Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Տագնապալից ժամանակներ, որոնք նախորդում են լավ օրերին
    2011 Դիտարան | մայիս 1
    • Տագնապալից ժամանակներ, որոնք նախորդում են լավ օրերին

      «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։1)

      ԵՐԲԵՎԷ լսե՞լ եք այսպիսի ահազդու լուրերի մասին կամ ականատես եղե՞լ եք նման դեպքերի.

      ● Մահացու հիվանդությունները բազմաթիվ կյանքեր են խլում։

      ● Սովը հարյուրավոր մարդկանց գերեզման է տանում։

      ● Երկրաշարժը հազարավորների մահվան պատճառ է դառնում և շատ շատերին անօթևան թողնում։

      Հաջորդ մի քանի էջերում նմանատիպ խնդիրների մասին մտածելու տեղիք տվող փաստեր են բերվում։ Խոսվում է նաև Աստվածաշնչում կանխագուշակված «վերջին օրեր» կոչվող ժամանակահատվածի մասին, որի ընթացքում նման դեպքեր էին տեղի ունենալուa։

      Սակայն այս հոդվածների նպատակը չէ համոզել ձեզ, որ ապրում ենք խնդիրներով լի աշխարհում։ Ըստ ամենայնի, դուք ինքներդ էլ տեսնում եք դա։ Հոդվածների նպատակը ձեզ հուսադրելն է։ Դրանցում խոսվում է վեց մարգարեությունների կատարման մասին, որոնք ազդարարում են «վերջին օրերի» մոտալուտ ավարտը։ Հոդվածաշարում քննարկվում են նաև հաճախ հանդիպող առարկություններ և բերվում են հիմնավոր պատճառներ, որոնք օգնում են մեզ համոզվելու, որ լավ ժամանակները դեռ առջևում են։

      [ծանոթագրություն]

      a Այն, թե ինչու է Աստված հանդուրժում այս իրավիճակը, տե՛ս 16 և 17-րդ էջերում տեղ գտած «Ինչո՞ւ է Աստված թույլատրում չարությունն ու տառապանքը» հոդվածը։

  • 1. Երկրաշարժեր
    2011 Դիտարան | մայիս 1
    • 1. Երկրաշարժեր

      «Մեծ երկրաշարժեր կլինեն» (ՂՈՒԿԱՍ 21։11)։

      ● Հայիթիի երկրաշարժի ժամանակ լրագրողների մի խումբ, որը ռեպորտաժ էր պատրաստում դեպքի մասին, որսաց մանկան հազիվ լսելի ճիչեր. փլատակների տակից հանեցին մոտ մեկուկեսամյա Վինիին։ Նրան կարողացան փրկել, իսկ ծնողներին՝ ոչ։

      Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ 2010​թ. հունվարին Հայիթիում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ. մահացավ ավելի քան 300000 մարդ, իսկ 1,3 միլիոն մարդ մի ակնթարթում անօթևան մնաց։ Թեև Հայիթիի երկրաշարժը շատ ուժգին էր, սակայն միակը չէր։ 2009​թ. ապրիլից մինչև 2010​թ. ապրիլը ամբողջ աշխարհում առնվազն 18 մեծ երկրաշարժ է գրանցվել։

      ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Երկրաշարժերը այդքան էլ շատ չեն. պարզապես ժամանակակից սարքավորումների շնորհիվ այսօր մենք ավելի շատ ենք տեղեկացված դրանց մասին, քան անցյալում։

      ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Քննեք հետևյալ փաստը. Աստվածաշունչը կոնկրետ չի նշում երկրաշարժերի թիվը, որոնք տեղի էին ունենալու վերջին օրերում։ Սակայն այնտեղ ասվում է, որ «տեղ-տեղ» «մեծ երկրաշարժեր» կլինեն։ Սա պատմության այս ժամանակահատվածի ուշագրավ իրադարձություններից մեկն է (Մարկոս 13։8; Ղուկաս 21։11)։

      Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Ականատես լինո՞ւմ ենք մեծ երկրաշարժերի, որոնց մասին կանխագուշակել է Աստվածաշունչը։

      Ինչ խոսք, միայն երկրաշարժերը չէ, որ փաստում են վերջին օրերի մասին։ Դա կատարվող մարգարեություններից ընդամենը մեկն է։ Եկեք քննենք երկրորդը։

      [մեջբերում 4-րդ էջի վրա]

      «Մենք [ինժեներ-երկրաֆիզիկոսներս] դրանք անվանում ենք մեծ երկրաշարժեր, իսկ մարդիկ՝ սարսափելի երկրաշարժեր» (ԿԵՆ ՀՈՒԴՆՈՒՏ, ԱՄՆ-Ի ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)։

      [նկար 4-րդ էջի վրա. թույլտվությամբ]

      © William Daniels/Panos Pictures

  • 2. Սովեր
    2011 Դիտարան | մայիս 1
    • 2. Սովեր

      «Սովեր կլինեն» (ՄԱՐԿՈՍ 13։8)։

      ● Մի մարդ սովի ճիրաններից ազատվելու համար եկել է Նիգերի Քվարատաջի գյուղ։ Նրա զարմիկները, եղբայրներն ու քույրերը նույնպես տեղափոխվել են այդ երկրի հեռավոր ու մեկուսացած վայրերից, որպեսզի հագեցնեն իրենց քաղցը։ Այժմ այս մարդը մենակ նստած է գետնին փռած փոքրիկ կարպետի վրա։ Իսկ ինչո՞ւ է նա մենակ։ «Նա չի կարողանում կերակրել [իր տնեցիներին] և ոչ էլ կարողանում է նայել նրանց աչքերի մեջ»,— բացատրում է Սիդին՝ Քվարատաջիի գյուղապետը։

      Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Ամբողջ աշխարհում 7 մարդուց 1-ը չի կարողանում իր օրվա սնունդը հայթայթել։ Իրավիճակը ավելի սարսափելի է Աֆրիկայի՝ Սահարայի հարավում ընկած երկրներում, որտեղ ամեն 3-րդ մարդը տառապում է քրոնիկական սովից։ Ավելի լավ պատկերացնելու համար եկեք տեսնենք մի ընտանիքի օրինակ, որը բաղկացած է երեք անդամից՝ հորից, մորից և երեխայից։ Եթե կերակուրը բավարարում է միայն երկու հոգու, այդ դեպքում ո՞վ սոված կմնա՝ հա՞յրը, մա՞յրը, թե՞ երեխան։ Ահա թե ինչ խնդրի առաջ են կանգնում նման ընտանիքները ամեն օր։

      ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Երկիրը ունի սննդի մեծ պաշարներ։ Պարզապես երկրի ռեսուրսները պետք է ճիշտ բաշխել։

      ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, այսօր ավելի քան երբևէ գյուղացիները կարողանում են շատ բերք ստանալ և փոխադրել այն։ Անշուշտ, լավ կլիներ, եթե կառավարությունները կարողանային բաշխել երկրի վրա եղած սնունդն այնպես, որ սովի խնդիրը լուծվի։ Սակայն տասնամյակներ շարունակ նրանց կատարած փորձերը ձախողվել են, քանի որ վերջիններս անզոր են այս հարցում։

      Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կատարվո՞ւմ են արդյոք Մարկոս 13։8-ում գրված խոսքերը։ Չնայած տեխնիկայի առաջընթացին՝ ամբողջ աշխարհում ապրող մարդիկ ունե՞ն բավարար սնունդ։

      Երկրաշարժերին ու սովերին հաճախ հաջորդում են այլ խնդիրներ, որոնք նույնպես վերջին օրերի նշանի մաս են կազմում։

      [մեջբերում 5-րդ էջի վրա]

      «Երեխաների ավելի քան մեկ երրորդը մահանում է թոքաբորբից, փորլուծությունից և այլ հիվանդություններից։ Նրանք չէին մահանա, եթե թերսնված չլինեին» (ԱՆՆԱ ՎԵՆԵՄԵՆ՝ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ)։

      [նկար 5-րդ էջի վրա. թույլտվությամբ]

      © Paul Lowe/Panos Pictures

  • 3. Համաճարակներ
    2011 Դիտարան | մայիս 1
    • 3. Համաճարակներ

      «Մարդիկ.... կտառապեն սարսափելի հիվանդություններից» (ՂՈՒԿԱՍ 21։11, Contemporary English Version)։

      ● Բոնզալին Աֆրիկայի երկրներից մեկում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, հասարակական առողջապահության գծով աշխատակից է։ Նա իր ուժերից եկածն անում էր, որպեսզի բուժեր իր քաղաքում աշխատող հանքափորներին, որոնք մահանում էին Մարբուրգի վիրուսիցa։ Մեծ քաղաքների պաշտոնյաներին ուղղված օգնության իր խնդրանքները անպատասխան էին մնում։ Ի վերջո, չորս ամիս անց օգնությունը տեղ հասավ, բայց Բոնզալին արդեն մահացել էր։ Նա վարակվել էր Մարբուրգի հիվանդությամբ այն հանքափորներից, որոնց փորձել էր փրկել։

      Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Ստորին շնչուղիների վարակը (ինչպես օրինակ՝ թոքաբորբը), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, փորլուծությունը, տուբերկուլյոզը և մալարիան դասվում են մարդկությանը սպառնացող մահացու հիվանդությունների շարքին։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս հինգ հիվանդությունները մոտ 10,7 միլիոն անհատների կյանքեր են խլել։ Այլ կերպ ասած՝ երեք վայրկյանը մեկ մահացել է մի մարդ։

      ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Աշխարհի բնակչության թիվը գնալով աճում է, այդ պատճառով էլ աճում է նաև հիվանդների թիվը։ Ուստի ավելի շատ մարդիկ կարող են վարակվել։

      ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, աշխարհի բնակչության թիվը կտրուկ աճել է։ Բայց զարգացել են նաև հիվանդությունները վերահսկելու, դրանք ախտորոշելու և բուժելու մեթոդները։ Ուստի տրամաբանական չէ՞ արդյոք եզրակացնել, որ հիվանդությունները աստիճանաբար պիտի նահանջեն։ Իրականում ճիշտ հակառակն է տեղի ունենում։

      Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Արդյո՞ք մարդիկ չեն տառապում սարսափելի հիվանդություններից, ինչպես որ կանխագուշակված էր Աստվածաշնչում։

      Երկրաշարժերը, սովերն ու հիվանդությունները անդեմ ուժեր են, որոնք անասելի ցավ են պատճառում միլիոնավորների։ Իսկ շատերն էլ տառապում են մարդկանց պատճառով. նրանցից ոմանք այն անհատների զոհն են դառնում, ովքեր իրականում պետք է պաշտպանեին իրենց։ Այժմ եկեք ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի մարգարեության մեկ այլ երեսակի վրա։

      [ծանոթագրություն]

      a Մարբուրգ հեմոռագիկ (արյունահոսական) տենդը մի վիրուսի հետևանք է, որը նման է Էբոլային։

      [մեջբերում 6-րդ էջի վրա]

      «Առյուծի բաժին դառնալը սարսափելի բան է, բայց նույնքան սարսափելի է ընկնել քեզ ներսից «կրծող» հիվանդության ճիրանները, ու տեսնել, որ դա համընդհանուր բնույթ է կրում» (ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆ ՄԱՅՔԼ ՕՍՏԵՐՀՈԼՄ)։

      [նկար 6-րդ էջի վրա. թույլտվությամբ]

      © William Daniels/Panos Pictures

  • 4. Սիրո պակաս
    2011 Դիտարան | մայիս 1
    • 4. Սիրո պակաս

      «Մարդիկ.... բնական կապվածություն չեն ունենա իրենց ընտանիքի անդամների հանդեպ» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։1–3, God’s Word Bible)։

      ● Քրիսը Հյուսիսային Ուելսում աշխատում է մի կենտրոնում, որն օգնում է ընտանիքում բռնության զոհ դարձածներին։ «Հիշում եմ, թե ինչպես մի կին, որին նախկինում հանդիպել էի, ներս մտավ այն աստիճան ծեծված, որ նույնիսկ չճանաչեցի նրան,— պատմում է Քրիսը։— Որոշ կանայք էլ էմոցիոնալ առումով այնքան ճնշված են, որ անգամ չեն կարողանում իրենց հայացքը կտրել գետնից»։

      Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Աֆրիկական մի երկրում գրեթե ամեն երրորդ կինը փոքր տարիքում բռնաբարության է ենթարկվել։ Այդ նույն երկրում անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ տղամարդկանց ավելի քան մեկ երրորդը կարծում է, թե իրենց կանանց ծեծելն ընդունելի է։ Բայցևայնպես, միայն կանայք չէ, որ բռնության զոհ են դառնում ընտանիքում։ Օրինակ՝ Կանադայում 10 տղամարդուց մոտ 3-ը ծեծի կամ այլ բռնարարքի է ենթարկվում իրենց կողակիցների կողմից։

      ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Ընտանիքում միշտ էլ բռնության դեպքեր եղել են, պարզապես այսօր դրան ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան անցյալում։

      ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Վերջին տասնամյակների ընթացքում ավելի շատ ենք տեղեկանում ընտանիքում գործադրվող բռնությունների մասին։ Բայց ինչո՞ւ այդ խնդրի մասին տեղեկացված լինելը չի նվազեցրել դրանց թիվը։ Պատճառը սիրո պակասն է, որը ավելի քան երբևէ համատարած է դարձել։

      Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կատարվո՞ւմ են արդյոք 2 Տիմոթեոս 3։1–3-ում գրված խոսքերը։ Մի՞թե չենք տեսնում, որ շատերն իրենց ընտանիքի հանդեպ բնական կապվածություն չունեն։

      Հինգերորդ մարգարեությունը, որի կատարման ականատեսն ենք մենք, առնչվում է մեր բնօրրանին՝ Երկիր մոլորակին։ Եկեք տեսնենք, թե այս առնչությամբ ինչ է ասում Աստվածաշունչը։

      [մեջբերում 7-րդ էջի վրա]

      «Ընտանիքում գործադրվող բռնությունը այն հանցագործություններից է, որի մասին հասարակությունը ամենաքիչն է տեղեկացված։ Մինչ ոստիկանությանը դիմելը կանայք միջին հաշվով 35 անգամ բռնության են ենթարկվում իրենց կողակիցների կողմից» (ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՈՒԵԼՍՈՒՄ)։

  • 5. Երկրի ապականում
    2011 Դիտարան | մայիս 1
    • 5. Երկրի ապականում

      «[Աստված] կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 11։18)։

      ● Պարոն Փիրին աշխատում է Նիգերիայի Քպոր գյուղում և արմավենուց հյութ է հավաքում։ Նիգերի դելտայում մեծ քանակությամբ նավթի արտահոսքի պատճառով նրա առևտուրը կանգ է առել։ «Այն ոչնչացնում է մեր ձկները, փչացնում է մեր մաշկը, աղտոտում մեր առվակները,— ասում է նա։— Ես ապրուստի ոչ մի միջոց չունեմ»։

      Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Ըստ որոշ մասնագետների՝ ամեն տարի 6,5 միլիոն տոննա աղբ է թափվում համաշխարհային օվկիանոս։ Աղբի մոտ 50 տոկոսը պլաստիկ նյութերից է, որը հարյուրավոր տարիներ հետո է միայն քայքայվում։ Երկիրն ապականելուց բացի, մարդիկ անհագորեն սպառում են բնական ռեսուրսները, ինչը լուրջ անհանգստության պատճառ է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրին անհրաժեշտ է մեկ տարի և հինգ ամիս՝ վերականգնելու համար այն, ինչ մարդիկ սպառել են մեկ տարում։ «Եթե բնակչության աճը և սպառողականության տենդենցը այսպես շարունակվեն, ապա 2035​թ.-ին ևս մեկ Երկրի կարիք կունենանք»,— նշում է «Սիդնեյ մորնինգ հերալդ» ավստրալիական պարբերաթերթը։

      ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Մարդ արարածը հնարամիտ է։ Այնպես որ մենք կարող ենք լուծել այս խնդիրները և փրկել երկիրը կործանումից։

      ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Բազմաթիվ խմբեր և տքնաջան աշխատողներ հանրությանը տեղեկացրել են շրջակա միջավայրին վերաբերող խնդիրների մասին։ Այդուհանդերձ, երկրի աղտոտումը շարունակում է ընդգրկել հսկայական տարածքներ։

      Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կարիք կա՞, որ Աստված միջամտի ու փրկի մեր մոլորակը կործանումից, ինչպես որ խոստացել է։

      Մեր քննարկած հինգ մարգարեություններից բացի, Աստվածաշունչը նախագուշակել է նաև քաջալերական իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենալու վերջին օրերում։ Այժմ եկեք խոսենք այդ մասին։

      [մեջբերում 8-րդ էջի վրա]

      «Ինձ թվում է, որ փոքրիկ դրախտի փոխարեն՝ իմ ունեցածը այժմ թունավոր աղբի թափոններ են» (ԷՐԻՆ ԹԱՄԲԵՐ՝ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԾՈՑԻ ԱՓԱՄԵՐՁ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉ (ԱՄՆ). 2010Թ-ԻՆ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ)։

      [շրջանակ 8-րդ էջի վրա]

      Աստվա՞ծ է պատասխանատու

      Արդյո՞ք այն, որ Աստվածաշունչը կանխագուշակել է մեր օրերում տիրող վատ պայմանների մասին, Աստծուն պատասխանատու է դարձնում այդ ամենի համար։ Մի՞թե նա է մեր տառապանքների պատճառը։ Դուք կարող եք գտնել այդ հարցերի գոհացուցիչ պատասխանները «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

      [նկար 8-րդ էջի վրա. թույլտվությամբ]

      U.S. Coast Guard photo

  • 6. Համաշխարհային քարոզչական գործ
    2011 Դիտարան | մայիս 1
    • 6. Համաշխարհային քարոզչական գործ

      «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։

      ● Վիատիան ապրում է Խաղաղօվկիանոսյան Թուամոտու կղզեխմբի հեռավոր կղզիներից մեկում։ Չնայած Թուամոտուն բաղկացած է մոտավորապես 80 կորալյան կղզիներից, որոնք ընդգրկում են ավելի քան 802900 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն բնակչության թիվը հազիվ 16000-ի է հասնում։ Այնուամենայնիվ, Եհովայի վկաները այցելեցին Վիատիային ու իր հարևաններին։ Ինչո՞ւ։ Քանի որ Վկաները ցանկանում են Թագավորության բարի լուրը պատմել բոլորին՝ անկախ նրանց բնակության վայրից։

      Ի՞ՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՓԱՍՏԵՐԸ։ Թագավորության բարի լուրը հասնում է երկրի բոլոր ծայրերը։ Միայն 2010​թ.-ին Եհովայի վկաները բարի լուրը տարածել են 236 երկրներում՝ տրամադրելով ավելի քան 1,6 միլիարդ ժամ։ Այսինքն՝ ամեն օր յուրաքանչյուր Վկա միջին հաշվով քարոզել է 30 րոպե։ Վերջին տասնամյակում նրանք տպագրել և տարածել են Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունների ավելի քան 20 միլիարդ օրինակ։

      ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի պատգամը հազարավոր տարիներ է, ինչ քարոզվում է։

      ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, շատերն են Աստվածաշնչից որոշ բաներ քարոզել, սակայն այդ գործը կարճատև է եղել և ընդգրկել է քիչ թվով տարածքներ։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի վկաները կազմակերպված ձևով համաշխարհային քարոզարշավ են իրականացնում, որի միջոցով այդ լուրը հասնում է հարյուր միլիոնավոր մարդկանց։ Վկաները տոկացել են՝ շարունակելով իրենց քարոզչական գործը՝ չնայած մարդկության պատմությանը հայտնի որոշ զորեղ ու անողորմ կազմակերպությունների կողմից հրահրվող աննկարագրելի հալածանքներինa (Մարկոս 13։13)։ Ավելին, նրանք իրենց քարոզչական գործի համար չեն վարձատրվում։ Ընդհակառակը՝ հոժարակամորեն տրամադրում են իրենց ժամանակը և անվճար տարածում իրենց գրականությունը։ Նրանց աշխատանքը ամբողջովին իրականացվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։

      Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Աշխարհով մեկ քարոզվո՞ւմ է «թագավորության բարի լուրը»։ Կարո՞ղ է այս մարգարեության կատարումը նշանակել, որ մոտ ապագայում ավելի լավ բաներ են սպասվում։

      [ծանոթագրություն]

      a Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Հավատարիմ՝ հալածանքների ներքո», «Մանուշակագույն եռանկյունիներ», «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» վավերագրական տեսաֆիլմերը։ Թողարկվել է Եհովայի վկաների կողմից։

      [մեջբերում 9-րդ էջի վրա]

      «Քանի դեռ Եհովան թույլ է տալիս, եկեք եռանդորեն շարունակենք քարոզել Թագավորության բարի լուրը ամենուր՝ օգտվելով ամեն հնարավոր միջոցներից» (ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2010Թ. ՏԱՐԵԳԻՐՔ)։

  • Լավագույն ժամանակները դեռ առջևում են
    2011 Դիտարան | մայիս 1
    • Լավագույն ժամանակները դեռ առջևում են

      «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։10, 11)։

      ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ եք տեսնել վերը նշված մարգարեության կատարումը։ Անշո՛ւշտ։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք հավատալու, որ այն շուտով կիրականանա։

      Նախորդ հոդվածներում քննարկեցինք աստվածաշնչյան մարգարեություններից միայն մի քանիսը, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Աստված ներշնչեց իր Խոսքը գրողներին կանխագուշակել այս իրադարձությունների մասին, որպեսզի մենք հույս ունենանք (Հռոմեացիներ 15։4)։ Այդ մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ ներկայումս կրած մեր տառապանքները շուտով վերջ կգտնեն։

      Վերջին օրերին հաջորդելու են լավ ժամանակներ. Աստծու Թագավորությունը իշխելու է բոլոր մարդկանց վրա (Մատթեոս 6։9)։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում այդ ժամանակները։

      ● Սով չի լինելու։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։

      ● Հիվանդություն չի լինելու։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։

      ● Երկիրը վերածնունդ է ապրելու։ «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1)։

      Սրանք մի քանիսն են Աստվածաշնչի այն քաջալերական մարգարեություններից, որոնք շուտով կկատարվեն։ Ավելին իմանալու համար կարող եք դիմել Եհովայի վկաներին, և նրանք ձեզ ցույց կտան, թե ինչու են համոզված, որ լավագույն ժամանակները դեռ առջևում են։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը