Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/1 էջ 4–7
  • Ո՞ւր է ընթանում աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւր է ընթանում աշխարհը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ միասնություն չկա
  • Ի՞նչ է հարկավոր անել
  • Ինչպե՞ս կհաստատվի միասնական աշխարհը
  • Ճշմարիտ երկրպագությունը միասնությամբ է բնորոշվում
    2010 Դիտարան
  • Ո՞ւր է միասնական աշխարհը
    2005 Դիտարան
  • Միասնություն երկրպագության մեջ մեր օրերում. ի՞նչ է այն նշանակում
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
2005 Դիտարան
w05 6/1 էջ 4–7

Ո՞ւր է ընթանում աշխարհը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ։ Որքա՜ն հաճելի է այս միտքը։ Մի՞թե սա չէ յուրաքանչյուրի ցանկությունը։ Այո՛, միասնության մասին շատ է խոսվում։ Այս թեման հաճախ է քննարկվում մեծ ղեկավարների հանդիպումների ժամանակ։ 2000 թ. օգոստոսին ավելի քան 1 000 կրոնական առաջնորդներ հավաքվեցին Հազարամյակի համաշխարհային խաղաղության գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Նյու Յորքում ՄԱԿ–ի նախաձեռնությամբ։ Այնտեղ նրանք փորձեցին գտնել աշխարհը պառակտող հակամարտությունների լուծումը։ Սակայն այդ գագաթնաժողովն ինքնին պառակտված աշխարհի արտացոլանքն էր։ Օրինակ՝ Երուսաղեմի մուֆտիներից (բարձրաստիճան մահմեդական հոգևորական) մեկը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, քանի որ այնտեղ ներկա էր լինելու մի հրեա ռաբբի։ Մյուսները իրենց վրդովմունքն արտահայտեցին, որ Դալայ–​լամային չէին հրավիրել ժողովի առաջին երկու օրերին՝ Չինաստանի դժգոհությունը չհարուցելու մտավախությունից։

2003 թ. հոկտեմբերին համաշխարհային անվտանգության հետ կապված հարցերը քննարկվեցին Խաղաղօվկիանոսյան երկրների ներկայացուցիչների կողմից։ Վերջիններս հավաքվել էին Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որն անցկացվել էր Թաիլանդում։ Ժողովին ներկա 21 երկրները խոստացան միջոցներ ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին վերացնելու ուղղությամբ և համաձայնության եկան այն հարցում, թե ինչ կերպերով կարող են ամրապնդել համաշխարհային անվտանգությունը։ Սակայն գագաթնաժողովի մասնակիցներից մի քանիսը իրենց դժգոհությունն արտահայտեցին մի վարչապետի դիտողությունների կապակցությամբ, որոնք, նրանց խոսքերով, ատելությամբ լի մեղադրանքներ էին հրեաների հասցեին։

Ինչո՞ւ միասնություն չկա

Թեև աշխարհը միավորելու մասին զրույցները շատ են, դրանք, ինչպես տեսնում ենք, իրականում քիչ արդյունքներ են բերում։ Բայց եթե այս ուղղությամբ այդքան մեծ ջանքեր են գործադրվում, ինչո՞ւ մարդկությունը, որ արդեն մտել է 21–րդ դար, չի կարողանում հասնել միասնության։

Այս հարցի պատասխանը մասամբ արտացոլված է ԱԽՏՀ–ի գագաթնաժողովին ներկա վարչապետներից մեկի խոսքերում։ Նա ասել է. «Գոյություն ունի մի բան, որ կոչվում է ազգային հպարտություն»։ Այո՛, հասարակությունը ներծծված է ազգայնամոլությամբ։ Ամեն մի ժողովուրդ և էթնիկական խումբ առաջնորդվում է ինքնորոշման հասնելու ցանկությամբ։ Անկախության ձգտումը մրցակցության ոգու և ագահության հետ մեկտեղ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում։ Շատ հաճախ, երբ հակասություն է առաջանում ազգային և համընդհանուր շահերի միջև, նախապատվությունը տրվում է ազգային շահերին։

Սաղմոսերգուն դիպուկ կերպով ազգայնամոլությունն անվանում է չար, կամ՝ աղետաբեր ‘ժանտամահ’ (Սաղմոս 91։3)։ Այն նման է պատուհասի, որն անասելի տառապանք է բերում մարդկությանը։ Ազգայնամոլությունը, որն այլ ժողովուրդների հանդեպ ատելություն է ծնում, գոյություն ունի դարեր շարունակ։ Այսօր էլ այն բորբոքում է երկպառակության կրակը, որը ղեկավարներն ի վիճակի չեն մարելու։

Բազմաթիվ հեղինակավոր գործիչներ ընդունում են, որ համաշխարհային խնդիրների հիմքում ընկած են ազգայնամոլությունն ու շահամոլությունը։ Օրինակ՝ ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Ու Տանը նշել է. «Այն մեծաթիվ խնդիրները, որ ունենք այսօր, ծագել են սխալ գաղափարների.... պատճառով։ .... Այդպիսի մի գաղափար է նեղ մտածողությամբ պայմանավորված հետևյալ ազգայնամոլական տեսակետը. «Իմ երկիրը միշտ իրավացի է՝ ճիշտ լինի թե սխալ»»։ Ուստի այսօր ազգերը, շահադիտական նպատակներով ամբողջովին կլանված, ավելի ու ավելի են պայքարում իրենց անկախության համար։ Իսկ այն ժողովուրդները, որոնք անկախ են, չեն ցանկանում նույնիսկ աննշան զիջումների գնալ։ Օրինակ՝ «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» օրաթերթում Եվրոպական Միության մասին ասվում է հետևյալը. «Մրցակցությունն ու փոխադարձ վստահության բացակայությունը շարունակում են մնալ Եվրոպայի քաղաքական գործիչների հատկանշական գծերը։ Եվրամիության անդամ երկրների մեծ մասի համար դեռ անընդունելի է, որ իրենցից որևէ մեկը ավելի մեծ ազդեցություն կամ առաջատար դիրք ձեռք բերի»։

Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, միանգամայն ճիշտ ցույց է տալիս, թե ինչի է հանգեցնում մարդկային ղեկավարման ցանկացած ձև. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Աշխարհը բաժանելով առանձին երկրների՝ մարդիկ՝ խմբովի թե անհատապես, համոզվել են աստվածաշնչյան հետևյալ սկզբունքի ճշմարտացիության մեջ. «Ինքնահաճոյ [«զատուող», ծնթ.] մարդը իր ցանկութիւնը կը փնտռէ եւ ամէն խորհուրդի դէմ կը կենայ» (Առակաց 18։1, ԱԱ)։

Մեր Արարիչը, որը լավ գիտի, թե ինչն է օգտակար մեզ համար, երբեք նպատակ չի ունեցել, որ մարդիկ կառավարություններ ստեղծեն և իրենք իրենց ղեկավարեն։ Այդպես վարվելով՝ նրանք անտեսել են Աստծու նպատակը, ինչպես նաև այն փաստը, որ ամեն բան Արարչին է պատկանում։ Սաղմոս 95։3–5-ում ասվում է. «Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։ Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. եւ սարերի բարձրութիւնները նորանն են։ Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը»։ Աստված է օրինական Գերիշխանը, և բոլոր մարդիկ պետք է նրան ընդունեն որպես ղեկավարի։ Ուստի սատար կանգնելով իրենց իշխանությանը՝ ազգերը գործում են նրա կամքին հակառակ (Սաղմոս 2։2)։

Ի՞նչ է հարկավոր անել

Աշխարհը միավորելու միակ ճանապարհը մեկ համաշխարհային կառավարություն ունենալն է, որը կծառայի բոլոր մարդկանց օգտին։ Դրա անհրաժեշտությունը տեսնում են մտածող շատ անհատներ։ Բայց հաճախ նրանք լուծումը փնտրում են սխալ տեղում։ Օրինակ՝ բազմաթիվ մեկնաբաններ, այդ թվում նաև հոգևոր առաջնորդներ, հորդորում են մարդկանց ՄԱԿ–ի հետ կապել միասնական աշխարհի հասնելու հույսերը։ Սակայն մարդկանց կողմից ստեղծված կազմակերպությունները, որքան էլ վեհ գաղափարներ հետապնդելու լինեն, երբեք ի վիճակի չեն եղել լուծելու միջազգային խնդիրները։ Այս կազմակերպությունների մեծ մասը պարզապես արտացոլել է պառակտվածության այն ոգին, որը տիրում է ազգերի միջև։

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս խնդիրների լուծումը չկապել մարդկանց ձեռքով ստեղծված կազմակերպությունների հետ. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ» (Սաղմոս 146։3)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այդպես էլ չի հաջողվի միասնական աշխարհ ստեղծել։ Ոչ մի դեպքում։ Այս խնդիրն ունի՛ լուծում։

Շատերը տեղյակ չեն, որ Աստված արդեն հաստատել է մի կառավարություն, որն ի զորու է միավորելու աշխարհը։ Աստվածաշնչում Եհովա Աստված ասում է. «Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։ Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք» (Սաղմոս 2։6, 8)։ Ուշադրություն դարձրեք, որ, ինչպես նշված է այս համարներում, Եհովան ‘օծել է իր թագավորին’։ Ըստ 7–րդ համարի՝ Աստված նրան անվանում է ‘իմ որդի’։ Դա ոչ այլ ոք է, եթե ոչ Աստծու փառավոր ոգեղեն Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որին իշխանություն է տրված բոլոր ազգերի վրա։

Ինչպե՞ս կհաստատվի միասնական աշխարհը

Մարդկանց մեծամասնությունը չի ընդունում Աստծու կողմից ստեղծված այս երկնային կառավարությունը։ Ազգերը համառորեն կառչում են անկախ լինելու իրենց թվացյալ իրավունքից։ Սակայն Աստված չի հանդուրժի այն անհատներին, ովքեր չեն ցանկանա ճանաչել իր գերիշխանությունը և իր կողմից ստեղծված կառավարությունը։ Սաղմոս 2։9–ում ասվում է, որ Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ‘երկաթի գավազանով կջարդի այդպիսի անձանց և բրուտի ամանի պես կփշրի նրանց’։ Գիտակցաբար, թե ոչ՝ ազգերն այսօր ընթանում են մի ճանապարհով, որը նրանց ընդհարման կտանի Աստծու հետ։ Աստվածաշնչի վերջին գիրքը խոսում է «բովանդակ տիեզերքի թագաւորների» մասին, որոնք հավաքվում են «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար» (Յայտնութիւն 16։14)։ Այս ամենի արդյունքում ազգերն ու նրանց պառակտիչ ուղիները կվերանան։ Ու այդժամ Աստծու կառավարությունը անարգել կիրագործի իր նպատակները։

Լինելով Տիեզերքի Գերիշխան՝ Եհովա Աստված իր Որդու միջոցով իմաստությամբ կգործադրի իր զորությունը՝ կատարելով միասնական աշխարհի հաստատման համար անհրաժեշտ փոփոխությունները։ Աստծու կառավարությունը ճշմարիտ միասնություն և օրհնություն կբերի բոլոր արդարասեր մարդկանց։ Ինչո՞ւ մի քանի րոպե չհատկացնեք, որպեսզի ձեր Աստվածաշնչում կարդաք 72–րդ սաղմոսը։ Այդ սաղմոսում մարգարեաբար նկարագրվում է, թե Աստծու Որդու իշխանությունը ինչ կիրագործի մարդկության համար։ Աշխարհն իսկապես միասնական կլինի, իսկ մարդկանց բոլոր խնդիրները՝ կեղեքումը, բռնությունը, աղքատությունը և այլն, անցյալի գիրկը կանցնեն։

Այսօրվա բաժանված աշխարհում շատերը մտածում են, թե այդ հեռանկարը իրական չէ։ Բայց այդպես մտածելը ճիշտ չէ։ Աստծու խոստումները միշտ կատարվել են ու միշտ էլ կկատարվեն (Եսայիա 55։10, 11)։ Կցանկանայի՞ք տեսնել այդ փոփոխությունները։ Դուք ունե՛ք այդ հնարավորությունը։ Իրականում, արդեն այսօր գոյություն ունի մի ժողովուրդ, որը նախապատրաստվում է միասնական աշխարհում ապրելու։ Այն կազմված է տարբեր ազգերի պատկանող մարդկանցից։ Սակայն նրանք չեն կռվում իրար դեմ, այլ միաբանորեն հպատակվում են Աստծու իշխանությանը (Եսայիա 2։2–4)։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Նրանք հայտնի են «Եհովայի վկաներ» անունով։ Ինչո՞ւ չընդունեք Վկաների հրավերը և չայցելեք նրանց հանդիպումների վայրը։ Ամենայն հավանականությամբ, դուք բավականություն կստանաք՝ շփվելով այն մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել ձեզ հպատակվելու Աստծու իշխանությանը և վայելելու այնպիսի միասնություն, որը երբեք չի խաթարվի։

[Նկարներ 7–րդ էջի վրա]

Բոլոր ազգերից կազմված մի ժողովուրդ նախապատրաստվում է միասնական աշխարհում ապրելու համար

[Նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Saeed Khan/AFP/Getty Images

[Նկար 5–րդ էջի վրա. թույլտվութամբ]

Woman grieving: Igor Dutina/AFP/Getty Images; protesters: Said Khatib/AFP/Getty Images; armored cars: Joseph Barrak/AFP/Getty Images

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը