Մեր ընթերցողները հարցնում են
Նոյի օրերի Ջրհեղեղը իրո՞ք համաշխարհային ջրհեղեղ էր
Նոյի օրերի Ջրհեղեղը տեղի է ունեցել ավելի քան 4 000 տարի առաջ։ Ուստի ոչ մի ականատես չկա, որը կարող է այդ մասին պատմել մեզ։ Սակայն այդ աղետի մասին գրավոր արձանագրություն կա, որում նշվում է, որ ջրերը ծածկել են այդ ժամանակվա ամենաբարձր լեռը։
Պատմական մի արձանագրության մեջ կարդում ենք. «Ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ.... Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։ Ջրերը տասնեւհինգ կանգուն [մոտ 6,5 մետր] վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան» (Ծննդոց 7։17–20)։
Ոմանք գուցե մտածեն, որ ամբողջ երկիրը ջրով ծածկվելու մասին այս պատմությունը լեգենդ է կամ առնվազն չափազանցություն։ Սակայն դա այդպես չէ։ Իրականում երկրագնդի մեծ մասը դեռևս ծածկված է ջրով։ Ծովերի ջրերը ծածկում են երկրի մակերևույթի մոտավորապես 71 տոկոսը։ Ուստի կարելի է ասել, որ Ջրհեղեղից մնացած ջրերը դեռևս գոյություն ունեն։ Եվ եթե սառցադաշտերն ու հյուսիսային սառույցները հալվեին, ծովի մակարդակը այնքան կբարձրանար, որ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Նյու Յորքը և Տոկիոն, ջրի տակ կանցնեին։
Միացյալ Նահանգների հյուսիս արևմտյան տարածքներն ուսումնասիրող երկրաբանների կարծիքով՝ հնում մոտ 100 կործանարար ջրհեղեղներ են տեղի ունեցել այդ տարածքում։ Նրանց կարծիքով՝ տեղանքներից մեկում այդպիսի մի ջրհեղեղի ժամանակ 600 մետր բարձրության մի մեծ ալիք, որը կշռել է ավելի քան երկու տրիլիոն տոննա, հարվածել է այդ վայրին՝ ընթանալով 105 կմ/ժ արագությամբ և ծածկելով 2 000 խորանարդ կիլոմետր տարածություն։ Ուսումնասիրելով այդպիսի հայտնաբերություններ՝ ուրիշ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ հնարավոր է համաշխարհային ջրհեղեղ տեղի ունեցած լինի։
Սակայն այն անհատների համար, որոնք հավատում են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, համաշխարհային ջրհեղեղը պարզապես հավանական բան չէ։ Դա փաստ է։ Աստծուն աղոթելիս Հիսուսն ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց, որ Աստված կամենում է, որ «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Ինչպե՞ս կարող էր Պողոսը Հիսուսի հետևորդներին սովորեցնել Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտությունը, եթե Աստծու Խոսքը առասպելների գիրք լիներ։
Հիսուսը ոչ միայն հավատում էր, որ Ջրհեղեղը տեղի է ունեցել, այլև հավատում էր, որ այն համաշխարհային է եղել։ Իր ներկայության և իրերի այս համակարգի վախճանի մասին մարգարեանալիս նա մեր օրերում տեղի ունենալիք իրադարձությունները համեմատեց Նոյի օրերի հետ (Մատթեոս 24։37–39)։ Պետրոս առաքյալը նույնպես նշեց Նոյի օրերի Ջրհեղեղի մասին՝ գրելով. «Որոնց միջոցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց» (2 Պետրոս 3։6)։
Եթե Նոյը առասպելական կերպար է, իսկ համաշխարհային ջրհեղեղը լեգենդ է, ապա Պետրոսի և Հիսուսի զգուշացումները, որոնք ուղղված են վերջին օրերում ապրող մարդկանց, անիմաստ են։ Այդպիսի մտքերը, նախազգուշացնելու փոխարեն, կշփոթեցնեին մարդկանց, և վտանգի տակ կդրվեր այն, որ նրանք կարող են վերապրել մի նեղությունից, որն ավելի մեծ է լինելու, քան Նոյի օրերի Ջրհեղեղն էր (2 Պետրոս 3։1–7)։
Խոսելով իր ժողովրդի հանդեպ շարունակաբար ողորմած լինելու մասին՝ Աստված ասաց. «Երդում արի, թէ այլ եւս պիտի չ’անցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չ’բարկանամ եւ չ’յանդիմանեմ»։ Ուստի, ինչպես որ Նոյի օրերի Ջրհեղեղը ծածկեց ողջ երկիրը, այնպես էլ Աստված սիրառատ բարություն կդրսևորի նրանց հանդեպ, ովքեր վստահում են իրեն (Եսայիա 54։9)։