-
Աբրահամն ու Սառան հնազանդվում են ԱստծունՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 8
Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն
Բաբելոնից ոչ շատ հեռու կար մի քաղաք, որը կոչվում էր Ուր։ Այնտեղ մարդիկ ծառայում էին ոչ թե Եհովային, այլ շատ ուրիշ աստվածների։ Բայց կար մի մարդ, ով ծառայում էր միայն Եհովային։ Նրա անունը Աբրահամ էր։
Մի օր Եհովան Աբրահամին ասաց. «Հեռացիր քո երկրից ու հարազատներից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ»։ Հետո Աստված խոստացավ նրան. «Քեզանից մեծ ազգ կստեղծեմ։ Հանուն քեզ՝ ամբողջ երկրում ապրող շատ մարդկանց ես բարիք կանեմ»։
Աբրահամը չգիտեր, թե Եհովան ուր է իրեն ուղարկում, բայց նա վստահում էր Աստծուն։ Ուստի Աբրահամը, նրա կին Սառան, նրա հայր Թարան և եղբոր որդին՝ Ղովտը, հնազանդվեցին Եհովային. նրանք հավաքեցին իրենց իրերը և ճանապարհ ընկան։ Այդ ճանապարհը շատ երկար էր լինելու։
Աբրահամը 75 տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ մտավ այն երկիր, ուր Եհովան նրանց ուղարկել էր։ Այդ երկիրը կոչվում էր Քանանի երկիր։ Այնտեղ Աստված խոսեց Աբրահամի հետ և խոստացավ. «Քո երեխաներին եմ տալու այս երկիրը»։ Բայց Աբրահամն ու Սառան ծեր էին և երեխա չունեին։ Ինչպե՞ս էր Եհովան կատարելու իր խոստումը։
«Հավատի շնորհիվ Աբրահամը.... հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում» (Եբրայեցիներ 11։8)։
-
-
Երկար սպասված որդիՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 9
Երկար սպասված որդի
Աբրահամն ու Սառան երկար տարիներ էր, ինչ ամուսնացած էին։ Նրանք թողել էին Ուր քաղաքի իրենց հարմարավետ տունը և ապրում էին վրանում։ Սակայն Սառան չէր դժգոհում, որովհետև վստահում էր Եհովային։
Սառան այնքան շատ էր ուզում երեխա ունենալ, որ մի անգամ Աբրահամին ասաց. «Եթե իմ ծառա Հագարը երեխա ունենա, նրան իմ երեխայի պես կսիրեմ»։ Անցավ որոշ ժամանակ, և Հագարը որդի ծնեց։ Նրա անունը Իսմայել դրեցին։
Շատ տարիներ անց, երբ Աբրահամը 99 տարեկան էր, իսկ Սառան՝ 89, նրանց հյուր եկան երեք անծանոթներ։ Աբրահամը նրանց առաջարկեց, որ ծառի տակ մի փոքր հանգստանան և հետո միասին ճաշեն։ Գիտե՞ս, թե ովքեր էին այդ անծանոթները։ Նրանք հրեշտակներ էին։ Աբրահամի հյուրերը ասացին նրան. «Մյուս տարի այս ժամանակ քո կինը՝ Սառան, որդի կունենա»։ Սառան վրանի մուտքի մոտ լսում էր։ Նա իր մտքում ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես կարող եմ երեխա ունենալ, չէ՞ որ արդեն շատ ծեր եմ»։
Հաջորդ տարի Սառան մի որդի ծնեց, ինչպես և Եհովայի հրեշտակը խոստացել էր։ Աբրահամը նրա անունը Իսահակ դրեց, ինչը նշանակում է «ծիծաղ»։
Երբ Իսահակը մոտ հինգ տարեկան էր, Սառան տեսավ, որ Իսմայելը ծաղրում է նրան։ Նա ուզում էր պաշտպանել իր որդուն, դրա համար գնաց Աբրահամի մոտ ու խնդրեց, որ Հագարին ու նրա որդուն դուրս անի։ Սկզբում Աբրահամը չէր ուզում դա անել։ Բայց Եհովան, որը նույնպես ուզում էր պաշտպանել Իսահակին, նրան ասաց. «Լսիր Սառային։ Ես հոգ կտանեմ Իսմայելին։ Բայց իմ խոստումը Իսահակի միջոցով կկատարեմ»։
«Հավատի շնորհիվ Սառան հղիացավ, թեև նրա տարիքն արդեն անցել էր. նա հավատում էր, որ Խոստացողը հավատարիմ է իր խոսքին» (Եբրայեցիներ 11։11)։
-
-
Հիշիր Ղովտի կնոջըՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 10
Հիշիր Ղովտի կնոջը
Ղովտն ապրում էր Քանանի երկրում իր հորեղբայր Աբրահամի հետ։ Աբրահամն ու Ղովտը այնքան շատ անասուններ ունեին, որ տարածքը նրանց համար փոքր էր դարձել։ Մի օր Աբրահամը Ղովտին ասաց. «Մենք այլևս չենք կարող միասին ապրել նույն տեղում։ Խնդրում եմ, ընտրիր այն տեղը, ուր ուզում ես գնալ, իսկ ես մեկ ուրիշ տեղ կգնամ»։ Տեսնո՞ւմ ես, թե ինչ անեսասեր մարդ էր Աբրահամը։
Ղովտը Սոդոմ կոչվող քաղաքի մոտակայքում մի գեղեցիկ տարածք տեսավ։ Այնտեղ շատ ջուր կար, և փարթամ բուսականություն էր աճում։ Ուստի նա ընտրեց այդ վայրը և ընտանիքով տեղափոխվեց այնտեղ։
Սոդոմի և մոտակա Գոմոր քաղաքի բնակիչները այնքան չար էին, որ Եհովան որոշեց կործանել այդ քաղաքները։ Սակայն նա ուզում էր փրկել Ղովտին ու նրա ընտանիքին, դրա համար երկու հրեշտակ ուղարկեց, որ նրանց զգուշացնեն. «Շտապե՛ք։ Դո՛ւրս եկեք քաղաքից։ Եհովան կործանելու է այն»։
Ղովտը միանգամից չհեռացավ։ Նա դանդաղում էր։ Այդ պատճառով հրեշտակները բռնեցին Ղովտի, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և քաղաքից հանեցին՝ ասելով. «Փախե՛ք։ Փրկե՛ք ձեր կյանքը։ Հետ չնայե՛ք։ Եթե հետ նայեք, կմեռնեք»։
Երբ նրանք հասան Սեգոր կոչվող քաղաք, Եհովան Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու կրակ թափեց։ Այդ երկու քաղաքները կործանվեցին։ Ղովտը և նրա աղջիկները փրկվեցին, քանի որ լսեցին Եհովային։ Սակայն Ղովտի կինը չլսեց Եհովային, հետ նայեց և աղի արձան դարձավ։ Ղովտն ու նրա աղջիկները հավանաբար շատ տխրեցին։ Բայց նրանք ուրախ էին այն բանի համար, որ արել էին Եհովայի ասածը։
«Հիշեք Ղովտի կնոջը» (Ղուկաս 17։32)։
-
-
Հավատի փորձությունՍովորում եմ Աստվածաշնչից
-
-
ԴԱՍ 11
Հավատի փորձություն
Աբրահամը իր որդի Իսահակին սովորեցրեց սիրել Եհովային և հավատալ նրա բոլոր խոստումներին։ Սակայն երբ Իսահակը մոտ 25 տարեկան էր, Եհովան Աբրահամին ասաց, որ մի շատ դժվար բան անի։ Ի՞նչ էր դա։
Աստված Աբրահամին ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո միակ որդուն և Մորիա երկրի լեռներից մեկի վրա զոհաբերիր նրան»։ Աբրահամը չէր պատկերացնում, թե Եհովան ինչու է իրեն այդպիսի բան ասում։ Բայց նա հնազանդվեց։
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աբրահամը վերցրեց Իսահակին ու իր ծառաներից երկուսին և ճանապարհ ընկավ դեպի Մորիա։ Երեք օր անց նրանք հեռվից տեսան այդ լեռները։ Աբրահամն իր ծառաներին ասաց, որ սպասեն, մինչև որ ինքն ու Իսահակը գնան զոհ մատուցելու։ Աբրահամը Իսահակին փայտ տվեց, որ տանի, իսկ ինքը մի դանակ վերցրեց։ Իսահակը իր հորը հարցրեց. «Ո՞ւր է այն կենդանին, որ պետք է զոհաբերենք»։ Աբրահամը պատասխանեց. «Որդի՛ս, Եհովան կտա կենդանին»։
Երբ նրանք վերջապես հասան լեռը, մի զոհասեղան շինեցին։ Այնուհետև Աբրահամը կապեց Իսահակի ձեռքերն ու ոտքերը և նրան դրեց զոհասեղանին։
Երբ Աբրահամը վերցրեց դանակը, Եհովայի հրեշտակը երկնքից կանչեց ու ասաց. «Աբրահա՛մ, տղային չվնասե՛ս։ Հիմա գիտեմ, որ հավատում ես Աստծուն, քանի որ պատրաստ էիր զոհաբերելու քո որդուն»։ Այդ ժամանակ Աբրահամը մի արու ոչխար տեսավ, որը եղջյուրներով խճճվել էր փշոտ թփերում։ Նա արագ արձակեց Իսահակին և իր որդու փոխարեն ոչխարին զոհաբերեց։
Այդ օրվանից Եհովան Աբրահամին իր ընկերը կոչեց։ Գիտե՞ս, թե ինչու։ Աբրահամը անում էր այն ամենը, ինչ Եհովան ասում էր իրեն, նույնիսկ երբ չէր հասկանում, թե ինչու է Եհովան նման բան պահանջում։
Եհովան իր խոստումը կրկնեց Աբրահամին և ասաց. «Ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը»։ Աստված խոստացավ նաև, որ Աբրահամի ընտանիքի միջոցով օրհնելու է բոլոր լավ մարդկանց։
«Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։
-