Սերմիր արդարություն և կհնձես Աստծո ողորմությունը
«ԱՆՇՈՒՇՏ չարիքի կ’հանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է» (Առակաց 11։15)։ Որքա՜ն համոզիչ կերպով է այս սեղմ առակը մեզ հորդորում մտածված քայլեր անելու։ Օրինակ՝ բավական է փոխառություն տալ վտանգավոր գործարքներ կատարող մարդուն և... ֆինանսական պրոբլեմներն անխուսափելի կլինեն։ Բայց հեռու մնալով «երաշխաւոր» լինելուց, կամ ‘ձեռքը տալուց’, մի ժեստ, որը հին Իսրայելում նշանակում էր ստորագրելով համաձայնություն տալ՝ կարող ենք հեռու մնալ նման ծուղակից (Առակաց 6։1)։
Միանգամայն պարզ է, որ այստեղ առկա է հետևյալ սկզբունքը. «Ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի» (Գաղատացիս 6։7, 8ա)։ «Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով,— ասել է Ովսեե մարգարեն,— հնձեցէք ողորմութեան համեմատ» (Ովսէէ 10։12)։ Այո՛, սերմիր արդարություն՝ աստվածահաճո գործեր անելով, ու հնձիր Աստծո ողորմությունը։ Այս սկզբունքին մի քանի անգամ դիմելով՝ Իսրայելի Սողոմոն թագավորը քաջալերում է ճիշտ քայլեր կատարել, ճշմարտախոս լինել ու ճիշտ տրամադրվածություն ունենալ։ Նրա իմաստուն խոսքերը մոտիկից քննելով՝ մենք իսկապես կկամենանք արդարություն սերմել ու քաղել դրա օգուտները (Առակաց 11։15–31)։
Եթե «շնորհալի» լինես, «պատիւ» կհնձես
«Շնորհալի կինը պատիւ կը ստանայ,— ասում է իմաստուն թագավորը,— եւ [բայց] զօրաւոր [«բռնաւոր», ծան.] մարդիկ՝ հարստութիւն» (Առակաց 11։16, Արևմտ. Աստ.)։ Այս համարը հակադրություն է ստեղծում շնորհալի կնոջ ձեռք բերած մնայուն պատվի ու բռնավոր մարդու ձեռք բերած անցողիկ հարստության միջև։
Ինչպե՞ս է մարդու շնորհալի լինելը պատիվ բերում իրեն։ Սողոմոնը խորհուրդ է տալիս. «Պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը [«իմաստութիւնն ու խոհեմութիւնը», Արևմտ. Աստ.]։ Եւ նորանք.... [կ]լինին.... շնորհք՝ քո պարանոցի համար» (Առակաց 3։21, 22)։ Իսկ սաղմոսերգուն խոսեց ‘թագավորի շրթունքներին թափված շնորհքի’ մասին (Սաղմոս 45։1, 2)։ Այո՛, անհատն իր իմաստությամբ, խոհեմությամբ և լեզուն ճիշտ օգտագործելու կարողությամբ արժանանում է մարդկանց գնահատանքին, ու նրան համարում են շնորհալի անձնավորություն։ Օրինակ՝ Աբիգեան՝ անմիտ Նաբաղի կինը, այդպիսի անձնավորություն էր։ Նա «խոհեմամիտ եւ գեղեցկադէմ էր», և Դավիթ թագավորը գովեց նրան ցուցաբերած ‘խոհեմության’ համար (Ա Թագաւորաց 25։3, 33)։
Այն աստվածապաշտ կինը, որն իսկապես շնորհալի է, անշուշտ պատիվ կստանա։ Նրա մասին միայն լավը կխոսեն։ Եթե ամուսնացած է, ապա պատվի կարժանանա ամուսնու կողմից։ Նման կինը պատիվ կբերի իր ընտանիքի բոլո՛ր անդամներին։ Այդ պատիվն անցողիկ չէ։ «Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ» (Առակաց 22։1)։ Աստծո մոտ ձեռք բերած բարի անունն է, որ մնայուն արժեք ունի։
Անշուշտ, նույնը չի կարելի է ասել «բռնաւոր» մարդու մասին (Առակաց 11։16, Արևմտ. Աստ., ծան.)։ Բռնավոր մարդիկ դասվում են ամբարիշտների շարքը. նրանք հակառակվում են Եհովայի երկրպագուներին (Յոբ 6։23; 27։13, Արևմտ. Աստ.)։ Նման մարդը ‘Աստծուն չի դնում իր աչքի առաջին’ (Սաղմոս 54։3)։ Եսասիրաբար կեղեքելով անմեղին՝ նա գուցե ‘հողի պես արծաթ դիզի’ (Յոբ 27։16)։ Բայց կգա մի ժամանակ, որ նա կպառկի ու այլևս վեր չի կենա։ Ցանկացած օր, որ նա կբացի իր աչքերը, կարող է վերջինը լինել (Յոբ 27։19)։ Նա այլևս չի կարող վայելել իր ունեցվածքը (Ղուկաս 12։16–21)։
Ի՜նչ կարևոր դաս ենք սովորում Առակաց 11։16–ից։ Ցույց տալով, թե ինչ պտուղներ մարդը կարող է քաղել՝ կախված այն բանից՝ շնորհալի է, թե բռնավոր՝ Իսրայելի թագավորը հորդորում է մեզ արդարություն սերմել։
Ողորմությունը պարգևատրություն է բերում
Շարունակելով սովորեցնել մարդկային փոխհարաբերությունների մասին՝ Սողոմոնն ասում է. «Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ, բայց անգութ մարդը կ’տանջէ իր մարմինը» (Առակաց 11։17)։ «Այս առակի գլխավոր միտքն այն է,— ասում է մի աստվածաշնչագետ,— որ մարդու վարվելակերպը կարող է չնախատեսված հետևանքներ ունենալ իր համար»։ Քննարկենք երիտասարդ Լիզայի օրինակը։a Առանց որևէ դիտավորության՝ նա միշտ ուշանում է պայմանավորված ժամից։ Նա Աստծո Թագավորության քարոզիչ է և մյուս քարոզիչների հետ պայմանավորվում է քարոզչության գնալու, բայց արտառոց ոչինչ չի տեսնում այն բանում, որ պայմանավորված ժամից ուշանում է երեսուն և ավելի րոպեներ։ Լիզան «իր անձին լաւութիւն» չի անում։ Կարո՞ղ է նա մեղադրել նրանց, ովքեր, տեսնելով թե ինչ թանկարժեք ժամանակ են կորցնում, այլևս չեն ցանկանում նրա հետ պայմանավորվել ինչ–որ տեղ գնալու համար։
Ամեն ինչում կատարելության ձգտող մարդը շատ բարձր նպատակներ է դնում իր առջև։ Այս առումով նա նույնպես «անգութ» է իր հանդեպ։ Անընդհատ ձգտելով իրականացնել իր անհասանելի նպատակները՝ նա կարող է իրեն հասցնել ուժասպառության ու հուսահատության։ Մյուս կողմից՝ մենք «լաւութիւն» ենք անում ինքներս մեզ, երբ իրական, հասանելի նպատակներ ենք դնում։ Միգուցե չունենք այնպիսի սուր միտք, ինչպես մյուսները։ Գուցե հիվանդության կամ տարիքի պատճառով մեր հնարավորությունները սահմանափակ են։ Բայց եկեք երբեք չվհատվենք, եթե դանդաղորեն ենք հոգևորապես առաջադիմում, այլ շարունակենք միշտ ողջամտորեն գնահատել մեր հնարավորությունները։ Մենք չենք կորցնի մեր ուրախությունը, եթե ‘ջանում’ ենք անել մեր կարելույն չափ (Բ Տիմոթէոս 2։15; Ժողովող 7։16)։
Ավելի խորը բացատրություն տալով, թե ինչպես է արդար մարդն իրեն օգուտ բերում, իսկ անգութ մարդը վնասում ինքն իրեն՝ իմաստուն թագավորն ասում է. «Անզգամը [«Չար մարդը», Արևմտ. Աստ.] սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։ Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։ Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։ Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը [Անօրէնները, թէեւ ձեռք ձեռքի տալով միաբանին, անպատիժ պիտի չմնան», Արևմտ. Աստ.], բայց արդարների սերունդը կ’ազատուի» (Առակաց 11։18–21)։
Այս համարները տարբեր կերպերով շեշտում են հետևյալ կարևոր միտքը. «սերմիր արդարություն և կհնձես դրա պտուղները»։ Չար մարդը կարող է դիմել խաբեության կամ մոլեխաղերով տարվել՝ նպատակ ունենալով հեշտությամբ հարստություն ձեռք բերել։ Բայց քանի որ դա «սնոտի գործ» է, նա հավանաբար ոչ մի նշանակալից բանի չի հասնի։ Իսկ ով արդար քրտինքով աշխատում է, «ճշմարիտ վարձք» կունենա, այսինքն՝ ապահովություն։ «Կատարեալ ճանապարհի տէրերը» վայելում են Աստծո հավանությունը և հավիտենական կյանքի հույս ունեն։ Իսկ ի՞նչ է լինելու չար մարդկանց։ «Թէեւ ձեռք ձեռքի տալով միաբանին» չարություն գործելու համար՝ չարերը չեն խուսափի պատժից (Առակաց 2։21, 22)։ Ինչպիսի՜ քաջալերանք՝ արդարություն սերմելու։
Իսկական գեղեցկությունը խոհեմի համար է
«Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չ’ունի»,— շարունակում է Սողոմոնը (Առակաց 11։22)։ Աստվածաշնչային ժամանակներում քթօղերը տարածված զարդերից էին։ Կնոջ քթին ամրացված ոսկե օղակը բավական աչքի ընկնող զարդ էր։ Որքա՜ն անհամապատասխան կլիներ այն խոզի դնչին։ Նույնը կարելի է ասել այն գեղեցիկ կնոջ կամ տղամարդու մասին, որը չունի «խոհեմութիւն»։ Միայն զարդարանքը չի կարող գեղեցկացնել նման մարդուն։ Նա իզուր է այդ զարդը կրում, որն իրեն ամենևին էլ գրավիչ չի դարձնում։
Իհարկե, բնական է անհանգստանալ, թե ինչ կարծիքի են ուրիշները մեր արտաքինի մասին։ Բայց արժե՞ արդյոք, որ չափից դուրս մտահոգվենք, թե ինչպիսին է մեր դեմքը կամ կազմվածքը։ Մենք շատ հաճախ ի վիճակի չենք լուծելու մեր դիմագծերի հետ կապված խնդիրները։ Բայց արտաքին տեսքն ամենակարևոր բանը չէ։ Մի՞թե ճիշտ չէ, որ մեր կողմից սիրված մարդկանց մեծամասնությունը արտաքին գեղեցկությամբ առանձնապես աչքի չի ընկնում։ Ֆիզիկական գրավչությունը չէ, որ մարդուն երջանկություն է բերում։ Շատ ավելի արժեքավոր է այն, որ մարդը գեղեցիկ է ներքուստ և արտացոլում է Աստծո հատկությունները։ Թող որ մենք միշտ խոհեմ լինենք ու մեր մեջ մշակենք այդ հատկությունները։
«Բարերար անձը պիտի գիրնայ»
«Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է»,— ասում է Սողոմոն թագավորը։ Ցույց տալու համար, որ դա իրոք այդպես է՝ նա ավելացնում է. «Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում» (Առակաց 11։23, 24)։
Երբ ջանասիրաբար ‘ցրում’, այսինքն՝ տարածում ենք Աստծո Խոսքի գիտությունը, ապա ավելացնում ենք մեր՝ այդ Խոսքի ըմբռնման «լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը» (Եփեսացիս 3։18)։ Իսկ այն մարդը, ով չի կիրառում իր գիտելիքները, դրանք կորցնելու վտանգի առջև է կանգնած։ Այո՛, «խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ» (Բ Կորնթացիս 9։6, ԱԹ)։
«Բարերար անձը պիտի գիրնայ [բարգավաճի],— շարունակում է թագավորը,— եւ ան որ կ’ոռոգէ՝ ինքն ալ պիտի ոռոգուի» (Առակաց 11։25, Արևմտ. Աստ.)։ Երբ մենք մեր ժամանակն ու նյութական միջոցները առատաձեռնորեն տրամադրում ենք ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը, դրանով Եհովային ուրախացնում ենք (Եբրայեցիս 13։15, 16)։ Նա ‘կբացի մեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն կթափի, մինչև որ տեղ չլինի’ (Մաղաքիա 3։10)։ Մի՞թե դրա մասին չի վկայում այն, որ նրա ծառաներն այսօր հոգևորապես ծաղկում են։
Մեկ ուրիշ օրինակ բերելով այն մասին, թե որքան հակադիր ցանկություններ են ունենում արդարն ու չարը՝ Սողոմոնն ասում է. «Ցորենը ետ պահողին կ’անիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կ’տայ ծախողի գլխին» (Առակաց 11։26)։ Երբ գները ցածր են լինում, մարդիկ կարող են մեծ թվով ապրանքներ գնել ու դրանք ‘ետ պահել’, իսկ երբ շուկայում ապրանքների առաջարկը նվազում է, իսկ գները՝ բարձրանում, նրանք կարող են վերավաճառել ‘ետ պահածը’ ու, այսպիսով, մեծ եկամուտներ ստանալ։ Սակայն մարդիկ սովորաբար չեն սիրում նման եսասեր անհատներին, որոնք ուրիշի ծանր կացության հաշվին մեծ եկամուտներ են ստանում։ Իսկ այն մարդը, ով խուսափում է այդպես վարվելուց, շահում է նրանց համակրանքը։
Իսրայելի թագավորը մեզ հորդորում է միշտ բարուն հետևել և ասում է. «Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. բայց չարութիւն ուզողը կ’հանդիպէ նորան։ Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի, բայց արդարները կ’ծաղկեն դալարի պէս» (Առակաց 11։27, 28)։
Արդարը հոգիներ է շահում
Ցույց տալով, թե անմիտ արարքն ինչպես է վատ հետևանքներ բերում՝ Սողոմոնն ասում է. «Իր տունը տանջողը քամի կ’ժառանգէ» (Առակաց 11։29ա)։ Աքարն իր սխալ արարքով «փորձանք» բերեց իրեն. և՛ նա, և՛ իր տանեցիները քարկոծվելով մեռան (Յեսու, 7–րդ գլուխ)։ Մեր օրերում քրիստոնեական ընտանիքի գլուխը և տան մյուս անդամները գուցե այնպիսի սխալ արարք կատարեն, որի հետևանքով զրկվեն քրիստոնեական ժողովի հետ շփվելու հնարավորությունից։ Անհատը, անձամբ չենթարկվելով Աստծո պատվիրաններին ու մեղավոր ընթացք հանդուրժելով իր ընտանիքի ներսում, ‘իր տունը տանջում է’՝ չարիք է բերում իր տան վրա։ Եթե նա և ընտանիքի մյուս անդամները չեն զղջում կատարած լուրջ սխալի համար, զրկվում են քրիստոնեական ընկերակցությունից (Ա Կորնթացիս 5։11–13)։ Եվ ի՞նչ է ձեռք բերում նման մարդը. միայն քամի. մի բան, որը ոչ մի իրական արժեք չունի։
«Հիմարը կ’ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին»,— շարունակվում է համարի երկրորդ մասում (Առակաց 11։29բ)։ Քանի որ հիմար մարդը իմաստություն չունի, ապա նրան առանձնապես շատ բան չեն վստահում։ Ավելին՝ չկարողանալով սեփական գործերը կառավարել՝ նա գուցե ստիպված կախվածության մեջ ընկնի մեկ ուրիշից։ Միանգամայն հնարավոր է, որ նման անխելք մարդը «ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին»։ Հետևաբար շատ կարևոր է, որ մեր բոլոր գործերում առողջ դատողություն և իմաստություն հանդես բերենք։
«Արդարի պտուղը կեանքի ծառ է,— հավաստիացնում է իմաստուն թագավորը,— եւ հոգիներ շահողը իմաստուն» (Առակաց 11։30)։ Ինչպե՞ս։ Շատ պարզ. արդար մարդն իր խոսքով ու վարքով հոգևորապես զորացնում է մյուսներին։ Նա նրանց քաջալերում է ծառայել Եհովային ու այդպիսով նպաստում է, որ նրանք հավիտենական կյանքի արժանանան։
Մեղավորն ավելի մեծ հատուցում է ստանում
Ի՜նչ ազդեցիկ են վերոհիշյալ համարները. դրանք մղում են մեզ արդարություն սերմել։ Մեկ ուրիշ կերպով էլ կիրառելով «ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի» սկզբունքը՝ Սողոմոնն ասում է. «Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. ապա ո՞ւր մնաց որ անզգամը [«ամբարիշտը», Արևմտ. Աստ.] եւ մեղաւորը» (Առակաց 11։31)։
Թեև արդարը ջանքեր է գործադրում ճիշտն անելու, այնուամենայնիվ երբեմն նա սխալվում է (Ժողովող 7։20)։ Իր սխալների համար նա որպես «հատուցում» խրատ է ստանում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ամբարիշտի մասին, որը գիտակցաբար ընտրում է սխալ ընթացք ու ջանք չի թափում դառնալու դեպի ուղիղ ճանապարհները։ Մի՞թե նա չպիտի ստանա ավելի մեծ «հատուցում», այսինքն՝ խիստ պատիժ։ «Եթէ արդարը հազիւ է փրկուելու,— ասում է Պետրոս առաքյալը,— ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ» (Ա Պետրոս 4։18)։ Ուրեմն եկեք ամեն ժամանակ հաստատամտորեն արդարություն սերմենք և հնձենք դրա օգուտները։
[ծանոթագրություն]
a Անունը փոխված է։
[նկար 28–րդ էջի վրա]
«Շնորհալի» լինելը Աբիգեային «պատիւ» բերեց
[նկարներ 30–րդ էջի վրա]
‘Չար մարդը սնոտի գործ է գործում, իսկ արդարություն սերմողը՝ ճշմարիտ վարձք’
[նկար 31–րդ էջի վրա]
Առատությամբ սերմեք, առատությամբ էլ հնձեք