Պայքար՝ Աստվածաշունչը ժամանակակից հունարենով հրատարակելու համար
Թերևս ձեզ զարմանք պատճառի այն, որ Հունաստանում Աստվածաշունչը մարդկանց հասկանալի լեզվով թարգմանելու խնդիրը երկարատև ու ծանր պայքարի առարկա է եղել, չնայած որ այդ երկիրը երբեմն կոչվել է մտքի ազատության հիմնադիր։ Իսկ ո՞վ կարող էր հակառակվել Աստվածաշունչը հասկանալի հունարենով հրատարակելու գործին։ Ինչո՞ւ պետք է որևէ մեկը ցանկանար խոչընդոտել այդ գործը։
ԳՈՒՑԵ մտածեք, թե հունախոս մարդիկ առաձնաշնորհյալ են, քանի որ Սուրբ Գրությունների մի մասը սկզբում գրվել է իրենց լեզվով։ Սակայն ժամանակակից հունարենը շատ է տարբերվում այն հունարենից, որով թարգմանվել է Եբրայերեն Գրությունների «Յոթանասնից» թարգմանությունը, նաև այն հունարենից, որով գրվել են Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Իրականում անցած վեց դարերի ընթացքում հունախոս մարդկանց մեծամասնության համար աստվածաշնչյան հունարենը օտար լեզվի պես անհասկանալի է եղել։ Հին բառերին փոխարինել են նորերը, փոխվել է նաև բառապաշարը, քերականությունը և շարահյուսությունը։
Հունարեն ձեռագրերի մի հավաքածու, որը թվագրվում է երրորդից տասնվեցերորդ դարերին, վկայում է այն մասին, որ մեծ ջանքեր են գործադրվել «Յոթանասնիցը» ավելի ուշ ժամանակաշրջանի հունարեն լեզվի թարգմանելու համար։ Երրորդ դարում Նեոկեսարիայի եպիսկոպոս Գրիգոր Հրաշագործը (մ.թ. 213–270) «Յոթանասնից» թարգմանությունից «Ժողովող» գիրքը ավելի պարզ հունարենի թարգմանեց։ 11–րդ դարում Մակեդոնիայում բնակվող Թոբիաս բեն Ելիեզեր անունով մի հրեա նույն թարգմանության Հնգամատյանից որոշակի հատվածներ թարգմանեց խոսակցական հունարենի։ Իր թարգմանությունը նա գրեց եբրայերեն տառերով, որպեսզի այն մատչելի լիներ Մակեդոնիայում բնակվող հրեաների համար, քանի որ վերջիններս չնայած խոսում էին միայն հունարեն լեզվով, սական կարողանում էին կարդալ եբրայերեն գիրը։ Այդ գրերով թարգմանված Հնգամատյանն ամբողջությամբ տպագրվեց 1547–ին Կոստանդնուպոլսում։
Լույս՝ խավարի միջից
15–րդ դարում՝ Բյուզանդական կայսրության հունախոս տարածքները օսմանցիների տիրապետության տակ ընկնելուց հետո, այդ տարածքներում բնակվողները մեծ մասամբ թերի կրթություն էին ստանում։ Չնայած ուղղափառ եկեղեցին բավականին մեծ արտոնություններ ուներ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, սակայն նա թույլ տվեց, որ իր հոտի անդամները դառնան աղքատ ու տգետ գյուղացիներ։ Հույն գրող Թոմաս Սփելիոսը գրում է. «Ուղղափառ եկեղեցու գլխավոր նպատակը և կրթական ծրագիրը կայանում էր նրանում, որ պաշտպաներ իր հետևորդներին մահմեդականության ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու ազդեցությունից։ Հետևանքը եղավ այն, որ հույների կրթական մակարդակը խիստ ընկավ»։ Նման անհույս վիճակում՝ Աստվածաշունչը սիրող և գնահատող անձինք հասկացան, որ հարկավոր է հոգևոր խավարի մեջ գտնվող ընկճված մարդկանց թարմացում տալ և Աստվածաշնչի «Սաղմոսներ» գրքի օգնությամբ սփոփել նրանց։ 1543–1835 թթ. ընկած ժամանակաշրջանում խոսակցական հունարենով «Սաղմոսներ» գրքի 18 թարգմանություններ կային արդեն։
Քրիստոնեական Հունարեն Գրություններն ամբողջությամբ հունարեն լեզվով առաջին թարգմանությունը պատրաստեց Կալլիպոլիսի մի հույն վանական՝ Մաքսիմոս Կալլիպոլիտեսը, 1630 թ.–ին։ Այդ աշխատանքը կատարվեց Կոստանդնուպոլսի պատրիարք Կիրիլ Լուկարիսի անմիջական ղեկավարության և հովանավորության ներքո, որը ցանկանում էր ուղղափառ եկեղեցին ռեֆորմացիայի ենթարկել։ Սակայն եկեղեցու ներսում պատրիարք Լուկարիսը հակառակորդներ ուներ, ովքեր բարեփոխման ոչ մի նոր ձեռնարկում չէին ընդունում և դեմ էին Աստվածաշունչը խոսակցական հունարենի թարգմանելուն։a Դեռ ավելին, այդ հոգևորականները Լուկարիսին խեղդամահ արեցին որպես դավաճանի։ Այնուամենայնիվ, 1638 թ.–ին տպագրվեց Մաքսիմոսի թարգմանությամբ Հունարեն Գրությունների մոտ 1 500 օրինակ։ Որպես արձագանք՝ դրանից 34 տարի անց Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու Սինոդը հայտարարեց, որ Աստվածաշունչը «պետք է կարդա ոչ թե ցանկացած մարդ, այլ միայն նա, ով հատուկ ուսումնասիրություն կատարելուց հետո խորը հասկացողություն է ձեռք բերել հոգևոր հարցերի վերաբերյալ»։ Իսկ դա նշանակում էր, որ Աստվածաշունչը կարող էր կարդալ միայն կրթություն ստացած հոգևորականությունը։
1703 թ.–ին Լեսբոս կղզում բնակվող Սերաֆիմ անունով մի հույն վանական փորձեց Լոնդոնում հրատարակել Մաքսիմոսի թարգմանության վերանայված օրինակը։ Երբ անգլիական դատարանի կողմից ֆինանսական օգնություն ստանալու խոստումներն այդպես էլ չիրականացան, Սերաֆիմը այն հրատարակելու նպատակով օգտագործեց իր անձնական միջոցները։ Գրքի առաջաբանի մեջ Սերաֆիմը նշում է, որ «յուրաքանչյուր նվիրված քրիստոնյա» պետք է կարդա Աստվածաշունչը, և մեղադրանքի խոսքեր է ուղղում եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին այն բանի համար, որ նրանք «մարդկանց տգիտության մեջ պահելով՝ ցանկանում են թաքցնել իրենց անվայել վարքը»։ Ինչպես և պետք էր ակնկալել, Սերաֆիմի ուղղափառ հակառակորդները բանտարկում են նրան Ռուսաստանում և աքսորում Սիբիր, որտեղ էլ 1735 թ.–ին նա մահանում է։
Այդ ժամանակի հունախոս մարդկանց մեծ հոգևոր քաղցի մասին խոսելով՝ մի հույն հոգևորական Մաքսիմոսի թարգմանության հետագա վերահրատարակության վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է տալիս. «Հույներն այս Սուրբ Աստվածաշունչը՝ մյուս հրատարակությունների հետ միասին, ընդունեցին սիրով ու բաղձանքով։ Նրանք կարդացին այն ու իրենց ցավերին թեթևացում գտան, և Աստծո հանդեպ նրանց հավատը.... էլ ավելի զորացավ»։ Սակայն նրանց հոգևոր առաջնորդները վախենում էին, որ եթե մարդիկ հասկանային Աստվածաշունչը, ապա դրանով կբացահայտվեին նրանց՝ Աստվածաշնչին հակասող հավատալիքներն ու գործերը։ Ուստի 1823–ին և ապա 1836–ին Կոստանդնուպոլսի պատրիարքը հրաման արձակեց այրել Աստվածաշնչի այդ բոլոր թարգմանությունները։
Խիզախ թարգմանիչը
Մի կողմից՝ այսպիսի մեծ հակառակության և մյուս կողմից՝ Աստվածաշնչի գիտության հանդեպ հոգևոր քաղցի առկայության պայմաններում երևան եկավ մի նշանավոր անձնավորություն, որը կարևոր դեր խաղաց Աստվածաշունչը ժամանակակից հունարենի թարգմանելու գործում։ Այդ խիզախ անձնավորությունը Նեոֆիտոս Վամվասն էր։ Նա ականավոր լեզվաբան էր և հայտնի աստվածաշնչագետ։ Նրան համարում էին «Ազգի ուսուցիչներից» մեկը։
Վամվասը բացահայտ տեսնում էր, որ ուղղափառ եկեղեցին էր մեղավոր այն բանի համար, որ մարդիկ հոգևոր տգիտության մեջ էին։ Նա համոզված էր, որ ժողովրդի հոգևոր զարթոնքի համար անհրաժեշտ էր Աստվածաշունչը թարգմանել այդ օրերի խոսակցական հունարենով։ 1831 թ.–ին մյուս աստվածաշնչագետների օգնությամբ նա սկսեց Աստվածաշունչը թարգմանել գրական հունարենի, որն ամբողջությամբ լույս տեսավ 1850 թ.–ին։ Քանի որ հունական ուղղափառ եկեղեցին նրան աջակցություն ցույց չէր տալիս այդ գործում, ուստի իր թարգմանությունը հրատարակելու և տարածելու համար նա համագործակցում էր Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերության հետ։ Եկեղեցին նրան «բողոքական» էր կոչում, իսկ շատ չանցած սկսեցին նրան մարդկանցից մերժված ու լքված համարել։
Վամվասի թարգմանությունը շատ մոտ էր «Քինգ Ջեյմս թարգմանությանը», և քանի որ այդ դարում աստվածաշնչագիտությունն ու լեզվաբանությունը զարգացման բարձր մակարդակի վրա չէին գտնվում, ուստի այս թարգմանությունն էլ ունեցավ նույն թերությունները, ինչ որ «Քինգ Ջեմս թարգմանությունը»։ Չնայած դրան՝ երկար տարիներ Վամվասի թարգմանությունը ժամանակակից հունարենով Աստվածաշնչին ամենամոտ կանգնած միակ աշխատությունն էր, որ մատչելի էր հույներին։ Հետաքրքիր է, որ այդ թարգմանության մեջ չորս անգամ հանդիպում է Աստծո անունը՝ «Ieová» ձևով (Ծննդոց 22։14; Ելից 6։3; 17։15; Դատաւորաց 6։24)։
Իսկ ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը Աստվածաշնչի այս և մյուս հեշտ ընթեռնելի հրատարակությունների լույս ընծայմանը։ Մեծ ցնծությամբ։ Հունաստանի կղզիներից մեկի նավահանգստում Աստվածաշունչ էր տարածում Բրիտանական ընկերության կողմից ուղարկված մի մարդ։ Նրա նավին «երեխաներով լի այնքան շատ նավակներ մոտեցան, որոնք եկել էին Աստվածաշունչ գնելու, որ նա ստիպված.... խնդրեց նավապետին հեռանալ նավահանգստից»։ Հակառակ դեպքում նա ստիպված կլիներ իր հետ վերցրած բոլոր գրքերը բաժանել միայն մեկ վայրում։ Այս գործունեությունը չվրիպեց հակառակորդների աչքից։
Ուղղափառ եկեղեցու քահանաները սպառնալով զգուշացրեցին ժողովրդին չվերցնել այդ թարգմանությունները։ Աթենքում դրանք բռնագրավվեցին։ 1833 թ.–ին Կրետեի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսը հրամայեց այրել Նոր Կտակարանները, որոնք նա գտել էր մի մենաստանում։ Բարեբախտաբար, Նոր Կտակարանի մի օրինակը թաքցրել էր քահանաներից մեկը, իսկ մոտակա գյուղերի բնակիչները թաքցրել էին իրենց օրինակները, մինչև որ պրելատը հեռանար կղզուց։
Մի քանի տարի անց Կորֆու կղզում (այժմ՝ Կերկիրա) հունական ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը արգելքներ դրեց Վամվասի թարգմանության վրա։ Արգելվեց գրքի վաճառքը, իսկ գոյություն ունեցող օրինակները ոչնչացվեցին։ Քիոս, Սիրոս և Միկոնոս կղզիներում տեղի հոգևորականության բռնած թշնամական դիրքը պատճառ եղավ Աստվածաշնչերը այրելուն։ Սակայն Սուրբ Գրքի դեմ ուղղված հակառակությունը այս ամենով չվերջացավ։
Աստվածաշունչը հետաքրքրում է թագուհուն
1870–ականների ընթացքում հույն ազգն, ընդհանուր առմամբ, բավարար գիտելիքներ չուներ Աստվածաշնչի մասին, և դա գիտակցում էր Հունաստանի թագուհի Օլգան։ Հավատալով, որ Աստվածաշնչի գիտությունը մխիթարություն և թարմություն կտար ժողովրդին՝ նա ցանկացավ այն հրատարակել ավելի պարզ հունարենով, քան Վամվասի թագմանությունն էր։
Այդ մասին թագուհուն ոչ պաշտոնական ձևով հուշել էր Աթենքի արքեպիսկոպոս և Սուրբ Սինոդի ղեկավար Պրոկոպիոսը։ Սակայն երբ թագուհին դիմեց Սուրբ Սինոդին՝ պաշտոնական թույլտվություն ստանալու նպատակով, մերժում ստացավ։ Այնուամենայնիվ, դա նրան չկոտրեց. 1899–ին նա մի նոր դիմում ներկայացրեց և երկրորդ անգամ մերժում ստացավ։ Հաշվի չառնելով մերժումը՝ նա որոշեց սեփական միջոցներով հրատարակել Աստվածաշնչի որոշ քանակություն, որն էլ իրականացրեց 1900 թ.–ին։
Համառ հակառակորդները
1901–ին Աթենքի «Ակրոպոլիս» կոչվող խոշորագույն թերթում տպագրվեց Մատթեոսի Ավետարանը դիմոտիկ հունարենով, որը թարգմանել էր Ալեքսանդր Փալլիսը Լիվերպուլում (Անգլիա)։ Փալլիսի և իր համագործակիցների նպատակն էր՝ «կրթել հույներին» և «օգնել ժողովրդին ոտքի կանգնել» ընկած վիճակից։
Ուղղափառ աստվածաբանություն ուսումնասիրողներն ու նրանց պրոֆեսորները այդ թարգմանությունը կոչեցին «ծաղրանք՝ ազգի ամենամեծ սրբության դեմ», Սուրբ Գրքի պղծություն։ Կոստանդնուպոլսի պատրիարք Եոակիմ III–ը այդ թարգմանությունը դատապարտող մի փաստաթուղթ պատրաստեց։ Խռովությունը քաղաքական բնույթ ստացավ, իսկ միմյանց դեմ պայքարող քաղաքական խմբավորումները նենգորեն օգտվեցին դրանից։
Աթենքի մամուլը սկսեց հարձակողական բնույթի հոդվածներ տպագրել Փալլիսի թարգմանության դեմ, իսկ այն պաշտպանողներին անվանեց «աթեիստներ», «դավաճաններ» և «օտարերկրյա ուժերի ձեռքում գործակալներ», որոնց նպատակն էր քայքայել հույն հասարակությունը։ 1901 թ. նոյեմբերի 5–8-ը հունական ուղղափառ եկեղեցու ծայրահեղական խմբերի սադրանքով՝ ուսանողները մեծ խռովություն բարձրացրին Աթենքում։ Նրանք հարձակվեցին «Ակրոպոլիսի» գրասենյակների վրա, դուրս եկան պալատի դեմ, գրավեցին Աթենքի համալսարանը և պահանջեցին, որ կառավարությունը հրաժարվի իր պաշտոնից։ Այս ըմբոստության գագաթնակետը եղավ այն, որ զինվորականների հետ պայքարում սպանվեց ութ հոգի։ Հաջորդ օրը թագավորը հրաման արձակեց արքեպիսկոպոս Պրոկոպիոսին պաշտոնաթող անելու մասին, իսկ երկու օր անց պաշտոնաթող եղավ ամբողջ կառավարական կազմը։
Մեկ ամիս հետո ուսանողները դարձյալ խռովություն բարձրացրին և հրապարակայնորեն այրեցին Պալլիսի թարգմանության մեկ օրինակը։ Նրանք մի բանաձև ընդունեցին այդ թարգմանությունը տարածելու դեմ և պահանջեցին դաժանորեն պատժել նրանց, ովքեր հետագայում այն տարածելու փորձ կանեին։ Դա պատճառ հանդիսացավ, որ արգելվեր ժամանակակից հունարենով Աստվածաշնչի ցանկացած թարգմանության գործածությունը։ Իսկապես որ չար ժամանակներ էին...
«Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»
Ժամանակակից հունարենով Աստվածաշնչի դեմ արգելքը վերացավ 1924 թ.–ին։ Այդ ժամանակվանից ի վեր հունական ուղղափառ եկեղեցու՝ Աստվածաշունչը ժողովրդից թաքցնելու ջանքերը ապարդյուն են անցել։ Այդ ընթացքում Եհովայի վկաները սկսեցին Աստվածաշնչի գիտությունը տարածել նաև Հունաստանում, ինչպես որ արվում էր ուրիշ շատ երկրներում։ 1905 թ.–ից սկսած՝ նրանք գործածում էին Վամվասի թարգմանությունը, որպեսզի օգնեին հազարավոր հունախոս անհատների ընդունել Աստվածաշնչի ճշմարտության մասին գիտությունը։
Տարիներ շարունակ բազմաթիվ գիտնականներ ու պրոֆեսորներ մեծ ջանքեր են թափել Աստվածաշունչը ժամանակակից հունարենով հրատարակելու համար։ Այսօր հասկանալի հունարենով Աստվածաշնչի գրեթե 30 հրատարակություններ կան՝ ամբողջությամբ կամ մասամբ։ Դրանցից ամենաարժեքավորը հունարեն լեզվով «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանությունն» է։ Այն լույս է տեսել 1997 թ.–ին և այսօր ամբողջ աշխարհում բնակվող 16 միլիոն հունախոս մարդիկ հնարավորություն ունեն օգտվելու այդ գրքից։ Եհովայի վկաների կողմից հրատարակված այս թարգմանության մեջ Աստծո Խոսքը գրված է հեշտ ընթեռնելի, հասկանալի հունարենով և շատ մոտ է բնագիր տեքստին։
Այսպիսով՝ ժամանակակից հունարեն լեզվով Աստվածաշունչը հրատարակելու համար պայքարը մի կարևոր ճշմարտություն է բացահայտում. այն, որ, չնայած հակառակորդների գործադրած համառ ջանքերին, «Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան» (Ա Պետրոս 1։25)։
[ծանոթագրություն]
a Կիրիլ Լուկարիսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տես «Դիտարանի» 2000 թ.–ի փետրվարի 15–ի թողարկումը, էջ 26–29, ռուս.։
[նկար 27–րդ էջի վրա]
1630 թ.–ին Կիրիլ Լուկարիսը ղեկավարում էր Սուրբ Գրությունների հունարեն լեզվով առաջին թարգմանության գործը
[թույլտվությամբ]
Bib. Publ. Univ. de Genève
[նկարներ 28–րդ էջի վրա]
Խոսակցական հունարենով որոշ թարգմանություններ. Սաղմոսներ՝ տպագրված 1) Իլարիոնի կողմից 1828–ին, 2) Վամվասի կողմից 1832–ին, 3) Ջուլիանոսի կողմից 1643–ին։ «Հին Կտակարան»՝ տպագրված 4) Վամվասի կողմից 1840–ին
Օլգա թագուհին
[թույլտվությամբ]
Bibles: National Library of Greece; Queen Olga: Culver Pictures
[Նկար 26–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Papyrus: Reproduced by kind permission of The Trustees of the Chester Beatty Library, Dublin
[նկար 29–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Papyrus: Reproduced by kind permission of The Trustees of the Chester Beatty Library, Dublin