Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ Հուդային 30 կտոր արծաթ առաջարկեցին Հիսուսին մատնելու համար
Երբ Հուդա Իսկարիովտացին հանդիպեց ավագ քահանաների հետ, որպեսզի իմանար, թե որքան կվճարեն իրեն Հիսուսին մատնելու համար, նրանք «երեսուն կտոր արծաթ» առաջարկեցին (Մատթեոս 26։14, 15)։ Այս վճարը ցույց էր տալիս Հիսուսի հանդեպ նրանց արհամարհանքը, ինչպես նաև այն, որ անարժեք էին համարում նրան։
Այս մետաղադրամները հավանաբար արծաթե սիկղեր էին. սիկղը հրեաների դրամական միավորն էր։ Ի՞նչ կարելի էր գնել 30 սիկղով։ Մովսիսական օրենքով դա մի ծառայի համար վճարվող գինն էր։ Երեսուն սիկղով կարելի էր նաև գնել մի հողաբաժին (Ելից 21։32; Մատթեոս 27։6, 7)։
Հետաքրքիր է, որ երբ Զաքարիա մարգարեն՝ որպես Աստծու ժողովրդի հովիվ, անհավատարիմ իսրայելացիներից իր աշխատավարձը պահանջեց, «երեսուն արծաթ» տվեցին։ Նրանք մտածված կերպով նվաստացրին Աստծու մարգարեին՝ ցույց տալով, որ իրենց համար նա ծառայի է հավասար։ Ուստի Եհովան պատվիրեց Զաքարիային. «Դէն գցիր դա բրուտի մօտ [«գանձատունը», ՆԱ], պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից» (Զաքարիա 11։12, 13)։ Զաքարիայի այս հնազանդ արարքը հիշեցնում է մեզ, թե ինչ արեց Հուդան այն գումարը, որը ստացել էր՝ մատնելու նրան, ում Եհովան նշանակել էր որպես Իսրայելի հովիվ (Մատթեոս 27։5)։
Ի՞նչ նպատակով էր տրվում Աստվածաշնչում նշված «արձակման թուղթը»
Մովսիսական օրենքում նշված էր. «Երբոր մէկը կնիկ առնէ.... եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չ’լինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ» (Բ Օրինաց 24։1)։ Ո՞րն էր այդ փաստաթղթի նպատակը։ Գրությունները ոչինչ չեն հայտնում այդօրինակ փաստաթղթի մասին։ Բայց կարող ենք համոզված լինել, որ այն պաշտպանում էր կնոջ իրավունքներն ու շահերը։
1951–1952 թթ. Վադի Մուրաբաթի (Հուդայի անապատի չոր վտակներից մեկը) հյուսիսային մասում գտնվող քարանձավներում մի շարք հին առարկաներ հայտնաբերվեցին։ Բազմաթիվ ձեռագրերի մեջ գտնվեց մի բաժանման վկայական, որը գրված էր արամերենով և թվագրվում էր մ.թ. 71 կամ 72 թ.–ով։ Այնտեղ նշվում էր, թե ինչ էր տեղի ունեցել մարշեսվան ամսվա առաջին օրը՝ հրեաների՝ Հռոմի դեմ ապստամբելու վեցերորդ տարում։ Նաքսանի որդի Հովսեփը, որն ապրում էր Մասադայում, բաժանվեց Մարիամից՝ Հովնաթանի աղջկանից, որն ապրում էր Հանաբլաթայում։ Բաժանվելուց հետո վերջինս ազատ էր ամուսնանալու ցանկացած հրեա տղամարդու հետ, ում կսիրեր։ Հովսեփը վերադարձրել էր Մարիամի օժիտը և քառապատիկ հատուցել էր վնասված ապրանքների դիմաց։ Վկայականը ստորագրվել էր Հովսեփի և երեք վկաների կողմից՝ Մալկայի որդի Եղիազարի, Մալկայի որդի Հովսեփի և Հանանայի որդի Եղիազարի կողմից։
[նկար 25–րդ էջի վրա]
Վադի Մուրաբաթի քարանձավները
[նկար 25–րդ էջի վրա]
Արձակման թուղթ (մ.թ. 71–72)
[նկար 25–րդ էջի վրա]
Caves: Todd Bolen/Bible Places.com; certificate: Clara Amit, Courtesy of the Israel Antiquities Authority