Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 11/15 էջ 17–էջ 20 պարբ. 7
  • Ուշագրավ մտքեր «Երգ Երգոց» գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Երգ Երգոց» գրքից
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ‘ՎԵՐ ՄԻ ԿԱՑՆԵՔ ՍԵՐԸ’
  • (Երգ Երգոց 1։1–3։5)
  • «Ի՞ՆՉ ՊԻՏԻ ՏԵՍՆԷՔ ՍՈՒԼԱՄԻԹԻ ՎԵՐԱՅ»
  • (Երգ Երգոց 3։6–8։4)
  • «ՅԱՀԻ ԲՈՑԸ»
  • (Երգ Երգոց 8։5–14)
  • Աստվածաշնչի գիրք համար 22. Երգերի Երգը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Կարո՞ղ է սերը անմար լինել
    2015 Դիտարան
  • Լավ օրինակ՝ Սունամացի աղջիկը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Սունամացի աղջիկը. հիանալի օրինակ մեզ համար
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
Ավելին
2006 Դիտարան
w06 11/15 էջ 17–էջ 20 պարբ. 7

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Երգ Երգոց» գրքից

«ԻՆՉՊԷՍ շուշանն է փուշերի մէջ, նոյնպէս է իմ ընկերուհին աղջկերանց մէջ»։ «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ»։ «Ո՞վ է այդ [կինը] որ նայում է արշալոյսի պէս, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր՝ արեգակի պէս» (Երգ Երգոց 2։2, 3; 6։10)։ Որքա՜ն արտահայտիչ են Աստվածաշնչի «Երգ Երգոց» գրքի այս խոսքերը։ Այս գիրքը շարադրված է բանաստեղծական ոճով և այնքան իմաստալից ու գեղեցիկ է, որ կոչվում է «ամենագեղեցիկ (ամենահրաշալի) երգը»։

Այն կազմել է հին Իսրայելի թագավոր Սողոմոնը մ.թ.ա. մոտավորապես 1020 թ.–ին՝ իր 40–ամյա իշխանության սկզբում։ Այս երգը մի երիտասարդ հովվի և սունամացի գեղջկուհու սիրո պատմություն է։ Այնտեղ հիշատակված կերպարներից են՝ աղջկա մայրն ու եղբայրները, «Երուսաղէմի աղջկունք [արքունական կանայք]» և ‘Սիոնի աղջիկները [Երուսաղեմի կանայք]’ (Երգ Երգոց 1։5; 3։11)։ Աստվածաշունչն ընթերցողները դժվարանում են հասկանալ, թե «Երգ Երգոց» գրքում ո՛ր խոսքերը ո՛ւմ են պատկանում, սակայն դա հնարավոր է հասկանալ, եթե ուշադրություն դարձնենք այն բանին, թե ինչ են նրանք ասում, կամ ինչ է նրանց ասվում։

Լինելով Աստծու Խոսքի մի մասը՝ «Երգ Երգոցը» շատ արժեքավոր է երկու պատճառներով (Եբրայեցիս 4։12)։ Նախ՝ այն ցույց է տալիս, թե ինչպիսին է լինում իսկական սերը տղամարդու և կնոջ միջև։ Երկրորդ՝ երգում նկարագրվում է այն սերը, որ գոյություն ունի Հիսուս Քրիստոսի և իր օծյալ հետևորդների միջև (Բ Կորնթացիս 11։2; Եփեսացիս 5։25–31)։

‘ՎԵՐ ՄԻ ԿԱՑՆԵՔ ՍԵՐԸ’

(Երգ Երգոց 1։1–3։5)

«Թող ինձ համբուրէ իր բերանի համբոյրներովը, որովհետեւ քո սէրը գինիից լաւ է» (Երգ Երգոց 1։2)։ «Երգ Երգոցը» սկսվում է այս խոսքերով, որոնք արտահայտում է համեստ գեղջկուհին, որին բերում են Սողոմոնի թագավորական վրանը։ Իսկ ինչպե՞ս նա հայտնվեց այնտեղ։

Սունամացի աղջիկն ասում է. «Մօրս որդիքը բարկացել էին ինձ վերայ, ինձ պահապանուհի էին դրել այգիներին»։ Աղջկա եղբայրները բարկանում են իրենց քրոջ վրա այն պատճառով, որ նրա սիրած հովիվը մի գեղեցիկ գարնանային օր հրավիրում է նրան զբոսնելու։ Որպեսզի աղջիկը չհանդիպի այդ տղային, եղբայրները հանձնարարում են նրան հսկել այգիները, որ «պզտիկ աղուէսները» չվնասեն դրանք։ Եվ այսպես, սունամացի օրիորդը հայտնվում է Սողոմոնի վրանի մոտակայքում։ Երբ նա ‘ընկուզենիների պարտեզ է իջնում’, նրա գեղեցկությունն աննկատ չի մնում, և աղջկան Սողոմոնի մոտ են բերում (Երգ Երգոց 1։6; 2։10–15; 6։11)։

Երբ աղջիկն ասում է, որ փափագում է իր սիրած հովվին, արքունական կանայք խորհուրդ են տալիս նրան գնալ հոտի հետքերով և փնտրել իր սիրեցյալին։ Բայց Սողոմոնը թույլ չի տալիս նրան գնալ։ Աղջկա գեղեցկությամբ հիացած՝ թագավորը խոստանում է նրան տալ «ոսկի գինդեր.... արծաթի կիտուածքով»։ Սակայն օրիորդին դա չի հրապուրում։ Երիտասարդ հովիվը գալիս է այն տեղը, որտեղ Սողոմոնը հաստատել էր իր վրանները, գտնում է աղջկան և բացականչում. «Ահա գեղեցիկ ես դու, ով ընկերուհիս. ահա գեղեցիկ ես»։ Աղջիկը երդում անել է տալիս արքունական կանանց՝ ասելով. «Մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրուհիին [«սերը», ՆԱ], մինչեւ որ ինքը բարեհաճէ» (Երգ Երգոց 1։8–11, 15; 2։7; 3։5)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

1։2, 3 — Ինչո՞ւ է երիտասարդ հովվի գորովանքի արտահայտումը նմանեցվում գինու, իսկ նրա անունը՝ յուղի։ Ինչպես որ գինին է ուրախացնում մարդու սիրտը, և գլխին թափված յուղն է հանգստացնող ազդեցություն գործում, այնպես էլ երիտասարդ տղայի սիրո և անվան մասին հուշերն էին զորացնում ու մխիթարում աղջկան (Սաղմոս 23։5; 104։15)։ Ճշմարիտ քրիստոնյաները, հատկապես օծյալները, խորհրդածելով այն սիրո մասին, որ Հիսուս Քրիստոսը ցուցաբերեց իրենց հանդեպ, նույնպես զորանում և քաջալերվում են։

1։5 — Ինչո՞ւ է գեղջկուհին իր թուխ մաշկը նմանեցնում «Կեդարի վրանների»։ Այծի մորթուց ստացած կտորն օգտագործվում էր տարբեր նպատակներով (Թուոց 31։20)։ Օրինակ՝ այծի մազից պատրաստված վարագույրներն օգտագործել են խորանը ծածկելու համար (Ելից 26։7)։ Մերօրյա բեդվինների վրանների նման՝ Կեդարի վրանները, հավանաբար, նույնպես պատրաստված են եղել սև այծի մազից։

1։15 — Ի՞նչ նկատի ուներ երիտասարդ հովիվը, երբ ասաց. «Աչքերդ աղաւնիների աչքեր են»։ Երիտասարդ հովիվն ասում էր, որ իր սիրուհու աչքերը աղավնու աչքերի պես հեզ ու քնքուշ են։

2։7; 3։5 — Ինչո՞ւ սունամացի աղջիկը արքունական կանանց երդում անել տվեց «դաշտի այծեամներովը կամ եղնիկներովը»։ Այծյամներն ու եղնիկները աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ և վայելչությամբ։ Փաստորեն, սունամացի աղջիկը արքունական կանանց երդվեցնում է ամեն գեղեցիկ ու նրբագեղ բաներով, որպեսզի չփորձեն իր մեջ սեր արթնացնել։

Դասեր մեզ համար

1։2; 2։6. Սիրո պարկեշտ արտահայտումները կարող են տեղին լինել մտերմության շրջանում։ Սակայն զույգը պետք է զգույշ լինի, որ այդ փաղաքշանքները չվերածվեն անմաքուր կրքի, որը կարող է նրանց սեռական անբարոյության տանել (Գաղատացիս 5։19)։

1։6; 2։10–15. Սունամացի աղջկա եղբայրները թույլ չտվեցին իրենց քրոջը գնալ իր սիրեցյալի հետ լեռները՝ մեկուսի տեղ, ոչ թե այն պատճառով, որ նա անբարոյական էր կամ սխալ մղումներ ուներ, այլ այն պատճառով, որ նրանք ցանկանում էին պաշտպանել իրենց քրոջը այնպիսի մի իրավիճակի մեջ ընկնելուց, որը նրա համար կարող էր գայթակղության առիթ ստեղծել։ Սա լավ դաս է ամուսնության մտադրություն ունեցող զույգերի համար այն առումով, որ նրանք պետք է խուսափեն մեկուսի վայրերում լինելուց։

2։1–3, 8, 9. Թեև սունամացի օրիորդը գեղեցիկ է, նա համեստորեն իրեն համեմատում է ‘Սարոնի ծաղկի’՝ դաշտի հասարակ ծաղկի հետ։ Քանի որ աղջիկն արտաքնապես նրբագեղ է, ինչպես նաև հավատարիմ է Եհովային, երիտասարդը նրան նմանեցնում է փշերով շրջապատված շուշանի։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հովվի մասին։ Քանի որ նա համակրելի արտաքին ունի, աղջիկը նրան համեմատում է «այծեամի» հետ։ Բացի այդ, երիտասարդ հովիվը, ըստ ամենայնի, աստվածավախ և հավատարիմ անձնավորություն է։ Օրիորդը նրա մասին ասում է. «Ինչպէս խնձորենին է [որը հովանի է լինում և պտուղներ է տալիս] անտառի ծառերի մէջ, այնպէս է իմ սիրականը տղերանց մէջ»։ Որքա՜ն ցանկալի հատկություններ են հավատարմությունն ու Աստծու հանդեպ նվիրվածությունը, հատկություններ, որ հարկավոր է փնտրել ապագա կողակցի մեջ։

2։7; 3։5. Գեղջկուհին ռոմանտիկ զգացմունքներ չէր տածում Սողոմոնի հանդեպ։ Նա նույնիսկ երդում անել տվեց արքունական կանանց, որ չփորձեն սեր արթնացնել իր մեջ երիտասարդ հովվից բացի մեկ ուրիշի հանդեպ։ Իհարկե, ո՛չ հնարավոր է և ո՛չ էլ տեղին է ռոմանտիկ սեր ցուցաբերել ցանկացած անհատի հանդեպ։ Ամուրի քրիստոնյան, որը կողակից է փնտրում, պետք է ամուսնանա միայն Եհովայի հավատարիմ ծառայի հետ (Ա Կորնթացիս 7։39)։

«Ի՞ՆՉ ՊԻՏԻ ՏԵՍՆԷՔ ՍՈՒԼԱՄԻԹԻ ՎԵՐԱՅ»

(Երգ Երգոց 3։6–8։4)

Ինչ–որ բան «վեր է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման» (Երգ Երգոց 3։6)։ Ի՞նչ են տեսնում Երուսաղեմի կանայք, երբ դուրս են գալիս նայելու։ Սողոմոնն ու իր ուղեկիցները վերադառնում են քաղաք։ Թագավորն իր հետ բերում է սունամացի օրիորդին։

Երիտասարդ հովիվը գնում է օրիորդի ետևից և շուտով նրան տեսնելու միջոց է գտնում։ Երբ նա վստահեցնում է աղջկան իր սիրո մեջ, սունամացի օրիորդը հայտնում է իր ցանկությունը լքել քաղաքն՝ ասելով. «Քանի որ փչում է օրուայ քամին, եւ փախչում են նորա ստուերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը»։ Նա կանչում է հովվին, որ «իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները»։ Երիտասարդը պատասխանում է. «Ես եկայ իմ պարտէզը, ով իմ քոյր հարս»։ Իսկ Երուսաղեմի կանայք ասում են նրանց. «Կերէք, ով բարեկամներ, խմեցէք ու զուարթացէք, ով սիրելիներ» (Երգ Երգոց 4։6, 16; 5։1)։

Պատմելով արքունական կանանց իր երազը՝ սունամացի աղջիկն ասում է. «Սիրով հիւանդ եմ ես»։ Նրանք հարցնում են. «Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից»։ Նա պատասխանում է. «Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է» (Երգ Երգոց 5։2–10)։ Սողոմոնի շռայլ հաճոյախոսություններին աղջիկը համեստորեն պատասխանում է. «Ի՞նչ պիտի տեսնէք Սուլամիթի վերայ» (Երգ Երգոց 6։4–13)։ Այս հարցը համարելով լավ հնարավորություն նրա սերը շահելու՝ թագավորը սկսում է ավելի շատ գովասանքի խոսքեր ասել նրան։ Աղջիկը, սակայն, հավատարիմ է մնում իր սիրեցյալ հովվին։ Սողոմոնը, վերջիվերջո, թույլ է տալիս նրան տուն վերադառնալ։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

4։1; 6։5 — Ինչո՞ւ են օրիորդի մազերը նմանեցվում «այծերի հօտին»։ Համեմատությունից երևում է, որ նրա մազերը փայլուն և փարթամ են, ինչպես սև այծերի մազերը։

4։11— Ի՞նչ է նշանակում այն, որ սունամացու ‘շրթունքներից մեղրախորիսխ է կաթում’ և ‘մեղր ու կաթ կա նրա լեզվի տակ’։ Մեղրախորիսխը ավելի բուրավետ ու քաղցր է, քան դրանից առանձնացված մեղրը։ Այս համեմատություններն ընդգծում են այն, որ սունամացու բերանից դուրս եկող խոսքերը բարի են ու հաճելի։

5։12 — Ո՞րն է հետևյալ խոսքերի իմաստը. «Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիների նման են. կաթի մէջ են լողում»։ Այս խոսքերով օրիորդը նկարագրում է իր սիրած տղայի գեղեցիկ աչքերը։ Նա, հավանաբար, բանաստեղծական ոճով համեմատում է իր սիրեցյալի աչքերի սև ոսպնյակները, որոնք շրջապատված են սպիտակ թաղանթով, բաց մոխրագույն աղավնիների հետ, որոնք լողանում են կաթի մեջ։

5։14, 15 — Ինչո՞ւ են հովվի ձեռքերն ու սրունքները այսպես նկարագրվում։ Ըստ երևույթին՝ օրիորդը հովվի մատները համեմատում է ոսկու հետ, իսկ եղունգները՝ Թարսիսի քարերի՝ կամ ոսկեքարի։ Նա նմանեցնում է տղայի սրունքները ‘մարմարյա սյուների’, որոնք ամրակազմ են ու գեղեցիկ։

6։4 — Ինչո՞ւ է օրիորդը համեմատվում Թերսայի հետ։ Այդ քանանական քաղաքը գրավել էր Հեսուն, իսկ ավելի ուշ՝ Սողոմոնի իշխանությունից հետո, այն դարձել էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորության առաջին մայրաքաղաքը (Յեսու 12։7, 24; Գ Թագաւորաց 16։5, 6, 8, 15)։ Մի աշխատության մեջ նշվում է. «Ամենայն հավանականությամբ, այդ քաղաքը շատ գեղեցիկ էր, ուստի պարզ է, թե ինչու է այն հիշատակված այստեղ»։

6։13 — Ի՞նչ է «Մանայէմի պարախումբը»։ Տվյալ արտահայտությունը կարելի է թարգմանել նաև որպես «երկու բանակների պար»։ Մանայիմ քաղաքը գտնվում էր Հորդանան գետի արևելյան կողմում՝ Հաբոկ ձորի մոտակայքում (Ծննդոց 32։2, 22; Բ Թագաւորաց 2։29)։ «Երկու բանակների պար» արտահայտությունը վերաբերում է մի պարի, որ պարում էին այդ քաղաքում կատարվող տոնակատարության ժամանակ։

7։4 — Ինչո՞ւ է Սողոմոնը սունամացի օրիորդի պարանոցը նմանեցնում «փղոսկրեայ աշտարակի»։ Ավելի վաղ աղջիկն արժանացել էր այսպիսի հաճոյախոսության. «Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին» (Երգ Երգոց 4։4)։ Աշտարակը բարձր է ու սլացիկ, իսկ փղոսկրը՝ ողորկ։ Սողոմոնն անում է այդ համեմատությունը, քանի որ տպավորված է աղջկա պարանոցի նրբագեղ և ողորկ տեսքից։

Դասեր մեզ համար

4։1–7. Չնայած որ անկատար էր՝ սունամացի աղջիկը մերժեց Սողոմոնի հրապուրիչ առաջարկությունները և դրանով փաստեց, որ բարոյապես մաքուր է։ Աղջկան ավելի գրավիչ էր դարձնում իր բարձր բարոյականությունը։ Այդպիսին պետք է լինեն նաև բոլոր քրիստոնյա կանայք։

4։12. Ինչպես ցանկապատված կամ պատնեշված այգի, որտեղ կարելի է մտնել միայն կողպեք ունեցող դռնով՝ սունամացի օրիորդն իր քնքուշ սերը կտար միմիայն իր ապագա ամուսնուն։ Ինչպիսի՜ հրաշալի օրինակ չամուսնացած քրիստոնյա կանանց ու տղամարդկանց համար։

«ՅԱՀԻ ԲՈՑԸ»

(Երգ Երգոց 8։5–14)

«Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. կռնած իր սիրողի վերայ»,— հարցնում են սունամացի աղջկա եղբայրները՝ տեսնելով նրան տուն վերադառնալիս։ Որոշ ժամանակ առաջ նրանցից մեկն ասել էր. «Եթէ նա պարիսպ է, նորա վերայ մի արծաթի աշտարակ շինենք. եւ եթէ նա մի դուռ է, նորան պատենք եղեւնափայտի տախտակով»։ Այժմ, երբ սունամացի աղջկա սերը փորձվել է, և փաստվել է, որ այն անփոփոխ է, նա ասում է. «Ես պարիսպ եմ. եւ իմ ստինքները աշտարակների նման են. ուրեմն նորա աչքի առաջին կ’լինիմ խաղաղութիւն գտածի պէս» (Երգ Երգոց 8։5, 9, 10)։

Իսկական սերը «Յահի բոցն» է (Երգ Երգոց 8։6, ՆԱ)։ Ինչո՞ւ կարելի է այդպես ասել։ Քանի որ այդպիսի սիրո աղբյուրը Եհովան է։ Նա է մեզ սիրելու ունակությամբ ստեղծել։ Սերը մի կրակ է, որի բոցն անմար է։ «Երգ Երգոց» գիրքը գեղեցիկ կերպով ցույց է տալիս, որ տղամարդու և կնոջ միջև սերը կարող է «մահուան պէս զօրաւոր [անփոփոխ]» լինել (Երգ Երգոց 8։6)։

Սողոմոնի հիասքանչ երգը նաև լույս է սփռում այն կապվածության վրա, որ գոյություն ունի Հիսուս Քրիստոսի ու նրա երկնային ‘հարսի’ անդամների միջև (Յայտնութիւն 21։2, 9)։ Օծյալ քրիստոնյաների նկատմամբ տածած Հիսուսի սերը գերազանցում է տղամարդու և կնոջ միջև եղած սիրուն։ Իսկ հարս դասակարգի անդամներն իրենց հերթին անսասան նվիրվածություն են ցուցաբերում նրա հանդեպ։ Հիսուսը սիրով տվեց իր կյանքը նաև «ուրիշ ոչխարների» համար (Յովհաննէս 10։16)։ Ուստի, Աստծու բոլոր ճշմարիտ երկրպագուները կարող են ընդօրինակել սունամացի աղջկան անսասան սեր ու նվիրվածություն ցուցաբերելու հարցում։

[նկար 18-րդ և 19-րդ էջերի վրա]

Ի՞նչ ենք սովորում «Երգ Երգոց» գրքից այն մասին, թե ինչ հատկություններ է հարկավոր փնտրել ապագա կողակցի մեջ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը