Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ լեզվով է խոսել Հիսուսը
Գիտնականները տարբեր կարծիքներ ունեն այն հարցի շուրջ, թե ինչ լեզվով է խոսել Հիսուսը։ Հավանաբար նա խոսել է եբրայերեն լեզվի մի տեսակով և արամերեն բարբառներից մեկով։ Գալիլեայի Նազարեթ քաղաքի ժողովարանում Հիսուսը կարդաց Եսայիայի մարգարեությունից, որը, ակներևաբար, եբրայերեն լեզվով էր գրված։ Աստվածաշնչում նշված չէ, որ այս հատվածը նա թարգմանել է արամերեն լեզվով (Ղուկաս 4։16–21)։
Առաջին դարում Պաղեստինի լեզուների մասին պրոֆեսոր Էռնեստ Ուրայթը ասում է. «Հունարենն ու արամերենը բավականին տարածված էին.... հռոմեացի զինվորները և պաշտոնյաները հավանաբար խոսել են լատիներեն լեզվով, իսկ հրեա ուղղափառները՝ առաջին դարի ժամանակակից եբրայերենով»։ Հետևաբար զարմանալի չէ, որ Պիղատոսը Հիսուսի տանջանքի ցցին մի տախտակ փակցրեց, որի վրա գրված էր երեք լեզվով՝ եբրայերենով, լատիներենով, հունարենով (Հովհաննես 19։20)։
Ալան Միլարդն իր գրքում գրում է. «Հռոմեացի կառավարիչները առօրյայում խոսել են հունարեն, և, հավանաբար, իր դատի ժամանակ Հիսուսը Պիղատոսի հարցերին պատասխանել է այդ լեզվով» (Discoveries From the Time of Jesus)։ Աստվածաշնչում չի նշվում այս մասին, սակայն այնտեղ չի նշվում նաև, որ այդ խոսակցության ժամանակ թարգմանիչ է եղել (Հովհաննես 18։28–40)։
Իսկ Պրոֆեսոր Ուրայթը գրում է. «Մենք համոզվածությամբ չենք կարող ասել, թե արդյոք [Հիսուսը] խոսել է լատիներեն կամ հունարեն լեզվով, սակայն քարոզելու ժամանակ նա միշտ խոսել է կա՛մ արամերեն, կա՛մ առօրյայում օգտագործվող եբրայերեն լեզվով, որի վրա մեծ ազդեցություն էր թողել արամերենը» (Biblical Archaeology, 1962 թ., էջ 243)։
Որքա՞ն մեծ են եղել Երուսաղեմի տաճարի քարերը
Երբ աշակերտները Հիսուսի հետ խոսում էին Երուսաղեմի տաճարի մասին, նրանցից մեկն ասաց. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են» (Մարկոս 13։1)։ Իսկ որքա՞ն մեծ էին այդ քարերը։
Սողոմոնի ժամանակների Տաճարի բարձունքը Հերովդեսը երկու անգամ մեծացրեց Հիսուսի օրերում։ Հին աշխարհում դա ամենամեծ բարձունքն էր, որը ստեղծվել էր մարդու կողմից։ Այն ուներ 480 մետր լայնություն և 280 մետր երկարություն։ Ըստ մի տեղեկագրության՝ այդ տաշած քարերից մի քանիսը ունեցել են 11 մետր երկարություն, 5 մետր լայնություն և 3 մետր հաստություն։ Իսկ մի քանիսը կշռել են ավելի քան 50 տոննա։ Քարերից մեկը նույնիսկ մոտ 400 տոննա քաշ է ունեցել, և ինչպես նշում է մի գիտնական, «այն իր չափերով միակն է եղել հին աշխարհում»։
Պատասխանելով այդ աշակերտի հարցին՝ Հիսուսն ասաց. «Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները։ Քարը քարի վրա չի մնա այստեղ, որ չքանդվի» (Մարկոս 13։2)։ Այսօր այդ հսկայական քարերից մի քանիսը կարելի է տեսնել հենց այնտեղ, որտեղ մ.թ. 70 թ.–ին հռոմեացի զինվորները, երկաթե ձողերով ուժ գործադրելով, տեղաշարժել են այդ ծանր քարերը և գետին գցել։
[նկար 26–րդ էջի վրա]
Բարձունքից դուրս գցված տաճարի քարերը (Երուսաղեմ)