Ապահովություն գտնել այս անապահով աշխարհում
Ականապատ դաշտով քայլելը վտանգավոր է։ Բայց արդյո՞ք ականների տեղերը ցույց տվող քարտեզը նման դեպքերում օգտակար չի կարող լինել։ Իսկ այժմ, ենթադրենք, որ զանազան ականներ տարբերելու պատրաստություն եք անցել։ Պարզ է, որ Ձեր այդ գիտելիքները համեմատաբար կնվազեցնեն վնասվածք ստանալու կամ զոհվելու հավանականությունը։
Աստվածաշունչ գիրքը հիշեցնում է մի այդպիսի քարտեզ, որին զուգահեռ մեջբերված են զանազան արկերի ճշգրիտ բնութագրումները։ Աստվածաշունչը պարունակում է անգերազանցելի իմաստություն՝ վտանգներից խուսափելու և կյանքում ծագող խնդիրները լուծելու վերաբերյալ։
Ուշադրություն դարձրեք Առակաց 2։10, 11 համարներում գրի առնված խոսքերին. «Իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին. Խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ»։ Այս համարներում հիշատակված իմաստությունն ու խոհեմությունը ոչ թե մարդկային, այլ Աստծո էությանը հատուկ գծեր են։ «Բայց [աստվածային իմաստությանը] լսողը ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը» (Առակաց 1։33)։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող է Աստվածաշունչը նպաստել մեր ապահովությանն ու օգնել խուսափելու բազմաթիվ խնդիրներից։
Խուսափել մահացու պատահարներից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից վերջերս հրատարակված հաշվետվությունները ցույց են տալիս, որ տարեկան համաշխարհային մահացությունը ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով կազմում է 1 171 000։ Մոտ քառասուն միլիոնը տարբեր վնասվածքներ են ստանում, և ավելի քան ութ միլիոն հոգի երկար ժամանակով զրկվում են աշխատունակությունից։
Թեև ղեկի մոտ անհնար է բացարձակ ապահովություն ակնկալել, սակայն անձամբ ինքներս կարող ենք նպաստել մեր ապահովությանը՝ հնազանդվելով երթևեկության կանոններին։ Խոսելով պետական իշխանությունների մասին, որոնց կողմից էլ հենց սահմանված են նման կանոնները, Աստվածաշունչն ասում է. «Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան» (Հռովմայեցիս 13։1)։ Այս խորհրդին ամուր կառչող վարորդները նվազեցնում են դժբախտ պատահարի առջև հայտնվելու վտանգը, որը հաճախ սոսկալի ելք է ունենում։
Ավտոմեքենան զգուշությամբ վարելուն նպաստող մեկ այլ գործոն է՝ հարգանքը կյանքի նկատմամբ։ Աստվածաշունչը Եհովա Աստծո մասին ասում է. «Կեանքի աղբիւրը քեզ մօտ է» (Սաղմոս 36։9)։ Ուստի, կյանքը Աստծո ընծան է։ Հետևաբար, մենք ոչ ոքից իրավունք չունենք այդ ընծան խլելու կամ էլ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կյանքի հանդեպ, ներառյալ նաև մեր սեփական կյանքի (Ծննդոց 9։5, 6)։
Հարգանքը հանդեպ մարդկային կյանքը իր մեջ ներառում է հոգ տանել, որ մեր ավտոմեքենան և տունը հնարավորին չափ ապահով լինեն։ Հին Իսրայելում ապահովությանը մեծ նշանակություն էր տրվում կյանքի բոլոր ասպարեզներում։ Օրինակ՝ Աստծո Օրենքը պահանջում էր, որպեսզի տանիքը, որտեղ հաճախ ժամանակ էր անցկացնում ընտանիքը, շրջանակ՝ եզրապատ ունենար։ «Կտուրիդ շրջանակ շինիր, որ քո տան վերայ արիւն չ’բերես, երբոր մէկը այնտեղից վայր ընկնէ»,— կարդում ենք Բ Օրինաց 22։8–ում։ Եթե որևէ մեկը այնտեղից վայր էր ընկնում և պարզվում էր, որ անվտանգության այդ օրենքը չի պահպանվել, ըստ Աստծո սահմանած օրենքի, տանտերը պատասխանատվության էր ենթարկվում։ Անկասկած, այս սկզբունքը, որն իր հիմքում ունի սեր հատկությունը, կարող է նվազեցնել աշխատանքի վայրում կամ էլ նույնիսկ հանգստի ժամանակ դժբախտ պատահարների թիվը։
Պայքար կործանարար հակումների դեմ
Համաձայն ԱՀԿ–ի՝ ներկայումս աշխարհում ծխողների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիարդ, իսկ տարեկան մահացության չորս միլիոն դեպքերի պատճառը վերագրվում է ծխախոտին։ Ենթադրվում է, որ այդ թիվը հաջորդ քսան–երեսուն տարվա ընթացքում հասնելու է տաս միլիոնի։ Միլիոնավոր այլ ծխողներ, ինչպես նաև նրանք, ովքեր զբաղվում են այսպես կոչված «զվարճացնող» նյութերի օգտագործմամբ, իրենց մոլության պատճառով կքայքայեն իրենց առողջությունն ու կյանքը։
Չնայած Աստծո Խոսքում անմիջականորեն ծխախոտին և թմրանյութերին վերաբերող որևէ զգուշացում չկա, սակայն նրանում պարունակված սկզբունքները կարող են օգնել մեզ հեռու մնալ դրանցից։ Օրինակ՝ Բ Կորնթացիս 7։1 խոսքն ասում է. «Մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից»։ Կասկած չկա, որ ծխախոտն ու թմրանյութերը պղծում, ապականում են մարդու մարմինը տարբեր վնասակար քիմիական տարրերով։ Իսկ Աստված կամենում է, որ մեր մարմինները «սուրբ» լինեն, այսինքն՝ մաքուր ու անարատ (Հռովմայեցիս 12։1)։ Համաձայն չե՞ք արդյոք, որ վերոհիշյալ սկզբունքների կիրառումը նշանակալից չափով կարող է նվազեցնել մարդու կյանքին սպառնացող վտանգը։
Հաղթահարել վնասակար սովորությունները
Շատերը սխալ սովորություններ ունեն ուտելիքի ու խմիչքի գործածության հետ կապված։ Շատակերությունը երբեմն շաքարախտի, քաղցկեղի և սիրտ–անոթային հիվանդությունների պատճառ է դառնում։ Ոգելից խմիչքների չարաշահումն իր հերթին հավելյալ խնդիրներ է առաջացնում՝ պատճառ դառնալով գինեմոլության, լյարդի ցիռոզի, խորտակված ընտանիքների, ճանապարհային պատահարների։ Սակայն, մեկ այլ ծայրահեղություն է չափից դուրս ծանր դիետաներ պահելը, որոնք նույնպես կարող են վնասակար լինել՝ պատճառ դառնալով մեկ ուրիշ վտանգավոր հիվանդության՝ անորեքսիայի (ախորժակի բացակայություն)։
Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ, սակայն, չնայած դրան, ճիշտ խորհուրդներ է տալիս չափավոր ուտելու և խմելու վերաբերյալ։ «Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը։ Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։ Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան» (Առակաց 23։19–21)։ Սակայն Աստվածաշունչն ասում է նաև, որ ուտելն ու խմելը մարդուն պետք է ուրախություն պատճառեն ու նրան հաճելի լինեն։ «Ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։13)։
Աստվածաշունչը խրախուսում է նաև չափավոր ֆիզիկական վարժությունները՝ համաձայնելով, որ «մարմինի մարզանքները որոշ բաներու օգտակար են», սակայն ավելացնում է նաև, որ «աստուածապաշտութիւնը ամէն բանի օգտակար է, քանի կը խոստանայ կեանք տալ՝ թէ՛ այս աշխարհի եւ թէ՛ հանդերձեալի մէջ» (Ա Տիմոթէոս 4։8, ՆԿ–ի ՆԱԹ)։ Գուցե հարցնեք՝ ինչո՞վ է աստվածապաշտությունն օգտակար այսօր։ Շատ հարցերում։ Մարդու համար անչափ կարևոր հոգևոր ուղեցույց լինելուց բացի, աստվածապաշտությունը մարդու մեջ սերմանում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, ինքնատիրապետումը, որոնք լավատեսության ու ամուր առողջության հիմք են հանդիսանում (Գաղատացիս 5։22, 23)։
Անբարոյականության դառը պտուղները
Հազարավոր մարդիկ այսօր ոտնահարում են բարոյական շրջանակները։ Հետևանքներից մեկը ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշ) վարակիչ հիվանդությունն է։ ԱՀԿ–ի համաձայն՝ ՁԻԱՀ–ի տարածումից ի վեր տասնվեց միլիոն մարդ է մահացել, իսկ երեսունչորս միլիոն հոգի ՄԻԱՎ–ի (Մարդու իմունոանբավարարության վիրուս, ՁԻԱՀ–ի հարուցիչի) կրողներ են հանդիսանում։ ՁԻԱՀ–ով հիվանդներից շատերն այն ձեռք են բերել խառնակ սեռային կյանք վարելու, վարակված ասեղներով թմրադեղեր ընդունելու կամ էլ աղտոտված արյան ներարկման պատճառով։
Բարոյականության կորստի այլ հետևանքներից են հերպեսը, սուսանակը, հեպատիտ B և C, ինչպես նաև սիֆիլիս հիվանդությունները։ Թեև նման բժշկական տերմիններ չեն օգտագործվել աստվածաշնչյան ժամանակներում, սակայն մարդիկ տեղյակ են եղել, թե ո՛ր օրգաններն են վնասվում սեռային ճանապարհով փոխանցվող այն ժամանակ տարածված հիվանդություններից։ Օրինակ՝ Առակաց 7։23–ում նկարագրվում է պոռնկության սոսկալի հետևանքը, թե՝ ‘նետը ճեղքում է լյարդը’։ Սիֆիլիսն ու հեպատիտը վնասում են լյարդը։ Որքա՜ն ժամանակահարմար է հնչում Աստվածաշնչի խորհուրդը, որ քրիստոնյաները հեռու մնան «արյունից և պոռնկությունից» (Գործք 15։28, 29)։
Փողասիրության ծուղակը
Միանգամից մեծ կարողություն դիզելու նպատակով՝ շատերը վտանգավոր ձեռնարկումների մեջ են մտնում։ Ցավալի է, բայց նման վտանգների դիմելը հաճախ ֆինանսական կորստի է հասցնում։ Աստծո ծառաներին Աստվածաշունչն ասում է. «Թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մէջ է» (Եփեսացիս 4։28)։ Ճիշտ է, քրտնաջան աշխատողը միշտ չէ որ հարստանում է, սակայն նրա հոգում անդորր է, նա չի զգում ինքնահարգանքի պակաս, և բացի այդ նա, թերևս, ի վիճակի է որոշ գումար խնայել արժանի նպատակների ծառայեցնելու համար։
Աստվածաշունչը զգուշացնում է. «Ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում–տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ, որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է, որին ոմանք ձգտելով՝... իրենք իրենց գցեցին բազում ցաւերի մէջ» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Մենք չենք ժխտում, որ շատերը, «ովքեր հարստանալ են ուզում», իրոք հասնում են իրենց նպատակին, սակայն ի՞նչ գնով։ Մի՞թե չի տուժում իրենց առողջությունը, ընտանիքը, չի տուժում նրանց հոգևոր վիճակը, և նույնիսկ սեփական քունը չի խախտվում (Ժողովող 5։12)։
Իմաստուն անձնավորությունը գիտակցում է, որ «մարդու կեանքը իր կուտակած հարըստութեան մէջ չէ» (Ղուկաս 12։15)։ Ճիշտ է, առանց փողի ու որոշակի հարստության հասարակությունը չի կարող գոյատևել. Աստվածաշունչը նույնիսկ ասում է, որ «արծաթը հովանի» է, սակայն ավելացնում է նաև, որ «գիտութեան շահը [այն] է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը» (Ժողովող 7։12)։ Ի տարբերություն փողի կամ՝ արծաթի՝ գիտությունն ու իմաստությունը կարող են օգնել բոլոր իրավիճակներում, և հատկապես այն հարցերում, երբ խոսքը վերաբերում է մեր կյանքին (Առակաց 4։5–9)։
Երբ միայն իմաստությունը «կապրեցնի» մեզ
Իսկական իմաստությունը շուտով չտեսնված ձևով ‘ապրեցնելու է իր տերերին’ արագ մոտեցող «մեծ նեղության» օրը, երբ Աստված կկործանի չարերին (Մատթէոս 24։21)։ Ահա, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին, թե՝ մարդիկ այդ օրերին իրենց արծաթը փողոցները պիտի գցեն և իրենց ‘ոսկին անարգանք պիտի դառնա’։ Ինչո՞ւ։ Քանի որ իրենց դառը փորձով կհասկանան, որ Եհովայի «բարկութեան օրը» ոսկին ու արծաթը չեն կարող փրկել իրենց կյանքը (Եզեկիէլ 7։19)։ Սակայն կլինի մի «մեծ բազմություն», որը, խոհեմություն ցուցաբերելով, ‘գանձեր է դիզել երկնքում’՝ կյանքում առաջնային տեղ տալով հոգևորին։ Այդ բազմությունը օգուտ է քաղելու այդ հուսալի «ներդրումից» և դրախտ երկրի վրա հավիտենական կյանք է ստանալու (Յայտնութիւն 7։9, 14; 21։3, 4; Մատթէոս 6։19, 20)։
Ինչպե՞ս կարող ենք հասնել նման ապահով ապագայի։ Այս հարցին ժամանակին պատասխանել է Հիսուսը՝ ասելով. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3, ԱԹ)։ Միլիոնավոր մարդիկ այդ գիտությունը ստացել են Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից։ Այս մարդիկ ոչ միայն ապագայի համար այդ հրաշալի հույսն ունեն, այլ նաև այսօր են որոշակի չափով խաղաղություն և ապահովություն վայելում կյանքում։ Այդ հոգեկան անդորրը կարելի է համեմատել սաղմոսերգուներից մեկի ունեցածի հետ. նա գրել է. «Խաղաղութիւնով կ’պառկիմ եւ կ’քնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում» (Սաղմոս 4։8)։
Կա՞ արդյոք որևէ այլ աղբյուր, որ իր տեղեկություններով ի վիճակի լինի Աստվածաշնչից ավելի լավ նպաստել մարդու առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգների նվազեցմանը։ Աշխարհում ոչ մի գիրք Աստվածաշնչի հեղինակությունը չունի, և ոչ մի գիրք չի կարող օգնել Ձեզ իսկական ապահովություն գտնել այս անապահով աշխարհում։ Ինչո՞ւ չշարունակեք Ձեր ուսումնասիրությունը։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
Առողջության բարելավում և ապահովություն՝ շնորհիվ Աստվածաշնչի
Դառն իրականությունից փախչելու նպատակով Ժանa անունով մի երիտասարդ կին օգտագործում էր մարիհուանա, ծխախոտ, կոկաին, ամֆետամին, ԼՍԴ ու այլ թմրանյութեր։ Բացի այդ՝ մոլի խմող էր։ Ինչպես ինքն է ասում՝ ամուսինն էլ մի լավ վիճակում չէր։ Ապագան, ինչ խոսք, ոչ մի լավ բան չէր խոստանում։ Բայց ահա շուտով Ժանը հանդիպում է Եհովայի վկաներին, սկսում է այցելել նրանց քրիստոնեական հանդիպումներին, «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերն ընթերցում՝ ամուսնուն ևս տալով դրանք։ Ապա, երկուսն էլ սկսում են Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ։ Գնահատանք ձեռք բերելով Եհովայի բարձր չափանիշների հանդեպ՝ այս ամուսինները վերջ են դնում ամեն տեսակի չարաշահումներին։ Ահա թե ինչ է գրում Ժանը մի քանի տարի անց. «Մեր նոր կյանքը մեծ ուրախություն է բերել մեզ։ Այնքա՜ն երախտապարտ ենք Եհովային նրա Խոսքի մաքրող զորության ու այն ազատ ու առողջ կյանքի համար, որ այժմ ի վիճակի ենք վարել ես ու ամուսինս»։
Թե ինչ արժեք ունի ազնվությունը աշխատանքում՝ կարող ենք տեսնել Կուրտի հետ պատահած հետևյալ դեպքից։ Ձեռնարկությունում Կուրտին հանձնարարված էր հետևել համակարգչային սիստեմի աշխատանքին։ Մի առիթով նոր սարքի անհրաժեշտություն է առաջանում, և ձեռնարկատերը Կուրտին է վստահում շահավետ գնով այն հայթայթելու գործը։ Կուրտը գտնում է համապատասխան մատակարարող և նրա հետ համաձայնության գալիս գնի հարցում։ Սակայն գրավոր ձևակերպման մեջ մատակարարողի գործակատարը սխալմամբ սարքի գինը գրեթե 40 000 ամերիկյան դոլարով պակաս է գրում։ Նկատելով սխալը՝ Կուրտը զանգահարում է այդ ընկերություն։ Մենեջերը զարմացած պատասխանում է, որ իր աշխատանքի քսանհինգ տարիների ընթացքում նա դեռ չի հանդիպել նման ազնիվ արարքի։ Կուրտը բացատրում է, որ իր խիղճը նա դաստիարակել է Աստվածաշնչի սկզբունքներին համապատասխան։ Զրույցի վերջում ընկերության մենեջերը գործի մեջ ազնիվ լինելու վերաբերյալ «Արթնացե՛ք» պարբերականի երեք հարյուր օրինակ է խնդրում՝ նպատակ ունենալով դրանք իր գործընկերներին բաժանել։ Հարկ է նշել նաև, որ այդ դեպքից հետո Կուրտի պաշտոնը բարձրացվեց։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկար 7–րդ էջի վրա]
«Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը»