Գիտեի՞ք արդյոք
Ովքե՞ր էին «կայսրի տնից», որ Պողոսի միջոցով իրենց քրիստոնեական ողջույնները ուղարկեցին փիլիպպեցիներին
▪ Պողոս առաքյալը մոտավորապես մ.թ. 60–61թթ.-ին Հռոմից նամակ գրեց Փիլիպպեի ժողովին, և կայսրը, որի մասին նա հիշատակեց, Ներոնն էր։ Բայց ովքե՞ր էին Ներոնի տնից, որ բարևներ ուղարկեցին Փիլիպպեի քրիստոնյաներին (Փիլիպպեցիներ 4։22)։
Սխալ կլիներ եզրակացնել, որ «կայսրի տնից» արտահայտությունը միանշանակ վերաբերում է կայսրի մոտ ազգականներին։ Ըստ երևույթին, նրանց թվում էին բոլոր այն մարդիկ, ովքեր ծառայում էին կայսրին թե՛ Հռոմում և թե՛ գավառներում՝ ներառյալ ստրուկները և արդեն ազատ արձակվածները։ Ուստի «կայսրի տնից» արտահայտությունը մատնանշում էր նաև հազարավոր ծառաների։ Պալատում և կալվածքներում նրանք կատարում էին տարբեր գործեր՝ սկսած վարչականից մինչև սովորական ծառայի պարտականությունները։ Նրանցից ոմանք նույնիսկ աշխատում էին կառավարության վարչությունում։
Հռոմում կայսրի որոշ ծառաներ ակներևաբար դարձան քրիստոնյաներ։ Հայտնի չէ, սա Պողոսի՝ Հռոմում կատարած քարոզչությա՞ն արդյունքն էր, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, նրանք մեծապես հետաքրքրված էին Փիլիպպեի ժողովի անդամներով։ Եվ քանի որ Փիլիպպեն հռոմեական գաղութ էր, որտեղ բնակվում էին բազմաթիվ նախկին զինվորականներ և կառավարության ծառայողներ, ըստ ամենայնի, այստեղ ապրող որոշ քրիստոնյաներ ընկերություն էին անում այն մարդկանց հետ, ովքեր Պողոսի միջոցով ողջույններ ուղարկեցին։
Ի՞նչ էր տեգրի պարտավորությունը, որի մասին հիշատակվում է Մովսիսական օրենքում
▪ Եթե հին Իսրայելում տղամարդը մահանում էր առանց զավակ թողնելու, ակնկալվում էր, որ նրա եղբայրն ամուսնանա այրու հետ, որպեսզի սերունդ առաջ բերի և շարունակի մահացածի շառավիղը (Ծննդոց 38։8)։ Այս սովորությունը հետագայում դարձավ Մովսիսական օրենքի մի մասը՝ ստանալով տեգրի պարտավորություն անվանումը (2 Օրենք 25։5, 6)։ Բոոսի քայլերը, որոնք նկարագրված են «Հռութ» գրքում, ցույց են տալիս, որ այս պարտավորությունը տարածվում էր նաև մահացած ամուսնու մյուս ազգականների վրա, եթե նրա հարազատ եղբայրները մահացած էին (Հռութ 1։3, 4; 2։19, 20; 4։1–6)։
Այն փաստը, որ տեգրի պարտավորության հետ կապված սովորույթը պահում էին նաև Հիսուսի օրերում, երևում է սադուկեցիների ակնարկից, որը արձանագրված է Մարկոս 12։20–22 համարներում։ Առաջին դարի հրեա պատմաբան Հովսեպոս Փլավիոսը նշում է, որ այդ սովորույթի շնորհիվ պահպանվում էր ոչ միայն ընտանիքի անունը, այլև ունեցվածքը, ինչպես նաև այն նպաստում էր այրու բարօրությանը։ Կինը չէր կարող ժառանգել իր ամուսնու սեփականությունը, սակայն եթե նա ամուսնանար իր տեգրի հետ և երեխա ունենար, կպահպանվեր հանգուցյալի ժառանգական ունեցվածքը։
Օրենքը թույլ էր տալիս, որ բարեկամները հրաժարվեն տեգրի պարտավորությունը կատարելուց։ Սակայն «իր եղբորը սերունդ տալուց» հրաժարվելը խայտառակություն էր համարվում (2 Օրենք 25։7–10; Հռութ 4։7, 8)։