Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 6 էջ 4–5
  • Ինչ են ցույց տալիս փաստերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ են ցույց տալիս փաստերը
  • 2017 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միջուկային պատերազմի մասին
    Այլ նյութեր
  • Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա
    2015 Դիտարան
2017 Արթնացե՛ք
g17 № 6 էջ 4–5

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՇԽԱՐՀՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼ

Ինչ են ցույց տալիս փաստերը

ԱՄԵՆ կողմից եկող վատ լուրերի տարափը ձեզ մտահոգում, կամ նույնիսկ վա՞խ է ներշնչում։ Եթե այո, ապա դուք միակը չեք, որ նման ապրումներ ունեք։ 2014 թ.-ին Բարաք Օբաման, ով այդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն էր, ասաց, որ լրատվական միջոցներով հաղորդվող վատ լուրերի պատճառով շատերը մտածում են, թե «աշխարհն այնքան արագ է պտտվում, որ ոչ ոք ի վիճակի չէ վերահսկել այն»։

Բայց այս խոսքերն ասելուց հետո Բարաք Օբաման մեծ ոգևորությամբ սկսեց խոսել այն մասին, թե ներկայումս ինչ ծրագրեր են մշակվում աշխարհի շատ խնդիրներ լուծելու համար։ Նա հիշատակեց որոշ կառավարությունների ձեռնարկումների մասին՝ անվանելով դրանք «բարի լուր», և ասաց, որ ինքն իրականում «հոգու խորքում լի է հույսով» և «մեծ լավատեսությամբ»։ Այլ կերպ ասած՝ նա իր համոզվածությունն էր հայտնում այն բանում, որ վեհ մղումներ ունեցող մարդկանց անշահախնդիր ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել աշխարհի վիճակը և կանխել համաշխարհային աղետը։

Շատերն են Բարաք Օբամայի պես լավատեսորեն տրամադրված։ Ոմանք իրենց հույսը դրել են գիտության վրա՝ մտածելով, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել աշխարհի վիճակը։ Թվային տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտի մի մասնագետ համոզվածությամբ կանխատեսեց, որ արդեն 2030 թ.-ին առկա «տեխնոլոգիաները ներկայիս տեխնոլոգիաներից հազար անգամ ավելի հզոր կլինեն, իսկ 2045 թ.-ին՝ միլիոն անգամ»։ Նա նաև ասաց. «Թեև ներկայումս մեր առջև այնպիսի մեծ խնդիրներ են ծառանում, ինչպիսիք երբևէ չեն եղել, սակայն այդ խնդիրները դիմագրավելու մեր հնարավորությունները գերազանցում են դրանց»։

Իսկ որքա՞ն վատ է աշխարհի վիճակը։ Մի՞թե մենք իրոք կանգնած ենք համաշխարհային աղետի շեմին։ Թեև որոշ գիտնականներ ու քաղաքական գործիչներ հուսադրող մտքեր են հայտնում, բայց շատ մարդիկ շարունակում են ապագային վախով նայել։ Ինչո՞ւ։

Միջուկային պայթյուն

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԵՐ։ Թեև Միավորված ազգերի կազմակերպությունը և այլ կազմակերպություններ մեծ ջանքեր են թափում, որպեսզի միջուկային զինաթափում իրականացնեն, բայց մինչ օրս դա նրանց չի հաջողվել։ Ընդհակառակը՝ այսօր հանդուգն պետական ղեկավարները արհամարհանքով են վերաբերվում սպառազինության վերահսկման համար սահմանված օրենքներին։ Այն երկրները, որոնք ունեն միջուկային զենքեր, հապճեպորեն կատարելագործում են իրենց ունեցած հին ռումբերը կամ ստեղծում են նոր, ավելի մահացու ռումբեր։ Իսկ այն երկրները, որոնք նախկինում չեն ունեցել զանգվածային ոչնչացման զենքեր, այժմ արդեն հնարավորություն ունեն ոչնչացնելու հասարակության լայն զանգվածներ։

Այս աննախադեպ մասշտաբի միջուկային սպառազինության պատճառով աշխարհը դարձել է շատ վտանգավոր մի վայր նույնիսկ հարաբերականորեն խաղաղ ժամանակներում։ Գիտական մի տեղեկագրում հետևյալ նախազգուշացումն է տրվում. «Լուրջ մտահոգությունների տեղիք կտան հատկապես ինքնակառավարվող մարտական ռոբոտները, որոնք կկարողանան առանց մարդկային միջամտության և վերահսկողության «սպանելու» որոշում կայացնել» (Bulletin of the Atomic Scientists)։

Հիվանդանոցում պառկած մարդ

ՄԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է։ Գիտության հնարավորությունները սահմանափակ են, հատկապես երբ հարցը վերաբերում է լավ առողջության ապահովմանը։ Մեծ տարածում են գտել արյան բարձր ճնշումը, ճարպակալումը, օդի աղտոտումը և թմրանյութերի օգտագործումը, որոնք բոլորն էլ հիվանդություններ առաջացնող գործոններ են։ Այսօր ավելի շատ մարդիկ են մահանում բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդություններից, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարախտը։ Մեծանում է նաև այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են տարբեր այլ հիվանդություններից, այդ թվում մտային հիվանդություններից։ Իսկ վերջին տարիներին մարդկությունը ականատես եղավ այնպիսի վտանգավոր համաճարակների անսպասելի բռնկումների, ինչպիսիք են Էբոլա և Զիկա վիրուսները։ Այս ամենից հետևյալ եզրակացությունն ենք անում. մարդիկ ի վիճակի չեն վերահսկելու հիվանդությունները, և թվում է, թե դրանցից ազատվելու որևէ հույս չկա։

Օդն ու ջուրը աղտոտվում են

ՄԱՐԴԻԿ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ։ Գործարանները շարունակ աղտոտում են երկրի մթնոլորտը։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մահանում օդի աղտոտման հետևանքով։

Առանձին անհատներ, ինչպես նաև ամբողջ համայնքներ և պետական հաստատություններ շարունակում են աղտոտել օվկիանոսները՝ այնտեղ լցնելով կոյուղաջրեր, բժշկական և գյուղատնտեսական թափոններ, պլաստմասսաներ և այլ աղտոտիչներ։ Մի հանրագիտարանում ասվում է. «Այս վտանգավոր աղտոտիչները թունավորում են ծովային կենդանիներին ու բույսերը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ուտում են այդ թունավորված ծովամթերքը» (Encyclopedia of Marine Science)։

Բացի այդ՝ գնալով պակասում են խմելու ջրի պաշարները։ Գիտական նյութերի հեղինակ, բրիտանացի գրող Ռոբին Մակ-Քին հետևյալ նախազգուշացումն է տալիս. «Աշխարհում ջրի ճգնաժամ է, որի հետևանքները վաղ թե ուշ զգալի կլինեն երկրագնդի բոլոր մասերում»։ Պետական գործիչները ընդունում են այն փաստը, որ ջրի սակավությունը հիմնականում մարդածին խնդիր է, և շատ լուրջ վտանգ է ներկայացնում մարդկային հասարակության համար։

Տոռնադո

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՏԱԼԻՍ։ Փոթորիկները, մրրիկները, տոռնադոները, թայֆունները և երկրաշարժերը առաջացնում են կործանարար ջրհեղեղներ, սողանքներ և պատճառում են այլ ավերածություններ։ Այս բնական աղետների պատճառով այսօր ավելի շատ մարդիկ են մահանում կամ մեծ վնասներ կրում։ Միացյալ Նահանգների՝ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության կողմից հրապարակված մի ուսումնասիրության համաձայն՝ այժմ ավելի է մեծացել հավանականությունը, որ կլինեն «ավելի ուժգին փոթորիկներ, խիստ վտանգավոր ջերմային ալիքներ և իրար հաջորդող ուժգին ջրհեղեղներ ու սաստիկ երաշտներ»։ Արդյո՞ք բնությունն իսկապես մահացու հարված կհասցնի մարդկությանը։

Հավանաբար, կարող եք նշել մարդկությանը սպառնացող այլ լուրջ վտանգների մասին ևս։ Բայց որքան էլ խոսենք այսօր տեղի ունեցող բոլոր վատ բաների մասին, միևնույնն է, դա չի օգնի գտնել ապագայի հետ կապված մեզ մտահոգող հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Ոմանք գուցե ասեն, որ քաղաքական գործիչներին և գիտնականներին լսելով էլ չես գտնի այդ հարցերի պատասխանները։ Սակայն, ինչպես նշվեց նախորդ հոդվածում, շատերը գտել են դրանք։ Որտեղի՞ց։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը