Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 5/15 էջ 10–12
  • Աստվածաշնչի անվեհեր ջատագովը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի անվեհեր ջատագովը
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հրատարակում է Աստվածաշունչ
  • Կրակի վրա յուղ է լցնում
  • Հակառակության ալիք է բարձրանում
  • Վերջի սկիզբը
  • Կասկածի ամպերը կուտակվում են նրա վրա
  • Պայքար՝ Աստվածաշունչը ժամանակակից հունարենով հրատարակելու համար
    2002 Դիտարան
  • Սերովբեներ
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Տպագրում և տարածում են Աստծու սուրբ Խոսքը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • «Նոր աշխարհ թարգմանություն»՝ աշխարհում միլիոնավորների կողմից բարձր գնահատվող
    2001 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 5/15 էջ 10–12

Աստվածաշնչի անվեհեր ջատագովը

Նա մահացավ Արևելյան Սիբիրի ցուրտ տափաստաններում՝ զրպարտված ու խայտառակված։ Քչերը գիտեն, որ այդ հույն անձնավորությունը կարևոր դեր է խաղացել իր ազգակիցների հոգևոր լուսավորության գործում։ Այդ մերժված ռահվիրայի անունը Սերաֆիմ էր։ Նա ջանք չխնայեց, որ Աստվածաշունչը մատչելի դառնա հասարակ ժողովրդին, և դրա համար հատուցեց կյանքով։

ՍԵՐԱՖԻՄՆ ապրել է այն ժամանակներում, երբ Հունաստանը Օսմանյան կայսրության մեջ էր մտնում։ Ըստ հունական ուղղափառ կրոնի պատմաբան Գեորգիոս Մետալլինոսի՝ պատմության այդ շրջանը բնորոշվում էր նրանով, որ «չկային լավ դպրոցներ», և «մարդկանց մեծամասնությունը [որոնց մեջ կային նաև հոգևորականներ] անգրագետ էր»։

Մեծ անդունդ էր գոյացել կոյնե հունարենի և այդ օրերի գործածական հունարենի (իր բազմաթիվ բարբառներով հանդերձ) միջև։ Անդունդն այնքան խորացավ, որ ուսում չստացած մարդիկ այլևս չէին հասկանում կոյնեն, որով գրվել էին Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Ստեղծված իրավիճակում եկեղեցին հավանություն էր տալիս անհասկանալի կոյնե լեզվին։

Ահա այսպիսի հանգամանքներում մոտավորապես 1670 թ.–ին Լեսբոս կղզու (Հունաստան) հայտնի ընտանիքներից մեկում ծնվեց Ստեփանոս Իոանիս Պոգոնատոսը։ Կղզում ամենուրեք աղքատություն և անգրագիտություն էր։ Դպրոցների սակավության պատճառով Ստեփանոսը ստիպված էր սկզբնական կրթություն ստանալ տեղի վանքում։ Շատ վաղ հասակում նա ձեռնադրվեց որպես հունական ուղղափառ եկեղեցու սարկավագ և ստացավ Սերաֆիմ անունը։

Մոտավորապես 1693 թ.–ին Սերաֆիմի փափագը գիտելիքների հանդեպ նրան տարավ Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ, Թուրքիա)։ Ժամանակի ընթացքում նա իր կարողությունների շնորհիվ վաստակեց հույն ազնվականների հարգանքը։ Շուտով Սերաֆիմը մի գաղտնի հույն ազգայնական շարժման կողմից որպես պատվիրակ ուղարկվեց Ռուսաստանի ցար Պետրոս Մեծի մոտ։ Ճանապարհը դեպի Մոսկվա և վերադարձն այնտեղից անցավ եվրոպական մի քանի երկրներով, որտեղ նա ականատես եղավ կրոնական բարեփոխումների և ծանոթացավ նոր գաղափարների։ 1698 թ.–ին Սերաֆիմը մեկնեց Անգլիա և Լոնդոնում ու Օքսֆորդում կարևոր կապեր հաստատեց։ Նա ծանոթացավ Քենտերբերիի արքեպիսկոպոսի՝ Անգլիկան եկեղեցու ղեկավարի հետ, և այդ ծանոթությունը շուտով օգտակար եղավ Սերաֆիմի համար։

Հրատարակում է Աստվածաշունչ

Անգլիայում եղած ժամանակ Սերաֆիմը եկավ այն եզրակացության, որ հույները նոր ու հեշտ հասկանալի «Նոր Կտակարանի» (Քրիստոնեական Հունարեն Գրությունների) մեծ կարիք են զգում։ Օգտվելով վանական Մաքսիմոսի կատարած թարգմանությունից, որն արվել էր ավելի քան կես դար առաջ՝ Սերաֆիմը սկսեց հրատարակել թարմ, անսխալ և դյուրըմբռնելի թարգմանություն։ Նա մեծ խանդավառությամբ ձեռնամուխ եղավ իր աշխատանքին, բայց շուտով միջոցները սպառվեցին։ Նրա սրտում հույսի շողեր ծագեցին, երբ Քենտերբերիի արքեպիսկոպոսը ֆինանսական աջակցություն խոստացավ։ Թևեր առնելով՝ Սերաֆիմը տպագրական թուղթ գնեց և համաձայնություն կնքեց տպարանի տիրոջ հետ։

Սակայն տպագրվեցին միայն Մատթեոսի, Մարկոսի Ավետարանները և Ղուկասի Ավետարանի կեսը, քանի որ միջոցները չբավականացրեցին։ Հետո Անգլիայում քաղաքական փոփոխություն տեղի ունեցավ, և Քենտերբերիի արքեպիսկոպոսը հրաժարվեց հետագա օգնություն ցույց տալուց։ Չհուսահատվելով՝ Սերաֆիմը մի քանի հարուստ հովանավորներ գտավ և 1703–ին կարողացավ ավարտին հասցնել վերստուգված տարբերակի հրատարակությունը։ Ծախսերի մի մասը իր վրա վերցրեց Արտասահմանյան երկրներում Ավետարանի տարածման ընկերությունը։

Մաքսիմոսի երկհատորանոց թարգմանությունը ներառում էր բնագիր հունարեն տեքստը։ Այն մեծ էր ու ծանր։ Սերաֆիմի կողմից վերստուգված թարգմանությունը տպագրվել էր փոքր տառերով, պարունակում էր միայն ժամանակակից հունարեն տեքստը, ավելի բարակ էր ու ավելի էժան։

Կրակի վրա յուղ է լցնում

«Ինչ խոսք, այս նոր հրատարակությունը բավարարեց ժողովրդի կարիքը,— նշում է Գեորգիոս Մետալլինոսը։— Սակայն Սերաֆիմը առիթը բաց չթողեց քննադատելու այն հոգևորականներին, որոնք դեմ էին [Աստվածաշնչի] թարգմանություններին»։ Վերջիններս կատաղել էին այն բանից, որ Սերաֆիմը նախաբանում նշել էր, որ ինքը այդ թարգմանությունը արել է «հատկապես որոշ քահանաների և հոգևորականների համար, ովքեր չեն հասկանում [կոյնե] հունարենը, որպեսզի Սրբագույն Հոգու օգնությամբ կարողանան ինչ–​որ բան կարդալ, հասկանալ, թե ինչ է գրված բնագիր տեքստում, որ ի վիճակի լինեն հասարակ քրիստոնյաներին բացատրելու իմաստը» («The Translation of the Bible Into Modern Greek—During the 19th Century»)։ Այսպես Սերաֆիմն ընկավ հակամարտության այն հորձանուտը, որ կար հունական ուղղափառ եկեղեցում՝ կապված Աստվածաշնչի թարգմանության հետ։

Հակամարտության մի կողմում նրանք էին, ովքեր գիտակցում էին, որ ժողովրդի հոգևոր ու բարոյական զարգացումը կախված էր Աստվածաշնչի նրանց հասկացողությունից։ Նրանք նաև կարծում էին, որ հենց իրենք՝ հոգևորականները, կարիք ունեին բարելավելու իրենց աստվածաշնչային գիտելիքները։ Բացի այդ, Աստվածաշնչի թարգմանությունների կողմնակիցները համոզված էին, որ սուրբգրային ճշմարտությունները կարելի է արտահայտել ցանկացած լեզվով (Յայտնութիւն 7։9)։

Ընդդիմախոսները պատճառաբանում էին, թե Աստվածաշնչի ցանկացած թարգմանություն կարող է աղավաղել նրա բովանդակությունը և զրկել եկեղեցուն Գրությունները մեկնաբանելու և ուսմունքներ հաստատելու իրավասությունից։ Բայց իրականում նրանց մտավախությունն այն էր, որ բողոքականները այդ թարգմանություններն օգտագործում էին հունական ուղղափառ եկեղեցու «տիրույթներ» ներխուժելու նպատակով։ Շատ հոգևորականներ իրենց պարտքն էին համարում ընդդիմանալ բողոքականությանը համակրող ցանկացած ուղղության, ինչպես նաև խափանել Աստվածաշունչը հասարակ ժողովրդին հասկանալի դարձնելու բոլոր ջանքերը։ Այդպիսով Աստվածաշնչի թարգմանության գործը բողոքականության և ուղղափառության միջև եղած հակամարտության ամենաթեժ հարցը դարձավ։

Թեպետ Սերաֆիմը մտադիր չէր հեռանալ ուղղափառ եկեղեցուց, նա համարձակորեն մերկացրեց իր ընդդիմախոսների տգիտությունը և անխոհեմ ջերմեռանդությունը։ Իր «Նոր Կտակարանի» նախաբանում նա գրեց. «Յուրաքանչյուր աստվածավախ քրիստոնյա պետք է կարդա Սուրբ Աստվածաշունչը, [որպեսզի] ընդօրինակի Քրիստոսին և հնազանդվի նրա ուսմունքներին»։ Սերաֆիմը հայտարարեց, որ Գրությունների ուսումնասիրությունն արգելելը Սատանայից է։

Հակառակության ալիք է բարձրանում

Երբ Սերաֆիմի թարգմանությունը հասավ Հունաստան, կրոնական առաջնորդների զայրույթը բորբոքվեց։ Այդ նոր Աստվածաշունչն արգելվեց։ Օրինակներն այրվեցին, իսկ ով որ ունենում էր դրանից կամ ընթերցում էր, վտարվում էր եկեղեցուց։ Գաբրիել III պատրիարքը արգելեց Սերաֆիմի աշխատության տարածումը՝ անվանելով այն ոչ անհրաժեշտ և անօգուտ։

Սերաֆիմը չհուսահատվեց, բայց հասկացավ, որ պետք է շրջահայաց լինի։ Թեև եկեղեցին պաշտոնական արգելք էր դրել, այնուամենայնիվ որոշ հոգևորականներ և աշխարհականներ ընդունեցին նրա թարգմանությունը։ Սերաֆիմը մեծ հաջողությամբ այն տարածեց։ Սակայն նրա ընդհարումը զորավոր հակառակորդների հետ իրականում նոր էր սկսվում։

Վերջի սկիզբը

Բացի Աստվածաշնչի տարածումից, Սերաֆիմը ներգրավվեց հեղափոխական և ազգայնական շարժումների մեջ։ Այս նպատակով նա 1704 թ. ամռանը մեկնեց Մոսկվա։ Նա մտերմացավ Պետրոս Մեծի հետ և մի որոշ ժամանակ դասավանդեց Սլավոնա–​լատինական ակադեմիայում։ Սակայն անհանգստանալով իր թարգմանության ապագայով՝ 1705 թ.–ին վերադարձավ Կոստանդնուպոլիս։

Հենց այդ նույն տարում վերահրատարակելով իր աշխատությունը՝ Սերաֆիմը քննադատական նախաբանը հեռացրեց և փոխարինեց մի պարզ առաջաբանով, որում քաջալերում էր ընթերցել Աստվածաշունչը։ Այս վերահրատարակությունը լայն տարածում գտավ, և չկա որևէ տեղեկություն, որ պատրիարքարանը վատ է վերաբերվել դրան։

Բայցևայնպես, 1714 թ.–ին Սերաֆիմը ջախջախիչ հարված ստացավ հույն ճանապարհորդ և Աստվածաշնչի թարգմանությունների հակառակորդ Ալեքսանդր Հելլադիոսից։ Իր «Status Præsens Ecclesiæ Græcæ» («Հունական եկեղեցու ներկա կարգավիճակը») գրքում նա թունոտ քննադատության ենթարկեց թարգմանիչներին և Աստվածաշնչի թարգմանությունները։ Հելլադիոսը մի ամբողջ գլուխ նվիրեց Սերաֆիմին, որտեղ նրան ներկայացրեց որպես գողի, դրամաշորթի, անգրագետ ու անբարոյական խաբեբայի։ Կա՞ր ինչ–​որ ճշմարտություն այդ մեղադրանքներում։ Գրող Ստիլիանոս Բայրակտարիսը արտահայտում է շատ մասնագետների հավաստի կարծիքը՝ ասելով, որ Սերաֆիմը «մի աշխատավոր մարդ էր, լուսավոր ռահվիրա», որը հալածանքի ենթարկվեց, քանի որ իր ժամանակներից առաջ էր անցել։ Ինչևէ, Հելլադիոսի գիրքը իր չար նպաստն ունեցավ Սերաֆիմի վախճանի մեջ։

Կասկածի ամպերը կուտակվում են նրա վրա

1731 թ.–ին Սերաֆիմը վերադարձավ Ռուսաստան, սակայն այդ ժամանակ Պետրոս Մեծն արդեն մահացել էր։ Հույն հոգևորականն այլևս չէր կարող պաշտպանություն ակնկալել պետությունից։ Իշխող թագուհի Աննա Իվանովնան շատ զգույշ էր և չէր ցանկանում, որ երկրում որևէ անհանգստություն լինի։ 1732 թ. հունվարին Սանկտ Պետերբուրգում լուրեր տարածվեցին, թե մի հույն լրտես հակակայսերական գործունեություն է ծավալել։ Կասկածն ընկավ Սերաֆիմի վրա։ Նրան ձերբակալեցին և հարցաքննելու նպատակով տարան Նևսկու վանքը։ Այս վանքում կար Հելլադիոսի վերոհիշյալ գիրքը։ Փորձելով պաշտպանվել՝ հոգևորականը երեք անգամ գրավոր հերքում ներկայացրեց։ Հարցաքննությունը տևեց մոտ հինգ ամիս։ Սերաֆիմի համար դժվար էր ցրել կասկածի ամպերը։

Քանի որ ոչ մի ակներև ապացույց չկար, նրան չդատապարտեցին մահվան։ Բայց նաև իշխանությունները չկամեցան Սերաֆիմին ազատ արձակել՝ հաշվի առնելով Հելլադիոսի զրպարտությունները։ Հույն հոգևորականին դատապարտեցին ցմահ աքսորի Սիբիրում։ Դատավճռում նշվում էր, որ որոշումը կայացվել է այն մեղադրանքների հիման վրա, որ գրված են եղել «հույն հեղինակ Հելլադիոսի հրատարակած էսսեում»։ 1732 թ. հուլիսին շղթայակապ Սերաֆիմին բերեցին Արևելյան Սիբիր և նետեցին Օխոտսկի վատահամբավ բանտը։

Գրեթե երեք տարի անց Սերաֆիմը մահացավ՝ լքված և մոռացված։ Ճիշտ է, այդ անձնավորությունն իր կյանքում կատարել է անխոհեմ քայլեր, բայց նրա թարգմանությունը մեկն է Աստվածաշնչի այն բազմաթիվ թարգմանություններից, որոնք առկա են ժամանակակից հունարենով։a Այդպիսի մի թարգմանություն է դյուրըմբռնելի «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը բացի հունարենից, գոյություն ունի նաև ուրիշ լեզուներով։ Մենք կարող ենք Եհովա Աստծուն անչափ շնորհակալ լինել, որ իր Խոսքը պահպանել է, որպեսզի բոլոր մարդիկ հնարավորություն ունենան ‘հասնելու ճշմարտության ճշգրիտ գիտությանը’ (Ա Տիմոթէոս 2։3, 4 ՆԱ)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Պայքար՝ Աստվածաշունչը ժամանակակից հունարենով հրատարակելու համար» հոդվածը «Դիտարանի» 2002 թ. նոյեմբերի 15–ի համարում (էջ 26–29)։

[նկար 12-րդ էջի վրա]

Պետրոս Մեծ

[նկար 10-րդ էջի վրա, թույլտվությամբ՝]

Photos: Courtesy American Bible Society

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը