Մադագասկարում հոգևոր լույս ծագեց
ՄԱԴԱԳԱՍԿԱՐԸ գտնվում է Աֆրիկայից մոտ 400 կմ հարավ–արևելք։ Այն իր մեծությամբ աշխարհի չորրորդ կղզին է։ Կղզու բնակիչները՝ մալգաշները, գիտեն Աստծու անունը, քանի որ մալգաշերենով թարգմանված Աստվածաշնչում, որը գոյություն ունի ավելի քան 170 տարի, գրված է այդ անունը։ Այս թարգմանության պատմությունը շատ հետաքրքիր է. թարգմանիչները բազում դժվարությունների միջով են անցել, սակայն դրսևորել են հաստատակամություն ու նվիրվածություն։
Ամեն բան սկսվեց Մավրիկիոս կղզում։ 1813 թ.–ին կղզու բրիտանացի կառավարիչ սըր Ռոբերտ Ֆարքուարը նախաձեռնեց Ավետարանների թարգմանությունը մալգաշերենով։ Հետագայում նա հորդորեց Մադագասկարի թագավոր Ռադամա I–ին ուսուցիչներ հրավիրել Լոնդոնի միսիոներական ընկերությունից։
1818 թ. օգոստոսի 18–ին երկու ուելսացի միսիոներներ՝ Դեյվիդ Ջոնսը և Թոմաս Բևանը, Մավրիկիոսից ժամանեցին Տուամասինա քաղաք։ Այստեղ ապրում էին կրոնասեր մարդիկ, որոնց կյանքում մեծ տեղ ունեին նախնիների երկրպագությունը և պապական ավանդույթները։ Նրանք խոսում էին մի լեզվով, որը ձևավորվել է մալայա–պոլինեզյան լեզվաընտանիքին պատկանող լեզուների հիման վրա և ժամանակի ընթացքում տարբեր լեզուների ազդեցության պատճառով մեծ փոփոխություններ է կրել։
Միսիոներները մի փոքր դպրոց հիմնեցին այստեղ։ Շատ չանցած՝ նրանց կանայք ու երեխաները նույնպես տեղափոխվեցին Տուամասինա։ Դժբախտաբար, բոլորը հիվանդացան մալարիայով։ 1818 թ. դեկտեմբերին մահացան Ջոնի կինն ու աղջիկը, իսկ երկու ամիս անց՝ Բևանը և իր ընտանիքը։ Միայն Ջոնը կենդանի մնաց։
Այդուհանդերձ, Ջոնը թույլ չտվեց, որ իր կյանքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հետ պահեն իրեն Աստծու Խոսքը թարգմանելուց։ Նա վերադարձավ Մավրիկիոս, ապաքինվեց և սկսեց մալգաշերեն սովորել։ Շուտով նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեց Հովհաննեսի Ավետարանը թարգմանելու համար։
1820 թ. հոկտեմբերին Ջոնը վերադարձավ Մադագասկար։ Նա հաստատվեց մայրաքաղաք Անտանանարիվուում և այնտեղ մի նոր դպրոց հիմնեց, որտեղ դասավանդելու էին միսիոներները։ Աշակերտները սովորելու մեծ ցանկություն ունեին, ու թեև չկային անհրաժեշտ պարագաներ՝ դասագրքեր, գրատախտակ, նստարաններ, սակայն նրանք բարձր մակարդակի կրթություն էին ստանում։
Յոթ ամիս անց Ջոնին միացավ Դեյվիդ Գրիֆիտս անունով մի միսիոներ։ Նրանք անխոնջ եռանդով նվիրվեցին Աստվածաշնչի թարգմանության գործին։
Սկսվում են թարգմանչական աշխատանքները
Մալգաշերենի գիրը կոչվել է սուրաբե։ Այն կազմված է եղել արաբական տառերի հիման վրա։ Սակայն միայն քիչ թվով մարդիկ են կարողացել կարդալ։ Այդ պատճառով միսիոներները խորհրդակցեցին թագավոր Ռադամա I–ի հետ, և վերջինս թույլ տվեց սուրաբեի փոխարեն օգտագործել լատինական տառեր։
1823 թ. սեպտեմբերի 10–ին սկսվեցին թարգմանչական աշխատանքները։ Ջոնը թարգմանում էր «Ծննդոցը» և Մատթեոսի Ավետարանը, իսկ Գրիֆիտսը՝ «Ելից» գիրքը և Ղուկասի Ավետարանը։ Նրանք աշխատում էին տքնաջանորեն։ Բացի այդ, առավոտյան և կեսօրին դասավանդում էին դպրոցում։ Նաև եկեղեցական պատարագներ էին անցկացնում երեք լեզուներով։ Սակայն թարգմանչական գործը մնում էր առաջին տեղում։
Այս երկու միսիոներները 12 աշակերտների օգնությամբ ընդամենը մեկ ու կես տարում թարգմանեցին Հունարեն Գրությունները և Եբրայերեն Գրությունների մեծ մասը։ 1824 թ.–ին Աստվածաշնչի թարգմանությունը ամբողջությամբ ավարտվեց։ Այդուհանդերձ, հարկավոր էր սրբագրել ու վերանայել թարգմանված տեքստերը։ Այդ պատճառով Անգլիայից երկու լեզվաբան ուղարկվեց։
Խոչընդոտներ
Երբ ավարտվեց մալգաշերեն Աստվածաշնչի թարգմանությունը, Լոնդոնի միսիոներական ընկերությունը Չարլզ Հովենդենին ուղարկեց Մադագասկար՝ առաջին տպագրահաստոցը տեղադրելու համար։ Նա ժամանեց 1826 թ. նոյեմբերի 21–ին։ Սակայն հիվանդացավ մալարիայով և մեկ ամիս անց մահացավ։ Չկար մեկը, որ կարողանար տեղադրել տպագրահաստոցը։ Հաջորդ տարի Ջեյմս Կամերոն անունով մի հմուտ արհեստավոր ժամանեց Շոտլանդիայից։ Հրահանգներ պարունակող գրքույկի օգնությամբ նա հավաքեց տպագրահաստոցը։ Մի քանի անգամ սխալվելուց հետո, ի վերջո, 1827 թ. դեկտեմբերի 4–ին Կամերոնը կարողացավ գործի գցել հաստոցը և տպել «Ծննդոց» գրքի առաջին գլխից մի հատվածa։
Մեկ ուրիշ խոչընդոտ առաջ եկավ, երբ 1828 թ. հուլիսի 27–ին մահացավ Ռադամա I–ը։ Նա ակտիվորեն թիկունք էր կանգնում թարգմանչական գործին։ Դեյվիդ Ջոնսը նրա մասին ասել է. «Ռադամա I–ը շատ բարի և քաղաքավարի անձնավորություն է։ Նրա համար ոսկուց և արծաթից ավելի կարևոր է կրթությունը։ Նա ուզում է, որ իր ժողովուրդը քաղաքակիրթ լինի»։ Սակայն թագավորի մահից հետո իշխանության գլուխ անցավ նրա կինը՝ Ռանավալոնա I–ը։ Շուտով պարզ դարձավ, որ նա իր ամուսնու պես չի աջակցելու միսիոներներին։
Թագուհու գահակալումից կարճ ժամանակ անց անգլիացի մի այցելու ընդունելություն խնդրեց՝ թարգմանչական գործերի մասին զրուցելու նպատակով, սակայն մերժվեց։ Մեկ ուրիշ առիթով, երբ միսիոներները հայտնեցին թագուհուն, որ նպատակ ունեն շատ բան, այդ թվում նաև հունարեն և եբրայերեն սովորեցնելու ժողովրդին, նա ասաց. «Ինձ այդքան էլ չի մտահոգում, որ իմ ժողովուրդը հունարեն և եբրայերեն չգիտի, ես կուզեի, որ նրանց ավելի օգտակար բան սովորեցնեք, օրինակ՝ օճառ պատրաստել»։ Հասկանալով, որ շուտով հնարավորություն չեն ունենալու կրոնական գործունեություն ծավալել և Աստվածաշնչի տպագրությունը ավարտին հասցնել՝ Կամերոնը թագուհուց մեկ շաբաթ ժամանակ խնդրեց, որ մտածի նրա առաջարկի մասին։
Հաջորդ շաբաթ Կամերոնը թագուհու պատվիրակներին ներկայացրեց օճառի երկու կտորներ, որոնք պատրաստվել էին տեղական հումքից։ Այս և ուրիշ աշխատանքներ դուր եկան թագուհուն։ Արդյունքում միսիոներները ժամանակ շահեցին և կարողացան ավարտել Աստվածաշնչի տպագրությունը, բացի Հին Կտակարանի մի քանի գրքերից։
Անակնկալ, հետո հիասթափություն
1831 թ. մայիսին անակնկալ եղավ. թագուհին որոշում ընդունեց թույլ տալու իր հպատակներին մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Սակայն դա երկար չտևեց։ «Մադագասկարի պատմությունը» գրքում նշվում է. «Մկրտվողների թիվը անհանգստացրեց արքունիքի ավանդապահ անդամներին։ Նրանք կարծում էին, թե քրիստոնյա դառնալով՝ մարդիկ հնազանդվում են Բրիտանիայի իշխանությանը» (A History of Madagascar)։ Այդ պատճառով 1831 թ. վերջին՝ ընդամենը վեց ամիս անց, թագուհին չեղյալ համարեց իր որոշումը։
Տեսնելով թագուհու փոփոխական վերաբերմունքը և արքունիքում ավանդապահ անդամների բացահայտ ազդեցությունը՝ միսիոներները որոշեցին արագ ավարտել Աստվածաշնչի տպագրությունը։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները արդեն տպագրվել էին, և հազարավոր օրինակներ էին տարածվել։ Սակայն 1835 թ. մարտի 1–ին մեկ ուրիշ խոչընդոտ առաջ եկավ. Ռանավալոնա I թագուհին արգելեց քրիստոնեությունը և հրամայեց, որ բոլոր քրիստոնեական գրքերը վերադարձվեն իշխանություններին։
Դա նշանակում էր, որ մալգաշ աշակերտները այլևս չէին կարող աջակցել տպագրությանը։ Ամբողջ աշխատանքը ընկավ մի քանի միսիոներների ուսերին։ Օրուգիշեր աշխատելով՝ նրանք, ի վերջո, 1835 թ. հունիսին տպագրեցին ամբողջ գիրքը։ Այո՛, վերջապե՛ս լույս տեսավ մալգաշերեն Աստվածաշունչը։
Բազմաթիվ օրինակներ տպագրվեցին, իսկ 70 օրինակ թաքցվեց հողի մեջ, որպեսզի հակառակորդները չկարողանային վերացնել Աստծու Խոսքը։ Սա ճիշտ որոշում էր, քանի որ մեկ տարվա ընթացքում միայն երկու միսիոներ մնաց կղզում։ Չնայած այս ամենին՝ Աստծու Խոսքը մեծ տարածում գտավ։
Մալգաշները գնահատում են Աստծու Խոսքը
Որքա՜ն ուրախ էին կղզու բնակիչները, որ կարող էին ընթերցել Աստծու Խոսքը իրենց մայրենի լեզվով։ Ճիշտ է, թեև թարգմանությունն անթերի չէ, իսկ լեզուն արդեն հնացած է, սակայն չկա մի ընտանիք, որ չունենա Աստծու Խոսքը։ Շատ մալգաշներ ամեն օր կարդում են Աստվածաշունչը։ Ուշագրավ է, որ Եբրայերեն Գրություններում շատ է օգտագործվել Աստծու անունը՝ Եհովա։ Իսկ սկզբնական օրինակներում այն օգտագործվել է նաև Հունարեն Գրություններում։
Երբ լույս տեսան Հունարեն Գրությունների առաջին օրինակները, տպագրիչ Բակերը, տեսնելով մալգաշների ուրախությունը, ասաց. «Չեմ ուզում մարգարեանալ, բայց վստահ եմ, որ Աստծու Խոսքը միշտ կմնա այս կղզում»։ Այդպես էլ եղավ. ո՛չ մալարիան, ո՛չ լեզվի հետ կապված դժվարությունները և ո՛չ էլ կառավարության հրամանագրերը չկարողացան խանգարել, որ Աստվածաշունչը թարգմանվի ու տարածվի Մադագասկարում։
Իսկ 2008 թ.–ին մալգաշերենով լույս տեսավ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Սա մեծ առաջընթաց էր, քանի որ ժամանակակից թարգմանությունը ավելի հեշտ է ընթերցել։ Այո՛, Աստծու Խոսքը հավիտյան կմնա այս կղզում (Ես. 40։8)։
[ծանոթագրություն]
a 1826 թ. ապրիլ–մայիս ամիսներին Մավրիկիոսում առաջին անգամ մալգաշերենով տպագրվեց Տասը պատվիրանները և «Տերունական աղոթքը»։ Սակայն օրինակները տրվել են միայն Ռադամա թագավորի ընտանիքին և կառավարության անդամներից մի քանիսին։
[նկար 31–րդ էջի վրա]
Մալգաշերեն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ գրված է Աստծու անունը՝ Եհովա