Աստվածաշնչի ուսումնասիրության լրացուցիչ նյութեր
Դաս համար 1. Ճանապարհորդություն Ավետյաց երկրով
Տարբեր շրջանները և դրանց տեղագրությունը՝ լեռները և հովիտները, գետերն ու լճերը, նաև կլիման, երկրաբանությունը և զանազան բուսականությունը։
1. ա) Ինչո՞ւ է «Ավետյաց երկիր» անունը համապատասխան։ բ) Ո՞ր հրաշալի հույսի մասին լավ կլինի հիշել այս երկրի աշխարհագրական առանձնահատկությունները ուսումնասիրելիս։
ԱՎԵՏՅԱՑ երկրի սահմանները դրել է Եհովա Աստված (Ելք 23։31; Թվեր 34։1–12; Հեսու 1։4)։ Դարերի ընթացքում շատերը այդ տարածքը Պաղեստին են կոչել։ Այս անունը ծագում է լատիներեն Պաղեստինա և հունարեն Պաղայստինե բառերից։ Հունարեն բառը ծագում է եբրայերեն Պեղեշեթ բառից։ Եբրայերեն Գրություններում Պեղեշեթ բառը թարգմանվում է «Փղշտիա», որը բացառապես վերաբերում է այն տարածքին, որը բնակեցված էր փղշտացիներով՝ Աստծու ժողովրդի թշնամիներով (Ելք 15։14)։ Սակայն քանի որ Եհովան խոստացել էր այս երկիրը տալ հավատարիմ Աբրահամին ու նրա հետնորդներին, «Ավետյաց երկիր», կամ՝ «խոստացված երկիր» անունը համապատասխան է (Ծննդ. 15։18; 2 Օրենք 9։27, 28; Եբր. 11։9)։ Չնայած այս երկիրը փոքր տարածք է զբաղեցնում, այն աչքի է ընկնում աշխարհագրական բազմազանությամբ։ Այս տարածքում կան այնպիսի առանձնահատկություններ, որոնք հանդիպում են Երկիր մոլորակի տարբեր անկյուններում։ Եթե Եհովան իր վաղեմի վկաներին որպես ժառանգություն տվեց այդպիսի բազմազանությամբ լի երկիր, անկասկած, ապագայում էլ աննկարագրելի ուրախություն պարգևելով իր նվիրված ծառաներին՝ կտա ողջ երկիրը, որը կդառնա հրաշալի դրախտ՝ լեռներով, հովիտներով, գետերով ու լճերով։ Այժմ տեղափոխվենք Ավետյաց երկիր և ծանոթանանք նրա աշխարհագրական առանձնահատկություններինa։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԵՐԸ
2. Ավետյաց երկրի որքա՞ն մասում բնակություն հաստատեցին իսրայելացիները և ուրիշ ի՞նչ տարածքներ զբաղեցրին։
2 Ըստ Աստծու դրած սահմանների, որոնց մասին կարդում ենք Թվեր 34։1–12-ում, Իսրայելին խոստացված երկիրը նեղ ուղղաձիգ հարթավայր էր։ Հյուսիսից հարավ այն ձգվում էր 480 կիլոմետր, իսկ արևելքից արևմուտք՝ միջին հաշվով 56 կիլոմետր։ Սակայն միայն Դավիթ և Սողոմոն թագավորների իշխանության օրերում իսրայելացիները ամբողջությամբ գրավեցին խոստացված երկիրը՝ հաղթելով այդ տարածքներում ապրող շատ ազգերի։ Իսրայելացիներին պատկանող հողերը սովորաբար համարում են Դանից Բերսաբեե ընկած տարածքը, որը հյուսիսից հարավ է ձգվում մոտ 240 կիլոմետր (1 Թագ. 4։25)։ Կարմեղոս լեռից մինչև Գալիլեայի ծովն ընկած տարածքը կազմում է մոտ 50 կիլոմետր, իսկ հարավում, որտեղ Միջերկրական ծովի ջրափնյա գիծը աստիճանաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Գազայից մինչև Մեռյալ ծով մոտ 80 կիլոմետր է։ Հորդանան գետից դեպի արևմուտք ընկած այս շրջանը զբաղեցնում է մոտ 15000 քառակուսի կիլոմետր։ Սակայն իսրայելացիները բնակություն հաստատեցին նաև Հորդանան գետից դեպի արևելք գտնվող տարածքներում (որոնք չէին մտնում սկզբնական սահմանների մեջ)։ Այսպիսով բնակեցված տարածքի ընդհանուր մակերեսը կազմեց գրեթե 26000 քառակուսի կիլոմետր։
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ
3. «Ավետյաց երկրի շրջանները» քարտեզի և պարբերության մեջ նշված տեղեկության միջոցով նշիր, թե ինչ տարածքներ են ընդգրկված հետևյալ շրջաններում՝ ա) Հորդանանից արևմուտք ընկած հարթավայրերը, բ) Հորդանանից արևմուտք ընկած լեռնային շրջանները, գ) Հորդանանից արևելք ընկած լեռներն ու բարձրավանդակները։
3 Ավետյաց երկրով ճանապարհորդելիս կծանոթանանք նրա տարբեր շրջաններին։ Ստորև նշված ցուցակում կան լրացուցիչ տեղեկություններ քարտեզի մասին, որը այս դասի մեջ է ընդգրկված և ցույց է տալիս նշված յուրաքանչյուր շրջանի մոտավոր սահմանները։
Աշխարհագրական շրջաններ
Ա. Մեծ ծովի եզերքը (Հեսու 15։12)
Բ. Հորդանանից արևմուտք ընկած հարթավայրեր
1. Ասերի հարթավայր (Դատ. 5։17)։
2. Դորի ափամերձ գոտի (Հեսու 12։23)։
3. Սարոնի ծովափնյա հարթավայր (1 Տար. 27։29; Երգ 2։1)։
4. Փղշտացիների հարթավայր (Ծննդ. 21։32; Ելք 13։17)։
5. Կենտրոնական արևելա-արևմտյան հարթավայր
ա) Մեգիդոյի հովիտ (2 Տար. 35։22)։
բ) Հեզրայելի հովիտ (Դատ. 6։33)։
Գ. Հորդանանից արևմուտք ընկած լեռնային շրջաններ
1. Գալիլեայի լեռներ (Հեսու 20։7; Ես. 9։1)։
2. Կարմեղոսի լեռնաշղթա (1 Թագ. 18։19, 20, 42)։
3. Սամարիայի լեռներ (Երեմ. 31։5; Ամոս 3։9)։
4. Շեֆելա (Հեսու 11։2; Դատ. 1։9)։
5. Հուդայի լեռնային շրջան (Հեսու 11։21)։
6. Հուդայի անապատ (Եսիմոն) (Դատ. 1։16; 1 Սամ. 23։19)։
7. Նեգև (Ծննդ. 12։9; Թվեր 21։1)։
8. Փառան անապատ (Ծննդ. 21։21; Թվեր 13։1–3)։
Դ. Մեծ Արաբա (տեկտոնական հովիտ) (2 Սամ. 2։29; Երեմ. 52։7)
1. Հուլա լճի ավազան
2. Գալիլեայի ծովի շրջակայքը (Մատթ. 14։34; Հովհ. 6։1)։
3. Հորդանանի հովիտ (Գհոր) (1 Թագ. 7։46; 2 Տար. 4։17; Ղուկ. 3։3)։
4. Աղի (Մեռյալ) ծով (Արաբայի ծով) (Թվեր 34։3; 2 Օրենք 4։49; Հեսու 3։16)։
5. Արաբա (Աղի ծովից հարավ) (2 Օրենք 2։8)։
Ե. Հորդանանից արևելք ընկած լեռներ ու սարահարթեր (Հեսու 13։9, 16, 17, 21; 20։8)
1. Բասանի երկիր (1 Տար. 5։11; Սաղ. 68։15)։
2. Գաղաադի երկիր (Հեսու 22։9)։
3. Ամմոնացիների ու մովաբացիների երկիր (Հեսու 13։25; 1 Տար. 19։2; 2 Օրենք 1։5)։
4. Եդոմի լեռնային բարձրավանդակ (Թվեր 21։4; Դատ. 11։18)։
Զ. Լիբանանի լեռներ (Հեսու 13։5)
Ա. ՄԵԾ ԾՈՎԻ ԵԶԵՐՔԸ
4. Որո՞նք են ծովեզերքի առանձնահատկությունները, և ինչպիսի՞ն է կլիման։
4 Ավետյաց երկրով մեր ճանապարհորդությունը կսկսենք նրա արևմտյան սահմանից։ Այստեղ մեր առջև բացվում է ծովեզերք, որը ձգվում է գեղեցիկ ու կապույտ Միջերկրականի երկայնքով։ Քանի որ Կարմեղոս լեռից հարավ ընկած տարածքը հիմնականում ծածկված է ավազաբլուրներով, բնական ծովախորշ կա միայն Հոպպեում։ Իսկ Կարմեղոսից դեպի հյուսիս մի քանի ծովախորշեր կան։ Փյունիկեցիները, որոնք ապրում էին առափնյա այս հատվածում, ունեին հմուտ ծովագնացների համբավ։ Տարեկան միջին ջերմաստիճանը մեղմ է՝ 19oC, թեև ամառը այստեղ տոթ է լինում, Գազայում ցերեկը ջերմաստիճանը մոտ 34oC է։
Բ-1 ԱՍԵՐԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ
5, 6. Համառոտ նկարագրիր ա) Ասերի հարթավայրը, բ) Դորի ափամերձ գոտի։
5 Ծովափնյա այս հարթավայրը ձգվում է Կարմեղոս լեռից հյուսիս մոտ 40 կիլոմետր։ Լայնությունը 13 կիլոմետրից ավելի չէ։ Այն եղել է Ասերի ցեղի ժառանգության մի մասը (Հեսու 19։24–30)։ Այդ նեղ հարթավայրը բերրի է եղել և ժամանակին Սողոմոն թագավորի արքայական սեղանը լցրել է բերք ու բարիքով (Ծննդ. 49։20; 1 Թագ. 4։7, 16)։
Բ-2 ԴՈՐԻ ԱՓԱՄԵՐՁ ԳՈՏԻ
6 Այս հողակտորը սահմանակից է Կարմեղոս լեռնաշղթային և ձգվում է 32 կիլոմետր։ Լայնությունը ընդամենը 4 կիլոմետր է։ Այն ծովափնյա հողակտոր է, որը գտնվում է Կարմեղոսի և Միջերկրական ծովի միջև։ Հարավային մասում Դոր նավահանգստային քաղաքն է, որից դեպի հարավ ավազաբլուրներ են սկսվում։ Դորից դեպի արևելք ընկած բլուրներից Սողոմոնի սեղանի համար թագավորական համեղ ուտեստներ էին մատակարարում։ Սողոմոնի դուստրերից մեկը ամուսնացել էր այդ շրջանի գործավարի հետ (1 Թագ. 4։7, 11)։
Բ-3 ՍԱՐՈՆԻ ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՐԹԱՎԱՅՐ
7. ա) Ինչո՞ւ է մարգարեության մեջ նշվում Սարոնի մասին։ բ) Աստվածաշնչյան ժամանակներում ինչպե՞ս է օգտագործվել այս տարածքը։
7 Սարոնը հայտնի էր իր գեղեցիկ ծաղիկներով, ուստի զարմանալի չէ, որ իսրայելացիների վերականգնված երկրի մասին մարգարեական տեսիլքում Եսայիան նշում է Սարոնը (Ես. 35։2)։ Սա արգասաբեր ու ջրառատ երկիր է։ Սարոնը 16–19 կիլոմետր լայնությամբ հարթավայր է, որը Դորի ափամերձ գոտուց 64 կիլոմետր ձգվում է դեպի հարավ։ Աստվածաշնչյան ժամանակներում Սարոնի հյուսիսային մասը ծածկված է եղել կաղնու անտառներով։ Հնձից հետո այստեղ շատ հոտեր էին արածում։ Դավիթ թագավորի օրերում նախրապանները այստեղ արածեցնում էին նրա նախիրները (1 Տար. 27։29)։ Ներկայումս այս տարածքը զարդարում են ցիտրուսի պլանտացիաները։
Բ-4 ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ
8. Որտե՞ղ է Փղշտացիների հարթավայրը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։
8 Այս տարածքը գտնվում է Սարոնից հարավ և մոտ 80 կիլոմետր ձգվում է ծովեզերքով, իսկ ծովից մինչև երկրի ներքին շրջանները՝ 24 կիլոմետր է (1 Թագ. 4։21)։ Ծովափնյա ավազաթմբերը կազմում են հողակտոր, որը հասնում է 6 կիլոմետր լայնության։ Սա բլրավոր հարթավայր է, որը հյուսիսում 30 մետրից աստիճանաբար մեծանում է և հասնում 200 մետրի հարավում՝ Գազայից դեպի արևելք։ Հողը բերրի է, բայց անձրևներ հազվադեպ են լինում, և միշտ երաշտի վտանգ կա։
Բ-5 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ
9. ա) Ի՞նչ է Կենտրոնական արևելա-արևմտյան հարթավայրը, և ի՞նչ դեր է այն ունեցել։ բ) «Ավետյաց երկիր. զուգահեռ կտրվածքներ» գծագրի օգնությամբ նկարագրիր տեղանքի տեղագրությունը։
9 Կենտրոնական հարթավայրը, որը ձգվում է արևելքից արևմուտք, իրականում երկու հովիտ է։ Արևմուտքում՝ Մեգիդոյի հովիտ, արևելքում՝ Հեզրայելի հովիտ (2 Տար. 35։22; Դատ. 6։33)։ Այս կենտրոնական հարթավայրով կարելի էր Հորդանանի իջվածքից հեշտությամբ հասնել մինչև Միջերկրական ծովի եզերք, որտեղով անցնում էր գլխավոր առևտրային երթուղին։ Մեգիդոյի հովտից ջրերը թափվում են Կիսոն հեղեղատ, որը հոսում է Կարմեղոս ու Գալիլեայի լեռների նեղ կիրճով և անցնում է Ասերի հարթավայրով դեպի Միջերկրական ծով։ Ամռանը հեղեղատը չորանում է, իսկ տարվա մյուս եղանակներին՝ հեղեղվում (Դատ. 5։21)։
10. ա) Նկարագրիր Հեզրայելի հովիտը։ բ) Աստվածաշնչյան ի՞նչ իրադարձությունների հետ է կապված այս տեղանքը։
10 Անձրևներից հետո Հեզրայելի հովտից ջրերը հոսում են հարավ-արևելք՝ դեպի Հորդանան։ Հեզրայելի հովտի լայնությունը 3 կիլոմետրից մի քիչ ավելի է, իսկ երկարությունը գրեթե 19 կիլոմետր է։ 90 մետր բարձրությունից հովիտը սահուն իջնում է ծովի մակարդակից 120 մետր ցածր՝ Բեթ-Սեանի մոտ։ Կենտրոնական հարթավայրը ամբողջությամբ բերրի է, իսկ Հեզրայելի հովիտը երկրի ամենահարուստ շրջաններից մեկն է։ Հեզրայել նշանակում է «Աստված սերմ կցանի» (Օս. 2։22, ծնթ.)։ Աստվածաշունչն ասում է, որ այդ երկիրը հաճելի ու գեղեցիկ է (Ծննդ. 49։15)։ Թե՛ Մեգիդոն, թե՛ Հեզրայելը միշտ ռազմավարական կարևորություն են ունեցել Իսրայելի համար, երբ պատերազմներ են մղել հարևան ազգերի դեմ։ Այստեղ են կռվել Բարակը, Գեդեոնը, Սավուղ թագավորը և Հեուն (Դատ. 5։19–21; 7։12; 1 Սամ. 29։1; 31։1, 7; 2 Թագ. 9։27)։
Գ-1 ԳԱԼԻԼԵԱՅԻ ԼԵՌՆԵՐ
11, 12. ա) Հիսուսի ծառայության մեջ Գալիլեան ի՞նչ տեղ էր զբաղեցնում, և ովքե՞ր էին ծագումով այստեղից։ բ) Ի՞նչ առանձնահատկություններ ունեին Ստորին Գալիլեան և Վերին Գալիլեան։
11 Գալիլեայի լեռների հարավում և Գալիլեայի ծովի շրջակայքում է Հիսուսը մեծ մասամբ քարոզել Եհովայի անվան ու նրա Թագավորության մասին (Մատթ. 4։15–17; Մարկ. 3։7)։ Հիսուսի հետևորդներից շատերը, այդ թվում նրա 11 հավատարիմ առաքյալները Գալիլեայից էին (Գործ. 2։7)։ Այս շրջանը, որը երբեմն կոչվում է Ստորին Գալիլեա, առանձնանում է գեղեցիկ բնությամբ։ Լեռների բարձրությունը չի անցնում 600 մետրը։ Աշունից գարուն հորդառատ անձրևներ են լինում, այդ պատճառով այս հաճելի տեղանքը անապատային չէ։ Գարնանը բոլոր սարալանջերը ծփում են ծաղիկներով, հովիտներում հասնում են հացաբույսերը։ Փոքր սարահարթերում հողը արգասաբեր է, իսկ բլուրների վրա պայմանները բարենպաստ են ձիթենիներ և խաղող աճեցնելու համար։ Այս շրջանում են գտնվում աստվածաշնչյան հայտնի քաղաքներ Նազարեթը, Կանան ու Նայինը (Մատթ. 2։22, 23; Հովհ. 2։1; Ղուկ. 7։11)։ Երբ Հիսուսը քարոզելիս առակներ և օրինակներ էր բերում, հաճախ հաշվի էր առնում այս հարուստ տեղանքի առանձնահատկությունները (Մատթ. 6։25–32; 9։37, 38)։
12 Գալիլեայի հյուսիսային մասում, կամ՝ Վերին Գալիլեայում լեռները հասնում են ավելի քան 1 100 մետրի՝ դառնալով Լիբանանի լեռների ստորին մասը։ Վերին Գալիլեան մեկուսի մի վայր է՝ քամուց անպաշտպան տեղանք։ Հորդառատ անձրևներ հաճախ են լինում այստեղ։ Աստվածաշնչյան ժամանակներում Գալիլեայի լեռների արևմտյան լանջերը ծածկված են եղել սաղարթախիտ անտառներով։ Այս շրջանը պատկանել է Նեփթաղիմի ցեղին (Հեսու 20։7)։
Գ-2 ԿԱՐՄԵՂՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ
13. ա) Ի՞նչ է Կարմեղոսը։ բ) Ի՞նչ է նրա մասին ասվում Աստվածաշնչում։
13 Կարմեղոսի լեռնաճյուղավորումը խոյանում է Միջերկրական ծովի վրա։ Կարմեղոսը իրականում առանձին լեռ չէ, այլ լեռնաշղթա է, որը ձգվում է մոտ 48 կիլոմետր, իսկ ծովի մակարդակից բարձր է 545 մետր։ Այն տարածվում է Սամարիայի լեռներից մինչև Միջերկրական ծով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ ծովափի մոտ, նրա գլխավոր կատարը անմոռանալի գեղեցկություն է բացում մեր առջև (Երգ 7։5)։ Կարմեղոս նշանակում է «պարտեզ», և դա լիովին համապատասխանում է այս պտղաբեր շրջանին, որը հայտնի է իր որթատունկերով, մրգերով ու ձիթենիներով։ Եսայիա 35։2-ում «Կարմեղոսի շքեղությունը» խորհրդանշում է իսրայելացիների վերականգնված երկրի փառքն ու պտղաբերությունը։ Այստեղ էր, որ Եղիան մարտահրավեր նետեց Բահաղի մարգարեներին, ու «Եհովայի կրակը իջավ» որպես ապացույց, որ նա է ճշմարիտ Աստվածը։ Կարմեղոսի գլխից Եղիան նշմարեց այն փոքր ամպը, որը տեղատարափ անձրև բերեց, ու այդպես Աստծու միջամտությամբ վերջ դրվեց Իսրայելի երաշտին (1 Թագ. 18։17–46)։
Գ-3 ՍԱՄԱՐԻԱՅԻ ԼԵՌՆԵՐ
14. Ո՞ր ցեղերն են բնակություն հաստատել Սամարիայի լեռներում, և ի՞նչ էին աճեցնում այդ տեղանքում։
14 Այս շրջանի հարավային մասը ավելի լեռնոտ է, արևելքում լեռների բարձրությունը ավելի քան 900 մետր է (1 Սամ. 1։1)։ Այստեղ անձրևներ հաճախ են լինում, և տեղումները ավելի շատ են, քան հարավում գտնվող Հուդայում։ Այս տարածքում են բնակություն հաստատել Հովսեփի կրտսեր որդի Եփրեմի ժառանգները։ Հյուսիսային մասը, որ բաժին էր ընկել Հովսեփի ավագ որդի Մանասեի կես ցեղին, ընդգրկում էր հովիտներ ու փոքր հարթավայրեր, որոնք շրջապատված էին բլուրներով։ Թեև տարածքը այնքան էլ արգասաբեր չէ, սակայն ստորին լանջերի սանդղավանդներում աճեցվում են խաղող ու ձիթենիներ (Երեմ. 31։5)։ Իսկ ավելի մեծ հովիտներում հողը պիտանի է եղել հացաբույսեր աճեցնելու և առհասարակ գյուղատնտեսության համար։ Աստվածաշնչյան ժամանակներում այս շրջանում շատ քաղաքներ կային։ Հյուսիսային թագավորության մայրաքաղաքները միշտ եղել են Մանասեի ցեղի տարածքում։ Դրանք էին Սյուքեմը, Թերսան, իսկ հետո Սամարիան, որի անունով էլ ամբողջ շրջանը ավելի ուշ կոչվեց Սամարիա (1 Թագ. 12։25; 15։33; 16։24)։
15. ա) Ինչպե՞ս կատարվեցին Մովսեսի խոսքերը Սամարիայի վրա։ բ) Ինչպե՞ս այս երկիրը օրհնվեց Հիսուսի օրերում։
15 Այն ամենը, ինչ Մովսեսն ասաց այս երկրի վերաբերյալ Հովսեփին օրհնելիս, կատարվեց։ «Հովսեփի մասին ասաց. «Թող Եհովան շարունակ օրհնի նրա երկիրը երկնքի ընտիր բաներով՝ ցողով.... արևի լավագույն արդյունքներով, լուսնային ամիսների ընտիր բերքով, արևելքի լեռների ամենալավ պտուղներով, դարավոր բլուրների չքնաղ պարգևներով»» (2 Օրենք 33։13–15)։ Այո՛, դա հրաշալի երկիր էր։ Լեռները ծածկված էին խիտ անտառներով, հովիտները բերրի էին, իսկ քաղաքները՝ խիտ բնակեցված ու բարգավաճ (1 Թագ. 12։25; 2 Տար. 15։8)։ Հետագայում Սամարիայում քարոզեցին Հիսուսը և նրա աշակերտները, և շատերը քրիստոնյա դարձան (Հովհ. 4։4–10; Գործ. 1։8; 8։1, 14)։
Գ-4 ՇԵՖԵԼԱ
16. ա) Ի՞նչ է հայտնի Շեֆելայի մասին։ բ) Աստվածաշնչյան ժամանակներում ի՞նչ նշանակություն է ունեցել այս տեղանքը։
16 Թեև «Շեֆելա» նշանակում է «դաշտավայր», բայց այս տեղանքը իրականում լեռնոտ է։ Հարավում նրա բարձրությունը ծովի մակարդակից մոտ 450 մետր է։ Այն ամբողջությամբ կտրտված է բազմաթիվ հովիտներով, որոնք արևելքից արևմուտք են ձգվում (2 Տար. 26։10)։ Փղշտացիների ծովափնյա հարթավայրից Շեֆելան բարձրանում է դեպի արևելք։ Այն կարելի է հարթավայր անվանել միայն Հուդայի լեռնային տարածքի համեմատ, որը արևելքում է (Հեսու 12։8)։ Շեֆելայի բլուրների վրա, որոնք մի ժամանակ ծածկված են եղել ժանտաթզենիներով, այսօր կարելի է տեսնել որթատունկեր ու ձիթենիներ (1 Թագ. 10։27)։ Այստեղ շատ քաղաքներ են եղել։ Աստվածաշնչյան ժամանակներում Շեֆելան ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ արգելք է եղել փղշտացիների ու այլ թշնամի ազգերի համար, որոնք ծովափնյա հարթավայրից փորձել են ներխուժել Հուդա (2 Թագ. 12։17; Աբդիա 19)։
Գ-5 ՀՈՒԴԱՅԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՇՐՋԱՆ
17. ա) Ինչպիսի՞ն էր Հուդայի լեռնային շրջանը աստվածաշնչյան ժամանակներում, և ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ բ) Ի՞նչ կառուցելու համար էր Հուդան հարմար տեղանք համարվում։
17 Սա քարքարոտ տարածք է, որի բարձունքները ծովի մակարդակից 600–1000 կիլոմետր բարձր են։ Հյուսիսից հարավ այն ձգվում է մոտ 80 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 32 կիլոմետրից ոչ ավելի։ Աստվածաշնչյան ժամանակներում այս տարածքը փայտանյութով է ապահովել, իսկ հատկապես արևմտյան մասում բլուրների տափարակներում ու հովիտներում աճեցվել են հացաբույսեր, ձիթենիներ և խաղող։ Այս շրջանը իսրայելացիներին մատակարարում էր բարձրորակ հացահատիկով, յուղով և գինով։ Սակայն այսօր անտառների վերացման պատճառով Երուսաղեմի մոտակայքում գտնվող տարածքը բավական անբերրի է դարձել՝ համեմատած նրա հետ, թե ինչպիսին էր այն աստվածաշնչյան ժամանակներում։ Տեղանքի կենտրոնական մասի բարձրադիր լեռներում, օրինակ՝ Բեթլեհեմում, ձմռանը երբեմն ձյուն է գալիս։ Հնում Հուդան հարմար տեղանք էր քաղաքներ և ամրոցներ կառուցելու համար, և մարդիկ կարող էին դժվար ժամանակներում ապաստան գտնել այդ տեղերում (2 Տար. 27։4)։
18. ա) Ե՞րբ Երուսաղեմը դարձավ Իսրայելի ու Հուդայի մայրաքաղաքը։ բ) Որո՞նք են քաղաքի մի քանի առանձնահատկությունները։
18 Հուդայի և Իսրայելի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմը, որը հայտնի էր նաև Սիոն անունով, քանի որ այդ անունով բերդ է եղել այստեղ (Սաղ. 48։1, 2)։ Սկզբնապես այս բարձրադիր տեղանքում եղել է Հեբուս քանանական քաղաքը, որը սահմանակից էր Կեդրոն հեղեղատին և Հիննոմի հովտին։ Դավիթը գրավեց այս քաղաքը ու մայրաքաղաք դարձրեց, այն ընդարձակվեց դեպի հյուսիս-արևմուտք, և ի վերջո ընդգրկեց նաև Տյուրոփեոնի հովիտը։ Ժամանակի ընթացքում Հիննոմի հովիտը կոչվեց գեհեն։ Քանի որ հրեաները այստեղ կուռքերին զոհեր էին մատուցում, տեղանքը անմաքուր համարվեց ու վերածվեց աղբանոցի, որտեղ աղբ ու հանցագործների դիակներ էին գցում (2 Թագ. 23։10; Երեմ. 7։31–33)։ Կրակը, որը երբեք չէր հանգչում, դարձավ լիակատար ոչնչացման խորհրդանիշ (Մատթ. 10։28; Մարկ. 9։47, 48)։ Երուսաղեմը ջուր ստանում էր մասամբ Սիլովամի ավազանից, որը Կեդրոն հեղեղատից արևմուտք էր ընկած, և Եզեկիան ջրամբար շինեց քաղաքը ջրով ապահովելու համար (Ես. 22։11; 2 Տար. 32։2–5)։
Գ-6 ՀՈՒԴԱՅԻ ԱՆԱՊԱՏ (ԵՍԻՄՈՆ)
19. ա) Ինչո՞ւ է Եսիմոնը համապատասխան անուն։ բ) Ի՞նչ իրադարձություններ են եղել այս տարածքում։
19 Եսիմոնը, որը նշանակում է «անապատ», Հուդայի անապատի աստվածաշնչյան անվանումն է (1 Սամ. 23։19)։ Սա շատ համապատասխան անուն է։ Այս անապատում, որը գտնվում է Հուդայի լեռնային շրջանի արևելքում, շատ լեռներ կան, որոնց արևելյան լանջերը կրաքարե գոյացություններ են։ Մեռյալ ծովի մոտակայքում դրանք դառնում են ատամնավոր քարաժայռերի պատ։ 24 կիլոմետր տարածության վրա լեռների միջև եղած տարբերությունը ավելի քան 900 մետր է։ Եսիմոնում քաղաքներ չկան, միայն մի քանի բնակավայրեր են։ Հուդայի անապատ է փախել Դավիթը, երբ հալածվում էր Սավուղ թագավորի կողմից։ Այս անապատի և Հորդանանի միջև ընկած տարածքում է քարոզել Հովհաննես Մկրտիչը։ Իսկ Հիսուսը 40 օր այս անապատում է ծոմ պահելb (1 Սամ. 23։14; Մատթ. 3։1; Ղուկ. 4։1)։
Գ-7 ՆԵԳԵՎ
20. Նկարագրիր Նեգևը։
20 Հուդայի լեռնային շրջանից դեպի հարավ գտնվում է Նեգևը, որտեղ երկար տարիներ ապրել են նահապետներ Աբրահամն ու Իսահակը (Ծննդ. 13։1–3; 24։62)։ Այս տարածքի հարավային մասը Աստվածաշնչում կոչվում է «Ցին անապատ» (Հեսու 15։1)։ Կիսաչոր Նեգևը հյուսիսում Բերսաբեեից ձգվում է մինչև հարավ՝ Կադես-Բառնեա (Ծննդ. 21։31; Թվեր 13։1–3, 26; 32։8)։ Հուդայի լեռներից հարավ իջնում է Նեգևը՝ ձևավորելով լեռնաշղթաներ, որոնք արևելքից արևմուտք են ձգվում, ինչը բնական արգելք է ստեղծում, որ թշնամիները չկարողանան հարավից ներխուժել։ Նեգևի արևելյան մասում լեռներ են, որտեղից դեպի արևմուտք ծովի երկայնքով սփռված է անապատային հարթավայրը։ Ամռանը այս տարածքում կյանք չկա, ինչպես անապատում, բացառությամբ գետահովիտներում գտնվող մի քանի վայրերի։ Սակայն ջուր կարելի է հայթայթել ջրհոր փորելով (Ծննդ. 21։30, 31)։ Ներկայիս Իսրայել պետությունը ակտիվ զբաղվում է Նեգևի որոշ տարածքների ոռոգմամբ ու զարգացմամբ։ Նեգևի հարավարևմտյան սահմանը, ինչպես նաև Ավետյաց երկրի հարավային սահմանի մի մասը եղել է «Եգիպտոսի գետը» (Ծննդ. 15։18)։
Գ-8 ՓԱՌԱՆ ԱՆԱՊԱՏ
21. Որտե՞ղ է գտնվում Փառանը և ի՞նչ դեր է խաղացել աստվածաշնչյան պատմության մեջ։
21 Նեգևից հարավ գտնվում է Ցին անապատը, որը աստիճանաբար վերածվում է Փառան անապատի։ Սինա լեռից ճանապարհ ընկնելով՝ իսրայելացիները այս անապատով գնացին Ավետյաց երկիր։ Փառանից էր, որ Մովսեսը 12 մարդ ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու (Թվեր 12։16–13։3)։
Դ. ՄԵԾ ԱՐԱԲԱ (ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՀՈՎԻՏ)
22. Քարտեզի ու գծագրերի միջոցով, նաև պարբերության օգնությամբ համառոտ նկարագրիր Արաբայի իջվածքի առանձնահատկությունները։
22 Տեկտոնական այս հովիտը աշխարհի ամենախոր երկրաբանական ճեղքվածքն է։ Հովտի այն մասը, որ անցնում է ողջ Ավետյաց երկրով հյուսիսից հարավ և հայտնի է նաև որպես Հորդանանի իջվածք, Աստվածաշնչում կոչվում է «Արաբա» (Հեսու 18։18)։ 2 Սամուել 2։29-ում երկրակեղևի մեջ առաջ եկած այս ճեղքվածքը նկարագրվում է որպես հովիտ։ Հյուսիսային մասում Հերմոն լեռն է (Հեսու 12։1)։ Հերմոն լեռան ստորոտից Հորդանանի իջվածքը կտրուկ իջնում է հարավ՝ Մեռյալ ծով, որի մեջ ամենախոր կետը ծովի մակարդակից 800 մետր ցածր է։ Մեռյալ ծովի հարավից այս ճեղքվածքը Արաբայի իջվածքի միջով շարունակվում է մինչև Աքաբայի ծոց՝ ծովի մակարդակից բարձրանալով ավելի քան 200 մետր Մեռյալ ծովի և Աքաբայի ծոցի մոտավորապես մեջտեղի հատվածում։ Հետո նորից իջնում է և միանում Կարմիր ծովի արևելյան ծոցի տաք ջրերին։ Այս դասի մեջ եղող քարտեզում և գծագրերում ցույց է տրվում, թե որտեղ է գտնվում Հորդանանի իջվածքը այլ շրջանների հարաբերությամբ։
Դ-1 ՀՈՒԼԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆ
23. Աստվածաշնչյան ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել Հուլայի տարածքում։
23 Հերմոն լեռան ստորոտից Հորդանանի իջվածքը կտրուկ իջնում է ավելի քան 490 մետր դեպի Հուլա լճի ավազան, որը համարյա թե ծովի մակարդակին է հավասար։ Այս տեղանքը ոռոգվում է հորդահոս անձրևներով և նույնիսկ ամռան շոգ ամիսներին ծածկված է փարթամ բուսականությամբ։ Այս տարածքում բնակություն հաստատեցին Դանի ցեղի մարդիկ ու Դան անունով քաղաք կառուցեցին, որը դատավորների օրերում և Իսրայելի տասցեղ թագավորության ժամանակ կռապաշտության կենտրոն էր (Դատ. 18։29–31; 2 Թագ. 10։29)։ Փիլիպոսի Կեսարիայում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ նախկինում եղել է Դան քաղաքը, Հիսուսը իր աշակերտներին ասաց, որ ինքը Մեսիան է, և շատերի կարծիքով՝ մոտակայքում գտնվող Հերմոն լեռան վրա էր, որ վեց օր հետո Հիսուսը այլակերպվեց։ Հուլա լճից Հորդանանի իջվածքը իջնում է Գալիլեայի ծով, որը մոտ 210 մետր ծովի մակարդակից ցածր է (Մատթ. 16։13–20; 17։1–9)։
Դ-2 ԳԱԼԻԼԵԱՅԻ ԾՈՎԻ ՇՐՋԱԿԱՅՔ
24. ա) Գալիլեայի ծովը ուրիշ ինչպե՞ս է կոչվում Աստվածաշնչում։ բ) Հիսուսի օրերում ինչպիսի՞ն էր Գալիլեայի ծովի շրջակայքը։
24 Գալիլեայի ծովը և նրա շրջակայքը աննկարագրելի գեղեցիկ ենc։ Այստեղ են տեղի ունեցել Հիսուսի ծառայության հետ կապված շատ դեպքեր, այդ պատճառով այս տեղանքը առավել հետաքրքիր է մեզ համար (Մատթ. 4։23)։ Աստվածաշնչում ծովը կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Քեներեթի ծով կամ Տիբերիա ծով (Ղուկ. 5։1; Հեսու 13։27; Հովհ. 21։1)։ Լիճը իր ձևով սիրտ է հիշեցնում։ Այն մոտ 20 կիլոմետր երկարություն ունի և մոտ 10 կիլոմետր լայնություն ու կարևոր ջրավազան է համարվում ողջ երկրի համար։ Գրեթե ամեն կողմից լիճը շրջապատված է բլուրներով։ Գալիլեայի ծովը մոտ 210 մետր ցածր է ծովի մակարդակից, ինչի շնորհիվ ձմեռը մեղմ է ու հաճելի, իսկ ամառը երկար է ու շոգ։ Հիսուսի օրերում այն համարվել է միակ ձկնորսարանը։ Լճի ափի մոտակայքում էին գտնվում Քորազին, Բեթսայիդա, Կափառնայում և Տիբերիա քաղաքները։ Հանդարտ լճի վրա հանկարծակի ուժգին փոթորիկ կարող է բարձրանալ (Ղուկ. 8։23)։ Լճից հյուսիս-արևմուտք գտնվում է եռանկյունաձև տեսք ունեցող Գեննեսարեթի փոքր հարթավայրը։ Հողը արգասաբեր է և պիտանի գրեթե ամեն տեսակի կուլտուրաներ աճեցնելու համար, որոնցով հայտնի էր Ավետյաց երկիրը։ Գարնանը բլուրների լանջերը ծփում էին վառվռուն ծաղիկներով։ Նման գեղեցկություն ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի Իսրայելումd։
Դ-3 ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀՈՎԻՏ (ԳՀՈՐ)
25. Որո՞նք են Հորդանանի հովտի գլխավոր առանձնահատկությունները։
25 Կանյոնաձև այս նեղ հովիտը կոչվում է նաև «Արաբա» (2 Օրենք 3։17)։ Այսօր արաբները այն անվանում են Գհոր, որը նշանակում է «իջվածք»։ Հովիտը սկիզբ է առնում Գալիլեայի ծովից։ Ընդհանուր առմամբ այն բավական լայն է՝ որոշ տեղերում հասնում է մոտ 19 կիլոմետր լայնության։ Հորդանան գետը այս հովտից մոտ 46 մետր ցածր է գտնվում։ Գետի հունը խորդուբորդ է։ Ծածկելով Գալիլեայի ծովի և Մեռյալ ծովի մեջտեղում ընկած տարածությունը, որը կազմում է 105 կիլոմետր՝ գետը անցնում է 320 կիլոմետրe։ Հաղթահարելով 27 սահանք՝ այն մոտ 180 կիլոմետր իջնում է ու հասնում Մեռյալ ծով։ Հորդանանի ստորին հովտում բազմաթիվ ծառեր ու մացառուտներ կան։ Այնտեղ աճում են կարմրանի ծառեր, դափնեվարդի թփեր, ուռենիներ, որտեղ աստվածաշնչյան ժամանակներում թաքնվում էին առյուծները իրենց ձագերով։ Այս նեղ կիրճը այսօր հայտնի է Զոր անունով։ Գարնանը Հորդանանը մասամբ հեղեղվում է (Երեմ. 49։19)։ Նրա երկու կողմերում խոյանում է Կատարան՝ մի անապատային հողատարածք, որը ոչ շատ մեծ բարձրավանդակներ և կտրատված բլուրներ է ընդգրկում, որոնք ձգվում են ու մտնում Գհորի հարթավայրերի մեջ։ Գհորի, կամ՝ Արաբայի հյուսիսային մասի հարթավայրերը լավ մշակված են։ Ենթադրվում, է որ նույնիսկ հարավային մասում՝ դեպի Մեռյալ ծովը՝ Արաբայի բարձրավանդակում, որն այսօր անջրդի է, աճեցվել են արմավի տարբեր տեսակներ և արևադարձային այլ պտուղներ։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս Երիքովը Հորդանանի հովտի ամենահայտնի քաղաքն է (Հեսու 6։2, 20; Մարկ. 10։46)։
Դ-4 ԱՂԻ (ՄԵՌՅԱԼ) ԾՈՎ
26. ա) Ի՞նչ հետաքրքիր փաստեր կան Մեռյալ ծովի առնչությամբ։ բ) Այս տեղանքը Եհովայի դատաստանների հետ կապված ի՞նչ է հիշեցնում մեզ։
26 Երկիր մոլորակի վրա այն ամենազարմանալի ջրածածկ տարածությունն է։ Տեղին է, որ այս ծովը «մեռյալ» է կոչվում, քանի որ նրանում չեն ապրում ջրային օրգանիզմներ, և ափին շատ քիչ բուսականություն է աճում։ Աստվածաշնչում այն կոչվում է Աղի ծով, կամ՝ Արաբայի ծով, քանի որ գտնվում է Արաբա տեկտոնական հովտում (Ծննդ. 14։3; Հեսու 12։3)։ Հյուսիսից հարավ ծովի երկարությունը մոտ 75 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 15 կիլոմետր։ Այն Միջերկրական ծովի մակարդակից մոտ 400 մետր ցածր է։ Մեռյալ ծովը երկրի վրա ցամաքի ամենացածր կետն է։ Խորությունը հյուսիսում մոտ 400 մետր է։ Երկու կողմում այն շրջափակված է մերկ բլուրներով ու բարձր ժայռերով։ Թեև Հորդանան գետի քաղցրահամ ջրերը թափվում են Մեռյալ ծովի մեջ, և այնտեղից ջուրը ոչ մի տեղ չի հոսում, միայն գոլորշիանում է, սակայն ջուրը չի շատանում, քանի որ գոլորշիանում է այն նույն արագությամբ, ինչ արագությամբ որ ջուրը թափվում է նրա մեջ։ Անհոսք ջրերում չլուծվող պինդ նյութերը՝ հիմնականում աղը, կազմում են մոտ 25 տոկոս, ինչը կործանարար է ձկների համար և վնասակար՝ մարդկանց աչքերին։ Այս տեղանք այցելողները հաճախ ապշում են, երբ տեսնում են, թե որքան ամայի ու անկենդան է այն։ Թեև մի ժամանակ «այն ոռոգվող տարածք էր՝ Եհովայի պարտեզի նման», սակայն այսօր հիմնականում «ամայի տեղ» է։ Այդպիսին են Մեռյալ ծովն ու իր շրջակայքը ավելի քան 4000 տարի, և այդ փաստը հիշեցնում է մեզ, որ նախկինում այստեղ գտնվող Սոդոմի ու Գոմորի վերաբերյալ Եհովայի դատաստանները անփոփոխ են (Ծննդ. 13։10; 19։27–29; Սոփ. 2։9)։
Դ-5 ԱՐԱԲԱ (ԱՂԻ ԾՈՎԻՑ ՀԱՐԱՎ)
27. Ինչպիսի՞ տարածք է Արաբայի հարավային մասը և ո՞ւմ իշխանության տակ է գտնվել հին ժամանակներում։
27 Տեկտոնական իջվածքի այս վերջին մասը ձգվում է դեպի հարավ ևս 160 կիլոմետր։ Ընդհանուր առմամբ ողջ տարածքը ամայի է։ Անձրևներ հազվադեպ են լինում, իսկ արևը անողորմաբար այրում է։ Աստվածաշունչը այս տեղանքը նույնպես կոչում է «Արաբա» (2 Օրենք 2։8)։ Մոտավորապես կենտրոնում հովիտը հասնում է իր ամենաբարձր կետին՝ ծովի մակարդակից մոտ 200 մետր բարձրության, բայց հետո նորից իջնում է իր հարավային սահմանի ուղղությամբ դեպի Աքաբայի ծոց, որը Կարմիր ծովի արևելյան ճյուղն է։ Այստեղ՝ Եսիոն-Գաբեր նավահանգստային քաղաքում էր, որ Սողոմոնը նավեր կառուցեց (1 Թագ. 9։26)։ Հուդայի թագավորների ժամանակներում Արաբայի այս մասը հիմնականում եղել է Եդոմի թագավորության իշխանության տակ։
Ե. ՀՈՐԴԱՆԱՆԻՑ ԱՐԵՎԵԼՔ ԸՆԿԱԾ ԼԵՌՆԵՐ ՈՒ ՍԱՐԱՀԱՐԹԵՐ
28. Ինչո՞վ էին հայտնի Բասանն ու Գաղաադը, և ի՞նչի հետ կապված են այս տեղանքները հիշատակվում Աստվածաշնչում։
28 «Հորդանանի արևելյան կողմը» կտրուկ բարձրանում է տեկտոնական հովտից՝ կազմելով սարահարթերի շղթա (Հեսու 18։7; 13։9–12; 20։8)։ Հյուսիսում Բասանն է (Ե-1), որը, ինչպեսև Գաղաադի կեսը որպես ժառանգություն տրվել էր Մանասեի ցեղին (Հեսու 13։29–31)։ Բասանում շատերը զբաղվում էին անասնապահությամբ ու հողագործությամբ։ Այս արգասաբեր տարածքը ծովի մակարդակից բարձր է մոտ 600 մետր (Սաղ. 22։12; Եզեկ. 39։18; Ես. 2։13; Զաք. 11։2)։ Հիսուսի օրերում այս տեղանքը այլ շրջանների էլ էր մատակարարում հացահատիկով։ Այսօր այն նույնպես առատ բերք է տալիս։ Բասանից հարավ Գաղաադի երկիրն է (Ե-2), որի հարավային մասը ժառանգեց Գադի ցեղը (Հեսու 13։24, 25)։ Գաղաադը լեռնային շրջան է, որը 1000 մետր բարձր է ծովի մակարդակից։ Այս շրջանը ոռոգվում է ձմռանը հաճախ եկող անձրևներով և ամառային առատ ցողով։ Հնում այն նաև բարենպաստ վայր էր անասունների համար։ Գաղաադը հատկապես հայտնի է եղել իր բալասանի յուղով։ Այսօր այս շրջանը հայտնի է իր ընտիր խաղողով (Թվեր 32։1; Ծննդ. 37։25; Երեմ. 46։11)։ Դավիթը Աբիսողոմից փախչելիս եկավ Գաղաադի երկիր, իսկ նրա արևմտյան մասում՝ «Դեկապոլիսի կողմերում», քարոզել է Հիսուսը (2 Սամ. 17։26–29; Մարկ. 7։31)։
29. Ի՞նչ երկրներ են եղել Հորդանանի հարավ-արևելքում և ինչո՞վ էին հայտնի։
29 Գաղաադից հարավ «Ամմոնի որդիների երկիրն» է (Ե-3)։ Այս երկրի կեսը տրվել էր Գադի ցեղին (Հեսու 13։24, 25; Դատ. 11։12–28)։ Բլրաշատ այս սարահարթը առավելապես հարմար արոտավայր է (Եզեկ. 25։5)։ Ավելի հարավ «Մովաբի երկիրն է» (2 Օրենք 1։5)։ Մովաբացիները փորձառու ոչխարաբույծներ էին, և մինչ օրս ոչխարաբուծությունը այս տեղանքի բնակիչների հիմնական զբաղմունքն է (2 Թագ. 3։4)։ Մեռյալ ծովի հարավ-արևելքում գտնվում է Եդոմի լեռնային բարձրավանդակը (Ե-4)։ Այնտեղ այսօր էլ կարելի է տեսնել երբեմնի այնպիսի բարգավաճ առևտրային քաղաքների ավերակներ, ինչպիսին է Պետրան (Ծննդ. 36։19–21; Աբդիա 1–4)։
30. Արևելքում ի՞նչն է սարահարթերի սահմանը։
30 Այս բլուրներից ու սարահարթերից դեպի արևելք ընկած է մի լայնարձակ ու քարքարոտ անապատ, որը կտրում է Միջագետքից դեպի Ավետյաց երկիր տանող ուղիղ երթուղին՝ քարավաններին ստիպելով շատ կիլոմետրեր ճանապարհորդել դեպի հյուսիս գտնվող երկրներ։ Հարավում այս անապատի սահմանագիծը Արաբական անապատի ավազաբլուրներն են։
Զ. ԼԻԲԱՆԱՆԻ ԼԵՌՆԵՐ
31. ա) Նկարագրիր Լիբանանի լեռները։ բ) Աստվածաշնչյան ժամանակներից ի վեր ի՞նչը չի փոխվել այս տեղանքում։
31 Ամբողջ Ավետյաց երկրի տարածքով ձգվում են Լիբանանի վեհապանծ լեռները։ Իրականում, դրանք երկու լեռնաշղթա են, որոնք ձգվում են իրար զուգահեռ։ Լիբանանի լեռների ստորոտները ընդգրկում են Վերին Գալիլեայի մի մասը։ Շատ տեղերում այդ լեռները հասնում են մինչև ծովեզերք։ Լիբանանի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից բարձր է 3000 մետր։ Անտիլիբանան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Հերմոն գեղեցիկ լեռն է, որը ծովի մակարդակից բարձր է 2814 մետր։ Հորդանան գետի ջրերի հիմնական աղբյուրը այդ լեռան ձյունն ու գարնանային չոր եղանակին եղող առատ ցողն են (Սաղ. 133։3)։ Լիբանանի լեռները հատկապես հայտնի էին իրենց հսկա մայրիներով։ Դրանց փայտանյութով կառուցվեց Սողոմոնի տաճարը (1 Թագ. 5։6–10)։ Թեև այսօր մայրու անտառները քիչ են, լեռների ստորին լանջերը դեռ զարդարում են խաղողի այգիները, ձիթենու անտառներն ու պտղատու այգիները, ինչպես աստվածաշնչյան ժամանակներում էր (Օս. 14։5–7)։
32. Մովսեսն ինչպե՞ս նկարագրեց Ավետյաց երկիրը։
32 Ահա և ավարտվեց մեր ճանապարհորդությունը Ավետյաց երկրով, որը գտնվում է ահազդու անապատի (արևելքում) ու Մեծ ծովի միջև։ Մենք պատկերացրինք, թե ինչ հրաշալի երկիր էր այն հին Իսրայելի օրերում։ Իսկապես որ, այդ երկիրը «շատ-շատ լավ երկիր էր.... որտեղ կաթ ու մեղր էր հոսում» (Թվեր 14։7, 8; 13։23)։ Մովսեսն այսպես արտահայտվեց Ավետյաց երկրի մասին. «Քո Աստված Եհովան մի լավ երկիր է տանում քեզ՝ մի երկիր, որտեղ գետահովիտներում ջուր է հոսում, որտեղ աղբյուրներ ու ջրերի անդունդներ կան դաշտահովիտներում և լեռնային շրջանում, ցորենի, գարու, որթատունկերի, թզերի ու նռների երկիր՝ մի երկիր, որտեղ մեղր կա և ձիթապտուղ, որից յուղ են ստանում, մի երկիր, որտեղ հացի պակասություն չես ունենա, որտեղ ոչնչի կարիք չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են պարունակում և որի լեռներից պղինձ կհանես։ Երբ ուտես ու կշտանաս, օրհնիր քո Աստված Եհովային այն լավ երկրի համար, որը նա տվել է քեզ» (2 Օրենք 8։7–10)։ Թող որ բոլոր նրանք, ովքեր սիրում են Եհովային, շնորհակալություն հայտնեն նրան այն բանի համար, որ նպատակ ունի ողջ Երկիր մոլորակը գեղեցիկ դրախտի վերածելու, ինչպիսին որ Ավետյաց երկիրն էր (Սաղ. 104։10–24)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 332, 333 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 335 (անգլ.)։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 336 (անգլ.)։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 737–740 (անգլ.)։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 334 (անգլ.)։
[քարտեզ 298-րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ
(և հարակից տարածքները)
ԿՄ 0 20 40 60 80
[նկար 298-րդ էջի վրա]
(Ուղղաձիգ կտրվածքները՝ V— V, W— W, X— X, Y— Y, և Z— Z, տե՛ս հաջորդ էջում)
ՏԵՂԵԿԱՏՈՒ
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
Ա Մեծ ծովի ափ
Հոպպե
Բ-1 Ասերի հարթավայր
Բ-2 Դորի ափամերձ գոտի
Դոր
Բ-3 Սարոնի ծովափնյա հարթավայր
Բ-4 Փղշտացիների հարթավայր
Ազոտոս
Ասկաղոն
Ակկարոն
Գեթ
Գազա
Բ-5 Կենտրոնական արևելա-արևմտյան հարթավայր
(Մեգիդոյի հովիտ, Հեզրայելի հովիտ)
Բեթ-Սեան
Գ-1 Գալիլեայի լեռներ
Կանա
Նային
Նազարեթ
Տյուրոս
Գ-2 Կարմեղոսի լեռներ
Գ-3 Սամարիայի լեռներ
Բեթել
Երիքով
Սամարիա
Թերսա
Սյուքեմ
Գ-4 Շեֆելա
Լաքիս
Գ-5 Հուդայի լեռնային շրջան
Բեթլեհեմ
Գեբա
Քեբրոն
Երուսաղեմ
Գ-6 Հուդայի անապատ (Եսիմոն)
Գ-7 Նեգև
Բերսաբեե
Կադես-Բառնեա
Եգիպտոսի գետ
Գ-8 Փառան անապատ
Դ-1 Հուլա լճի ավազան
Դան
Փիլիպոսի Կեսարիա
Դ-2 Գալիլեայի ծովի մերձակա տարածքներ
Բեթսայիդա
Կափառնայում
Քորազին
Գալիլեայի ծով
Տիբերիա
Դ-3 Հորդանանի հովիտ (Գհոր)
Հորդանան գետ
Դ-4 Աղի (Մեռյալ) ծով (Արաբայի ծով)
Աղի ծով
Դ-5 Արաբա (Աղի ծովից հարավ)
Եսիոն-Գաբեր
Կարմիր ծով
Ե-1 Բասանի երկիր
Դամասկոս
Եդրայի
Ե-2 Գաղաադի երկիր
Ռաբա
Ռամոթ-Գաղաադ
Հաբոկի գետահովիտ
Ե-3 Ամմոնի և Մովաբի երկիր
Եսեբոն
Կիր-Հարեսեթ
Մեդաբա
Առնոնի գետահովիտ
Զարեդի գետահովիտ
Ե-4 Եդոմի լեռնային բարձրավանդակ
Պետրա
Զ Լիբանանի լեռներ
Սիդոն
Լիբանանի լեռներ
Հերմոն լեռ
[քարտեզ 299-րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ. ՈՒՂՂԱՁԻԳ ԿՏՐՎԱԾՔՆԵՐ
(Տեղանքները տե՛ս նախորդ էջի քարտեզում)
Ուղղահայացի մասշտաբը մոտավորապես 10 անգամ ավելի երկար է հորիզոնականի մասշտաբից
Արևմուտքից արևելք Եփրեմի տարածքով (V—V)
Միջերկրական ծով
Բ-3 Սարոնի ծովափնյա հարթավայր
Գ-3 Սամարիայի լեռներ
Դ-3 Արաբա կամ Հորդանանի հովիտ (Գհոր)
Կատարա
Զոր
Ե-3 Գաղաադի երկիր
ԿՄ 0 8 16
ՄԵՏՐ
+900
+600
+300
0 (Ծովի մակարդակ)
−300
−600
Արևմուտքից արևելք Հուդայի տարածքով (W—W)
Միջերկրական ծով
Բ-4 Ավազաբլուրներ
Փղշտացիների հարթավայր
Գ-4 Շեֆելա
Գ-5 Հուդայի լեռնային շրջան
Երուսաղեմ
Գ-6 Հուդայի անապատ
Գ-4 Տեկտոնական հովիտ
Ե-3 Ամմոնի և Մովաբի երկիր
ԿՄ 0 8 16
ՄԵՏՐ
+900
+600
+300
0 (Ծովի մակարդակ)
−300
−600
Արևմուտքից արևելք Հուդայի տարածքով (X—X)
Միջերկրական ծով
Բ-4 Ավազաբլուրներ
Փղշտացիների հարթավայր
Գ-4 Շեֆելա
Գ-5 Հուդայի լեռնային շրջան
Գ-6 Հուդայի անապատ
Գ-4 Տեկտոնական հովիտ
Աղի ծով
Ե-3 Ամմոնի և Մովաբի երկիր
ԿՄ 0 8 16
ՄԵՏՐ
+900
+600
+300
0 (Ծովի մակարդակ)
−300
−600
−900
Հորդանանի արևմտյան կողմի լեռներով (Y—Y)
Գ-7 Նեգև
Գ-5 Հուդայի լեռնային շրջան
Գ-3 Սամարիայի լեռներ
Բ-5 Հեզրայելի հովիտ
Գ-1 Գալիլեայի լեռներ
Զ
ԿՄ 0 8 16 32
ՄԵՏՐ
+900
+600
+300
0 (Ծովի մակարդակ)
Հարավից հյուսիս Արաբայով կամ տեկտոնական հովտով (Z—Z)
Դ-5
Դ-5 Աղի ծով
Դ-3 Արաբայի կամ Հորդանանի հովիտ (Գհոր)
Դ-3 Գալիլեայի ծով
Դ-1 Հուլա լճի ավազան
Զ
ԿՄ 0 8 16 32
ՄԵՏՐ
+900
+600
+300
0 (Ծովի մակարդակ)
−300
−600
−900