Անգամ մեռած լեզվով Աստծու Խոսքը կենդանի է
ԱՆՑԱԾ մի քանի դարերի ընթացքում աշխարհի լեզուների առնվազն կեսը անհետացել է։ Դրանք մեռած են, որովհետև այդ լեզուները կրող ժողովուրդները գոյություն չունեն։ Լատիներենը այդ լեզուների թվում է։ Բայցևայնպես, այն առայսօր Վատիկանի պաշտոնական լեզուն է, և դեռ կան մարդիկ, ովքեր ուսումնասիրում են լատիներենը։
Աստվածաշնչի առաջին թարգմանությունները արվել են լատիներենով։ Կարո՞ղ են այս թարգմանությունները այսօր ինչ–որ ձևով ազդել Աստծու Խոսքն ընթերցողների վրա։ Պատմությունը կօգնի մեզ իմանալու պատասխանը։
Լատիներեն ամենահին թարգմանությունները
Լատիներենը Հին Հռոմի առաջին լեզուն էր։ Հետաքրքիր է, սակայն, որ Պողոս առաքյալը Հռոմում ապրող քրիստոնյաներին ուղղած իր նամակները գրել է հունարենով։ Պատճառն այն էր, որ քաղաքի բնակիչները գիտեին և՛ լատիներեն, և՛ հունարեն, քանի որ Հռոմում ապրողները հիմնականում Ասիայի հունախոս քաղաքներից էինa։ Կայսրության տարբեր մասերում մարդիկ խոսում էին տարբեր լեզուներով, սակայն ժամանակի ընթացքում լատիներենը դարձավ հիմնական լեզուն։ Այդ պատճառով Սուրբ Գրությունները հունարենից թարգմանվեցին լատիներեն։ Առաջին թարգմանություններն արվել են՝ սկսած մ.թ. երկրորդ դարից Հյուսիսային Աֆրիկայում։
Լատիներեն հին թարգմանությունները հայտնի են «Վետուս Լատինա» անունով (Հին Լատիներեն տարբերակ)։ Գրությունների ամբողջական ոչ մի ձեռագիր չի հասել մեզ։ Պահպանված հատվածները, ինչպես նաև հին գրողների կողմից արված մեջբերումները ցույց են տալիս, որ «Վետուս Լատինան» չի եղել մի ամբողջական աշխատություն։ Ակներևաբար, այն թարգմանվել է տարբեր մարդկանց կողմից տարբեր ժամանակներում և վայրերում։ Ուստի կարող ենք ասել, որ դա հունարենից արված մի շարք թարգմանությունների հավաքածու է։
Քանի որ մարդիկ թարգմանում էին Աստվածաշունչը իրենց նախաձեռնությամբ, խառնաշփոթ էր առաջացել։ Մ.թ. 4–րդ դարի վերջում աստվածաբան Օգոստինոսը նշեց. «Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ գիտի հունարեն ու լատիներեն և ձեռք է բերում հունարեն որևէ ձեռագիր, փորձում է թարգմանել այն»։ Օգոստինոսը և ուրիշները այն կարծիքին էին, որ շատ թարգմանություններ կան, և դրանց բոլորի ճշգրտությունն էլ կասկածելի է։
Հերոնիմոսի թարգմանությունը
Այն անձնավորությունը, որը փորձեց վերջ դնել թարգմանությունների մեջ եղած խառնաշփոթին, Հերոնիմոսն էր։ Նա եղել է Դամասոսի՝ Հռոմի եպիսկոպոսի քարտուղարը (մ.թ. 382 թ.)։ Պապը հանձնարարեց նրան վերստուգել Ավետարանների լատիներեն թարգմանությունը։ Հերոնիմոսն այդ գործն ավարտեց ընդամենը մի քանի տարվա ընթացքում, որից հետո սկսեց վերանայել Աստվածաշնչի մյուս գրքերի թարգմանությունները։
Հերոնիմոսի թարգմանությունը, որը հետագայում կոչվեց «Վուլգատա», աշխատություն էր՝ հիմնված մի շարք աղբյուրների վրա։ Նա «Սաղմոսներ» գիրքը թարգմանելիս օգտվել է «Յոթանասնից» թարգմանությունից, սրբագրել է Ավետարանները, ինչպես նաև եբրայերենից թարգմանել է Հին Կտակարանի մեծ մասը։ Գրությունների մնացած մասը հավանաբար վերստուգել են ուրիշները։ Հետագայում «Վետուս Լատինայից» որոշ հատվածներ նույնպես ընդգրկվեցին «Վուլգատայի» մեջ։
Սկզբնական շրջանում շատերը չէին ընդունում «Վուլգատան»։ Նույնիսկ Օգոստինոսը քննադատեց այդ աշխատությունը։ Ժամանակի ընթացքում, սակայն, այն դարձավ Աստվածաշնչի ամենալավ թարգմանությունը։ Ութերորդ և իններորդ դարերում աստվածաշնչագետներ Ալբինուսն ու Թեոդոլֆը սկսեցին ուղղել լեզվական ու տեքստային սխալները, որոնք սպրդել էին պարբերաբար արտագրվելու արդյունքում։ Ուրիշները Աստվածաշնչի գրքերը բաժանեցին գլուխների, որպեսզի հեշտ լինի գտնել անհրաժեշտ հատվածները։ Երբ ստեղծվեց շարժական տառերով տպագրությունը, Հերոնիմոսի թարգմանությունն առաջին Աստվածաշունչն էր, որը տպագրվեց։
1546–ին՝ Տրիդենտի եկեղեցաժողովի ժամանակ (1545–1563 թ.թ.), կաթոլիկ եկեղեցին Հերոնիմոսի թարգմանությունն անվանեց «Վուլգատա»։ Եկեղեցաժողովը հաստատեց այս թարգմանության վավերականությունը։ Բայց միևնույն ժամանակ նորից վերանայելու որոշում կայացվեց։ Աշխատությունը պետք է սրբագրեին հատուկ կոմիտեի անդամներ։ Սակայն Սիքստոս V պապը, իր ուժերին վստահելով, որոշեց անձամբ ստանձնել այդ գործը, քանի որ շատ էր ցանկանում այն ավարտին հասցված տեսնել։ 1590–ին, երբ վերանայված տարբերակը նոր էր ուղարկվել տպագրության, պապը մահացավ։ Կարդինալները անմիջապես հայտարարեցին, թե գրքում շատ սխալներ կան, ու թույլ չտվեցին, որ այն տպագրվի։
1592–ին Կղեմես VIII պապի հրատարակած նոր տարբերակը կոչվեց «Սիքստոս–Կղեմես»։ Այն որոշ ժամանակ համարվեց կաթոլիկ եկեղեցում պաշտոնապես օգտագործվող Աստվածաշնչի տարբերակը։ «Սիքստոս–Կղեմես Վուլգատան» դարձավ նաև հեղինակավոր աղբյուր մյուս թարգմանությունների համար, ինչպես օրինակ՝ Անտոնիո Մարտինի իտալերեն թարգմանության, որն ավարտվեց 1781–ին։
Լատիներեն ժամանակակից Աստվածաշունչը
20–րդ դարում որոշվեց, որ «Վուլգատան» և այլ հին թարգմանություններ նորից պետք է վերանայվեն։ Ուստի 1965–ին կաթոլիկ եկեղեցին կազմեց նոր հանձնաժողով, որը պետք է վերանայեր և թարգմանությունները համապատասխանեցներ լատիներենի ժամանակակից իմացությանը։ Այս նոր աշխատությունը պետք է օգտագործվեր կաթոլիկ եկեղեցում լատիներենով արվող ժամերգությունների ժամանակ։
1969–ին լույս տեսավ նոր թարգմանության առաջին մասը, իսկ 1979–ին Հովհաննես Պողոս II պապը պաշտոնապես ընդունեց «Նովա Վուլգատա» թարգմանությունը։ Այդ աշխատության մեջ մի շարք համարներում, այդ թվում նաև Ելից 3։15 և 6։3 համարներում գրված էր Աստծու անունը՝ Յավե։ Հետագայում վերանայող կոմիտեի անդամներից մեկը նշեց, որ երկրորդ հրատարակության (1986 թ.) ժամանակ հանձնաժողովը «ուղղեց սխալը» և Յավե անվան փոխարեն գրվեց Դոմինուս (Տեր)։
Ինչպես դարեր առաջ քննադատվում էր «Վուլգատան», այնպես էլ «Նովա Վուլգատան» ենթարկվեց քննադատության կաթոլիկ աստվածաշնչագետների կողմից։ Սպասվում էր, որ այն կմիավորի քրիստոնեական տարբեր կրոնները։ Սակայն շատերի համար այն միայն խոչընդոտ դարձավ, հատկապես այն պատճառով, որ ներկայացվում էր որպես հիմք մյուս լեզուներով թարգմանությունների համար։ Օրինակ՝ Գերմանիայում կաթոլիկների ու բողոքականների միջև «Նովա Վուլգատան» թեժ ընդհարումների պատճառ դարձավ։ Բողոքականները մեղադրում էին կաթոլիկներին այն բանում, որ վերջիններս պնդում էին, թե գերմաներեն թարգմանություններից մեկը, որն օգտագործվում էր երկու կրոնների կողմից, պետք է վերանայվի՝ հիմնվելով «Նովա Վուլգատայի» վրա։
Թեև լատիներենը մեռած լեզու է, սակայն անգամ այդ լեզվով Աստվածաշունչն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է միլիոնավոր ընթերցողների վրա։ Այն ձևավորել է տարբեր լեզուների կրոնական տերմինաբանությունը։ Աստծու Խոսքը փոխում է մարդկանց կյանքերը, ովքեր ջանում են ապրել այդ գրքի անգին ուսմունքներին ներդաշնակ (Եբրայեցիներ 4։12)։
[ծանոթագրություն]
a Այն մասին, թե ինչու են Քրիստոնեական Գրությունները գրվել հունարենով, տես՝ «Գիտեի՞ք արդյոք» հոդվածը, էջ 13։
[Մեջբերում 23–րդ էջի վրա]
Հովհաննես Պողոս II պապը պաշտոնապես ընդունեց «Նովա Վուլգատան»։ Այն առաջին թարգմանությունն էր, որում գրված էր Աստծու անունը՝ Յավե
[շրջանակ 21–րդ էջի վրա]
ԲԱՌԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏԵԼ
«Վետուս Լատինան», որ թարգմանվել է հունարենից, պարունակում է շատ բառեր, որոնք մինչև այժմ էլ գործածվում են։ Դրանցից է, օրինակ, հունարեն դիաթեկե՛ բառը, որը թարգմանվել է «ուխտ» կամ «կտակարան» (2 Կորնթացիներ 3։14)։ Այդ բառը մինչև այժմ էլ գործածվում է։ Շատ մարդիկ Եբրայերեն Գրությունները անվանում են Հին Կտակարան, իսկ Հունարեն Գրությունները՝ Նոր Կտակարան։
[շրջանակ 23–րդ էջի վրա]
«Լիտուրգիամ Օթենտիկամ»
Վատիկանի ժամերգության և հաղորդության կարգադրությունների կոնգրեգացիան չորս տարի տևած աշխատանքներից հետո՝ 2001 թ.–ին, լույս ընծայեց «Լիտուրգիամ օթենտիկամ» («Վավերական պատարագ») աշխատությունը։ Հետաքրքիր է, որ այն խստորեն քննադատվեց անգամ կաթոլիկ աստվածաշնչագետների կողմից։
Ըստ այդ աշխատության՝ նույնիսկ եթե «Նովա Վուլգատան» վերափոխված է (ինչը երևում է բնօրինակներից), այն պետք է հիմք դառնա մյուս բոլոր թարգմանությունների համար, քանի որ այդ թարգմանությունը եկեղեցու կողմից է պաշտոնապես ընդունվել։ Միայն այս առաջնորդությանը համապատասխանող Աստվածաշունչը ընդունելի կլինի կաթոլիկ բարձրաստիճան հոգևորականների կողմից։ Աշխատության մեջ նշվում է նաև, որ կաթոլիկ թարգմանություններում «Ամենակալ Աստծու անունը, որը հանդիպում է եբրայերեն քառագրի տեսքով (ՅՀՎՀ)», պետք է թարգմանվի «այն բառով, որը իր իմաստով համապատասխանում է» Դոմինուս (Տեր) բառին, ինչպես որ արվել է «Նովա Վուլգատայի» երկրորդ հրատարակության ժամանակ, չնայած որ առաջինում Աստծու անունը գրված է եղել։b
[ծանոթագրություն]
b Տե՛ս «Վատիկանը փորձում է մոռացության մատնել Աստծու անունը» հոդվածը, էջ 30։
[նկար 22–րդ էջի վրա]
ԱԼԲԻՆՈՒՍԻ ԼԱՏԻՆԵՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ (մ.թ. 800)
[թույլտվությամբ]
From Paléographìe latine, by F. Steffens (www.archivi.beniculturali.it)
[նկար 22–րդ էջի վրա]
«ՍԻՔՍՏՈՍ–ԿՂԵՄԵՍ ՎՈՒԼԳԱՏԱՆ» (1592 թ.)
[նկար 23–րդ էջի վրա]
ԵԼԻՑ 3։15, «ՆՈՎԱ ՎՈՒԼԳԱՏԱ» (1979 թ.)
[թույլտվությամբ]
© 2008 Libreria Editrice Vaticana