Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 12/1 էջ 11–13
  • Ո՞վ կարող է մեկնել մարգարեությունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ կարող է մեկնել մարգարեությունները
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է մարգարեությունը
  • Ո՞վ է ճշմարիտ մարգարեության աղբյուրը
  • «Մեկնությունն Աստծուց է»
  • Աստվածաշնչի մարգարեությունները և դու
  • Սովորենք աստվածաշնչյան մարգարեություններից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2015 Դիտարան
  • Թագավորությունն իշխում է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծուց տրված երազներ
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2011 Դիտարան
w11 12/1 էջ 11–13

Ո՞վ կարող է մեկնել մարգարեությունները

Ասում են, որ գորդյան հանգույցը ամենաբարդ հանելուկն է եղել Ալեքսանդր Մակեդոնացու օրերում։ Եթե մարդը բացեր այդ հանգույցը, ուրեմն նա իմաստուն է և շատ հաջողությունների է հասնելուa։ Ավանդության համաձայն՝ Ալեքսանդրը այդ խնդիրը լուծեց թրի մեկ հարվածով։

ԴԱՐԵՐ շարունակ իմաստուն մարդիկ ջանացել են ոչ միայն բարդ հանգույցներ քանդել, այլև լուծել հանելուկներ, մեկնել մարգարեություններ և նույնիսկ կանխագուշակել ապագան։

Այդ մարդկանց մեծ մասը, սակայն, հաջողության չի հասել։ Օրինակ՝ Բաբելոնի իմաստունները չկարողացան բացատրել այն գրությունը, որը խելահեղ խնջույքի ժամանակ հայտնվեց Բաղդասար թագավորի պալատի պատին։ Միայն Եհովա Աստծու տարեց մարգարե Դանիելը, որը «հանգույցներ արձակողի» համբավ ուներ, փաստեց, որ կարող է մեկնել այդ մարգարեական գրությունը (Դանիել 5։12)։ Բաբելոնյան կայսրության կործանման մասին այդ մարգարեությունը կատարվեց հենց նույն գիշեր (Դանիել 5։1, 4–8, 25–30)։

Ի՞նչ է մարգարեությունը

Մարգարեությունը կանխագուշակություն է ապագա դեպքերի վերաբերյալ։ Ճշմարիտ մարգարեությունը Աստծու կողմից ներշնչված գրավոր կամ բանավոր խոսքն է, Աստծու կամքի և նպատակի հայտնումը։ Աստվածաշնչում կան Մեսիայի գալստյան, նրա ինքնության և «աշխարհի վախճանի» վերաբերյալ մարգարեություններ, ինչպես նաև աստվածային դատաստանական ուղերձներ (Մատթեոս 24։3; Դանիել 9։25)։

Մերօրյա «իմաստունները»՝ գիտնականներ, տնտեսագետներ, առողջապահության, բնապահպանության բնագավառների մասնագետներ, քաղաքական գործիչներ և շատ ուրիշ ոլորտների փորձագետներ, ջանում են կանխատեսել ապագան։ Թեև զանգվածային լրատվության միջոցները լայն տեղ են հատկացնում այդ կանխատեսումներից շատերին, ընդ որում հանրությունը հաճույքով է ընդունում դրանք, միևնույն է, այդ կանխատեսումները մնում են խելացի մարդկանց անձնական կարծիքներ։ Բացի այս, յուրաքանչյուր տեսակետ առաջ է բերում բազմաթիվ հակառակ կարծիքներ և փաստարկներ։ Իսկապես, ապագան գուշակելը շատ համարձակ քայլ է։

Ո՞վ է ճշմարիտ մարգարեության աղբյուրը

Եվ այսպես, որտեղի՞ց են ծագում ճշմարիտ մարգարեությունները, և ո՞վ կարող է մեկնել, կամ՝ բացատրել դրանք։ Պետրոս առաքյալը գրեց. «Ոչ մի մարգարեություն ինչ-որ մեկի անձնական գաղափարների արդյունք չէ» (2 Պետրոս 1։20)։ «Գաղափարներ» թարգմանված հունարեն բառը ունի «մեկնություն», «լուծում», «բացահայտում», «կապը բացելու կամ արձակելու» իմաստները։ Մի Աստվածաշնչում Պետրոսի այս խոսքերը թարգմանված են այսպես. «Սուրբ Գրքերի ոչ մի մարգարեություն հնարավոր չէ ինքնուրույն.... բացել» (The Amplified New Testament)։

Պատկերացրու՝ հմուտ նավաստին մի բարդ հանգույց է սարքում։ Սովորական մարդը, թեև հստակ տեսնում է իրար ագուցված պարանները, վստահ չէ, թե ինչպես քանդել այն։ Նմանապես, մարդիկ կարող են տեսնել, որ ընթացիկ միտումները տանում են դեպի ապագա, բայց նրանք չեն կարող համոզված ասել, թե իրականում ինչպիսին կլինի այդ ապագան։

Աստծու վաղեմի մարգարեները, օրինակ՝ Դանիելը, չեն վերլուծել իրենց ժամանակների ընթացիկ միտումները և չեն փորձել մարգարեանալով բացահայտել խրթին ապագան։ Եթե նրանք դա անեին, ապա դա կլիներ մարդու կանխատեսում, մի կանխագուշակություն, որի հիմքը երերուն է։ Մինչդեռ Պետրոս առաքյալը հաջորդ համարում ասում է. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21)։

«Մեկնությունն Աստծուց է»

Մոտավորապես 3700 տարի առաջ Եգիպտոսում երկու մարդ էր բանտարկված։ Նրանք երկուսն էլ զարմանալի երազներ տեսան։ Հնարավորություն չունենալով այդ մասին խոսելու երկրի իմաստունների հետ՝ այդ մարդիկ դիմեցին իրենց բանտակցին՝ Հովսեփին։ Նրանք ասացին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»։ Հովսեփը, որ Աստծու ծառա էր, հորդորեց պատմել երազները իրեն՝ ասելով. «Չէ՞ որ մեկնությունը Աստծուց է» (Ծննդոց 40։8)։ Այո՛, միայն Եհովա Աստված կարող է մեկնել մարգարեությունները, ճիշտ ինչպես որ փորձառու նավաստին գիտի, թե ինչպես քանդել բարդ հանգույցը։ Ի վերջո, Աստված է, որ կապել էր, կամ՝ քարկապ էր գցել այդ մարգարեությունները։ Ուստի տրամաբանական է, որ պետք է դիմենք նրան՝ մարգարեությունները հասկանալու համար։ Հովսեփը ճիշտ վարվեց, որ երազներ մեկնելու իր շնորհը վերագրեց Աստծուն։

Ինչպե՞ս է «Աստված մեկնում» մարգարեությունները։ Աստվածաշնչի որոշ մարգարեություններ հեշտ է մեկնել, որովհետև դրանք գրվել են կատարման հետ միասին։ Դա նման է այն բանին, որ նավաստին կարող է սարքել պարզ հանգույցներ, որոնք սովորական մարդը բացատրություն ստանալուց հետո կարող է արձակել (Ծննդոց 18։14; 21։2)։

Որոշ մարգարեությունների «հանգույցը» հնարավոր է բացել համատեքստի քննության միջոցով։ Դանիելը մի մարգարեական տեսիլք տեսավ. «մազոտ այծը», որի «աչքերի մեջտեղում մի երևելի եղջյուր կար», թափով եկավ ու զարկեց մի «խոյի, որը երկու եղջյուր ուներ»։ Համատեքստից երևում է, որ երկու եղջյուր ունեցող խոյը խորհրդանշում էր «Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներին», իսկ այծը՝ «Հունաստանի թագավորին» (Դանիել 8։3–8, 20–22)։ Ավելի քան 200 տարի անց «մեծ եղջյուրը»՝ Ալեքսանդր Մակեդոնացին, սկսեց նվաճել Պարսկաստանը։ Հրեա պատմիչ Հովսեպոսն ասում է, որ Ալեքսանդրի արշավանքներից մեկի ժամանակ, երբ նա գտնվում էր Երուսաղեմի մոտակայքում, նրան ցույց տվեցին այդ մարգարեությունը, և նա հասկացավ, որ դա իրեն է վերաբերում։

«Աստված մեկնում» է նաև իր սուրբ ոգու միջոցով։ Եհովա Աստծու հավատարիմ ծառա Հովսեփը, առաջնորդվելով նրա սուրբ ոգով, կարողացավ հասկանալ իր երկու բանտակիցների բարդ երազների իմաստը (Ծննդոց 41։38)։ Այսօր Աստծու ծառաները, երբ որևէ մարգարեություն չեն հասկանում, աղոթում են Աստծուն՝ խնդրելով նրա սուրբ ոգին, հետո մանրամասնորեն ուսումնասիրում են Աստվածաշունչը, որը գրվել է սուրբ ոգով։ Աստծու առաջնորդությամբ նրանք կարող են գտնել սուրբգրային այնպիսի համարներ, որոնք բացատրում են տվյալ մարգարեության իմաստը։ Մեկնությունը չի գալիս որևէ մարդու կողմից։ Մեկնությունը Աստծուց է, որովհետև մարգարեության իմաստը հասկացվում է սուրբ ոգու և Աստվածաշնչի միջոցով։ Մեկնությունը չի կարող լինել Աստծու Խոսքից դուրս (Գործեր 15։12–21)։

«Մեկնությունը Աստծուց» է նաև այն առումով, որ նա է որոշում, թե երկրի վրա ապրող իր հավատարիմ ծառաները երբ կարող են հասկանալ տվյալ մարգարեությունը։ Մարգարեության իմաստը կարող է հասկացվել նրա կատարումից առաջ, ընթացքում և հետո։ Քանի որ Աստված է մարգարեությունների հանգույցները կապել, Աստված էլ համապատասխան ժամանակին՝ ի՛ր որոշած ժամանակին, կքանդի։

Հովսեփի և նրա երկու բանտակիցների պատմության մեջ Հովսեփը նրանց երազները բացատրում է դրանց կատարումից երեք օր առաջ (Ծննդոց 40։13, 19)։ Հետագայում մեկ այլ դեպք եղավ. Եգիպտոսի հզոր փարավոնը երազներ էր տեսել, և Հովսեփը Աստծու սուրբ ոգու միջոցով մեկնեց դրանք։ Դրանից հետո սկսվեցին առատության յոթ տարիները։ Եգիպտոսում այդ տարիներին բերքը, ինչպես որ կանխագուշակվել էր, չտեսնված առատ էր, ուստի բերքը հավաքելու համար հատուկ միջոցներ ձեռնարկվեցին (Ծննդոց 41։29, 39, 40)։

Այլ մարգարեություններ լիովին հնարավոր է հասկանալ միայն դրանց կատարումից հետո։ Օրինակ՝ Հիսուսի կյանքում տեղի ունեցած շատ իրադարձություններ կանխագուշակվել էին նրա ծննդից դարեր առաջ, բայց դրանք նրա աշակերտները լիովին հասկացան միայն նրա հարությունից հետո (Սաղմոս 22։18; 34։20; Հովհաննես 19։24, 36)։ Եվ վերջապես, Դանիել 12։4-ի համաձայն՝ որոշ մարգարեություններ «կնքված են մինչև վերջի ժամանակը», երբ «ճշմարիտ գիտելիքները կշատանան»։ Մենք ապրում ենք հենց այն ժամանակներում, երբ այդ մարգարեությունները արդեն տեղի են ունենումb։

Աստվածաշնչի մարգարեությունները և դու

Հովսեփն ու Դանիելը իրենց օրերի թագավորներին հայտնեցին այնպիսի մարգարեություններ, որոնք անմիջականորեն վերաբերում էին ազգերի և թագավորությունների։ Առաջին դարում քրիստոնյաները, լինելով մարգարեությունների Աստված Եհովայի խոսնակներ, իրենց ժամանակակիցներին հայտնեցին կարևոր մարգարեություններ, որոնք մեծ օգուտներ բերեցին այն մարդկանց, ովքեր դրականորեն արձագանքեցին։

Նմանապես, այսօր Եհովայի վկաները մի կարևոր մարգարեություն են հայտնում աշխարհի բոլոր մարդկանց։ Դա Աստծու Թագավորության մասին բարի լուրն է։ Նրանք ազդարարում են, որ «աշխարհի վախճանի» մասին Հիսուսի ասած մարգարեության կատարումը ընթացքի մեջ է (Մատթեոս 24։3, 14)։ Գիտե՞ս, թե որ մարգարեությունն է դա և ինչպես է այն առնչվում քեզ։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն քեզ հասկանալու Աստվածաշնչի կարևորագույն մարգարեություններից մեկը և օգուտներ քաղելու դրանից։

[ծանոթագրություններ]

a Ըստ հունական ավանդության՝ Փռյուգիայի մայրաքաղաք Գորդիոնում քաղաքի հիմնադիր Գորդիոսի կառքը բարդ հանգույցով կապված է եղել ձողի։ Այն մարդը, ով քանդեր հանգույցը, ապագայում կդառնար Ասիայի տիրակալ։

b Տե՛ս «Դիտարանի» 2011​թ. մայիսի 1-ի համարը՝ «Վեց աստվածաշնչյան մարգարեություններ այժմ իրականանում են» վերնագրով հոդվածաշարը։

[նկարներ 12–րդ և 13-րդ էջերի վրա]

Թե՛ Հովսեփը, թե՛ Դանիելը մարգարեություններ մեկնելու շնորհը վերագրեցին Աստծուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը