Տարին «բարի երկրում»
ՀԱԶԱՐ ինը հարյուր ութ թվականին հետաքրքիր հայտնագործություն կատարվեց այն վայրում, որտեղ գտնվել է աստվածաշնչյան Գազեր քաղաքը (այն ընկած է Երուսաղեմից արևմուտք՝ մի հարթավայրային գոտու մոտ)։ Գտնվեց կրաքարե սալիկ, որը վերագրվում է մ.թ.ա. տասներորդ դարին։ Այդ սալիկի վրա կար փորագրություն հին եբրայերենով։ Տեսակետ կա, որ այդ արձանագրությունը հողագործական տարվա տարբեր ժամանակներում կատարվող գործերի պարզեցված նկարագրությունն է։ Այդ սալիկը հետագայում կոչվեց «Գազերի օրացույց»։
Սալիկի վրա կա մակագրություն՝ Աբիա։ Թեև ոչ բոլորը, բայց շատ հնագետներ այն կարծիքին են, որ այդ սալիկի վրա դպրոցական տղայի տնային աշխատանքն է՝ բանաստեղծական ոճով գրված։a Կցանկանայի՞ք նրա աչքերով տեսնել, թե սեզոնային ինչ աշխատանքներ էին կատարում իսրայելացիները։ Այդպիսով դուք կկարողանաք վերհիշել աստվածաշնչյան որոշ իրադարձություններ։
Բերքահավաքի երկու ամիս
Այս հնագույն օրացույցում հեղինակը առաջինը նշում է ընդհանուր բերքահավաքը։ Թեև օրացույցում դա առաջինն է նշվել, դուք կարող եք հասկանալ, թե ինչու իսրայելացիների համար այդ ժամանակը հողագործական տարվա ավարտ է նշանակում։ Անթանի ամիսը (հետագայում կոչվեց տիշրի) համապատասխանում է մեր օրացույցի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Իսկ այդ ժամանակ բերքահավաքը հիմնականում ավարտված էր լինում, և ամենուրեք մի յուրօրինակ ուրախություն էր տիրում։ Ինչ խոսք, փոքրիկ Աբիան անմասն չէր մնում դրանից։ Պատկերացրեք, թե ինչպիսի ոգևորվածությամբ էր նա օգնում իր հորը տաղավար պատրաստելու. նրանք մեկ շաբաթ պետք է ապրեին այդ տաղավարում։ Այդ օրերին մարդկանց սրտերը լի էին երախտագիտության զգացումով Եհովայի հանդեպ իրենց արտերի բերքի համար (Բ Օրինաց 16։13–15)։
Մոտավորապես այդ ժամանակ ձիթապտուղը գրեթե հասած էր լինում։ Աբիայի ընտանիքը այն հավաքում էր՝ ձիթենու ճյուղերը թափ տալով։ Այդ աշխատանքը ծանր էր, և փոքրիկ Աբիան թերևս չէր կարող անձամբ դա անել. նա կարող էր միայն հաճույքով դիտել (Բ Օրինաց 24։20)։ Նրանք այնուհետև հավաքում էին ձիթապտուղները, հետո տանում մոտակա աղացը, որի մեջ ճզմելով՝ յուղ էին ստանում։ Կամ էլ գուցե ավելի հեշտ մեթոդ էին կիրառում. ծեծված պտուղները դնում էին ջրի մեջ, այնուհետև շերեփով հավաքում ջրի մակերեսին գոյացած յուղը։ Այս թանկագին հեղուկը միայն սննդի մեջ չէր օգտագործվում։ Այն նաև հանդիսանում էր որպես վառելանյութ լամպերի համար։ Բացի այդ, ձիթապտղի յուղով բուժում էին կապտուկներն ու վերքերը, որոնք, օրինակ, կարող էին խաղալիս ստանալ Աբիայի պես փոքր երեխաները։
Վարուցանքի երկու ամիս
Երբ սկսվում էին առաջին, կամ՝ աշնանային անձրևները, Աբիան հավանաբար շատ էր ուրախանում՝ իր մարմնի վրա զգալով անձրևի զովացուցիչ կաթիլները։ Ամենայն հավանականությամբ, նրա հայրը բացատրել էր նրան, թե որքան մեծ նշանակություն ունի անձրևը հողագործության մեջ (Բ Օրինաց 11։14)։ Հողը, որ ամիսներ շարունակ խանձող արևից չորացել ու ճաքճքել էր, անձրևի շնորհիվ փափկում էր և պատրաստ էր լինում հերկելու համար։ Փայտե գութանը, որը, ըստ ամենայնի, ուներ մետաղյա ծայր, անասունը քարշ էր տալիս, իսկ հողագործը այնպես էր պահում գործիքը, որ ակոսները ուղիղ լինեին։ Հողն այնքան արժեքավոր էր, որ իսրայելացիները մշակում էին նաև փոքր հողակտորները, անգամ եթե դրանք գտնվեին զառիթափերին։ Սակայն դրանք կարող էին մշակել միայն ձեռքով՝ առանց անասունի օգնության։
Փափկած հողը հերկելուց հետո հողագործը կարող էր այնտեղ ցանել ցորեն ու գարի։ Հետաքրքիր է, որ Գազերի օրացույցում հիշատակվում են ցանելու հետ կապված ևս երկու ամիսներ։ Սերմնացանը հացահատիկը հավանաբար կրում էր իր հագուստի ծալքերում և ձեռքի լայն և ուժգին շարժումով ցանում։
Ուշ ցանքի երկու ամիս
«Բարի երկիրը» երբեք չէր դադարում բերք տալուց (Բ Օրինաց 3։25)։ Դեկտեմբերին անձրևների քանակը հասնում էր իր գագաթնակետին, և գետինը կրկին սկսում էր կանաչել։ Դա մի ժամանակ էր, երբ ցանում էին ընդեղեն, օրինակ՝ ոլոռ և սիսեռ, ինչպես նաև բանջարեղենի այլ տեսակներ (Ամովս 7։1, 2)։ Այս ժամանակաշրջանը Աբիան կոչել է «գարնան արոտավայրերի», կամ, ըստ մեկ այլ թարգմանության՝ «ուշ ցանքի» շրջան։ Բանջարեղենը առատ էր լինում, և մարդիկ վայելում էին համեղ կերակրատեսակներ։
Երբ եղանակը փոքր–ինչ տաքանում էր, նշենին՝ գարնան ավետաբերը, պատվում էր սպիտակ և վարդագույն ծաղիկներով։ Դա կարող էր լինել հունվարի սկզբներին (Երեմիա 1։11, 12)։
Վուշը քաղելու մեկ ամիս
Հաջորդը Աբիան հիշատակում է վուշը։ Սա կարող է հիշեցնել ձեզ մի դեպք, որը տեղի է ունեցել Աբիայի ժամանակներից դարեր առաջ Հուդայի լեռների արևելյան կողմում։ Երիքով քաղաքում Ռախաբը երկու հետախույզներին թաքցրեց «քթանի եղէգներումը [«վուշի ցօղուններու մէջ», ԱԱ]», որոնք նա դրել էր իր տան տանիքին՝ չորացնելու նպատակով (Յեսու 2։6)։ Վուշը կարևոր դեր էր խաղում իսրայելացիների կյանքում։ Այն նախ պետք է փտեր, որպեսզի նրանից կարողանային թել ստանալ։ Փտումը դանդաղ էր ընթանում, եթե վուշը նեխում էր միայն ցողի ազդեցությամբ, սակայն այդ պրոցեսն ավելի արագ էր կատարվում, եթե բույսը դրվում էր ավազանում կամ առվի մեջ։ Թելը բույսից առանձնացնելուց հետո նրանով կտոր էին հյուսում։ Այդ կտորից պատրաստում էին առագաստներ, վրաններ և հագուստ։ Վուշի թելից ստանում էին նաև լամպերի պատրույգ։
Ոմանք համաձայն չեն այն մտքին, որ Գազերի տարածքում վուշ է աճել, քանի որ այդ վայրը ջրառատ չէ։ Ուրիշներն էլ պնդում են, թե վուշը կարող էր աճել տարվա ուրիշ ժամանակ։ Ահա թե ինչու ոմանց կարծիքով՝ Գազերի օրացույցում նշված «վուշ» բառը համարվում է «խոտ» բառի հոմանիշ։
Գարու բերքը հնձելու մեկ ամիս
Ամեն տարի՝ գարնանային գիշերահավասարի ժամանակներում, Աբիան կարող էր տեսնել գարու կանաչ հասկերը. հենց այս հացահատիկն է նա հաջորդը հիշատակում իր օրացույցում։ Եբրայական օրացույցի հաջորդ ամիսը աբիբն է, որը նշանակում է «կանաչ հասկեր». հավանաբար, իմաստն այն է, որ հասկերը հասած են, բայց դեռևս՝ փափուկ։ Եհովան պատվիրել էր. «Աբիբ ամիսն զգուշութեամբ պահես, եւ Զատիկն [պասեքը] անես քո Եհովայ Աստուծոյ համար» (Բ Օրինաց 16։1)։ Աբիբը (հետագայում կոչվեց նիսան) համապատասխանում է մեր օրացույցի մարտ և ապրիլ ամիսներին։ Հնարավոր է՝ Իսրայելում այս ամսվա սկիզբը որոշել են գարու հասնելու ժամանակով։ Նույնիսկ այսօր հրեական ծագում ունեցող կարաիմները դիտում են գարու հասունացումը, որպեսզի որոշեն, թե երբ է նոր տարին սկսվում։ Գարու հնձի առաջին պտուղները հրեաները պետք է երերացնեին Եհովայի առաջ աբիբ ամսվա 16–ին (Ղեւտացոց 23։10, 11)։
Գարին շատ կարևոր տեղ էր զբաղեցնում իսրայելացիների ամենօրյա կյանքում։ Այն ցորենից էժան էր, ուստի մարդիկ, հատկապես աղքատները, հաճախ հացը դրանից էին թխում (Եզեկիէլ 4։12)։
Հնձելու և չափելու մեկ ամիս
Մտովի պատկերացնելով Աբիայի ժամանակները՝ կարելի է տեսնել, թե ինչպես է փոքրիկ տղան, վաղ առավոտյան արթնանալով, նկատում, որ գորշ ամպերը ցրվում են. որոշ ժամանակ անձրևներ այլևս չէին գալու։ Այժմ «բարի երկրի» բույսերի աճը կախված էր ցողից (Ծննդոց 27։28; Զաքարիա 8։12)։ Իսրայելացի հողագործները գիտեին, որ այն կուլտուրաների համար, որոնց բերքը հավաքվում էր արևաշատ ամիսներին, շատ կարևոր էր, որ համապատասխան եղանակային պայմաններ լինեին մինչև Պենտեկոստեի ժամանակները։ Օրինակ՝ հյուսիսից փչող սառը, խոնավ քամին օգտակար էր հացահատիկի համար, սակայն վնասում էր ծաղկած պտղատու ծառերը։ Իսկ հարավից փչող տաք, չոր քամին նպաստում էր, որ ծաղիկները բացվեին և տեղի ունենար փոշոտում (Առակաց 25։23; Երգ Երգոց 4։16)։
Եհովան՝ տարվա եղանակների Հեղինակը, հիանալիորեն ներդաշնակ էկոլոգիական համակարգ է ստեղծել։ Աբիայի օրերում Իսրայելը իսկապես «մի երկիր [էր]՝ առատ՝ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով եւ նռնենիներով. իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր» (Բ Օրինաց 8։8)։ Աբիայի պապը գուցե պատմել էր նրան, թե իմաստուն Սողոմոն թագավորի օրոք ինչ առատություն է տիրել Իսրայելում, որը Եհովայի օրհնության ակնհայտ ապացույցն էր (Գ Թագաւորաց 4։20)։
Հնձի մասին հիշատակումից հետո օրացույցում նշվում է մի բառ, որը, որոշ գիտնականների կարծիքով, նշանակում է «չափել»։ Դա կարող է վերաբերել բերքը չափելուն, որպեսզի համապատասխան բաժին տրվեր դաշտի տերերին, աշխատողներին, իսկ մի մասն էլ վճարվեր որպես հարկ։ Սակայն մյուսները կարծում են, որ այդ եբրայերեն բառը նշանակում է «խնջույք անել» և, հետևաբար, մատնանշում է Շաբաթների տոնին, որը տեղի էր ունենում սիվան ամսին (մայիս–հունիս) (Ելից 34։22)։
Տերևներ հավաքելու երկու ամիս
Այնուհետև Աբիան գրում է որթատունկերը մշակելու երկու ամիսների մասին։ Հնարավոր է՝ նա օգնել է իր հորը պոկելու խաղողի տերևները, որպեսզի արևի ճառագայթները հասնեն խաղողի հատիկներին (Եսայիա 18։5)։ Հետո գալիս էր խաղողը հավաքելու ժամանակը, ուրախալի ժամանակաշրջան երեխաների համար։ Որքա՜ն համեղ էին խաղողի առաջին պտուղները։ Հավանաբար, Աբիան լսել էր այն 12 հետախույզների մասին, որոնց Մովսեսը ուղարկել էր Ավետյաց երկիր։ Նրանք գնացել էին հետախուզելու այդ երկիրը այն ժամանակ, երբ խաղողը արդեն հասել էր։ Խաղողի մեկ ողկույզը այնքա՛ն մեծ էր, որ երկու մարդ էր անհրաժեշտ այն տանելու համար (Թուոց 13։20, 23)։
Ամառային պտղի մեկ ամիս
Աբիայի օրացույցի վերջին նշումը ամառային պտուղների մասին է։ Հնում Մերձավոր Արևելքում ամառը հողագործական տարվա այն ժամանակն էր, երբ հիմնականում միրգ էին հավաքում։ Աբիայի ժամանակներից հետո Եհովան «մի կողով ամառային պտուղ» արտահայտությամբ ցույց տվեց, որ «վերջը եկել է իր Իսրայել ժողովրդի վրա»։ Այս համարում օգտագործված է բառախաղ եբրայերեն «ամառային պտուղ» և «վերջ» բառերով (Ամովս 8։2)։ Այս արտահայտությունները պետք է անհավատարիմ իսրայելացիներին հիշեցնեին այն մասին, որ վերջը մոտեցել է, և որ Եհովայի դատաստանը տեղին է։ Անկասկած, Աբիայի նշած ամառային պտղի մեջ մտնում էր նաև թուզը։ Թզերը սեղմած վիճակում չորացնում էին՝ ուտելու, ինչպես նաև թարախապալարները բուժելու նպատակով (Դ Թագաւորաց 20։7)։
Գազերի օրացույցը և դուք
Փոքրիկ Աբիան հավանաբար սերտորեն առնչվել է հողագործությանը։ Այն օրերում գրեթե բոլոր իսրայելացիները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Նույնիսկ եթե դուք ոչ մի կապ չունեք այդպիսի գործունեության հետ, Գազերի օրացույցը կարող է օգնել, որ Աստվածաշնչի ձեր ընթերցանությունը կենդանի դառնա։ Այդպիսով ձեր ընթերցածը ավելի հասկանալի ու իմաստալից կլինի։
[ծանոթագրություն]
a Ամիսների հաջորդականությունը Գազերի օրացույցում լիովին չի համապատասխանում ամիսների՝ Աստվածաշնչում նշված հաջորդականությանը։ Պետք է հաշվի առնել, որ Ավետյաց երկրի տարբեր մասերում որոշ հողագործական աշխատանքներ սկսվում էին իրարից թեթևակիորեն տարբերվող ժամանակներում։
[շրջանակ/նկար 11–րդ էջի վրա]
ԳԱԶԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ
«Ամիսներ խաղողի և ձիթապտղի բերքահավաքի,
ամիսներ վարուցանքի,
ամիսներ գարնան արոտավայրերի,
ամիս վուշ քաղելու,
ամիս գարու հնձի,
ամիս ցորենը հնձելու և չափելու,
ամիսներ էտելու,
ամիս ամառային պտղի»։
[մակագրված է] Աբիաb
[ծանոթագրություն]
b Հիմնված է «Textbook of Syrian Semitic Inscriptions» աշխատության վրա (հեղինակ՝ Ջոն Գիբսոն, 1971, հատոր 1)։
[թույլտվությամբ]
Archaeological Museum of Istanbul
[Աղյուսակ/նկարներ 9–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ՆԻՍԱՆ (ԱԲԻԲ)
մարտ–ապրիլ
ԻՅՅԱՐ (ԶԻՎ)
ապրիլ–մայիս
ՍԻՎԱՆ
մայիս–հունիս
ԹԱՄՈՒԶ
հունիս–հուլիս
ԱԲ
հուլիս–օգոստոս
ԻԼՈՒԼ
օգոստոս–սեպտեմբեր
ՏԻՇՐԻ (ԱՆԹԱՆԻ)
սեպտեմբեր–հոկտեմբեր
ՄԱՐՇԵՍՎԱՆ (ԲՈՒԼ)
հոկտեմբեր–նոյեմբեր
ՔԱՍՂԵՎ
նոյեմբեր–դեկտեմբեր
ԹԵԲԵԹ
դեկտեմբեր–հունվար
ՍԵԲԱԹ
հունվար–փետրվար
ԱԴԱՐ
փետրվար–մարտ
ՎԵ–ԱԴԱՐ
մարտ
[թույլտվությամբ]
Farmer: Garo Nalbandian
[նկար 8–րդ էջի վրա]
Պեղումներ Գազերում
[թույլտվությամբ]
© 2003 BiblePlaces.com
[նկարներ 10–րդ էջի վրա]
նշենի
[նկար 10–րդ էջի վրա]
վուշ
[թույլտվությամբ]
Dr. David Darom
[նկար 10–րդ էջի վրա]
գարի
[թույլտվությամբ]
U.S. Department of Agriculture