Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 6/1 էջ 13–17
  • Հավատացե՛ք Աստծո մարգարեական խոսքին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատացե՛ք Աստծո մարգարեական խոսքին
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սերնդի որոնումներով
  • Մեսիայի հայտնվելը
  • Ողջունենք Մեսիական թագավորին
  • Ամուր պահեք ձեր հավատը դեպի Աստծո մարգարեական խոսքը
  • Մարդկության ապագան կանխագուշակված է Աստծո մարգարեական խոսքում
  • Անսացե՛ք մեր օրերի համար գրի առնված Աստծո մարգարեական խոսքին
    2000 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 27. Դանիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Եհովան «գաղտնիքներ Հայտնողն է»
    2012 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 6/1 էջ 13–17

Հավատացե՛ք Աստծո մարգարեական խոսքին

«Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը» (Բ ՊԵՏՐՈՍ 1։19)։

1, 2. Ո՞րն է երբևիցե գրի առնված առաջին մարգարեությունը, և ո՞րն է այդ մարգարեության հետ կապված հարցերից մեկը։

ԵՐԲԵՎԻՑԵ գրի առնված առաջին մարգարեության սկզբնաղբյուրը Եհովան է։ Ադամի ու Եվայի մեղանչելուց հետո Աստված ասաց օձին. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։1—7, 14, 15)։ Դարեր անցան, մինչև որ այս մարգարեական խոսքերն ամբողջովին հասկացվեցին։

2 Այդ առաջին մարգարեությունն իր մեջ մեղավոր մարդկության համար իրական հույս էր պարունակում։ Հետագայում Գրությունները ցույց տվեցին, որ «առաջին օձը» դա հենց Բանսարկու Սատանան էր (Յայտնութիւն 12։9)։ Հարց է ծագում. իսկ ո՞վ էր լինելու Աստծո խոստացած Սերունդը։

Սերնդի որոնումներով

3. Աբելն ինչպե՞ս ցույց տվեց իր հավատը առաջին մարգարեության հանդեպ։

3 Ի տարբերություն իր հորը՝ աստվածավախ Աբելը հավատում էր առաջին մարգարեությանը։ Ակներևաբար Աբելը գիտակցում էր, որ մեղքերը ծածկելու համար արյուն է հարկավոր։ Ուստի, հավատը մղեց նրան կենդանիներից զոհ բերել, ինչը հաճելի երևաց Աստծո աչքին (Ծննդոց 4։2—4)։ Այնուամենայնիվ, խոստացված Սերնդի ով լինելը մնում էր դեռևս գաղտնիք։

4. Աստված ի՞նչ խոստում տվեց Աբրահամին, և ի՞նչ էր այդ խոստումն ասում Սերնդի վերաբերյալ։

4 Աբելից շուրջ 2 000 տարի անց Եհովան հետևյալ մարգարեական խոստումը տվեց նահապետ Աբրահամին. «Քեզ օրհնելով կ’օրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի.... պէս շատացնելով կ’շատացնեմ.... եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։17, 18)։ Այս խոսքերն Աբրահամին կապում էին առաջին մարգարեության կատարման հետ։ Դրանք ցույց էին տալիս, որ Սերունդը, որի միջոցով Սատանայի գործերը պետք է ոչնչացվեին, հայտնվելու էր Աբրահամի տոհմաբանական շառավղից (Ա Յովհաննէս 3։8)։ Աբրահամը «Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ», չերկմտեցին նաև Եհովայի նախաքրիստոնեական ժամանակների վկաները, որոնք «չստացան Աստուծոյ խոստումը» (Հռովմայեցիս 4։20, 21; Եբրայեցիս 11։39, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Սակայն նրանց հավատը Աստծո մարգարեական խոսքի հանդեպ հաստատուն մնաց։

5. Ո՞ւմ էր մատնանշում Սերնդի մասին Աստծո խոստումը, և ինչո՞վ կարող ենք դա բացատրել։

5 Աստծո խոստացած Սերնդի ով լինելը բացահայտեց Պողոս առաքյալը, երբ գրեց. «Խոստումները Աբրահամին ու անոր սերունդին եղան. քանզի չըսեր. «Եւ քու սերունդներուդ», որպէս թէ շատերու համար, հապա որպէս թէ մէկի համար «Եւ քու սերունդիդ», որ Քրիստոս է» (Գաղատացիս 3։16, Արևմտ. Աստ.)։ Այսինքն, Սերընդի մեջ, որի միջոցով պետք է օրհնվեին բոլոր ազգերը, չէին մտնում Աբրահամի բոլոր զավակները։ Իր որդի Իսմայելի և Քետուրայից ծնված իր մնացած որդիների հետնորդներով չէր, որ պետք է օրհնվեր մարդկությունը։ Օրհնության Սերունդը պետք է գար Աբրահամի որդի Իսահակի և վերջինիս որդու՝ Հակոբի սերնդից (Ծննդոց 21։12; 25։23, 31—34; 27։18—29, 37; 28։14)։ Հակոբը մատնանշեց, որ «ժողովուրդները» պետք է հնազանդ լինեին Հուդայի ցեղին պատկանող Սելովին, սակայն ավելի ուշ մատնացույց արվեց, որ Սերունդը առաջ էր գալու Դավիթի շառավղից (Ծննդոց 49։10; Բ Թագաւորաց 7։12—16)։ Առաջին դարի հրեաները սպասում էին Մեսիայի կամ Քրիստոսի գալուն (Յովհաննէս 7։41, 42)։ Սերնդի մասին Աստծո մարգարեությունը կատարեց իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը։

Մեսիայի հայտնվելը

6. ա) Ինչպե՞ս ենք հասկանում յոթանասուն շաբաթների մասին մարգարեությունը։ բ) Ե՞րբ և ինչպե՞ս Հիսուսը «մեղքերը կնքեց»։

6 Դանիել մարգարեն Մեսիային վերաբերող անչափ կարևոր մարգարեություն գրի առավ։ Մարաստանցի Դարեհի թագավորության առաջին տարում Դանիելը հասկացավ, որ Երուսաղեմի ամայացման 70 տարիները մոտենում էին իրենց ավարտին (Երեմիա 29։10; Դանիէլ 9։1—4)։ Աստծուն ուղղված իր աղոթքի պահին Գաբրիել հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց, որ ‘յոթանասուն շաբաթ է վճռված մեղքերը կնքելու համար’։ Մեսիան մահվան էր դատապարտվելու յոթանասուներորդ շաբաթվա կեսին։ Այդ «յոթանասուն տարի–շաբաթները» սկսվեցին մ.թ.ա. 455–ին, երբ պարսից թագավոր Արտաշես Առաջինը ‘Երուսաղեմը դարձյալ շինելու հրաման արձակեց’ (Դանիէլ 9։20—27; Նէեմիա 2։1—8)։ Մեսիան գալու էր 7 շաբաթին ավելացրած 62 շաբաթ հետո։ Այդ 483 տարիները՝ սկսած մ.թ.ա. 455–ից, լրացան մ.թ. 29–ին՝ Հիսուսի մկրտության տարում, երբ Աստված օծեց նրան որպես Մեսիա կամ Քրիստոս (Ղուկաս 3։21, 22)։ Հիսուսը «մեղքերը կնքեց» մ.թ. 33–ին՝ իր կյանքը տալով որպես փրկանք (Մարկոս 10։45)։ Որչա՜փ հիմնավոր են այս պատճառները Աստծո մարգարեական խոսքին հավատ ընծայելու համար...a

7. Գրությունների օգնությամբ ցույց տվեք, թե ինչպես Հիսուսը կատարեց Մեսիային վերաբերող մարգարեությունները։

7 Հավատը դեպի Աստծո մարգարեական խոսքը օգնում է մեզ ճանաչելու Մեսիային։ Եբրայերեն գրություններում արձանագրված մարգարեությունների մի զգալի մասը քրիստոնեական Հունարեն գրություններն արձանագրողները ուղղակիորեն վերագրել են Հիսուսին։ Բերենք օրինակ. Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում՝ կույսից (Եսայիա 7։14; Միքիա 5։2; Մատթէոս 1։18—23; Ղուկաս 2։4—11)։ Նա կանչվեց Եգիպտոսից, և նրա ծննդից հետո մանուկների կոտորած սկսվեց (Երեմիա 31։15; Ովսէէ 11։1; Մատթէոս 2։13—18)։ Նա մեր ցավերն իր վրա վերցրեց (Եսայիա 53։4; Մատթէոս 8։16, 17)։ Ըստ մարգարեության՝ նա Երուսաղեմ մտավ էշի մտրուկի վրա նստած (Զաքարիա 9։9; Յովհաննէս 12։12—15)։ Սաղմոսերգուի խոսքերը կատարվեցին Հիսուսի ցից բարձրացվելուց հետո, երբ զինվորները իրենց մեջ բաժանեցին նրա հանդերձները և վիճակ գցեցին պատմուճանի վրա (Սաղմոս 22։18; Յովհաննէս 19։23, 24)։ Իր խոցվելն ու ոսկորների չկոտրվելը նույնպես մարգարեության կատարում էր (Սաղմոս 34։20; Զաքարիա 12։10; Յովհաննէս 19։33—37)։ Սրանք մի քանիսն են Մեսիային վերաբերող մարգարեություններից, որոնք Աստծուց ներշնչված Աստվածաշնչի գրողները վերագրել են Հիսուսին։b

Ողջունենք Մեսիական թագավորին

8. Ո՞վ է Հինավուրցը, և ինչպե՞ս կատարվեց Դանիէլ 7։9—14 խոսքերում արձանագրված մարգարեությունը։

8 Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Եհովան իր մարգարե Դանիելին երազ և հրաշալի տեսիլքներ տվեց։ Մարգարեն նախ՝ չորս հսկա գազաններ տեսավ։ Աստծո հրեշտակը հայտնեց, որ դրանք «չորս թագաւորներ» են, որոնք խորհրդանշում են իրար հաջորդող չորս աշխարհակալ ուժերը (Դանիէլ 7։1—8, 17)։ Այնուհետև Դանիելը տեսավ «Հինավուրցին»՝ իր փառահեղ գահի վրա նստած։ Դատելով գազաններին՝ «Հինավուրցը» վերցրեց նրանցից իրենց իշխանությունը և ոչնչացրեց չորրորդ գազանին։ Հավիտենական իշխանությունը՝ «ժողովուրդների, ազգերի և լեզուների» վրա, շնորհվեց «մարդի որդիի նման» մեկին (Դանիէլ 7։9—14)։ Իրոք որ սրանք 1914 թ.–ին «մարդի Որդի» Հիսուս Քրիստոսի երկնքում գահակալվելու վերաբերյալ չքնաղ մարգարեություններ են (Մատթէոս 16։13)։

9, 10. ա) Ի՞նչ բաների էին մատնացույց անում երազի արձանի տարբեր մասերը։ բ) Ինչպե՞ս կմեկնաբանեիք Դանիէլ 2։44–ի կատարումը։

9 Դանիելը գիտեր, որ «թագաւորներ իջեցնողը եւ թագաւորներ դնողը» Աստված է (Դանիէլ 2։21)։ Եհովայի՝ «գաղտնիքներ հայտնողի» հանդեպ հավատով լցված՝ մարգարեն մեկնաբանեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազի վիթխարի արձանի նշանակությունը։ Արձանի տարբեր մասերը մատնացույց էին անում որպես աշխարհակալ ուժեր հանդես եկող Բաբելոնի, Մարա–Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմի վերելքն ու անկումը։ Սակայն Աստված օգտագործեց Դանիելին նաև մեր օրերի և դրանից հետո եկող ժամանակների իրադարձությունները նկարագրելու համար (Դանիէլ 2։24—30)։

10 «Այն թագաւորների օրերումը,— ասվում է մարգարեության մեջ,— երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Երբ 1914–ին լրացան «ազգերին սահմանված ժամանակները», Աստված հաստատեց երկնային Թագավորությունը՝ Քրիստոսին կարգելով որպես այդ Թագավորության Թագավոր (Ղուկաս 21։24, ՆԱ; Յայտնութիւն 12։1—5)։ Աստծո զորության առաջնորդության ներքո Մեսիական թագավորությունը խորհրդանշող «քարը» հենց ա՛յդ ժամանակ պոկվեց Աստծո տիեզերական գերիշխանության «սարից»։ Արմագեդոնին այդ քարը կհարվածի արձանին ու կփշրի այն։ Դառնալով «բոլոր երկրի» վրա ազդեցություն ունեցող սար–իշխանություն՝ Մեսիական թագավորությունը կանգուն կմնա հավիտյան (Դանիէլ 2։35, 45; Յայտնութիւն 16։14, 16)։c

11. Ինչի՞ նախապատկերն էր Հիսուսի պայծառակերպությունը, և այդ տեսիլքը ի՞նչ ազդեցություն էր թողել Պետրոսի վրա։

11 Նկատի ունենալով իր թագավորական իշխանությունը՝ Հիսուսն ասաց աշակերտներին. «Այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ» (Մատթէոս 16։28)։ Այս խոսքերն արտասանելուց վեց օր անց Հիսուսը Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ միասին բարձրացավ սարը, որտեղ և նրանց աչքերի առջև պայծառակերպվեց։ Այդ պահին մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա, և առաքյալները լսեցին Աստծո ձայնը, թե՝ «դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք» (Մատթէոս 17։1—9; Մարկոս 9։1—9)։ Իր թագավորական փառքի հրաշալի նախապատկերն էր այդ տեսարանը։ Լիովին հասկանալի է, թե ինչու Պետրոսը, նկատի ունենալով այդ զարմանալի տեսիլքը, գրեց. «Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը» (Բ Պետրոս 1։16—19)։d

12. Ինչո՞ւ ենք ասում, որ հատկապես հիմա է ժամանակը՝ ցույց տալու մեր հավատը դեպի Աստծո մարգարեական խոսքը։

12 «Մարգարեական խոսքը», ամենայն հավանականությամբ, ընդգրկում է ոչ միայն Եբրայերեն գրություններում Մեսիայի մասին արձանագրված մարգարեությունները, այլ նաև «զօրութեամբ եւ բազում փառքով» Հիսուսի գալստյան խոստումը (Մատթէոս 24։30)։ Պայծառակերպությունը հաստատեց թագավորական իշխանությամբ Քրիստոսի փառահեղ գալստի մասին մարգարեական խոսքը։ Շատ շուտով Հիսուսի փառահեղ հայտնությունը ոչնչացում է նշանակելու անհավատների և բազում օրհնություններ՝ հավատ ունեցողների համար (Բ Թեսաղոնիկեցիս 1։6—10)։ Աստվածաշնչի մարգարեությունների կատարումները փաստում են, որ այժմ ապրում ենք «վերջին օրերում» (Բ Տիմոթէոս 3։1—5, 16, 17; Մատթէոս 24։3—14)։ Միքայելը՝ նույն ինքը Հիսուս Քրիստոսը, պատրաստ կանգնած է որպես Եհովայի դատավճռի գլխավոր Իրագործող «մեծ նեղությանը» այս չար համակարգին վերջ դնելու համար (Մատթէոս 24։21; Դանիէլ 12։1)։ Ուստի, հիմա է ժամանակը ցույց տալու, որ հավատում ենք Աստծո մարգարեական խոսքին։

Ամուր պահեք ձեր հավատը դեպի Աստծո մարգարեական խոսքը

13. Ի՞նչը մեզ կօգնի պահպանել մեր սերն առ Աստված և մեր հավատը դեպի նրա խոսքը։

13 Անշուշտ, մեր սրտերը ցնծությամբ լցվեցին, երբ առաջին անգամ լսեցինք, թե ինչպես է Աստծո մարգարեական խոսքը իրականություն դառնում։ Բայց այդ օրից ի վեր մեր հավատը արդյո՞ք նվազել է, կամ սերը՝ սառչել։ Թող որ երբեք չնմանվենք Եփեսոսի այն քրիստոնյաներին, որոնք ‘թողեցին իրենց առաջին սերը’ (Յայտնութիւն 2։1—4)։ Անկախ այն բանից՝ քանի՛ տարի ենք արդեն ծառայում Եհովային, մենք կարող ենք նման ձևով ձախողվել, եթե չշարունակենք անդադար ‘նախ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրել’ երկնքում գանձեր դիզելու համար (Մատթէոս 6։19—21, 31—33)։ Աստվածաշնչի ջանադիր ուսումնասիրությունը, քրիստոնեական ժողովի հանդիպումներին կանոնավորաբար մասնակցությունը և Թագավորության մասին եռանդուն քարոզչությունը կօգնեն մեզ պահպանել մեր սերը դեպի Եհովան, նրա Որդին և Սուրբ գրությունները (Սաղմոս 119։105; Մարկոս 13։10; Եբրայեցիս 10։24, 25)։ Իսկ այդ սերն էլ իր հերթին կօգնի կենդանի պահել մեր հավատը Աստծո խոսքի հանդեպ (Սաղմոս 106։12)։

14. Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները վարձատրվում Եհովայի մարգարեական խոսքի հանդեպ իրենց հավատի համար։

14 Աստծո մարգարեական խոսքը ամենայն ճշգրտությամբ կատարվել է անցյալում, ուստի կարող ենք վստահորեն ասել, որ կկատարվի նաև ապագայի համար կանխատեսվածը։ Օրինակ՝ այսօր իրականություն է դարձել Թագավորության փառքով Քրիստոսի ներկայությունը, ինչպես նաև մինչև մահ հավատարիմ մնացած օծյալ քրիստոնյաների համար կատարվել է հետևյալ մարգարեական խոստումը. «Ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ» (Յայտնութիւն 2։7, 10; Ա Թեսաղոնիկեցիս 4։14—16)։ Այս հաղթողներին Հիսուսը պատիվ է շնորհում «կեանքի ծառից» ուտելու, որը գտնվում է ‘Աստծո երկնային դրախտում’։ ‘Հավիտենության Թագավոր, անեղծ և աներևույթ, միա՛կ Աստված’ Եհովան այդ անհատներին հարություն տալիս Հիսուս Քրիստոսի միջոցով անմահություն և անեղծություն է շնորհելու նրանց (Ա Տիմոթէոս 1։17, Ա Կորնթացիս 15։50—54; Բ Տիմոթէոս 1։10)։ Ի՜նչ չքնաղ վարձատրություն Աստծո հանդեպ իրենց անշեջ սիրո և նրա մարգարեական խոսքի հանդեպ իրենց անսասան հավատի համար։

15. Ովքե՞ր հանդիսացան «նոր երկրի» կազմավորման հիմքը, և ովքե՞ր են նրանց ընկերակիցները։

15 Մահվան քնի մեջ գտնվող հավատարիմ օծյալների՝ «Աստծո [երկնային] դրախտում» հարություն առնելուց գրեթե անմիջապես հետո՝ հոգևոր Իսրայելի երկրի վրա գտնվող մնացորդը ազատագրվեց «Մեծ Բաբելոնից»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (Յայտնութիւն 14։8; Գաղատացիս 6։16)։ Հենց այս մնացորդն էլ «նոր երկրի» կազմավորման հիմքը հանդիսացավ (Յայտնութիւն 21։1)։ Այսպիսով՝ առաջ եկավ մի «երկիր», որը վերածվեց հոգևոր դրախտի և որն այժմ փթթում է համայն աշխարհում (Եսայիա 66։8)։ Այսօր՝ «օրերի վերջում», դեպի այդ դրախտն է ընթանում հոգևոր Իսրայելի ոչխարանման ընկերակիցների մեծ բազմությունը (Եսայիա 2։2—4; Զաքարիա 8։23; Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 7։9)։

Մարդկության ապագան կանխագուշակված է Աստծո մարգարեական խոսքում

16. Ի՞նչ ապագա է սպասվում օծյալների նվիրված կողմնակիցներին։

16 Իսկ ի՞նչ ապագա է սպասվում օծյալների հավատարիմ կողմնակիցներին։ Նրանք ևս հավատ են ընծայում Աստծո մարգարեական խոսքին և հույս ունեն ոտք դնել երկրային Դրախտ (Սաղմոս 37։29)։ Նրանք կխմեն «կենդանի ջրի մաքուր գետից» և կբուժվեն այդ կենարար գետի ափի երկայնքով տնկված «ծառի տերևներով» (Յայտնութիւն 22։1, 2)։ Եթե ունենք այս հրաշալի հույսը, ապա շարունակենք խորը սեր դրսևորել դեպի Եհովան և հավատ՝ նրա մարգարեական խոսքի հանդեպ։ Թող որ լրացնենք այն մարդկանց շարքերը, ովքեր Դրախտ–երկրում հավիտենական կյանքի անսահման ուրախությունն են վայելելու։

17. Ինչպիսի՞ օրհնություններ են լինելու երկրային Դրախտում։

17 Անկատար մարդիկ անկարող են ամբողջությամբ պատկերացնել կյանքը երկրային գալիք Դրախտում, սակայն Աստծո մարգարեական խոսքը նկարագրում է հնազանդ մարդկանց սպասվող օրհնությունները։ Երբ Աստծո Թագավորությունն այլևս հակառակության չի հանդիպի, և նրա կամքը ի կատար կածվի երկրի վրա, ինչպես որ այժմ երկնքում է, այլևս չեն լինի դաժան մարդիկ, չեն լինի նաև գիշատիչ գազանները, ու նրանք «չեն վնասիլ եւ չեն ապականիլ» (Եսայիա 11։9; Մատթէոս 6։9, 10)։ Խոնարհները կբնակվեն երկրի վրա և «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։ Ոչ մեկը սովամահ չի լինի, որովհետև «ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։ Չի թափվի այլևս ցավի ու վշտի արտասուք։ Հիվանդությունները կվերանան, ու նույնիսկ մահը անցյալի գիրկը կանցնի (Եսայիա 33։24; Յայտնութիւն 21։4)։ Միայն պատկերացրե՛ք, չկան բժիշկներ, չկան ո՛չ դեղորայքի կարիքը, ո՛չ էլ հիվանդանոցների ու հոգեբուժարանների... նաև թաղման արարողությունների։ Ի՜նչ սքանչելի հեռանկար...

18. ա) Ի՞նչ բանում Դանիելը հավաստիացում ստացավ։ բ) Ի՞նչ «վիճակ» է ունենալու Դանիելը։

18 Դատարկվելու է նույնիսկ մարդկության ընդհանուր գերեզմանը, քանի որ մահացածները հարություն են առնելու։ Ժամանակին հարության հույս ուներ արդար Հոբը (Յոբ 14։14, 15)։ Դանիելին նույնպես տրվեց այդ հույսը, ինչպես որ Եհովայի հրեշտակն էր ասել. «Դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր, եւ կ’կանգնես օրերի վերջին քո վիճակումը» (Դանիէլ 12։13)։ Դանիելը մինչև մահ հավատարիմ ծառայեց Աստծուն։ Այժմ նա մահվան քնի մեջ հանգիստ վիճակում է, բայց «կկանգնի» «արդարների յարութեան օրը»՝ Քրիստոսի Հազարամյա թագավորության ընթացքում (Ղուկաս 14։14)։ Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ «վիճակում» է լինելու Դանիելը։ Եզեկիելի մարգարեությունից պարզ երևում է, որ Դրախտում Եհովայի ժողովրդից յուրաքանչյուրն իր գլխավերևում տանիք է ունենալու, իր հողատարածքը, և երկիրը բաշխվելու է արդարությամբ ու կարգ ու կանոնով (Եզեկիէլ 47։13—48։35)։ Ուստի, Դանիելը իր տեղն է ունենալու Դրախտում, սակայն նրա «վիճակը» հողակտոր ունենալուց ավելին է ընդգրկելու. նա իր ուրույն տեղն է ունենալու Եհովայի նպատակի մեջ։

19. Ի՞նչ է հարկավոր ունենալ երկրային Դրախտում ապրելու համար։

19 Իսկ ի՞նչ կարելի ասել ձեր և ձեր վիճակի մասին։ Եթե հավատ ունեք դեպի Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, ապա, ըստ ամենայնի, փափագում եք երկրային Դրախտի կյանքին։ Թերևս պատկերացնում եք ինքներդ ձեզ այնտեղ բազում օրհնություններ վայելելիս, երկրի մասին հոգ տանելիս և հարություն ստացողներին ողջունելիս։ Վերջ ի վերջո Դրախտը մարդկության համար է։ Աստված մարդկային առաջին զույգին ստեղծելիս նրանց բնակեցրել էր հենց այդպիսի վայրում (Ծննդոց 2։7—9)։ Եվ Աստված ցանկանում է, որ հնազանդ մարդիկ հավիտյան ապրեն Դրախտում։ Արդյո՞ք կշարժվեք Սուրբ գրությունների հետ ներդաշնակ, որպեսզի լինեք այն միլիոնավորների շարքերում, որոնք ի վերջո ապրելու են Դրախտ–երկրում։ Ձեզ կհաջողվի լինել այնտեղ, եթե անկեղծ սեր ունենաք մեր երկնային Հոր՝ Եհովայի հանդեպ և անսասան հավատ՝ դեպի նրա մարգարեական խոսքը։

[ծանոթագրություններ]

a Տես «Ուշադրութիւն Ընծայեցէ՛ք Դանիէլի Մարգարէութեան» գրքի 11–րդ գլուխը և «Գրությունների ըմբռնում» գիրքը (անգլ.)՝ «Յոթանասուն շաբաթները» վերնագրի տակ։ Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։

b Տես «Բոլոր գրությունները ներշնչված են և օգտակար» գիրքը (էջ 343, 344, անգլ.)։ Հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։

c Տես «Ուշադրութիւն Ընծայեցէ՛ք Դանիէլի Մարգարէութեան» գրքի 4–րդ և 9–րդ գլուխները։

d Տես «Ուշադրություն դարձրեք Աստծո մարգարեական Խոսքին» հոդվածը «Դիտարանի» 2000 թ. ապրիլի 1–ի համարում։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ինչպե՞ս է հնչում առաջին մարգարեությունը, և ո՞վ է խոստացյալ Սերունդը։

• Որո՞նք են Հիսուսի կատարած Մեսիային վերաբերող մարգարեություններից մի քանիսը։

• Ինչպե՞ս են իրականանալու Դանիէլ 2։44, 45 խոսքերը։

• Ինչպիսի՞ ապագա է մատնացույց անում Աստծո մարգարեական խոսքը հնազանդ մարդկանց համար։

[նկար 16–րդ էջի վրա]

Հույս ունե՞ք ապրել երկրային Դրախտում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը