«Մեծ նվեր» Լեհաստանին
ԴՈՒՔՍ Ալբրեխտ վան Բրանդենբուրգը 1525 թ. հուլիսի 6–ին լյութերականությունը ընդունեց որպես պետական կրոն։ Արդյունքում Լեհական թագավորության ֆեոդալական կարգերի օրոք Պրուսիայի դքսությունը դարձավ Եվրոպայում առաջին պետությունը, որը պաշտոնապես որդեգրեց Մարտին Լյութերի ուսմունքները։
Ալբրեխտը ցանկանում էր Քյոնիգսբերգը՝ Արևելյան Պրուսիայի մայրաքաղաքը, դարձնել բողոքական մշակույթի կենտրոն։ Նա քաղաքում համալսարան հիմնադրեց և հովանավորեց մի քանի լեզուներով լյութերական գրքերի տպագրման գործը։ 1544 թ.–ին դուքսը նաև հրաման արձակեց, որի համաձայն՝ իր տարածքներում ապրող լեհ ժողովուրդը պետք է Սուրբ Գրություններից հատվածներ լսեր, որը նրանց համար պետք է ընթերցվեր իրենց մայրենի լեզվով։ Սակայն այդ ժամանակ լեհերեն լեզվով աստվածաշնչյան ոչ մի թարգմանություն չկար։
Թարգմանություն «առօրյա խոսակցական լեզվով»
Իրավիճակը շտկելու համար Ալբրեխտը սկսեց փնտրել այնպիսի մեկին, որը կարող էր իրականացնել Քրիստոնեական Հունարեն Գրությունների լեհերեն թարգմանությունը։ Մոտավորապես 1550 թ.–ին այդ աշխատանքի համար նա վարձեց Յան Սեկլուցիանին, որը գրող էր, գրավաճառ և տպագրիչ։ Սեկլուցիանը ավարտել էր Լեյպցիգի համալսարանը և հայտնի էր նրանով, որ զայրացնում էր կաթոլիկ եկեղեցուն՝ բողոքական ուսմունքներ տարածելով։ Դրանից առաջ նա Քյոնիգսբերգ էր գնացել, որպեսզի խուսափեր այն փորձություններից, որոնց նա կբախվեր իր կրոնական հավատալիքները տարածելիս։
Յան Սեկլուցիանը մեծ խանդավառությամբ էր համակված՝ իրականացնելու Գրությունների լեհերեն լեզվով թարգմանությունը։ Այդ հանձնարարությունը ստանալուց ընդամենը մեկ տարի անց հրատարակվեց Մատթեոսի Ավետարանի առաջին օրինակը։ Այս հրատարակությունը մանրամասն մեկնաբանություններ և օգտակար զուգահեռ հղումներ էր պարունակում, որոնցում որոշ հատվածների համար լրացուցիչ տարբերակներ էին առաջարկվում։ Դրանից կարճ ժամանակ հետո Սեկլուցիանը սկսեց զբաղվել բոլոր չորս Ավետարանների հրատարակությամբ։ Երեք տարում նա ամբողջությամբ տպագրեց Քրիստոնեական Հունարեն Գրությունները։
Թարգմանիչը հունարեն տեքստերից էր օգտվել, որպեսզի ճշգրիտ թարգմանություն կատարեր։ Ավելին, 1551 թ. հրատարակության նախաբանում նշվում էր, որ թարգմանիչը լատիներեն և «ուրիշ լեզուների թարգմանություններից էլ է օգտվել»։ Ստանիսլավ Ռոսփոնդը՝ 16–րդ դարի լեհերեն լեզվի ուսումնասիրությունների հեղինակը, նշում է, որ այս թարգմանությունը համարվում է «գեղեցիկ և սահուն ոճով գրված արձակ»։ Թարգմանիչը պարտադրված չի եղել օգտագործելու «գրական լեզու», ինչպես նշում է Ռոսփոնդը։ Փոխարենը՝ նա ջանքեր է թափել օգտագործելու լեհերեն այնպիսի բառեր, որոնք «հատուկ են առօրյա խոսակցական լեզվին»։
Չնայած Սեկլուցիանն էր հսկում այդ նախագիծը, փաստերը ցույց են տալիս, որ թարգմանիչը նա չէր։ Ո՞վ էր, ուրեմն, այդ ջանասեր անձնավորությունը. Ստանիսլավ Մուրժենովսկին, որը մոտավորապես 23 տարեկան երիտասարդ էր, երբ Սեկլուցիանը հանձնարարեց նրան այդ դժվարին աշխատանքը։
Մուրժենովսկին ծնվել էր գյուղում, բայց չափահաս դառնալուց հետո հայրը նրան ուղարկել էր Քյոնիգսբերգ՝ հունարեն և եբրայերեն լեզուները սովորելու նպատակով։ Այնուհետև Մուրժենովսկին ընդունվեց Վիտենբերգի համալսարանը (Գերմանիա), որտեղ էլ հավանաբար նա հանդիպել է Մարտին Լյութերին։ Երիտասարդ ուսանողը լսել էր նաև Ֆիլիպ Մելանխթոնի դասախոսությունները։ Վերջինս, անկասկած, օգնել էր Մուրժենովսկուն տիրապետելու այդ երկու լեզուներին։ Իր ուսումնասիրությունների մեջ նա հաջողության հասավ Իտալիայում, որից հետո վերադարձավ Քյոնիգսբերգ և իր ծառայություններն առաջարկեց դուքս Ալբրեխտին։
«Մուրժենովսկին եռանդորեն և արդյունավետ կերպով էր աշխատում,— գրում է Մարիա Կոսովսկան իր՝ «Աստվածաշունչը լեհերեն լեզվով» գրքում,— սակայն նա իր անձի վրա ուշադրություն չէր հրավիրում, չէր ձգտում աչքի ընկնող դիրքի հասնել և չէր խնդրում, որ իր անունը գրվի թարգմանված գրքի առաջին էջի վրա» («The Bible in the Polish Language»)։ Իրականում այս երիտասարդ անձնավորությունը իր կարողությունների մասին հետևյալն է գրում. «Ես չգիտեմ, թե ո՛ր լեզվով եմ ավելի վատ գրում՝ լատիներե՞ն, թե՞ լեհերեն»։ Չնայած այս լեզուներին տիրապետելու մասին իր ունեցած կասկածներին՝ Մուրժենովսկին կարևոր դեր խաղաց Աստծու Խոսքը լեհ ժողովրդին մատչելի դարձնելու գործում։ Նրա գործընկերը՝ Սեկլուցիանը, այդ թարգմանությունը անվանեց «մեծ նվեր» Լեհաստանին։
Մեծագույն նվերներից մեկը
Աստվածաշնչի լեհերեն լեզվով այդ թարգմանությանը հետևեցին ուրիշ թարգմանություններ։ 1994–ին լեհերեն լեզվով լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», իսկ 1997–ին՝ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ։ Թարգմանիչները, որոնք ուշադրությունը չեն կենտրոնացրել իրենց վրա, ջանք են թափել, որպեսզի Աստծու Խոսքը փոխանցվի ճշգրիտ կերպով, և այն մոտ լինի ոչ թե 16–րդ դարի, այլ առօրյա խոսակցական լեզվին։
Այսօր Աստվածաշունչը մասամբ կամ ամբողջությամբ մատչելի է մոտ 2 400 լեզուներով։ Եթե դու կարող ես ձեռք բերել Աստծու Խոսքի ճշգրիտ թարգմանությունը քո մայրենի լեզվով, ապա դա մեծագույն նվերներից մեկը կլինի քեզ համար, Եհովա Աստծուց ստացած մի նվեր, որը միշտ կառաջնորդի քեզ (2 Տիմոթեոս 3։15–17)։
[նկար 20–րդ էջի վրա]
Լեհերեն լեզվով «Նոր Կտակարանի» թարգմանիչներից մեկի՝ Ստանիսլավ Մուրժենովսկու հուշաքարը
[նկար 21–րդ էջի վրա]
«Մատթեոս» գրքի 3–րդ գլուխը՝ թարգմանված Ստանիսլավ Մուրժենովսկու կողմից
[թույլտվությամբ]
Dzięki uprzejmości Towarzystwa Naukowego Płockiego