Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ էր տեղի ունենում Իսրայելում քաղաքների դարպասների մոտ
▪ Աստվածաշնչյան ժամանակներում քաղաքների շուրջ պարիսպներ էին կառուցում։ Իսկ քաղաքի դռներից, կամ՝ դարպասներից ներս ազատ տարածություն էին թողնում, որտեղ մարդիկ կարող էին հանդիպել, առևտուր անել և նորություններ իմանալ։ Այստեղ կարելի էր լսել նաև քաղաքի բնակիչներին վերաբերող հայտարարություններ։ Հավանաբար մարգարեները իրենց պատգամը նույնպես այստեղ էին հայտնում (Երեմիա 17։19, 20)։ Մի հրատարակության մեջ ասվում է, որ «գրեթե յուրաքանչյուր գործարք կնքվում էր քաղաքի դարպասների մոտ» (The Land and the Book)։
Օրինակ՝ Աբրահամը գերեզմանոցի համար գնեց Եփրոնի արտը և այդ գործարքը կնքեց «Քետի որդկանց.... առաջին՝ այն ամենքի առաջին որ դռնովը մտնում էին» (Ծննդոց 23։7–18)։ Իսկ Բոոսը Բեթլեհեմի երեցներից տասը հոգու խնդրեց նստել քաղաքի դռան մոտ ու այնտեղ նրանց ներկայությամբ իր ազգականի հետ լուծեց Հռութի և նրա մահացած ամուսնու ժառանգության հարցը, ինչպես նաև որոշեց, թե ով է կատարելու տեգրի պարտավորությունը (Հռութ 4։1, 2)։ Ահա թե ինչ էր տեղի ունենում քաղաքի դարպասների մոտ. ծերերը դատ էին վարում, լսում էին մարդկանց, վճիռ էին կայացնում և իրագործում էին այն (Բ Օրինաց 21։19)։
Որտե՞ղ էր գտնվում Ոփիրը, որը հայտնի էր իր բարձրորակ ոսկով
▪ «Ոփիրի ոսկու» մասին առաջին անգամ Աստվածաշնչում նշվում է «Յոբ» գրքում, որտեղ այն համեմատվում է «ամենամաքուր ոսկու» հետ (Յոբ 28։15, 16)։ Հոբի օրերից մոտ 600 տարի անց Դավիթ թագավորը Երուսաղեմում Եհովայի տաճարը կառուցելու համար «Ոփիրի ոսկի» էր կուտակում։ Նրա որդի Սողոմոնը նույնպես ոսկի էր ներմուծում Ոփիրից (Ա Մնացորդաց 29։3, 4; Գ Թագաւորաց 9։28)։
Աստվածաշնչի համաձայն՝ Սողոմոնը Ոփիրից ոսկի էր բերում իր նավերով, որոնք կառուցվել էին Գասիոն–գաբերում՝ Կարմիր ծովի ափին (Գ Թագաւորաց 9։26)։ Հնագետների կարծիքով՝ Գասիոն-գաբերը եղել է Աքաբայի ծոցի հյուսիսային ափերի մոտ՝ ներկայիս Ելաթ և Աքաբա քաղաքների մոտակայքում։ Այստեղից նավերը կարող էին հասնել Կարմիր ծովի ցանկացած ափ կամ ավելի հեռու՝ Աֆրիկա և Հնդկաստան։ Այս վայրերից մեկում էլ հավանաբար եղել է Ոփիրը։ Որոշ հնագետներ, սակայն, կարծում են, որ Ոփիրը գտնվել է Արաբիայում, քանի որ այնտեղ հայտնաբերվել են ոսկու հին հանքեր։ Այդ հանքերից ոսկի է հանվում նույնիսկ մեր օրերում։
Ոմանց կարծիքով՝ Սողոմոնի ոսկու հանքերի մասին տեղեկությունները լեգենդներ են։ Սակայն եգիպտագետ Քենետ Քիտչենը այս մասին գրում է. «Ոփիրը առասպելական վայր չէ։ Խեցու կտորի վրա, որը հավանաբար պահպանվել է 8-րդ դարից [մ.թ.ա.], եբրայերեն մի արձանագրություն կա՝ «Բեթորոնի համար Ոփիրի ոսկի՝ 30 սիկղ»։ Ոփիրն այստեղ նկարագրվում է որպես ոսկու իսկական աղբյուր, ինչպես որ եգիպտական ձեռագրերում «Ամաուի ոսկի», «Փունտի ոսկի» կամ «Քուշի ոսկի» արտահայտություններն են նկարագրում, թե որտեղից է բերվել այդ ոսկին կամ ինչ տեսակի և որակի է եղել այն»։
[Նկար 15–րդ էջի վրա]
Քաղաքի դռան մոտ աբրահամը գործարք է կնքում
[Նկար 15–րդ էջի վրա]
Խեցու կտոր, որի վրա փորագրված է ոփիր անունը
[Թույլտվությամբ]
Collection of Israel Antiquities Authority, Photo © The Israel Museum, Jerusalem