Ներքին ներդաշնակություն
«Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 ՊԵՏՐՈՍ 1։21)։
ԻՆՉՈ՞Վ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ։ Նույնիսկ նույն ժամանակամիջոցում գրված հին արձանագրությունները հաճախ հակասում են իրար։ Այն գրքերը, որոնք գրել են տարբեր մարդիկ տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում, հազվադեպ են իրար լիովին ներդաշնակ լինում, մինչդեռ Աստվածաշնչի բոլոր 66 գրքերը ներդաշնակ են իրար և ունեն մեկ ասելիք ու մեկ հեղինակ (2 Տիմոթեոս 3։16)։
ՕՐԻՆԱԿ։ Մովսեսը, որը հովիվ էր, մ.թ.ա. 16-րդ դարում Աստվածաշնչի առաջին գրքում գրեց մի «սերնդի» մասին, որը փրկելու է մարդկությանը։ Այս գրքում նաև ասվում է, որ այդ սերունդը լինելու է Աբրահամի, Իսահակի և Հակոբի ժառանգներից (Ծննդոց 3։15; 22։17, 18; 26։24; 28։14)։ 500 տարի հետո Նաթան մարգարեն մարգարեացավ, որ այդ սերունդը Դավթի թագավորական տոհմից է գալու (2 Սամուել 7։12)։ Դրանից հազար տարի անց Պողոս առաքյալը բացատրեց, որ այդ սերունդը կազմված է լինելու Հիսուսից և մի խումբ ընտրված հետևորդներից (Հռոմեացիներ 1։1–4; Գաղատացիներ 3։16, 29)։ Իսկ մ.թ. առաջին դարի վերջում Աստվածաշնչի վերջին գրքում գրվեց մի մարգարեություն, որ այդ սերնդի անդամները վկայություն են տալու Հիսուսի մասին երկրի վրա, հետո երկինք են բարձրանալու և նրա հետ ղեկավարելու են 1000 տարի։ Սերունդը վերացնելու է Սատանային և փրկելու է մարդկությանը (Հայտնություն 12։17; 20։6–10)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ։ Աստվածաշնչի 66 գրքերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Լուի Գոսենը գրեց, որ ինքը հիացած է «հազար հինգ հարյուր տարիների ընթացքում գրված այս գրքի տպավորիչ ներդաշնակությամբ.... Այդքան շատ հեղինակներ են գրել, բայց նրանք բոլորն էլ միևնույն նպատակն են հետապնդել ու, թեև առանց լիովին հասկանալու, շարունակաբար ընթացել են դեպի մեկ մեծ ավարտը՝ մարդկության փրկությունը Աստծու Որդու կողմից» (Theopneusty—The Plenary Inspiration of the Holy Scriptures)։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կարելի՞ է ակնկալել, որ ավելի քան 1500 տարվա ընթացքում 40 տարբեր մարդկանց կողմից գրված գիրքը լիովին ներդաշնակ լինի։ Համաձայն չե՞ք, որ Աստվածաշունչը եզակի գիրք է։
[մեջբերում 7-րդ էջի վրա]
«Երբ այդ գրությունները դնում ենք կողք կողքի, դրանք դառնում են մի ամբողջական գիրք.... Չկա մի այնպիսի գրական ստեղծագործություն, որը թեկուզ մի փոքր նման լինի նրան» (ՋԵՅՄՍ ՕՐՐ, THE PROBLEM OF THE OLD TESTAMENT)