Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/09 էջ 28–31
  • Հերովդես Մեծի հոյակերտ շինությունները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հերովդես Մեծի հոյակերտ շինությունները
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կեսարիա. քաղաք–նավահանգիստ
  • Երուսաղեմը և Հերովդեսի տաճարը
  • Սամարիան և Երիքովը
  • Յուրօրինակ պալատ–ամրոցները
  • «Հերովդես թագավորի օրոք»
    2009 Դիտարան
  • Սպանություն ծննդյան տոնակատարության ժամանակ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Մարդկանց առաջնորդող աստղը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Գիտեի՞ք արդյոք
    2015 Դիտարան
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 10/09 էջ 28–31

Հերովդես Մեծի հոյակերտ շինությունները

ՆԱ ԹԱԳԱՎՈՐԵԼ է մեզնից 2 000 տարի առաջ։ Մոտ երեք տասնամյակ նա իշխել է Հրեաստանի և շրջակա տարածքների վրա։ Այդ մարդը պատմության մեջ հայտնի է Հերովդես Մեծ անունով։

Հերովդեսին հաճախ հիշում են որպես անգութ մարդասպանի։ Նա սպանել է թե՛ իր ընտանիքի անդամներից ոմանց, թե՛ անօգնական մանուկների։ Երբ արևելքից եկած աստղագուշակները նրան հայտնեցին, որ ծնվել է ապագա թագավորը, Հերովդեսը ձևացրեց, թե ուզում է պատվել երեխային։ Նա խնդրեց նրանց գտնել փոքրիկին և իր մոտ վերադառնալ։ Բայց երբ Աստված զգուշացրեց աստղագուշակներին հետ չդառնալ Հերովդեսի մոտ, վերջինս հրամայեց կոտորել Բեթլեհեմի (որտեղ աստղագուշակները գտել էին Հիսուսին) և նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր տղա երեխաներին (Մատթեոս 2։1–18)։

Իր կյանքի վաղ տարիներին Հերովդեսը շահել էր շատերի բարեհաճությունը իր անզուգական շինարարական նախագծերի շնորհիվ։ Նա կառուցել էր տաճարներ, ամֆիթատրոններ, ձիարշավարաններ և ջրատարներ, ինչպես նաև պալատներ և ամրոցներ՝ շքեղ բաղնիքներով։ Նրա շինություններն իսկապես տպավորիչ էին։ Նույնիսկ ժամանակակից ինժեներներն են այսօր հիանում դրանցով։

Հերովդեսն այնպիսի վայրեր էր ընտրում իր շինությունների համար, որոնք առանձնահատուկ շքեղություն էին հաղորդում դրանց։ Նրա պալատները զարդարված էին որմնանկարներով, ծեփակերտ զարդերով և խճանկարներով։ Առաջին անգամ նա Հուդայում կառուցեց հռոմեական ոճի բաղնիք՝ տաք ու սառը սենյակներով և ջեռուցվող հատակով։ Նա նաև կառուցեց քաղաքներ, որոնցից մեկն ուներ արհեստական նավամատույց։

Կեսարիա. քաղաք–նավահանգիստ

Հերովդեսը Կեսարիայում կառուցել է Հռոմեական կայսրության մեծ նավահանգիստներից մեկը։ Նրա չափսերը ապշեցնում են հնագետներին։ Նավահանգստում միաժամանակ կարող էր հանգրվանել մոտ հարյուր նավ։ Այդ փաստը վկայում է այն մասին, որ Կեսարիան մի ժամանակ եղել է միջազգային առևտրական կենտրոն։

Նավահանգստի ծովապատնեշներն ու պատվարները կառուցված էին դարի ամենազարգացած մեթոդներով։ Սակայն գիտնականներին զարմացնում է այն, թե շինարարներն ինչպես են կարողացել հսկայական չափեր ունեցող աղյուսները տեղաշարժել։ Այդ աղյուսները, ինչպես նկարագրում է Հովսեպոս Փլավիոսը, ունեցել են 15 մետր երկարություն, երեք մետր բարձրություն և 3 մետր լայնություն։ Վերջերս ջրասույզները բացահայտեցին, որ այդ հսկա աղյուսները բետոնից են։ Շինարարները բետոնը լցրել են փայտե կաղապարների մեջ, հետո իջեցրել են ջրի տակ և ամրացրել են, որ չշարժվեն։

Լավ նախագծված քաղաք–նավահնգստում կային պալատ, ձիարշավարան, 4 000 տեղանոց թատրոն և Օգոստոս կայսրին նվիրված մի տաճար։ Քաղաքում կար նաև ստորգետնյա կոյուղի։ Ջրատարների և թունելների միջոցով մոտ 6 կմ հեռավորության վրա գտնվող Կարմեղոս լեռան աղբյուրներից խմելու ջուրը մատակարարվում էր քաղաք։

Երուսաղեմը և Հերովդեսի տաճարը

Հերովդես Մեծի ամենաշքեղ կառույցը Երուսաղեմի տաճարն էր։ Առաջին տաճարը կառուցել էր Սողոմոնը իր հորից՝ Դավթից ստացած նախագծի համաձայն, որը վերջինս կազմել էր՝ Աստծուց ներշնչված (Գ Թագաւորաց 6։1; Ա Մնացորդաց 28։11, 12)։ Այդ տաճարը, սակայն, ավերվեց բաբելոնացիների կողմից մ.թ.ա. 607–ին, որից 90 տարի անց Հուդայի կառավարչի՝ Զորաբաբելի կողմից նույն տեղում կառուցվեց ոչ այդքան շքեղ տաճար։

Հերովդեսն իր տաճարը կառուցեց հենց նույն վայրում։ Ըստ Հովսեպոսի՝ այն «պատված էր հսկայական ոսկե թիթեղներով։ Երբ արևը բարձրանում էր, տաճարը այնքան պայծառ էր արտացոլում նրա լույսը, որ մարդիկ չէին կարողանում նայել տաճարին, ինչպես չեն կարողանում նայել արևին։ Օտարերկրացիներին հեռվից թվում էր, թե բլուրը ձյունածածկ է, քանի որ ինչ պատված չէր ոսկով, ձյան պես սպիտակ էր»։

Հազարավոր մարդիկ են աշխատել տաճարի պարիսպները վերակառուցելու համար։ Տաճարի արևմտյան կողմի պարիսպներն ունեցել են մոտ 500 մետր երկարություն։ Մեծ քարերը իրար վրա են դրվել առանց շաղախի։ Դրանցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 400 տոննա։ Մի հնագետ ասում է, որ «ոչ մի այլ վայրում չեն եղել այսպիսի չափեր ունեցող քարեր»։ Զարմանալի չէ, որ Հիսուսի աշակերտները հիանում էին տաճարով (Մարկոս 13։1)։ Պարիսպներից վերև մեծ հարթակն էր, որը կոչվում էր Տաճարի բարձունք։ Այն եղել է հին աշխարհի ամենամեծ մարդակերտ հարթակը և ունեցել է ավելի քան 144 000 քառակուսի մետր մակերես։

Հերովդեսը Երուսաղեմում նաև այլ շինություններ է կառուցել։ Դրանցից էր, օրինակ, տաճարին կից Անտոնիա ամրոցը։ Նա նաև կառուցել է մի պալատ, ինչպես նաև երեք բազմահարկ աշտարակներ, որոնք գտնվում էին քաղաքի մուտքի մոտ։

Սամարիան և Երիքովը

Հերովդեսը Օգոստոս կայսրից պարգև էր ստացել Սամարիա քաղաքը, որը վերանվանել էր Սեբաստե։ Նա զարդարել էր քաղաքը տարբեր շինություններով, այդ թվում նաև մեծ խաղահրապարակով՝ շրջապատված գեղեցիկ սյունաշարերով։ Հերովդեսի կառուցած հսկա շենքերը զարդարված էին նրբագեղ որմնանկարներով։

Հերովդեսը մի շարք շինություններ կառուցեց նաև Երիքովում, որը գտնվում էր ծովի մակարդակից 250 մետր ցածր՝ Հորդանանի հովտում։ Այն ուներ մերձարևադարձային կլիմա։ Քաղաքը զբաղեցնում էր 1 000 հեկտար տարածք, այն ասես քաղաք–պարտեզ լիներ։ Այնտեղ կառուցած երեք պալատները նա միավորեց և դարձրեց մի ընդարձակ բնակատեղի՝ ձմեռային պալատ։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ ընդունարաններ, լոգարաններ, պարտեզներ և լողավազաններ։ Հերովդեսը նախընտրում էր ձմեռն անցկացնել Երիքովում։

Յուրօրինակ պալատ–ամրոցները

Հերովդեսը ձմեռը կարող էր անցկացնել նաև մի այլ վայրում։ Մեռյալ ծովից 400 մետր բարձրության վրա գտնվող Մասադա ժայռի վրա նա մի ամրոց էր կառուցել։ Այն երեք հարկանի էր՝ տեռասով և լողավազաններով։ Պալատներից մեկն ուներ հռոմեական բաղնիք, որի պատերի մեջ ջեռուցման խողովակներ էին անցկացված, իսկ զուգարանում մաքրման համակարգ էր գործում։

Անապատի այդ անբարենպաստ պայմաններում Հերովդեսը կառուցել էր նաև թագավորական առողջարան։ Այնտեղ կային մեծ ջրամբարներ, որոնք կարող էին տանել 40 000 000 լիտր ջուր։ Քանի որ ամրոցն ուներ նաև անձրևաջրեր հավաքելու և ամբարելու համակարգ, դա հնարավորություն էր տալիս բույսեր աճեցնելու, ինչպես նաև ունենալու լողավազաններ և լոգարաններ։

Հերովդեսի հրաշագեղ ապարանքներից էր նաև Հերոդիում պալատ–ամրոցը, որը գտնվում էր մի բարձր բլրի վրա՝ Բեթլեհեմից մոտ 5 կմ հարավ–արևելք։ Այն բաղկացած էր երկու մասից՝ վերին Հերոդիում և ստորին Հերոդիում։ Վերին մասում կար շքեղ պալատ–ամրոց, որն ուներ 5 հարկանի արևելյան աշտարակ։ Թեև հիմա նրա տեղում միայն ավերակներ են, սակայն ժամանակին այն բարձունքից հսկում էր հորիզոնը։ Երկու տարի առաջ միջազգային լրատվական միջոցները հայտնեցին, որ վերին Հերոդիումի տարածքում հայտնաբերվել է Հերովդեսի գերեզմանը։ Այս փաստը հաստատում է առաջին դարի պատմիչ Հովսեպոսի վկայությունն այն մասին, որ Հերովդեսի թաղման արարողությունը տեղի է ունեցել այդտեղ։

Ստորին Հերոդիումը ավելի բարդ էր. այն շրջապատված էր կից շինություններով և վարչական շենքերով։ Մեջտեղում հռոմեական ոճի պարտեզն էր, որը զարդարված էր սյունաշարերով։ Այնտեղ կար մի մեծ լողավազան, որը կենտրոնում ուներ արհեստական կղզի։ Այդ լողավազանը երկու անգամ ավելի մեծ էր ժամանակակից օլիմպիական լողավազաններից։ Այն ծառայում էր որպես ջրամբար, բայց այնտեղ և՛ լողանում էին, և՛ նավարկում։ Ջուրը բերվում էր ջրատարերով 5 կմ հեռվից։

Տարիներ առաջ մի զբոսաշրջիկ այսպես արտահայտվեց այս տեղանքի մասին. «Արևելքում կարող ես տեսնել Մեռյալ ծով տանող ամբողջ ճանապարհը։ Այստեղ Հուդայի անապատն է, որտեղ թաքնվել էր Դավիթը իրեն հետապնդող Սավուղից։ Այս անհարթ տարածությունը տեսնելով՝ մենք պատկերացրինք, թե ինչպես է նա կարողացել խույս տալ Սավուղից. հավանաբար մանուկ հասակից ծանոթ է եղել այս տարածքին։ Մտածեցինք նաև, որ մինչ նրա ոչխարներն արածել են, նա հաճախ է բարձրացել այս լեռը, որտեղից բացվում է այս հրաշալի տեսարանը»։

Բազմաթիվ գրքեր են գրվել Հերովդեսի շինարարական գործերի մասին։ Տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչն է նրան մղել այսպիսի անզուգական շինություններ կառուցելու։ Ոմանց կարծիքով՝ նա ցանկացել է համբավ ձեռք բերել կամ դա արել է քաղաքական նկատառումներով։ Անկախ այն բանից, թե ինչ մղումներ է ունեցել նա, մի բան պարզ է. Հերովդես Մեծը թեև անգութ բռնակալ էր, բայց հայտնի էր նաև որպես հոյակերտ շինությունների հեղինակ։

[Նկար 29–րդ էջի վրա]

ԿԵՍԱՐԻԱ

(ըստ նկարչի)

[Նկար 29–րդ էջի վրա]

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱԼԱՏԸ

(մակետ)

[Նկար 29–րդ էջի վրա]

ՀԵՐՈՎԴԵՍԻ ՏԱՃԱՐԸ

(մակետ)

[Նկար 30–րդ էջի վրա]

ՄԱՍԱԴԱ

(եռահարկ պալատի ավերակները)

[Նկար 30–րդ էջի վրա]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[Նկար 30–րդ էջի վրա]

ՀԵՐՈԴԻՈՒՄ

(ըստ նկարչի)

[Նկար. թույլտվությամբ 29–րդ էջի վրա]

Caesarea: Hiram Henriquez/National Geographic Stock; Palace: Courtesy of Israel Museum, Jerusalem, and Todd Bolen/Bible Places.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը