Աստվածաշնչի ուսումնասիրության լրացուցիչ նյութեր
Դաս համար 5. Սուրբ Գրքի եբրայերեն տեքստը
Ինչպես են Աստծու Խոսքի մաս կազմող Եբրայերեն Գրությունները կրկնօրինակվել, ճշգրտորեն պահպանվել և փոխանցվել մեզ։
1. ա) Ինչո՞վ է Եհովայի խոսքը տարբերվում թանկարժեք հնություններից։ բ) Ի՞նչ հարցեր են ծագում Աստծու Խոսքի վստահելի լինելու առնչությամբ։
ԳՐԱՎՈՐ տեսքով հավաքված այն խոսքերը, որ ասել է Եհովան, կարելի է համեմատել ճշմարտության ջրերի հետ, որոնք հավաքված են ներշնչված փաստաթղթերի անզուգական «ջրամբարում»։ Որքա՜ն երախտապարտ ենք Աստծուն, որ մարդկանց հետ երկնքից հաղորդակցվելիս նա հավաքել է այդ «ջրերը»՝ վերածելով կենսատու գիտելիքների անսպառ աղբյուրի։ Թանկարժեք հնությունները, օրինակ՝ արքայական թագերը, տոհմական իրերը, մարդկանց պատվին կառուցված հուշարձանները ժամանակի ընթացքում խամրել են, մաշվել կամ քանդվել։ Մինչդեռ Աստծու հազարագանձ խոսքը հավիտենական է (Ես. 40։8)։ Այնուամենայնիվ, հարց է ծագում, թե «ջրամբարում» կուտակվելուց հետո ճշմարտության այդ «ջրերը» որևէ ձևով չեն աղտոտվել։ Արդյո՞ք դրանք մաքուր են մնացել։ Արդյո՞ք ճշգրտորեն են թարգմանվել բնագիր լեզուներից։ Վստահության արժանի՞ է Սուրբ Գիրքը, որն այսօր կարող ենք ընթերցել ցանկացած լեզվով։ Մեզ անչափ կոգևորի այս «ջրամբարի» այն բաժնի ուսումնասիրությունը, որը հայտնի է «Եբրայերեն Գրություններ» անվամբ։ Մենք կտեսնենք, թե ինչ ջանքեր են թափվել, որպեսզի այն անփոփոխ պահպանվի, ինչպես նաև թարգմանվի ու մատչելի դառնա բոլոր ազգերի մարդկանց մայրենի լեզվով։
2. Ինչպե՞ս են ներշնչված գրվածքները պահպանվել մինչև Եզրասի օրերը։
2 Եբրայերեն և արամերեն բնօրինակները գրի են առել մարդիկ, որոնք ասես քարտուղարի ծառայություն են մատուցել Աստծուն։ Այդ գործը սկսվել է Մովսեսից մ.թ.ա. 1513թ.-ին և ավարտվել մ.թ.ա. 443թ.-ից կարճ ժամանակ անց։ Որքան հայտնի է, ներկայումս բնագրերից և ոչ մեկը գոյություն չունի։ Այդուհանդերձ, սկզբից ևեթ մեծ ջանքեր են թափվել, որ պահպանվեն ներշնչված գրքերը՝ բնագիր թե կրկնօրինակ։ Օրինակ՝ մ.թ.ա. մոտ 642թ.-ին՝ Հովսիա թագավորի օրերում, Եհովայի տանը հայտնաբերվեց Մովսեսի «օրենքի գիրքը», անկասկած, բնօրինակը։ Գիրքը հավատարմորեն պահպանվել էր արդեն 871 տարի։ Այս հանգամանքը այնքան հետաքրքրեց Աստվածաշնչի գրող Երեմիային, որ նա դրա մասին գրեց 2 Թագավորներ 22։8–10 համարներում։ Այդ դեպքը հիշատակեց նաև Եզրասը մ.թ.ա. մոտ 460թ.-ին (2 Տար. 34։14–18)։ Վերջինիս հետաքրքրում էին նման բաները, քանի որ «նա Իսրայելի Աստված Եհովայի կողմից տրված Մովսեսի օրենքի հմուտ գրագիր էր» (Եզր. 7։6)։ Ակներևաբար, Եզրասը հնարավորություն ուներ օգտվելու Եբրայերեն Գրությունների այն ձեռագրերից, որոնք առկա էին իր օրերում, և դրանց թվում հավանաբար կային ներշնչված գրքերից մի քանիսի բնօրինակները։ Ամենայն հավանականությամբ, այն ժամանակ Եզրասին էր վստահված սուրբ գրվածքները պահպանելու պատասխանատվությունը (Նեեմ. 8։1, 2)։
ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՄԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ
3. Ինչո՞ւ ժամանակի ընթացքում Եբրայերեն Գրությունների ավելի շատ ձեռագրերի կարիք առաջացավ, և ինչպե՞ս այդ կարիքը բավարարվեց։
3 Սկսած Եզրասի օրերից՝ անընդհատ մեծանում էր Եբրայերեն Գրությունները կրկնօրինակելու կարիքը։ Բանն այն է, որ ոչ բոլոր հրեաները վերադարձան հայրենիք մ.թ.ա. 537թ.-ին, երբ սկսվեց Երուսաղեմի վերականգնումը, և դրանից հետո։ Հազարավորներ մնացին Բաբելոնում, ոմանք էլ գործի բերումով կամ այլ պատճառներով տեղափոխվեցին ուրիշ վայրեր ու բնակություն հաստատեցին հին աշխարհի խոշոր առևտրական քաղաքներում։ Բազմաթիվ հրեաներ ամեն տարի ճանապարհորդում էին դեպի Երուսաղեմ՝ տաճարում անցկացվող տոներին ներկա գտնվելու և երկրպագություն մատուցելու նպատակով։ Այնտեղ նրանք շփվում էին միմյանց հետ հին եբրայերենով։ Եզրասի օրերում այդ հեռավոր վայրերում բնակվող հրեաները սովորաբար հավաքվում էին տեղի ժողովարաններում, որտեղ ընթերցվում ու քննարկվում էին Եբրայերեն Գրություններըa։ Քանի որ ժողովարանները շատ էին, գրագիրները պետք է անընդհատ նոր ձեռագրեր ստեղծեին։
4. ա) Ի՞նչ է գենիզան, և ի՞նչ նպատակով էին այն օգտագործում։ բ) Ի՞նչ արժեքավոր գանձեր գտնվեցին մի գենիզայում 19-րդ դարում։
4 Ժողովարանները սովորաբար ունեին գենիզա կոչվող սենյակներ, որոնք ծառայում էին իբրև պահեստ։ Ժամանակի ընթացքում հրեաները գենիզաներում սկսեցին պահել մաշված ու պատառոտված ձեռագրերը՝ փոխարինելով դրանք նորերով։ Գենիզայում պահվող գրվածքները պարբերաբար հանդիսավոր կերպով թաղում էին հողում, որպեսզի Եհովայի սուրբ անունը պարունակող տեքստերը չպղծվեն։ Նման ճանապարհով դարերի ընթացքում վերացել են Եբրայերեն Գրությունների հազարավոր հին ձեռագրեր։ Սակայն Հին Կահիրեում գտնվող մի գենիզա՝ ձեռագրերի մի հարուստ շտեմարան, զերծ մնաց այդպիսի ոչնչացումից։ Հավանաբար, պատճառն այն էր, որ նրա մուտքը փակել էին և այդ մասին մոռացել էին մինչև 19-րդ դարի կեսերը։ 1890թ.-ին՝ այդ ժողովարանի վերանորոգման ժամանակ, գենիզայի պարունակությունը վերանայվեց, և նրա գանձերը աստիճանաբար կա՛մ վաճառվեցին, կա՛մ էլ նվիրաբերվեցին։ Ամբողջական ձեռագրեր և հազարավոր ֆրագմենտներ (ոմանց խոսքերով՝ դրանցից մի քանիսը թվագրվում են մ.թ. 6-րդ դարով) այժմ պահպանվում են Քեմբրիջի համալսարանի գրադարանում, ինչպես նաև Եվրոպայի ու Ամերիկայի գրադարաններում։
5. ա) Եբրայերեն Գրությունների ի՞նչ հին ձեռագրեր են գտնվել, որքա՞ն հին են դրանք։ բ) Ի՞նչ է ցույց տալիս այդ ձեռագրերի համեմատական ուսումնասիրությունը։
5 Այսօր աշխարհի տարբեր գրադարաններում հաշվել և ցուցակագրել են գրեթե 6000 ձեռագրեր, որոնք պարունակում են կա՛մ Եբրայերեն Գրություններն ամբողջությամբ, կա՛մ դրա հատվածները։ Մինչև 20-րդ դարի կեսերը չեն գտնվել ձեռագրեր (բացառությամբ մի քանի ֆրագմենտների)՝ գրված մ.թ. 10-րդ դարից առաջ։ Սակայն 1947թ.-ին Մեռյալ ծովի մերձակայքում հայտնաբերվեց «Եսայիա» գրքի մի ձեռագիր։ Հաջորդ տարիների ընթացքում երևան եկան Եբրայերեն Գրությունների ուրիշ անգին ձեռագրեր, քանի որ Մեռյալ ծովի մոտ գտնվող քարանձավները մարդկանց հանձնեցին ձեռագրերի մի հարուստ գանձարան, որը պահված էր եղել մոտ 1900 տարի։ Այդ կրկնօրինակների մի մասը մասնագետները թվագրում են մ.թ.ա. վերջին մի քանի դարերով։ Եբրայերեն Գրությունների գրեթե 6000 ձեռագրերի համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու եբրայերեն տեքստը և ցույց է տալիս, որ այն դարերի ընթացքում ճշգրտորեն է փոխանցվել մեզ։
ԵԲՐԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ
6. ա) Ինչպե՞ս է վաղ շրջանում ձևավորվել եբրայերենը։ բ) Ինչո՞ւ հենց Մովսեսը կարող էր գրել «Ծննդոց» գիրքը։
6 Եբրայերեն լեզուն իր սկզբնական փուլում եղել է այն լեզուն, որով Ադամը խոսել է Եդեմում։ Ուստի եբրայերենը կարելի է կոչել մարդու լեզու։ Այս լեզվով, սակայն ավելի մեծ բառապաշարով, խոսում էին Նոյի օրերում։ Եբրայերենը (շատ ավելի հարստացած) այն հիմնական լեզուն էր, որը պահպանվեց, երբ Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ Եհովան խառնեց մարդկանց լեզուները (Ծննդ. 11։1, 7–9)։ Եբրայերենը սեմական լեզվաընտանիքի հիմնական լեզուն է։ Ակներևաբար, Քանանում Աբրահամի օրերում խոսում էին այնպիսի լեզվով, որը ազգակից էր եբրայերենին, և որից ձևավորվեցին տարբեր բարբառներ։ Եսայիա 19։18-ում այս լեզուն կոչվում է «Քանանի լեզու»։ Մովսեսը գիտնական էր և սերտել էր ոչ միայն եգիպտացիների իմաստությունը, այլև եբրայերեն լեզուն, որով խոսել են նրա նախահայրերը։ Այդ պատճառով նա կարող էր կարդալ իր ձեռքն ընկած հին փաստաթղթերը։ Հնարավոր է, որ նա դրանց հիման վրա է գրի առել Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում ներկայացված տեղեկությունների մի մասը։
7. ա) Ինչպե՞ս հետագայում զարգացավ եբրայերենը։ բ) Ի՞նչ դեր է խաղացել հին եբրայերենը, որով գրվել է Աստվածաշունչը։
7 Ավելի ուշ՝ Հուդայի թագավորների օրոք, եբրայերենը սկսեցին անվանել «հրեաների լեզու» (2 Թագ. 18։26, 28)։ Հիսուսի օրերում հրեաները հաղորդակցվում էին նոր՝ ավելի հարուստ եբրայերենով, որը հետագայում վերածվեց ռաբունական եբրայերենի։ Հետաքրքիր է, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում այս լեզուն կրկին կոչվում է «եբրայերեն» և ոչ թե արամերեն (Հովհ. 5։2; 19։13, 17; Գործ. 22։2; Հայտն. 9։11)։ Փաստորեն, դեռ վաղ ժամանակներից եբրայերենը, որով գրվել է Աստվածաշունչը, միավորում էր Եհովայի բոլոր ծառաներին. այն հասկանալի էր ինչպես Եհովայի նախաքրիստոնեական վկաների մեծ մասին, այնպես էլ առաջին դարի քրիստոնյաներին։
8. Հաշվի առնելով, թե ինչ նպատակով է տրվել Աստվածաշունչը՝ ինչի՞ համար ենք շնորհակալ։
8 Եբրայերեն Գրությունները ճշմարտության բյուրեղյա ջրերի ամբար են եղել, որոնք մարդկանց փոխանցվել և հավաքվել են Աստծու սուրբ ոգու առաջնորդությամբ։ Այնուամենայնիվ, ճշմարտության այս «ջրերից» կարող էին օգտվել միայն նրանք, ովքեր ընթերցում էին եբրայերեն։ Իսկ ինչպե՞ս բյուրավոր այլ լեզուներով խոսող մարդիկ կարող էին խմել ճշմարտության ջրերը, որ հետևեին Աստծու առաջնորդությանը և թարմություն ստանային (Հայտն. 22։17)։ Միակ ելքը Եբրայերեն Գրությունների թարգմանությունն էր, որի արդյունքում Աստծու ճշմարտության «ջրերը» առատորեն կհոսեին ու կհասնեին ողջ մարդկությանը։ Մենք սրտանց շնորհակալ ենք Եհովա Աստծուն այն բանի համար, որ Աստվածաշունչը, որը սկսել են թարգմանել մ.թ.ա. մոտ չորրորդ ու երրորդ դարերից, այսօր մասամբ կամ ամբողջովին մատչելի է ավելի քան 2400 լեզուներով։ Ի՜նչ օրհնություն է սա բոլոր արդարամիտ մարդկանց համար, ովքեր իրոք «ուրախություն» են գտել ճշմարտության այս թանկարժեք «ջրերում» (Սաղ. 1։2; 37։3, 4)։
9. ա) Աստվածաշունչը արգելո՞ւմ է թարգմանել իր տեքստը։ բ) Ինչո՞վ են արժեքավոր Աստվածաշնչի հնագույն թարգմանությունները։
9 Արդյոք Աստվածաշունչը չի՞ արգելում թարգմանել իր տեքստը ուրիշ լեզուներով։ Ո՛չ։ Չէ՞ որ պետք է իրականանան Աստծու կողմից Իսրայելին ուղղված հետևյալ խոսքերը՝ «ցնծացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ», և քրիստոնյաներին տրված Հիսուսի մարգարեական պատվերը՝ «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար»։ Առանց թարգմանության նման բան անհնար էր։ Աստվածաշնչի թարգմանության մոտ 24 դարերի պատմությունը վկայում է այն մասին, որ Եհովան օրհնում է այս գործը։ Ավելին, Աստվածաշնչի հնագույն թարգմանությունները, որ պահպանվել են ձեռագրերի տեսքով, նույնպես օգնում են հաստատելու Եբրայերեն Գրությունների տեքստի ճշգրտությունը (2 Օրենք 32։43; Մատթ. 24։14)։
ՎԱՂ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. ա) Ի՞նչ է «Սամարական Հնգամատյանը», և ինչո՞վ է այն արժեքավոր։
10 «Սամարական Հնգամատյան»։ Այս թարգմանությունը հայտնի է վաղ ժամանակներից։ Ինչպես երևում է գրքի անվանումից, այն պարունակում է Եբրայերեն Գրությունների միայն առաջին հինգ գրքերը։ Իրականում, դա եբրայերեն տեքստի տառադարձությունն է սամարական տառերով, որոնք ստեղծվել են եբրայերեն այբուբենի հիման վրա։ «Սամարական Հնգամատյանը» օգնում է խորությամբ հասկանալու այն ժամանակվա եբրայերեն տեքստը։ Այս տառադարձությունն արել են սամարացիները՝ նրանց սերունդները, ովքեր մնացին Սամարիայում այն բանից հետո, երբ մ.թ.ա. 740թ.-ին Իսրայելի տասցեղ թագավորությունը նվաճվեց, և նրանց սերունդները, ում ասորեստանցիները վերաբնակեցրին այդ տարածքում։ Սամարացիները, որոնք Եհովայի երկրպագությունը միախառնել էին իրենց հեթանոսական աստվածների պաշտամունքին, ընդունում էին Հնգամատյանը։ Ենթադրվում է, որ «Սամարական Հնգամատյանը» հայտնվել է մ.թ.ա. մոտ չորրորդ դարում, թեև որոշ գիտնականներ կարծում են, որ այն հայտնվել է ավելի ուշ՝ մ.թ.ա. երկրորդ դարում։ Երբ սամարացիները ընթերցում էին իրենց տեքստը, նրանք, փաստորեն, եբրայերենով էին արտասանում բառերը։ Թեպետ սամարական տեքստը մոտ 6000 տեղերում տարբերվում է եբրայերեն Հնգամատյանից, սակայն այդ տարբերությունները հիմնականում անկարևոր մանրամասներ են։ Մեզ հասած այդ մի քանի ձեռագրերը վերագրվում են մ.թ. 13-րդ դարից առաջ ընկած ժամանակաշրջանին։
11. Ի՞նչ է թարգումը, և ինչո՞վ է այն արժեքավոր Եբրայերեն Գրությունների տեքստը ուսումնասիրելու համար։
11 Արամերեն թարգում։ Արամերեն թարգում բառը նշանակում է թարգմանություն կամ վերարտադրություն։ Նեեմիայի ժամանակներում Պարսկաստանի տարածքում բնակվող հրեաների համար արամերենը դարձել էր մայրենի լեզու, այդ պատճառով Եբրայերեն Գրությունների ընթերցանության ժամանակ անհրաժեշտություն էր առաջանում տեքստը թարգմանել արամերեն։ Ամենայն հավանականությամբ, թարգումը իր ներկայիս վերջնական տեսքը ստացել է մ.թ. մոտ հինգերորդ դարից ոչ շուտ։ Թեև այն ընդամենը եբրայերեն տեքստի ազատ վերապատմում է ու ոչ թե ճշգրիտ թարգմանություն, բավական տեղեկություններ է հայտնում, որոնք պարզաբանում են եբրայերեն տեքստը և օգնում են հասկանալու որոշ դժվար հատվածներ։
12. Ի՞նչ է «Յոթանասնից» թարգմանությունը, և ինչո՞ւ է այն կարևոր։
12 Հունարեն «Յոթանասնից»։ Եբրայերեն Գրությունների վաղ թարգմանություններից ամենակարևորը ու, փաստորեն, եբրայերենից կատարված առաջին ամբողջական գրավոր թարգմանությունը հունարեն «Յոթանասնից»-ն է (նշ. է «յոթանասուն»)։ Այս թարգմանությունը սկսեցին թարգմանել 72 հրեա գիտնականներ մ.թ.ա. մոտ 280թ.-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ինչ-ինչ պատճառներով այս թիվը հետագայում կլորացրին և դարձրին 70, ուստի թարգմանությունը կոչվեց «Յոթանասնից»։ Ամենայն հավանականությամբ, այն ավարտին է հասցվել մ.թ.ա. մոտ երկրորդ դարում։ Այս թարգմանությունը դարձավ հունախոս հրեաների Աստվածաշունչը ու լայնորեն օգտագործվեց ընդհուպ Հիսուսի և առաքյալների ժամանակաշրջանը։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում Եբրայերեն Գրություններից արված 890 մեջբերումների մեծ մասը (որոնցից 320-ը ուղղակի մեջբերումներ են) հիմնված է «Յոթանասնից» թարգմանության վրա։
13. «Յոթանասնից»-ի ի՞նչ արժեքավոր ֆրագմենտներ են պահպանվել մինչև մեր օրերը, և ինչո՞վ են դրանք արժեքավոր։
13 Այսօր ուսումնասիրության համար առկա են «Յոթանասնից»-ի մեծաթիվ պատառիկ ձեռագրեր՝ գրված պապիրուսի վրա։ Դրանք շատ արժեքավոր են, քանի որ պատկանում են վաղ քրիստոնեական ժամանակներին։ Ու թեպետ այդ ֆրագմենտները որպես կանոն ընդամենը մի քանի համարներ կամ գլուխներ են պարունակում, դրանք անչափ կարևոր են, քանի որ օգնում են վերականգնելու «Յոթանասնից»-ի տեքստը։ «Ֆոադ 266» պապիրուսը, որը հայտնաբերվել է Եգիպտոսում, վերագրվում է մ.թ.ա. առաջին դարին։ Այն պարունակում է հատվածներ «Ծննդոց» ու «2 Օրենք» գրքերից։ «Ծննդոց»-ի հատվածներում Աստծու անունը չի հանդիպում, քանի որ փաստաթուղթը ամբողջությամբ չի պահպանվել։ Սակայն «2 Օրենք» գրքի հունարեն տեքստի տարբեր հատվածներում այդ անունը գրված է քառագրի տեսքով՝ եբրայերենին բնորոշ քառակուսի տառերովb։ Ուրիշ պապիրուսներ թվագրվում են մ.թ. մոտ չորրորդ դարով, երբ գրելու համար սկսեցին օգտագործել ավելի դիմացկուն գրելանյութ՝ մագաղաթ, որը պատրաստվում էր հորթի, այծի կամ գառան՝ հատուկ եղանակով մշակվող կաշվից։
14. ա) Ի՞նչ է ասել Օրիգենեսը «Յոթանասնից»-ի վերաբերյալ։ բ) Ե՞րբ և ինչպե՞ս է փոփոխության ենթարկվել «Յոթանասնից»-ի տեքստը։ գ) Օգտագործելով «Յոթանասնից»-ը՝ ինչի՞ մասին են վկայել վաղ քրիստոնյաները։
14 Հետաքրքիր է, որ Աստծու անունը (քառագրի տեսքով) հանդիպում է նաև Օրիգենեսի Աստվածաշնչի «Յոթանասնից»-ում, որում աստվածաշնչյան տեքստերն ու թարգմանությունները ներկայացված են վեց սյունակով, և որը կոչվում է Հեքսապլա։ Օրիգենեսը այն ավարտին է հասցրել մ.թ. մոտ 245թ.-ին։ Մեկնաբանելով Սաղմոս 2։2-ը՝ նա «Յոթանասնից»-ի մասին գրում է. «Ամենաճշգրիտ ձեռագրերում ԱՆՈՒՆԸ հանդիպում է եբրայերեն տառերով, սակայն ոչ թե այսօրվա եբրայերենով [նկատի ունի գիրը], այլ հին»c։ Փաստերը միանշանակ ցույց են տալիս, որ «Յոթանասնից»-ում շուտով փոփոխություններ արվեցին և քառագիրը փոխարինվեց Կիրիոս (Տեր) և Թեոս (Աստված) բառերով։ Քանի որ առաջին քրիստոնյաներն օգտագործում էին այն ձեռագրերը, որոնց մեջ գրված էր Աստծու անունը, անհնար է, որ նրանք հետևեին հրեաների ավանդությանը և չօգտագործեին «ԱՆՈՒՆԸ»։ Նրանք թերևս հնարավորություն ունեին վկայելու Եհովայի անվան մասին՝ ցույց տալով այն անմիջապես հունարեն «Յոթանասնից»-ից։
15. 342-րդ էջի աղյուսակի օգնությամբ նկարագրիր «Յոթանասնից»-ի տեքստով մագաղաթները։
15 Ներկայումս գոյություն ունեն հունարեն «Յոթանասնից»-ի տեքստով հարյուրավոր մագաղաթներ։ Դրանցից մի քանիսը, որոնք գրվել են մ.թ. չորրորդ և իններորդ դարերի միջև, անչափ արժեքավոր են, քանի որ պարունակում են Եբրայերեն Գրությունների մեծ մասը։ Այդ ձեռագրերը կոչվում են ունցիալային, քանի որ սկզբից մինչև վերջ գրված են իրարից անջատ, խոշոր մեծատառերով։ Մյուսները կոչվում են մինուսկուլներ, քանի որ գրված են փոքր, ձեռագիր տառերով։ Մինուսկուլ գիրը լայնորեն օգտագործվել է՝ սկսած իններորդ դարից մինչև տպագրության ի հայտ գալը։ Չորրորդ և հինգերորդ դարերում ամենահայտնի ունցիալային ձեռագրերը համարվել են Վատիկանյան (№ 1209), Սինայական և Ալեքսանդրյան ձեռագրերը։ Դրանք պարունակում են հունարեն «Յոթանասնից»-ի տեքստը՝ թեթևակի տարբերություններով։
16. Ի՞նչ է լատիներեն «Վուլգատա»-ն, և ինչո՞վ է այն արժեքավոր։
16 Լատիներեն «Վուլգատա»։ Այս թարգմանությունը ծառայեց որպես մայր տեքստ շատ կաթոլիկ թարգմանիչների համար, որոնք Աստվածաշունչը թարգմանեցին քրիստոնեական աշխարհի Արևմտյան երկրների բազմաթիվ լեզուներով։ Ինչպե՞ս ստեղծվեց «Վուլգատա» թարգմանությունը։ Լատիներեն վուլգատուս բառը նշանակում է «ընդհանուր, հանրամատչելի»։ «Վուլգատա» թարգմանությունը կատարվեց բոլորի կողմից օգտագործվող, հանրամատչելի լատիներենով, այդ պատճառով Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում ապրող հասարակ մարդիկ հեշտությամբ հասկանում էին այն։ Թարգմանիչը՝ աստվածաշնչագետ Հերոնիմոսը, մինչ այդ երկու անգամ վերանայել էր հին լատիներենով թարգմանված սաղմոսները՝ համեմատելով դրանք հունարեն «Յոթանասնից»-ի հետ։ Սակայն «Վուլգատա» թարգմանությունը պատրաստելիս նա թարգմանել է անմիջապես բնագիր լեզուներից՝ եբրայերենից և հունարենից։ Հերոնիմոսը եբրայերենից լատիներեն այս թարգմանությունը կատարել է մ.թ. մոտ 390–405թթ. ընթացքում։ Թեպետ «Վուլգատա»-ի մեջ ընդգրկվեցին նաև պարականոն գրքերը, որոնք այդ ժամանակ արդեն «Յոթանասնից» թարգմանության մի մասն էին դարձել, Հերոնիմոսը հստակ տարբերություն դրեց ոչ կանոնական և կանոնական գրքերի միջև։
ԵԲՐԱՅԵՐԵՆ ՏԵՔՍՏԵՐԸ
17. Ովքե՞ր էին գրագիրները, կամ՝ սոփերիմները, և ինչո՞ւ Հիսուսը դատապարտեց նրանց։
17 Սոփերիմներ։ Այն մարդիկ, ովքեր կրկնօրինակել են Եբրայերեն Գրությունները՝ սկսած Եզրասի օրերից մինչև Հիսուսի ժամանակաշրջանը, կոչվել են գրագիրներ, կամ՝ սոփերիմներ։ Ժամանակի ընթացքում նրանք իրենց իրավունք վերապահեցին փոփոխություններ մտցնելու Աստվածաշնչի տեքստում։ Այդ մարդիկ, որ կոչված էին պահպանելու Օրենքը, դատապարտության արժանացան անձամբ Հիսուսի կողմից իրենց այդպիսի լիազորություններ վերագրելու համար, ինչի իրավունքը իրականում չունեին (Մատթ. 23։2, 13)։
18. Ովքե՞ր էին մասորեթները, և ի՞նչ արժեքավոր վերաճշտումներ են արել նրանք եբրայերեն տեքստում։
18 Մասորան բացահայտում է փոփոխությունները։ Քրիստոսի ժամանակաշրջանին հաջորդած դարերում սոփերիմներին փոխարինեցին ուրիշ գրագիրներ՝ մասորեթները։ Նրանք նշում էին իրենց նախորդների՝ սոփերիմների մտցրած փոփոխությունները՝ արձանագրելով դրանք տեքստի լուսանցքներում կամ վերջում։ Լուսանցքներում գրված այդ նշումները հայտնի դարձան որպես մասորա։ Մասորայում ներկայացվեցին սոփերիմների կողմից արված առանձնահատուկ 15 նշումներ՝ եբրայերեն տեքստում տեղ գտած 15 բառեր կամ արտահայտություններ, որ ընդգծված էին կետերով կամ գծիկներով։ Այս առանձնահատուկ նշումներից մի քանիսը որևէ ձևով չեն անդրադարձել թարգմանության կամ տեքստի մեկնության վրա, սակայն մյուսներն անդրադարձել են և վճռորոշ դեր են խաղացել։ Սոփերիմները թույլ էին տվել, որ Եհովայի անունը արտասանելու հանդեպ սնապաշտական վախը ծուղակը գցեր իրենց և դրդեր 134 տեղերում փոխարինելու այն Ադոնայ (Տեր), իսկ որոշ տեղերում էլ Էլոհիմ (Աստված) բառերով։ Մասորայում ներկայացվում են այս փոփոխությունները։ Եվ ինչպես այն ցույց է տալիս, սոփերիմները ու այլ գրագիրներ նաև պատասխանատու են Աստվածաշնչի տեքստում առնվազն 18 վերաճշտումներ մտցնելու համար, թեև նման փոփոխությունները, ակներևաբար, ավելի շատ են եղել։ Այս վերաճշտումները թերևս արվել են բարի միտումներով, քանի որ սկզբնական տեքստը, նրանց կարծիքով, անհարգալից արտահայտություններ է պարունակել Աստծու կամ նրա երկրային ներկայացուցիչների հանդեպ։
19. Ի՞նչ է եբրայերեն բաղաձայնային տեքստը, և ե՞րբ այն ստացավ իր վերջնական տեսքը։
19 Բաղաձայնային տեքստ։ Եբրայերեն այբուբենը բաղկացած է 22 բաղաձայններից և ձայնավորներ չունի։ Սկզբնական շրջանում ընթերցողն ինքը պետք է ավելացներ ձայնավոր հնչյունները՝ ելնելով լեզվի իր իմացությունից։ Եբրայերեն տեքստերը հապավումներից էին բաղկացած։ Ժամանակակից հայերենում նույնպես օգտագործվում են միայն բաղաձայններով արտահայտված հապավումներ։ Օրինակ՝ «հմմտ.» հապավումը նշանակում է «համեմատել»։ Նմանապես, եբրայերեն լեզվում բառերը գրվում էին միայն բաղաձայններով։ Գրի այսպիսի համակարգը կոչվում է «բաղաձայնային»։ Եբրայերեն ձեռագրերի բաղաձայնային տեքստն իր վերջնական տեսքը ստացավ մ.թ. առաջին և երկրորդ դարերի միջև, չնայած որոշ ժամանակ գործածության մեջ մնացին այն ձեռագրերը, որոնց բովանդակությունը փոքր-ինչ տարբերվում էր ընդունված տեքստից։ Ի տարբերություն սոփերիմների շրջանի՝ այս ժամանակահատվածում որևէ փոփոխություն չի արվել աստվածաշնչյան տեքստում։
20. Ի՞նչ նշումներ էին անում մասորեթները եբրայերեն տեքստում։
20 Մասորեթական տեքստ։ Մ.թ. առաջին հազարամյակի երկրորդ կեսերին մասորեթները (եբրայերեն՝ բաալեհ համմասոհրահ, որ նշանակում է «ավանդության վարպետներ») ձայնավորները պատկերող կետերի ու շեշտերի համակարգ ստեղծեցին։ Այդ նշանները օգնում էին կարդալու և արտասանելու ձայնավոր հնչյունները, և այլևս կարիք չկար հետևելու ավանդական բանավոր ձևին՝ ճիշտ արտասանություն կատարելու համար, ինչպես արվում էր նախկինում։ Ձեռագրերն արտագրելիս մասորեթները ոչ մի փոփոխության չէին ենթարկում տեքստը, ինչ էլ որ այնտեղ գրված լիներ, բայց հարկ եղած դեպքում նշումներ էին անում մասորայի լուսանցքներում։ Մասորեթները շատ խիստ էին վերաբերվում տեքստում փոփոխություններ մտցնելուն։ Բացի այդ, իրենց մասորայում նրանք հատուկ կերպով նշում էին վիճահարույց տեղերը ու որտեղ անհրաժեշտ էին համարում, ընթերցանության ճիշտ ձևն էին մտցնում։
21. Ի՞նչ է մասորեթական տեքստը։
21 Բաղաձայնային տեքստում ձայնավոր նշաններ ու շեշտեր ավելացնելու գործը կատարում էին մասորեթների երեք դպրոցներ՝ Բաբելոնականը, Պաղեստինյանը և Տիբերիականը։ Եբրայերեն Գրությունների տեքստը, որը առկա է հին եբրայերեն տեքստի ժամանակակից հրատարակություններում, հայտնի է որպես մասորեթական տեքստ. նրանում օգտագործվում է Տիբերիական դպրոցի կողմից մշակված համակարգը։ Այս համակարգը հնարել էին Գալիլեայի ծովի արևմտյան ափին գտնվող Տիբերիա քաղաքի մասորեթները։
22. Բաբելոնական համակարգով արված ո՞ր ձեռագիրն է հասել մեզ, և համապատասխանո՞ւմ է արդյոք այն տիբերիական տեքստին։
22 Պաղեստինյան դպրոցի մասորեթները ձայնավորների նշանները պատկերում էին բաղաձայնների վերևում։ Մեզ հասել են քիչ թվով այսպիսի ձեռագրեր։ Դա վկայում է այն մասին, որ ձայնավորների նրանց համակարգը թերի էր։ Բաբելոնական համակարգում ձայնավորները նույնպես դրվում էին տողի վերևում։ Այս դպրոցի համակարգով գրված ձեռագիր է «Մարգարեների» պետերբուրգյան ձեռագիրը (մ.թ. 916թ.), որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի հանրային գրադարանում։ Այս ձեռագիրը ընդգրկում է «Եսայիա», «Երեմիա», «Եզեկիել» և «փոքր» մարգարեների գրքերը, որոնց լուսանցքներում նշումներ կան (մասորա)։ Գիտնականները մանրազնին ուսումնասիրել են այս ձեռագիրը՝ համեմատելով տիբերիական տեքստի հետ։ Թեպետ այնտեղ գործածվում է տողի վերևում պատկերված ձայնավորների համակարգ, այդ ձեռագրի բաղաձայնային տեքստը, ձայնավորները և մասորան չեն տարբերվում տիբերիականից։ Բրիտանական թանգարանում պահպանվում է Հնգամատյանի բաբելոնական տեքստի օրինակը, որը հիմնականում համապատասխանում է տիբերիականին։
23. Ի՞նչ եբրայերեն ձեռագրեր հայտնաբերվեցին Մեռյալ ծովի մոտակայքում։
23 Մեռյալ ծովի ձեռագրեր։ 1947թ.-ին եբրայերեն ձեռագրերի պատմության մեջ նոր էջ բացվեց։ Վադի-Կումրանի (Նահալ Կումերան) քարանձավներից մեկում (Մեռյալ ծովի ափամերձ շրջանում) հայտնաբերվեցին «Եսայիա» գրքի ձեռագիրը, ինչպես նաև աստվածաշնչյան ու ոչ աստվածաշնչյան ուրիշ ձեռագրեր։ Շատ չանցած՝ գիտնականների ուսումնասիրության համար հրապարակվեց «Եսայիա» գրքի այս լավ պահպանված ձեռագրի (1QIsa) ամբողջական ֆոտոպատճենը։ Կարծիքներ կան, որ այս փաստաթուղթը թվագրվում է մ.թ.ա. երկրորդ դարի վերջով։ Սա իրոք անհավատալի հայտնագործություն է. եբրայերեն ձեռագիր, որը գրեթե հազար տարով ավելի հին է, քան «Եսայիա» գրքի մասորեթական տեքստի՝ մեզ հասած ամենահին պաշտոնապես ճանաչված ձեռագրերըd։ Կումրանի մյուս քարանձավները ևս մարդկանց հանձնեցին Եբրայերեն Գրությունների գրքերի ավելի քան 170 պատառիկ ձեռագրեր, բացառությամբ «Եսթեր» գրքի։ Այս ձեռագրերի ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է։
24. Այս ձեռագրերի տեքստը համապատասխանո՞ւմ է արդյոք մասորեթական տեքստին։
24 Մի գիտնական ուսումնասիրեց ամենաերկար՝ 119-րդ սաղմոսը, որը գտնվում էր «Սաղմոսներ» ձեռագրի մեջ (11QPsa) և Մեռյալ ծովի ձեռագրերից ամենաարժեքավորներից մեկն էր։ Ուսումնասիրության ընթացքում նա նկատեց, որ այդ սաղմոսի տեքստը գրեթե բառ առ բառ համապատասխանում է մասորեթական տեքստի 119-րդ սաղմոսին։ Իսկ պրոֆեսոր Ջ. Ա. Սանդերսը «Սաղմոսներ» ձեռագրի վերաբերյալ նշեց. «[Տարբերությունների] մեծ մասը ուղղագրական բնույթ է կրում և հետաքրքիր է միայն այն գիտնականների համար, ովքեր փորձում են պարզել հին եբրայերենի արտասանությունը և նման բաներ»e։ Մեռյալ ծովի մոտ հայտնաբերված այս անզուգական հին ձեռագրերի մյուս օրինակներում նույնպես մեծ տարբերություններ հիմնականում չկան։ «Եսայիա»-ի ձեռագիրը, ուղղագրական և քերականական կառույցների առումով որոշ տարբերություններ պարունակելով հանդերձ, ուսմունքային տեղերում շեղումներ չունի։
25. Ի՞նչ եբրայերեն տեքստեր ուսումնասիրեցինք, և այդ ամենը ինչպե՞ս է ամրապնդում մեր վստահությունը։
25 Մենք ուսումնասիրեցինք, թե հիմնականում ինչպես է փոխանցվել Եբրայերեն Գրությունների տեքստը։ Այս հարցում մեծ դեր են ունեցել «Սամարական Հնգամատյանը», արամերեն թարգումը, հունարեն «Յոթանասնից»-ը, տիբերիական եբրայերեն տեքստը, պաղեստինյան եբրայերեն տեքստը, բաբելոնական եբրայերեն տեքստը և Մեռյալ ծովի ձեռագրերի եբրայերեն տեքստերը։ Այս տեքստերի ուսումնասիրությունն ու համեմատությունը ամրապնդում են մեր վստահությունը Եբրայերեն Գրությունների հանդեպ՝ փաստելով, որ դրանք մեզ հասել են հիմնականում անփոփոխ, այնպես, ինչպես արձանագրել են Աստծու կողմից ներշնչված ծառաները։
ԵԲՐԱՅԵՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՃՇՏՎԱԾ ՏԵՔՍՏԸ
26. ա) Ե՞րբ սկսվեցին եբրայերեն տեքստի քննախոսական ուսումնասիրությունները, և ի՞նչ քննախոսական աշխատություններ լույս տեսան։ բ) Ի՞նչ դեր ունեցավ Գինսբուրգի տեքստը։
26 Եբրայերեն Գրությունների ստանդարտ հրատարակությունը մինչև 19-րդ դարը համարվում էր Հ. Բեն-Խայիմի «Երկրորդ ռաբունական Աստվածաշունչը»՝ տպագրված 1524–1525թթ.-ին։ Մինչև 18-րդ դարը գիտնականները Եբրայերեն Գրությունների տեքստը չէին ենթարկել քննախոսության։ 1776–1780թթ.-ին Օքսֆորդում Բենջամին Կենիքոթը հրատարակեց ավելի քան 600 եբրայերեն ձեռագրերի միջև եղած տեքստային տարբերություններ։ Հետագայում՝ 1784– 1798թթ.-ին, Պարմայում իտալացի գիտնական Ջ. Բ. դե Ռոսին հրատարակեց ևս 731 ձեռագրերի տեքստային տարբերություններ։ Գերմանացի եբրայագետ Ս. Բերը նույնպես տպագրեց քննախոսական աշխատություն։ Իսկ Խ. Դ. Գինսբուրգը բազում տարիներ նվիրեց Եբրայերեն Գրությունների քննախոսական տեքստ կազմելուն։ Այն առաջին անգամ հրատարակվեց 1894թ.-ին, իսկ վերջին վերանայված տարբերակը հրատարակվեց 1926թ.-ին։ Ջոզեֆ Ռոդերհամը անգլերեն թարգմանությունը կատարելու համար (The Emphasised Bible), որը թողարկվեց 1902թ.-ին, օգտվեց Գինսբուրգի տեքստից, որը լույս էր տեսել 1894թ.-ին։ Իսկ պրոֆեսոր Մաքս Մարգոլիսն ու նրա գործընկերները, որոնք 1917թ.-ին կատարեցին Եբրայերեն Գրությունների թարգմանությունը, օգտվեցին ինչպես Գինսբուրգի, այնպես էլ Բերի տեքստերից։
27, 28. ա) Ի՞նչ է «Եբրայերեն Աստվածաշունչը», և ինչպե՞ս այն ստեղծվեց։ բ) Ինչպե՞ս այս աշխատությունը օգտագործվեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» մեջ։
27 1906թ.-ին եբրայագետ Ռուդոլֆ Կիթելը Գերմանիայում առաջին անգամ տպագրեց իր կողմից վերանայված եբրայերեն տեքստը (հետագայում լույս տեսավ նաև երկրորդ հրատարակությունը), որն անվանեց «Եբրայերեն Աստվածաշունչ» (Biblia Hebraica)։ Այդ աշխատության ընդարձակ ծանոթագրություններում Կիթելը ներկայացրեց հսկայական նյութ տեքստի ուսումնասիրության համար, ինչի շնորհիվ հնարավոր էր հանգամանորեն համեմատել մասորեթական տեքստի բազմաթիվ եբրայերեն ձեռագրեր, որոնք առկա էին այն ժամանակ։ Որպես հիմնական աղբյուր՝ Կիթելը օգտագործեց Հ. Բեն-Խայիմի լայն ճանաչում գտած տեքստը։ Երբ հնարավոր եղավ օգտվել Բեն-Աշերի շատ ավելի հին և ավելի ամբողջական մասորեթական տեքստերից՝ պատրաստված մ.թ. մոտ 10-րդ դարում, Կիթելը նախաձեռնեց «Եբրայերեն Աստվածաշնչի» բոլորովին նոր՝ երրորդ հրատարակության լույսընծայումը։ Այս գործը գիտնականի մահից հետո ավարտին հասցրին նրա գործընկերները։
28 Եբրայերեն Գրությունների անգլերեն լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» համար որպես հիմնական տեքստ օգտագործվեց Կիթելի «Եբրայերեն Աստվածաշնչի» 7-րդ, 8-րդ և 9-րդ հրատարակությունները (1951–1955թթ.)։ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակության (1984թ., անգլ.) մեջ ծանոթագրություններում նշված տեղեկությունները վերանայվեցին Եբրայերեն Գրությունների նոր տեքստի համաձայն, որը հրատարակվել էր 1977թ.-ին «Շտուտգարտի Եբրայերեն Աստվածաշունչ» անունով (Biblia Hebraica Stuttgartensia)։
29. «Եբրայերեն Աստվածաշնչի» ո՞ր առանձնահատկությունը դեր ունեցավ Աստծու անվան վերականգնման հարցում։
29 Կիթելի մասորայի լուսանցագրերը, որոնցում ներկայացվում են նախաքրիստոնեական շրջանի դպիրների մտցրած շատ տեքստային փոփոխություններ, մեծ դեր են ունեցել «Նոր աշխարհ թարգմանության» ստեղծման գործում՝ ճշգրիտ թարգմանություն, որում Աստծու Եհովա անունը վերականգնվել է համապատասխան տեղերում։ Այս թարգմանության մեջ ներառված են Աստվածաշնչի ժամանակակից գիտական հետազոտություններ։
30. ա) 336-րդ էջի աղյուսակի հիման վրա պատմիր Եբրայերեն Գրությունների տեքստի պատմությունը մինչև Կիթելի «Եբրայերեն Աստվածաշնչի» հրատարակումը, որը օգտագործվել է որպես հիմնական աղբյուր «Նոր աշխարհ թարգմանությունը» պատրաստելու համար։ բ) Ուրիշ ի՞նչ տեքստերից է օգտվել «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն։
30 Այս դասին կից կարելի է տեսնել մի աղյուսակ, որում բերվում են «Նոր աշխարհ թարգմանության» Եբրայերեն Գրությունների աղբյուրները։ Աղյուսակում համառոտակի ցույց է տրվում տեքստի պատմությունը մինչև Կիթելի «Եբրայերեն Աստվածաշնչի» լույսընծայումը, որը օգտագործվել է որպես հիմնական աղբյուր։ Լրացուցիչ աղբյուրները ցույց են տրվում սպիտակ կետերով, որոնք թարգմանության ժամանակ նույնպես հաշվի են առնվել։ Դրանց թվում են այնպիսի թարգմանություններ, ինչպիսիք են լատիներեն «Վուլգատա»-ն և հունարեն «Յոթանասնից»-ը, սակայն դա չի նշանակում, որ թարգմանիչները օգտվել են դրանց բնագրերից։ Ինչպես ներշնչված Եբրայերեն Գրությունները, այնպես էլ այս թարգմանությունների բնագիր տեքստերը չեն պահպանվել։ Որպես աղբյուր են օգտագործվել այս տեքստերի ստույգ հրատարակությունները կամ վստահելի հին թարգմանություններն ու քննախոսական մեկնաբանությունները։ Այսքան շատ աղբյուրներից օգտվելու շնորհիվ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն կարողացել է ստեղծել ներշնչված Եբրայերեն Գրությունների սկզբնական տեքստի վստահելի թարգմանությունը։ Բոլոր այս աղբյուրները հիշատակվում են «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակության ծանոթագրություններում (անգլ.)։
31. ա) Ինչի՞ արդյունք է Եբրայերեն Գրությունների «Նոր աշխարհ թարգմանությունը»։ բ) Ինչո՞ւ ենք երախտապարտ և ի՞նչ հույս ունենք այս առնչությամբ։
31 Այսպիսով՝ Եբրայերեն Գրությունների «Նոր աշխարհ թարգմանությունը» երկար տարիների գիտական հետազոտությունների արդյունք է։ Թարգմանությունը արվել է այնպիսի տեքստից, որը աչքի է ընկնում իր մեծ ճշգրտությամբ, ինչի համար մենք պարտական ենք այն մարդկանց, ովքեր հավատարմորեն փոխանցել են գրվածը սերնդեսերունդ։ Այս ճշգրիտ և հասկանալի թարգմանությունը հեշտությամբ է ընթերցվում և հնարավորություն է ընձեռում խորությամբ խոկալու Աստծու Խոսքի շուրջ։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ նրա Խոսքը կենդանի է և զորեղ մեր օրերում (Եբր. 4։12)։ Թող որ անկեղծ սիրտ ունեցող անհատները շարունակեն կերտել իրենց հավատը Աստծու թանկագին Խոսքի ուսումնասիրության միջոցով և մղված լինեն կատարելու Եհովայի կամքը այս վճռորոշ օրերում (2 Պետ. 1։12, 13)։
[ծանոթագրություններ]
a Հայտնի չէ, թե երբ են ի հայտ եկել ժողովարանները։ Հնարավոր է՝ բաբելոնյան 70-ամյա գերության ընթացքում, երբ տաճարը գոյություն չուներ, կամ էլ գերությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց՝ Եզրասի օրերում։
b «Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն», էջ 1981– 1984։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 9 (անգլ.)։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 322 (անգլ.)։
e «Մեռյալ ծովի «Սաղմոսների» ձեռագիրը», 1967, Ջ. Ա. Սանդերս, էջ 15։
[աղյուսակ 341-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՈՐՈՇ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՊԻՐՈՒՍՆԵՐ
Եբրայերեն Գրություններ
Ձեռագրի անվանումը Նեշի պապիրուս
Թվագրված է Մ.թ.ա. II կամ I դար
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Քեմբրիջ (Անգլիա)
Բովանդակությունը 24 տող Տասը պատվիրաններից
ու մի քանի համարներ
«2 Օրենք» գրքից, գլ. 5, 6
Ձեռագրի անվանումը Ռայլենդսի պապիրուս 458
Նշանը 957
Թվագրված է Մ.թ.ա. II դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Մանչեստր (Անգլիա)
Բովանդակությունը Ֆրագմենտներ
«2 Օրենք» գրքից, գլ. 23–28
Ձեռագրի անվանումը «Ֆոադ 266»
Թվագրված է Մ.թ.ա I դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Կահիրե (Եգիպտոս)
Բովանդակությունը Ֆրագմենտներ «Ծննդոց»
և «2 Օրենք» գրքերից
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) 2 Օրենք 18։5; Գործ. 3։22;
հավելված 1Գ
Ձեռագրի անվանումը «Ղևտական»-ի ձեռագիր
(Մեռյալ ծովի ձեռագրեր)
Նշանը 4Q LXX Levb
Թվագրված է Մ.թ.ա I դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Երուսաղեմ (Իսրայել)
Բովանդակությունը Ֆրագմենտներ «Ղևտական» գրքից
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Ղևտ. 3։12; 4։27
Ձեռագրի անվանումը Չեստեր Բիատիի № 6
Նշանը 963
Թվագրված է Մ.թ. II դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Դուբլին (Իռլանդիա), Անն
Արբոր (Միչիգան, ԱՄՆ)
Բովանդակությունը Ֆրագմենտներ «Թվեր» և
«2 Օրենք» գրքերից
Ձեռագրի անվանումը Չեստեր Բիատիի № 9, 10
Նշանը 967/ 968
Թվագրված է Մ.թ. III դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Դուբլին (Իռլանդիա),
Փրինսթոն
(Նյու Ջերսի, ԱՄՆ)
Բովանդակությունը Ֆրագմենտներ «Եզեկիել»;
«Դանիել» և «Եսթեր» գրքերից
Քրիստոնեական Հունարեն Գրություններ
Ձեռագրի անվանումը Ոկսիրինքոսյան պապիրուս 2
Նշանը P1
Թվագրված է Մ.թ. III դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա, ԱՄՆ)
Բովանդակությունը Մատթ. 1։1–9, 12, 14–20
Ձեռագրի անվանումը Ոկսիրինքոսյան պապիրուս 1228
Նշանը P22
Թվագրված է Մ.թ. III դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Գլազգո (Շոտլանդիա)
Բովանդակությունը Ֆրագմենտներ «Հովհաննես»
գրքից, գլ. 15, 16
Ձեռագրի անվանումը Միչիգանյան պապիրուս 1570
Նշանը P37
Թվագրված է Մ.թ. III–IV դարեր
Լեզու Հունարեն
Գտնվում է Անն Արբոր
(Միչիգան, ԱՄՆ)
Բովանդակությունը Մատթ. 26։19–52
Ձեռագրի անվանումը Չեստեր Բիատիի № 1
Նշանը P45
Թվագրված է Մ.թ. III դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Դուբլին (Իռլանդիա),
Վիեննա (Ավստրիա)
Բովանդակությունը Ֆրագմենտներ «Մատթեոս»;
«Մարկոս»; «Ղուկաս»;
«Հովհաննես» և «Գործեր»
գրքերից
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Ղուկ. 10։42;
Ձեռագրի անվանումը Չեստեր Բիատիի № 2
Նշանը P46
Թվագրված է Մ.թ. մոտ 200
Լեզու Հունարեն
Գտնվում է Դուբլին (Իռլանդիա), Անն
Արբոր (Միչիգան, ԱՄՆ)
Բովանդակությունը Պողոսի նամակներից ինը
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հռոմ. 8։23, 28;
Ձեռագրի անվանումը Չեստեր Բիատիի № 3
Նշանը P47
Թվագրված է Մ.թ. III դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Դուբլին (Իռլանդիա)
Բովանդակությունը Հայտն. 9։10–17։2
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հայտն. 13։18; 15։3
Ձեռագրի անվանումը Ռայլենդսի պապիրուս 457
Նշանը P52
Թվագրված է Մ.թ. մոտ 125
Լեզու Հունարեն
Գտնվում է Մանչեստր (Անգլիա)
Բովանդակությունը Հովհ. 18։31–33, 37, 38
Ձեռագրի անվանումը Բոդմերական պապիրուս 2
Նշանը P66
Թվագրված է Մ.թ. մոտ 200
Լեզու Հունարեն
Գտնվում է Ժնև (Շվեյցարիա)
Բովանդակությունը «Հովհաննես» գրքի մեծ մասը
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հովհ. 1։18; 19։39
Ձեռագրի անվանումը Բոդմերական պապիրուս 7, 8
Նշանը P72
Թվագրված է Մ.թ. III–IV դարեր
Լեզու Հունարեն
Գտնվում է Ժնև (Շվեյցարիա),
Վատիկանի գրադարան
(Հռոմ, Իտալիա)
Բովանդակությունը «Հուդա»; «1 Պետրոս»
և «2 Պետրոս»
Ձեռագրի անվանումը Բոդմերական պապիրուս 14, 15
Նշանը P75
Թվագրված է Մ.թ. III դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Ժնև (Շվեյցարիա)
Բովանդակությունը «Ղուկաս» և «Հովհաննես»
գրքերի մեծ մասը
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Ղուկ. 8։26;
[աղյուսակ 342-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՈՐՈՇ ԿԱՐԵՎՈՐ ՄԱԳԱՂԱԹՆԵՐ
Եբրայերեն Գրություններ (եբրայերենով)
Ձեռագրի անվանումը Հալեպի մատյան
Նշանը Al
Թվագրված է Մ.թ. 930
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Նախկինում՝ Հալեպում
(Սիրիա), այժմ՝ Իսրայելում
Բովանդակությունը Եբրայերեն Գրությունների մեծ
մասը (Բեն-Աշերի տեքստ)
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հեսու 21։37
Ձեռագրի անվանումը Բրիտանական թանգարանի
ձեռագիր Or4445
Թվագրված է Մ.թ. X դար
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Լոնդոն (Անգլիա)
Բովանդակությունը Հնգամատյանի մեծ մասը
Ձեռագրի անվանումը Կահիրեի կարաիմերեն մատյան
Նշանը Ca
Թվագրված է Մ.թ. 895
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Կահիրե (Եգիպտոս)
Բովանդակությունը Վաղ և ուշ շրջանի մարգարեներ
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հեսու 21։37;
Ձեռագրի անվանումը Լենինգրադյան ձեռագիր
Նշանը B 19A
Թվագրված է Մ.թ. 1008
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)
Բովանդակությունը Եբրայերեն Գրություններ
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հեսու 21։37;
2 Սամ.8։3; հավելված 1Ա
Ձեռագրի անվանումը «Մարգարեների» պետերբուրգյան
ձեռագիր
Նշանը B 3
Թվագրված է Մ.թ. 916
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)
Բովանդակությունը Ուշ շրջանի մարգարեներ
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Հավելված 2Բ
Ձեռագրի անվանումը Մեռյալ ծովի ձեռագրեր
«Եսայիայի» մեծ ձեռագիրը
Նշանը 1QIsa
Թվագրված է Մ.թ.ա. II դարի վերջ
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Երուսաղեմ (Իսրայել)
Բովանդակությունը «Եսայիա»
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Ես.11։1;
Ձեռագրի անվանումը Մեռյալ ծովի
ձեռագրեր «Սաղմոսներ»
Նշանը 11QPsa
Թվագրված է Մ.թ. I դար
Լեզու Եբրայերեն
Գտնվում է Երուսաղեմ (Իսրայել)
Բովանդակությունը Հատվածներ «Սաղմոսներ» գրքի
վերջին երրորդ մասի մեջ մտնող
41 սաղմոսներից
«Յոթանասնից» և Քրիստոնեական Հունարեն Գրություններ
Ձեռագրի անվանումը Սինայական
Նշանը 01( א)
Թվագրված է Մ.թ. IV դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Լոնդոն (Անգլիա)
Բովանդակությունը ԵբրայերենԳրությունների մի մասը,
Հունարեն Գրությունները
ամբողջությամբ և որոշ
պարականոն գրքեր
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) 1 Տար. 12։19;
Ձեռագրի անվանումը Ալեքսանդրյան
Նշանը A (02)
Թվագրված է Մ.թ. V դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Լոնդոն (Անգլիա)
Բովանդակությունը Եբրայերեն և Հունարեն
Գրությունները ամբողջությամբ
(որոշ փոքր հատվածներ կորել կամ
վնասվել են), ինչպես նաև որոշ
պարականոն գրքեր
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) 1 Թագ. 14։2;
Ձեռագրի անվանումը Վատիկանյան ձեռագիր 1209
Նշանը B (03)
Թվագրված է Մ.թ. IV դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Վատիկանի գրադարան (Հռոմ, Իտալիա)
Բովանդակությունը Սկզբում՝ ողջ Աստվածաշունչը։
Այժմ բացակայում են՝
Սաղ. 106–137; «Եբրայեցիներ»
գիրքը Եբ 9։14-ից հետո;
«1 Տիմոթեոս»; «2 Տիմոթեոս»;
«Տիտոս»; «Փիլիմոն»;
«Հայտնություն» գրքերը
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Մարկ. 6։14;
7։53–8։11
Ձեռագրի անվանումը Եփրեմյան ձեռագիր
Նշանը C (04)
Թվագրված է Մ.թ. V դար
Լեզու Հունարեն
Գտնվում է Փարիզ (Ֆրանսիա)
Բովանդակությունը Հատվածներ Եբրայերեն
Գրություններից (64 թերթ)
և Հունարեն Գրություններից
(145 թերթ)
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Գործ. 9։12;
Ձեռագրի անվանումը Բեզայի մատյան
Նշանը Dea (05)
Թվագրված է Մ.թ. V դար
Լեզու Հունարեն և լատիներեն
Գտնվում է Քեմբրիջ (Անգլիա)
Բովանդակությունը Չորս Ավետարանների մեծ մասը,
«Գործեր» գիրքը և մի քանի
համարներ «3 Հովհաննես» գրքից
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Մատթ. 24։36;
Մարկ. 7։16; Ղուկ.15։21
(վկայակոչվում է պարզապես
«D» նշանով)
Ձեռագրի անվանումը Կլերմոնտյան մատյան
Նշանը DP (06)
Թվագրված է Մ.թ. VI դար
Լեզու Հունարեն և լատիներեն
Գտնվում է Փարիզ (Ֆրանսիա)
Բովանդակությունը Պողոսի նամակները
(այդ թվում «Եբրայեցիներ»-ը)
Որտեղ է օգտագործվել «Նոր աշխարհ
թարգմանության» ծանոթագրություններով
հրատարակության մեջ (տե՛ս բերված
օրինակների ծանոթագրությունները) Գաղ. 5։12
(վկայակոչվում է
պարզապես «D» նշանով)
[գծապատկեր 336-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
«Նոր աշխարհ թարգմանության» աղբյուրները. եբրայերեն Գրություններ
Եբրայերեն բնագրերն ու առաջին կրկնօրինակները
Արամերեն թարգում
Մեռյալ ծովի ձեռագրեր
«Սամարական Հնգամատյան»
Հունարեն «Յոթանասնից»
Հին լատիներեն
Ղպտիերեն, եթովպերեն, հայերեն
Եբրայերեն բաղաձայնային տեքստ
Լատիներեն «Վուլգատա»
Հունարեն թարգմանություններ— Աքվիլա, Թեոդոթիոն,
Սիմմաքոս
Ասորերեն «Պեշիթո»
Մասորեթական տեքստ
Կահիրեի ձեռագիր
«Մարգարեների» պետերբուրգյան ձեռագիր
Հալեպի ձեռագիր
Գինսբուրգի եբրայերեն տեքստ
Լենինգրադյան ձեռագիր B 19A
«Եբրայերեն Աստվածաշունչ» «Շտուտգարտի
Եբրայերեն Աստվածաշունչ»
«Նոր աշխարհ թարգմանություն»
Եբրայերեն Գրություններ (անգլերեն, անգլերենից՝ բազմաթիվ
ժամանակակից լեզուներով)
[գծապատկեր 337-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
«Նոր աշխարհ թարգմանության» աղբյուրները. Քրիստոնեական Հունարեն
Գրություններ
Հունարեն բնագրերը և առաջին կրկնօրինակները
Հայերեն թարգմանություն
Ղպտիերեն թարգմանություններ
Ասորերեն թարգմանություններ— Քյուրթոնյան, Փիլոքսենյան,
Հերակլյան, Պաղեստինյան, Սինայական, «Պեշիթո»
Հին լատիներեն
Լատիներեն «Վուլգատա»
Սիքստոսյան և Կղեմեսյան վերանայված լատիներեն տեքստեր
Հունարեն շեղագիր ձեռագրեր
Էրազմի տեքստ
Ստեփանոսի տեքստ
«Ընդունված տեքստ»
Գրիսբախի հունարեն տեքստ
«Էմֆաթիք դայագլոթ»
Պապիրուսներ— (օր.՝ Չեստեր Բիատիի P45, P46, P47; Բոդմերական
P66, P74, P75)
Հունարեն վաղ ունցիալային ձեռագրեր— Վատիկանյան 1209 (B),
Սինայական (א), Ալեքսանդրյան, (A) Եփրեմյան (C), Բեզայի (D)
«Վեստկոտի և Հորտի հունարեն տեքստ»
Բովերի հունարեն տեքստ
Մերկի հունարեն տեքստ
Նեսթլե-Ալանդի հունարեն տեքստ
Միացյալ աստվածաշնչային ընկերությունների հունարեն տեքստ
Եբրայերեն 23 թարգմանություններ (14–20-րդ դարեր)՝
թարգմանված հունարենից կամ լատիներեն «Վուլգատա»-ից,
որոնցում Աստծու անունը օգտագործվում է քառագրի
տեսքով
«Նոր աշխարհ թարգմանություն»
Քրիստոնեական Հունարեն Գրություններ (անգլերեն, անգլերենից՝ բազմաթիվ ժամանակակից լեզուներով)