Մարգարեություններ մեր օրերի մասին
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ կանխագուշակում է, որ Աստծու Թագավորությունը հարատև խաղաղություն կհաստատի երկրի վրա և ուրախություն կպարգևի մարդկանց (Դանիէլ 2։44)։ «Հայր մեր» աղոթքում Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել այդ Թագավորության մասին. «Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Իսկ Ձիթենյաց լեռան վրա նա իր աշակերտներին մի կարևոր մարգարեության մասին հայտնեց, որը նշանավորվելու էր առանձնահատուկ դեպքերով ու պայմաններով, որոնք կատարվելու էին մինչ այդ Թագավորության հաստատվելը։ Այս բոլոր իրադարձությունները կազմում են այն նշանը, որը բոլոր անկեղծ սրտով մարդիկ հստակ տեսնելու էին։ Ստորև բերվող դեպքերից քանի՞սն եք տեսնում անձամբ դուք։
Համաշխարհային պատերազմներ։ Հիսուսը կանխագուշակեց. «Ազգը ազգի դեմ դուրս կգա, և թագավորությունը՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Անցյալ դարերում տեղի ունեցած պատերազմները իրենց չափերով չէին կարող համեմատվել Առաջին համաշխարհային պատերազմի հետ, որի ընթացքում այնպիսի զենքեր արտադրվեցին, որոնց մասին մարդիկ անգամ չէին էլ լսել։ Օրինակ՝ ստեղծվեցին ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Իսկ զենքերի մասսայական արտադրությունը աներևակայելի չափերի հասավ, որի հետևանքով մեծ կոտորածներ եղան, և մոտ 65 միլիոն զինվոր կա՛մ սպանվեց, կա՛մ ծանր վնասվածքներ ստացավ։ Ու թեև 20–րդ դարում մարդիկ մեծ նվաճումների հասան, արյունահեղ պատերազմները չդադարեցին։ Մի պատմաբան նշում է, որ մենք երբեք չենք կարող ճշգրտորեն իմանալ, թե որքան մարդ սպանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ի դեպ, պատերազմները դեռ շարունակվում են։
Սովեր։ Հիսուսը կանխագուշակեց. «Սովեր.... կլինեն» (Մատթեոս 24։7)։ 2005 թ.–ին «Սայենս» պարբերագրում գրվեց. «Աշխարհում 854 միլիոն մարդ (բնակչության մոտավորապես 14 տոկոսը) մշտապես կամ ժամանակ առ ժամանակ թերսնված վիճակում է»։ 2007 թ.–ին ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը տեղեկացրեց, որ 33 երկրներում բավականաչափ սննդամթերք չկա բնակիչներին սննդով ապահովելու համար։ Սակայն հարց է առաջանում. եթե աշխարհում հացահատիկի առատություն է նկատվում և արտադրությունն էլ մեծանում է, ինչո՞ւ են մարդիկ քաղցած։ Պատճառներից մեկն այն է, որ հողը և հացահատիկը օգտագործվում են էթանոլ արտադրելու համար։ Հարավ–աֆրիկյան թերթերից մեկում նշվում էր. «Որպեսզի ընդամենը մեկ անգամ մեքենայի մեջ էթանոլ լցվի, անհրաժեշտ է այնքան հացահատիկ, որով մի ամբողջ տարի կարող է կերակրվել մարդը» («The Witness»)։ Անգամ զարգացած երկրներում սննդամթերքի գների բարձրացումը շատերին ընտրության առաջ է կանգնեցնում. կա՛մ ճաշել, կա՛մ էլ գումարը տրամադրել այլ անհրաժեշտ բաներին, օրինակ՝ դեղերին կամ ջեռուցմանը։
Երկրաշարժեր։ Հիսուսն ասաց. «Մեծ երկրաշարժեր կլինեն» (Ղուկաս 21։11)։ Եթե նկատել եք, որ այսօր ավելի շատ մարդիկ են երկրաշարժերի զոհը դառնում, չեք սխալվում։ 2007 թ.–ին հնդիկ սեյսմոլոգ Չադան նշում է. «Ամբողջ աշխարհում նկատվում է սեյսմիկ գոտիների ակտիվություն։ Սակայն ոչ ոք չգիտի, թե որն է դրա պատճառը»։ Նկատելի է, որ խիտ բնակեցված տարածքներում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը միլիոնավոր կյանքեր են խլում։ Միացյալ Նահանգների երկրաբանական հետազոտությունների համաձայն՝ 2004 թ.–ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժը, որին հաջորդեց ցունամին, «500 տարվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերից ամենաշատը մարդկային կյանքեր խլեց և պատմության մեջ դարձավ երկրորդը՝ մեծ ավերածությունների պատճառով»։
Անբուժելի հիվանդություններ։ Հիսուսը կանխագուշակել էր. «Կլինեն.... համաճարակներ» (Ղուկաս 21։11)։ Ամբողջ աշխարհում նոր հիվանդությունների թիվը շատանում է, և առայժմ հույս չկա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գտնել դրանց բուժման մեթոդները։ Օրինակ՝ ամեն տարի բժիշկները նպատակ են դնում որոշակի թվով մարդկանց բուժել մալարիայից, սակայն ամեն անգամ ստիպված են լինում նվազեցնել այդ թվերը, քանի որ հիվանդությունը շարունակում է մարդկանց հսկողությունից դուրս մնալ։ Դեռ ավելին, միլիոնավոր մարդիկ մահանում են տուբերկուլյոզից, ՁԻԱՀ–ից (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) և այլ հիվանդություններից։ Այս առնչությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է. «Ներկայումս երկրի բնակչության մեկ երրորդը վարակված է տուբերկուլյոզի բացիլով»։ Կազմակերպությունը նաև հայտնում է, որ շատ երկրներում ՄԻԱՎ–ը խթանում է տուբերկուլյոզի համաճարակը։ Ամեն վայրկյան մի հոգի վարակվում է տուբերկուլյոզով, որի դեմ պայքարելու համար ավելի ուժեղ դեղամիջոցներ են անհրաժեշտ։ Իսկ «Նյու սայենթիստ» հանդեսում տեղեկացվում էր, որ Եվրոպայում 2007 թ.–ին հիվանդներից մեկին ախտորոշել են տուբերկուլյոզ, որն ասես «ընդդիմանում է ցանկացած դեղորայքի»։
Բարոյական և հասարակական անկում։ Հիսուսն ասել էր. «Անօրենության շատանալու պատճառով շատ–շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։12)։ Իսկ Պողոս առաքյալը գրել էր, որ բարոյական արժեքների անկում պետք է լինի։ Նա նկարագրեց, թե Աստծու Թագավորության հաստատվելուց առաջ ինչպիսին էին լինելու «վերջին օրերը». «Մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարեգործություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Նկատե՞լ եք, որ այսօր մարդիկ ավելի շատ են բացասական հատկություններ դրսևորում։
Ինչ խոսք, Հիսուսը և Պողոսը չթվարկեցին պատմական, հասարակական և քաղաքական բոլոր գործոնները, որոնց պատճառով աշխարհն այս վիճակում է հայտնվել։ Այդուհանդերձ, նրանք ճշգրտորեն կանխագուշակեցին այն դեպքերը, որոնք տեսնում ենք այսօր, ինչպես նաև այն, թե ինչպիսի վարք են դրսևորելու մարդիկ։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու ապագան։ Եսայիայի մարգարեությունը հայտնում է, թե ինչ փոփոխություններ է կատարելու Աստծու Թագավորությունը երկրի վրա։ Այդ մասին կարող եք իմանալ հաջորդ հոդվածից։
[նկար 6–րդ էջի վրա]
«Ազգը ազգի դեմ դուրս կգա»
[նկար 7–րդ էջի վրա]
«Կլինեն.... համաճարակներ»
[թույլտվությամբ]
© WHO/P. Virot