Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 3/15 էջ 20–24
  • Եհովան արժանի է, որ գովաբանենք իրեն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան արժանի է, որ գովաբանենք իրեն
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի մեծ գործերը
  • Եհովայի մեծ գործերը և հատկությունները
  • Հավատարիմ՝ իր խոստումներին
  • Եհովայի ահարկու զորությունը
  • Հավիտենական, վստահելի սկզբունքներ
  • Սուրբ և ահ ներշնչող Փրկիչ
  • Եհովան ուխտերի Աստված է
    1998 Դիտարան
  • Նոր ուխտի փառավոր օրհնությունները
    1998 Դիտարան
  • Սաղմոսներ | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Փառաբանեք Եհովային իր մեծ գործերի համար
    2001 Դիտարան
2009 Դիտարան
w09 3/15 էջ 20–24

Եհովան արժանի է, որ գովաբանենք իրեն

«Ալէլուիա [«Գովաբանե՛ք Յահին», ՆԱ]» (ՍԱՂ. 111։1)։

1, 2. Ի՞նչ է նշանակում «ալելուիա» բառը, և ի՞նչ առիթով է այն օգտագործված «Հայտնություն» գրքում։

«ԱԼԵԼՈ՜ՒԻԱ»։ Այս բացականչությունը սովորաբար կարելի է լսել քրիստոնեական աշխարհի եկեղեցիներում։ Որոշ մարդիկ «ալելուիա» բառը հաճախ են օգտագործում իրենց խոսակցություններում, սակայն քչերը գիտեն իսկական իմաստը։ Շատերը, ովքեր օգտագործում են այդ բառը, իրենց ապրելակերպով անարգում են Աստծուն (Տիտոս 1։16)։ Մի աստվածաշնչյան բառարան բացատրում է. ««Ալելուիա» բառով սաղմոսերգուները բոլորին հրավիրում էին իրենց հետ միասին փառաբանելու Եհովային»։ Մի շարք աստվածաշնչագետներ նշում են, որ այս բառը նշանակում է ««գովաբանեք Յահին» [այսինքն] Եհովային»։

2 Ուստի հասկանալի է, թե ինչու «Նոր աշխարհ թարգմանությունում» այս բառը թարգմանված է՝ «գովաբանեք Յահին», ինչպես, օրինակ, Սաղմոս 111։1–ում։ Այս արտահայտությունը չորս անգամ հանդիպում է Հայտնություն 19։1–6 համարներում, որտեղ նկարագրվում է այն ցնծությունը, որ տիրում է երկնքում՝ կեղծ կրոնի կործանման առիթով։ Երբ դա տեղի ունենա, ճշմարիտ երկրպագուները հատուկ պատճառ կունենան հարգալից ձևով օգտագործելու «ալելուիա» բառը։

Եհովայի մեծ գործերը

3. Ո՞րն է մեր՝ կանոնավորաբար հավաքվելու հիմնական պատճառը։

3 Սաղմոսերգուն հիշատակում է բազմաթիվ պատճառներ, թե ինչու է Եհովան արժանի գովաբանության։ 111–րդ սաղմոսի 1–ին համարում կարդում ենք. «Տէրիցը կ’գոհանամ [«Տէրը պիտի գովեմ», ԱԱ] բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ»։ Մենք՝ Եհովայի վկաներս, նույն տրամադրվածությունն ունենք։ Մենք ժողովի հանդիպումներին և համաժողովներին կանոնավորաբար ներկա ենք լինում հիմնականում այն պատճառով, որ ուզում ենք գովաբանել մեր Աստծուն։

4. Ինչպե՞ս կարող են մարդիկ քննել Եհովայի գործերը։

4 «Տէրոջը գործերը մեծ են։ Անոնք բոլոր սիրողներէն կը քննուին» (Սաղ. 111։2, ԱԱ)։ Ուշադրություն դարձնենք «կը քննուին» արտահայտությանը։ Ըստ մի աշխատության՝ այս համարը վերաբերում է այն մարդկանց, ովքեր Աստծու գործերը «մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են և լրջորեն խորհրդածում են դրանց շուրջ»։ Եհովայի չքնաղ ստեղծագործությունները լի են իմաստով։ Նա Արեգակը, Երկիրը և Լուսինը դրել է այնպիսի հեռավորության վրա, որ երկրագունդը ստանա անհրաժեշտ ջերմություն և լույս, լինեն գիշեր ու ցերեկ, տարվա եղանակներ, մակընթացություն և տեղատվություն։

5. Ի՞նչ են եզրակացնում գիտնականները, երբ ավելի շատ գիտելիքներ են ձեռք բերում տիեզերքի մասին։

5 Գիտնականները շատ բաներ են բացահայտել Արեգակնային համակարգում Երկրի ունեցած դիրքի, ինչպես նաև Լուսնի ուղեծրի, նրա չափերի և զանգվածի վերաբերյալ։ Այս երկնային մարմինների դիրքի և փոխազդեցության շնորհիվ տարվա եղանակները կանոնավոր կերպով հաջորդում են իրար, ինչը մեզ հիացմունք է պատճառում։ Շատ բաներ են պարզ դարձել նաև տիեզերքում գոյություն ունեցող ուժերի փոխհարաբերակցության մասին։ Այսպես, մեքենաշինության մի պրոֆեսոր իր հոդվածում գրում է. «Դժվար չէ հասկանալ, թե ինչու վերջին 30 տարիներին այդքան շատ գիտնականներ են փոխել իրենց կարծիքը՝ համաձայնվելով, որ մեծ հավատ կպահանջվեր ընդունելու համար, թե տիեզերքը պատահականության արդյունք է։ Որքան ավելի շատ տեղեկություններ ենք ձեռք բերում Երկրի մասին, այնքան ավելի ենք հակվում կարծելու, որ մեր այս հարմարավետ, հրաշալի «տունը» նախագծվել ու կառուցվել է մի հմուտ ճարտարապետի կողմից» (The Designed ‘Just So’ Universe)։

6. Ի՞նչ կարծիք ունես այն մասին, թե ինչպես է Աստված ստեղծել մարդուն։

6 Աստծու մեծ գործերից է նաև մարդը (Սաղ. 139։14)։ Եհովան նրան ստեղծել է մտածելու և աշխատելու կարողությամբ։ Մարդ արարածն ունի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր օրգանները։ Աստված մարդուն տվել է խոսելու, լսելու, կարդալու և գրելու ունակություն, և դա, իրոք, հրաշք է։ Մարդու կմախքը կառուցողական արվեստի չքնաղ գլուխգործոց է, որը նրան ուղղաձիգ քայլելու հնարավորություն է տալիս։ Մարմնի կառուցվածքը, համաչափությունը, օրգանիզմի ֆունկցիաները և նրանում ընթացող քիմիական պրոցեսները ակնածանք են ներշնչում։ Գիտնականների ստեղծած և ոչ մի բան չի կարող համեմատվել մարդու ապշեցուցիչ նյարդային համակարգի հետ։ Մարդիկ, փաստորեն, կարողանում են ինչ–որ բանի հասնել զուտ այն պատճառով, որ Աստված իրենց օժտել է մտածելու և զգալու կարողությամբ։ Նույնիսկ ամենից փորձառու և հմուտ ինժեները չի կարող ստեղծել այնպիսի գեղեցիկ և օգտակար լծակներ, ինչպիսիք մարդու տասը մատներն են։ Հարցրու ինքդ քեզ. «Կկարողանա՞ր մարդը ստեղծել ճարտարապետության և արվեստի մեծ գործեր, եթե չունենար այդ աստվածատուր «գործիքները»՝ մատները»։

Եհովայի մեծ գործերը և հատկությունները

7. Ինչո՞ւ ենք Աստվածաշունչը համարում Եհովայի մեծ գործերից մեկը։

7 Եհովան մարդկանց համար բազմաթիվ մեծ գործեր է արել։ Այդպիսի մի գործ է Աստվածաշունչը։ Այն կատարյալ ստեղծագործություն է։ Ի տարբերություն այլ գրքերի՝ այս գիրքը «ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 3։16)։ Աստվածաշնչի առաջին գիրքը՝ «Ծննդոց»–ը, պատմում է, թե ինչպես Եհովան Նոյի օրերում երկիրը մաքրեց չարությունից։ Երկրորդ գիրքը՝ «Ելից»–ը, խոսում է այն մասին, թե ինչպես Նա փաստեց իր ճշմարիտ Աստված լինելը՝ իսրայելացիներին ազատելով Եգիպտոսի լծից։ Սաղմոսերգուն, հավանաբար, այս դեպքերը ի մտի ուներ, երբ գրեց. «Փառք եւ գեղեցկութիւն են [Եհովայի] գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։ Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը» (Սաղ. 111։3, 4)։ Համաձայն չե՞ս արդյոք, որ ամբողջ պատմության ընթացքում Եհովայի արած գործերը, այդ թվում նաև այն գործերը, որ նա արել է քո կյանքի ընթացքում, «յիշատակ» են, այսինքն՝ հիշեցնում են նրա «փառքի և գեղեցկության» մասին։

8, 9. ա) Ինչո՞վ են Աստծու գործերը տարբերվում մարդկանց գործերից։ բ) Աստծու ո՞ր հատկություններն են հատկապես դուր գալիս քեզ։

8 Նկատենք, որ սաղմոսերգուն նաև ուշադրություն է դարձնում Եհովայի գեղեցիկ հատկություններից մի քանիսին՝ արդարությանը, ողորմությանը և գթառատությանը։ Մենք գիտենք, որ անկատար մարդկանց գործերը հազվադեպ են հիմնված արդարության վրա։ Շատ դեպքերում դրանք արտահայտում են ագահություն, նախանձ և հպարտություն։ Դա երևում է այն բանից, թե ինչպես են մարդիկ պատերազմներ հրահրում, որպեսզի իրենց ստեղծած ահավոր զենքերը վաճառեն և շահ ստանան։ Արդյունքում՝ նրանք անպատմելի տառապանքներ են պատճառում միլիոնավոր անմեղ մարդկանց։ Նաև շատ մարդիկ հաճախ ձեռնարկում են այնպիսի գործեր, որոնց պատճառով ուրիշ մարդիկ չքավորության մեջ են հայտնվում։ Շատերիս է հայտնի, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը՝ ստրուկների տաժանակիր աշխատանքով։ Այդ բուրգերը գլխավորապես հպարտ փարավոնների դամբարաններ էին։ Իսկ մեր օրերում մարդկանց շատ գործեր ոչ միայն տառապանք են պատճառում ուրիշներին, այլև «կործանում են երկիրը» (կարդա՛ Հայտնություն 11։18)։

9 Սակայն Եհովայի գործերը բոլորովին այլ են։ Նա միշտ առաջնորդվում է արդարությամբ։ Լինելով ողորմած Աստված՝ նա քայլեր ձեռնարկեց մեղավոր մարդկանց փրկելու համար։ Տալով փրկանքը՝ Եհովան «ցույց տվեց իր սեփական արդարությունը» (Հռոմ. 3։25, 26)։ Այո՛, «նորա արդարութիւնը մնում է յաւիտեան»։ Իսկ Աստծու գթառատությունը երևում է նրանից, որ համբերություն է դրսևորում մեղավոր մարդկանց հանդեպ։ Բարի Աստվածը նրանց առաջարկում է թողնել կործանարար ուղիները և անել այն, ինչ ճիշտ է (կարդա՛ Եզեկիէլ 18։25)։

Հավատարիմ՝ իր խոստումներին

10. Ինչպե՞ս Եհովան փաստեց իր հավատարմությունը աբրահամական ուխտին։

10 «Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. նա յաւիտեան յիշում է իր ուխտը» (Սաղ. 111։5)։ Ըստ ամենայնի, սաղմոսերգուն նկատի ուներ աբրահամական ուխտը։ Եհովան խոստացավ օրհնել Աբրահամի սերնդին և ասաց, որ նրա սերունդը «թշնամիների դուռը կ’ժառանգէ» (Ծննդ. 22։17, 18; Սաղ. 105։8, 9)։ Այդ խոստումները սկսեցին ի կատար ածվել, երբ Իսրայել ազգը դարձավ Աբրահամի սերունդը։ Իսրայելացիները երկար ժամանակ ստրուկներ էին Եգիպտոսում, բայց «Աստուած յիշեց իր ուխտը որ Աբրահամի.... հետ դրել էր» և ազատեց նրանց (Ելից 2։24)։ Այն, թե ինչպես Եհովան հետագայում վարվեց նրանց հետ, ցույց է տալիս, թե որքան առատաձեռն է նա։ Աստված նրանց տալիս էր կերակուր՝ մարմինը սնելու համար, և հոգևոր կերակուր՝ միտքը և սիրտը սնելու համար (Բ Օրին. 6։1–3; 8։4; Նէեմ. 9։21)։ Հետագա դարերի ընթացքում իսրայելացիները հաճախ էին երես թեքում Աստծուց, չնայած որ նա մարգարեներ էր ուղարկում նրանց մոտ և հորդորում վերադառնալ։ Եգիպտոսի լծից իսրայելացիներին ազատելուց ավելի քան 1 500 տարի անց Աստված իր միածին Որդուն ուղարկեց երկիր։ Հրեաների մեծամասնությունը մերժեց Հիսուսին և թույլ տվեց, որ նրան սպանեն։ Հետո Եհովան ստեղծեց նոր՝ հոգևոր ազգ՝ «Աստծու Իսրայելը»։ Քրիստոսը և այդ ազգը միասին կազմում են Աբրահամի հոգևոր սերունդը, որի միջոցով Աստված, ինչպես որ խոստացել էր, օրհնելու էր մարդկանց (Գաղ. 3։16, 29; 6։16)։

11. Ինչպե՞ս է Եհովան շարունակում հիշել Աբրահամի հետ կնքած ուխտը։

11 Եհովան շարունակում է «հիշել իր ուխտը»։ Նա չի մոռանում, որ խոստացել է այդ ուխտի միջոցով օրհնել մարդկանց։ Այսօր Աստված ավելի քան 400 լեզուներով տալիս է առատ հոգևոր սնունդ։ Նա չի մոռանում նաև մեր ֆիզիկական կարիքների մասին և պատասխանում է մեր աղոթքին. «Տո՛ւր մեզ մեր օրվա հացը՝ ըստ օրվա անհրաժեշտության» (Ղուկ. 11։3; Սաղ. 72։16, 17; Ես. 25։6–8)։

Եհովայի ահարկու զորությունը

12. Ինչպե՞ս Եհովան «հեթանոսների ժառանգութիւնը» տվեց իսրայելացիներին։

12 «Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով» (Սաղ. 111։6)։ Իսրայելի պատմության ուշագրավ էջերից մեկը, որ սաղմոսերգուն թերևս նկատի ուներ, հրաշքով ազատագրումն էր Եգիպտոսի լծից։ Երբ Եհովան, ի վերջո, իսրայելացիներին թույլ տվեց մտնել Ավետյաց երկիր, նրանք գրավեցին Հորդանան գետից արևելք և արևմուտք ընկած թագավորությունները (կարդա՛ Նէեմիա 9։22–25)։ Այո՛, Եհովան «հեթանոսների ժառանգութիւնը» տվեց իսրայելացիներին։ Զորության ինչպիսի՜ դրսևորում։

13, 14. ա) Բաբելոնի առնչությամբ Աստծու զորության ո՞ր դրսևորումը հավանաբար նկատի ուներ սաղմոսերգուն։ բ) Ազատագրելու հետ կապված ուրիշ ի՞նչ մեծ գործեր է արել Եհովան։

13 Մենք շատ լավ գիտենք, որ թեև Եհովան ամեն ինչ արեց իսրայելացիների համար, նրանք հարգանք չդրսևորեցին ո՛չ իրենց Աստծու, ո՛չ էլ իրենց նախահայրեր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հանդեպ։ Նրանք անընդհատ ըմբոստանում էին Աստծու դեմ։ Վերջիվերջո, Եհովան նրանց բաբելոնացիների ձեռքը մատնեց. իսրայելացիները գերության տարվեցին Բաբելոն (Բ Մնաց. 36։15–17; Նէեմ. 9։28–30)։ Որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ 111–րդ սաղմոսը գրվել է իսրայելացիների՝ գերությունից վերադառնալուց հետո։ Եթե դա այդպես է, ապա սաղմոսերգուն ավելի շատ պատճառներ ուներ գովաբանելու Եհովային նրա նվիրվածության և զորության համար։ Աստծու այդ հատկությունների մասին է վկայում այն, որ նա իր ժողովրդին ազատեց Բաբելոնի լծից, մի երկիր, որը սովորություն չուներ ազատ արձակելու իր գերիներին (Ես. 14։4, 17)։

14 Մոտ հինգ դար անց Եհովան իր զորությունը դրսևորեց է՛լ ավելի մեծ կերպով. նա զղջամիտ մարդկանց ազատեց մեղքի ու մահվան ստրկությունից (Հռոմ. 5։12)։ Դրա շնորհիվ, օրինակ, 144 000 մարդ կարող էր դառնալ Քրիստոսի օծյալ հետևորդ։ 1919 թ.–ին Եհովան իր զորությամբ օծյալ մնացորդին ազատագրեց կեղծ կրոնի գերությունից։ Այն բոլոր հաջողությունները, որոնց հասել է մնացորդը այս վերջին օրերում, կարելի է վերագրել միայն Աստծու զորությանը։ Եթե օծյալները հավատարիմ մնան մինչև մահ, հնարավորություն կստանան Քրիստոսի հետ երկնքից ղեկավարելու երկիրը՝ օգուտներ բերելով մարդկանց (Հայտն. 2։26, 27; 5։9, 10)։ Նրանց կողմից երկիրը ժառանգելը շատ ավելի նշանակալից կլինի, քան իսրայելացիների կողմից Ավետյաց երկիրը ժառանգելը (Մատթ. 5։5)։

Հավիտենական, վստահելի սկզբունքներ

15, 16. ա) Ի՞նչ էր մտնում Աստծու «ձեռքի գործերի» մեջ։ բ) Ի՞նչ պատվիրաններ էր Եհովան տվել իսրայելացիներին։

15 «Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։ Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով» (Սաղ. 111։7, 8)։ Եհովայի «ձեռքի գործերի» թվում էին այն երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին Իսրայելին տրված տասը կարևոր պատվիրաններ (Ելից 31։18)։ Այդ պատվիրանները և մյուս բոլոր կանոնները, որոնք Մովսիսական օրենքի ուխտի մաս էին կազմում, հիմնված էին հավիտենական, վստահելի սկզբունքների վրա։

16 Քարե տախտակների վրա, օրինակ, գրված էր հետևյալը. «Ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ [«բացարձակ նվիրվածություն պահանջող», ՆԱ] Աստուած եմ»։ Նաև գրված էր. «Կ’ողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում»։ Այդ տախտակները պարունակում էին «պատուիր քո հօրը եւ քո մօրը» և «գողութիւն մի անիր» պատվիրանները, սկզբունքներ, որոնց դեմ ժամանակն անզոր է։ Կար նաև մի շատ խորիմաստ պատվիրան, որն արգելում էր ցանկանալ այն, ինչ պատկանում է ուրիշին (Ելից 20։5, 6, 12, 15, 17)։

Սուրբ և ահ ներշնչող Փրկիչ

17. Աստծու սուրբ անունը բարձր պահելու ի՞նչ պատճառներ ունեին իսրայելացիները։

17 «Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը» (Սաղ. 111։9)։ Եվ դարձյալ, սաղմոսերգուն հավանաբար նկատի ուներ Եհովայի նվիրվածությունը Աբրահամի հետ կնքած ուխտին։ Գործելով իր խոստման համաձայն՝ Աստված իր ժողովրդին չթողեց Եգիպտոսի լծի տակ, իսկ հետագայում՝ նաև բաբելոնյան գերության մեջ։ Երկու դեպքում էլ նա փրկեց Իսրայելին։ Թեկուզ հենց այս երկու մեծ իրադարձությունների համար իսրայելացիները պետք է բարձր պահեին Աստծու սուրբ անունը (կարդա՛ Ելից 20։7; Հռոմեացիներ 2։23, 24)։

18. Ինչո՞ւ ես կարծում, որ Աստծու անունը կրելը մեծ պատիվ է։

18 Այսօր քրիստոնյաները, որոնք փրկվել, կամ՝ ազատագրվել են մեղքի ու մահվան անելանելի թվացող կապանքներից, պետք է բարձր պահեն Աստծու սուրբ անունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ապրենք տիպար աղոթքի առաջին խնդրանքին ներդաշնակ. «Թող սրբացվի՛ քո անունը» (Մատթ. 6։9)։ Այդ փառավոր անվան շուրջ խորհրդածելը մեզ պետք է աստվածավախություն ներշնչի։ 111–րդ սաղմոսը գրողը միանգամայն ճիշտ տեսակետ ուներ աստվածավախության մասին։ Նա գրեց. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան [պահում են նրա պատվիրանները]» (Սաղ. 111։10)։

19. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

19 Աստծու հանդեպ առողջ վախը կօգնի մեզ ատելու չարը։ Նաև կօգնի ընդօրինակելու Եհովայի գեղեցիկ հատկությունները, որոնց մասին գրված է 112–րդ սաղմոսում։ Հենց այս սաղմոսը կքննենք հաջորդ հոդվածում։ Կտեսնենք, թե ինչ կարող ենք անել, որ լինենք այն միլիոնավորների թվում, ովքեր հավիտյան կգովաբանեն Աստծուն։ Այո՛, մեր Եհովա Աստվածը արժանի է գովաբանության։ «Նորա օրհնութիւնը [«գովքը», ՆԱ] մնում է յաւիտեան» (Սաղ. 111։10)։

Հարցեր՝ խորհրդածելու համար

• Ինչո՞ւ է Եհովան արժանի, որ գովաբանենք իրեն։

• Եհովայի ո՞ր հատկություններն ենք տեսնում նրա գործերում։

• Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծու անունը կրելու առանձնաշնորհմանը։

[նկար 20-րդ էջի վրա]

Մեր հավաքվելու հիմնական նպատակը Եհովային գովաբանելն է

[նկար 23-րդ էջի վրա]

Եհովայի բոլոր օրենքները հիմնված են հավիտենական, վստահելի սկզբունքների վրա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը