Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Երկու առակ խաղողի այգու մասին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
    • Մշակները սպանում են այգու տիրոջ որդուն

      ԳԼՈՒԽ 106

      Երկու առակ խաղողի այգու մասին

      ՄԱՏԹԵՈՍ 21։28–46 ՄԱՐԿՈՍ 12։1–12 ՂՈՒԿԱՍ 20։9–19

      • ԵՐԿՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

      • ԽԱՂՈՂԻ ԱՅԳՈՒ ՄՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

      Քիչ առաջ տաճարում ավագ քահանաները, դպիրները և ժողովրդի երեցները հարցրել են Հիսուսին, թե ինչ իշխանությամբ է նա զորավոր գործեր անում։ Հիսուսը այնպիսի պատասխան է տվել, որ նրանք, չիմանալով ինչ ասել, լռել են։ Այժմ Հիսուսը, պատմելով մի առակ, ցույց է տալիս, թե ինչպիսին են նրանք իրականում։

      Հիսուսն ասում է. «Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, գնա և այսօր խաղողի այգում աշխատիր»։ Նա էլ ասաց. «Չեմ գնա»։ Բայց հետո զղջաց ու գնաց։ Մոտենալով երկրորդին՝ նույն բանը նրան ասաց։ Այս մեկն ասաց. «Կգնամ, տե՛ր»։ Բայց չգնաց։ Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը» (Մատթեոս 21։28–31, «Նոր աշխարհ» թարգմանություն, 2013 թ., անգլ.)։ Պատասխանն ակնհայտ է. առաջին որդին է կատարում հոր ասածը։

      Ուստի Հիսուսն ասում է իր հակառակորդներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարկահավաքներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն»։ Հարկահավաքներն ու պոռնիկները սկզբում չեն ծառայում Աստծուն, սակայն հետո, առաջին որդու նման, զղջում են ու սկսում են ծառայել նրան։ Ի տարբերություն այդ մարդկանց՝ կրոնական առաջնորդները նման են երկրորդ որդուն. նրանք ասում են, թե ծառայում են Աստծուն, բայց իրականում չեն ծառայում։ Հիսուսն ասում է. «Հովհաննեսը [Մկրտիչը] եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով, բայց դուք չհավատացիք նրան։ Մինչդեռ հարկահավաքներն ու պոռնիկները հավատացին նրան, իսկ դուք, թեպետև տեսաք, բայց չզղջացիք ու չհավատացիք նրան» (Մատթեոս 21։31, 32)։

      Այնուհետև Հիսուսը պատմում է մեկ ուրիշ առակ։ Այս անգամ նա ցույց է տալիս, որ կրոնական առաջնորդները բացի այն, որ չեն ծառայում Աստծուն, նաև չարասիրտ են ու նենգ։ Հիսուսը ասում է. «Մի մարդ խաղողի այգի տնկեց և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձանի համար փոս փորեց ու աշտարակ կանգնեցրեց և այն վարձով տալով մշակներին՝ գնաց օտար երկիր։ Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ խաղողի այգու բերքից իր բաժինը վերցնի։ Բայց նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին։ Դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրա գլխին հարվածեցին ու անարգեցին նրան։ Ապա մեկ ուրիշին ուղարկեց։ Իսկ այս մեկին սպանեցին։ Ուրիշ շատերին էլ ուղարկեց, որոնցից մի քանիսին ծեծեցին, մի քանիսին էլ սպանեցին» (Մարկոս 12։1–5)։

      Հիսուսի ունկնդիրները հասկանո՞ւմ են արդյոք այս առակը։ Նրանք թերևս հիշում են Եսայիայի գրած խոսքերը. «Զորքերի Տեր Եհովայի խաղողի այգին Իսրայելի տունն է, և Հուդայի մարդիկ՝ նրա սիրելի տունկը։ Նա արդարադատություն էր ակնկալում, բայց ահա՝ օրինազանցություն» (Եսայիա 5։7)։ Հիսուսը այս նույն միտքն է ընդգծում իր առակում։ Այգու տերը Եհովան է, իսկ խաղողի այգին Իսրայել ազգն է, որին Աստծու Օրենքը ցանկապատի պես պաշտպանում է։ Եհովան ուղարկել է իր մարգարեներին, որ ուսուցանեն այդ ազգին և օգնեն նրան լավ պտուղներ բերելու։

      Սակայն «մշակները» դաժանորեն են վերաբերվում այդ «ծառաներին» և սպանում են նրանց։ Հիսուսը շարունակում է. «Նա [խաղողի այգու տերը] մի սիրելի որդի ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»։ Բայց այդ մշակները իրար ասացին. «Սա է ժառանգը։ Եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի»։ Եվ բռնեցին նրան, սպանեցին» (Մարկոս 12։6–8)։

      Այժմ Հիսուսը հարցնում է. «Այգու տերը ի՞նչ կանի» (Մարկոս 12։9)։ Կրոնական առաջնորդները պատասխանում են. «Քանի որ նրանք չար են, սարսափելի մահվան կմատնի նրանց և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք ճիշտ ժամանակին պտուղները նրան կտան» (Մատթեոս 21։41)։

      Այս խոսքերով նրանք ակամայից իրենց դատավճիռն են ասում, քանի որ նրանք Իսրայել ազգի՝ Եհովայի «խաղողի այգու» «մշակներ» են։ Եհովան ակնկալում է «պտուղներ» ստանալ մշակներից։ Այդ պտուղներից է հավատը իր Որդու՝ Մեսիայի նկատմամբ։ Հիսուսը նայում է կրոնական առաջնորդներին և ասում. «Երբևէ չե՞ք կարդացել Գրքի այս հատվածը. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը։ Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»» (Մարկոս 12։10, 11)։ Այնուհետև Հիսուսը բացատրում է իր ասածը. «Դրա համար ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի» (Մատթեոս 21։43)։

      Դպիրներն ու ավագ քահանաները հասկանում են, որ Հիսուսը «իրենց նկատի ունենալով պատմեց այդ առակը» (Ղուկաս 20։19)։ Այժմ նրանք ավելի մեծ վճռականությամբ են լցվում սպանելու Հիսուսին՝ օրինական «ժառանգին»։ Բայց նրանք վախենում են ժողովրդից, որոնք Հիսուսին համարում են մարգարե։ Ուստի նրանք այդ ժամանակ չեն փորձում սպանել նրան։

      • Ո՞ւմ են ներկայացնում առակի երկու որդիները։

      • Երկրորդ առակում ո՞ւմ են ներկայացնում խաղողի այգու տերը, խաղողի այգին, մշակները, ծառաները և ժառանգը։

      • Ի՞նչ է սպասում «մշակներին»։

  • Թագավորը կանչում է հարսանեկան խնջույքին հրավիրվածներին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
    • Թագավորը պատվիրում է, որ հարսանեկան հագուստ չհագած մարդուն դուրս հանեն

      ԳԼՈՒԽ 107

      Թագավորը կանչում է հարսանեկան խնջույքին հրավիրվածներին

      ՄԱՏԹԵՈՍ 22։1–14

      • ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՆՋՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

      Հիսուսն իր ծառայության ընթացքում առակների միջոցով մերկացնում է դպիրների և ավագ քահանաների նենգությունը։ Ուստի նրանք ցանկանում են սպանել նրան (Ղուկաս 20։19)։ Բայց Հիսուսը շարունակում է քողազերծել նրանց։ Նա մեկ այլ առակ է պատմում։

      Հիսուսն ասում է. «Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հարսանեկան խնջույքին հրավիրվածներին, բայց նրանք չուզեցին գալ» (Մատթեոս 22։2, 3)։ Հիսուսը այս առակի սկզբում հիշատակում է «երկնքի թագավորություն» արտահայտությունը։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ թագավորը Եհովան է։ Իսկ ովքե՞ր են թագավորի որդին և հարսանեկան խնջույքին հրավիրվածները։ Դժվար չէ հասկանալ, որ թագավորի որդին՝ Եհովայի Որդին է, այսինքն՝ Հիսուսը, իսկ հրավիրվածները նրանք են, ովքեր Որդու հետ լինելու են երկնքի Թագավորության մեջ։

      Ովքե՞ր են առաջինը հրավիրվել։ Ո՞ւմ են Հիսուսը և առաքյալները քարոզել Թագավորության մասին։ Նրանք քարոզել են հրեաներին (Մատթեոս 10։6, 7; 15։24)։ Այս ազգը մ.թ.ա. 1513-ին ընդունեց Օրենքի ուխտը, և այդպիսով հրավիրվեց դառնալու «քահանաների թագավորություն» (Ելք 19։5–8)։ Բայց ե՞րբ այս հրավիրվածները կանչվեցին «հարսանեկան խնջույքին»։ Տրամաբանական է եզրակացնել, որ նրանք կանչվեցին մ.թ. 29-ին, երբ Հիսուսը սկսեց քարոզել երկնքի Թագավորության մասին։

      Իսրայելացիների մեծ մասը ինչպե՞ս արձագանքեց այս կանչին։ Ինչպես նշում է Հիսուսը, «նրանք չուզեցին գալ»։ Կրոնական առաջնորդների և հասարակ ժողովրդի մեծ մասը չընդունեց Հիսուսին՝ որպես Մեսիայի և Աստծու նշանակած Թագավորի։

      Սակայն Հիսուսը նշում է, որ հրեաներին մեկ այլ հնարավորություն է տրվելու։ Նա ասում է. «Հետո [թագավորը] ուրիշ ծառաներ ուղարկեց ու ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. «Ահա պատրաստել եմ իմ ճաշկերույթը, իմ ցլերն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է։ Եկեք խնջույքին»»։ Բայց նրանք անտարբեր մնացին. մեկն իր արտը գնաց, մյուսն՝ իր առևտրին, իսկ մնացածները բռնեցին նրա ծառաներին և անարգելով սպանեցին» (Մատթեոս 22։4–6)։ Նման բան է տեղի ունենում ապագայում, երբ կազմավորվում է քրիստոնեական ժողովը։ Այդ ժամանակ հրեաները դեռ հնարավորություն են ունենում մտնելու Թագավորություն, սակայն նրանց մեծ մասը մնում է անտարբեր և նույնիսկ հալածում ու սպանում է «թագավորի ծառաներին» (Գործեր 4։13–18; 7։54, 58)։

      Ի՞նչ է լինում հետևանքը։ Հիսուսը շարունակում է. «Թագավորն էլ զայրացավ և իր զորքն ուղարկելով՝ կոտորեց այդ մարդասպաններին ու այրեց նրանց քաղաքը» (Մատթեոս 22։7)։ Հրեաները քաղում են այս դառը պտուղները մ.թ. 70թ.-ին, երբ հռոմեացիները կործանում են նրանց քաղաքը՝ Երուսաղեմը։

      Այն, որ հրեաները մերժում են թագավորի կանչը, նշանակո՞ւմ է արդյոք, որ ուրիշ ոչ ոք չի հրավիրվի։ Ո՛չ։ Դա երևում է Հիսուսի առակից։ Նա ասում է. «Ապա [թագավորը] ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքն արդեն պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Ուստի դուրս եկեք գլխավոր ճանապարհները և ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին»։ Ծառաներն էլ դուրս եկան և ճանապարհներից հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին. և հարսանեկան սրահը լցվեց սեղանի շուրջ թիկնած մարդկանցով» (Մատթեոս 22։8–10)։

      Այս խոսքերը կատարվում են հետագայում, երբ Պետրոս առաքյալը օգնում է, որ հեթանոսները, այսինքն՝ նրանք, ովքեր ազգությամբ հրեա չեն և ոչ էլ պրոզելիտ, դառնան ճշմարիտ քրիստոնյաներ։ Մ.թ. 36-ին հռոմեացի զորապետ Կոռնելիոսը և նրա ընտանիքը ստանում են Աստծու սուրբ ոգին և հնարավորություն են ունենում մտնելու երկնքի Թագավորություն, որի մասին հիշատակել էր Հիսուսը (Գործեր 10։1, 34–48)։

      Հիսուսը նշում է, որ խնջույքին եկած ոչ բոլոր մարդիկ կստանան թագավորի հավանությունը։ Նա ասում է. «Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան հագուստով չէր։ Նրան ասաց. «Բարեկա՛մ, առանց հարսանեկան հագուստի՝ ինչպե՞ս մտար այստեղ»։ Նա պապանձվեց։ Այնուհետև թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»։ Շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված» (Մատթեոս 22։11–14)։

      Կրոնական առաջնորդները, որոնք լսում են Հիսուսի այս խոսքերը, գուցեև ամբողջությամբ չեն հասկանում, թե ինչ են դրանք նշանակում կամ ում են վերաբերում, բայցևայնպես Հիսուսի ասածները նրանց դուր չեն գալիս։ Ուստի նրանք վերջնականապես վճռում են ձերբազատվել այն անձնավորությունից, որը քողազերծում է իրենց նենգությունը։

      • Հիսուսի պատմած առակում ո՞վ է թագավորը, ո՞վ է նրա որդին, և ովքե՞ր են առաջին հրավիրվածները։

      • Ե՞րբ են կանչվում հրեաները, և հետագայում ովքե՞ր են հրավիրվում։

      • Ի՞նչ է նշանակում այն, որ շատերն են կանչվում, բայց քչերն են ընտրվում։

  • Նրանց չի հաջողվում Հիսուսին ծուղակը գցել
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
    • Հիսուսը ցույց է տալիս գլխահարկի մետաղադրամը և պատասխանում է փարիսեցիների խորամանկ հարցին

      ԳԼՈՒԽ 108

      Նրանց չի հաջողվում Հիսուսին ծուղակը գցել

      ՄԱՏԹԵՈՍ 22։15–40 ՄԱՐԿՈՍ 12։13–34 ՂՈՒԿԱՍ 20։20–40

      • «ԿԱՅՍՐԻՆԸ ԿԱՅՍՐԻՆ ՏՎԵՔ»

      • ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱԾՆԵՐԸ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ

      • ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

      Հիսուսի հակառակորդները վրդովված են։ Հիսուսը քիչ առաջ պատմել է մի առակ, որով քողազերծել է նրանց նենգությունը։ Այժմ փարիսեցիները ծրագրում են ծուղակի մեջ գցել նրան։ Նրանք ուզում են Հիսուսին դրդել ասելու այնպիսի բան, ինչի պատճառով կկարողանան նրան հանձնել հռոմեացի կառավարչի ձեռքը։ Ուստի իրենց աշակերտներից մի քանիսին վճարում են, որ նրանք ծուղակը գցեն նրան (Ղուկաս 6։7)։

      Այդ աշակերտներն ասում են. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտ ես խոսում ու սովորեցնում և կողմնապահություն չես անում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես ուսուցանում։ Օրենքով թույլատրելի՞ է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ» (Ղուկաս 20։21, 22)։ Հիսուսը չի խաբվում նրանց հաճոյախոսությամբ, քանի որ տեսնում է նրանց խորամանկությունն ու շողոքորթությունը։ Նա հասկանում է, որ եթե ասի՝ «ոչ, ճիշտ չէ վճարել այդ հարկը», իրեն կարող են մեղադրել Հռոմի դեմ ապստամբություն հրահրելու մեջ։ Իսկ եթե ասի՝ «այո, պետք է վճարել», մարդիկ, ովքեր կեղեքված են հռոմեական իշխանությունների կողմից, կարող են սխալ հասկանալ իր խոսքերը և իր դեմ դուրս գալ։ Ինչպե՞ս է վարվում Հիսուսը։

      Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ Ցույց տվեք ինձ գլխահարկի մետաղադրամը»։ Նրանք էլ մի դինար են բերում։ Հիսուսը հարցնում է. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանում են. «Կայսրինը»։ Այդ ժամանակ Հիսուսը հստակ ասում է նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22։18–21)։

      Լսելով Հիսուսի պատասխանը՝ նրանք զարմանում են և չկարողանալով որևէ բան ասել՝ հեռանում են։ Բայց օրը դեռ չի ավարտվել։ Հակառակորդները շարունակում են Հիսուսին ծուղակը գցելու փորձեր անել։ Այն բանից հետո, երբ փարիսեցիների ջանքերը ապարդյուն են անցնում, Հիսուսին մոտենում են մեկ այլ կրոնական խմբի անդամներ՝ սադուկեցիները։

      Սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա, տեգրի պարտավորության և հարության հետ կապված հարց են տալիս Հիսուսին։ Նրանք ասում են. «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ մահանա առանց երեխա ունենալու, ապա նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»։ Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, ապա մահացավ ու քանի որ սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։ Նույնը պատահեց նաև երկրորդի, երրորդի ու մնացածի հետ, մինչև յոթերորդը։ Բոլորից հետո կինն էլ մահացավ։ Ուստի հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ»» (Մատթեոս 22։24–28)։

      Սադուկեցիները ընդունում են Մովսեսի գրքերը, ուստի Հիսուսը, մեջբերում անելով հենց դրանցից, պատասխանում է. «Սա չէ՞ պատճառը, որ դուք սխալվում եք. ո՛չ Սուրբ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը։ Հարություն առնողներից ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք, այլ նրանք երկնքի հրեշտակների նման են լինելու։ Ինչ վերաբերում է նրան, որ մահացածները հարություն են առնելու, Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող թփի պատմությունը, թե Աստված ինչ ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի։ Դուք խիստ մոլորված եք» (Մարկոս 12։24–27; Ելք 3։1–6)։ Ժողովուրդը զարմանում է՝ լսելով Հիսուսի պատասխանը։

      Հիսուսը իր պատասխաններով պապանձեցնում է թե՛ փարիսեցիներին, թե՛ սադուկեցիներին։ Այժմ այս երկու հակառակորդ խմբավորումները համախմբվում են Հիսուսի դեմ գործելու համար։ Նրանք մոտենում են Հիսուսին, որպեսզի դարձյալ փորձեն նրան։ Դպիրներից մեկը հարցնում է. «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթեոս 22։36)։

      Հիսուսն ասում է. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է։ Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»։ Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա» (Մարկոս 12։29–31)։

      Հիսուսի պատասխանը լսելով՝ մի դպիր ասում է. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր ու ճշմարիտ, թե՝ «նա մեկն է, և նրանից բացի, ուրիշը չկա», և նրան ամբողջ սրտով, ամբողջ հասկացողությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպեսև մերձավորին սեփական անձի պես սիրելը շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։ Լսելով այդ մարդու տված խելացի պատասխանը՝ Հիսուսն ասում է. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից» (Մարկոս 12։32–34)։

      Երեք օր է (նիսանի 9, 10, 11), ինչ Հիսուսը սովորեցնում է տաճարում։ Ոմանք, ինչպես, օրինակ, այս դպիրը հաճույքով են լսում Հիսուսին։ Բայց նույնը չի կարելի ասել կրոնական առաջնորդների մասին, որոնք այժմ չեն «համարձակվում նրան որևէ հարց տալ»։

      • Ինչպե՞ս են փարիսեցիները փորձում Հիսուսին ծուղակը գցել և ի՞նչ արդյունքի են հասնում։

      • Երբ սադուկեցիները փորձում են ծուղակը գցել Հիսուսին, ինչպե՞ս է Հիսուսը պատասխանում նրանց։

      • Ի՞նչ կարևոր բան է ընդգծում Հիսուսը՝ պատասխանելով դպիրի տված հարցին։

  • Դատապարտում է կրոնական առաջնորդներին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
    • Հիսուսը քողազերծում է կրոնական առաջնորդների կեղծավորությունը

      ԳԼՈՒԽ 109

      Դատապարտում է կրոնական առաջնորդներին

      ՄԱՏԹԵՈՍ 22։41–23։24 ՄԱՐԿՈՍ 12։35–40 ՂՈՒԿԱՍ 20։41–47

      • Ո՞ՒՄ ՈՐԴԻՆ Է ՔՐԻՍՏՈՍԸ

      • ՀԻՍՈՒՍԸ ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄ Է ԿԵՂԾԱՎՈՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ

      Հակառակորդներին չի հաջողվում շփոթեցնել կամ ծուղակի մեջ գցել Հիսուսին և հանձնել նրան հռոմեացիների ձեռքը (Ղուկաս 20։20)։ Այժմ նիսանի 11-ն է։ Հիսուսը դեռ տաճարում է։ Հիմա Հիսուսն ինքն է հարցեր տալիս և փակուղու առաջ կանգնեցնում իր հակառակորդներին։ Նա հարցնում է. «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա» (Մատթեոս 22։42)։ Մարդիկ գիտեն, որ Քրիստոսը, կամ՝ Մեսիան պետք է սերի Դավթի շառավղից։ Հիսուսի հակառակորդները հենց այդպես էլ պատասխանում են (Մատթեոս 9։27; 12։23; Հովհաննես 7։42)։

      Հիսուսը հարցնում է. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, ներշնչված լինելով, նրան «Տեր» կոչում՝ ասելով. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»։ Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, ապա էլ ինչպե՞ս է նա նրա որդին» (Մատթեոս 22։43–45)։

      Փարիսեցիները չեն կարողանում ոչինչ ասել, քանի որ մտածում են, որ Դավթի հետնորդներից մեկը՝ մարդկային մի ղեկավար, ազատելու է իրենց հռոմեական լծից։ Սակայն Հիսուսը, մեջբերելով Դավթի խոսքերը՝ արձանագրված Սաղմոս 110։1, 2-ում, ցույց է տալիս, որ Մեսիան պարզապես մարդկային ղեկավար չի լինելու։ Նա լինելու է Դավթի Տերը և Աստծու աջ կողմը նստելուց հետո ստանալու է և գործի է դնելու իր իշխանությունը։ Հիսուսն իր պատասխանով լռեցնում է հակառակորդներին։

      Այնտեղ ներկա են նաև Հիսուսի աշակերտները և ուրիշ մարդիկ։ Այժմ Հիսուսը, դիմելով նրանց, մի զգուշացում է տալիս դպիրների ու փարիսեցիների հետ կապված։ Այս կրոնական առաջնորդները «Մովսեսի աթոռին են նստել» Աստծու Օրենքը ուսուցանելու համար։ Բայց Հիսուսը ասում է իր ունկնդիրներին. «Այն ամենը, ինչ նրանք ասում են ձեզ, արեք և պահեք, սակայն նրանց գործերի պես մի՛ արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում» (Մատթեոս 23։2, 3)։

      Այնուհետև Հիսուսը քողազերծում է կրոնական առաջնորդների կեղծավորությունը և ասում է, որ նրանք «լայնացնում են իրենց գրապանակները»։ Որոշ հրեաներ իրենց ճակատին կամ թևին կրում են փոքր տուփեր, որոնց մեջ դնում են որոշ հատվածներ Օրենքից։ Փարիսեցիները լայնացնում են այդ գրապանակները՝ տպավորություն ստեղծելու համար, թե իրենք նախանձախնդիր են Օրենքը կատարելու հարցում։ Նրանք նաև «երկարացնում են իրենց հանդերձների ծոպերը»։ Իսրայելացիները պետք է իրենց հագուստի փեշերին ծոպերիզներ ամրացնեն, սակայն փարիսեցիները այդ ծոպերը ավելի երկար են անում, քան մյուս իսրայելացիները (Թվեր 15։38–40)։ Նրանք այդ ամենը անում են «մարդկանց երևալու համար» (Մատթեոս 23։5)։

      Այս մտածելակերպը կարող է ազդել անգամ Հիսուսի աշակերտների վրա։ Ուստի Հիսուսը խորհուրդ է տալիս նրանց՝ ասելով. «Դուք «Ռաբբի» մի՛ կոչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը։ Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը»։ Այդ դեպքում աշակերտները ի՞նչ տեսակետ պետք է ունենան իրենց մասին և ինչպես պետք է վարվեն։ Հիսուսն ասում է. «Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի, որովհետև ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթեոս 23։8–12)։

      Այնուհետև Հիսուսը կեղծավոր դպիրներին ու փարիսեցիներին ասում է. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք մարդկանց առաջ, ինքներդ չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթեոս 23։13)։

      Հիսուսը դատապարտում է փարիսեցիներին, քանի որ նրանք չեն կարևորում հոգևոր արժեքները, ինչը հստակ երևում է նրանց դրած կանոններից։ Օրինակ՝ նրանք ասում են. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»։ Սրանով նրանք ցույց են տալիս, որ հոգևորապես կույր են, քանի որ նրանց համար ավելի կարևոր է տաճարի ոսկին, քան տաճարը՝ այն վայրը, որտեղ մարդիկ երկրպագում են Եհովային։ Նրանք «արհամարհում են Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթեոս 23։16, 23; Ղուկաս 11։42)։

      Հիսուսը փարիսեցիներին անվանում է «կույր առաջնորդներ», որոնք «մժեղը քամում են, բայց ուղտը կուլ են տալիս» (Մատթեոս 23։24)։ Նրանք գինին քամում են, որ հանեն մժեղը, քանի որ այդ միջատը Օրենքով անմաքուր է համարվում։ Սակայն նրանք արհամարհում են Օրենքի ավելի ծանրակշիռ բաները, ինչը նման է ուղտը կուլ տալուն, որը նույնպես անմաքուր կենդանի է (Ղևտական 11։4, 21–24)։

      • Ինչո՞ւ են փարիսեցիները լուռ մնում, երբ Հիսուսը նրանց հարց է տալիս Դավթի խոսքերի վերաբերյալ՝ գրված 110-րդ սաղմոսում։

      • Ինչո՞ւ են փարիսեցիները լայնացնում իրենց գրապանակները և երկարացնում հագուստի ծոպերը։

      • Ի՞նչ խորհուրդ է տալիս Հիսուսը իր աշակերտներին։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը