ տպավորություն է ստեղծում, թե իբր դրական տրամադրվելով՝ կարելի է վերահսկել քաղցկեղի զարգացումը։ Ու, ըստ այդ տրամաբանության, եթե քաղցկեղով հիվանդ մարդու վիճակը գնալով վատանում է, պատճառն այն է, որ նա բավականաչափ չի ընդդիմացել իր հիվանդությանը, այնինչ դա բոլորովին էլ այդպես չէ»։

      Իրականում մահացու հիվանդության դեմ պայքարը նման է հյուծիչ, հալումաշ անող մարտի։ Եվ, անշուշտ, այդպիսի պայքար մղող մարդու հարազատները չէին ցանկանա մեղավորության զգացումով ծանրացնել նրա՝ առանց այն էլ ծանր վիճակը։ Ուրեմն ի՞նչ, հույսը ոչ մի արժեք չունի՞։

      Ամենևի՛ն։ Օրինակ՝ այդ նույն դոկտորը մասնագիտանում է պալիատիվ (ամոքիչ) բժշկության մեջ։ Պալիատիվ թերապիայի մասնագետները ուղղակիորեն չեն զբաղվում հիվանդության բուժման, ոչ էլ նույնիսկ պացիենտի կյանքի երկարացման հարցերով։ Նրանց պարտականության մեջ է մտնում հոգ տանել, որ հիվանդության դեմ պայքարի ողջ ընթացքում պացիենտի միջավայրը լինի հնարավորինս հարմարավետ և հաճելի։ Այդպիսի մասնագետները խորապես համոզված են, որ անգամ ամենածանր հիվանդների դեպքում դրական տրամադրվածությանը նպաստող բուժմեթոդները շատ օգտակար են։ Բազմաթիվ հիմքեր կան հաստատելու, որ հույսը բարձրացնում է մարդու տրամադրությունը, դրական լիցքեր է հաղորդում և ոչ միայն։

      Հույսի կարևորությունը

      Բժշկական բնագավառի լրագրող դոկտոր Գիֆորդ-Ջոնսը գրել է. «Հույսը հզոր դեղամիջոց է»։ Նա քննել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, որոնց նպատակն էր պարզել, թե մահացու հիվանդ պացիենտներին տրվող էմոցիոնալ աջակցությունը որքանով է կարևոր։ Ըստ երևույթին, նման աջակցությունը օգնում է մարդկանց ավելի լավատես լինել ու դրական տրամադրվածություն պահպանել։ 1989 թ.-ին կատարված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդպիսի աջակցություն ստացած պացիենտները ավելի երկար են ապրում, թեև հարկ է նշել, որ համեմատաբար վերջերս կատարված նմանատիպ հետազոտությունների արդյունքները պակաս հուսադրող էին։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները հաստատել են, որ էմոցիոնալ աջակցություն ստացած պացիենտները ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայով և ավելի քիչ ցավեր են ունենում, քան նրանք, ում կողքին ոչ ոք չկա։

      Քննենք ևս մի հետազոտություն, որը միտված էր պարզելու, թե լավատեսությունն ու հոռետեսությունը ինչ դեր են ունենում սրտի իշեմիկ հիվանդություն ձեռք բերելու հարցում։ Հետազոտել էին ավելի քան 1 300 տղամարդկանց՝ տեսնելու համար՝ վերջիններս լավատես են, թե վատատես։ Դրանից տասը տարի անց այդ տղամարդկանց ավելի քան 12 տոկոսը սրտի իշեմիկ հիվանդություն էր ձեռք բերել, ընդ որում, հիվանդացածների մեջ հոռետեսների թիվը մոտ 2 անգամ գերազանցում էր լավատեսներին։ Հարվարդի առողջապահության ինստիտուտի առողջության և հասարակական վարքագծի ամբիոնի պրոֆեսոր Լորա Կուբզանսկին ասում է. «Այն գաղափարը, ըստ որի՝ լավատեսությունը դրական է անդրադառնում առողջության վրա, նախկինում գլխավորաբար հիմնված էր մարդկանց պատմածների վրա։ Սակայն սրտի հիվանդության հետ կապված այս հետազոտությունը այդ գաղափարի առաջին և բժշկական տեսանկյունից հիմնավորված ապացույցն է»։

      Որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր համարում են, թե լավ առողջություն չունեն, հետվիրահատական շրջանում ավելի դանդաղ են վերականգնվում՝ համեմատած այն մարդկանց, ովքեր կարծում են, թե լավ առողջություն ունեն։ Անգամ հայտնաբերվել է, որ կապ գոյություն ունի լավատեսության և երկարակեցության միջև։ Մի հետազոտության արդյունքում փորձել էին պարզել, թե ծերության վերաբերյալ դրական կամ բացասական տեսակետը ինչպես է անդրադառնում տարեց մարդկանց վրա։ Այդ փորձի ընթացքում տարեցներից ոմանց ցույց էին տվել, որ տարիքը իր հետ բերում է նաև դրական բաներ, ինչպիսիք են իմաստությունն ու կյանքի փորձը։ Դրանից անմիջապես հետո այդ տարեցների քայլվածքը զգալիորեն փոխվել էր. նրանք սկսել էին ավելի արագ և վստահ քայլել։ Սովորաբար տարեցները այդպիսի քայլվածք ձեռք են բերում 12 շաբաթ ակտիվ մարմնամարզությամբ զբաղվելու արդյունքում։

      Իսկ ինչո՞վ է բացատրվում այն, որ հույսը, լավատեսությունն ու դրական մտքերը լավ են անդրադառնում առողջության վրա։ Գիտնականներն ու բժիշկները դեռ բավականաչափ չեն ուսումնասիրել մարդկային ուղեղն ու օրգանիզմը, որ տան այս հարցի պատասխանը։ Բայց նրանք, այնուամենայնիվ, որոշ ենթադրություններ անում են։ Օրինակ՝ նյարդաբանության մի պրոֆեսոր ասել է. «Հաճելի է լինել երջանիկ և հույսով լի։ Այդ հաճելի վիճակը կրճատում է սթրեսը, բացի այդ՝ նպաստում է, որ մարդու օրգանիզմը ծաղկունք ապրի։ Դա առողջությունը պահպանելու ևս մեկ միջոց է»։

      Այս տեսակետը որոշ բժիշկների, հոգեբանների և գիտնականների գուցե նորություն թվա, բայց Աստվածաշունչ ուսումնասիրողների համար դա վաղուց արդեն հայտնի ճշմարտություն է։ Գրեթե 3 000 տարի առաջ իմաստուն Սողոմոն թագավորը գրել էր այդ մասին. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22)։ Ուշադրություն դարձրեք, թե այս խոսքում ինչ հավասարակշռված մոտեցում կա։ Այստեղ չի ասվում, թե ուրախ սիրտը բուժում է բոլոր հիվանդությունները, պարզապես ասվում է, որ այն «բուժիչ է»։

      Եթե հույսը դեղամիջոց լիներ, ո՞ր բժիշկը այն չէր նշանակի իր պացիենտին։ Բայց հույսը միայն առողջության համար չէ, որ օգտակար է։

      Լավատեսությունը, հոռետեսությունը և ձեր կյանքը

      Հետազոտողները հայտնաբերել են, որ լավատես մարդկանց դրական տրամադրվածությունը շատ մեծ օգուտներ է բերում նրանց։ Սովորաբար նրանք ավելի մեծ հաջողությունների են հասնում դպրոցում, աշխատավայրում և նույնիսկ սպորտի ասպարեզում։ Օրինակ՝ դա է փաստում թեթև աթլետիկայով զբաղվող կանանց մի թիմի շրջանում անցկացված հետևյալ ուսումնասիրությունը։ Թիմի մարզիչներին խնդրեցին կին մարզիկների սպորտային տվյալների վերաբերյալ մանրամասն բնութագիր տալ և կանխատեսել, թե նրանք ինչ արդյունքներ կգրանցեն։ Այդ նույն հարցումը անցկացրին նաև հենց իրենց՝ մարզիկների շրջանում՝ իմանալու համար, թե արդյունքների հարցում իրենք ինչ հույսեր ունեն։ Հետաքրքիրն այն է, որ հույսի հիման վրա մարզիկների արած կանխատեսումները ավելի ճշգրիտ դուրս եկան, թեև մարզիչները կանխատեսումներ էին արել՝ հիմնվելով նրանց սպորտային տվյալների վրա։ Ուստի հարց է առաջանում. հույսն ինչո՞ւ է այդքան զորավոր։

      Այս հարցում շատ բան պարզաբանեց լավատեսության ճիշտ հակառակի՝ հոռետեսության ուսումնասիրությունը։ 1960-ականներին կենդանիների վարքագծի ուսումնասիրությունների ընթացքում անսպասելի արդյունքներ գրանցվեցին, ինչի հիման վրա ստեղծվեց նոր տերմին՝ «ձեռքբերովի անօգնականություն»։ Գիտնականները հայտնաբերեցին, որ մարդկանց ևս հատուկ է «ձեռքբերովի անօգնականությունը»։ Օրինակ՝ այդ հետազոտությանը մասնակցած մի խումբ մարդկանց մոտ շատ բարձր, տհաճ ձայն միացրին և ասացին, որ նրանք կարող են անջատել այն, եթե որոշակի հերթականությամբ մի քանի կոճակ սեղմեն։ Ցուցումներին հետևելով՝ այդ մարդիկ անջատեցին ձայնը։

      Երկրորդ խմբի մարդկանց նույն բանն ասացին, բայց կոճակները սեղմելուց հետո ձայնը չանջատվեց։ Ինչպես հասկանում եք, երկրորդ խմբի մարդկանցից շատերի մոտ անօգնականության զգացում առաջացավ։ Ավելի ուշ այդ նույն մարդկանց մոտ կրկին միացրին բարձր ձայնը, բայց նրանք անգամ չփորձեցին անջատել այն՝ համոզված լինելով, որ իրավիճակն անհույս է։ Սակայն հարկ է նշել, որ այդ նույն խմբում կային նաև լավատես մարդիկ, որոնք թույլ չտվեցին անհուսությանը հաղթանակ տանել։

      Դոկտոր Մարտին Սելիգմանը, ով այս փորձարկումների համահեղինակներից էր, որոշեց իր կյանքը նվիրել լավատեսության և վատատեսության վերաբերյալ ուսումնասիրություններին։ Նա սկսեց ուսումնասիրել այն մարդկանց մտածողությունը, ովքեր իրենց անօգնական էին համարում։ Արդյունքում եկավ եզրակացության, որ հոռետես մտածելակերպը խանգարում է մարդուն կյանքում իր տեղը գտնել և անգամ անգործունյա է դարձնում նրան։ Հոռետես մտածելակերպի և դրա ազդեցության վերաբերյալ իր ուսումնասիրությունները ընդհանրացնելով՝ Սելիգմանն ասել է. «25 տարվա հետազոտություններս ինձ համոզեցին, որ եթե հոռետես մարդու պես սովոր ենք անհաջողակ համարել մեզ, սովոր ենք մտածել, թե անհաջողությունները հետապնդում են մեզ, և որ ինչին ձեռք ենք տալիս, չորանում է, ապա շատ հավանական է, որ այդպես էլ կլինի։ Մինչդեռ շատ բան այլ կերպ կարող էր դասավորվել, եթե հակառակը մտածեինք»։

      Եվ կրկին այսպիսի եզրակացությունները կարող են ոմանց համար նորարարական թվալ, բայց ոչ Աստվածաշունչ ուսումնասիրողների։ Ուշադրություն դարձրեք հետևյալ խոսքերի վրա. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10)։ Այո՛, Աստվածաշունչը հստակ բացատրում է, որ վհատությունը իրեն հատուկ բացասական մտքերի հետ մեկտեղ ուժասպառ է անում մարդուն՝ դարձնելով անգործունյա։ Ուստի ինչպե՞ս կարող եք պայքարել հոռետեսության դեմ և ձեր կյանքը լցնել հույսով ու լավատեսությամբ։

      [նկար 4–5-րդ էջերի վրա]

      Հույսը կարող է շատ բան փոխել

  • Դուք կարող եք հաղթանակ տանել հոռետեսության դեմ
    Հույս. իսկապես օգնո՞ւմ է (հոդված «Արթնացե՛ք»-ից)
    • Դուք կարող եք հաղթանակ տանել հոռետեսության դեմ

      ԻՆՉՊԵ՞Ս եք արձագանքում, երբ անհաջողության եք մատնվում։ Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ այս հարցի պատասխանից կարելի է հասկանալ՝ լավատես եք, թե հոռետես։ Բոլորս էլ կյանքում դժվարությունների ենք բախվում. ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ։ Այդ դեպքում ինչո՞ւ որոշ մարդիկ անհաջողությունների մատնվելիս չեն հանձնվում և պատրաստ են կրկին ջանքեր թափել, մինչդեռ մյուսները անգամ համեմատաբար փոքր դժվարությունների բախվելիս թևաթափ են լինում և դադարում են պայքարել։

      Օրինակ՝ ենթադրենք՝ աշխատանք եք փնտրում։ Գնում եք հարցազրույցի, բայց ձեզ աշխատանքի չեն վերցնում։ Ի՞նչ եք զգում։ Հնարավոր է՝ անմիջապես ենթադրում եք, թե պատճառը դուք եք, որ իրավիճակն անհույս է, և ինքներդ ձեզ ասում եք. «Ինձ նմանին ոչ ոք աշխատանքի չի ընդունի։ Ես երբեք գործ չեմ գտնի»։ Կամ, որ ավելի վատ է, այս անհաջող փորձի պատճառով գուցե սկսում եք մռայլ գույների ներքո դիտել ձեր ողջ կյանքը՝ մտածելով. «Ես կատարյալ անհաջողակ եմ ու ոչ մեկին պետք չեմ»։ Երկու դեպքում էլ նման մտածելակերպը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոռետեսություն։

      Պայքար հոռետեսության դեմ

      Ինչպե՞ս կարող եք պայքարել հոռետեսության դեմ։ Առաջին՝ սովորեք տարբերակել բացասական մտքերը։ Երկրորդ՝ պայքարեք դրանց դեմ։ Փորձեք իրավիճակի համար հավանական այլ բացատրություն գտնել։ Օրինակ՝ հարցազրույցից հետո մերժում ստանալու պատճառն իսկապե՞ս այն էր, որ ոչ ոք չի ուզում աշխատանքի ընդունել ձեզ։ Թե՞ գործատուն պարզապես մասնագիտական այլ որակավորում ունեցող աշխատող էր փնտրում։

      Փաստերը հաշվի առնելուց հետո ձեզ կհաջողվի տարբերակել այն բացասական մտքերը, որոնց պատճառով չափազանցրել էիք խնդիրը։ Մի՞թե մեկ մերժումը հիմք է եզրակացնելու, որ դուք կատարյալ ձախողակ եք։ Մտածեք ձեր կյանքի մյուս բնագավառների մասին, որտեղ որոշակի հաջողությունների եք հասել. օրինակ՝ մտածեք Աստծու, ընտանիքի անդամների և ընկերների հետ ունեցած ձեր փոխհարաբերությունների մասին։ Սովորեք նկատել, թե ձեր մռայլ կանխատեսումների ընթացքում «Կիկոսի մահը» որ պահից է սկսվում, և մի կողմ դրեք այդ մտքերը։ Ի վերջո, դուք չեք կարող հաստատ իմանալ՝ երբևէ աշխատանք կգտնեք, թե ոչ։ Մռայլ մտքերից ազատվելու այլ միջոցներ էլ կան։

      Դրական տրամադրվածություն և նպատակասլացություն

      Վերջին տարիներին հետազոտողները սահմանել են, թե ինչ է հույսը։ Նրանց տված սահմանումը թեև հետաքրքիր է, բայց թերի է։ Ըստ նրանց՝ հույսը համոզվածությունն է, որ դու կարող ես հասնել քո դրած նպատակներին։ Հաջորդ հոդվածից կիմանանք, որ հույսը շատ ավելին է ներառում։ Բայց որոշ իրավիճակներում հետազոտողների տված այս սահմանումը համապատասխանում է իրականությանը։ Օրինակ, եթե մարդ ուզում է հասնել որոշակի նպատակի, ապա նման հույսը՝ համոզվածությունը, օգնում է նրան դրական տրամադրվածություն պահպանել և լինել նպատակասլաց։

      Երբ հաճախ ենք նպատակներ դնում և հասնում ենք դրանց, փորձ ենք ձեռք բերում, իսկ փորձի հետ մեկտեղ՝ նաև համոզվածություն, որ մեր ապագա նպատակներին էլ կհասնենք։ Եթե այդպիսի փորձ դեռ չունենք, կարող ենք լրջորեն մտածել նպատակներ դնելու մասին։ Օրինակ՝ կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ես որևէ նպատակ ունե՞մ»։ Կյանքի հորձանքի մեջ հայտնվելով՝ հեշտ է աչքաթող անել, թե իրականում ինչ ենք ուզում կյանքից, թե ինչն է ամենից կարևոր մեզ համար։ Հստակ առաջնահերթություններ սահմանելու վերաբերյալ այս պարզ սկզբունքը դեռևս դարեր առաջ գրված էր Աստվածաշնչում. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։

      Ճիշտ առաջնահերթություններ սահմանելը օգնում է, որ ավելի հեշտությամբ կարողանանք իմաստուն նպատակներ դնել, որոնք առնչվում են մեր հոգևոր գործունեությանը, ընտանեկան կյանքին, աշխատանքին կամ կրթությանը։ Սակայն անչափ կարևոր է, որ միանգամից շատ նպատակներ չդնենք։ Բացի այդ՝ լավ կլինի այնպիսի նպատակ դնել, որին կարող ենք հեշտությամբ հասնել, հակառակ դեպքում հնարավոր է՝ վհատվենք և հանձնվենք։ Ուստի սովորաբար խորհուրդ է տրվում հեռահաս նպատակի ճանապարհին փոքր նպատակներ դնել, որոնց հնարավոր է կարճ ժամանակում հասնել։

      Մի հայտնի խոսք կա. «Մարդու մտքի՛ն տեղ լինի»։ Այս խոսքերի մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա։ Նպատակ դնելուց հետո մեզ կամքի ուժ, այսինքն՝ ցանկություն և վճռականություն է անհրաժեշտ դրան հասնելու համար։ Մենք կարող ենք ավելի մեծ վճռականությամբ լցվել, եթե խորհրդածենք, թե որքանով է կարևոր մեր դրած նպատակը, և թե ինչ ձեռք կբերենք՝ հասնելով դրան։ Իհարկե, մեր ճանապարհին խոչընդոտներ կհանդիպեն, բայց դրանք հարկավոր է դիտել ոչ թե որպես փակուղիներ, այլ որպես բարձունքներ, որոնք հարկավոր է գրավել։

      Մենք նաև պետք է մտածենք, թե գործնականում ինչ միջոցներ կարող ենք կիրառել մեր նպատակներին հասնելու համար։ Ռիկ Սնայդերը, որը խոր ուսումնասիրություններ է արել այն թեմայով, թե որքանով է արժեքավոր հույսը, խորհուրդ է տալիս դրված նպատակին հասնելու համար միաժամանակ մի քանի ճանապարհ ընտրել։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե ճանապարհներից մեկը փակվի, հնարավոր կլինի գնալ երկրորդով, երրորդով և այլն։

      Ռիկ Սնայդերը նաև խորհուրդ է տալիս անհրաժեշտության դեպքում մի նպատակը փոխարինել մեկ այլով։ Եթե դրված նպատակը ինչ-ինչ պատճառներով գրեթե անհասանելի է դարձել, ապա դրան ձգտելը միայն հիասթափություններ կբերի։ Մինչդեռ այն ավելի հասանելի նպատակով փոխարինելը կարող է մեզ նոր հույսով լցնել։

      Այս առումով Աստվածաշնչում վառ օրինակ կա։ Դավիթ թագավորը անձկագին մի նպատակի էր ձգտում. նա ուզում էր տաճար կառուցել իր Աստված Եհովայի համար։ Բայց Աստված թագավորին ասաց, որ այդ առանձնաշնորհումը նրա որդի Սողոմոնին է բաժին ընկնելու։ Դա լսելով՝ Դավիթը ոչ թե վհատվեց կամ փորձեց իրենը պնդել, այլ փոխեց իր նպատակը։ Նա իր ուժերը ներդրեց ապագա շինարարության համար գումար և շինանյութ կուտակելու գործում (1 Թագավորներ 8։17–19; 1 Տարեգրություն 29։3–7)։

      Նույնիսկ եթե այլևս հոռետես չենք, դրական տրամադրվածություն ունենք և նպատակասլաց ենք, չի բացառվում, որ դեռ հույսի խիստ կարիք ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս աշխարհում հուսալքությանը նպաստող պատճառների մեծ մասը բխում է այնպիսի գործոններից, որոնք լիովին դուրս են մեր վերահսկողությունից։ Ինչպե՞ս է հնարավոր հույսով նայել ապագային, եթե մարդկությունը տառապում է աղքատության, պատերազմների, անարդարությունների, անդադար սպառնացող հիվանդությունների և, ի վերջո, մահվան պատճառով։

      [նկար 7-րդ էջի վրա]

      Եթե ձեզ աշխատանքի չեն վերցրել այնտեղ, որտեղ ուզում էիք, արդյո՞ք դա նշանակում է, թե ձեզ երբեք աշխատանքի չեն ընդունի

      [նկար 8-րդ էջի վրա]

      Երբ հանգամանքները փոխվեցին, փոխվեցին նաև Դավիթ թագավորի նպատակները

  • Ո՞վ կարող է իսկական հույս տալ
    Հույս. իսկապես օգնո՞ւմ է (հոդված «Արթնացե՛ք»-ից)
    • Ո՞վ կարող է իսկական հույս տալ

      ՁԵՐ ժամացույցը կանգ է առել, ու թվում է՝ փչացել է։ Այն նորոգելու համար ձեզ բազմաթիվ տարբերակներ են առաջարկում։ Ժամացույցների վերանորոգման հայտարարությունները ամենուր են։ Դրանցում համոզիչ խոստումներ են տրվում, բայց երբեմն այդ հայտարարությունների տեղեկությունները հակասում են իրար։ Պատահաբար իմանում եք, որ ձեր հարևանությամբ մի ժամագործ է ապրում, որն էլ ժամացույցի հենց այդ մոդելի հեղինակն է։ Ավելին, պարզվում է, որ նա պատրաստ է անվճար վերանորոգել ձեր ժամացույցը։ Դժվար չէ կռահել, թե ինչ կանեք։

      Պատկերացրեք՝ այդ ժամացույցը հուսալու ձեր ունակությունն է։ Այս անհանգիստ ժամանակներում շատերն են հուսալքվել։ Եթե դուք այդ մարդկանցից մեկն եք, օգնության համար ո՞ւմ կդիմեք։ Բազմաթիվ մարդիկ պնդում են, թե կարող են լուծել այդ խնդիրը։ Բայց նրանց տված անհամար խորհուրդները հակասական են հնչում ու միայն ավելի են շփոթեցնում ձեզ։ Իսկ ինչո՞ւ չդիմեք այն Մեկին, ով մարդ արարածին հուսալու ունակությամբ է օժտել։ Աստվածաշնչում ասվում է, որ «նա [Աստված] մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» և պատրաստ է օգնության ձեռք մեկնել (Գործեր 17։27; 1 Պետրոս 5։7)։

      Իրականում ի՞նչ է հույսը

      «Հույս» հասկացությունը Աստծու Խոսքում ավելի լայն, ավելի խոր իմաստ ունի, քան այն հույսը, որի մասին խոսում են մերօրյա բժիշկները, գիտնականներն ու հոգեբանները։ Աստվածաշնչի բնագիր լեզուներում «հույս» թարգմանված բառը նշանակում է «մեծ փափագով սպասել», «լավ բան ակնկալել»։ Ըստ էության, հույսը երկու մասից է բաղկացած. ինչ-որ լավ բան ունենալու ցանկությունից և հիմքից, որ ակնկալիքը կիրականանա։ Համաձայն Աստվածաշնչի՝ հույսը տարբերվում է սին երազանքներից։ Այն հիմնված է փաստերի և ապացույցների վրա։

      Այս առումով հույսը նման է հավատին, որը նույնպես պետք է հիմնված լինի փաստերի ու ապացույցների վրա և տարբերվի դյուրահավատությունից (Եբրայեցիներ 11։1)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը տարբերություն է դնում հավատի և հույսի միջև (1 Կորնթացիներ 13։13)։

      Պարզաբանենք օրինակով։ Ենթադրենք՝ ձեր մտերիմ ընկերոջը խնդրում եք ինչ-որ բան անել։ Դուք հույս ունեք, որ նա կօգնի, և այդ հույսը անհիմն չէ, քանի որ հավատում եք, վստահում եք ձեր ընկերոջը. դուք լավ եք ճանաչում նրան և նախկինում բազմիցս տեսել եք, թե ինչպես է բարություն և առատաձեռնություն դրսևորել։ Ձեր հավատն ու հույսը սերտորեն կապված են իրար, նույնիսկ փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, դրանք նույն բանը չեն։ Իսկ ինչպե՞ս կարող եք նույն ձևով Աստծու վրա հույս դնել։

      Հիմք՝ հուսալու համար

      Աստված իսկական հույսի Աղբյուրն է։ Աստվածաշնչում Եհովան կոչվում է «Իսրայելի հույս» (Երեմիա 14։8)։ Եհովայի ժողովրդի ունեցած բոլոր հույսերը նրա հետ էին կապված, դրա համար էլ նա էր նրանց հույսը։ Այդպիսի հույսը խիստ տարբերվում է երազանքից։ Աստված նրանց ամուր հիմքեր էր տվել հուսալու համար։ Դարերի ընթացքում նա միշտ իրականացրել էր իր տված բոլոր խոստումները։ Իսրայելացիների առաջնորդ Հեսուն այս մասին ասաց. «Դուք լավ գիտեք.... որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց» (Հեսու 23։14)։

      Հազարավոր տարիներ են անցել, բայց այս խոսքերը չեն կորցրել իրենց ուժը. դրանք այսօր էլ են մարդուն հավատով լցնում։ Աստվածաշունչը լի է Արարչի տված հիանալի խոստումներով։ Պատմական ճշգրիտ արձանագրությունները փաստում են, որ Եհովան միշտ իր խոսքի տերն է լինում։ Նրա մարգարեական խոստումներն այնքան վստահարժան են, որ երբեմն դրանք տալիս նա այնպես է խոսում, կարծես արդեն կատարվել են։

      Դրա համար էլ կարելի է ասել, որ Աստվածաշունչը հույս տվող գիրք է։ Որքան շատ իմանաք այն մասին, թե դարերի ընթացքում Աստված ինչպես է վարվել մարդկանց հետ, այնքան ավելի շատ պատճառներ կունենաք նրա վրա հույս դնելու։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։

      Աստված ի՞նչ հույս է տվել մեզ

      Մարդն ամենից շատ ե՞րբ է հույսի կարիք ունենում։ Երբ մահը թակում է դուռը, այնպես չէ՞։ Սովորաբար հարազատ կորցնելիս մարդու բոլոր հույսերը հօդս են ցնդում։ Ի վերջո, մահվանից ավելի ի՞նչը կարող է հուսախաբ անել։ Այդ անողորմ դահիճը կրնկակոխ հետապնդում է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք կարող ենք հետաձգել մահվան գալուստը, բայց անզոր ենք հաղթանակ տանել դրա դեմ։ Պատահական չէ, որ Աստվածաշնչում մահը կոչվում է «վերջին թշնամի» (1 Կորնթացիներ 15։26)։

      Մի՞թե սա նշանակում է, որ մահից ազատվելու ոչ մի հույս չկա։ Աստվածաշնչյան այն համարում, որտեղ մահը կոչվում է վերջին թշնամի, նաև ասվում է, որ այն ոչնչացվելու է։ Եհովա Աստված անհամեմատ զորեղ է, քան մահը։ Նա փաստել է դա՝ հարություն տալով մահացածներին։ Աստվածաշնչում այդպիսի ինը արձանագրություն կա։

      Առավել հատկանշական է այն դեպքը, երբ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, զորություն տվեց, որ վերջինս հարություն տա իր թանկագին ընկեր Ղազարոսին։ Ղազարոսն արդեն չորս օր է՝ մահացել էր։ Ընդ որում, Հիսուսը հարություն տվեց նրան ոչ թե գաղտնաբար, այլ մի մեծ բազմության աչքի առաջ (Հովհաննես 11։38–48, 53; 12։9, 10)։

      Հնարավոր է՝ մտածեք. «Ո՞րն էր այդ մարդկանց հարություն տալու նպատակը, չէ՞ որ նրանք ի վերջո, կրկին մահացան»։ Դա իհարկե այդպես է, բայց հարության վերաբերյալ այս վստահարժան արձանագրությունները փաստում են, որ մեր մահացած հարազատներին կրկին տեսնելու ցանկությունը լոկ երազանք չէ, մենք ծանրակշիռ հիմքեր ունենք հավատալու, որ այդպես էլ կլինի։ Այլ կերպ ասած՝ մենք անսասան հույս ունենք։

      Հիսուսն ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես 11։25)։ Եհովան Հիսուսին օժտել է զորությամբ, որ ոչ թե մեկ-երկու հոգու հարություն տա, այլ շատ շատերին։ Հիսուսն ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Այո՛, գերեզմանում գտնվող բոլոր մահացածները երկրային դրախտում հարություն են առնելու։

      Տեսեք, թե Եսայիա մարգարեն այդ հուզիչ իրադարձությունը ինչպես է նկարագրել. «Քո մահացածներն ապրելու են։ Մեր դիերը վեր են կենալու։ Արթնացե՛ք և ուրախ բացականչե՛ք, ո՛վ հողի մեջ բնակվողներ։ Քո ցողը փիփերթի ցողի պես է։ Երկիրը ծնունդ կտա նույնիսկ անզոր մեռելներին» (Եսայիա 26։19)։

      Մի՞թե սա մխիթարական խոստում չէ։ Մահացածները գտնվում են հնարավոր ամենաապահով վայրում։ Ինչպես չծնված երեխան է ապահով իր մոր արգանդում, այնպես էլ գերեզմանում լինողներն են լիովին ապահով, քանի որ գտնվում են Ամենակարող Աստծու անսահման հիշողության մեջ (Ղուկաս 20։37, 38)։ Եվ շուտով նրանք կրկին կյանքի են կոչվելու, որ ապրեն երջանիկ աշխարհում, որտեղ ուրախությամբ կընդունեն նրանց։ Դա նման կլինի այն բանին, երբ ջերմ ու հոգատար ընտանիքը առաջին անգամ գիրկն է առնում երկար սպասված մանկիկին։ Ուստի անգամ մահը պատճառ չէ հուսալքվելու համար։

      Որքանո՞վ է կարևոր հույսը

      Պողոս առաքյալը շատ բան է սովորեցրել այն մասին, թե հույսն ինչ կարևորություն ունի։ Նա նշել է, որ հույսը հոգևոր սպառազինության կարևորագույն մասերից է։ Պողոսն այն համեմատել է սաղավարտի հետ (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչյան ժամանակներում զինվորը մարտի գնալիս երկաթյա սաղավարտ էր կրում, որի տակից սովորաբար բրդյա կամ կաշվե գլխարկ էր դնում։ Սաղավարտի շնորհիվ գլխին հասցված հարվածների մեծ մասը մահացու վնաս չէր պատճառում զինվորին։ Այս օրինակով Պողոսն ի՞նչ էր ուզում սովորեցնել։ Ինչպես սաղավարտն էր պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մարդու միտքը։ Եթե անսասան հույս ունեք, որը ներդաշնակ է Աստծու նպատակներին, ձեզ բաժին ընկած ոչ մի դժվարությունից չեք կորցնի ձեր հոգեկան հավասարակշռությունը, խուճապի չեք մատնվի և չեք հուսալքվի։ Մեզանից ո՞վ կհրաժարվեր այդպիսի սաղավարտից։

      Պողոսը մեկ այլ ազդեցիկ օրինակ էլ է բերում բացատրելու համար, թե հույսը ինչ կապ ունի Աստծու կամքի հետ։ Նա գրել է. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբրայեցիներ 6։19)։ Քանի որ առաքյալը մեկ անգամ չէ, որ նավաբեկության էր ենթարկվել, նա շատ լավ գիտեր, թե խարիսխը որքան կարևոր է։ Փոթորկի ժամանակ նավաստիները խարիսխ էին գցում։ Եթե այն հասնում էր ծովի հատակին և ամուր մխրճվում էր դրա մեջ, ապա հավանականություն կար, որ նավը փոթորկից սաստիկ չէր վնասվի, և քամին չէր կոտրի այն՝ զարկելով ափամերձ ժայռերին։

      Եթե Աստծու խոստումները մեզ համար խարսխի պես հուսալի ու հաստատ են, ապա կարող են օգնել, որ այս փոթորկալից ժամանակներում ոգով ամուր մնանք։ Եհովան խոստացել է, որ շուտով մարդկությունն այլևս չի տառապի պատերազմներից, հանցագործություններից, դժբախտություններից և անգամ՝ մահից (տես «Հույս ունենալու հիմքեր» շրջանակը)։ Եթե կառչենք այդ հույսից, այն կարող է մեզ համար դառնալ խարիսխ, որն անհրաժեշտ է փոթորկից վերապրելու համար, ինչպես նաև կարող է անհրաժեշտ ուժը տալ, որ ապրենք Աստծու չափանիշներով և թույլ չտանք, որ այս աշխարհում տիրող անբարո ոգին ու քաոսը կլանեն մեզ։

      Եհովայի տված հույսը անձամբ ձեզ էլ կարող է օգնել։ Նա ուզում է՝ վայելեք այն կյանքը, որը նպատակադրել է ձեզ համար։ Նրա «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ.... փրկվեն»։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Նախ յուրաքանչյուրը պետք է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանա» (1 Տիմոթեոս 2։4)։ Հորդորում ենք ձեզ Աստծու Խոսքի ճշմարտության մասին փրկարար գիտելիքներ ձեռք բերել և ապրել դրանց համաձայն։ Արարիչը իր Խոսքի միջոցով այնպիսի հույս է տալիս, որի հետ չի կարող համեմատվել ոչ մի ուրիշ հույս, որ տալիս է այս աշխարհը։

      Աստծու տված հույսի շնորհիվ դուք երբեք չեք վհատվի։ Նա կարող է ձեզ անհրաժեշտ ուժ տալ՝ իրագործելու ցանկացած նպատակ, որը ներդաշնակ է իր կամքին (2 Կորնթացիներ 4։7; Փիլիպպեցիներ 4։13)։ Մի՞թե դա հենց այն հույսը չէ, որի կարիքը ունեք։ Այսպիսով, եթե դուք հույսի կարիք ունեք, եթե երկար ժամանակ է, ինչ փնտրում եք այն, մի՛ հանձնվեք։ Այդ հույսը հասանելի է։ Դուք կարո՛ղ եք գտնել այն։

      [շրջանակ/նկար 10-րդ էջի վրա]

      Հույս ունենալու հիմքեր

      Սուրբգրային հետևյալ մտքերը կարող են հույսով լցնել ձեզ։

      ◼ Աստված երջանիկ ապագա է խոստանում։

      Նրա Խոսքում ասվում է, որ ամբողջ երկիր մոլորակը դրախտ է դառնալու, որտեղ բնակվելու է մարդկային երջանիկ և միասնական ընտանիքը (Սաղմոս 37։11, 29; Եսայիա 25։8; Հայտնություն 21։3, 4)։

      ◼ Աստված չի կարող ստել։

      Նա ատում է սուտը իր բոլոր դրսևորումներով։ Եհովան անսահման մաքուր է, կամ՝ սուրբ, ուստի չի կարող ստել (Առակներ 6։16–19; Եսայիա 6։2, 3; Տիտոս 1։2; Եբրայեցիներ 6։18)։

      ◼ Աստված անսահման զորություն ունի։

      Միայն Եհովան է ամենակարող։ Ոչինչ չի կարող խանգարել նրան իրականացնել իր նպատակները (Ելք 15։11; Եսայիա 40։25, 26)։

      ◼ Աստված ուզում է, որ հավիտյան ապրեք։

      (Հովհաննես 3։16; 1 Տիմոթեոս 2։3, 4)։

      ◼ Աստված մեզ հետ հույսեր է կապում։

      Նա կենտրոնանում է ոչ թե մեր թերությունների ու սխալների վրա, այլ լավ հատկությունների և ջանքերի (Սաղմոս 103։12–14; 130։3; Եբրայեցիներ 6։10)։ Նա հույս ունի, որ կանենք այն, ինչ ճիշտ է, և ուրախանում է, երբ այդպես ենք անում (Առակներ 27։11)։

      ◼ Աստված խոստանում է, որ կօգնի ձեզ իրագործել այն նպատակները, որոնք չեն հակասում իր կամքին։

      Աստծու ծառաները երբեք չպետք է անօգնական զգան իրենց։ Նրանց օգնելու համար Արարիչը առատաձեռնորեն տալիս է իր սուրբ ոգին՝ տիեզերքի ամենազորեղ ուժը (Փիլիպպեցիներ 4։13)։

      ◼ Աստծուն հուսացողները երբեք չեն հիասթափվի։

      Նա արժանի է ձեր լիակատար վստահությանը։ Աստված երբեք չի հիասթափեցնի ձեզ (Սաղմոս 25։3)։

      [նկար 12-րդ էջի վրա]

      Ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մարդու միտքը

      [նկար 12-րդ էջի վրա]

      Ամուր հիմքեր ունեցող հույսը խարսխի նման կարող է կայուն պահել ձեր հոգեկան աշխարհը

      [թույլտվությամբ]

      Courtesy René Seindal/Su concessione del Museo Archeologico Regionale A. Salinas di Palermo

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը