Էռնստ Գլյուկի մեծ նվաճումը
ԱՎԵԼԻ քան 300 տարի առաջ Էռնստ Գլյուկը սկսեց մի գործ, որը ամբողջ պատմության մեջ քչերն են համարձակվել ձեռնարկել։ Նա որոշեց Աստվածաշունչը թարգմանել մի լեզվով, որին չէր տիրապետում։
Ըստ ամենայնի, Գլյուկը ծնվել է 1654 թ.–ին Հալլե քաղաքի (Գերմանիա) մոտ գտնվող Վետին անունով փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը լյութերական քահանա էր, և տանը տիրող կրոնական մթնոլորտը պատանի Էռնստին մղում էր հետաքրքրվելու հոգևորով։ 21 տարեկանում նա ավարտեց իր աստվածաբանական ուսումնասիրությունները Գերմանիայում և տեղափոխվեց այժմյան Լատվիա։ Այստեղ բնակիչների մեծամասնությունը կրթություն չուներ, իսկ մայրենի լեզվով քիչ գրքեր կային։ Գլյուկը գրեց. «Երբ երիտասարդ ժամանակ եկա այս երկիր, առաջին թերությունը, որ նկատեցի, այն էր, որ լատվիական եկեղեցին Աստվածաշունչ չուներ.... Դա ինձ մղեց, որ Աստծու առջև վճռեմ սովորել այս լեզուն և լիովին տիրապետել դրան»։ Նա որոշել էր լատվիացիներին պարգևել Աստվածաշունչ իրենց մայրենի լեզվով։
Նախապատրաստական աշխատանքներ թարգմանությունը սկսելու համար
Այն վայրը, որտեղ Գլյուկը բնակություն հաստատեց, այդ ժամանակ հայտնի էր «Լիվոնիա» անվամբ և գտնվում էր Շվեդիայի իշխանության տակ։ Այստեղ Շվեդիայի թագավորի ներկայացուցիչը Յոհանես Ֆիշերն էր։ Նա շահագրգռված էր երկրում կրթության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև եկամուտ ստանալու հարցով։ Գլյուկը Ֆիշերի հետ խոսեց Աստվածաշունչը լատվիերեն թարգմանելու մասին։ Ֆիշերը տպարան ուներ մայրաքաղաք Ռիգայում։ Լատվիերեն Աստվածաշունչը տպագրելով՝ նա կարող էր իրագործել իր նպատակը կրթության առնչությամբ և միևնույն ժամանակ խոշոր գումար վաստակել։ Ֆիշերը Շվեդիայի թագավոր Կարլ XI–ին խնդրեց, որ թույլատրի թարգմանության գործը։ Թագավորը համաձայնվեց և առաջարկեց ֆինանսավորել այն։ 1681 թ. օգոստոսի 31–ին նրա հրամանով գործը սկսվեց։
Իսկ մինչ այդ Գլյուկը նախապատրաստվում էր Աստվածաշունչը լատվիերեն թարգմանելուն։ Ունենալով գերմանական ծագում՝ նա կարող էր լատվիերեն Աստվածաշնչի թարգմանության հիմք ընդունել Մարտին Լյութերի թարգմանությունը։ Սակայն Գլյուկը ցանկանում էր հնարավորինս լավ կատարել իր աշխատանքը և հասկացավ, որ դրա համար ինքը պետք է օգտվի եբրայերեն և հունարեն բնագրերից։ Գլյուկը բավականաչափ գիտելիքներ չուներ Աստվածաշնչի բնագիր լեզուներից, ուստի մեկնեց Համբուրգ (Գերմանիա)՝ եբրայերեն և հունարեն սովորելու։ Այնտեղ Յանիս Ռեյտերս անունով մի լիվոնիացի հոգևորական, ըստ երևույթին, օգնեց նրան լատվիերեն և աստվածաշնչյան հունարեն լեզվին տիրապետելու հարցում։
Տարիների աշխատանք, տարիների սպասում
1680–ին ավարտելով լեզուների ուսումնասիրությունը՝ Գլյուկը վերադարձավ Լատվիա և սկսեց քահանայություն անել։ Շուտով նա ձեռնամուխ եղավ թարգմանության գործին։ 1683–ին Գլյուկը նշանակվեց Ալուկսնեի թեմի քահանա. հենց այս քաղաքում իրականացվեց Աստվածաշնչի թարգմանությունը։
Այդ ժամանակ լատվիերեն լեզվում չկային աստվածաշնչային շատ բառերի և հասկացությունների համարժեքները։ Ուստի Գլյուկը մի քանի գերմաներեն բառեր օգտագործեց իր թարգմանության մեջ։ Այդուհանդերձ, նա իր լավագույնն արեց, որ Աստծու Խոսքը թարգմանվի լատվիերեն, և մասնագետների կարծիքով՝ նա բարձր որակի աշխատանք է կատարել։ Գլյուկը նույնիսկ հնարեց նոր բառեր, որոնցից մի քանիսն այժմ լայնորեն կիրառվում են լատվիերենում. դրանցից են՝ «խնջույք», «օրինակ», «հսկա», «հետախուզել», «վկայել»։
Յոհանես Ֆիշերը Շվեդիայի թագավորին տեղյակ էր պահում թարգմանության գործի առաջընթացի մասին. նրանց նամակագրությունից երևում է, որ 1683–ին Գլյուկն արդեն ավարտել էր Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանությունը։ Ամբողջ Աստվածաշունչը նա ավարտեց 1689–ին՝ այդ հսկայածավալ աշխատանքը կատարելով ընդամենը ութ տարում։a Թարգմանության տպագրությունը ձգձգվեց, սակայն 1694–ին Գլյուկը հասավ իր նպատակին. կառավարությունը թույլ տվեց, որ լատվիերեն Աստվածաշունչը բաժանվի մարդկանց։
Որոշ պատմաբաններ կասկածում են, որ Գլյուկը ամբողջ թարգմանությունը միայնակ է կատարել։ Անշուշտ, նա օգտվել է Լյութերի թարգմանությունից և նույնիսկ Աստվածաշնչի՝ լատվիերեն լեզվով գոյություն ունեցող որոշ մասերից։ Սակայն այդ հատվածները շատ փոքր մաս են կազմում։ Իսկ նրան օգնե՞լ են ուրիշ թարգմանիչներ։ Գլյուկը ունեցել է օգնական, նաև եղել են մարդիկ, ովքեր սրբագրել են տեքստը և գնահատել աշխատանքի որակը։ Սակայն նրանք անմիջական մասնակցություն չեն բերել թարգմանությանը։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Գլյուկը միայնակ է կատարել աշխատանքը։
Գլյուկի աշխատությունը մեծապես նպաստել է լատվիերեն գրավոր լեզվի զարգացմանը։ Սակայն ավելի կարևոր էր այն, որ լատվիացիները վերջապես կարող էին Աստծու Խոսքը կարդալ մայրենի լեզվով և հասկանալ նրա կենարար ուսմունքները։ Լատվիացիները չեն մոռացել, թե ինչ մեծ գործ է արել Էռնստ Գլյուկն իրենց համար։ 300 տարուց ավելի է, ինչ Ալուկսնեի բնակիչները խնամում են երկու կաղնի, որոնք հայտնի են Գլիկա օզոլի անվանումով, այսինքն՝ Գլյուկի կաղնիներ։ Գլյուկը դրանք տնկել էր ի պատիվ լատվիերեն Աստվածաշնչի։ Ալուկսնեում կա փոքր թանգարան, որտեղ պահվում են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ, այդ թվում նաև Գլյուկի Աստվածաշնչի առաջին տպագրության մի օրինակ։ Ալուկսնեի գերբի վրա պատկերված է Աստվածաշունչ, ինչպես նաև մի տարեթիվ՝ 1689. հենց այդ թվականին Գլյուկն ավարտեց իր աշխատանքը։
Հետագա գործունեությունը
Լատվիա տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Գլյուկը սկսեց սովորել ռուսերեն։ 1699–ին նա գրեց, որ իրագործում է մեկ ուրիշ ցանկություն՝ Աստվածաշունչը թարգմանել ռուսերեն։ 1702–ով թվագրված մի նամակում նա նշեց, որ սկսել է վերանայել լատվիերեն Աստվածաշունչը։ Սակայն Աստվածաշունչ թարգմանելու պայմանները գնալով վատանում էին։ Երկար տարիներ Լատվիայում խաղաղություն էր, բայց հետո ռազմական գործողություններ սկսվեցին։ 1702–ին ռուսական զորքերը պարտության մատնեցին շվեդներին, և Ալուկսնեն անցավ նրանց իշխանության տակ։ Գլյուկին և նրա ընտանիքին արտաքսեցին Ռուսաստան։b Այդ փոթորկալից ժամանակներում նա կորցրեց իր նոր լատվիերեն Աստվածաշնչի և ռուսերեն թարգմանության ձեռագրերը։ Գլյուկը մահացավ Մոսկվայում 1705–ին։
Լատվիերեն և ռուսերեն ձեռագրերի անհետացումը մեծ կորուստ էր։ Բայց մինչև օրս յուրաքանչյուր ոք, ով կարդում է Գլյուկի լատվիերեն Աստվածաշնչի սկզբնական թարգմանությունը, մեծ օգուտներ է ստանում։
Էռնստ Գլյուկը մեկն է այն բազմաթիվ մարդկանցից, ովքեր ձեռնարկել են Աստվածաշունչը թարգմանելու ահռելի գործը։ Նրանց գործունեության պտուղն այն է, որ այսօր Աստծու Խոսքը թարգմանվել է երկրագնդի գրեթե յուրաքանչյուր լեզվով, և մարդիկ կարող են «խմել» ճշմարտության անգին ջրերը։ Այո՛, Աստվածաշնչի ավելի քան 2 000 լեզուներով հրատարակությունների միջոցով Եհովան շարունակում է ամենուրեք իրեն ճանաչեցնել։
[ծանոթագրություններ]
a Հետաքրքիր է, որ անգլերեն «Հեղինակային թարգմանության», կամ՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» վրա աշխատել են 47 գիտնականներ, որոնք այն ավարտել են յոթ տարում՝ 1611–ին։
b Գլյուկի խորթ դուստրը կենդանի մնաց, իսկ հետագայում ամուսնացավ ռուսական ցար Պետրոս Մեծի հետ։ 1725–ին, երբ վերջինս մահացավ, նա դարձավ Ռուսաստանի կայսրուհի՝ Եկատերինա I։
[նկար 13–րդ էջի վրա]
Գլյուկի թարգմանությունը
[նկար 14–րդ էջի վրա]
Եհովայի վկաները Աստվածաշնչի պատգամը քարոզում են այն քաղաքում, որտեղ Գլյուկը թարգմանել է Աստծու Խոսքը