Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս են մարդիկ հնում ստացել «որդան կարմիր» գույնը, որը հաճախ է հիշատակվում «Ելք» գրքում
▪ Աստվածաշնչի համաձայն՝ Իսրայել ազգի երկրպագության հին կենտրոնը՝ խորանը, ինչպես նաև խորանի դարպասը ծածկված էին պաստառներով, որոնք պատրաստված էին «կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից և որդան կարմրով ներկված մանվածքից» (Ելք 26։1; 38։18)։ «Որդան կարմրով ներկված մանվածքը» այն թելերից էր, որոնք օգտագործվեցին քահանաների «սուրբ հանդերձները» պատրաստելիս (Ելք 28։1–6)։
Որդան կարմիրը վառ կարմիր ներկ էր։ Այն ստանում էին կոկցիդների ընտանիքին պատկանող էգ միջատների մարմնից։ Այս անթև միջատներն ապրում են կաղնու մի տեսակի վրա (Quercus coccifera), որի հայրենիքը Մերձավոր Արևելքը և Միջերկրական ծովի ավազանն է։ Այս միջատների էգերը իրենց մեջ կրում են ձվեր, որոնք պարունակում են որդան կարմիր գույնը։ Այդ վիճակում միջատները նման են հատապտուղների՝ մոտավորապես ոլոռի չափ, և կպած են կաղնու տերևներին ու ճյուղերին։ Միջատներին հավաքում են, ճզմում և ստանում ներկ, որը լուծվում է ջրում և կարող է օգտագործվել կտոր ներկելու համար։ Հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագը հիշատակում է որդան կարմրի մասին և նշում, որ այն իր օրերի ամենահարգի գույներից է։
Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողներից ովքե՞ր են ներկա եղել մ.թ. 33-ի Պենտեկոստեին
▪ Աստվածաշնչի այս մասը գրել են ութ հոգի, և, հավանաբար, նրանցից վեցն է ներկա եղել մ.թ. 33-ի Պենտեկոստեին։
Համաձայն «Գործեր» գրքի՝ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց. «Երուսաղեմից մի հեռացեք, այլ սպասեք Հոր խոստացածին» (Գործեր 1։4)։ Նույն գրքից երևում է, որ Աստվածաշնչի ապագա գրողներ Մատթեոսը, Հովհաննեսը և Պետրոսը հնազանդվեցին Հիսուսի այս պատվերին և այլ աշակերտների հետ հավաքվեցին «մեկտեղ»։ Հիսուսի եղբայրները նույնպես այնտեղ էին (Գործեր 1։12–14; 2։1–4)։ Նրանցից երկուսը՝ Հակոբոսն ու Հուդան, ավելի ուշ գրեցին Աստվածաշնչի՝ իրենց անունները կրող գրքերը (Մատթեոս 13։55; Հակոբոս 1։1; Հուդա 1)։
Իր Ավետարանում Մարկոսը խոսում է մի երիտասարդի մասին, որը Հիսուսի բանտարկության գիշերը փախավ։ Ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդը հենց ինքը Մարկոսն էր, որովհետև մյուս աշակերտները արդեն լքել էին Հիսուսին (Մարկոս 14։50–52)։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Մարկոսը առաջին աշակերտներից է եղել, և, հնարավոր է, ներկա է եղել Պենտեկոստեին։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Քրիստոնեական Հունարեն Գրությունների մյուս գրողների՝ Պողոսի և Ղուկասի մասին։ Մ.թ. 33-ի Պենտեկոստեին Պողոսը դեռևս Քրիստոսի հետևորդ չէր (Գաղատացիներ 1։17, 18)։ Ըստ ամենայնի, Ղուկասը նույնպես ներկա չի եղել, որովհետև նա իրեն չի ընդգրկում Հիսուսի ծառայության ականատեսների թվի մեջ (Ղուկաս 1։1–3)։
[նկար 22-րդ էջի վրա]
Այս միջատներից ներկ են պատրաստում
[թույլտվությամբ]
Courtesy of SDC Colour Experience (www.sdc.org.uk)
[նկար 22-րդ էջի վրա]
Պետրոսի ելույթը մ.թ. 33-ի Պենտեկոստեին