Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 24–26
  • Ճամփորդություն մինչև աշխարհի ծայրերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճամփորդություն մինչև աշխարհի ծայրերը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտեի՞ք արդյոք
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Հռոմեական ճանապարհներ. հնագույն ճարտարագիտության հուշարձաններ
    2006 Դիտարան
  • Նրանք «համարձակությամբ խոսում էին Եհովայի իշխանությամբ»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
Ավելին
2010 Դիտարան
w10 11/1 էջ 24–26

Քրիստոնյաների կյանքը առաջին դարում

Ճամփորդություն մինչև աշխարհի ծայրերը

«Հաջորդ օրը նա Բառնաբասի հետ գնաց Դերբե։ Այն բանից հետո, երբ բարի լուրը հռչակեցին այդ քաղաքում ու շատերին աշակերտ դարձրին, վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք» (ԳՈՐԾԵՐ 14։20, 21)։

ՆԱ ՎԵՐ կացավ, հագավ իր արդեն մաշված սանդալները և դուրս եկավ։ Առավոտվա սառը օդը անմիջապես թարմացրեց նրան։ Նորից մի ամբողջ օր պետք է ճամփորդեր։

Արևը նոր էր դուրս եկել հորիզոնից։ Ճանապարհորդը մենակ չէր։ Նա քայլում էր իր ուղեկցի հետ։ Փոշոտ ճանապարհն անցնում էր խաղողի և ձիթենիների այգիների միջով ու զառիվեր լեռներով։ Նրանք հանդիպում էին տարբեր մարդկանց՝ Երուսաղեմ գնացող ուխտավորների, հողագործների, որ արտ էին գնում, և վաճառականների, որ շտապելով քշում էին իրենց բեռնավորված անասուններին։ Ճանապարհորդն ու իր ուղեկիցը խոսում էին բոլորի հետ։ Ո՞րն էր նրանց նպատակը։ Նրանք կատարում էին Հիսուսի պատվերը. վկայել նրա մասին մինչև աշխարհի ծայրերը (Գործեր 1։8)։

Այս ճանապարհորդը գուցե Պողոս առաքյալն էր, կամ Բառնաբասը, կամ էլ առաջին դարի միսիոներներից որևէ մեկը (Գործեր 14։19–26; 15։22)։ Միսիոներները խիզախ ու վճռական մարդիկ էին։ Ճանապարհորդելիս նրանք շատ դժվարությունների միջով էին անցնում։ Օրինակ՝ Պողոսը նշում է, թե ինչ վտանգների է հանդիպել՝ ասելով. «Գետերից՝ վտանգներ, ավազակներից՝ վտանգներ»։ Ծովով ճանապարհորդելը նույնպես հեշտ չէր։ Նա գրում է, որ «երեք անգամ նավաբեկության է ենթարկվել, մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ բաց ծովում է անցկացրել» (2 Կորնթացիներ 11։25–27)։

Եթե դու էլ ճանապարհորդելու լինեիր այդ միսիոներների հետ, ինչքա՞ն ճանապարհ կկարողանայիր անցնել մեկ օրվա մեջ։ Ի՞նչ պետք է վերցնեիր քեզ հետ և որտե՞ղ պետք է անցկացնեիր գիշերը։

Ճանապարհորդություն ցամաքով։ Հռոմեացիները ողջ կայսրության տարածքում կառուցել էին ճանապարհներ, որոնք գլխավոր քաղաքները միացնում էին իրար։ Դրանք շատ լավ էին նախագծված ու կառուցված։ Այդ ճանապարհները սալահատակ էին և եզրապատված էին քարերով, իսկ որոշները ունեին 4,5 մետր լայնություն։ Դրանց եզրերին կանգնեցված էին նաև սյուներ, որոնց վրա նշված էր, թե քանի մղոն է մնացել մինչև մոտակա քաղաքը։ Այս քարահատակ ճանապարհներով, օրինակ, Պողոսը մեկ օրվա ընթացքում կարող էր ոտքով անցնել մոտ 30 կիլոմետր։

Սակայն Պաղեստինում ճանապարհները հիմնականում քարահատակ չէին և անցնում էին դաշտերի ու հովիտների միջով։ Ճանապարհորդը կարող էր հանդիպել վայրի գազանների ու ավազակների, ինչպես նշում է Պողոսը։ Իսկ երբեմն էլ ճանապարհ ընդհանրապես չկար։

Իսկ ի՞նչ էր վերցնում իր հետ ճամփորդող միսիոները։ Ամենակարևոր բաներից էին պաշտպանվելու համար մահակը (1), անկողինը (2), քսակը (3), մի զույգ լրացուցիչ սանդալները (4), կերակուրի տոպրակը (5), մի ձեռք փոխնորդ շորերը (6), կաշվե ծալովի դույլը (7)՝ ճանապարհին ջրհորից ջուր հանելու համար, ջրի սրվակը (8) և մեծ կաշվե պայուսակը (9), որտեղ տեղավորում էր անհրաժեշտ ամեն բան։

Միսիոներները ճանապարհին միշտ հանդիպում էին վաճառականների, որոնք իրենց ապրանքները տանում էին շուկաներ հիմնականում էշերի վրա բարձած։ Այս կենդանիները պարզապես անփոխարինելի էին զառիթափ ու քարքարոտ ճանապարհներով բեռներ տեղափոխելու համար։ Մի տեղեկագրության համաձայն՝ լավ բեռնավորված ուժեղ էշը մեկ օրում անցնում էր մինչև 80 կիլոմետր։ Ճանապարհներին հանդիպում էին նաև եզներին լծված սայլեր, որոնք ավելի դանդաղ էին առաջ ընթանում՝ մեկ օրում 8–20 կիլոմետր։ Բայց դրանք ավելի շատ բեռներ էին տեղափոխում և շատ հարմար էին կարճ ճամփորդությունների համար։ Երբեմն ճանապարհորդը տեսնում էր նաև ուղտերի կամ էշերի քարավաններ, որոնք բազմատեսակ ապրանքներ էին բերում աշխարհի տարբեր ծայրերից։ Հանդիպում էին նաև սուրհանդակներ, որոնք ձի հեծած սուրում էին դեպի երկրի հեռավոր վայրերը՝ տանելով թագավորի հրամանները։

Մութն ընկնելուց հետո ճամփորդողները ճանապարհի կողքին վրան էին խփում և գիշերում էին այնտեղ։ Ոմանք էլ մնում էին քարվանսարաներում, որոնք պարսպապատ իջևանատներ էին՝ չկահավորված սենյակներով։ Այս կեղտոտ և անհարմար վայրերը այնքան էլ լավ պաշտպանություն չէին վատ եղանակից կամ գողերից։ Հնարավորության դեպքում ճամփորդող միսիոներները գիշերն անցկացնում էին իրենց հավատակիցների տանը (Գործեր 17։7; Հռոմեացիներ 12։13)։

Ճանապարհորդություն ծովով։ Գալիլեայի ծովում փոքր նավակներ էին լողում, որոնք մի ափից մյուսն էին տեղափոխում մարդկանց և տարբեր տեսակի բեռներ (Հովհաննես 6։1, 2, 16, 17, 22–24)։ Իսկ Միջերկրական ծովում նավարկում էին մեծ նավերով։ Դրանք հիմնականում բեռնատար նավեր էին, որոնք հեռավոր նավահանգիստներից բեռներ էին փոխադրում և Հռոմին ապահովում սննդամթերքով։ Այդ նավերը ծառայում էին նաև որպես կապի միջոց նավահանգիստների միջև։ Դրանցով ճամփորդում էին բարձրաստիճան պաշտոնյաները։

Նավաստիները ցերեկը առաջնորդվում էին հորիզոնում երևացող ցամաքի միջոցով, իսկ գիշերը՝ աստղերով։ Այդ պատճառով ծովով ճանապարհորդությունը ապահով էր միայն մայիս ամսից մինչև սեպտեմբերի կեսերը, երբ եղանակը ավելի բարենպաստ էր լինում։ Սակայն հաճախ էին նավաբեկություններ լինում (Գործեր 27։39–44; 2 Կորնթացիներ 11։25)։

Ցամաքով ճամփորդությունը, իր դժվարություններով հանդերձ, ավելի նախընտրելի էր, քան ծովային ճամփորդությունը։ Բեռնատար նավերի վրա, որոնք ծովերում հիմնական տրանսպորտային միջոցն էին, շատ քիչ ուշադրություն էր դարձվում ուղևորների համար հարմարավետ պայմաններ ստեղծելուն։ Տախտակամածի տակ գտնվող չոր մասում պահվում էին միայն թանկարժեք ապրանքները։ Իսկ ուղևորները ոչ միայն ցերեկն էին անցկացնում տախտակամածի վրա, այլև գիշերում էին այնտեղ՝ բաց երկնքի տակ, ինչպիսի եղանակ էլ որ լիներ։ Նրանք սնվում էին իրենց հետ վերցրած ուտելիքներով։ Նավի վրա նրանց միայն խմելու ջուր էին տալիս։ Երբեմն ծովում եղանակը շատ անկայուն էր լինում։ Մոլեգնած քամիների և ալեկոծությունների պատճառով հաճախ օրեր շարունակ ուղևորները գլխացավեր ու սրտխառնոց էին ունենում։

Թե՛ ցամաքային և թե՛ ծովային ճանապարհորդությունները լի էին վտանգներով։ Սակայն չնայած դրան՝ Պողոս առաքյալը և մյուս միսիոներները քարոզեցին «Թագավորության բարի լուրը» այն ժամանակ հայտնի ողջ աշխարհում (Մատթեոս 24։14)։ Այն օրից ի վեր, երբ Հիսուսը պատվիրել էր իր աշակերտներին վկայել իր մասին, ընդամենը 30 տարի էր անցել, սակայն Պողոսը արդեն կարող էր ասել, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կողոսացիներ 1։23)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը