«Քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր»
«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր» (ԱՌԱԿ. 3։5)։
1, 2. ա) Ինչպիսի՞ իրավիճակներում գուցե հայտնվենք։ բ) Դժվար իրավիճակում հայտնվելիս, որոշումներ կայացնելիս կամ գայթակղությանը դիմադրելիս ո՞ւմ պետք է վստահենք և ինչո՞ւ։
ՍԻՆՏԻԱՅԻa գործատերն արդեն փակել է իր ընկերության մի մասը և գործից հեռացրել աշխատողներից մի քանիսին։ Սինտիան մտածում է, որ հաջորդը իրեն են հանելու աշխատանքից։ Ի՞նչ է նա անելու, եթե կորցնի աշխատանքը։ Ինչպե՞ս է վճարելու վարձերը։ Պամելա անունով մեկ այլ քույր ցանկանում է տեղափոխվել այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա, բայց դժվարանում է որոշում կայացնել։ Իսկ Սեմյուել անունով մի երիտասարդ մեկ այլ խնդրի է բախվում։ Վաղ տարիքում նա պոռնկագրություն դիտելու սովորություն է ունեցել։ Հիմա, երբ մոտ 20 տարեկան է, այդ սովորությանը վերադառնալու մեծ գայթակղության առաջ է կանգնած։ Ինչպե՞ս նա կարող է դիմադրել դրան։
2 Երբ հայտնվում ես դժվար իրավիճակում, կանգնում ես կարևոր որոշումներ կայացնելու առաջ կամ դիմադրում ես գայթակղությունների, ո՞ւմ ես ապավինում. ինքդ քե՞զ, թե՞ «քո բեռը Եհովայի վրա ես գցում» (Սաղ. 55։22)։ «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված,— ասվում է Աստվածաշնչում,— և ականջները՝ նրանց օգնության աղաղակին» (Սաղ. 34։15)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է ամբողջ սրտով ապավինել Եհովային և չվստահել մեր հասկացողությանը (Առակ. 3։5)։
3. ա) Ի՞նչ է նշանակում ապավինել Եհովային։ բ) Ինչո՞ւ թերևս ոմանք հակված լինեն վստահելու իրենց հասկացողությանը։
3 Ամբողջ սրտով Եհովային ապավինել նշանակում է նրա ուզած կերպով վարվել՝ նրա կամքի համաձայն։ Այդպես վարվելու համար կարևոր է շարունակ աղոթքով մոտենալ նրան և սրտանց առաջնորդություն խնդրել։ Սակայն շատերի համար դժվար է ամբողջովին վստահել Եհովային։ Լին անունով մի քույր ասում է. «Ես անդադար պայքարում եմ, որ սովորեմ լիովին ապավինել Եհովային»։ Ո՞րն է պատճառը։ «Հորս հետ կապ չեմ ունեցել,— պատմում է նա,— իսկ մայրս հոգ չի տարել իմ էմոցիոնալ ու ֆիզիկական կարիքների մասին։ Ուստի սովորել եմ ինքս հոգալ իմ մասին»։ Այդպիսի մանկություն ունենալու պատճառով Լինի համար դժվար է որևէ մեկին լիովին ապավինել։ Անհատի ընդունակությունները կամ հաջողությունները նույնպես կարող են պատճառ լինել, որ նա իրեն ապավինի։ Երեցը, իր փորձից ելնելով, գուցե ժողովի հետ կապված հարցերը լուծի՝ առանց նախապես Աստծուն աղոթելու։
4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Եհովան ակնկալում է, որ անկեղծ ջանքեր ներդնենք ապրելու մեր աղոթքների համաձայն և գործելու իր կամքին ներդաշնակ։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել մեր հոգսը նրա վրա գցելը և դժվար խնդիրները լուծելու համար ներդրած մեր ջանքերը։ Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք որոշումներ կայացնելիս։ Ինչո՞ւ է կարևոր աղոթել, երբ դիմադրում ենք գայթակղություններին։ Մենք կքննենք այս հարցերը՝ նկատի առնելով աստվածաշնչյան մի քանի օրինակներ։
Դժվար իրավիճակում հայտնվելիս
5, 6. Ինչպե՞ս արձագանքեց Եզեկիան, երբ Ասորեստանի թագավորը սպառնաց նրան։
5 Հուդայի Եզեկիա թագավորի մասին Աստվածաշունչն ասում է. «Նա Եհովային կառչած մնաց և չդադարեց նրան հետևելուց, պահեց այն պատվիրանները, որ Եհովան տվել էր Մովսեսին»։ Այո՛, «նա Իսրայելի Աստված Եհովային վստահեց» (2 Թագ. 18։5, 6)։ Ինչպե՞ս արձագանքեց Եզեկիան, երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը մեծ զորքով Երուսաղեմ ուղարկեց իր ներկայացուցիչներին, այդ թվում նաև ռաբսակին։ Ասորական հզոր բանակը զավթել էր Հուդայում գտնվող բազմաթիվ բերդաքաղաքներ, և Սենեքերիմն այժմ ցանկանում էր գրավել Երուսաղեմը։ Եզեկիան գնաց Եհովայի տուն և սկսեց աղոթել. «Ո՛վ մեր Աստված Եհովա, խնդրում եմ, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու, ո՛վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված» (2 Թագ. 19։14–19)։
6 Եզեկիան, Եհովայից օգնություն խնդրելուց բացի, նաև որոշ քայլեր ձեռնարկեց։ Օրինակ՝ նախքան աղոթելու համար տաճար գնալը նա ժողովրդին պատվիրեց, որ չպատասխանեն ռաբսակի անարգական խոսքերին։ Թագավորը նաև պատվիրակներ ուղարկեց Եսայիա մարգարեի մոտ, որ խորհուրդ հարցնի նրանից (2 Թագ. 18։36; 19։1, 2)։ Եզեկիան ճիշտ քայլերի դիմեց։ Նա չփորձեց մի այնպիսի լուծում գտնել, որը ներդաշնակ չէր լինի Եհովայի կամքին. օգնություն խնդրել Եգիպտոսից կամ հարևան ազգերից։ Իր հասկացողությանը վստահելու փոխարեն՝ Եզեկիան ապավինեց Եհովային։ Արդյունքը եղավ այն, որ Եհովայի հրեշտակը թշնամու զորքից սպանեց 185000 մարդու, և Սենեքերիմը «հետ քաշվեց» ու վերադարձավ Նինվե (2 Թագ. 19։35, 36)։
7. Աննայի ու Հովնանի աղոթքները ինչպե՞ս են մխիթարում մեզ։
7 Աննան՝ ղևտացի Եղկանայի կինը, նույնպես վստահեց Եհովային, երբ երեխա չունենալու պատճառով վշտացած էր (1 Սամ. 1։9–11, 18)։ Նույնն արեց Հովնան մարգարեն։ Մեծ ձկան փորի միջից նա ազատվեց այն բանից հետո, երբ աղոթեց. «Իմ նեղության մեջ ես կանչեցի Եհովային, և նա պատասխանեց ինձ։ Գերեզմանի փորից ես օգնության կանչեցի։ Դու լսեցիր իմ ձայնը» (Հովն. 2։1, 2, 10)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ ինչպիսի ծանր իրավիճակում էլ որ գտնվենք, կարող ենք դիմել Եհովային նրա «բարեհաճությունը ունենալու» խնդրանքով (կարդա՛ Սաղմոս 55։1, 16)։
8, 9. Եզեկիայի, Աննայի ու Հովնանի աղոթքներում ի՞նչն է ընդգծվում, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
8 Եզեկիայի, Աննայի ու Հովնանի օրինակները նաև սովորեցնում են մեզ մի կարևոր դաս այն մասին, թե ինչ չպետք է մոռանանք, երբ ծանր իրավիճակում աղոթում ենք։ Ճիշտ է, երեքն էլ զգացական մեծ ցավ էին ապրում, սակայն նրանց աղոթքները ցույց են տալիս, որ նրանք մտահոգված չէին միայն իրենցով ու խնդիրներից ազատվելով։ Աստծու անունը, նրան երկրպագելն ու նրա կամքը կատարելը ավելի կարևոր էր նրանց համար։ Եզեկիային ցավ էր պատճառում այն, որ Եհովայի անունն էր անարգվում։ Աննան խոստացավ, որ իր որդին, որին այդքա՜ն շատ էր ուզում ունենալ, կծառայի Սելովում գտնվող խորանում։ Իսկ Հովնանն ասաց. «Այն, ինչ երդվել եմ, կանեմ» (Հովն. 2։9)։
9 Երբ աղոթում ենք, որ Եհովան ազատի մեզ դժվարին իրավիճակից, իմաստնորեն կվարվենք, եթե քննենք մեր մղումները։ Արդյո՞ք մեզ մտահոգում է միմիայն մեր խնդիրների լուծումը, թե՞ հիշում ենք նաև Եհովայի ու նրա նպատակի մասին։ Տառապանքի պատճառով գուցե այնքան տարվենք մեր իրավիճակով, որ հոգևոր հարցերը հետին պլան մղվեն։ Երբ Աստծուց օգնություն ենք խնդրում, եկեք մեր միտքը կենտրոնացած պահենք Եհովայի, նրա անվան սրբացման ու նրա գերիշխանության արդարացման վրա։ Այդ դեպքում կկարողանանք դրական տրամադրվածություն պահպանել, նույնիսկ երբ մեր խնդիրը չի լուծվում այնպես, ինչպես որ մենք կցանկանայինք։ Թերևս մեր աղոթքի պատասխանն այն է, որ պետք է Աստծու օգնությամբ տոկանք այդ իրավիճակում (կարդա՛ Եսայիա 40։29; Փիլիպպեցիներ 4։13)։
Որոշումներ կայացնելիս
10, 11. Ինչպե՞ս վարվեց Հովսափատը, երբ հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ չգիտեր ինչ անել։
10 Ինչպե՞ս ես լուրջ որոշումներ կայացնում կյանքում։ Նախ որոշում ես և հետո՞ աղոթում Եհովային, որ օրհնի քո կայացրած որոշումը։ Նկատի առ, թե Հուդայի թագավոր Հովսափատը ինչ արեց, երբ մովաբացիներն ու ամմոնացիները միավորվեցին, որպեսզի պատերազմեն նրա դեմ։ Հուդան չէր կարող դիմադրել նրանց։ Ինչպե՞ս վարվեց Հովսափատը։
11 «Հովսափատը վախեցավ և որոշեց Եհովային փնտրել»,— ասվում է Աստվածաշնչում։ Նա ծոմ հայտարարեց ամբողջ Հուդայի համար ու հավաքեց բոլոր բնակիչներին, «որպեսզի հարցնեն Եհովային»։ Այնուհետև թագավորը կանգնեց Հուդայի ու Երուսաղեմի ժողովի մեջ և աղոթեց. «Ո՜վ մեր Աստված, մի՞թե դու նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք դիմադրելու այս մեծ բազմությանը, որ մեզ վրա է եկել։ Մենք չգիտենք, թե ինչ անենք, ուստի մեր աչքերը քեզ են ուղղված»։ Ճշմարիտ Աստված լսեց Հովսափատի աղոթքը և հրաշքով փրկություն տվեց (2 Տար. 20։3–12, 17)։ Չպե՞տք է արդյոք մենք էլ ապավինենք Եհովային ու չվստահենք մեր հասկացողությանը, երբ կարևոր որոշումներ ենք կայացնում, հատկապես երբ դրանք կարող են անդրադառնալ մեր հոգևոր վիճակին։
12, 13. Որոշումներ կայացնելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Դավիթ թագավորը։
12 Իսկ ի՞նչ պետք է անենք, երբ բախվում ենք այնպիսի խնդիրների, որոնք, մեր կարծիքով, հեշտ է լուծել, քանի որ մեր փորձից ելնելով՝ կարող ենք արագ լուծում գտնել։ Այս հարցում մեզ կարող է օգնել Դավիթ թագավորի հետ պատահածը։ Երբ ամաղեկացիները արշավեցին Սիկելակի վրա, նրանք գերի տարան Դավթի մարդկանց, այդ թվում նաև նրա կանանց ու երեխաներին։ Դավիթը հարցրեց Եհովային. «Հետապնդե՞մ այս հրոսակախմբին»։ Եհովան պատասխանեց. «Հետապնդի՛ր, և դու անպայման կհասնես նրանց ու գերիներին կազատես»։ Դավիթը ենթարկվեց և «ազատեց այն բոլորին, որոնց ամաղեկացիները տարել էին» (1 Սամ. 30։7–9, 18–20)։
13 Դրանից որոշ ժամանակ անց փղշտացիները եկան պատերազմելու Իսրայելի դեմ։ Դավիթը կրկին հարցրեց Եհովային ու հստակ պատասխան ստացավ։ Աստված ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման քո ձեռքն եմ մատնելու» (2 Սամ. 5։18, 19)։ Կարճ ժամանակ անց փղշտացիները նորից դուրս եկան Դավթի դեմ։ Ի՞նչ կաներ նա այս անգամ։ Կմտածե՞ր. «Արդեն երկու անգամ հայտնվել եմ այսպիսի իրավիճակում։ Գնամ պատերազմելու Աստծու թշնամիների դեմ, ինչպես նախորդ անգամները»։ Թե՞ կփնտրեր Աստծու առաջնորդությունը։ Դավիթը չապավինեց իր փորձին։ Նա կրկին աղոթեց Եհովային։ Եվ որքա՜ն ուրախ պետք է որ նա լիներ այդպես վարվելու համար, քանի որ այս անգամ այլ հրահանգ ստացավ (2 Սամ. 5։22, 23)։ Ծանոթ իրավիճակում հայտնվելիս կամ ծանոթ խնդրի բախվելիս մենք էլ պետք է զգույշ լինենք, որ չապավինենք մեր փորձին (կարդա՛ Երեմիա 10։23)։
14. Ի՞նչ դաս ենք քաղում այն բանից, թե Հեսուն ու Իսրայելի երեցները ինչպես վարվեցին գաբաոնացիների հետ։
14 Լինելով անկատար՝ բոլորս, նույնիսկ փորձառու երեցները պետք է զգոն լինենք, որ որոշումներ կայացնելիս չմոռանանք Եհովային դիմել առաջնորդության համար։ Ուշադրություն դարձրու, թե Մովսեսի հետնորդը՝ Հեսուն, և Իսրայելի երեցները ինչպես արձագանքեցին, երբ գաբաոնացիները, խորագիտություն բանեցնելով, եկան նրանց մոտ ու թաքցնելով իրենց ինքնությունը՝ ձևացրին, թե եկել են հեռավոր երկրից։ Առանց Եհովային հարցնելու՝ Հեսուն և իր հետ եղող մարդիկ որոշում կայացրին ու խաղաղություն հաստատեցին՝ ուխտ կապելով նրանց հետ։ Թեև Եհովան լիովին թիկունք կանգնեց այդ ուխտին, սակայն հոգ տարավ, որ այս մասին գրի առնվի Աստվածաշնչում մեր օգտի համար (Հեսու 9։3–6, 14, 15)։
Գայթակղություններին դիմադրելիս
15. Բացատրի՛ր, թե ինչու է աղոթքը կարևոր գայթակղություններին դիմադրելու համար։
15 Քանի որ մեր անդամներում «մեղքի օրենքն» է գործում, պետք է պայքար մղենք մեղավոր հակումների դեմ (Հռոմ. 7։21–25)։ Այդ պայքարում հնարավոր է հաղթանակած դուրս գալ։ Ինչպե՞ս։ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ գայթակղություններին դիմադրելու համար շատ կարևոր է աղոթքը (կարդա՛ Ղուկաս 22։40)։ Նույնիսկ եթե աղոթելուց հետո շարունակում ենք սխալ ցանկություններ կամ մտքեր ունենալ, պետք է «շարունակ խնդրենք Աստծուն», որ մեզ իմաստություն տա՝ հաղթահարելու դրանք։ Մեզ վստահեցում է տրված, որ նա «ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու» (Հակ. 1։5)։ Հակոբոսը նաև գրում է. «Ձեզանից որևէ մեկը [հոգևորապես] հիվա՞նդ է։ Թող իր մոտ կանչի ժողովի երեցներին, և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան։ Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին» (Հակ. 5։14, 15)։
16, 17. Գայթակղությանը դիմադրելիս ե՞րբ ճիշտ կլինի Եհովայից օգնություն խնդրել։
16 Ճիշտ է, կարևոր է աղոթել, որպեսզի կարողանանք դիմադրել գայթակղություններին, բայց պետք է նաև գիտակցենք, որ հարկավոր է ճիշտ ժամանակ աղոթել։ Քննենք Առակներ 7։6–23-ում նկարագրված դեպքը։ Մթնշաղին մի երիտասարդ քայլում է այն փողոցով, որտեղ, իր իմանալով, ապրում է մի անբարո կին։ Համոզիչ խոսքերով կինը մոլորեցնում է երիտասարդին ու շողոքորթող շուրթերով հրապուրում, և նա գնում է նրա հետևից, ինչպես ցուլն է գնում մորթվելու։ Ինչո՞ւ էր երիտասարդը քայլում այդ փողոցով։ Քանի որ «խոհեմ սիրտ չուներ», այսինքն՝ անփորձ էր, ու հավանաբար, պայքարում էր իր սխալ ցանկությունների դեմ (Առակ. 7։7)։ Նրա դեպքում ե՞րբ ճիշտ կլիներ աղոթել։ Ինչ խոսք, ամեն ժամանակ արված աղոթքը օգտակար է։ Սակայն նրա համար լավագույն տարբերակը կլիներ այն, որ աղոթեր այն ժամանակ, երբ իր մեջ ցանկություն առաջացավ քայլելու այդ փողոցով։
17 Գուցե ինչ-որ մեկը մեծ ջանքեր է թափում դիմադրելու պոռնկագրություն նայելու իր ցանկությանը։ Բայց ենթադրենք՝ նա ինտերնետում այնպիսի էջեր է այցելում, որտեղ գիտի, որ ցանկահարույց նկարներ ու տեսահոլովակներ կան։ Արդյոք նրա իրավիճակը նման չէ՞ Առակներ 7-րդ գլխում նկարագրված երիտասարդի իրավիճակին։ Ինչպիսի՜ վտանգավոր ուղիով է նա սկսում քայլել։ Որպեսզի անհատը դիմադրի պոռնկագրություն դիտելու գայթակղությանը, նա պետք է օգնության համար դիմի Եհովային նախքան ինտերնետ մտնելը։
18, 19. ա) Ինչո՞ւ գայթակղություններին դիմադրելը կարող է դժվար լինել, բայց ինչպե՞ս կարող ես հաջողության հասնել։ բ) Ի՞նչ ես վճռել անել։
18 Հեշտ չէ դիմադրել գայթակղությանը կամ հաղթահարել վատ սովորությունները։ «Մարմինն իր ցանկություններով դեմ է ոգուն,— գրեց Պողոս առաքյալը,— ոգին էլ դեմ է մարմնին»։ Այդ պատճառով «այն ամենը, ինչ կուզենայինք անել, չենք անում» (Գաղ. 5։17)։ Ուստի երբ սխալ մտքեր են առաջանում կամ երբ կանգնում ենք գայթակղությունների առաջ, հենց այդ ժամանակ է, որ պետք է ջերմեռանդորեն աղոթենք ու վարվենք մեր աղոթքներին ներդաշնակ։ «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց»,— ասում է Աստվածաշունչը և վստահեցնում, որ Եհովայի օգնությամբ մենք կարող ենք պահել նրա հանդեպ մեր հավատարմությունը (1 Կորնթ. 10։13)։
19 Անկախ նրանից՝ դժվար իրավիճակում ենք, կարևոր որոշում պիտի կայացնենք թե փորձում ենք դիմադրել գայթակղությանը, մենք ունենք Եհովայի տված հրաշալի պարգևը՝ աղոթելու թանկ առանձնաշնորհումը։ Աղոթելով Աստծուն՝ ցույց ենք տալիս, որ ապավինում ենք նրան։ Պետք է շարունակ խնդրենք Աստծուն, որ տա իր սուրբ ոգին, որը կառաջնորդի ու կզորացնի մեզ (Ղուկ. 11։9–13)։ Ուստի եկեք ամբողջովին ապավինենք Եհովային և չվստահենք մեր հասկացողությանը։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
Հիշո՞ւմ ես
• Եհովային ապավինելու վերաբերյալ ի՞նչ սովորեցիր Եզեկիայից, Աննայից ու Հովնանից։
• Ինչպե՞ս են Դավթի ու Հեսուի օրինակներն ընդգծում որոշումներ կայացնելիս Եհովային ապավինելու կարևորությունը։
• Գայթակղությունների առաջ կանգնելիս հատկապես ե՞րբ պետք է աղոթենք։
[նկար 9-րդ էջի վրա]
Գայթակղությանը դիմադրելիս ե՞րբ ավելի ճիշտ կլինի աղոթել