Վստահիր Եհովային՝ «ժամանակների և ժամկետների» Աստծուն
«Նա փոխում է ժամանակներն ու ժամկետները, թագավորներ է գահընկեց անում ու նշանակում» (ԴԱՆ. 2։21)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Արարչագործությունն ու կատարված մարգարեություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան «ժամանակների և ժամկետների» Աստված է։
Ի՞նչ անելու է մղում մեզ այն բանի գիտակցումը, որ Եհովան «ժամանակների և ժամկետների» Աստված է։
Ինչո՞ւ աշխարհի իրադարձությունները և մարդկանց ծրագրերը չեն կարող ազդել Եհովայի ժամանակացույցի վրա։
1, 2. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան լիովին ըմբռնում է, թե ինչ է ժամանակը։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մարդուն ստեղծելուց շատ առաջ ժամանակը որոշելու «մեխանիզմ» էր արարել։ Արարչագործության չորրորդ օրը նա ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածությունում, որպեսզի ցերեկն ու գիշերը բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան ու ցույց տան տարվա եղանակները, օրերն ու տարիները» (Ծննդ. 1։14, 19, 26)։ Եհովայի կամքին համաձայն՝ լուսատուները ծառայեցին այդ նպատակին։
2 Սակայն մինչ օրս գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչ է իրականում ժամանակը։ Մի հանրագիտարան նշում է. «Ժամանակը աշխարհի ամենամեծ առեղծվածներից է։ Ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե ինչ է այն»։ Մինչդեռ Եհովան լիովին ըմբռնում է, թե ինչ է ժամանակը։ Չէ՞ որ նա է «երկնքի Արարիչը.... երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը»։ Եհովան է «ասում այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել» (Ես. 45։18; 46։10)։ Եկեք տեսնենք, թե ինչպես են արարչագործությունը և կատարված մարգարեությունները ցույց տալիս, որ Եհովան «ժամանակների և ժամկետների» Աստված է, ինչի շնորհիվ ավելի կմեծանա մեր վստահությունը նրա և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ։
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ «ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ» ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ
3. Ֆիզիկական աշխարհում ինչպիսի՞ ժամանակային ճշգրտություն է գործում։
3 Ֆիզիկական աշխարհում՝ փոքրագույն մասնիկից մինչև հսկայական մարմինները, ամեն ինչ ժամանակային ճշգրտությամբ է գործում։ Օրինակ՝ ատոմի տատանման հաճախականությունը անփոփոխ է, ինչի հիման վրա ստեղծվել է ատոմային ժամացույց, որը ժամանակը չափելու միջազգային էտալոն է հանդիսանում։ Այդ ժամացույցն այնքան ճշգրիտ է, որ 80 միլիոն տարում կարող է սխալվել ընդամենը 1 վայրկյանով։ Ժամանակային ճշգրտություն կարելի է տեսնել նաև մոլորակների և աստղերի շարժման մեջ, ինչի շնորհիվ հնարավոր է նախապես իմանալ նրանց դիրքը։ Երկնքում նրանց դիրքից մարդիկ որոշել են տարվա եղանակը և նավարկելիս գտել են ճիշտ ուղին։ Եհովան՝ այս ճշգրիտ «ժամացույցների» Ստեղծիչը, իսկապես որ «սաստիկ զորություն» ունի և արժանի է մեր գովաբանությանը (կարդա՛ Եսայիա 40։26)։
4. Կենսաբանական աշխարհում գործող ժամանակային ճշգրտությունը ինչպե՞ս է ցույց տալիս Աստծու իմաստությունը։
4 Ժամանակային ճշգրտությամբ է գործում նաև կենսաբանական աշխարհը։ Շատ բույսերի և կենդանիների կենսափուլը ղեկավարվում է ներքին՝ կենսաբանական ժամացույցով։ Օրինակ՝ թռչունները բնազդով գիտեն, թե երբ պետք է չվեն (Երեմ. 8։7)։ Մարդկանց ներսում նույնպես կա կենսաբանական ժամացույց, որը գործում է գիշեր-ցերեկ հերթափոխի 24-ժամյա ցիկլով։ Երբ որևէ մեկը օդանավով անցնում է մի քանի ժամային գոտի, օրեր են հարկավոր, որ նրա մարմինը կարգավորի իր կենսաբանական ժամացույցը։ Ինչ խոսք, արարչագործության մեջ բազում օրինակներ ցույց են տալիս «ժամանակների և ժամկետների» Աստծու զորությունն ու իմաստությունը (կարդա՛ Սաղմոս 104։24)։ Այո՛, Եհովան ամենաիմաստունն է և ամենազորեղը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նա ի զորու է իրագործելու այն ամենը, ինչ կամենում է։
ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՏ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ
5. ա) Ո՞րն է միակ միջոցը, որի շնորհիվ կարող ենք իմանալ մարդկության ապագան։ բ) Ինչո՞ւ Եհովան կարող է կանխապես հայտնել, թե ինչ է տեղի ունենալու և երբ։
5 Արարչագործության «գիրքը» շատ բան է սովորեցնում մեզ Եհովայի «անտեսանելի հատկությունների» մասին, բայց չի պատասխանում այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսին է, օրինակ, թե ապագայում ինչ է սպասում մարդկությանը (Հռոմ. 1։20)։ Պատասխանն իմանալու համար պետք է տեսնենք, թե Աստված ինչ է ասում իր Խոսքի՝ Աստվածաշնչի էջերում։ Երբ ուսումնասիրում ենք այդ գիրքը, տեսնում ենք, թե ինչպես են մարգարեությունները միշտ կատարվել ճիշտ ժամանակին։ Եհովան կարող է հայտնել այն, ինչ դեռ պետք է տեղի ունենա, քանի որ կարողանում է ճշգրտորեն կանխատեսել ապագան։ Ավելին, այն, ինչ կանխագուշակում է Աստվածաշունչը, ճիշտ ժամանակին է իրականանում, քանի որ Եհովա Աստված ի զորու է այնպես անելու, որ իրադարձությունները տեղի ունենան իր նպատակին ներդաշնակ ու իր որոշած ժամանակին։
6. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ուզում է, որ հասկանանք աստվածաշնչյան մարգարեությունները։
6 Եհովան ցանկանում է, որ իր ծառաները հասկանան Սուրբ Գրքի մարգարեությունները և օգուտներ քաղեն։ Թեև Աստված ժամանակը չի ընկալում այնպես, ինչպես մենք, սակայն որևէ իրադարձության կոնկրետ ժամանակը կանխագուշակելիս օգտագործում է մեզ հասկանալի տերմիններ (կարդա՛ Սաղմոս 90։4)։ Օրինակ՝ «Հայտնություն» գրքում խոսվում է «չորս հրեշտակների» մասին, որոնք պատրաստված էին որոշակի «ժամի, օրվա, ամսվա և տարվա համար»՝ ժամանակի միավորներ, որոնք հասկանալի են մեզ (Հայտն. 9։14, 15)։ Տեսնելով, թե մարգարեություններն ինչպես են կատարվել սահմանված ժամանակին՝ մենք հավատով ենք լցվում «ժամանակների և ժամկետների» Աստծու և նրա Խոսքի հանդեպ։ Քննենք մի քանի օրինակ։
7. Երուսաղեմի և Հուդայի մասին Երեմիայի մարգարեության կատարումն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան «ժամանակների և ժամկետների» Աստված է։
7 Նախևառաջ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ մ.թ.ա. յոթերորդ դարում։ «Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում» Աստծու խոսքը «եղավ Երեմիային Հուդայի ամբողջ ժողովրդի մասին» (Երեմ. 25։1)։ Եհովան կանխագուշակեց, որ Երուսաղեմը ավերակների է վերածվելու, իսկ հրեաները Հուդայից արտաքսվելու են Բաբելոն։ Այնտեղ նրանք «յոթանասուն տարի Բաբելոնի թագավորին են ծառայելու»։ Մ.թ.ա. 607-ին բաբելոնական զորքերը կործանեցին Երուսաղեմը, և հրեաներն իսկապես Հուդայից արտաքսվեցին Բաբելոն։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենալու 70 տարիների ավարտին։ Երեմիան մարգարեացավ. «Այսպես է ասում Եհովան. «Երբ Բաբելոնում յոթանասուն տարին լրանա, ես ուշադրություն կդարձնեմ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ ձեզ այս վայրը վերադարձնելով»» (Երեմ. 25։11, 12; 29։10)։ Այս մարգարեությունը կատարվեց ճիշտ ժամանակին՝ մ.թ.ա. 537-ին, երբ մարերն ու պարսիկները հրեաներին ազատ արձակեցին Բաբելոնից։
8, 9. Մեսիայի գալստի ու երկնային Թագավորության հաստատման մասին Դանիելի մարգարեություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան «ժամանակների և ժամկետների» Աստված է։
8 Քննենք մեկ այլ մարգարեություն, որը վերաբերում է հին ժամանակներում ապրած Աստծու ժողովրդին։ Հրեաների՝ Բաբելոնից հեռանալուց մոտ երկու տարի առաջ Աստված Դանիել մարգարեի միջոցով տեղեկացրեց, որ Մեսիան հայտնվելու էր Երուսաղեմի վերաշինման մասին հրաման տրվելուց 483 տարի անց։ Մարա-պարսկական թագավորը այդ հրամանն արձակեց մ.թ.ա. 455-ին։ Ուղիղ 483 տարի հետո՝ մ.թ. 29-ին, Հիսուս նազովրեցին իր մկրտության ժամանակ օծվեց սուրբ ոգով ու այդպիսով դարձավ Մեսիաa (Նեեմ. 2։1, 5–8; Դան. 9։24, 25; Ղուկ. 3։1, 2, 21, 22)։
9 Այժմ տեսնենք, թե Սուրբ Գիրքը ինչ է կանխագուշակել Մեսիական Թագավորության մասին։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այն հաստատվելու էր երկնքում 1914-ին։ Ըստ մարգարեությունների՝ այդ տարի «ազգերին սահմանված ժամանակները լրանալու էին», ու Թագավորությունը սկսելու էր իշխել երկնքում (Ղուկ. 21։24; Դան. 4։10–17)b։ Եվ հենց 1914թ.-ից սկսեց կատարվել Հիսուսի ներկայության «նշանը», ու երկրի համար մեծ վայերի ժամանակ սկսվեց, քանի որ Սատանան դուրս նետվեց երկնքից (Մատթ. 24։3–14; Հայտն. 12։9, 12)։
10. Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենալու նշանակված ժամանակին։
10 Առջևում Հիսուսի կանխագուշակած «մեծ նեղությունն» է։ Դրան կհաջորդի նրա Հազարամյա Իշխանությունը։ Կասկած չկա, որ այս բաները տեղի կունենան սահմանված ժամանակին։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Եհովան արդեն նշանակել էր այս իրադարձությունների «օրը և ժամը» (Մատթ. 24։21, 36; Հայտն. 20։6)։
«ԳՆԵՆՔ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԸ»
11. Ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա այն բանի իմացությունը, որ ապրում ենք «վերջի ժամանակում»։
11 Ինչպե՞ս պետք է մեզ վրա ազդի այն բանի իմացությունը, որ Թագավորությունը սկսել է իշխել և որ ապրում ենք «վերջի ժամանակում» (Դան. 12։4)։ Շատերն են տեսնում աշխարհի վատթարացող պայմանները, սակայն չեն գիտակցում, որ այս իրադարձությունները վերջին օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումն են։ Նրանք գուցե կարծում են, որ այս համակարգը մի օր կփլուզվի, կամ էլ հույս ունեն, որ մարդկության ջանքերով ինչ-որ կերպ «խաղաղություն և անվտանգություն» կհաստատվի (1 Թեսաղ. 5։3)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Եթե գիտակցում ենք, որ մոտենում ենք Սատանայի աշխարհի վերջին օրերի ավարտին, չպե՞տք է արդյոք ջանանք օգտագործել մնացած ժամանակը, որ ծառայենք «ժամանակների և ժամկետների» Աստծուն և օգնենք ուրիշներին ճանաչելու նրան (2 Տիմոթ. 3։1)։ Հարկավոր է իմաստուն որոշումներ կայացնել այն հարցում, թե ինչպես օգտագործել մեր ժամանակը (կարդա՛ Եփեսացիներ 5։15–17)։
12. Ի՞նչ ենք սովորում Նոյի օրերի վերաբերյալ Հիսուսի խոսքերից։
12 Շեղող հանգամանքներով լի այս աշխարհում հեշտ չէ «գնել հարմար ժամանակը»։ «Ինչպես որ Նոյի օրերում էր,— նախազգուշացրեց Հիսուսը,— այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ»։ Իսկ ինչպե՞ս էր Նոյի օրերում։ Կանխագուշակվել էր, որ այդ օրերի աշխարհը պետք է կործանվեր, չար մարդիկ պետք է խեղդվեին համաշխարհային ջրհեղեղի ջրերում։ Որպես «արդարության քարոզիչ»՝ Նոյը հավատարմորեն հայտնում էր մարդկանց Աստծու պատգամը (Մատթ. 24։37; 2 Պետ. 2։5)։ Սակայն նրանք «ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում.... և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին»։ Այդ պատճառով Հիսուսը զգուշացրեց իր հետևորդներին. «Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» (Մատթ. 24։38, 39, 44)։ Մենք պետք է նմանվենք Նոյին, ոչ թե նրա օրերի մարդկանց։ Ի՞նչը կօգնի մեզ պատրաստ լինելու։
13, 14. Ինչի՞ մասին հիշելը կօգնի մեզ հավատարմորեն ծառայելու Եհովային, մինչ սպասում ենք մարդու Որդու գալուն։
13 Թեպետ մարդու Որդին գալու է այն ժամին, որ մենք չենք կարծում, պետք է հիշենք, որ Եհովան ամեն ինչ անում է իր որոշած ժամանակին։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու մարդկանց ծրագրերը չեն կարող ազդել նրա ժամանակացույցի վրա։ Իր կամքն իրագործելու համար Եհովան որոշում է, թե իրադարձությունները երբ կկատարվեն և վերջնական արդյունքն ինչ կլինի (կարդա՛ Դանիել 2։21)։ Առակներ 21։1-ում գրված է. «Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է։ Դեպի ուր որ նա ուզում է, ուղղում է այն»։
14 Եհովան կարող է դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ ճիշտ ժամանակին իր նպատակը ի կատար ածվի։ Աշխարհում տեղի ունեցող նշանակալից շատ փոփոխություններ նպաստել են մարգարեությունների կատարմանը, հատկապես ողջ երկրով մեկ Աստծու Թագավորության բարի լուրի քարոզչությանը։ Հիշենք Խորհրդային Միության փլուզումը ու դրա հետևանքները։ Գրեթե ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդքան արագ կարող է քաղաքական նման մեծ փոփոխություն լինել։ Սակայն այս տեսակ փոփոխությունների արդյունքում բարի լուրն այսօր քարոզվում է շատ երկրներում, որտեղ մի ժամանակ այդ գործունեությունն արգելված էր։ Հետևաբար, եկեք ամեն ջանք թափենք և գնենք հարմար ժամանակը, որ հավատարմորեն ծառայենք «ժամանակների և ժամկետների» Աստծուն։
ՎՍՏԱՀ ԵՂԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԳՈՐԾԻ
15. Ինչպե՞ս կարող ենք հավատ դրսևորել, երբ կազմակերպության մեջ փոփոխություններ են արվում։
15 Որպեսզի այս վերջին օրերում շարունակենք քարոզչական աշխատանքը, պետք է վստահ լինենք, որ Եհովան ճիշտ ժամանակին կգործի։ Աշխարհի փոփոխվող իրավիճակի պատճառով գուցե կարիք լինի որոշակի փոփոխություններ անելու աշակերտներ պատրաստելու գործում։ Ժամանակ առ ժամանակ կազմակերպությունը կարող է փոփոխություններ անել, որպեսզի օգնի մեզ՝ Թագավորության քարոզիչներիս, ավելի արդյունավետորեն քարոզելու բարի լուրը։ Մենք հավատ կդրսևորենք «ժամանակների և ժամկետների» Աստծու հանդեպ, եթե ամբողջովին հնազանդվենք և այդ փոփոխությունների համաձայն գործելով՝ նվիրվածորեն ծառայենք նրա Որդու՝ «ժողովի գլխի» վերահսկողության ներքո (Եփես. 5։23)։
16. Ինչո՞ւ ենք հավատում, որ Եհովան ճիշտ ժամանակին կտա անհրաժեշտ օգնությունը։
16 Եհովան ցանկանում է, որ անկաշկանդ աղոթենք իրեն ու լիովին վստահ լինենք, որ ճիշտ ժամանակին նա կտա անհրաժեշտ օգնությունը (Եբր. 4։16)։ Մի՞թե այդպիսով նա իր սիրառատ հոգատարությունը չի դրսևորում յուրաքանչյուրիս հանդեպ անհատապես (Մատթ. 6։8; 10։29–31)։ Մենք հավատ ենք ընծայում Եհովա Աստծու հանդեպ՝ կանոնավորաբար աղոթելով օգնության համար և գործելով մեր աղոթքներին ու նրա տված առաջնորդությանը ներդաշնակ։ Նաև չենք մոռանում աղոթել մեր հավատակիցների համար։
17, 18. ա) Ի՞նչ է Եհովան շուտով անելու իր թշնամիներին։ բ) Ո՞ր ծուղակից պետք է խուսափենք։
17 Հիմա ժամանակը չէ «տատանվելու անհավատությամբ», այլ ժամանակն է հավատով զորանալու (Հռոմ. 4։20)։ Աստծու թշնամիները՝ Սատանան ու նրա հպատակները, փորձում են կանգնեցնել այն գործը, որը Հիսուսը հանձնարարել է իր հետևորդներին, այդ թվում նաև մեզ (Մատթ. 28։19, 20)։ Չնայած Սատանայի հարձակումներին՝ մենք գիտենք, որ Եհովան կենդանի Աստված է, որը «Փրկիչն է ամեն տեսակ մարդկանց, հատկապես՝ հավատարիմների»։ Նա «գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (1 Տիմոթ. 4։10; 2 Պետ. 2։9)։
18 Շուտով Եհովան վերջ է դնելու այս չար աշխարհին։ Ճիշտ է, մեզ հայտնի չեն բոլոր մանրամասները և ստույգ չգիտենք, թե երբ է դա տեղի ունենալու, սակայն հաստատ գիտենք, որ Քրիստոսը ճիշտ ժամանակին կոչնչացնի Աստծու թշնամիներին և կարդարացնի Եհովայի գերիշխանությունը։ Որքա՜ն սխալ կլինի մոռանալ, թե ինչ «ժամանակներում և ժամանակահատվածներում» ենք ապրում։ Թող որ երբեք չընկնենք սխալ մտածելակերպի ծուղակը՝ կարծելով, թե «ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր» (1 Թեսաղ. 5։1; 2 Պետ. 3։3, 4)։
ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍԻՐ
19, 20. Ինչո՞ւ պետք է համբերությամբ սպասենք Եհովային։
19 Մարդկության առնչությամբ Եհովա Աստծու սկզբնական նպատակն էր, որ նրանք անվերջ սովորեին իր անձնավորության և իր հրաշագեղ ստեղծագործությունների մասին։ Ժողովող 3։11-ում կարդում ենք. «Ամեն ինչ նա [Եհովան] գեղեցիկ է արել իր ժամանակին։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է»։
20 Որքա՜ն ուրախ ենք, որ Եհովան չի փոխել իր նպատակը (Մաղ. 3։6)։ «Նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես» (Հակ. 1։17)։ Երկրի պտույտին զուգընթաց փոխվում են ստվերները, սակայն Եհովան մնում է անփոփոխ. ժամանակը չի ազդում նրա վրա։ Նա «հավիտենության Թագավորն» է (1 Տիմոթ. 1։17)։ Ուստի եկեք «համբերությամբ սպասենք [մեր] փրկության Աստծուն» (Միք. 7։7)։ Թող որ յուրաքանչյուրս հետևի սաղմոսերգուի խոսքերին. «Քա՛ջ եղեք, և թող ձեր սրտերն ամրանան, դուք բոլորդ, որ Եհովային եք սպասում» (Սաղ. 31։24)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, էջ 197–199։
b Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, էջ 215–218։
[նկար 19-րդ էջի վրա]
Դանիելը վստահ էր, որ Աստծու տված մարգարեությունները կիրականանան
[նկար 21-րդ էջի վրա]
Ժամանակդ ճի՞շտ ես օգտագործում, որ կատարես Եհովայի կամքը