Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ «ոչ ոք նոր գինին չի լցնում հին տկերի մեջ»
▪ Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ գինին լցնում էին տկերի մեջ (Յեսու 9։13)։ Դրանք պատրաստվում էին, օրինակ, ուլերի, այծերի կաշվից։ Տիկ պատրաստելու համար սատկած կենդանու գլուխը և վերջույթները կտրում էին և զգուշորեն մաշկում էին՝ առանց փորը բացելու։ Այնուհետև կաշին դաբաղում կամ մշակում էին։ Վիզը կամ մի ոտքը չէին կարում, այն ծառայում էր որպես շշի բերան, որը փակում էին խցանով կամ էլ կապում էին թելով։
Ժամանակի ընթացքում կաշին կարծրանում էր և կորցնում էր իր էլաստիկությունը։ Այդ պատճառով հին տկերը հարմար չէին նոր գինի լցնելու համար։ Նոր գինին շարունակում էր խմորվել, ու եթե այն լցնեին հին տկերի մեջ, ապա դրանց կարծրացած կաշին կպատռվեր։ Իսկ նոր տկերի կաշին փափուկ էր և կարող էր դիմանալ նոր գինու խմորման պրոցեսի ճնշմանը։ Փաստորեն, Հիսուսը նշեց մի բան, որն իր օրերի մարդկանց ծանոթ էր։ Նա խոսեց այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե նոր գինին լցվի հին տկերի մեջ։ Ղուկաս 5։37, 38 համարներում կարդում ենք. «Նոր գինին կպատռի տկերը, գինին կթափվի, և տկերը կփչանան։ Նոր գինին նոր տկերի մեջ պետք է լցվի»։
Ովքե՞ր էին «դաշույնակիր մարդիկ», որոնց մասին նշվում է Գործեր 21։38 համարում
▪ «Գործեր» գրքի 21–րդ գլխում արձանագրված է այն միջադեպը, որ տեղի ունեցավ Երուսաղեմի տաճարում։ Կարծելով, թե Պողոսն է եղել խռովություն բարձրացրած «չորս հազար դաշույնակիր մարդկանց» առաջնորդը՝ հռոմեացի զորապետը ձերբակալեց նրան (Գործ. 21։30–39)։ Իսկ ի՞նչ է մեզ հայտնի այդ դաշույնակիր մարդկանց մասին։
Հունարեն թարգմանված «դաշույնակիր մարդիկ» արտահայտությունը ծագում է լատիներեն «սիկարիներ» բառից, որը նշանակում է դաշույն կամ «սիկա օգտագործողներ»։ Առաջին դարի պատմագիր Փլավիոս Հովսեպոսը տեղեկացնում է, որ սիկարիները եղել են հրեա հայրենասերների մոլեռանդ խմբավորման անդամներ, որոնք պայքար են մղել Հռոմի դեմ։ Նրանք համարվել են Հռոմի թշնամիներ և քաղաքական գործիչների սպանություններ են կազմակերպել։
Հովսեպոսը նշում է. «[Սիկարիները] օրը ցերեկով հենց քաղաքի կենտրոնում սպանում էին մարդկանց։ Նրանք այդպիսի բաներ անում էին հիմնականում տոների ժամանակ. խառնվում էին բազմությանը և իրենց վերնահագուստների տակ թաքցրած դաշույններով հարվածում էին իրենց թշնամիներին»։ Երբ անհատը ընկնում էր գետին, սիկարիները ձևացնում էին, թե վրդովված են տեղի ունեցածի համար, որպեսզի ոչ ոք չկասկածեր, որ սպանողները իրենք են։ Հովսեպոսը ավելացնում է, որ հետագայում սիկարիները Հռոմի դեմ բարձրացված հրեաների խռովության ժամանակ մեծ դեր են ունեցել (մ.թ. 66–70)։ Ուստի հասկանալի է, թե ինչու հռոմեացի զորապետը անհանգստացավ ու որոշեց ձերբակալել Պողոսին՝ ենթադրելով, որ նա այդ խմբավորումներից մեկի առաջնորդն է։
[Նկար 15–րդ էջի վրա]
Հին տիկ
[Նկար 15–րդ էջի վրա]
Դաշույնակիր տղամարդ