Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/1 էջ 24–էջ 27 պարբ. 8
  • Ուշագրավ մտքեր «Թուոց» գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Թուոց» գրքից
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԻՆԱ ՍԱՐԻ ՄՈՏ
  • (Թուոց 1։1–10։10)
  • ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ
  • (Թուոց 10։11–21։35)
  • ՄՈՎԱԲԻ ԴԱՇՏԵՐՈՒՄ
  • (Թուոց 22։1–36։13)
  • Աստծո Խոսքը զորավոր է
  • Աստվածաշնչի գիրք համար 4. Թվեր
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Թվեր | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Մովսեսը հարվածում է ապառաժին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հավատարմորեն հնազանդվեցեք Աստծո իշխանությանը
    2002 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 8/1 էջ 24–էջ 27 պարբ. 8

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Թուոց» գրքից

ԵԳԻՊՏՈՍԻՑ դուրս գալուց հետո իսրայելացիները կազմակերպված ազգ դարձան։ Դրանից կարճ ժամանակ անց նրանք հնարավորություն ունեին Ավետյաց երկիր մտնելու, սակայն դա տեղի չունեցավ։ Իսրայելացիները ստիպված էին գրեթե քառասուն տարի թափառել «մեծ ու ահագին.... անապատումը» (Բ Օրինաց 8։15)։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչի «Թուոց» գիրքը պատմական տեղեկություններ է ներկայացնում պատահածի մասին։ Դրանք ամենայն հավանականությամբ կօգնեն մեզ հասկանալ, որ մենք կարիք ունենք հնազանդվելու Եհովա Աստծուն ու հարգելու նրա ներկայացուցիչներին։

«Թուոց» գիրքը գրվել է Մովսեսի կողմից անապատում ու Մովաբի դաշտերում և ընդգրկում է 38 տարվա ու 9 ամսվա ժամանակաշրջան՝ մ.թ.ա. 1512–ից մինչև մ.թ.ա. 1473–ը (Թուոց 1։1; Բ Օրինաց 1։3)։ Գրքի անվան ծագման հիմքում ընկած են իսրայելացիների երկու մարդահամարները, որոնց միջև եղած ժամանակահատվածը կազմում է մոտ 38 տարի (գլուխներ 1–4, 26)։ Ներկայացվող պատմությունը բաժանվում է երեք մասի։ Առաջինը պատմում է Սինա սարի մոտ տեղի ունեցած իրադարձությունները։ Երկրորդը պատմում է, թե ինչ տեղի ունեցավ այն տարիներին, երբ Իսրայելը թափառում էր անապատում։ Իսկ երրորդ մասը ընդգրկում է Մովաբի դաշտերում տեղի ունեցած դեպքերը։ Կարդալով այս պատմությունը՝ գուցե քո մեջ հարց առաջանա. «Ի՞նչ են այս դեպքերը սովորեցնում ինձ։ Կա՞ն այս գրքում սկզբունքներ, որոնք կարող են օգտակար լինել ինձ համար այսօր»։

ՍԻՆԱ ՍԱՐԻ ՄՈՏ

(Թուոց 1։1–10։10)

Մարդահամարներից առաջինը անցկացվում է այն ժամանակ, երբ իսրայելացիները Սինա սարի ստորոտում են գտնվում։ Քսան տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց թիվը, բացառությամբ ղևտացիների, կազմում է 603 550։ Ակներևաբար, մարդահամարը անցկացվում է ռազմական նկատառումներով։ Ամբողջ Իսրայելի թիվը, ներառյալ կանայք, երեխաները և ղևտացիները, հնարավոր է, անցնում է երեք միլիոնից։

Մարդահամարից հետո իսրայելացիները ստանում են հրահանգներ, մանրամասնություններ, պատվերներ ու կանոններ, որոնք վերաբերում են երթային կարգին, ղևտացիների պարտականություններին ու խորանի ծառայության, հիվանդ կամ անմաքուր մարդկանց մեկուսացմանը, խանդին, ուխտավորներին։ 7–րդ գլխում խոսվում է ցեղերի իշխանների կողմից մատուցվող ընծաների մասին, որոնք արվեցին զոհասեղանի բացման կապակցությամբ, իսկ 9–րդ գլխում տրվում են հրահանգներ Պասեքի առնչությամբ։ Իսրայելի ժողովին նաև հրահանգներ են տրվում, թե ինչպես ճամբարը դնել ու հավաքել։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

2։1, 2 — Ի՞նչ էր այն ‘նշանը’, որի շուրջ «Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր դրօշակի մօտ», այսինքն՝ երեք ցեղից բաղկացած խմբավորման մեջ, պետք է իջևան աներ։ Աստվածաշունչը չի նկարագրում այդ նշանը։ Ինչևէ, այն չէր համարվում սրբություն և չուներ որևէ կրոնական նշանակություն։ ‘Հայրերի տան նշանը’ ծառայում էր գործնական նպատակի, այն է՝ օգնել անհատին, որ գտնի իր տեղը ճամբարում։

5։27 — Ի՞նչ է նշանակում շնության մեջ մեղադրվող կնոջ ‘զիստի փտելը’։ Այստեղ օգտագործված «զիստ» բառը մատնանշում է բազմացման օրգանները։ Զիստի ‘փտելը’ ենթադրում է այդ օրգանների վիճակի այն աստիճան վատացում, որ բեղմնավորումն անհնար էր դառնում։

Դասեր մեզ համար

6։1–7. Ուխտավորները պետք է հրաժարվեին խաղողից ստացված ամեն տեսակի ուտելիքից ու ոգելից խմիչքից, ինչը պահանջում էր ինքնուրացություն։ Նրանք պետք է թողնեին, որ իրենց մազերը աճեն. երկար մազեր ունենալը Եհովային հնազանդվելու խորհրդանիշ էր, ճիշտ ինչպես կինը պետք է հնազանդվեր իր ամուսնուն կամ հորը։ Ուխտավորները պետք է մաքուր մնային՝ չմոտենալով դիակի, այդ թվում մոտ հարազատի դիակին։ Լիաժամ ծառայողներն այսօր անձնազոհություն են դրսևորում, երբ անհրաժեշտ է լինում հրաժարվել ինչ–​ինչ բաներից ու ենթարկվել Եհովային ու նրա հրահանգներին։ Որոշ նշանակումներ կարող են անհրաժեշտություն ստեղծել տեղափոխվելու հեռավոր երկիր, ինչը գուցե դժվարացնի կամ նույնիսկ անհնար դարձնի տուն գնալը՝ մասնակցելու ընտանիքի անդամի թաղմանը։

8։25, 26. Հարգելով տարեց ղևտացիների տարիքը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ղևտական ծառայությունը պետք է հարկ եղած ձևով կատարվեր՝ այդ ղևտացիներին պատվիրված էր պաշտոնաթող լինել պարտադիր ծառայությունից։ Այդուհանդերձ, նրանք կարող էին կամավորապես օժանդակել մյուս ղևտացիներին։ Թեպետ մեր օրերում նախատեսված չէ «պաշտոնաթողություն» Թագավորության քարոզչի ծառայությունից, այս օրենքում պարփակված սկզբունքը մեզ կարևոր բան է սովորեցնում. եթե տարիքի պատճառով քրիստոնյան այլևս ի վիճակի չէ կատարել որոշ պարտականություններ, ապա նա գուցե կարողանա կատարել այնպիսի ծառայություն, որն իր ուժերից վեր չէ։

ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ

(Թուոց 10։11–21։35)

Երբ խորանի վրայի ամպը բարձրանում է, իսրայելացիները սկսում են երթը։ 38 տարի ու մեկ կամ երկու ամիս անց նրանք հասնելու էին Մովաբի դաշտերը։ Գուցե հարմար գտնես նրանց անցած ճանապարհը նայել «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկի 9–րդ էջում զետեղված քարտեզի միջոցով (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։

Կադես գնալու ճանապարհին՝ Փառանի անապատում, իսրայելացիների կողմից տրտունջի առնվազն երեք դեպք է լինում։ Առաջին տրտնջանքն ավարտվում է նրանով, որ Եհովան կրակ է ուղարկում, որը ոչնչացնում է ժողովրդի որոշ մասին։ Երկրորդ դեպքում իսրայելացիները դառնագին տրտնջում են, որ միս չունեն ուտելու, և Եհովան լոր է ուղարկում։ Իսկ երրորդ դեպքում Մարիամն ու Ահարոնը գանգատվում են Մովսեսի դեմ, ինչի հետևանքը լինում է այն, որ Մարիամը ժամանակավորապես բորոտությամբ է պատժվում։

Ճամբար դնելով Կադեսում՝ Մովսեսը 12 մարդ է ուղարկում՝ Ավետյաց երկիրը հետախուզելու։ Նրանք վերադառնում են 40 օր անց։ Հավատալով հետախույզներից 10–ի բացասական լուրին՝ ժողովուրդը ցանկանում է քարկոծել Մովսեսին, Ահարոնին և հավատարիմ հետախույզներ Հեսուին ու Քաղեբին։ Եհովան մտադիր է ժանտախտով հարվածել ժողովրդին, բայց Մովսեսը բարեխոսում է, և Աստված հայտարարում է, որ ժողովուրդը 40 տարի կթափառի անապատում, մինչև որ մարդահամարի ենթարկվածները մահանան։

Եհովան լրացուցիչ կանոններ է տալիս։ Կորխը և ուրիշներ ապստամբում են Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Սակայն գետինը բացվում է և կուլ է տալիս նրանց մի մասին. ապստամբների մի մասն էլ կործանվում է կրակից։ Հաջորդ օրը ամբողջ ժողովն է տրտնջում Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Հետևանքն այն է լինում, որ Եհովան ոչնչացնում է 14 700 մարդու։ Աստված, հայտնի դարձնելու համար, թե ում է ընտրել որպես քահանայապետ, Ահարոնի գավազանը ծաղկել է տալիս։ Այնուհետև Եհովան օրենքներ է տալիս ղևտացիների պարտականությունների ու ժողովրդի մաքրության վերաբերյալ։ Կարմիր երինջի մոխիրը օգտագործելը նախապատկերում է Հիսուսի զոհագործության միջոցով կատարվող մաքրումը (Եբրայեցիս 9։13, 14)։

Իսրայելի որդիները վերադառնում են Կադես, որտեղ և Մարիամը մահանում է։ Ժողովը դարձյալ տրտնջում է Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Ո՞րն է պատճառը։ Պատճառը ջրի բացակայությունն է։ Մովսեսն ու Ահարոնը թերանում են սրբացնել Եհովայի անունը, երբ հրաշքի միջոցով ժողովրդին ապահովում են ջրով, այդ իսկ պատճառով կորցնում են Ավետյաց երկիր մտնելու առանձնաշնորհումը։ Իսրայելը հեռանում է Կադեսից, Ահարոնը մահանում է Հովր սարում։ Եդովմի մոտով անցնելիս իսրայելացիները հոգնում են ճանապարհից ու Աստծո ու Մովսեսի դեմ են խոսում։ Եհովան թունավոր օձեր է ուղարկում նրանց պատժելու նպատակով։ Մովսեսը դարձյալ բարեխոսում է, և Աստված հրահանգ է տալիս նրան պատրաստել պղնձե օձ ու այն դնել ձողի վրա, որպեսզի խայթված իսրայելացիները նայեին օձին ու բժշկվեին։ Օձը նախապատկերում է Հիսուս Քրիստոսի ցից բարձրացվելը հանուն մեր հավիտենական բարօրության (Յովհաննէս 3։14, 15)։ Իսրայելը պարտության է մատնում ամորհացիների Սեհոն և Ովգ թագավորներին ու տիրում նրանց երկրին։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

12։1 — Ինչո՞ւ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին։ Ըստ ամենայնի, իսկական պատճառը, թե ինչու նրանք բողոքեցին, այն էր, որ Մարիամը ցանկանում էր ավելի մեծ իշխանություն ունենալ։ Երբ Մովսեսի կինը՝ Սեպփորան, միացավ իր ամուսնուն անապատում, հնարավոր է, որ Մարիամն անհանգստացավ, թե ինքն այլևս առաջին տիկին չի համարվի ճամբարում (Ելից 18։1–5)։

12։9–11 — Ինչո՞ւ միայն Մարիամը բորոտությամբ պատժվեց։ Շատ հավանական է, որ Մարիամն էր բողոքի հեղինակը, ու նա համոզել էր Ահարոնին իրեն միանալ։ Ահարոնը ճիշտ վարվեց՝ խոստովանելով իր սխալը։

21։14, 15 — Ո՞ր գրքի մասին է խոսվում այստեղ։ Գրություններում հիշատակվում են տարբեր գրքեր, որոնց օգնությանը Աստվածաշունչ գրողները դիմել են որպես գրավոր աղբյուրի (Յեսու 10։12, 13; Գ Թագաւորաց 11։41; 14։19, 29)։ ‘Եհովայի պատերազմների գիրքը’ մի այդպիսի աղբյուր էր։ Այն պարունակում էր Եհովայի ժողովրդի վարած պատերազմների պատմությունը։

Դասեր մեզ համար

11։27–29. Մովսեսը գերազանց օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը, երբ մյուսները առանձնաշնորհումներ են ստանում Եհովայի ծառայության մեջ։ Սնափառությամբ լցվելու փոխարեն՝ նա ուրախ էր, որ Ելդադն ու Մովդադը սկսել էին մարգարեանալ։

12։2, 9, 10; 16։1–3, 12–14, 31–35, 41, 46–50. Եհովան իր երկրպագուներից ակնկալում է հարգանք իր կողմից տրված իշխանության հանդեպ։

14։24. Աշխարհի կողմից եկող ճնշումներին դիմակայելու համար հարկավոր է մշակել «ուրիշ հոգի», կամ՝ տրամադրվածություն, ոգի։ Այդ ոգին չպետք է նման լինի աշխարհային ոգուն։

15։37–41. Իսրայելացիների հագուստի վրայի հատուկ ծոպերը նախատեսված էին՝ հիշեցնելու նրանց, որ նրանք Աստծո երկրպագության համար առանձնացված ժողովուրդ են, ու պետք է հնազանդվեն նրա պատվերներին։ Չպե՞տք է արդյոք մենք նույնպես ապրենք Աստծո չափանիշներով ու նկատելիորեն տարբերվենք աշխարհից։

ՄՈՎԱԲԻ ԴԱՇՏԵՐՈՒՄ

(Թուոց 22։1–36։13)

Իսրայելի որդիները վրանատեղի են հաստատում Մովաբի դաշտերում, ու մովաբացիներին պատում է սարսափը։ Այդ իսկ պատճառով Մովաբի Բաղակ թագավորը վարձում է Բաղաամին, որպեսզի վերջինս անիծի իսրայելացիներին։ Բայց Եհովան Բաղաամի անեծքը օրհնություն է դարձնում։ Հետո մովաբացի ու մադիանացի կանանց միջոցով թշնամիները փորձում են իսրայելացիներին ներքաշել անբարոյականության ու կռապաշտության մեջ։ Հետևանքն այն է լինում, որ Եհովան 24 000 մեղավորների ոչնչացնում է։ Պատուհասը վերջ է գտնում այն ժամանակ, երբ Փենեհեսը ակնհայտ ձևով ցույց է տալիս, որ չի հանդուրժում ոչ մի մրցակցություն Եհովայի հետ։

Երկրորդ մարդահամարի արդյունքները ցույց են տալիս, որ առաջին մարդահամարի ենթարկվածներից ոչ ոք այլևս կենդանի չէ, բացի Հեսուից ու Քաղեբից։ Հեսուն նշանակվում է որպես Մովսեսի հաջորդ։ Իսրայելացիները ստանում են հրահանգներ կապված տարբեր նվիրաբերությունների և ուխտերի հետ։ Իսրայելը վրեժ է առնում մադիանացիներից։ Ռուբենը, Գադը և Մանասեի կես ցեղը բնակություն են հաստատում Հորդանան գետի արևելյան կողմում։ Իսրայելին հրահանգ է տրվում, թե ինչպես անցնել Հորդանանը ու տիրել երկրին։ Մանրամասնորեն որոշվում են երկրի սահմանները։ Ստանալիք ժառանգությունը պետք է որոշվի վիճակ գցելով։ Ղևտացիներին տրվում են 48 քաղաքներ, որոնցից 6–ը ծառայելու են որպես ապաստանի քաղաքներ։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

22։20–22 — Ինչո՞ւ Եհովայի բարկությունը բորբոքվեց Բաղաամի դեմ։ Եհովան Բաղաամ մարգարեին ասել էր, որ չանիծի իսրայելացիներին (Թուոց 22։12)։ Սակայն այդ մարգարեն գնաց Բաղակի մարդկանց հետ՝ լիովին տրամադրված անիծելու Իսրայելին։ Բաղաամն ուզում էր Մովաբի թագավորի բարեհաճությանն արժանանալ ու նրանից «վարձք» ստանալ (Բ Պետրոս 2։15, 16; Յուդա 11)։ Նույնիսկ երբ Բաղաամը անիծելու փոխարեն ստիպված էր օրհնել Իսրայելին, նա շարունակեց փնտրել թագավորի հաճությունը՝ առաջարկելով նրան, որ Բահաղի երկրպագու կանայք օգտագործվեն գայթակղեցնելու համար իսրայելացի տղամարդկանց (Թուոց 31։15, 16)։ Այսպիսով՝ Բաղաամի անամոթ ագահությունն էր պատճառը, որ Աստված բարկացավ նրա վրա։

30։6–8 — Կարո՞ղ է քրիստոնյա ամուսինը չեղյալ դարձնել իր կնոջ ուխտը։ Ուխտերի առնչությամբ Եհովան ներկայումս իր երկրպագուների հետ անհատապես է գործ ունենում։ Օրինակ՝ անհատի նվիրումը Եհովային անձնական ուխտ է (Գաղատացիս 6։5)։ Ամուսինը իշխանություն չունի անվավեր ճանաչելու այդպիսի ուխտը։ Սակայն կինը իր հերթին պետք է խուսափի այնպիսի ուխտերից, որոնք հակառակ են Աստծո Խոսքին կամ ամուսնու հանդեպ ունեցած իր պարտականություններին։

Դասեր մեզ համար

25։11. Եհովայի երկրպագության համար նախանձախնդրության ինչպիսի՜ օրինակ է թողել Փենեհեսը։ Քանի որ մեր ցանկությունն է ժողովը մաքուր պահել, ուրեմն չպե՞տք է քրիստոնյա երեցներին հայտնենք ցանկացած տեղեկություն անբարոյության ծանր մեղքի մասին։

35։9–29. Այն փաստը, որ ոչ դիտումնավոր սպանություն կատարած մարդը պետք է թողներ իր տունը և փախչեր ապաստանի քաղաքներից մեկը ու այնտեղ որոշակի ժամանակ մնար, սովորեցնում է մեզ, որ կյանքը սուրբ է, ու մենք պետք հարգենք այն։

35։33. Անմեղ մարդու արյունով պղծված երկրի համար քավության այլ միջոց չէր կարող լինել, եթե ոչ այդ արյունը թափած մարդու արյունը միայն։ Ինչքա՜ն տեղին է, որ Եհովան նախքան երկիրը դրախտի վերածելը կոչնչացնի ամբարիշտներին (Առակաց 2։21, 22; Դանիէլ 2։44)։

Աստծո Խոսքը զորավոր է

Մենք պետք է հարգենք Եհովային ու նրանց, ում նա պատասխանատու պաշտոնների է նշանակել իր ժողովրդի մեջ։ «Թուոց» գիրքը, հիրավի, այս ճշմարտությունն է ընդգծում։ Ի՜նչ կարևոր դաս մեր օրերում ժողովի խաղաղությունն ու միասնությունը պահպանելու համար։

«Թուոցում» հիշված դեպքերը ցույց են տալիս, թե որքան հեշտությամբ կարող են նրանք, ովքեր չեն հետևում իրենց հոգևոր վիճակին, կատարել այնպիսի սխալ գործեր, ինչպիսիք են՝ տրտնջանքը, անբարոյությունը և կռապաշտությունը։ Աստվածաշնչի այս գրքում պարփակված օրինակներից ու դասերից որոշները կարող են հիմք ծառայել Եհովայի վկաների ժողովների Ծառայողական հանդիպմանը ներկայացվող «Տեղական կարիքներ» բաժնի համար։ Իսկապես, «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» մեր կյանքում (Եբրայեցիս 4։12)։

[նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]

Հրաշք ամպի միջոցով, որը կանգնում էր խորանի վերևում, Եհովան առաջնորդում էր իսրայելացիներին, թե երբ սկսել երթը ու երբ վրանատեղի հաստատել

[նկարներ 26–րդ էջի վրա]

Եհովան արժանի է մեր հնազանդությանը ու մեզնից ակնկալում է հարգանք իր ներկայացուցիչների հանդեպ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը