Երիտասարդնե՛ր, Եհովային արժանի կերպով ընթացեք
ՈՐՈՇ քրիստոնյա երիտասարդներ ժամանակավորապես ստիպված են եղել հեռու ապրել իրենց տնից և ժողովից։ Ոմանք այդպես են արել իրենց ծառայությունն ընդարձակելու համար։ Մյուսները ստիպված են եղել հեռանալ տնից այս աշխարհի գործերի հանդեպ իրենց բռնած չեզոք դիրքի պատճառով (Եսայիա 2։4; Յովհաննէս 17։16)։ Որոշ երկրներում ‘կայսրը’ անարատություն պահող երիտասարդներին դատապարտել է բանտարկության կամ հասարակական աշխատանքի (Մարկոս 12։17; Տիտոս 3։1, 2)։a
Իրենց չեզոք դիրքի պատճառով բանտարկված լինելով՝ այս երիտասարդները երկար ժամանակ գուցե գտնվեն հանցագործների հետ միասին։ Տանից այլ պատճառներով հեռու գտնվելը նմանապես ստիպել է երիտասարդներին աշխատել անբարո մթնոլորտում։ Ինչպե՞ս կարող են այս երիտասարդ քրիստոնյաները կամ այլոք, ովքեր ստիպված գտնվում են այդպիսի իրավիճակում, հաջողությամբ պայքարել ճնշումների և իրենց ներկայացվող պահանջների դեմ՝ մինչ ձգտում են ‘ընթանալ Աստծուն արժանի կերպով’ (Ա Թեսաղոնիկեցիս 2։12, ԷԹ)։ Ինչպե՞ս ծնողները կարող են օգնել նրանց պատրաստ լինել հնարավոր ցանկացած տհաճ հանգամանքների (Առակաց 22։3)։
Առանձնահատուկ դժվարություններ
«Ծնողներիս պաշտպանիչ հոգատարությունից, ինչպես նաև երեցների, որոնք ինձ լավ գիտեին, սիրալիր ուշադրությունից հեռու լինելը դժվար էր և վախեցնող»,— ասում է 21–ամյա Տակիսը, որը հարկադրված էր 37 ամիս տանից հեռու անցկացնել։b Նա ավելացնում է. «Ժամանակ առ ժամանակ բոլորովին անպաշտպան էի զգում ինձ»։ Քսանամյա Պետրոսը ստիպված էր տանից հեռու լինել ավելի քան երկու տարի։ Նա խոստովանում է. «Կյանքումս առաջին անգամ ես ինքս պետք է որոշումներ կայացնեի զվարճության ու ընկերակցությունների առումով, և իմ ընտրությունները միշտ չէ, որ իմաստուն էին»։ Այնուհետև նա ավելացնում է. «Երբեմն անհանգիստ էի զգում այն մեծ պատասխանատվությունից, որ բերել էր իր հետ լրացուցիչ ազատությունը»։ Տասոսը՝ քրիստոնյա մի երեց, որը հաճախ է գործ ունենում նման իրադրություններում գտնվող քրիստոնյա երիտասարդների հետ, նկատում է. «Անհավատ հասակակիցների անմաքուր խոսքերը, ըմբոստ ոգին և բռնությամբ լեցուն վարքագիծը կարող են ազդել անզգույշ և խոցելի երիտասարդների վրա»։
Ապրելով ու աշխատելով այնպիսի մարդկանց մեջ, ովքեր չեն հարգում աստվածաշնչյան սկզբունքները՝ քրիստոնյա երիտասարդները կարիք ունեն զգուշանալու, որպեսզի չգայթակղվեն ընդօրինակելու իրենց հասակակիցների անբարո և ոչ սուրբգրային ճանապարհները (Սաղմոս 1։1; 26։4; 119։9)։ Անձնական ուսումնասիրության, ժողովի հանդիպումներին հաճախելու և ծառայությանը մասնակցելու լավ գրաֆիկ պահպանելը կարող է դժվար թվալ (Փիլիպպեցիս 3։16)։ Հոգևոր նպատակներ դնելն ու դրանց հասնելու համար ջանքեր թափելը նույնպես կարող է հեշտ չլինել։
Հավատարիմ քրիստոնյա երիտասարդներն անշուշտ ցանկանում են հաճեցնել Եհովային իրենց վարքով և խոսքով։ Նրանք միշտ ձգտում են ուշադրություն դարձնել իրենց երկնային Հոր հուզիչ հրավերին. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Նրանք գիտակցում են, որ իրենց արտաքին տեսքն ու վարքագիծը ազդում են այն բանի վրա, թե ուրիշները ինչ կմտածեն Եհովայի ու նրա ժողովրդի մասին (Ա Պետրոս 2։12)։
Գովելի է, որ այս երիտասարդների մեծամասնությունը իր լավագույնն է անում, որպեսզի նման լինի առաջին դարում ապրած իրենց եղբայրներին, որոնց մասին Պողոս առաքյալն աղոթել էր. «Գնաք ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լինիք.... ամեն համբերութեան եւ երկայնամտութեան մէջ ուրախութիւնով» (Կողոսացիս 1։9–11)։ Աստվածաշունչը պատմում է աստվածավախ երիտասարդների մի քանի օրինակներ, որոնց հաջողվել է Աստծուն արժանի կերպով ապրել օտար, թշնամական և կռապաշտ միջավայրում (Փիլիպպեցիս 2։15)։
«Եհովան Յովսէփի հետ էր»
Երիտասարդ և անփորձ հասակում Հովսեփը՝ Հակոբի և Ռաքելի սիրված որդին, հայտնվեց իր աստվածավախ հոր պաշտպանիչ օջախից շատ հեռու։ Նա ծախվել էր ստրկության՝ Եգիպտոս։ Հովսեփը թողել է գործունյա, վստահելի և բարոյական երիտասարդի հիանալի օրինակ։ Թեև նա ստրուկ էր ծառայում Պետափրեսի մոտ՝ մի անձնավորության, որը Եհովայի երկրպագու չէր, Հովսեփը բարեխիղճ էր ու ջանասեր, և նրա տերը ի վերջո ամբողջ տնտեսությունը վստահեց նրան (Ծննդոց 39։2–6)։ Հովսեփը պահպանում էր Եհովայի հանդեպ իր անարատությունը և երբ դրա հետևանքով բանտ գցվեց, նա չեզրակացրեց. «Ո՞րն էր անարատությունս պահելու օգուտը»։ Նույնիսկ բանտում նա լավ հատկություններ դրսևորեց և շուտով այնտեղ կատարում էր որոշ պարտականություններ (Ծննդոց 39։17–22)։ Աստված օրհնեց նրան և, ինչպես Ծննդոց 39։23-ում է ասվում, «Եհովան նորա հետ էր»։
Որքա՜ն հեշտ կարող էր լինել Հովսեփի համար, որը կտրված էր իր աստվածավախ ընտանիքից, ընդօրինակել շուրջբոլորն ապրող հեթանոսների վարքը՝ եգիպտացիների պես անբարո կենսակերպ վարելով։ Փոխարենը՝ նա կառչած մնաց աստվածային սկզբունքներին և պահպանեց իր մաքրությունը՝ չնայած ամենաուժեղ գայթակղությանը։ Երբ Պետափրեսի կինը շարունակ պնդում էր, որ նա սեռական հարաբերություններ ունենար իր հետ, Հովսեփը վճռականորեն պատասխանեց. «Ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ» (Ծննդոց 39։7–9)։
Այսօր Վկա երիտասարդները անվայել ընկերակցությունների, անբարո զվարճության, պոռնկագրության և այլասերված երաժշտության վերաբերյալ աստվածաշնչյան զգուշացումներին կառչելու կարիք ունեն։ Նրանք գիտակցում են, որ «Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին» (Առակաց 15։3)։
Մովսեսը խուսափեց ‘մեղքի զվարճությունից’
Մովսեսը մեծացել էր փարավոնի պալատի կռապաշտ և հեշտասեր միջավայրում։ Աստվածաշունչը նրա մասին ասում է. «Հաւատքով Մովսէսը.... չկամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։ Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ» (Եբրայեցիս 11։24, 25)։
Աշխարհի հետ ընկերություն անելը կարող է որոշ առավելություններ տալ, բայց դա երկար չի տևի։ Ամենաշատը այն կարող է տևել միայն մինչև այն քիչ ժամանակի վերջը, որ մնացել է այս աշխարհին (Ա Յովհաննէս 2։15–17)։ Ավելի լավ չի՞ լինի հետևել Մովսեսի օրինակին։ Աստվածաշունչն ասում է, որ նա «համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։27)։ Նա իր միտքը կենտրոնացած պահեց իր աստվածավախ նախահայրերի հոգևոր ժառանգության վրա։ Եհովայի նպատակը նա դարձրեց իր կյանքի նպատակը՝ Աստծո կամքն անելը դնելով իր առջև (Ելից 2։11; Գործք 7։23, 25)։
Երբ աստվածավախ երիտասարդները հայտնվում են անաստված և անպատշաճ միջավայրում, նրանք կարող են ամրացնել իրենց փոխհարաբերությունը Եհովայի հետ անձնական ուսումնասիրության միջոցով՝ ավելի լավ ճանաչելով ‘Անտեսանելիին’։ Քրիստոնեական գործունեություններով հագեցած գրաֆիկը, որն իր մեջ ներառում է կանոնավորապես ժողովի հանդիպումներին հաճախելը և ծառայությունը, կօգնի այս երիտասարդներին իրենց միտքը կենտրոնացած պահել հոգևոր բաների վրա (Սաղմոս 63։6; 77։12)։ Նրանք պետք է ձգտեն Մովսեսի հավատի պես ամուր հավատ ու հույս մշակել։ Նրանք լավ կանեն, եթե կենտրոնացնեն իրենց մտքերը Եհովայի վրա, նաև համապատասխան գործեր անեն՝ ուրախ լինելով, որ նրա ընկերն են։
Նա իր շրթունքներով փառաբանեց Աստծուն
Մեկ ուրիշ երիտասարդ, որը տանից հեռու գտնվելով օրինակելի է եղել, իսրայելացի աղջիկն էր, որին ասորիները Աստծո մարգարե Եղիսեի օրերում գերի էին տարել։ Նա դարձավ Նեեմանի կնոջ աղախինը. Նեեմանը ասորական բանակի զորագլուխն էր և բորոտ էր։ Այս աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կ’բժշկէր իր բորոտութիւնիցը»։ Նրա վկայության շնորհիվ Նեեմանը գնաց Եղիսեի մոտ՝ Իսրայել, և բորոտությունից մաքրվեց։ Ավելին, Նեեմանը դարձավ Եհովայի երկրպագու (Դ Թագաւորաց 5։1–3, 13–19)։
Այս աղջկա օրինակը երիտասարդներին ցույց է տալիս իրենց լեզուն Աստծուն պատվող ձևով օգտագործելու անհրաժեշտությունը, նույնիսկ երբ նրանք հեռու են իրենց ծնողներից։ Եթե այդ աղջիկը «հիմար խօսքեր» օգտագործելու կամ «անպարկեշտ կատակներ» (ՆԱ) անելու սովորություն ունենար, անկաշկանդորեն կխոսե՞ր, ինչպես որ արեց, երբ հնարավորություն ստեղծվեց (Եփեսացիս 5։4; Առակաց 15։2)։ Նիկոսը՝ 20-ամյա մի երիտասարդ, որը իր չեզոք դիրքի պատճառով ազատազրկման մեջ էր, վերհիշում է. «Երբ մի քանի այլ երիտասարդ եղբայրների հետ միասին գյուղատնտեսական բանտում էի, ծնողների և ժողովի ազդեցությունից հեռու, նկատեցի, որ մեր խոսելաոճը վատանում է։ Անշուշտ, այն փառք չէր բերում Եհովային»։ Ուրախալի է, որ Նիկոսին և մյուսներին օգնեցին, որ նրանք այդ հարցում հետևեն Պողոսի խորհրդին. «Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ» (Եփեսացիս 5։3)։
Եհովան իրական էր նրանց համար
Հին Բաբելոնում Դանիելի երեք եբրայեցի ընկերակիցների օրինակը ցույց է տալիս Հիսուսի ասած սկզբունքի ճշմարտացիությունը՝ փոքր բաների մեջ հավատարմությունը առաջնորդում է հավատարմության մեծ բաների մեջ (Ղուկաս 16։10)։ Երբ նրանք բախվեցին Մովսիսական օրենքով արգելված սնունդ ուտելու խնդրին, կարող էին արդարանալ ասելով, թե գերի են օտար երկրում և ուրեմն ուրիշ ընտրություն չունեն այդ հարցում։ Բայց ինչպիսի՜ օրհնություն ստացան նրանք, քանի որ լրջորեն վերաբերվեցին նույնիսկ նրան, ինչը կարող էր փոքր բան թվալ։ Նրանք ավելի առողջ ու իմաստուն եղան, քան մնացած բոլոր գերիները, որոնք սնվում էին թագավորի համեղ խորտիկներով։ Այսպիսի փոքր բաներում դրսևորած հավատարմությունն, անշուշտ, զորացրեց նրանց, ու երբ նրանք կուռքի արձանի առջև խոնարհվելու ավելի մեծ փորձությանը բախվեցին, մերժեցին զիջումների գնալ (Դանիէլ 1։3–21; 3։1–30)։
Եհովան շատ իրական էր այս երեք երիտասարդների համար։ Չնայած այն բանին, որ հեռու էին իրենց տնից և Աստծո երկրպագության կենտրոնից, նրանք վճռել էին անբիծ մնալ աշխարհից (Բ Պետրոս 3։14)։ Եհովայի հետ փոխհարաբերությունն այնքան թանկ էր նրանց համար, որ պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել։
Եհովան չի լքի ձեզ
Երբ երիտասարդները հեռու են այն մարդկանցից, ում սիրում և վստահում են, հասկանալի է, որ միգուցե անապահով, անվստահ ու անհանգիստ զգան իրենց։ Սակայն նրանք կարող են դիմագրավել իրենց խնդիրները և փորձությունները լիակատար վստահությամբ, որ ‘Տերը երեսից չի գցի’ նրանց (Սաղմոս 94։14)։ Եթե այս երիտասարդները ‘չարչարվում են արդարության համար’, Եհովան պատրաստ է օգնել նրանց շարունակել գնալ ‘արդարության ճանապարհով’ (Ա Պետրոս 3։14; Առակաց 8։20)։
Եհովան ամեն ժամանակ զորացնում և առատորեն պարգևատրում էր Հովսեփին, Մովսեսին, իսրայելացի գերի աղջկան և երեք հավատարիմ եբրայեցի երիտասարդներին։ Այսօր նա օգտագործում է իր սուրբ ոգին, Խոսքը և կազմակերպությունը, որպեսզի աջակցի նրանց, ովքեր ‘պատերազմում են հավատի բարի պատերազմը’՝ նրանց առջև դնելով ‘հավիտենական կյանքի պարգևը’ (Ա Տիմոթէոս 6։11, 12)։ Այո՛, Եհովային արժանի ձևով գնալը հնարավոր է և այդպես վարվելը իմաստուն է (Առակաց 23։15, 19)։
[Ծանոթագրություններ]
a Տե՛ս «Դիտարան» մայիսի 1, 1996թ., էջ 17–20, ռուս. (արևմտ. օգոստոսի 1, էջ 16–18)։
b Որոշ անուններ փոխված են։
[25–րդ էջի վրայի շրջանակը]
Ծնողնե՛ր, նախապատրաստեք ձեր երեխաներին
«Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը» (Սաղմոս 127։4)։ Նետը թիրախին պատահմամբ չի դիպչի։ Նրանով պետք է վարպետորեն նշան բռնել։ Նմանապես, առանց ծնողների ճիշտ առաջնորդության՝ երեխաները, տանից հեռու ապրելիս, պատրաստ չեն լինի իրենց առջև ծառացող դժվարությունները հաղթահարելու (Առակաց 22։6)։
Երիտասարդները հակված են զգացմունքների հիման վրա գործելու կամ ‘երիտասարդական ցանկություններին’ տեղի տալու (Բ Տիմոթէոս 2։22)։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կ’տայ, բայց բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար» (Առակաց 29։15)։ Փոքր հասակում վարքագծի վրա սահմանափակումներ չունենալը երեխային անպատրաստ է դարձնում տանից հեռու կյանքի պահանջների և ճնշումների դեմ։
Քրիստոնյա ծնողները պետք է հստակորեն ներկայացնեն իրենց երեխաներին իրերի այս համակարգում հանդիպող դժվարությունները, ճնշումները և այս կյանքի իրականությունը և դա անեն պատասխանատվության զգացումով։ Առանց լինելու վատատես կամ ընկճող՝ նրանք կարող են նկարագրել այն տհաճ իրադրությունները, որոնց երիտասարդը կարող է բախվել, եթե ստիպված լինի տանից հեռու ապրել։ Այսպիսի դաստիարակությունը, որը միախառնված է Աստծուց տրված իմաստության հետ, «պարզամիտներին խորագիտութիւն [կտա], երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն» (Առակաց 1։4)։
Ծնողները, ովքեր իրենց երեխաների մեջ աստվածային արժեքներ և բարոյական սկզբունքներ են ներարկում, նրանց պատրաստ են դարձնում հաղթահարելու կյանքի դժվարությունները։ Աստվածաշնչի կանոնավոր ընտանեկան ուսումնասիրությունը, բաց հաղորդակցությունն ու իրենց երեխաների բարօրությամբ անկեղծ հետաքրքրվածությունը կարող են վճռորոշ դեր խաղալ հաջողության ու ձախողման հարցում։ Ծնողները պետք է Աստծուն հաճելի դաստիարակություն տան երեխաներին՝ անելով դա հավասարակշռված ձևով, միևնույն ժամանակ դրական տրամադրվածությամբ ու ողջամտորեն՝ այդպիսով երեխաներին նախապատրաստելով, որ հետագայում նրանք ինքնուրույն կարողանան ապրել։ Անձնական օրինակով ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին, որ հնարավոր է լինել աշխարհում, բայց չկազմել նրա մասը (Յովհաննէս 17։15, 16)։
[նկար 23–րդ էջի վրա]
Որոշ քրիստոնյա երիտասարդներ ստիպված են լինում թողնել իրենց տունը
[նկարներ 24–րդ էջի վրա]
Գայթակղությանը հակառակվելով՝ երիտասարդները կարող են ընդօրինակել Հովսեփին և բարոյապես մաքուր մնալ
[նկարներ 26–րդ էջի վրա]
Ընդօրինակիր իսրայելացի աղջկան, որն իր շրթունքներով փառաբանեց Եհովային