Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 18–21
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 11/1 էջ 18–21

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ի՞ՆՉԸ մղեց ապստամբ զինյալին ու գողին փոխելու իր կյանքը։ Մարտարվեստի չեմպիոնը ինչո՞ւ որոշեց փոխել իր նպատակները։ Ինչպե՞ս վարձատրվեց հայրը, որը հույսը չկտրեց իր որդուց։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Չնայած իմ մռայլ անցյալին՝ ես երջանիկ եմ» (ԳԱՐԻ ԱՄԲՐՈՍԻՈ)

ՏԱՐԻՔԸ՝ 47

ԵՐԿԻՐԸ՝ ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱՊՍՏԱՄԲ ԶԻՆՅԱԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ մի փոքր քաղաքում, որը կոչվում է Վինտար։ Մեր տունը գտնվում էր կանաչ լեռներով շրջապատված ընդարձակ հովտում։ Օդը թարմ էր ու մաքուր։ Այնտեղ վճիտ ու զուլալ գետեր էին հոսում։ Բնությունը խաղաղ էր։ Սակայն կյանքը լի էր դժվարություններով։ Այդ պատճառով մարդիկ դիմում էին անօրենությունների։ Մի անգամ էլ գողացան մեր անասուններին և թալանեցին մեր տունը։

Պատանի հասակում արդեն սկսել էի խմել ու ծխել ընկերներիս հետ։ Նաև գողություն էի անում խմիչքի ու ծխախոտի փող ունենալու համար։ Մի անգամ նույնիսկ տատիկիս զարդերը գողացա։ Զինվորները կասկածում էին, որ «Նոր ժողովրդի բանակ» (NPA) խմբավորման անդամ եմ և դրա համար ինձ հաճախ դաժանորեն ծեծում էին։ Ու մի օր էլ որոշեցի միանալ այդ խմբավորմանը և հինգ տարի նրանց հետ ապրեցի լեռներում։ Կյանքը դաժան էր. անընդհատ փախուստի մեջ էինք։ Ի վերջո, հոգնեցի լեռներում թաքնվելուց և հանձնվեցի Իլոկոս Նորտեի կառավարությանը։ Ինձ հետ լավ վերաբերվեցին, նույնիսկ օգնեցին գտնելու հարմար աշխատանք։ Սակայն ես չէի թողել իմ վատ սովորությունները՝ տներ էի կողոպտում ու մարդկանց սպառնում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Իմ աշխատավայրում Լոիդա անունով մի կին կար, որը Եհովայի վկա էր։ Նրա միջոցով ծանոթացա Հովենսիոյի հետ, և նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ։ Բայց իմ նախկին ապրելակերպից չէի կարողանում հրաժարվել։ Ես միայն Հովենսիոյի ներկայությամբ՝ ուսումնասիրության ժամանակ էր, որ չէի ծխում։ Շարունակում էի հանցագործ կյանքով ապրել։ Մի օր ոստիկանները բռնեցին ինձ և հաջորդ 11 ամիսները անցկացրի բանտում։ Այդ ընթացքում աղոթում էի Եհովային, աղաչում էի, որ օգնի։ Խնդրում էի, որ ների ինձ և իր սուրբ ոգով առաջնորդի ու զորացնի։

Որոշ ժամանակ անց մի Եհովայի վկա այցելեց ինձ բանտում և Աստվածաշունչ տվեց։ Սկսեցի կարդալ այն։ Հասկացա, որ Եհովան ողորմած է, սիրառատ և ներողամիտ. նա ողորմած է նաև իմ հանդեպ, քանի որ հնարավորություն տվեց ինձ ճանաչելու իրեն։ Նրանից խնդրեցի, որ ուժ տա՝ պայքարելու իմ վատ սովորությունների դեմ։ Ինձ վրա մեծ ազդեցություն թողեցին Առակներ 27։11-ի խոսքերը։ Երբ կարդացի, ասես Եհովան անձամբ ասաց ինձ այդ խոսքերը։ Այնտեղ գրված էր. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ»։

Բանտից դուրս գալուց հետո կապ հաստատեցի Վկաների հետ, սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, հաճախել նրանց ժողովի հանդիպումներին և Աստվածաշնչի սկզբունքները կիրառել կյանքում։ Վերջապես, Եհովայի օգնությամբ ձերբազատվեցի վատ սովորություններից և հետո կյանքս նվիրեցի նրան։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Չնայած իմ մռայլ անցյալին՝ ես երջանիկ եմ։ Նախկինում վատ սովորությունների գերին էի, բայց հիմա նոր անձնավորություն եմ դարձել (Կողոսացիներ 3։9, 10)։ Պատիվ ունեմ ընկերակցելու Աստծու մաքուր ժողովրդի հետ և օգնելու մարդկանց ճանաչել Ամենակարող Աստված Եհովային։

«Ուզում էի ներկայացնել Բրազիլիան» (ՋՈՒԼԻԱՆԱ ԱՊԱՐԵՍԻԴԱ ՍԱՆՏԱՆԱ ԷՍԿՈՒԴԵՅՐՈ)

ՏԱՐԻՔԸ՝ 31

ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Լոնդրինա քաղաքում։ Թեև այնտեղի բնակիչների մեծ մասն աղքատ էր, սակայն քաղաքը մաքուր էր և խաղաղ։ Երբ տասը տարեկան էի, մեծ եղբայրս առաջարկեց իր հետ թաեքվոնդոյի մարզումների գնալ։ Հայրս դեմ էր, բայց հետո համակերպվեց։

Ես շատ էի մարզվում։ Շուտով Պարանա նահանգում մի շարք մրցույթների մասնակցեցի և չեմպիոն դարձա։ Հետագայում հաղթեցի ազգային առաջնության ժամանակ և 1993 թ.-ին Բրազիլիայի թաեքվոնդոյի առաջնության չեմպիոն դարձա։ Մեծ ցանկություն ունեի մասնակցելու միջազգային մրցույթներին։ Սակայն իմ ընտանիքը բավականաչափ միջոցներ չուներ՝ վճարելու իմ ճանապարհածախսը։

Հույս ունեի, որ մի օր թաեքվոնդոն կընդգրկվի Օլիմպիական խաղերի մեջ։ Եվ վերջապես այդ օրը եկավ։ Ուզում էի Օլիմպիական խաղերին ներկայացնել Բրազիլիան, ուստի շատ էի մարզվում։ Հովանավորների շնորհիվ կարողացա մասնակցել մրցումների Ֆրանսիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում, ինչպես նաև Հարավ Ամերիկյան խաղերին։ Հաջորդ նպատակս էր մասնակցել Պանամերիկյան խաղերին, և այնքան լավ էի պատրաստվել, որ ընդգրկվեցի այն երեք լավագույնների մեջ, որոնք պետք է 2003-ին մրցեին Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն)։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 2001 թ.-ին ես և ընկերս հանդիպեցինք Եհովայի վկաների ու նրանց օգնությամբ սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սկզբում դա ինձ այդքան էլ չէր հետաքրքրում։ Միշտ հոգնած էի լինում, չէի կարողանում կենտրոնանալ և ուսումնասիրության ընթացքում քնում էի։ Այնուամենայնիվ, Աստվածաշնչից սովորածս հասել էր սրտիս. դա պարզ դարձավ իմ հաջորդ մրցույթի ժամանակ։

Նախքան Պանամերիկյան խաղերին մասնակցելը մարզիչներս ստիպեցին մասնակցել թաեքվոնդոյի նախապատրաստական մրցումներին։ Մրցույթի ժամանակ երբ եկավ իմ հերթը, կանգնեցի հարթակին ու մնացի անշարժ։ Այդ պահին հանկարծ հասկացա, որ քրիստոնյան չպետք է կռվի, անգամ եթե դա պարզապես մարզաձև է։ Միտքս եկավ Աստծու պատվերը՝ «մերձավորիդ սիրիր քո անձի պես» (Մատթեոս 19։19)։ Այն, ինչ նախկինում մղում էր ինձ մասնակցելու մրցույթներին, այլևս չկար։ Առանց երկմտելու՝ շրջվեցի ու հեռացա։ Բոլորը տարակուսած ինձ էին նայում։

Երբ տուն հասա, նստեցի ու սկսեցի մտածել, թե ինչ եմ անելու։ Ձեռքս առա «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից), սկսեցի թերթել այն և աչքս ընկավ Սաղմոս 11։5-ից մեջբերված խոսքերին, որտեղ Եհովայի մասին ասվում է. «Բռնություն սիրողին ատում է Նրա հոգին»։ Այս խոսքերը հասան նշանակետին. որոշեցի թողնել թաեքվոնդոն։

Որոշումս զայրացրեց իմ մարզիչներին։ Նրանք փորձեցին փոխել այն՝ հավատացնելով, որ երկրի ամենալավ մարզիկն եմ, և գրեթե հասել եմ իմ երազանքին՝ մասնակցել Օլիմպիական խաղերին։ Բայց ես իմ վճիռն արդեն կայացրել էի։

Այդ ժամանակ ես ու ընկերս արդեն ամուսնացել էինք։ Նա Եհովայի վկաների հետ քարոզում էր մարդկանց։ Ամեն անգամ ուրախ գալիս էր տուն և պատմում, թե ինչ զրույցներ է ունեցել տարբեր մարդկանց հետ։ Գիտեի, որ նման առանձնաշնորհում ունենալու համար պետք է փոխեմ ապրելակերպս։ Ուստի հրաժարվեցի իմ նախկին կրոնից և կյանքս համապատասխանեցնելով Աստվածաշնչի չափանիշներին՝ մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես ու ամուսինս շատ երջանիկ ենք և միասնական, քանի որ ջանում ենք Աստվածաշնչի սկզբունքները կիրառել մեր կյանքում։ Ես հաճույքով աջակցում եմ նրան՝ օգնելու այն ժողովին, ուր մենք հաճախում ենք։ Ճիշտ է, կարող էի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ ստանալ ու ճանաչում ձեռք բերել, սակայն այս անարդար աշխարհի կողմից առաջարկված ոչ մի չի կարող համեմատվել Եհովա Աստծուն ծառայելու առանձնաշնորհման հետ։

«Հայրս ինձնից հույսը չկտրեց» (ԻՆԳՈ ՑԻՄԵՐՄԱՆ)

ՏԱՐԻՔԸ՝ 44

ԵՐԿԻՐԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԴԻՍԿՈՏԵԿՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Գելզենկիրխեն քաղաքում, որտեղ շատ ածխի հանքեր կան։ Ընտանիքս կրոնապես բաժանված էր։ Հայրս Եհովայի վկա էր։ Բայց մայրս Վկա չէր և թույլ չէր տալիս, որ նա ինձ, եղբորս և երկու քույրերիս իր կրոնական համոզմունքների համաձայն դաստիարակի։ Հայրս բեռնատարի վարորդ էր։ Օրը տասը ժամ էր աշխատում, երբեմն էլ ավելի երկար։ Հաճախ աշխատանքի էր գնում գիշերվա ժամը երկուսին կամ երեքին։ Սակայն միշտ հոգևորապես կրթում էր մեզ։ Բայց ես չէի գնահատում նրան։

Երբ 15 տարեկան էի, ինձ համար ձանձրալի դարձան կրոնական հանդիպումները, ուր գնում էի հորս հետ։ Ես դադարեցի հանդիպումներին մասնակցելուց և մեկ տարի անց սկսեցի հաճախել բռնցքամարտի մարզումների։ Հաջորդ երկու տարիների ընթացքում ինձ այնպես էի պահում, որ հայրս ծերացավ։ Երբ 18 տարիս լրացավ, ես հեռացա տնից։

Շատ էի սիրում սպորտը։ Շաբաթը վեց անգամ գնում էի մարզումների, սկզբում՝ բռնցքամարտի, հետո՝ ծանրամարտի։ Շաբաթ և կիրակի օրերը ես ու ընկերներս դիսկոտեկներում էինք անցկացնում։ Մի անգամ ահազդու տեսք ունեցող մի հաճախորդի հետ կռվի բռնվեցի, բայց հեշտությամբ հաղթեցի նրան։ Տնօրենը նկատեց և առաջարկեց ինձ դառնալ դիսկոտեկի անվտանգության աշխատակից։ Աշխատավարձս բարձր էր լինելու, ուստի համաձայնվեցի։

Շաբաթ և կիրակի օրերին կանգնում էի այդ դիսկոտեկի մուտքի մոտ ու որոշում՝ ում թույլ տալ մտնել, և ում՝ ոչ։ 1000-ից ավել մարդ էր հավաքվում այնտեղ, այնպես որ պարապ չէի մնում։ Կռիվները սովորական բան էին։ Ինձ սպառնում էին ջարդած շշերով և նույնիսկ ատրճանակով։ Ոմանք, ում թույլ չէի տալիս մտնել դիսկոտեկ կամ դուրս էի շպրտում այնտեղից, փողոցում սպասում էին, որ վրեժ առնեին ինձնից։ Այդ ժամանակ քսան տարեկան էի, ու իմ կարծիքով՝ անպարտելի էի։ Իրականում անկառավարելի բնավորություն ունեի, ագրեսիվ էի, հպարտ, փառասեր ու համառ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Հայրս երբեք հույսը չկտրեց ինձանից։ Նա հոգ էր տարել, որ միշտ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերa ստանամ։ Սակայն ես չէի կարդում։ Դրանք կիտվել էին իմ սենյակում։ Մի օր որոշեցի թերթել դրանցից մի քանիսը։ Կարդալով այն մասին, թե ինչպես են ներկայիս քաղաքական, տնտեսական և կրոնական համակարգերը ոչնչանալու՝ որոշեցի զանգել քրոջս։ Նա և իր ամուսինը Եհովայի վկաներ էին։ Նրանք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին, և ես համաձայնվեցի։

Գաղատացիներ 6։7-ում գրված սկզբունքը մղեց ինձ կյանքս փոխելու։ Ես իմ փորձից գիտեի, որ այն, ինչ ասում, անում և որոշում եմ այսօր, ձևավորում է վաղվա իմ կյանքը։ Ինձ համար քաջալերական էր նաև Եսայիա 1։18-ում գրված հրավերը, որտեղ ասվում է. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները,— ասում է Եհովան։— Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան»։ Այս խոսքերը ուսումնասիրության հենց սկզբից օգնեցին, որ ինձ անարժեք չզգամ և չմտածեմ, թե հետ դարձի ճանապարհ չկա։

Վեց ամսվա ընթացքում մեծ փոփոխություններ արեցի իմ կյանքում, և դա, ինչ խոսք, հեշտ չէր։ Ես պետք է դուրս գայի վատ շրջապատից։ Ուստի ընկերներիս ասացի, որ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում, ու սկսեցի սովորածս նրանց էլ պատմել։ Նրանք սկսեցին խուսափել ինձնից։ Ինձ տերտեր էին անվանում։

Հետո քրոջս օգնությամբ ավելի հարմար աշխատանք գտա։ Սկսեցի հաճախել ժողովի հանդիպումներին այն Թագավորության սրահում, որտեղ քույրս ու նրա ամուսինն էին հաճախում, թեև այն 30 կիլոմետր հեռու էր։ Իմ տան մոտ Թագավորության սրահ կար, բայց այնտեղ չէի գնում, քանի որ կարող էի հանդիպել մարդկանց, ում ճանաչում էի մանկուց։ Նաև վախենում էի քարոզել ու տնետուն ծառայության գնալ իմ բնակավայրում։ Չէի ուզում հանդիպել մեկին, ում դիսկոտեկից դուրս էի շպրտել, կամ մեկին, ում թմրադեղեր էի տվել։ Սակայն իմ սպորտային մարզումներից մի դաս էի սովորել. ամենադժվար վարժությունները ամենաանհրաժեշտն են։ Ուստի հենց որ համապատասխանեցի քարոզիչ լինելու չափանիշներին, հնարավորինս շատ սկսեցի մասնակցել քարոզչությանը։

Մեկ ուրիշ դժվարություն էլ կար, որ պետք է հաղթահարեի. չէի սիրում կարդալ, առավել ևս ուսումնասիրել։ Բայց գիտեի, որ ամուր հավատ ունենալու համար պետք է ջանքեր գործադրեմ և Աստվածաշնչի ճշմարտությունը խորությամբ ուսումնասիրեմ։ Հասկացա, որ եթե ուզում եմ ուժեղ լինել, շատ ջանք պիտի թափեմ, ինչպես անում է ծանրորդը։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ամենամեծ օգուտն այն է, որ ես ողջ եմ։ Շարունակում եմ հսկել ինձ, որպեսզի թուլություններս գլուխ չբարձրացնեն։ Ամուսնացած եմ հրաշալի քրիստոնյայի հետ։ Ես ու կինս վայելում ենք երջանիկ ընտանեկան կյանք։ Եհովայի վկաների մեջ իսկական ընկերներ ունեմ, որոնց կարող եմ լիովին վստահել։ Ցավոք, հինգ տարի առաջ հայրս մահացավ, բայց ես ուրախ եմ, որ մինչ այդ նա տեսավ որդու վերադարձը։

[ծանոթագրություն]

a Հրատարակվում են Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը